ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Վ. Մելիքյան
|
ԵԴ/0791/01/21 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Մ. Հարությունյան |
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի |
Լ. Թադևոսյանի | |
Ա. Պողոսյանի | |
|
7 նոյեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արթուր Գուրգենի Էլիզբարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 15858920 քրեական գործը։
Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 2020 թվականի հունիսի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով հարուցված թիվ 13110420 քրեական գործը, 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 1-ին մասով, 223.4-րդ հոդվածով հարուցված թիվ 13111020 քրեական գործը, 2019 թվականի օգոստոսի 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով հարուցված թիվ 15895919 քրեական գործը, 2020 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 13115620 քրեական գործը և 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 13988920 քրեական գործը թիվ 15858920 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 15858920 համարով շարունակելու մասին:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Արթուր Գագիկի Էլիզբարյանը ձերբակալվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Ա.Էլիզբարյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ և նույն օրը վերջինս ազատվել է արգելանքից:
2020 թվականի հունիսի 27-ին որոշումներ են կայացվել Ա.Էլիզբարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 15-ին մեղադրյալ Ա.Էլիզբարյանը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Նույն օրը Ա.Էլիզբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Էլիզբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է:
2021 թվականի փետրվարի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա.Էլիզբարյանի կալանավորման ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով:
2021 թվականի ապրիլի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա.Էլիզբարյանի կալանավորման ժամկետը երակարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:
2021 թվականի հունիսի 28-ին Ա.Էլիզբարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և Ա.Էլիզբարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 223.3-րդ հոդվածի 1-ին մասով։
2021 թվականի հունիսի 16-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել Արա Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ թիվ 15858920/1 քրեական գործը, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և շնորհվել է ԵԴ/0791/01/21 համարը:
2021 թվականի դեկտեմբերի 1-ին Առաջին ատյանի դատարան է ստացվել Արթուր Գուրգենի Էլիզբարյանի և մյուսների վերաբերյալ թիվ 15858920/2 քրեական գործը, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և շնորհվել է ԵԴ/1043/01/21 համարը:
Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ թիվ ԵԴ/0791/01/21 և թիվ ԵԴ/1043/01/21 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և գործի քննությունը շարունակվել է ԵԴ/0791/01/21 համարի ներքո:
Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Ա.Էլիզբարյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին պաշտպան Ս.Մինասյանի միջնորդությունը մերժվել է:
2. Առաջին ատյանի դատարանը, դատաքննության ընթացքում, 2022 թվականի մայիսի 31-ի որոշմամբ բավարարել է ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի պաշտպան Ս.Մինասյանի միջնորդությունը, փոփոխել է Ա.Էլիզբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել գրավը՝ 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամի չափով և ստորագրություն չհեռանալու մասին:
3. Դատախազ Հ.Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2022 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի մայիսի 31-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչն իր բնույթով էական է և ազդել է գործի ելքի վրա:
Բողոքաբերը, մատնանշելով քրեադատավարական մի շարք նորմեր և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, փաստել է, որ առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ շարունակվում են առկա լինել ամբաստանյալ Ա.Էլիզբարյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումն անհրաժեշտ է վերջինիս փախուստը կանխելու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ձերբակալումից ազատվելուց հետո, տեղյակ լինելով կասկածանքի վերաբերյալ, շուրջ 6 ամիս գտնվել է հետախուզման մեջ և փաստացի թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից:
Ըստ բողոքաբերի՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ քննության տվյալ փուլում ամբաստանյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելը հնարավոր է միայն վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով:
Բացի այդ, Ա.Էլիզբարյանին մեղսագրված դիտավորությամբ կատարված ծանր և միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված պատժի խստությունը ծանրակշիռ գործոն է նրա կողմից փախուստի դիմելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը բարձր գնահատելու համար, հաշվի առնելով նաև վերջինիս անձը, մասնավորապես՝ այն, որ վերջինս ենթադրաբար հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցություն ունեցող և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ, ինչն արդեն իսկ ենթադրում է պետության կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններին չենթարկվելու, այդ թվում նաև՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, առանց հարգելի պատճառների, ներկայանալու պարտականությունը չկատարելու և վարույթն իրականացնող մարմնից կրկին թաքնվելու վտանգ։
Բացի այդ, ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ:
Արդյունքում, բողոքաբերը հանգել է հետևության, որ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառումն ի զորու չէ չեզոքացնելու վերը նշված վտանգների բարձր հավանականությունը և առնվազն քննության տվյալ փուլում չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Արթուր Էլիզբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի պաշտպաններ Է.Խաչատրյանը և Ս.Մինասյանը, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում վկայակոչելով քրեադատավարական մի շարք իրավանորմեր, նշել են, որ ստորադաս դատարանները կայացրել են օրինական և հիմնավորված դատական ակտեր: Պաշտպանները նշել են, որ մեղադրանքի կողմը ստորադաս դատարաններին չի ներկայացրել այնպիսի փաստական հանգամանքներ, որով կհաստատվեր Ա.Էլիզբարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը: Մասնավորապես, Ա.Էլիզբարանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված գրավը և վերջինս դրսևորում է պատշաճ վարքագիծ, պատշաճ կերպով ներկայանում է բոլոր դատական նիստերին: Արդյունքում, պաշտպանները հանգել են հետևության, որ անազատության հետ չկապված այս խափանման միջոցները ևս ի զորու են ապահովել Ա.Էլիզբարյանի պատշաճ վարագիծը:
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպանները խնդրել են մերժել դատախազի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը՝ հաստատելով ստորադաս դատարանների կողմից կայացրած դատական ակտերը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Արթուր Էլիզբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 223.3-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքների համար. «Նա 2020 թվականի հունիսի 17-ին, Երևան քաղաքի Աբովյան 47 հասցեում գործող «Բելուչչի» կարաոկե ակումբի նկուղային հարկում, Հրաչիկ Սպարտակի Գևորգյանի, Արտյոմ Կառլենի Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկել են երկուսից ավելի անձանց՝ Ալեն Աշոտի Ասատրյանին, Արթուր Աշոտի Ասատրյանին և Անուշավան Գառնիկի Անուշանյանին, որի ընթացքում Արթուր Էլիզբարյանը, Հրաչիկ Գևորգյանի հետ խմբի կազմում, Արթուր Ասատրյանի, Ալեն Ասատրյանի և Անուշավան Անուշանյանի նկատմամբ բռնություն գործադրելով, Արթուր Ասատրյանից և Ալեն Ասատրյանից պահանջել են առանձնապես խոշոր չափերով գումար:
Այսպես.
Արտյոմ Կառլենի Թելունցը վարկային միջոցներ ստանալու նպատակով իրեն պատկանող՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող 1350 քառակուսի մետր հողատարածքը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի 80 АТ 080 հաշվառման համարանիշի, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 80 VR 080 հաշվառման համարանիշի, «Նիսսան Տեանա» մակնիշի 35 MR 190 հաշվառման համարանիշի և «Բիդ» մակնիշի 34 TZ 327 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները հորեղբոր որդու՝ Ալեն Աշոտի Ասատրյանից հետ վերցնելու և իր անվամբ հաշվառելու հարցի կարգավորման հետ կապված Արթուր Էլիզբարյանի և Հրաչիկ Գևորգյանի հետ նախկինում ունեցած պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի հունիսի 17-ին վերջիններիս պահանջով գնացել է Երևան քաղաքի Աբովյան 47 հասցեում գործող «Բելուչչի» կարաոկե ակումբ: Կարաոկե ակումբում Ալեն Ասատրյանը հանդիպել է Արտյոմ Թելունցին, նրա եղբորը՝ Արման Թելունցին, Հրաչիկ Գևորգյանին, Արթուր Էլիզբարյանին և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց, որի ժամանակ Արթուր Էլիզբարյանը, Ալեն Ասատրյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության, հիշյալ հարցի շուրջ յուրաքանչյուր խոսակցության իրենց տեղյակ պահելու հանգամանքն օգտագործելով որպես պատրվակ՝ Հրաչիկ Գևորգյանի, Արտյոմ Թելունցի ու քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նպատակադրվել են բռնություն գործադրելով Ալեն Ասատրյանից և նրա եղբորից՝ Արթուր Ասատրյանից շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Արթուր Էլիզբարյանը և Հրաչիկ Գևորգյանն իրենց խոսքը անտեսելու և սխալ պահելու պատրվակով Ալեն Ասատրյանից պահանջել են 3.127.800 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումար, իսկ Հրաչիկ Գևորգյանը ներկայացված պահանջը չկատարելու դեպքում սպասվելիք բռնության գործադրման սպառնալիքն ավելի իրական դարձնելու նպատակով բռնություն է գործադրել Ալեն Ասատրյանի նկատմամբ՝ երկու անգամ ձեռքով հարվածելով վերջինիս դեմքի շրջանին, որի ընթացքում Արթուր Էլիզբարյանը, ստանձնելով խմբի կազմում իր դերակատարությունը՝ Ալեն Ասատրյանից պահանջել է նշել կոնկրետ ժամկետ՝ 3.127.800 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումարը վճարելու և ուղարկել այն բերելու: Ալեն Ասատրյանը, դուրս գալով ակումբից, պահանջված գումարի վճարման հարցը քննարկելու նպատակով զանգահարել և կարաոկե ակումբի մոտակայք է կանչել եղբորը՝ Արթուր Ասատրյանին, ով ժամանել, ապա Արթուր Էլիզբարյանի, Հրաչիկ Գևորգյանի և քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձանց հետ իջել է ակումբի նկուղային հարկ: Հրաչիկ Գևորգյանը, ներկայացված պահանջը չկատարելու դեպքում սպասվելիք բռնության գործադրման սպառնալիքն ամրապնդելու նպատակով փակել է ակումբի մուտքի դուռը, որից հետո բռնություն են գործադրել Արթուր Ասատրյանի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո, շարունակելով հակաօրինական վարքագիծը, Արտյոմ Թելունցը, Հրաչիկ Գևորգյանի, Արթուր Էլիզբարյանի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Երևան քաղաքի Աբովյան 47 հասցեում գործող «Բելուչչի» կարաոկե ակումբի նկուղային հարկում Արթուր Ասատրյանին ապօրինի զրկելով ազատությունից, վերջինիս նկատմամբ շարունակել են բռնություն գործադրել, որի ընթացքում Հրաչիկ Գևորգյանը և Արթուր Էլիզբարյանը պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 3.127.800 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումար:
Ալեն Ասատրյանը, պահանջված գումարի վճարման հարցը քննարկելու նպատակով դուրս գալով ակումբից, զանգահարել և կրկին կարաոկե ակումբ է կանչել եղբորն՝ Արթուր Ասատրյանին, ով գալով «Բելուչչի» ակումբի մոտ հանդիպել, զրուցել է վերջինիս հետ, որից հետո Ալեն Ասատրյանին հարվածելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել է Հրաչիկ Գևորգյանին, զրուցել, ապա նրա հետ միասին իջել նկուղային հարկ:
Հրաչիկ Գևորգյանը, ստանձնելով խմբի կազմում իր դերակատարությունը, գիտակցաբար լրացնելով հանցակիցներ Արթուր Էլիզբարյանի և քննությամբ ինքնությունները չպարզված անձանց գործողությունները, ակումբ մուտք գործելուց հետո փակել է մուտքի դուռը, իջել նկուղային հարկ, որտեղ ներկայացված պահանջը չկատարելու դեպքում սպասվելիք բռնության գործադրման սպառնալիքն ամրապնդելու նպատակով բռնություն է գործադրել Արթուր Ասատրյանի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, շարունակել հակաօրինական վարքագիծը, խմբի կազմում իր դերակատարությամբ Արթուր Էլիզբարյանը Հրաչիկ Գևորգյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով Արթուր Ասատրյանին ապօրինի զրկել են ազատությունից և շարունակելով գործադրել բռնություն՝ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 3.127.800 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումար:
Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու, պահանջված գումարի չվճարման հնարավորությունը բացառելու, ինչպես նաև պահանջված գումարի վճարման վերաբերյալ Արթուր և Ալեն Ասատրյաններից դրական պատասխան ստանալու նպատակով շարունակելով հակաօրինական վարքագիծը, Արթուր Էլիզբարյանը Հրաչիկ Գևորգյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ակումբի նկուղային հարկ հրավիրելով և մուտքի դուռը Հրաչիկ Գևորգյանի կողմից բանալիով փակելու եղանակով, ազատությունից ապօրինի զրկել են նաև կարաոկե ակումբ այցելած Ալեն Ասատրյանին և Անուշավան Առուշանյանին, որից հետո խմբի կազմում բռնություն գործադրելով Անուշավան Առուշանյանի, Արթուր Ասատրյանի և Ալեն Ասատրյանի նկատմամբ, վերջիններից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 3.127.800 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումար:
(...)
Բացի այդ, Արթուր Գուրգենի Էլիզբարյանը 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Հրաչիկ Սպարտակի Գևորգյանի, Արտյոմ Կառլենի Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան 18/1 հասցեի դիմացից խաբեության միջոցով բացահայտ առևանգել են Ալեն Ասատրյանին:
Այսպես.
Արթուր Էլիզբարյանը Հրաչիկ Գևորգյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով Ալեն Ասատրյանին խաբեության միջոցով բացահայտ առևանգելու ուղղակի դիտավորությամբ 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գնացել են Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 9-րդ շենքի մոտ, որտեղ հանդիպել են Ալեն Ասատրյանին, որի ընթացքում հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Հրաչիկ Գևորգյանը փորձել է բռնություն գործադրելով՝ քաշելով, Ալեն Ասատրյանի կամքին հակառակ, նրան նստեցնել Արթուր Էլիզբարյանի կողմից վարվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի 80 AT 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն Ալեն Ասատրյանը նրան մի կողմ հրելով կանխել է գործողությունները: Արթուր Էլիզբարյանն ու Հրաչիկ Գևորգյանը, փոխլրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, խաբեության՝ առանձին զրուցելու պատրվակով Ալեն Ասատրյանին նտեցրել է իր կողմից վարած ավտոմեքենան և վարել այն, որի ընթացքում շեղվելով ճանապարհից՝ վերջինիս տեղափոխել Կենտրոն վարչական շրջան, որոնց հետևել են Հրաչիկ Գևորգյանը, Արտյոմ Թելունցը, Նարեկ Հարությունյանն ու Ալբերտ Մկրտչյանը՝ քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ: Հասնելով Մաշտոցի պողոտա 22 հասցեում գործող «Մարգարյան» հիվանդանոցի դիմացի հատված և մուտք գործելով նշված վայրում գտնվող զբոսայգի, Արթուր Էլիզբարյանը, Հրաչիկ Գևորգյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, մեկ միասնական հանցավոր մտադրությամբ լրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ալեն Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, որից հետո Ալեն Ասատրյանին բռնություն գործադրելու սպառնալիքի ազդեցության տակ ուղեկցել են Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 43/1 հասցեի տուն, որտեղ ներսից կողպել են տան մուտքի դռան փականը՝ այդ կերպ և իրենց ներկայությամբ խոչընդոտելով Ալեն Ասատրյանի տանից դուրս գալը և սահմանափակելով նրա ազատությունը:
(...)
Բացի այդ, Արթուր Գուրգենի Էլիզբարյանը, ներգրավված լինելով քրեական հեղինակություն հանդիսացող «Նորատուսցի Արա» մականվամբ Արա Լյովայի Բանդուրյանի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեջ, հանդիսանալով անդամ և մասնակցելով դրա հետապնդած նպատակների իրականացմանը, Արտյոմ Կառլենի Թելունցի հարցն իր կողմից «գողականով» լուծելու համար, 2020 թվականի հունիս ամսին, Երևան քաղաքի Աբովյան 47 հասցեում գործող «Բելուչչի» ակումբում Ալեն Աշոտի Ասատրյանից «ստացել է» վերջինիս անվամբ հաշվառված, Արտյոմ Կառլենի Թելունցին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի 80 AT 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և այն հանձնել Արտյոմ Կառլենի Թելունցին, որի դիմաց վերջինիցս պահանջել և 2020 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորենացի 33 հասցեում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում ստացել է 1.000 ԱՄՆ դոլար գումար: 2020 թվականի հունիսի 17-ի երեկոյան շարունակելով հանդիսանալ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից, հետապնդած նպատակների իրականացման՝ «գողական ախպերներին» հասցնելու համար պահանջել և կրկին Երևան քաղաքի Խորենացի 33 հասցեում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում ստացել է 6.500 ԱՄՆ դոլար գումար: 2020 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, զանգահարել է Արտյոմ Կառլենի Թելունցին և կանչել Երևան քաղաքի Եղվարդի խճուղի 126 հասցեում գործող «Էս Վե» հյուրանոց: Արտյոմ Կառլենի Թելունցի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է վերադարձրել 3.000 ԱՄՆ դոլար գումարը և ասել, որ քիչ անց, երբ կվերադառնա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար, քրեական հեղինակություն հանդիսացող «Նորատուսցի Արա» մականվամբ Արա Լյովայի Բանդուրյանի հետ, գումարը տա նրան և ասի՝ «սա քեզ մեծ ախպեր»:
«Նորատուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն հանդիսացող Արա Լյովայի Բանդուրյանը 2020 թվականի հունիսի 18-ին, շարունակելով ղեկավարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից՝ Արթուր Գուրգենի Էլիզբարյանի միջնորդությամբ, Արտյոմ Կառլենի Թելունցից, վերջինիս պատկանող վերադարձման ենթակա գույքերը հետ «ստանալու» հարցին առնչվող վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու իր քրեական հեղինակությամբ պայմանավորված, ստացել է անօրինական 3.000 ԱՄՆ դոլար օգուտ (...)»1:
10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ առկա են բավարար փաստեր և տեղեկություններ առ այն, որ Արթուր Գուրգենի Էլիզբարյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարմանը:
(...)
Դատարանն արձանագրում է, որ Արթուր Էլիզբարյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը գրավով փոփոխելու մասին պաշտպան Ս.Մինասյանի միջնորդությունը քննության առնելու մասին 2022 թվականի փետրվարի 04-ի որոշման կայացումից հետո, սույն փուլում ամբաստանյալ Արթուր Էլիզբարյանի կողմից վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը թեև իսպառ չի վերացել, սակայն նվազել է և մասնավորապես գրավի և ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցների կապակցված կիրառմամբ հնարավոր կլինի դատաքննության ընթացքում ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, այդ թվում նաև չեզոքացնելու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը:
Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքներով, որ ամբաստանյալ Ա.Էլիզբարյանը տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ (2020 թվականի դեկտեմբերի 15-ից), վերջինս հանդիսանում է առողջական խնդիրներ ունեցող հոր՝ Գուրգեն Գագիկի Էլիզբարյանի միակ խնամակալը:
Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մասը հնարավոր է դարձնում մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկացած արարք կատարելու դեպքում գրավը պետության եկամուտ դարձնելը, ուստի Արթուր Գուրգենի Էլիզբարյանի նկատմամբ 6.000.000 ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու դեպքում՝ գրավի առարկան կորցնելու սպառնալիքը կարող է դառնալ այն գործուն միջոցը, որը կերաշխավորի ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալի վարքագծի պատշաճությունը:
(...)
Նկատի ունենալով վերը նշվածը, Դատարանը գտնում է, որ քրեական գործի այս փուլում 6.000.000 ՀՀ դրամի չափով գրավի և ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցների կապակցված կիրառումը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ ամբաստանյալ Արթուր Գուրգենի Էլիզբարյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար (...)»2։
11. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են և բխում են վերը նշված կետերում շարադրված փաստական տվյալներից: Մասնավորապես, սույն որոշման 1-4-րդ կետերում նշված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ գրավի կիրառումը տվյալ դեպքում կարող է բավարար երաշխիք հանդիսանալ ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալ Արթուր Գուրգենի Էլիզբարյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են: Այսպես, սույն որոշմամբ շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով սույն որոշման նախորդ կետերում նշված քրեական գործի առանձնահատկությունները, ամբաստանյալի ենթադրյալ վարքագծի դրսևորումները, ամբաստանյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և սպառնացող պատժի խստությունը, կալանքի համար հիմք հանդիսացած հանգամանքը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման միջոցով ողջամտորեն հնարավոր է ապահովել ամբաստանյալի հետագա պատշաճ վարքագիծը գործի դատական քննության ընթացքում և տվյալ դեպքում գրավը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ Արթուր Գուրգենի Էլիզբարյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին կալանքի տակ պահելն այն պայմաններում, երբ առկա է ամբաստանյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու հավանականությունը չեզոքացնելու այլ մեխանիզմ, արդարացված չէ և չի ապահովում անձի իրավունքի սահմանափակման և հետապնդվող արդյունքի միջև անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռություն: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրենց էության մեջ իրավաչափ են:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքում ամբաստանյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու հավանականության վերաբերյալ արված հետևություններին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև խափանման միջոցի, այդ թվում նաև կալանավորման հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, և նախկինում հնարավոր վարքագիծ չդրսևորելը բավարար չէ ապագայի վերաբերյալ ամբողջական հետևության հանգելու համար, այսուհանդերձ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վիճարկվող դատական ակտի կայացումից և այն Վերաքննիչ դատարան բողոքարկելու ժամանակահատվածում ամբաստանյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորած չլինելն էական նշանակություն ունի ապագա վարքագիծը կանխորոշելու հարցում ողջամիտ հետևության հանգելու համար (հակառակի մասին որևէ տեղեկատվություն չկա և վերաքննիչ բողոքում նշված փաստարկները հիմնված են ենթադրությունների վրա): Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում ամբաստանյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորություն ունենալը և համապատասխան վարքագիծ դրսևորելու հավանականությունն ըստ էության պետք է դիտարկել միմյանցից անջատ: Տվյալ դեպքում, առկա փաստական տվյալները գործի դատաքննության տվյալ փուլում, ամբաստանյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու այնպիսի հավանականության մասին, որը հնարավոր չէ չեզոքացնել գրավի կիրառմամբ, ողջամիտ հետևության համար բավարար չեն:
Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու համար և էության մեջ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի կողմից նշված հետևություններին (...)»3։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները։
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
14. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 135-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն (...)»:
15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային պրակտիկայում ձևավորել է մոտեցում առ այն, որ փախուստի վտանգը չի կարող հիմնվել բացառապես հնարավոր պատժի ծանրության վրա։ Այն պետք է գնահատվի մի շարք այլ վերաբերելի ապացույցների վրա հիմնվելով, որոնք կամ կհաստատեն այդ վտանգի առկայությունը, կամ կհաստատեն, որ վտանգն այնքան փոքր է, որ արդյունքում դրանով անհնար է հիմնավորել նախնական կալանքը4։
Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ փախուստի վտանգը պետք է գնահատել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, որոնք կվերաբերեն տվյալ անձի կերպարին, բարոյականությանը, մշտական բնակության վայրին, մասնագիտությանը, ունեցվածքին, ընտանեկան և տարատեսակ այլ կապերին այն երկրի հետ, որում նա ենթարկվում է քրեական հետապնդման5:
16. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով6:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Արթուր Էլիզբարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 223.3-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է այն բանի համար, որ նա 2020 թվականի հունիսի 17-ին, Երևան քաղաքի Աբովյան 47 հասցեում գործող «Բելուչչի» կարաոկե ակումբի նկուղային հարկում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ազատությունից ապօրինի զրկել են երկուսից ավելի անձանց, որի ընթացքում Ա.Էլիզբարյանը, Հ.Գևորգյանի հետ խմբի կազմում, տուժողների նկատմամբ բռնություն գործադրելով, պահանջել են առանձնապես խոշոր չափերով գումար:
Բացի այդ, Ա.Էլիզբարյանը 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, մի խումբ անձանց հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան 18/1 հասցեի դիմացից խաբեության միջոցով բացահայտ առևանգել են Ա.Ասատրյանին:
Բացի այդ, Ա.Էլիզբարյանը, ներգրավված լինելով քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեջ, հանդիսանալով անդամ և մասնակցելով դրա հետապնդած նպատակների իրականացմանը, Ա.Թելունցի հարցն իր կողմից «գողականով» լուծելու համար, 2020 թվականի հունիս ամսին, Երևան քաղաքի Աբովյան 47 հասցեում գործող «Բելուչչի» ակումբում Ա.Ասատրյանից «ստացել է» վերջինիս անվամբ հաշվառված, Ա.Թելունցին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան և այն հանձնել Ա.Թելունցին, որի դիմաց վերջինիցս պահանջել և 2020 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորենացի 33 հասցեում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում ստացել է 1.000 ԱՄՆ դոլար գումար: 2020 թվականի հունիսի 17-ի երեկոյան շարունակելով հանդիսանալ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից, հետապնդած նպատակների իրականացման՝ «գողական ախպերներին» հասցնելու համար պահանջել և կրկին Երևան քաղաքի Խորենացի 33 հասցեում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում ստացել է 6.500 ԱՄՆ դոլար գումար: 2020 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, զանգահարել է Ա.Թելունցին և կանչել Երևան քաղաքի Եղվարդի խճուղի 126 հասցեում գործող «Էս Վե» հյուրանոց: Ա.Թելունցի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է վերադարձրել 3.000 ԱՄՆ դոլար գումարը և ասել, որ քիչ անց, երբ կվերադառնա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար, քրեական հեղինակություն հանդիսացող անձի հետ, գումարը տա նրան և ասի՝ «սա քեզ մեծ ախպեր»7,
- Առաջին ատյանի դատարանը, փոփոխելով Ա.Էլիզբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավ և ստորագրություն չհեռանալու մասին ընտրելով, արձանագրել է, որ թեև 2022 թվականի փետրվարի 4-ի որոշման կայացումից հետո, Ա.Էլիզբարյանի կողմից վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու հիմքն իսպառ չի վերացել, սակայն նվազել է և, մասնավորապես, գրավի և ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցների համակցված կիրառմամբ հնարավոր կլինի դատաքննության ընթացքում ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, այդ թվում նաև չեզոքացնելու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը: Դատարանն իր եզրահանգումը պայմանավորել է նաև այն հանգամանքներով, որ ամբաստանյալ Ա.Էլիզբարյանը, տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ, հանդիսանում է առողջական խնդիրներ ունեցող հոր՝ Գուրգեն Էլիզբարյանի միակ խնամակալը:
Դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մասը հնարավոր է դարձնում մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկացած արարք կատարելու դեպքում գրավը պետության եկամուտ դարձնելը, հետևաբար, Ա.Էլիզբարյանի նկատմամբ 6.000.000 ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու դեպքում՝ գրավի առարկան կորցնելու սպառնալիքը կարող է դառնալ այն գործուն միջոցը, որը կերաշխավորի ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալի վարքագծի պատշաճությունը8։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին տայանի դատարանի դատական ակտը՝ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են, մասնավորապես, նշելով, որ գրավի կիրառումը տվյալ դեպքում կարող է բավարար երաշխիք հանդիսանալ ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար: Հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի ենթադրյալ վարքագծի դրսևորումները, ամբաստանյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և սպառնացող պատժի խստությունը, կալանքի համար հիմք հանդիսացած հանգամանքը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ գրավի կիրառման միջոցով ողջամտորեն հնարավոր է ապահովել ամբաստանյալի հետագա պատշաճ վարքագիծը գործի դատական քննության ընթացքում և տվյալ դեպքում գրավը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ Ա.Էլիզբարյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար9։
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առավել մեղմ խափանման միջոցների համակցված կիրառմամբ ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
Նախևառաջ, ստորադաս դատարանները գնահատման չեն ենթարկել այն, որ Ա.Էլիզբարյանը շուրջ 6 ամիս գտնվել է հետախուզման մեջ՝ փաստացի թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից։
Բացի այդ, թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ մեղսագրվող արարքների` ծանր հանցագործություններ հանդիսանալն ինքնին բավարար չէ անձի ազատության կանխավարկածը հաղթարահելու համար, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքների համատեքստում` պատշաճ գնահատման ենթարկելով մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման եղանակը, դրանց դրսևորման ձևը՝ ուշադրություն դարձնելով մեղադրյալի դերակատարմանը, ինչպես նաև նրա անձին10։ Նշվածի համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ա.Էլիզբարյանին մեղսագրվել է մի շարք ծանր հանցագործությունների և միջին ծանրության հանցագործության կատարում, որոնք ենթադրաբար դրսևորվել են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթման, շահադիտական դրդումներով մարդուն առևանգելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու ձևով: Նշված հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր:
Հարկ է նկատի ունենալ նաև, որ գործով ներգրավված են ենթադրաբար քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր որոշակի փոխհարաբերություններ ունեն ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի հետ։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի մայիսի 31-ի որոշմամբ կալանավորում խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին Ա.Էլիզբարյանի պաշտպան Ս.Մինասյանի միջնորդությունը բավարարելով, որոշակիորեն հակասել է իր կողմից 2022 թվականի փետրվարի 4-ին կայացված որոշմանը, որով մերժել է Ա.Էլիզբարյանի պաշտպան Ս.Մինասյանի նույն միջնորդությունը, մինչդեռ դատավարությունը փուլային առաջընթաց չի ունեցել։
Ինչ վերաբերում է Ա.Էլիզբարյանի անձին վերաբերող և ստորադաս դատարանների կողմից արձանագրված՝ առողջական խնդիրներ ունեցող հոր միակ խնամակալը հանդիսանալու և ամբաստանյալի կողմից տևական ժամանակ անազատության մեջ գտնվելու հանգամանքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներն ինքնին բավարար չեն այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ ամբաստանյալի օրինական վարքագիծն ապահովելու համար։
19. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել ամբաստանյալին մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, վերջինիս անձը, որոնք գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող են վկայել, որ գործի քննության տվյալ փուլում առկա էր ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության շարունակական ռիսկը։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
20. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, ինչը, համաձայն 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանի որոշմանը հաջորդող տևական ժամանակահատվածի ընթացքում ամբաստանյալ Ա.Էլիզբարյանի վարքագծի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, որի գնահատումն Առաջին ատյանի դատարանի տիրույթում է, հնարավորություն չի տալիս փաստարկված հետևություն անել ամբաստանյալին շարունակական կալանքի տակ պահելու բավարար հիմքերի առկայության մասին, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Արթուր Գուրգենի Էլիզբարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը թողնել անփոփոխ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________________
1 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 1-20:
2 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 42-55:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 65-72:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Panchenko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 106:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/09, կետ 58:
6 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
