ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Վ․Գրիգորյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԴ/1381/01/20 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
Լ. Թադևոսյանի |
18 հոկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարդան Սարգսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 12117520 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վարդան Սարգսի Բաբայանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):
2. 2023 թվականի նոյեմբերի 24-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել է ամբաստանյալ Վարդան Բաբայանի պաշտպան Վ․Սարգսյանի միջնորդությունն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ 2023 թվականի նոյեմբերի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Վարդան Բաբայանը հայտարարել է, որ չի առարկում, որպեսզի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի։
2.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Վարդան Բաբայանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքներն համապատասխանեցվել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ), և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
5.1. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետևանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով։
5․2․ Միաժամանակ բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, այն դեպքում, երբ մեղադրյալների կողմից կատարված արարքները երբևէ չեն համապատասխանել և չէին կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը: Ստորադաս դատարանները հափշտակության չափերը նախատեսող օրենքը համարել են պատիժը մեղմացնող օրենսդրություն, մինչդեռ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ մի առնչություն չունեն պատժի խստացման և մեղմացման հետ, դրանք պատժատեսակ և պատժաչափ նախատեսող նորմեր չեն և չեն կարող համարվել պատիժը մեղմացնող, հետևաբար տվյալ պարագայում այլ հարց է, որ դրանց կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել:
5.3. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով Վարդան Բաբայանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։ Իսկ ներկայումս գործող քրեական օրենքով Վ․Բաբայանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս տասը տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Վ․Բաբայանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռևս չի անցել։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վարդան Բաբայանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար, որ «[Նա] «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊ ընկերությունում գրավադրված «Toyota Camry» մակնիշի 87 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան նախնական մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ վաճառել է Արևիկ Ալլահվերդյանին, որի դիմաց մաս-մաս ստացել և հափշտակել է ավտոմեքենայի վաճառքի 3.934.198 ՀՀ դրամ գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումար, որի արդյունքում Արևիկ Ալլահվերդյանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 3.934.198 ՀՀ դրամի գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:
Այսպես.
Վարդան Բաբայանը, զբաղվելով ավտոմեքենաների առուվաճառքով, 2018 թվականի մարտ ամսին ձեռք է բերել «Toyota Camry» մակնիշի (նույնականացման համար՝ 4TIBE46K19U372703) 87 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որը հաշվառել է մայրիկի՝ Աիդա Սարգսի Բաբայանի անվամբ: 2018 թվականի մարտի 06-ին գումար ստանալու նպատակով, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերության Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 71/8-րդ հասցեում գործող մասնաճյուղում Աիդա Բաբայանը Վարդան Բաբայանի խնդրանքով գրավադրել է իր անվամբ հաշվառված հիշյալ ավտոմեքենան, որի արդյունքում կնքվել է կրեդիտավորման վարկային թիվ AG0656056 պայմանագիրը՝ ստանալով 3.741.777 ՀՀ դրամ գումարի վարկ: Նշված գործարքից անմիջապես հետո Վարդան Բաբայանը, քաջատեղյակ լինելով կնքված պայմանագրի 2.1.3 կետով նախատեսված դրույթին, ըստ որի գրավի առարկան հնարավոր է օտարել, տրամադրել վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ այլ կերպ տնօրինել, ինչպես նաև գույքն օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բացառապես Գրավառուի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում և այդ համաձայնությամբ նշված պայմաններում, առանց համապատասխան համաձայանության մի քանի օր անց հիշյալ ավտոմեքենան վաճառելու նպատակով հայտարարություն է տեղադրել համացանցում: 2018 թվականի մարտի 18-ին Արևիկ Ալլահվերդյանը, ծանոթանալով «Toyota Camry» մակնիշի 87 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վաճառելու վերաբերյալ հայտարարությանը, զանգահարել է հայտարարությամբ տեղադրված բջջային հեռախոսահամարին և խոսակցություն ունեցել Վարդան Բաբայանի հետ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ավտոմեքենան 3.934.198 ՀՀ դրամ գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումարով՝ մաս-մաս վաճառելու վերաբերյալ, սակայն Վարդան Բաբայանը խաբեության եղանակով՝ այն է ավտոմեքենայի գրավադրված լինելու հանգամանքը թաքցնելով (լռելով), ավտոմեքենայի դիմաց պահանջել և 2018 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում մաս-մաս ստացել և դիտավորությամբ հափշտակել է 3.934.198 ՀՀ դրամ գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումար, և մինչ օրս տարբեր պատճառաբանություններով խուսափել է ավտոմեքենան անվանափոխելու գործարքը կատարելուց: Ավելին՝ նշված ժամանակահատվածում միջոցներ չի ձեռնարկել Արևիկ Ալլահվերդյանից խաբեությամբ հափշտակած գումարով «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունում ունեցած ժամկետանց պարտավորությունները մարելու և գույքը գրավադրումից հանելու համար, քանի որ միայն դրա իրականացումից հետո կարող է գրանցվել Արևիկ Ալլահվերդյանի սեփականությունը, արդյունքում Արևիկ Ալլահվերդյանը զրկվել է ավտոմեքենան տնօրինելու հնարավորությունից ու վերջինիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 3.934.198 ՀՀ դրամ գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս: (...)։
Բացի այդ, «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊ ընկերությունում գրավադրված «Toyota Camry» մակնիշի 35 QV 473 հաշվառման համարանիշի ավտոմեքենան նախնական մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ վաճառել է Հարություն Շատյանին, որի դիմաց մաս-մաս ստացել և հափշտակել է ավտոմեքենայի վաճառքի 3.600.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար, որի արդյունքում Հարություն Շատյանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 3.600.000 ՀՀ դրամի գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:
Այսպես.
Վարդան Բաբայանը 2018 թվականի մարտ ամսին ձեռք է բերել «Toyota Camry» մակնիշի (նույնականացման համար՝ 4T4BE46K59R105571) 35 QV 473 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որը հաշվառել է եղբոր՝ Էդգար Բաբայանի կնոջ՝ Սալվինա Մարտիրոսի Հայրապետյանի անվամբ: 2018 թվականի մարտի 12-ին գումար ստանալու նպատակով, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերության Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 71/8-րդ հասցեում գործող մասնաճյուղում Սալվինա Հայրապետյանը Վարդան Բաբայանի խնդրանքով գրավադրել է իր անվամբ հաշվառված հիշյալ ավտոմեքենան, որի արդյունքում կնքվել է կրեդիտավորման վարկային թիվ AG9136050 պայմանագիրը՝ ստանալով 3.600.000 ՀՀ դրամ գումարի վարկ: Նշված գործարքից անմիջապես հետո, Վարդան Բաբայանը քաջատեղյակ լինելով կնքված պայմանագրի 2.1.3 կետով նախատեսված դրույթին, ըստ որի գրավի առարկան հնարավոր է օտարել, տրամադրել վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ այլ կերպ տնօրինել, ինչպես նաև գույքն օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բացառապես գրավառուի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում և այդ համաձայնությամբ նշված պայմաններում, առանց համապատասխան համաձայնության մի քանի օր անց հիշյալ ավտոմեքենան վաճառելու նպատակով հայտարություն է տեղադրել համացանցում: 2018 թվականի մարտի 25-ին Հարություն Շատյանը ծանոթանալով «Toyota Camry» մակնիշի 35 QV 473 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վաճառելու վերաբերյալ հայտարարությանը, զանգահարել է հայտարարութամբ տեղադրված բջջային հեռախոսահամարին և խոսակցություն ունեցել Վարդան Բաբայանի հետ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ավտոմեքենան 3.600.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումարով՝ մաս-մաս վաճառելու վերաբերյալ, սակայն Վարդան Բաբայանը խաբեության եղանակով՝ այն է՝ ավտոմեքենայի գրավադրված լինելու հանգամանքը թաքցնելով (լռելով), ավտոմեքենայի դիմաց պահանջել և 2018 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում մաս-մաս ստացել և դիտավորությամբ հափշտակել է 3.600.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար, և մինչ օրս տարբեր պատճառաբանություններով խուսափել է ավտոմեքենան անվանափոխելու գործարքը կատարելուց: Ավելին՝ նշված ժամանակահատվածում միջոցներ չի ձեռնարկել Հայություն Շատյանից խաբեությամբ հափշտակած գումարով «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունում ունեցած ժամկետանց պարտավորությունները մարելու և գույքը գրավադրումից հանելու համար, քանի որ միայն դրա իրականացումից հետո կարող է գրանցվել Հարություն Շատյանի սեփականությունը, արդյունքում Հարություն Շատյանը զրկվել է ավտոմեքենան տնօրինելու հնարավորությունից ու վերջինիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 3.600.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս»1։
8. Վ․Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը Վ.Բաբայանի պատասխանատվությունը մեղմացնող նորմ է, իսկ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածը՝ խստացնող, հետևաբար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ ունի միայն պատասխանատվությունը մեղմացնող մասով: Այլ կերպ. սույն դեպքում Վ.Բաբայանին մեղսագրվող արարքները պետք է դիտարկել որպես միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվող արարքներ, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները պետք է հաշվարկել ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքով սահմանված կանոններով:
(…)
Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Վարդան Սարգսի Բաբայանին ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի մարտի 18-ին և 2018 թվականի մարտի 25-ին տեղի ունեցած այն ենթադրյալ քրեորեն պատժելի հափշտակությունների կատարման համար, որի արդյունքում տուժողներին համապատասխանաբար պատճառվել է 3.934.198 և 3.600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դատարանը, քննարկելով Վ.Բաբայանին մեղսագրվող արարքի իրավական որակումը, արձանագրում է, որ ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքով տեղի է ունեցել հափշտակության՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չափերի փոփոխություն և գործող քրեական օրենսգրքով հափշտակության առանձնապես խոշոր չափ է հանդիսանում 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը), ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքով սահմանված 3 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարի (արժեքի) փոխարեն, որի դեպքում Վ.Բաբայանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին և որի համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, արարքը կատարելու պահին գործող օրենսդրության համաձայն, հանդիսանում է 5 տարին:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, ամբաստանյալ Վարդան Սարգսի Բաբայանի կողմից սույն գործով մեղսագրվող արարքի կատարումից հետո քրեորեն պատժելի այլ արարք կատարած լինելու վերաբերյալ որևէ գրառումներ առկա չեն:
Հետևաբար Դատարանն արձանագրում է, որ Վարդան Սարգսի Բաբայանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ինչպես նաև վաղեմության ժամկետի ընթացքը չի կասեցվել և չի ընդհատվել: (...)»2։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, որով Վարդան Բաբայանին մեղսագրվող՝ երկու դրվագով 3.934.198 ՀՀ դրամի և 3.600.000 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, գործող ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Այսինքն՝ ի տարբերություն Վարդան Բաբայանի արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետևաբար դրա համապատասխանեցման և վերաորակման դեպքում մեղադրյալ Վ.Բաբայանի համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը։
Ուստի հաշվի առնելով մեղադրյալ Վարդան Բաբայանի արարքի կատարման պահին գործող 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները և այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքներից մինչ օրս անցել է հինգ տարի ու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրավաչափ է մեղադրյալ Վարդան Բաբայանի նկատմամբ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը։
Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ մեղադրյալ Վարդան Բաբայանին մեղսագրված արարքն ըստ դասակարգման միջին ծանրության հանցագործություն համարվելու, այն ենթադրաբար կատարելու պահից հինգ տարի անցած լինելու և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություններ չլինելու, մեղադրյալի առարկության բացակայության ու վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ բնույթի պայմաններում Առաջին ատյանի դատարանի (…) պատճառաբանություններն ու եզրահանգումները հիմնավոր են ու իրավաչափ:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումներն ամբաստանյալ Վարդան Բաբայանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն են, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ հափշտակության չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նաև համապատասխան հոդվածի մասը, և ըստ այդմ՝ մեղմանում են նաև արարքի համար նշանակվող պատժատեսակներն ու պատժաչափերը, գտնում է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենսդրություն են, որին հետադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումներ և հատուկ պայմաններ չի նախատեսել։ Հետևաբար բողոքաբերի պնդումներն այս մասով անհիմն են և չեն բխում վերաբերելի կարգավորումներից։ (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Վ․Բաբայանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ՝« (…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության (…) չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի (…) մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝
(…)
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝
(…)
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
(…)
3) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, (…):
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (…)»:
12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ4:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Վարդան Բաբայանին վերագրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ)5,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը Վ.Բաբայանի պատասխանատվությունը մեղմացնող նորմ է, իսկ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածը՝ խստացնող, հետևաբար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող ՀՀ գործող քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ ունի միայն պատասխանատվությունը մեղմացնող մասով, հետևաբար սույն դեպքում Վ.Բաբայանին մեղսագրվող արարքները պետք է դիտարկել որպես միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվող արարքներ, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները պետք է հաշվարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված կանոններով։
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքում տեղի է ունեցել հափշտակության սահմանված չափերի փոփոխություն՝ ըստ որի՝ Վ.Բաբայանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին և որի համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, արարքը կատարելու պահին գործող օրենսդրության համաձայն, հինգ տարի է6,
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, որով Վ․Բաբայանին մեղսագրվող՝ երկու դրվագով 3.934.198 ՀՀ դրամի և 3.600.000 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում, վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետևաբար դրա համապատասխանեցման և վերաորակման դեպքում մեղադրյալ Վ.Բաբայանի համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը։ Հետևաբար, հաշվի առնելով մեղադրյալ Վ․Բաբայանի արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները և այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքների կատարման պահից մինչ օրս անցել է հինգ տարի ու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավաչափ է մեղադրյալ Վ․Բաբայանի նկատմամբ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը7։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ․Բաբայանին վերագրվող՝ խաբեության եղանակով 3․934․198 դրամի և 3․600․000 ՀՀ դրամի հափշտակությունները ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Վ․Բաբայանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ավելի քան հինգ տարի անց Վ․Բաբայանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:
15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ Վ․Բաբայանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 5.1-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները8։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով Վ․Բաբայանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
17․ Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5․2-րդ կետում նշված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն այն ևս հիմնավոր չի համարում՝ հաշվի առնելով, որ հափշտակության չափերի օրենսդրական փոփոխության արդյունքում՝ Վ.Բաբայանին վերագրվող արարքներն առավել ծանրացնող հանգամանքով հանցակազմից ենթակա են վերաորակման ծանրացնող հանգամանքով հանցակազմով, որը նախատեսում է ինչպես ազատազրկման առավել նվազ ժամկետներ, այնպես էլ այլ, առավել մեղմ պատժատեսակներ։ Այսպիսով, հափշտակության չափերի օրենսդրական փոփոխությունը հանգեցնում է Վ.Բաբայանին վերագրվող արարքների համար նախատեսված պատժի մեղմացման, հետևաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին անհրաժեշտ է հետադարձ ուժ տալ։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վարդան Բաբայանի պաշտպան Վ․Սարգսյանի միջնորդությունը պետք է մերժել։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ․Բաբայանի վերաբերյալ վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննությունը շարունակելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վարդան Սարգսի Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել, Վ.Բաբայանի պաշտպան Վ․Սարգսյանի միջնորդությունը մերժել, և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_________________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 220-225։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 211-215։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 60-68։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ վարույթով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Լ. Թադևոսյան |
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
