հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
4 նոյեմբերի 1980 թ. N 615
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության առդիր կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 378 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թ. նոյեմբերի 4-ի N 615 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան միութենական-հանրապետական մինիստրություն է և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին ու ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությանը։
Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը Հայկական ՍՍՀ տերիտորիայում իրագործում է հողերի մելիորացիան, պետական միջտնտեսային ոռոգման, չորացման և ջրարբիացման սիստեմների, ջրամբարների ու պետական ջրատնտեսական մյուս կառուցվածքների շահագործումը։
Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը պատասխանատվություն է կրում մելիորատիվ սիստեմների ու կառուցվածքների շահագործման վիճակի համար։
2. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հիմնական խնդիրներն են`
պետական պլանի առաջադրանքների կատարումը և պետական կարգապահության խիստ պահպանման ապահովումը.
հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով մելիորատիվ ու այլ աշխատանքների կատարման, դրանց արդյունավետության բարձրացման ապահովումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
ջրերի ռացիոնալ օգտագործման ու աղտոտումից, աղբոտումից և սպառումից դրանց պահպանման կատարելագործման ապահովումը.
մինիստրության սիստեմում աշխատանքի ու կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների ու փորձի լավագույն օգտագործման համար պայմանների ստեղծումը, երիտասարդ, իրենց լավ դրսևորած մասնագետների առաջքաշումը ղեկավար աշխատանքի.
մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների բանվորների ու ծառայողների բնակարանային ու կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, նրանց աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը.
սոցիալիստական մրցության ըստ ամենայնի զարգացման ու արտադրության կառավարման գործում աշխատավորության լայն մասնակցության ապահովումը։
3. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ու Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ու Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հրամաններով, ցուցումներով ու հրահանգներով և նորմատիվ այլ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում։
Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունն ընդհանրացնում է մինիստրության իրավասությանը վերաբերող հարցերի գծով օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով մտցնում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի ու ՍՍՀՄ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրության քննարկմանը։
4. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը, իր վրա դրված խնդիրներին համապատասխան՝
ա) ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության Հայգլխջրշինի ու Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հետ համատեղ որոշում է հանրապետությունում հողերի մելիորացիայի զարգացման հիմնական ուղղությունները. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հետ համատեղ մշակում է հողերի մելիորացիայի տարեկան ու հեռանկարային պլանների նախագծերը.
բ) Հայգլխջրշինի հետ համատեղ իրագործում է հողերի ոռոգման, չորացման ու գյուղատնտեսական յուրացման, արոտավայրերի ջրարբիացման հետ կապված նախագծահետախուզական ու շինարարական աշխատանքներ, ինչպես նաև իրագործում է գործող ոռոգման, չորացման ու ջրարբիացման սիստեմների վերակառուցումը.
գ) սահմանված ծավալներով անց է կացնում հակաէրոզիական ու ափամրացման աշխատանքներ.
դ) իրագործում է միջտնտեսային նշանակության ջրամբարների ոռոգման, չորացման ու ջրարբիացման սիստեմների և դրանց վրայի կառուցվածքների շահագործում.
ե) գյուղատնտեսական ձեռնարկություններին ու կազմակերպություններին տեխնիկական օգնություն է ցույց տալիս ներտնտեսային ոռոգման, չորացման ու ջրարբիացման ցանցերի ու դրանց վրայի կառուցվածքների շահագործման գործում, վերահսկողություն է իրագործում կոլտնտեսությունների, սովխոզների ու մյուս տնտեսությունների կողմից իրենց մատուցվող ջրի արդյունավետ օգտագործման նկատմամբ, ջրօգտագործող տնտեսությունների հետ պայմանագրերով կատարում է ոռոգման և չորացման ցանցերի շահագործման, նորոգման ու տեխնիկական սպասարկման և ներտնտեսային նշանակության այլ մելիորատիվ աշխատանքներ.
զ) ապահովում է ոռոգման, չորացման ու ջրարբիացման սիստեմների ու նրանց վրայի կառուցվածքների մելիորատիվ կադաստրի վարումը, վերլուծում է մելիորատիվ կադաստրի տվյալները, դրանք հաշվի է առնում մելիորատիվ ու ջրատնտեսական միջոցառումներ մշակելիս և իրագործելիս.
է) միջոցառումներ է իրագործում մելիորատիվ և ջրատնտեսական օբյեկտների շինարարության ու նորոգման ինդուստրացման և այդ օբյեկտներում տեխնոլոգիական ու շինարարական և նորոգման-շահագործման աշխատանքների կազմակերպումը կատարելագործելու ուղղությամբ և ապահովում է շինարարական ինդուստրիայի ու մելիորատիվ սիստեմների շահագործման ծառայության բազաների զարգացումը.
ը) սահմանված կարգով պետական վերահսկողություն է իրականացնում ոռոգման ջրի ռացիոնալ օգտագործման, ինչպես նաև մինիստրության հաշվեկշռում գտնվող ջրամբարները աղտոտումից, աղբոտումից և սպառումից պահպանման միջոցառումների անցկացման նկատմամբ.
թ) սահմանված կարգով պատվոգրերով պարգևատրում է մինիստրության սիստեմի առաջավոր աշխատողներին, ինչպես նաև հողերի մելիորացման ու ջրերի պահպանման աշխատանքներում ակտիվորեն մասնակցող անձանց, և կիրառում է խրախուսման այլ ձևեր.
ժ) մշակում է առաջարկություններ իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բանվորների, ինժեներատեխնիկական աշխատողների ու ծառայողների աշխատանքի վարձատրության կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև միջոցառումներ՝ աշխատանքի գիտական կազմակերպման ու նորմավորման, կադրերի հոսունություն թույլ չտալու ուղղությամբ։ Ապահովում է իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում վարձատրության առաջադիմական սիստեմների, արտադրողության տեխնիկապես հիմնավորված նորմաների ու աշխատանքի գիտական կազմակերպման արմատավորումը, վերահսկողություն է իրագործում դրանց ճիշտ կիրառման, աշխատանքային կարգապահությունն ամրապնդելու գծով միջոցառումների անցկացման, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդերի ճիշտ ծախսման նկատմամբ.
ի) կազմակերպում է աշխատանքի պաշտպանության բարելավման գործը, վերահսկում և ապահովում է անվտանգության տեխնիկայի ու արտադրական սանիտարիայի, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում իրագործում է սոցիալիստական սեփականության պահպանման միջոցառումներ.
լ) ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները, քննության է առնում նրանց հաշվետվություններն ու հաշվեկշիռները, անցկացնում է նրանց ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային վերստուգումներ և միջոցառումներ է իրագործում նախնական հաշվառման հետագա կատարելագործման և հաշվողական տեխնիկայի նորագույն միջոցների լայն արմատավորման ուղղությամբ.
խ) իրագործում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների նյութատեխնիկական մատակարարումը, ղեկավարում է տնտեսական պայմանագրերի կնքումը և վերահսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.
ծ) սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և վերացնում է մինիստրության սիստեմի ձեռնարկություններն ու կազմակերպությունները, հաստատում է մինիստրության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների ու կառուցվածքային մյուս ստորաբաժանումների կանոնադրությունները, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնները (կանոնադրությունները).
կ) կառավարման ապարատի պահպանման համար սահմանված հատկացումների ու աշխատավարձի ֆոնդի սահմաններում ստեղծում է ինքնուրույն տնտհաշվարկային շինմոնտաժային տեղամասեր.
հ) կազմակերպում է աշխատավորների նամակների (դիմումների ու բողոքների) ժամանակին և ուշադիր քննարկում, հասնելով այդ նամակներում առաջ քաշված հարցերի ճիշտ լուծման, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության մեջ դրանցում նշված թերությունները վերացնելու համար.
ձ) սահմանված կարգով ակտիվի խորհրդակցություններ է հրավիրում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ Կուսակցության ու Կառավարության որոշումների կատարումն ապահովելու միջոցառումների, մելիորացիայի ու ջրային տնտեսության զարգացման կարևորագույն պրոբլեմների մասին, ինչպես նաև մինիստրության ու իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության բարելավման հետ կապված հարցեր.
ղ) գյուղատնտեսության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն՝ ուղղված աշխատողների ստեղծագործական նախաձեռնության զարգացմանը, աշխատանքի արտադրողականության հետագա բարձրացմանը, արտադրանքի որակի բարելավմանն ու ինքնարժեքի իջեցմանը, նյութական ու դրամական ռեսուրսների խնայողաբար ծախսմանը, ղեկավարում է կոլեկտիվ պայմանագրերի կնքման գործը և վերահսկում դրանց կատարումը.
ճ) միջոցներ է ձեռնարկում իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում ռացիոնալիզատորությունն ու գյուտարարությունն ըստ ամենայնի զարգացնելու համար, օգնություն է ցույց տալիս գյուտարարներին ու ռացիոնալիզատորներին, ապահովում է գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների արմատավորումը.
մ) մշակում և իրագործում է միջոցառումներ մինիստրության կենտրոնական ապարատի և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կառավարման ապարատների կառուցվածքը կատարելագործելու և պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ։
5. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը, Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան, նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ դրա նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, այնուհետև մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատման։
Մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը։ Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարվում է Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրի կողմից։
6. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրն անձնական պատասխանատվություն է կրում մինիստրության վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների ու մինիստրության վարչությունների և բաժինների պետերի պատասխանատվության աստիճանը մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության նկատմամբ։
Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրը՝
ա) ղեկավարում է մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամբողջ գործունեությունը.
բ) սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի քննարկմանն է դնում մելիորացիայի և ջրային տնտեսության հարցերի վերաբերյալ օրենսդրական ակտերի, Կառավարության որոշումների ու կարգադրությունների նախագծերը.
գ) մինիստրության իրավասության սահմաններում ՍՍՀՄ ու Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ու Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հրամանների ու հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց, հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և ստուգում դրանց կատարումը.
դ) չեղյալ է համարում իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների հրատարակած այն հրամանները և հրահանգները, որոնք հակասում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներին, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներին և կարգադրություններին, ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության ու Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հրամաններին ու հրահանգներին.
ե) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողներին ու իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավար աշխատողներին սահմանված անվանացանկին համապատասխան։
7. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա հետևյալ կազմով՝ մինիստր (նախագահ) և մինիստրի տեղակալներ՝ ըստ պաշտոնի, ինչպես նաև մինիստրության մյուս ղեկավար աշխատողներ։
Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը։
Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության կոլեգիան իր կանոնավոր անցկացվող նիստերում քննության է առնում հանրապետությունում հողերի մելիորացիայի զարգացման, մելիորատիվ ֆոնդի պահպանման ու օգտագործման, ջրերի օգտագործման և պահպանման հիմնական հարցերը և մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության ու օգտագործման հարցեր, ինչպես նաև կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծեր, լսում է մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումների, իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները։
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, մինիստրի հրամաններով։ Մինիստրի ու կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ։
8. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունում ստեղծվում է տեխնիկական խորհուրդ։
Տեխնիկական խորհրդի կազմն ու նրա կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրը։
Տեխնիկական խորհուրդը եզրակացություններ է տալիս վարչությունների ու բաժինների կողմից մինիստրի հաստատմանը ներկայացվող առաջարկությունների վերաբերյալ, քննության է առնում տեխնիկական հարցերը, անցկացնում է մինիստրի հաստատմանը ներկայացվող տեխնիկական նախագծերի ու նախահաշիվների փորձաքննություն, հանձնարարականներ է մշակում հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման վերաբերյալ։
9. Իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների միջև վեճերը լուծելու համար ստեղծվում է գերատեսչական արբիտրաժ։ Գերատեսչական արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրը:
10. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքն ու թվաքանակը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը։
11. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունն ունի կնիք՝ Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով և իր անվանումով։
