13.02.25 N 157-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում մատուցված՝ առողջապահության և կրթության ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1-ից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված՝ առողջապահության և կրթության ծառայությունների գծով կատարված ծախսերի մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերի հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգրքի) 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի` սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը հաշվետու հարկային տարվա համար դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը), բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)։
(2-րդ կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
2․1․ Սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
(2.1-ին կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
3. Ֆիզիկական անձի կողմից (միջոցներից) կատարված սոցիալական ծախսերի (բացառությամբ միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի) հիմնավորման նպատակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի (այսուհետ՝ ՀԾՀ) առկայությունը պարտադիր է:
Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով հիմք է ընդունվում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Աշակերտների ծնողների վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ) կրթության պետական կառավարման լիազոր մարմինն ստանում է բնակչության պետական ռեգիստրից: Յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(3-րդ կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
3․1․ Ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունն առողջապահության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(3.1-ին կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
3․2․ Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված արտադպրոցական ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ տեղեկատվությունը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(3.2-րդ կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
4. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հաշվարկային փաստաթղթում, բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից, այդ թվում՝ ՀԾՀ-ից, պետք է ներառվեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։
5. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները): Ընտանիքի անդամ հանդիսանալը հիմնավորվում է հետևյալ փաստաթղթերով.
1) ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական.
2) ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական.
3) զավակի դեպքում՝ ծննդյան վկայական.
4) որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ:
6. Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի, ինչպես նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման ծախսերը: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուներն առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով:
(6-րդ կետը խմբ. 13.02.25 N 157-Ն)
7. Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները.
2) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները:
Ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ.
3) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը։
(7-րդ կետը խմբ. 13.02.25 N 157-Ն)
8. Առանձին ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափեր են համարվում`
1) առողջապահության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առավելագույնը 50.000 դրամը.
2) կրթության գծով սոցիալական ծախսի համար՝
ա․ դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3․000 դրամ,
բ․ ընդհանուր տարեկան առավելագույնը 100.000 դրամը:
(8-րդ կետը խմբ. 13.02.25 N 157-Ն)
9. Ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:
(հավելվածը լրաց., խմբ. 13.02.25 N 157-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:
