ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 131-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց 110/1 հասցեում գտնվող, շուկայական արժեքին մոտարկված՝ 392 752 472 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (որում ներառված հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 74 907 794 ՀՀ դրամ), 1687.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված, սեփականության իրավունքով 0.11897 հեկտար մակերեսով հողամասը և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 0.01092 հեկտար մակերեսով հողամասի 3/4 բաժնեմասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16062023-01-0154 վկայական) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել, որ՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը 2023 թվականի հուլիսի 20-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով 403 300 000 ՀՀ դրամ է (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 176 700 000 ՀՀ դրամ).
2) աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) գնորդը պարտավոր է վճարել նաև՝
ա․ գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 607 888.80 ՀՀ դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,
բ․ սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
5. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
