ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1988 թ. N 618
Քաղ. Երևան
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի «ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ» N 1168 ՈՐՈՇՈՒՄԸ
ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. հոկտեմբերի 5-ի «Մշակույթի ճյուղի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 1168 որոշման մեջ նշել է, որ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման վերաբերյալ կուսակցության ստրատեգիական կուրսի իրականացման, հոգեկան և նյութական մշակույթի հարստությունների ավելի լրիվ ու խորը յուրացման ապահովման, գեղարվեստական ստեղծագործությանը սովետական ժողովրդին ակտիվորեն հաղորդակից դարձնելու ուղղությամբ միջոցառումների կոմպլեքսում հատուկ տեղը պատկանում է կառավարման մարմինների, մշակույթի միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների աշխատանքի վերակառուցմանը։ Ճյուղի կառավարման հիմնական սկզբունք պետք է դառնա դրա դեմոկրատացումը, պետական ու հասարակական սկզբունքների ռացիոնալ զուգակցումը, ղեկավարման տնտեսական մեթոդների լայն օգտագործումը, կառավարման հանրապետական ու տեղական մարմիններին, մշակույթի միավորումներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկներին ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության կողմից կատարվող ֆունկցիաների զգալի մասի հանձնումը, հաշվի առնելով բնակչության կուլտուրական սպասարկման գործում ժողովրդական դեպուտատների սովետների, հասարակական կազմակերպությունների ու ստեղծագործական միությունների աճող դերը և պետական ձեռնարկության (միավորման) մասին ՍՍՀՄ օրենքի դրույթները։
ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությունը պարտավոր է կենտրոնացնել իր գործունեությունը կուսակցության ու կառավարության որոշումներին համապատասխան մշակույթի և արվեստի բնագավառում պետական քաղաքականության անցկացման, սովետական բազմազգ արվեստի զարգացման ստրատեգիական ուղղությունների որոշման, եղբայրական ազգերի մշակույթների փոխադարձ հարստացմանն ու մերձեցմանը աջակցելուն, բնակչության զանազան կատեգորիաների մշակութային պահանջարկների առավել լրիվ բավարարման, սովետական մարդկանց առողջ պահանջմունքների և գեղագիտական բարձր ճաշակի ձևավորման վրա։
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. հոկտեմբերի 5-ի N 1168 որոշմամբ ժողովրդական տնտեսության կառավարման արմատական վերակառուցման և տնտեսավարման նոր մեթոդների ու կառավարման առաջադիմական կազմակերպական կառուցվածքների արդյունավետ զուգակցման ապահովման մասին ՍՄԿԿ XXVII համագումարի և ՍՄԿԿ XIX համամիութենական կոնֆերանսի որոշումներին համապատասխան`
ա) հանձնարարել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանը՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ թատերական, երաժշտական և կիրառական արվեստի, ժողովրդի ինքնագործ գեղարվեստական ստեղծագործության հետագա զարգացման, կուլտուր-լուսավորական աշխատանքի մակարդակի զգալի բարձրացման համար, կատարելագործել մասսայական ժամանցի կազմակերպման ձևերը, զարգացնել տնտհաշվարկային հարաբերությունները ճյուղում և ընդլայնել բնակչությանը մատուցվող վճարովի ծառայություններն այդ ոլորտում, նպաստել կուլտուրական շինարարության մեջ ստեղծագործական միությունների ու հասարակական կազմակերպությունների կապերի և փոխգործողության ամրապնդմանը։ Սահմանել է իրականացնել մշակույթի հիմնարկների գործունեության մեթոդական ղեկավարություն, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, աջակցել ժողովրդական տնտեսության ճյուղերում այդ հիմնարկների և հասարակական կազմակերպությունների ցանցի լայն զարգացմանը, որակյալ կադրերով դրանց ապահովմանը։ Առաջնահերթ ուշադրություն դարձնել մշակույթի միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների տնտեսական մեխանիզմի կատարելագործմանը, տեխնիկական քաղաքականության մշակմանը և ճյուղում անցկացմանը, կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, մշակույթի բնագավառում արտասահմանյան երկրների հետ միջազգային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանմանը, վերականգմանը և օգտագործմանը։
Սահմանել է, որ մշակույթի և արվեստի զարգացման սկզբունքային հարցերը ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությունը ուսումնասիրում և լուծում է ստեղծագործական միությունների ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ.
բ) հաստատել է միութենական հանրապետությունների ժողովրդական տնտեսություն կառավարման գլխավոր սխեմաների հաշվով ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության կողմից մշակված մշակույթի կառավարման գլխավոր սխեման, որը նախատեսվում է.
հիմնական օղակի գծով.
միջոցառումների իրականացում՝ ուղղված սովետական մարդկանց հոգևոր զարգացման գործում մշակույթի միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների դերի բարձրացմանը, նրանց աշխատանքում չարդարացված մասնատվածության, կրկնօրինակման ու զուգահեռականության վերացմանը, բնակչության կուլտուրական ու գեղագիտական պահանջարկի առավել լրիվ բավարարման, վճարովի ծառայությունների մատուցման գործում աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությունը և ձեռներեցությունը խոչընդոտող անհիմն սահմանափակումների վերացում.
տեղական պայմաններից ելնելով կուլտուր-մարզական համալիրների, ժամանցի կենտրոնների, մշակույթի ոլորտում մասնագիտացված ու բազմաֆունկցիոնալ այլ միավորումների ստեղծում, որոնք գործում են պետական ձեռնարկության (միավորման) մասին ՍՍՀՄ օրենքի դրույթներին համապատասխան և իրենց գործունեությունը կազմակերպում են իրենց կազմի մեջ մտնող ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների շահերից ելնելով։
Սահմանել է, որ մշակույթի զարգացման նկատմամբ կոմպլեքսային մոտեցում ապահովելու, բնակչության լիարժեք հանգիստը, կուլտուր-լուսավորական աշխատանքի բարելավումն ապահովող պայմանների ստեղծման ուղղությամբ տարածքի համար ընդհանուր խնդիրներ լուծելիս նյութական ու ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնելու նպատակով, ինչպես նաև մշակույթի միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների աշխատանքային պոտենցիալն ավելի արդյունավետ օգտագործելու համար ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետների գործկոմներին կից կարող են ստեղծվել մշակույթի և ժամանցի շրջանային (առանց շրջանային բաժանման քաղաքներում՝ քաղաքային) կենտրոններ։ Նշված կենտրոնները հանդիսանում են կազմակերպական նոր ձևեր, որոնք իրենց կազմում կամավոր հիմունքներով միավորում են ռեգիոնում գտնվող, բնակչության կուլտուրական սպասարկումն ու ժամանցի կազմակերպումն իրականացնող միավորումները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկները։ Որոշել է կենտրոնների աշխատանքում օգտագործել ինքնակառավարման տարբեր ձևեր, ակտիվորեն զարգացնել աշխատավորական կոլեկտիվների ստեղծագործական նախաձեռնությունը, ազատելով նրանց մանր խնամակալությունից, ներդնել տնտեսական հաշվարկի սկզբունքները։
Սահմանել է նպատակահարմարության դեպքում մշակույթի և ժամանցի կենտրոններին հանձնել ժողովրդական դեպուտատների տեղական սովետների կուլտուրայի շրջանային (քաղաքային) բաժինների կողմից նախկինում կատարվող ֆունկցիաները, լուծարելով այդ բաժինները։ Այդ կենտրոններին կից ստեղծել մշակույթի և ժամանցի հասարակական խորհուրդներ՝ մշակույթի, գիտության անվանի գործիչների, ստեղծագործական միությունների, կամավոր ընկերությունների, արհմիութենական ու կոմերիտական կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խորհուրդ է տվել միութենական և ինքնավար հանրապետությունների կուլտուրայի մինիստրություններին (պետական կոմիտեներին), ժողովրդական դեպուտատների տեղական սովետների վարչություններին (գլխավոր վարչություններին, բաժիններին) կից մշակույթի և արվեստի հասարակական խորհուրդների ստեղծում.
լուծարվող «Սոյուզպրոմկուլտուրա» համամիութենական արդյունաբերական միավորման մշակույթի տեխնիկական միջոցների ու արդյունաբերական ձեռնարկությունների համամիութենական գիտահետազոտական և կոնստրուկտորատեխնոլոգիական ինստիտուտի բազայի վրա Մոսկվա քաղաքում Մոսքաղգործկոմի հետ համաձայնեցնելով «Սոյուզպրոմկուլտուրա» գիտաարտադրական միավորման ստեղծում.
ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանն առընթեր «Մելոդիա» գրամոֆոնային ձայնապնակների համամիութենական ֆիրմայի վերակազմում «Ֆիրմա մելոդիա» համամիութենական ստեղծագործական-արտադրական միավորման։
Սահմանել է նշված միավորումների ստեղծումն ու վերակազմումն իրականացնել առանց ավելացնելու ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության Մոսկվա քաղաքում գտնվող ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների աշխատողների թվաքանակը.
ճյուղի կառավարման համակարգի գծով
անցում հիմնականում կառավարման երկօղակային համակարգի առանց մարզային բաժանման միութենական հանրապետություններում. կուլտուրայի մինիստրություն (պետական կոմիտե) - մշակույթի ու ժամանցի շրջանային (քաղաքային) կենտրոն, միավորում, ձեռնարկություն, կազմակերպություն, հիմնարկ և կառավարման եռօղակային համակարգի՝ մարզային բաժանում ունեցող միութենական հանրապետություններում՝ միութենական հանրապետությունների կուլտուրայի մինիստրություն (պետական կոմիտե) - ինքնավար հանրապետության կուլտուրայի մինիստրություն (պետական կոմիտե), ժողովրդական դեպուտատների սովետի մարզային (երկրամասային) գործկոմի կուլտուրայի վարչություն - մշակույթի և ժամանցի շրջանային (քաղաքային) կենտրոն, միավորում, ձեռնարկություն, կազմակերպություն, հիմնարկ։
Սահմանել է, որ ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության համակարգի մեջ են մտնում ՌՍՖՍՀ, Ուկրաինական ՍՍՀ, Բելոռուսական ՍՍՀ, Ուզբեկական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ, Ադրբեջանական ՍՍՀ, Լիտվական ՍՍՀ, Մոլդովական ՍՍՀ, Կիրգիզական ՍՍՀ, Տաջիկական ՍՍՀ, Հայկական ՍՍՀ և Թուրքմենական ՍՍՀ կուլտուրայի միութենական-հանրապետական մինիստրությունները, ինչպես նաև Ղազախական ՍՍՀ-ում, Լատվիական ՍՍՀ-ում և Էստոնական ՍՍՀ-ում ստեղծված կուլտուրայի պետական կոմիտեները։
Սահմանել է, որ ռեգիոններում մշակույթի զարգացման ղեկավարումն ապահովվում է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության կողմից՝ կառավարման նշված մարմինների միջոցով։ ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի համար պահպանել է կինո- և տեսաարտադրանքի արտադրության և վարձույթի, ինչպես նաև բնակչության կինո- և տեսասպասարկման սահմանված կարգով իրականացվող ղեկավարությունը կոմիտեի վրա դրված ֆունկցիաների սահմաններում.
կենտրոնական ապարատի գծով
10 վարչության ու ինքնուրույն բաժինների լուծարում և անցում ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի, հիմնականում ըստ ֆունկցիոնալ սկզբունքի կառուցման.
ըստ գործունեության հիմնական ուղղությունների՝ 4 գլխավոր վարչության ստեղծում.
թատերական արվեստի գլխավոր վարչություն, երաժշտական արվեստի գլխավոր վարչություն և կերպարվեստների գլխավոր վարչություն, որոնք կոչված են ստեղծագործական միությունների հետ միասին ապահովել սովետական բազմազգ արվեստի զարգացման հեռանկարային ուղղությունները, ըստ ամենայնի նպաստել պրոֆեսիոնալ թատրոնների, երաժշտական կոլեկտիվների, համերգային կազմակերպությունների և գեղարվեստական թանգարանների գործունեության ակտիվացմանը, բարելավել ստեղծագործական կադրերի պատրաստման ու պրոֆեսիոնալ վարպետության բարձրացման աշխատանքը.
կուլտուր-մասսայական աշխատանքի, գրադարանային և թանգարանային գործի գլխավոր վարչություն, այդ վարչության վրա դնելով ակումբների, գրադարանների ու թանգարանների նորմատիվ-մեթոդական բազայի մշակման ապահովման, բնակչության հետ դրանց աշխատանքի բովանդակության ու մեթոդների կատարելագործման, նրան ակտիվ ինքնագործ ստեղծագործության մեջ ներգրավելու ֆունկցիաները.
մինիստրության առաջատար ֆունկցիոնալ ստորաբաժանումների ամրապնդում և առաջին հերթին՝
տնտեսագիտական, որն իրականացնում է կոմպլեքսային աշխատանքներ պլանավորման, ֆինանսավորման, աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, կառավարման կատարելագործման, հաշվապահական հաշվառման, հաշվետվության ու ֆինանսական վերահսկողության, իրավական ապահովման բնագավառում, աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ միջոցառումների մշակում և իրականացում.
արտադրատեխնիկական, որը պատասխանատու է մշակույթի հիմնարկների համար ժամանակակից տեխնիկական միջոցների ու սարքավորման արտադրության զարգացման, ժողովրդական սպառման ապրանքների թողարկման ավելացման և դրանց որակի բարձրացման, նյութական ռեսուրսներով ճյուղի ապահովման համար.
արտաքին կապերի, որը կենտրոնացնում է գործունեությունը մշակութային փոխանակումների անընդհատ աճող պլանների կատարման և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միջկառավարական հանձնաժողովների արդյունավետ աշխատանքի ապահովման վրա.
գ) պատմության ու մշակույթի հուշարձանների հաշվառման, պահպանման, վերականգնման, օգտագործման և պրոպագանդման գործի ղեկավարումն ուժեղացնելու, ինչպես նաև կապիտալ շինարարության մեջ արդյունավետ ինվեստիցիոն քաղաքականություն անցկացնելու նպատակով համաձայնվել է մինիստրության կենտրոնական ապարատում հուշարձանների պահպանության, վերականգնման և կապիտալ շինարարության գլխավոր վարչություն (պետական տեսչության կազմով) ստեղծելու մասին ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության առաջարկության հետ.
դ) հաստատել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն նշված որոշման հավելվածի (կցվում է).
ե) սահմանել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդի 1234,9 հազ. ռուբլի, ելնելով այդ ապարատի աշխատողների 334 միավոր առավելագույն թվաքանակից (առանց շենքերի պահպանման ու սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով 25 տոկոսով կրճատումը և հուշարձանների պահպանության, վերականգնման և կապիտալ շինարարության գլխավոր վարչության կազմավորումը։ Խորհուրդ է տվել մինիստրությանը անցկացվող վերակազմակերպման կապակցությամբ ազատվող մասնագետներին օգտագործել նոր ստեղծվող ու վերակազմավորվող միավորումների ապարատը համալրելու ու մշակույթի գործող ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկներն ամրապնդելու համար.
զ) թույլատրել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանը ունենալ մինիստրի 5 տեղակալ, այդ թվում՝ մեկ առաջին և կոլեգիա՝ 15 հոգու կազմով։ Սահմանել է, որ կուլտուր-մասսայական աշխատանքի, գրադարանային և թանգարանային գործի գլխավոր վարչությունը, ինչպես նաև արտաքին կապերի գլխավոր վարչությունը գլխավորում են մինիստրի տեղակալները, որոնք միաժամանակ հանդիսանում են այդ վարչությունների պետերը.
է) մշակույթի հետագա զարգացման հիմնական հարցերի լուծմանը հասարակայնությանն ակտիվորեն ներգրավելու համար ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանն առընթեր ստեղծել է մշակույթի և արվեստի խորհուրդ՝ մշակույթի և գիտության անվանի գործիչներից, ստեղծագործական միությունների, աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից.
ը) հանձնարարել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանը՝ քննության առնել միութենական ենթակայության մշակույթի և արվեստի ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները մշակույթի հանրապետական մարմինների ենթակայությանը սահմանված կարգով հանձնելու հարցը.
թ) իրավունք է վերապահել ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանը՝
սահմանել մինիստրության գծով երկրում կազմակերպվող համամիութենական ու միջազգային փառատոների, մրցույթների, ստուգատեսների և համանման մյուս միջոցառումների հաղթողների համար պարգևների (մրցանակների) քանակն ու չափերը դրանց անցկացման համար առանձնացված միջոցների սահմաններում.
բաշխել ու վերաբաշխել սոցիալ-կուլտուրական միջոցառումների համար ՍՍՀՄ պետական բյուջեից մինիստրությանն առանձնացված միջոցները այդ նպատակների համար նախատեսված տարեկան ու եռամսյակային հատկացումների սահմաններում, առանց համաձայնեցնելու ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության հետ.
ժ) հանձնարարել է ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրությանը` 3-ամսյա ժամկետում ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ ներկայացնել մինիստրության կանոնադրության նախագիծը.
ի) ուժը կորցրած ճանաչել ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1957 թ. օգոստոսի 17-ի N 989 որոշման 1-ին կետը, ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1961 թ. ապրիլի 29-ի N 376 որոշումը, ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1963 թ. սեպտեմբերի 19-ի N 1033 որոշման 1-ին կետը, ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1977 թ. հունվարի 10-ի N 20 որոշման «ա» և «բ» կետերը, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. նոյեմբերի 12-ի N 1009 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թ. մարտի 10-ի N 527 և 1978 թ. հունվարի 27-ի N 148 կարգադրությունները։
2. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը՝ Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համատեղ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ մշակույթի և ժամանցի շրջանային (քաղաքային` առանց շրջանային բաժանման քաղաքներում) կենտրոններ ստեղծելու նպատակահարմարության մասին, լուծարելով ժողովրդական դեպուտատների տեղական սովետների կուլտուրայի շրջանային (քաղաքային) բաժինները։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թ. հունվարի 21-ի N 28 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
