ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 195-Ն
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 150-րդ հոդվածի 1.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ձևավորել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով։
2. Սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել՝
1) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
2) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
5. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող՝ կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա։
6. Սահմանել, որ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝
1) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգավորումը կիրառվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե հայտը ներկայացնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած (բայց ոչ շուտ, քան աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ը) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների մասով, եթե այլ բան սահմանված չէ սույն որոշման 8-րդ կետով.
2) 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորումը կիրառվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե հայտը ներկայացնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած (բայց ոչ շուտ, քան աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ը) հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով, եթե այլ բան սահմանված չէ սույն որոշման 8-րդ կետով.
3) 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումը կիրառվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե հայտը ներկայացնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած (բայց ոչ շուտ, քան աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ը) հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով, եթե այլ բան սահմանված չէ սույն որոշման 8-րդ կետով։
(7-րդ կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
8. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով հայտերը ներկայացվում են 2025 թվականի ապրիլի 1-ից։ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայտերը մասնագիտական հանձնաժողովի կողմից որպես գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումները կիրառվում են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, եթե աշխատանքներն սկսելու օրն ավելի վաղ է, քան 2025 թվականի հունվարի 1-ը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ եթե գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման ժամկետը նախատեսված է ավելի ուշ, քան հայտը ներկայացնելու օրը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են աշխատանքներն սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
(8-րդ կետը լրաց., խմբ. 06.03.25 N 248-Ն)
9. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների (ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստրում) գրանցված) կողմից Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական hանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին ներկայացված գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման մասով կիրառվում են սույն որոշման 7-րդ կետով սահմանված ժամկետները:
(9-րդ կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամներ՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ).
2) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ.
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ.
5) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ.
6) (ենթակետն ուժը կորցրել է 06.03.25 N 248-Ն)
7) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)։
(1-ին կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
(հավելվածը փոփ. 06.03.25 N 248-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-Ն որոշման |
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ
1. Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների հասկացություններն օգտագործվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի իմաստով:
2. Սույն չափանիշների իմաստով գիտական հետազոտություններ են համարվում ձեռք բերած գիտելիքների ընդլայնման, նոր գիտելիքների ստացման ու կիրառման նպատակով կատարվող՝
1) կիրառական գիտական հետազոտությունները, որոնք հիմնականում գործնական նշանակություն ունեցող և որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտություններ են.
2) փորձարարական մշակման աշխատանքները, որոնք գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը, ինչպես նաև դրանց հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքներն են:
3. Գիտական հետազոտությունների կամ փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու համար դրանք պետք է միաժամանակ բավարարեն սույն կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին՝
1) նորույթի չափանիշ՝ գործունեությունը պետք է ուղղված լինի նոր կիրառական գիտելիք ստեղծելուն, որը նախկինում գոյություն չի ունեցել կամ չի կիրառվել տվյալ համատեքստում: Գործունեության արդյունքը պետք է լրացնի գոյություն ունեցող գիտելիքների բազան և ներգրավի նոր գաղափարներ կամ հասկացություններ: Նորույթ լինելու չափանիշը կապված է նաև համատեքստի հետ: Նորույթ պարունակող գործունեությունը չի ներառում ստանդարտ գործընթացները կամ արդեն հայտնի գիտելիքի կիրառումն առանց փոփոխության.
2) ստեղծարարության չափանիշ (ոչ բացահայտ հայեցակարգերի և հիպոթեզների վրա հիմնված լինելը)՝ գործունեությունը պետք է հիմնված լինի ստեղծագործական աշխատանքի վրա, որտեղ կիրառվում են բնօրինակ և ոչ ակնհայտ մեթոդներ, գաղափարներ կամ հիպոթեզներ: Ստեղծագործական գործունեությունը պահանջում է մարդկային մտքի և երևակայության ներգրավվածություն՝ նոր լուծումներ գտնելու համար, որը ներառում է նոր մեթոդների մշակում, փորձարկումներ, նախատիպերի ստեղծում կամ նոր կիրառությունների հայտնաբերում: Ստեղծագործական չէ այն գործունեությունը, որը սահմանափակվում է ստանդարտ գործընթացներով կամ սովորական փորձարկումներով.
3) վերջնարդյունքների անորոշության չափանիշ՝ գործունեությունը պետք է ներառի պարտադիր անորոշություն, այսինքն՝ արդյունքը չի կարող ամբողջությամբ կանխատեսվել կամ երաշխավորվել նախապես: Անորոշությունը վերաբերում է երկու հիմնական գործոնի՝
ա. արդյունքի անորոշությանը՝ հնարավոր չէ հստակ իմանալ, թե արդյոք նախագիծը կհասնի իր նպատակին,
բ. ռեսուրսների անորոշությանը՝ չկա լիակատար վստահություն, թե որքան ժամանակ, գումար կամ ջանք կպահանջվի հաջողության հասնելու համար․
4) համակարգվածության չափանիշ (բովանդակային ծրագրումը և ֆինանսական նախահաշվարկը)՝ գործունեությունը պետք է իրականացվի նախապես պլանավորված, համակարգված և ֆինանսապես կազմակերպված ձևով: Պետք է հստակ սահմանված լինեն`
ա. նպատակները, թե ինչի համար են իրականացվում գիտական հետազոտությունն ու փորձարարական մշակումները,
բ. մեթոդաբանությունը, թե ինչպես է իրականացվելու,
գ. ռեսուրսները՝ ով և ինչ միջոցներ են ներգրավվելու (ֆինանսներ, ժամանակ, աշխատուժ).
5) փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշ՝ գործունեության արդյունքները պետք է լինեն փոխանցելի կամ վերարտադրելի, ինչը նշանակում է, որ նոր գիտելիքը պետք է հնարավոր լինի կիրառել, փոխանցել կամ կրկնել այլ վայրում կամ այլ հետազոտողների կողմից: Գործունեության արդյունքը պետք է լինի փաստաթղթավորված և հաղորդակցելի, որպեսզի այն հնարավոր լինի՝
ա. փոխադրել՝ կիրառել այլ ոլորտներում կամ նոր նախագծերում,
բ. վերարտադրել՝ հաստատել և կրկնել այլ հետազոտողների կողմից՝ նույն պայմաններում:
4. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անորոշության բացակայության դեպքում գործունեությունը դիտարկվում է որպես սովորութային կամ արտադրական գործընթաց։
5. Սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառության նպատակով չպլանավորված կամ ոչ համակարգված փորձարկումները, ինչպես նաև սովորական արտադրական գործընթացները չեն համարվում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ։
6. Սույն հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառության նպատակով անհատական կամ մեկանգամյա լուծումները, որոնք չեն փաստաթղթավորվում կամ չեն կարող կրկնվել, չեն դիտարկվում որպես հետազոտությունների և փորձարարական մշակումների արդյունք:
7. Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակման աշխատանքները որպես այդպիսին որակելու չափանիշների կիրառման ժամանակ չեն գնահատվում հավաքագրման, կոդավորման, ձայնագրության, դասակարգման, տարածման, թարգմանության, վերլուծական և գնահատման գործողությունները։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
3. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
4. Հանձնաժողովի գործառույթներն են՝
1) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.
2) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակումը մերժելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը.
3) որպես գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու կամ չեղյալ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը:
5. Հանձնաժողովի գործառույթների մեջ չեն մտնում սույն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների (ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստրում) գրանցված) կողմից Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին ներկայացված գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելը կամ որակումը դադարեցնելը կամ մերժելը:
6. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:
8. Հանձնաժողովը տրամադրում է՝
1) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու վերաբերյալ եզրակացություն.
2) որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու կամ չեղյալ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն.
3) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակումը մերժելու վերաբերյալ եզրակացություն:
9. Հանձնաժողովն ընդունում է՝
1) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու մասին հայտի քննարկումը կասեցնելու վերաբերյալ որոշում.
2) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ որոշում.
3) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրում փոփոխությունների կամ լրացումների կատարումը մերժելու վերաբերյալ որոշում.
4) հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ որոշումներ:
10. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ հանձնաժողովի նախագահի փոխարինման դեպքում՝ հանձնաժողովի նախագահին փոխարինողի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված եզրակացության կամ որոշման մասին նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:
11. Հանձնաժողովի եզրակացությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից:
12. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.
3) վարում է հանձնաժողովի նիստերը.
4) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները, եզրակացությունները կամ որոշումները:
13. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
14. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը (այսուհետ՝ քարտուղարություն): Քարտուղարության գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) աշխատակազմի կողմից:
15. Քարտուղարությունը`
1) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.
2) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
3) ձևավորում է հանձնաժողովի նիստի օրակարգը, հանձնաժողովի նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ այդ մասին ծանուցում սույն որոշման N 1 հավելվածով սահմանված գերատեսչություններին.
4) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.
5) կազմակերպում է հայտերի հավաքագրումն ու դրանց ներկայացման համար սահմանված ձևաչափին համապատասխանության ստուգումը.
6) ըստ անհրաժեշտության հարցումներ է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
7) սահմանված ձևաչափին չհամապատասխանող հայտերը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հետ է վերադարձնում ներկայացնողին (կրկին ներկայացված և ձևաչափին չհամապատասխանող հայտը չի ներառվում հանձնաժողովի նիստի օրակարգ և ենթակա չէ հետագա ուսումնասիրման).
8) նույնականացնում է նիստին ներկա հանձնաժողովի անդամներին, ապահովում է վերջիններիս կողմից համապատասխան գաղտնիության համաձայնագրերի ստորագրումը և հայտարարում նիստի իրավազորության մասին.
9) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների քվեարկությունները, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.
10) հայտատուին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ուղարկում հանձնաժողովի եզրակացությունն ու այն հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը.
11) արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների և եզրակացությունների նախագծերը:
16. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը և օրակարգում ներառված հարցերին վերաբերող նյութերը հանձնաժողովի անդամներին են ներկայացվում «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով կամ էլեկտրոնային ծանուցման եղանակով հանձնաժողովի նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ։
17. (կետն ուժը կորցրել է 06.03.25 N 248-Ն)
18. Հանձնաժողովին կից գործում են ենթահանձնաժողովներ, որոնք իրականացնում են հանձնաժողովին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու գործառույթներ, այդ թվում՝ ներկայացնելով գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ դիրքորոշում:
19. Հանձնաժողովում հայտերը քննարկվում են համապատասխան ծրագրի վերաբերյալ ենթահանձնաժողովի կողմից տրամադրված դիրքորոշման (այդ թվում՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ) առկայության դեպքում։ Դիրքորոշումը ենթահանձնաժողովի կողմից հանձնաժողովին է տրամադրվում հանձնաժողովի նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։
20. Հանձնաժողովին կից գործում են հետևյալ հինգ ենթահանձնաժողովները՝
1) բնական գիտությունների.
2) ճարտարագիտություն և տեխնոլոգիայի.
3) բժշկական գիտությունների.
4) գյուղատնտեսական գիտությունների.
5) հասարակական և հումանիտար գիտությունների:
21. Ենթահանձնաժողովները բաղկացած են 5 անդամից։
22. Ենթահանձնաժողովների նախագահներին նշանակում է կոմիտեի նախագահը` հանձնաժողովի համաձայնությամբ:
23. Ենթահանձնաժողովների անդամներին նշանակում է Կոմիտեի նախագահը, ընդ որում` յուրաքանչուր ենթահանձնաժողովի անդամներից երկուսը նշանակվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկությամբ, մեկ անդամը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ:
(23-րդ կետը խմբ. 06.03.25 N 248-Ն)
24. Ենթահանձնաժողովների աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը:
(24-րդ կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
25. Ենթահանձնաժողովների անդամները համալրվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի գիտնականներով, բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
26. Ենթահանձնաժողովների աշխատանքում անհրաժեշտության դեպքում՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, ժամանակավորապես ներգրավվում են տարբեր գերատեսչությունների, հիմնարկների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական կազմակերպությունների և արտադրության համապատասխան մասնագետներ (համաձայնությամբ):
27. Ենթահանձնաժողովների անդամների վարձատրությունն իրականացվում է կոմիտեի կողմից փորձագետներ ներգրավվելու նպատակով կոմիտեին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված կարգով:
(27-րդ կետը լրաց. 06.03.25 N 248-Ն)
28. Ենթահանձնաժողովների նախագահները մասնակցում են հանձնաժողովի նիստերին։
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 06.03.25 N 248-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՈՐԱԿԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու հետ կապված հարաբերությունները:
2. Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին կարող են որակվել, եթե համապատասխանում են սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափանիշներին:
3. Սույն կարգի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների (ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստրում) գրանցված) կողմից Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական hանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին (այսուհետ` ՌՏԳՏ խորհուրդ) ներկայացված գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա:
ՌՏԳՏ խորհրդի կողմից ֆինանսավորման երաշխավորված գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների՝ որպես այդպիսին որակելու վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է ՌՏԳՏ խորհրդի կողմից, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից:
ՌՏԳՏ խորհրդի եզրակացությունն ու այն հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանը սահմանված ժամկետում հայտատուին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ուղարկում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
(3-րդ կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
4. Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու համար էլեկտրոնային եղանակով հանձնաժողով է ներկայացվում հայտ, որին կցվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագիրը, ներառյալ հայտի ներկայացման նպատակները (այսուհետ՝ ծրագիր): Ծրագիրը կարող է ներկայացվել հայերեն և անգլերեն լեզուներով։ Ծրագրում ներառվում է տեղեկատվություն՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների անվանումը (ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված տնտեսական գործունեության դասակարգչի նկարագրի), նպատակները, աշխատանքների իրականացման փուլերն ու ժամկետները, նախատեսվող ֆինանսական միջոցները, ստեղծվող աշխատատեղերը, ծրագրի շրջանակում ներառված՝ բացառապես մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխատողների տվյալները (անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը)։ Ծրագիրը կարող է ներառել նաև այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն կամ այլ հիմնավորումներ: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումները կիրառվում են սույն կետում նշված՝ բացառապես մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխատողներին այդ աշխատանքների մասով վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ։
Հայտի և ծրագրի ձևերը և լրացման կարգերը, ինչպես նաև ներկայացման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։
(4-րդ կետը լրաց. 06.03.25 N 248-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 06.03.25 N 248-Ն)
6. Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին, կամ դրանցում ներառված տեղեկությունները լրացուցիչ հիմնավորումների կարիք ունեն, ապա քարտուղարությունը կամ հանձնաժողովը քարտուղարության միջոցով լրամշակման նպատակով վերադարձնում է հայտը: Լրամշակված և սույն կարգի պահանջներին կրկին չբավարարող հայտերը ենթակա չեն քննարկման: Լրամշակված հայտ ներկայացնելու դեպքում սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով սահմանված ժամկետները կիրառվում են հիմք ընդունելով լրամշակված հայտը ներկայացնելու օրը:
(6-րդ կետը լրաց. 06.03.25 N 248-Ն)
7. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման, բացառությամբ սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դեպքի։
(7-րդ կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
8. Հայտի քննարկումն իրականացվում է հանձնաժողովի փակ նիստերի միջոցով: Հայտը հանձնաժողովի կողմից քննարկվում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավել, քան հայտը ներկայացնելու օրվանից հետո 365-րդ օրը: Հայտի լրացուցիչ քննարկման անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտի քննարկումը կարող է հետաձգվել:
9. Հանձնաժողովի կողմից հայտը քննարկվում է հայտատուի ներկայացուցչի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին հայտատուն պետք է տեղեկացվի առնվազն 5 աշխատանքային օր առաջ, հայտում ներկայացված էլեկտրոնային փոստին ծանուցմամբ: Պատշաճ տեղեկացված՝ հայտատուի ներկայացուցչի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:
(9-րդ կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
10. Հայտի քննարկումը կարող է հետաձգվել նաև այն դեպքում, երբ որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:
11. Աշխատանքների որակման վերաբերյալ հայտը կարող է մերժվել նաև այն դեպքերում, եթե հայտում և կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները հիմնավորված կամ հավաստի չեն:
12. Ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը և ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ Ծրագրերի աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունները սահմանված ձևաչափով ներկայացվում են կոմիտե։
13. Կոմիտեն աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է աշխատանքներն իրականացնողի, այլ շահագրգիռ կողմերի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև աշխատանքներն իրականացնողներից հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների ուսումնասիրությունների միջոցով:
14. Սույն կարգի 12-րդ կետում նշված հաշվետվությունն աշխատանքներն իրականացնողի կողմից կոմիտե չներկայացվելու, ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկություններ հայտնաբերվելու, ինչպես նաև աշխատանքներն իրականացնողի գործունեության մեջ էական խախտումների առկայության դեպքում կոմիտեն՝ դրանք բացահայտելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով կամ էլեկտրոնային ծանուցման եղանակով տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին, իսկ հանձնաժողովը տրամադրում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու կամ չեղյալ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն:
15. Քարտուղարությունը, հանձնաժողովի անդամները և ենթահանձնաժողովի անդամները պարտավոր են պահպանել հայտատուի բացառիկ իրավունքներին առնչվող բոլոր տեղեկությունների գաղտնիությունը։
16. Աշխատանքները որպես այդպիսին որակելու կամ աշխատանքների՝ որպես այդպիսին որակումը դադարեցնելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը և այն հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը այն հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարության կողմից ներկայացվում է հայտատուին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:
17. Հանձնաժողովի եզրակացությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) գիտական հետազոտության և փորձարարական մշակումների աշխատանքի անվանումը՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.
2) ֆինանսավորման աղբյուրները և արժեքը.
3) աշխատանքներն իրականացնողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը.
4) բացառապես մասնագիտական աշխատանքներն իրականացնող աշխատակիցների անունը, ազգանունը, ՀԾ համարանիշը կամ դա չունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանքը.
5) գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ավարտի ակնկալվող ամսաթիվը։
(17-րդ կետը լրաց. 06.03.25 N 248-Ն)
18. Հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը չեղյալ է ճանաչվում իրականացվող աշխատանքները ծրագրի նպատակներին և դրույթներին համապատասխան չիրականացվելու դեպքերում:
19. Աշխատանքների իրականացման ընթացքում փոփոխություններ առաջանալու դեպքում աշխատանքներ իրականացնողը պետք է դրա մասին գրավոր տեղեկացնի հանձնաժողովին:
20. Աշխատանքներն իրականացնողը կարող է ինքնակամ հրաժարվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկման առանձնահատկությունների կիրառումից՝ իր դիմումի համաձայն, որի հիման վրա հանձնաժողովի կողմից տրամադրվում է որպես գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն: Այս դեպքում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ որակված աշխատանքների որակումը դադարեցվելու արդյունքում հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում։
(20-րդ կետը փոփ. 06.03.25 N 248-Ն)
21. Սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝
1) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների մասով․
2) 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով․
3) 150-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորման կիրառությունը դադարում է որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ որակված աշխատանքների որակումը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած հաշվարկված՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով։
(21-րդ կետը լրաց. 06.03.25 N 248-Ն)
22. Սույն հավելվածի 21-րդ կետով սահմանվող կարգավորումները կիրառվում են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների ավարտի ամսվա մասով։
(22-րդ կետը լրաց. 06.03.25 N 248-Ն)
23. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների (ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստրում) գրանցված) կողմից Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական hանձնաժողովին կից ՌՏԳՏ խորհրդին ներկայացված գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների իրականացման մասով կիրառվում են սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված ժամկետները:
(23-րդ կետը լրաց. 06.03.25 N 248-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 06.03.25 N 248-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2025 թվական:
