ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր Ա. Գաբրիելյան |
ԵԴ/1587/01/21 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
||
|
քարտուղարությամբ՝ մեղադրյալ՝ պաշտպան՝ |
Գ․ ՔՈԼՈԶՅԱՆԻ Հ. ՀԱԼևՈՐՅԱՆԻ Լ․ ՍԻՄՈՆՅԱՆԻ |
25 հոկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ մեղադրյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11192421 քրեական գործը, որը 2021 թվականի մայիսի 19-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:
2021 թվականի մայիսի 19-ի որոշմամբ Հայարփի Ռուբենի Հարությունյանը ճանաչվել է տուժող։
2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Հովհաննես Սասունի Հալևորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Հ․Հալևորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2021 թվականի նոյեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Ա.Բոյաջյանի՝ 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ, Հ.Հալևորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունիսի 9-ի դատավճռով մեղադրյալ Հովհաննես Հալևորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է Հ․Հալևորյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Հ․Հալևորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Վճռվել է նաև տուժող Հայարփի Հարությունյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Հ.Հալևորյանի՝ բավարարել, և վերջինից հօգուտ Հ.Հարությունյանի բռնագանձել 3.500.000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:
Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող Հայարփի Հարությունյանի պատասխանատու պահպանությանը հանձնված «Այֆոն 12 պռո մաքս» մոդելի բջջային հեռախոսը թողնվել է վերջինիս տնօրինմանը:
Հովհաննես Հալևորյանի գույքի՝ «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսի վրա դրված արգելանքը պահպանվել է՝ մինչև քաղաքացիական հայցով նրա վրա դրված պարտավորությունների կատարումը:
3. Նշված դատավճռի դեմ մեղադրյալ Հ.Հալևորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 9-ի դատավճիռը մասնակի՝ նշանակված պատժի և քաղաքացիական հայցի մասով փոփոխել է. Հ.Հալևորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Տուժող Հ.Հարությունյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի՝ որոշվել է Հ.Հալևորյանից հօգուտ Հ.Հարությունյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Հ.Հալևորյանի պաշտպան Լ.Սիմոնյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության բանավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
5․1․ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թեև Հ.Հալևորյանի նկատմամբ նշանակված պատժաչափը մեղմացրել է, սակայն պատշաճ վերլուծության չի ենթարկել այն պայմանականորեն չկիրառելու հարցը:
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը որպես մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է հաշվի առներ այն, որ Հ.Հալևորյանը զղջացել է կատարած արարքի համար, ընդունել է մեղադրանքը, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատապարտված չի եղել, ունի բարձրագույն կրթություն, ամբողջովին փոխհատուցել է վնասը:
Հետևաբար, հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցավորի տարիքը, նրա անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, տուժողին պատճառված ամբողջ վնասը փոխհատուցված լինելու հանգամանքը, բողոքաբերը նշել է, որ Հ.Հալևորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով հնարավոր էր հասնել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:
5․2․ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ 2024 թվականի մայիսի 14-ի դրությամբ Հ.Հալևորյանն ամբողջությամբ փոխհատուցել է տուժողին պատճառված վնասը, հաշտվել է նրա հետ, որի վերաբերյալ հայտարարել է տուժողը:
Միևնույն ժամանակ տուժողը խնդրել է Հ.Հալևորյանին ազատել քրեական պատասխանատվությունից՝ իր հետ հաշտվելու հիմքով:
6․ Վերոգրյալ հիմնավորումներով, նկատի ունենալով, որ մեղադրյալն առաջին անգամ է հանցանք կատարել, նախկինում դատապարտված չի եղել, նրա արարքը միջին ծանրության հանցանք է, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 6-ի որոշումը և Հ.Հալևորյանին ազատել քրեական պատասխանատվությունից՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով կամ Հ.Հալևորյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Հովհաննես Հալևորյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն արարքի կատարման համար, որ. «(․․․) նա ուրիշի՝ խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու, մեկ միասնական դիտավորությամբ, 2020 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը Հայարփի Ռուբենի Հարությունյանից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատրվակներով հափշտակել է խոշոր չափերի՝ 3.597.000 ՀՀ դրամ գումար:
Այսպես՝ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու դիտավորությամբ Հովհաննես Հալևորյանը, «Ինստագրամ» սոցիակալան կայքի իր անձնական էջից 2020 թվականի դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին հաղորդագրություններ է ուղարկել Հայարփի Ռուբենի Հարությունյանի «Ինստագրամ» սոցիակալան կայքի անձնական էջին և ծանոթություն է հաստատել վերջինիս հետ: Ծանոթություն հաստատելուց հետո Հովհաննես Հալևորյանը Հայարփի Հարությունյանի մոտ վստահություն ձեռք բերելու, այն ամրապնդելու և հետագայում չարաշահելու նպատակով, խաբեության եղանակով խեղաթյուրելով իրականությունը՝ վերջինիս ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, ով ԱՄՆ-ում ունի ծերանոցներ և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից սկսած, չարաշահելով Հայարփի Հարությունյանի վստահությունը, Հովհաննես Հալևորյանը վերջինիցս խնդրել է 100.000 ՀՀ դրամ գումար, հինգ օրից վերադարձնելու պայմանով։ Հայարփի Հարությունյանը՝ հավատալով Հովհաննես Հալևորյանին, իր բջջային հեռախոսի «Իդրամ» հավելվածի միջոցով 100.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է Հ. Հալևորյանի կողմից նշված հաշվեհամարին, սակայն վերջինս նշված գումարը չի վերադարձրել։ Դրանից հետո, արդեն իսկ ձևավորված փոխհարաբերություններն օգտագործելով, կրկին վերջինիս վստահությունը չարաշահելով՝ Հայարփի Հարությունյանից գումար է խնդրել, պատճառաբանելով, թե իբր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում էժան գնով առանձնատուն է գնել և գումար է անհրաժեշտ: Հ. Հարությունյանը, հավատալով այդ ամենին, «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից վարկ է վերցրել և վերցրած ամբողջ 923.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է Հ. Հալևորյանի կողմից նշված նույն հաշվեհամարին: Դրանից օրեր անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, Հովհաննես Հալևորյանը հավատացրել է Հայարփի Հարությունյանին, թե իբր ԱՄՆ-ից վերադառնում է Երևան՝ իրեն տեսակցելու և ընտանիքի անդամների հետ ծանոթանալու, սակայն չի կարողանում բջջային հեռախոս գնել, ուստի առաջարկել է, որ Հ.Հարությունյանն անձամբ գնի «Այֆոն 12 Պռո Մաքս» մոդելի բջջային հեռախոս, որի գումարները Երևան ժամանելիս խոստացել է վերադարձնել։ Պայմանավորվածության համաձայն՝ Հ.Հարությունյանը վստահելով Հ.Հալևորյանի խոսքերին, «Մոբայլ Սենթր» խանութ-սրահից ապառիկ կարգով գնել է 824.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն 12 Պրո Մաքս» մոդելի բջջային հեռախոս, այն փոխանցել է Հովհաննես Հալևորյանի կողմից նշված տաքսու վարորդին, որից հետո վերջինս նույն հեռախոսը պարտավորվել է ամանորի գիշերը հյուր գնալիս նվիրել Հ.Հարությունյանին, սակայն բջջային հեռախոսը ստանալուն պես վերջինս չի գնացել Հ.Հարությունյանի տուն, այլ այն վաճառել է իր կարիքները հոգալու համար՝ հափշտակելով վերոնշյալ բջջային հեռախոսը: Դրանից հետո՝ սույն թվականի փետրվար ամսին, Հ.Հալևորյանը Հ.Հարությունյանին հայտնել է, որ ԱՄՆ-ում կնքել է գործարք, սակայն առողջական խնդիրներ ունենալու պատճառով չի կարողանում գնալ և գործարքից ստացված գումարը վերցնել, միաժամանակ հավատացրել է թե իբր Երևան քաղաքում բենզալցակայան է գնել, սակայն դրա դիմաց վճարվելիք գումարը պակասել է, ուստի Հ. Հարությունյանը կրկին հավատալով Հ.Հալևորյանին, Երևան քաղաքի Բագրատունյաց 26 հասցեում առկա տերմինալի միջոցով փոխանցել է 400.000 ՀՀ դրամ գումար Հ.Հալևորյանի կողմից նշված «Իդրամ» հաշվեհամարին, որից 1 կամ 2 օր անց, չունենալով իր մոտ կանխիկ գումար, Հ.Հալևորյանին է փոխանցել մոր՝ Ռուզան Աղասու Կարապետյանին պատկանող բանկային քարտի տվյալները, իսկ Հ.Հալևորյանն այն կցելով իր «Իդրամ» հավելվածին, դրա միջոցով փոխանցել է 1.100.000 ՀՀ դրամ գումար: Դրանից հետո, Հ Հալևորյանը ներազդելով Հ.Հարությունյանի զգացմունքների վրա և վերջինիս առաջացնելով խղճահարություն՝ հայտնել է, թե իբր տառապում է թոքի քաղցկեղով և մեկնել է Հոլանդիա՝ համապատասխան վիրահատության նպատակով։ Տեսնելով, որ Հ.Հարությունյանը վերոնշյալ սուտն իրական է ընդունել՝ հայտնել է, թե իբր վիրահատությունը բարվոք է անցել, սակայն իր մոտ Երևան ժամանելու հետադարձի գումար չի մնացել և այդ պատրվակով Հ.Հարությունյանից խնդրել է ևս 250.000 ՀՀ դրամ գումար, որի փոխանցումն իրականացրել է իր «Իդրամ» հավելվածին կցված Հ.Հարությունյանի անվամբ թողարկված բանկային քարտի միջոցով: Հ.Հալևորյանը հավատացրել է, որ վերոնշյալ գումարներն ամբողջովին կվճարի, սակայն այդ կերպ խաբեությամբ վստահությունը չարաշահելու եղանակով Հ.Հարությունյանից հափշտակել է ընդհանուր 3.597.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս (…)»:
(…)
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և բոլոր ապացույցների` միմյանց հետ համադրելու և դրանք վերաբերելիության և թույլատրելիության սահմաններում գնահատելու արդյունքում, Դատարանը գալիս է այն հետևության, որ ամբաստանյալ Հովհաննես Սասունի Հալևորյանը կատարել է խոշոր չափերով խարդախություն, այսինքն` Հ.Հալևորյանին մեղսագրվող արարքը ճիշտ է որակված, այն համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
(...)
Հաշվի առնելով ամբաստանյալի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցանքը կատարելու եղանակն ու հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հարթված չլինելու հանգամանքը, ինչպես նաև նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ Դատարանը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանցավոր արարքը կատարելու համար Հովհաննես Հալևորյանի նկատմամբ պատիժ պետք է սահմանել ազատազրկման ձևով 3 (երեք) տարի ժամկետով, որը կարող է ապահովել պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները (...)»1։
8. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն՝ «(...) [Ե]լնելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, հաշվի առնելով նաև ամբաստանյալ Հովհաննես Հալևորյանի անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ նախկինում դատապարտված չլինելու, մեղքն ընդունելու և կատարածի համար զղջալու հանգամանքները, հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը, մասնավորապես, տուժողին պատճառած վնասից 1.500.000 ՀՀ դրամի փոխհատուցելու փաստը, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկման պայմաններում Ամբաստանյալի նկատմամբ՝ երեք տարի ժամկետով ազատազրկումը խիստ է, և չի համապատասխանում նրա անձին ու նրա կատարած հանցագործության ծանրությանը:
Այսինքն, Ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է անարդարացի՝ ակնհայտ խիստ պատիժ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի հիման վրա պատժի մասով բողոքարկվող դատական ակտը փոփոխելու հիմք է:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում կրկին նշել, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար, որպիսի պայմաններում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար ամբաստանյալ Հովհաննես Հալևորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ կետով նշանակված պատժաչափը պետք է մեղմացնել և պատիժ նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, որով հնարավոր կլինի իրականացնել պատժի նպատակները։
Միևնույն ժամանակ սակայն, նախորդ կետում արձանագրված Ամբաստանյալի անձը բնութագրող փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 8.1-րդ կետում վկայակոչված օրենսդրական կարգավորումների և 8.2-րդ - 8.3-րդ կետերում մեջբերված ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ինչպես վերաքննիչ բողոքում թվարկված, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել ամբաստանյալ Հովհաննես Հալևորյանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
(…)
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև տուժող Հայարփի Ռուբենի Հարությունյանի կողմից ընդդեմ ամբաստանյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի ներկայացված 3.500.000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) դրամի չափով քաղաքացիական հայցին, և հաշվի առնելով այն, որ Ամբաստանյալի կողմից մասնակիորեն՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով հատուցվել է տուժողին պատճառված վնասը, գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 9-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով նույնպես ենթակա է փոփոխման։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցը պետք է բավարարել մասնակի և ամբաստանյալ Հովհաննես Սասունի Հալևորյանից հօգուտ Հայարփի Ռուբենի Հարությունյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում (...)»2:
9. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված միջնորդության համաձայն՝ «(…) Թիվ ԵԴ/1587/01/21 քրեական գործով ես հանդիսանում եմ տուժող։ Նշված քրեական գործով ամբաստանյալ Հովհաննես Հալևորյանի կողմից խարդախությամբ ինձ պատճառվել է 3․500․000 ՀՀ դրամի վնաս։
Հայտարարում եմ, որ ամբաստանյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանից ստացել եմ ամբաստանյալի կողմից ինձ պատճառված վնասը 3․500․000 ՀՀ դրամը։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալի կողմից ինձ փոխհատուցվել է ինձ պատճառված ամբողջ վնասը, հայտնում եմ, որ ես ներել եմ ամբաստանյալ Հովհաննես Սասունի Հալևորյանին և ըստ էության հաշտվել եմ նրա հետ, և հետևապես խնդրում եմ Հովհաննես Սասունի Հալևորյանին ազատել քրեական պատասխանատվությունից ինձ հետ հաշտվելու հիմքով (…)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Հ.Հալևորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վերջինիս ու տուժող Հ.Հարությունյանի հաշտության հիմքով։
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:
Նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն` «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝
(...)
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
(...)
2) խոշոր չափերով,
(...)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն4` «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ»։
11. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձի և տուժողի հաշտությունը (որոշակի բացառություններով) դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե հանցանք կատարած անձի ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Հ.Հալևորյանն առաջին անգամ կատարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցանք։ Միաժամանակ, սույն վարույթով վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է տուժողի միջնորդությունը, որով վերջինս նշել է, որ հաշտվել է մեղադրյալ Հովհաննես Հալևորյանի հետ։ Այսինքն հանցանք կատարած անձի և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ համաձայնություն5, որն, ըստ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում է քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատելու հիմք6։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ.Հալևորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` վերջինիս և տուժող Հայարփի Հարությունյանի հաշտության հիմքով:
13. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
14. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 9-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 6-ի որոշումը պետք է բեկանել, մեղադրյալ Հ․Հալևորյանի նկատմամբ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի ու տուժող Հայարփի Ռուբենի Հարությունյանի հաշտության հիմքով, միաժամանակ քրեական գործի վարույթը կարճել՝ նկատի ունենալով, որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։
15. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Հ․Հալևորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել։
Իրեղեն ապացույց ճանաչված՝ «Այֆոն 12 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսը պետք է թողնել տուժող Հայարփի Հարությունյանի տնօրինմանը:
Հովհաննես Սասունի Հալևորյանին պատկանող «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը պետք է հանել արգելանքից և վերադարձնել նրան:
Միաժամանակ հաշվի առնելով, որ մեղադրալ Հ.Հալևորյանն ամբողջությամբ փոխհատուցել է տուժող Հայարփի Հարությունյանին հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 99-րդ, 100-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 9-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել։
2. Մեղադրյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի ու տուժող Հայարփի Ռուբենի Հարությունյանի հաշտության հիմքով և քրեական գործի վարույթը կարճել։
3. Մեղադրյալ Հովհաննես Սասունի Հալևորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։
4. Իրեղեն ապացույց ճանաչված «Այֆոն 12 պռո մաքս» մոդելի բջջային հեռախոսը թողնել տուժող Հայարփի Հարությունյանի տնօրինմանը:
5. Հովհաննես Սասունի Հալևորյանին պատկանող «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը հանել արգելանքից և վերադարձնել նրան:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
___________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 120-128:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 70-90:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 139:
4 Քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմին, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հետադարձ ուժ տալու պահանջի համաձայն՝ Հ.Հալևորյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը։
Նախագահող` Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
