ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8248/02/20 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8248/02/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
2024 թվականի հոկտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Երևանշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանք` Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 437.136 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես առոչինչ գործարքի հիմքով Բանկին վճարված վարկի գումար, ինչպես նաև բռնագանձել առոչինչ վարկային գործարքի հիմքով բանկի կողմից ստացված տոկոսների գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ 437.136 ԱՄՆ դոլարի տոկոսները․ նշված տոկոսների հաշվարկը սկսել միջնորդությունը Դատարանի կողմից վարույթ ընդունելու օրվանից և շարունակել մինչև հիմնական պարտավորության փաստացի կատարումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.05.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.12.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ,
63-65-րդ, 298-րդ, 383-րդ, 447-րդ և 888-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկը չպետք է բավարարեր երաշխիքը վճարելու բենեֆիցիարի դիմումը, քանի որ այն ստանալու պահին երաշխիքի պրինցիպալ հանդիսացող «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն այլևս գոյություն չի ունեցել; Ստացվում է, որ Բանկը վճարել է գոյություն չունեցող պրինցիպալի պարտավորությունների համար:
Բացի այդ, Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայության (վարկային գծի) թիվ LGL20111195 պայմանագրի արժույթը ՀՀ դրամն է, մինչդեռ երաշխիքը տրամադրվել է ԱՄՆ դոլարով։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարկային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, հակառակ դեպքում այն առոչինչ է։ Գործարքի ձևը և դրա անվավերության հարցը չի կարող փոփոխվել գործարքի կողմերի հետագա գործողություններից կամ հայտարարություններից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև 01.03.2011 թվականին կնքվել է թիվ LGL20110235 «Բանկային ծառայությունների պայմանները» (հատոր 2-րդ, գ.թ. 101-104).
2) Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայության (վարկային գծի) թիվ LGL20111195 պայմանագրով Բանկը «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ին տրամադրել է վարկային գիծ՝ 200.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով:
Պայմանագրի 2.2 կետի համաձայն՝ նույն պայմանագրի նկատմամբ կիրառվում են կողմերի միջև ստորագրված 01.03.2011 թվականի թիվ LGL20110235 բանկային ծառայությունների պայմանները:
Պայմանագրի 3.7 կետով կողմերը նախատեսել են, որ Բանկի կողմից բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից վճարված գումարը համարվում է հաճախորդին նույն պայմանագրով սահմանված պայմաններով տրամադրված վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 105-107).
3) «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի և Ընկերության մասնակիցների միջև 06.03.2012 թվականին կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ կատարվել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միացումը Ընկերությանը: Ընկերությունը հանդիսանում է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան: «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է 21.03.2012 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 6-9).
4) «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն 23.04.2012 թվականին ներկայացրել է բանկային երաշխիքի դիմում, որով Բանկին խնդրել է, 01.03.2011 թվականին կնքված թիվ LGL20110235 բանկային ծառայությունների պայմանների և 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայությունների (վարկային գծի) թիվ LGL20111195 պայմանագրի համաձայն, թողարկել 437․136,68 ԱՄՆ դոլարի չափով բանկային երաշխիք (հատոր 2-րդ, գ.թ․ 110,111).
5) Բանկը 10.08.2012 թվականին ստացել է «Ֆարմեքս տեքնոլոջիս» ընկերության դիմումը, որով վերջինս հայտնել է, որ «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն չի կատարել «Ֆարմեքս տեքնոլոջիս» ընկերության հանդեպ իր պայմանագրային պարտավորությունները, որոնք երաշխավորված են երաշխիքով, և խնդրել է վճարել 23.04.2012 թվականին թողարկված թիվ GTEMYT120035 երաշխիքով նախատեսված գումարը:
6) Բանկի կողմից 14.08.2012 թվականին Ընկերությանը՝ որպես «Երևանշին ԳԱՄ» ՍՊ ընկերության իրավահաջորդի ներկայացվել է վճարման պահանջի ծանուցում, որում նշվել է, որ թողարկված թիվ GTEMYT120035 երաշխիքի ներքո 10․08․2012 թվականին ստացվել է 437.136,68 ԱՄՆ դոլարի կից ներկայացված վճարման պահանջը: Պահանջի վճարման վերջնաժամկետը սահմանված է 18․08․2012 թվականը: Միաժամանակ նշվել է, որ վերոնշյալ երաշխիքի գումարը կնվազեցվի ներկայացված պահանջի գումարի՝ 437.136,68 ԱՄՆ դոլարի չափով: Ծանուցումը ստացվել է 15.08.2012 թվականին Ընկերության տնօրեն Վ. Պողոսյանի կողմից (հատոր 3-րդ, գ.թ․ 43).
7) Ընկերության հաշվից 16.08.2012 թվականին ելքագրվել է 437,136.68 ԱՄՆ դոլար՝ «վճարում՝ GTEMYT120035», և նույն օրը նույն հաշվին մուտք է եղել 437,136.68 ԱՄՆ դոլար, իսկ որպես մուտքագրման գործարքի նկարագրություն նշված է հետևյալը՝ «Վարկի տրամադրում/Վարկի տրամադրում 001-182252-904» (հատոր 3-րդ, գ.թ. 22).
8) «Երևանշին ԳԱՄ» ՍՊ ընկերության գույքի, այլ գույքային և ոչ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների Ընկերությանը փոխանցման ակտի 1-ին կետի համաձայն՝ Ընկերությանը փոխանցվում են «Երևանշին ԳԱՄ» ՍՊ ընկերությանը պատկանող և փոխանցման ակտում նշված ակտիվները և պասիվները, այլ իրավունքներն ու պարտավորությունները:
9) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1574/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Ֆարմեքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի գումար բռնագանձելու պահանջի մասին 26.03.2013 թվականին կայացված վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է պատասխանող «Ֆարմեքս Տեքնոլոջիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Ընկերության բռնագանձել 884.188) ութ հարյուր ութսունչորս հազար մեկ հարյուր ութսունութ (ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ 437.136 (չորս հարյուր երեսունյոթ հազար մեկ հարյուր երեսունվեց) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վրա սկսած 12.07.2012 թվականից հաշվարկել և բռնագանձել տոկոսներ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով՝ տոկոսների բռնագանձումը շարունակելով մինչև պարտավորության դադարման օրը (հատոր 3-րդ, գ.թ. 70-89)․
10) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3051/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի` պայմանագիրը հայցվորի մասով չկնքված համարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ «Երևանշին» ՍՊԸ-ի, «ՊՎՎ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Ֆարմեքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, 09.08.2016 թվականին կայացված վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և գործի վարույթն այդ հիմքով կարճվել է (հատոր 3-րդ, գ.թ. 90-94)․
11) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/12862/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Երևանշին» ՍՊ ընկերության ընդդեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, երրորդ անձ` «Ֆարմեքս Թեքնոլոջիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, 31.07.2019 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 95-110)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 63-65-րդ, 298-րդ, 383-րդ, 447-րդ ու 888-րդ հոդվածների խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարկային պայմանագրի գրավոր ձևը չպահպանելու հիմքով գործարքի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելուն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ oրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները (տե՛ս Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյաններն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքի վավերության պայմանները, ամրագրվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գործարքի ինստիտուտին վերաբերող իրավական նորմերում, վերաբերում են գործարքի կողմ(եր)ի իրավասուբյեկտության սահմաններին, ազատ կամքին, կամքի և կամահայտնության համապատասխանությանը, գործարքի բովանդակությանը, գործարքի ձևին վերաբերող պահանջներին։ Ընդ որում, այդ վավերապայմաններից թեկուզ մեկի բացակայությունն առաջ է բերում քաղաքացիական գործարքի անվավերություն (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է` նույն oրենuգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիuին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք)։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ։ Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը թե՛ վիճահարույց, և թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միևնույն իրավական հետևանքները, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը)։
Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով և ինչ ծավալով են կատարվել առոչինչ գործարքի պայմանները, շահագրգիռ անձը կարող է ներկայացնել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ, որպիսի պայմաններում դատարանը պարտավոր է պարզել այդ գործարքի առնչությամբ օրենսդրի կողմից նախատեսված առոչնչության հիմքերի առկայությունը: Ընդ որում, այդպիսի գործարքն անվավեր է հենց կնքման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցները ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն (տե´ս «ՓԼԵՅ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 888-րդ հոդվածի համաձայն՝ վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենքով սահմանված որոշակի տեսակի գործարքների համար պարտադիր է դրանց գրավոր ձևով կնքումը: Ընդ որում, գործարքի գրավոր ձևը չպահպանելը կարող է հանգեցնել տարբեր իրավական հետևանքների: Մասնավորապես՝ մի դեպքում կողմերը զրկվում են ի հաստատումն գործարքի և նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից, իսկ մեկ այլ՝ oրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված է, որ վարկային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր՝ հակառակ դեպքում նման պայմանագիրն առոչինչ է: Այսինքն, վարկային իրավահարաբերությունների ծագման նպատակով կնքվող պայմանագրի ձևի առնչությամբ օրենսդիրը սահմանել է իմպերատիվ պահանջ՝ պարտադիր համարելով դրա գրավոր ձևով կնքումը՝ միաժամանակ սահմանելով այն չպահպանելու հստակ իրավական հետևանք, այն է՝ վարկային պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է տվյալ պայմանագրի առոչնչության:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև 01.03.2011 թվականին կնքվել է թիվ LGL20110235 «Բանկային ծառայությունների պայմանները»։ Այնուհետև, Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև 30.06.2011 թվականին կնքվել է բանկային ծառայության (վարկային գծի) պայմանագիր, որով Բանկը «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ին տրամադրել է վարկային գիծ՝ 200.000.000 ՀՀ դրամ սահմանաչափով: Պայմանագրի 3.7 կետով կողմերը նախատեսել են, որ Բանկի կողմից բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից վճարված գումարը համարվում է հաճախորդին նույն պայմանագրով սահմանված պայմաններով տրամադրված վարկ:
«Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի և Ընկերության մասնակիցների միջև 06.03.2012 թվականին կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն միացել է Ընկերությանը, և 21.03.2012 թվականին «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է:
«Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն 23.04.2012 թվականին ներկայացրել է բանկային երաշխիքի դիմում, որով Բանկին խնդրել է, 01.03.2011 թվականին կնքված թիվ LGL20110235 բանկային ծառայությունների պայմանների և 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայությունների (վարկային գծի) թիվ LGL20111195 պայմանագրի համաձայն, թողարկել 437,136.68 ԱՄՆ դոլարի չափով բանկային երաշխիք: Այնուհետև՝ 16.08.2012 թվականին Ընկերության հաշվից ելքագրվել է 437,136.68 ԱՄՆ դոլար, և նույն օրը նույն հաշվին մուտք է եղել 437,136.68 ԱՄՆ դոլար, իսկ որպես մուտքագրման գործարքի նկարագրություն նշված է հետևյալը՝ «Վարկի տրամադրում/Վարկի տրամադրում 001-182252-904»:
Այժմ դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանք` Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 437.136 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես առոչինչ գործարքի հիմքով Բանկին վճարված վարկի գումար, ինչպես նաև բռնագանձել առոչինչ վարկային գործարքի հիմքով բանկի կողմից ստացված տոկոսների գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ 437.136 ԱՄՆ դոլարի տոկոսները․ նշված տոկոսների հաշվարկը սկսել միջնորդությունը Դատարանի կողմից վարույթ ընդունելու օրվանից և շարունակել մինչև հիմնական պարտավորության փաստացի կատարումը:
Դատարանի 15.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «հայցվորի պնդումն առ այն, թե առկա չէ գրավոր վարկային պայմանագիր և ըստ այդմ՝ ենթակա են կիրառման առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, անհիմն է, քանի որ գրավոր գործարքն առկա է, որպես այդպիսին դիտարկվում են 01.03.2011 և 30.06.2011 թվականին Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ LGL20110235 և թիվ LGL20111195 պայմանագրերը, որոնցով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրավահաջորդն է հանդիսանում է Ընկերությունը և այդ պայմանագրերը կիրառելի են վերջինիս նկատմամբ»:
Վերաքննիչ դատարանը 20.05.2022 թվականին կայացրած որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ «(…) սույն գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև 30.06.2011 թվականին կնքված «Բանկային ծառայության (վարկային գծի) պայմանագիր» թիվ LGL20111195 պայմանագրով, «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի կողմից 23.04.2012 թվականին ներկայացված բանկային երաշխիքի դիմումով և դրա հիման վրա Բանկի կողմից 23.04.2012 թվականին թողարկված թիվ GTEMYT 120035 բանկային երաշխիքով, որով գումարի չափը և արժույթը սահմանվել է 437.136,68 ԱՄՆ դոլար, ինչպես նաև Ընկերության բանկային հաշվի քաղվածքով, որի «գործարքների մանրամասներ» բաժնում նշված է, որ հաշվետիրոջ հաշվից 16.08.2012 թվականին ելքագրվել է 437.136,68 ԱՄՆ դոլար, հաստատվում է վարկային իրավահարաբերությունների ծագման փաստը»:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն հիմքին, որ «Դատարանը հաստատված է համարել, որ սկսած 21.03.2012 թվականից «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն գոյություն չի ունեցել, այլ կերպ՝ դադարել է նրա իրավասուբյետությունը, սակայն իրավաչափ է համարել, որ գոյություն չունեցող իրավունքի սուբյեկտը նոր իրավահարաբերություններ է ստեղծել Բանկի հետ, ներկայացրել է դիմում և տրվել է երաշխիք», արձանագրել է, որ «Դատարանի կողմից ոչ թե անտեսվել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավասուբյեկտությունը 21.03.2012 թվականին դադարած լինելու հանգամանքը, այլ Դատարանը գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, այդ թվում՝ թիվ ԵԿԴ/1574/02/12 քաղաքացիական գործով ներկայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, արձանագրել է, որ՝ (…) հայցվոր ընկերությունն իր հետագա գործողություններով ընդունել է, որ թողարկված և վճարված երաշխիքի մասով ինքը հանդիսանում է իրավահաջորդ՝ ներկայացնելով «Ֆարմեքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ին որպես երաշխիք վճարված գումարի բռնագանձման պահանջ»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և սույն գործի փաստերի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ:
Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև 01.03.2011 թվականին կնքվել է թիվ LGL20110235 «Բանկային ծառայությունների պայմանները», իսկ 30.06.2011 թվականին՝ բանկային ծառայության (վարկային գծի) պայմանագիրը, որոնց հիման վրա համապատասխանաբար՝ 16.08.2012 թվականին Ընկերության հաշվից ելքագրվել է 437․136,68 ԱՄՆ դոլար և նույն օրը նույն հաշվին մուտք է եղել 437․136,68 ԱՄՆ դոլար, իսկ որպես մուտքագրման գործարքի նկարագրություն նշված է հետևյալը՝ «Վարկի տրամադրում/Վարկի տրամադրում 001-182252-904»: Այսինքն՝ Բանկի կողմից բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից վճարված գումարը ձևակերպվել է որպես վարկ, որը բխում է կողմերի միջև 30.06.2011 թվականին կնքված բանկային ծառայությունների (վարկային գծի) պայմանագրից:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկը և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն, կնքելով վերը նշված պայմանագրերը, նպատակ են ունեցել կարգավորելու իրենց միջև առաջացող ինչպես բանկային երաշխիքի թողարկման, այնպես էլ հետագայում երաշխիքի դիմաց վճարում իրականացնելուց հետո առաջացած վարկային հարաբերությունները: Այսինքն, վերը նշված պայմանագրերով հաստատվում է Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև գրավոր վարկային պայմանագիր կնքված լինելու փաստը: Հետևաբար բողոքաբերի պնդումն առ այն, որ կողմերի միջև առկա չէ գրավոր կնքված վարկային պայմանագիր՝ անհիմն է, քանի որ Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև բանկային ծառայությունների պայմաններից զատ հետագայում կնքվել է նաև բանկային ծառայությունների (վարկային գծի) պայմանագիրը, որով կողմերը հստակ սահմանել են, որ բանկային երաշխիքի ներքո ներկայացված պահանջների դիմաց վճարում իրականացնելու պահից այդ գումարը համարվելու է հաճախորդին տրամադրված վարկ, հետևաբար վերջիններս նախատեսել են նաև այդ պայմանագրով իրենց միջև հետագայում վարկային հարաբերերությունների առաջացման հնարավորությունը:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բանկի և «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ վերը նշված թիվ LGL20111195 բանկային ծառայությունների (վարկային գծի) պայմանագրի նկատմամբ, գրավոր ձևը պահպանված չլինելու հիմքով, չեն կարող կիրառվել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել են նաև ստորադաս դատարանները:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:
Վերոգրյալ իրավականորմերից բխում է, որ իրավաբանական անձինք համարվում են վերակազմակերպված՝ միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից: Միաժամանակ իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:
Տվյալ դեպքում «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի և Ընկերության մասնակիցների միջև 06.03.2012 թվականին կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն միացել է Ընկերությանը: Այսինքն՝ վերակազմակերպման արդյունքում դադարել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեությունը, և վերջինիս պատկանող իրավունքներն ու պարտականություններն անցել են Ընկերությունը՝ փոխանցման ակտին համապատասխան: Միաժամանակ հարկ է նշել, որ թիվ ԵԿԴ/1574/02/12 քաղաքացիական գործով Ընկերությունը, ընդունելով իր՝ «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավահաջորդը հանդիսանալու փաստը, դիմել է դատարան՝ պահանջելով «Ֆարմեքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ից բռնագանձել 437.136 ԱՄՆ դոլար՝ որպես վնասի հատուցում: Այսինքն, Ընկերությունը, սույն գործով վիճարկելով Բանկին երաշխիքի դիմում ներկայացնելու, ինչպես նաև Բանկի կողմից երաշխիքով դրամական գումար վճարելու իրավաչափությունը, միաժամանակ մի շարք գործողություններով փաստացի ընդունել է 437․136 ԱՄՆ դոլարի չափով վճարված երաշխիքի գումարի մասով «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի իրավահաջորդը հանդիսանալու փաստը: Այսինքն, թեև Բանկին դիմում ներկայացնելու և Բանկի կողմից բենեֆիցիարին երաշխիքով նախատեսված գումարը վճարելու պահին «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի (պրինցիպալի) գործունեությունը դադարած է եղել, սակայն վերջինիս պատկանող իրավունքներն ու պարտականությունները փոխանցման ակտին համապատասխան անցել են Ընկերությանը: Ընկերությունն իր գործողություններով ևս ընդունել է, որ «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա թողարկված և հետագայում բենեֆիցիարին վճարված 437․136,68 ԱՄՆ դոլար երաշխիքի գումարի մասով, որը հետագայում կողմերի միջև կնքված պայմանագրին համապատասխան ձևակերպվել է որպես վարկ, ինքը հանդիսանում է իրավահաջորդ, հետևաբար վճռաբեկ բողոքն այդ մասով ևս անհիմն է:
Բացի այդ, վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո Ընկերությունը պարտավոր էր Բանկին գրավոր ծանուցել «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի գործունեության դադարեցման մասին՝ ծանուցման մեջ մասնավորապես նշելով վերակազմակերպման որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, պարտավորությունների իրավահաջորդության կամ դրանց բացակայության, ինչպես նաև Բանկում բացված հաշիվները փակելու և(կամ) դրանցից օգտվող անձանց տվյալները (ստորագրությունները) փոփոխելու մասին, որը սակայն չի կատարել և որի անբարենպաստ հետևանքները կրում է Ընկերությունը, իսկ Ընկերության կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելու բացասական հետևանքները որևէ կերպ չի կարող դրվել Բանկի վրա:
Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս՝ երաշխիքն ԱՄՆ դոլարով տրամադրված լինելու հիմքին:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն արձանագրել են, որ վարկային պայմանագրի գրավոր ձևը չպահպանելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ հայցվորի պահանջը հիմնավոր չէ՝ հաշվի առնելով կողմերի միջև գրավոր վարկային պայմանագիր կնքված լինելու փաստը։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 15.12.2021 թվականի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։
Վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 20.05.2022 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված 20.000 ՀՀ դրամ նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. հակոբյան |
Զեկուցող |
Է. Սեդրակյան |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
