ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա . ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի նոյեմբերի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․02․2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Սեդրակ Բարսեղյանի հայցի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ու Կարինե Բաղդասարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ․ «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08․04․2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է և գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:
Դատավոր Գ․ Հակոբյանը հատուկ կարծիք է հայտնել։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21․10․2022 թվականի որոշմամբ սույն գործը հանձնվել է Սնանկության դատարանի քննությանը։
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27․07․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 177․491․200 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար․ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07․02․2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27․07․2023 թվականի վճիռը բեկանվել է ու գործը՝ անհիմն հարստացման գումարի չափը որոշելու և դատական ծախսերը բաշխելու մասերով, ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սեդրակ Բարսեղյանը և Կառավարիչը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Բարսեղյանը (ներկայացուցիչ Մարտին Խաչիկյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 1092-րդ, 1094-րդ և 1095-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 58-րդ, 66-րդ ու 414-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 08․04․2022 թվականի որոշմամբ ընդգծել է գործի նոր քննության սահմանները, մինչդեռ դա չի սահմանափակում դատարանի ազատությունը՝ այդ շրջանակում իրականացնելու համապատասխան գործողություններ ու գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության հիման վրա ձևավորված ներքին համոզմամբ կայացնելու հիմնավոր ու պատճառաբանված որոշում: Գործի քննության ծավալը վերաբերում է որոշակի փաստական հանգամանքների, որոնք պետք է գործի քննության ընթացքում քննարկվեն և բացահայտվեն, ու չի նույնանում ո՛չ ապացույցների հետ, որոնք կարող են այս կամ այն չափով հավանական դարձնել այդ հանգամանքների հաստատումը, ո՛չ եզրակացությունների հետ։ Դատարանը գործի քննության համար սահմանված ծավալի շրջանակներում իրականացրել է անհրաժեշտ բոլոր գործողությունները` հանգելով այն եզրակացության, որ 177․491․200 ՀՀ դրամն անհիմն հարստացման գումարն է, այսինքն՝ նաև հանդիսանում է Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարված ուղղակի ծախսը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն իրավունք չուներ 20 տոկոսով կամայականորեն նվազեցնելու հյուրանոցի վրա կատարված և փորձագիտական եզրակացությամբ հաստատված աշխատանքների գինը, քանի որ դրանում համեմատական մեթոդի կիրառման նպատակով կազմված աղյուսակներով ներկայացվել են գնահատման ենթակա գույքին համանման գույքեր, որոնց հիման վրա որոշվել են հյուրանոցի շուկայական գնի որոշման համար անհրաժեշտ միջին գները: Այնուհետև փորձագետը որպես կիրառված մեթոդի ճշգրտության և խելամտության ապացույց ընդգծել է, որ աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1 քմ-ի արժեքների միջև առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20 տոկոսը, ուստի հարաբերական շեղման վերաբերյալ դրույթը վերաբերում է ոչ թե գնահատվող գույքի, այլ դրա գնահատման համար հիմք հանդիսացող գույքերի 1 քմ արժեքների միջև առկա հարաբերական շեղմանը, և Դատարանը հաշվարկի իրականացման համար պետք է հիմք ընդուներ 74․880․000 ՀՀ դրամը՝ որպես լրացուցիչ աշխատանքների արժեք՝ առանց 20 տոկոս նվազեցնելու։ Ավելին՝ նշված դրույթով ընդգծվել է անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1 քմ-ի արժեքների միջև առկա հարաբերական շեղումը ոչ թե 20 տոկոս լինելու, այլ 20 տոկոսը չգերազանցելու մասին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը վճռի պատճառաբանական մասում որպես հայցը մասնակիորեն բավարարելու հիմնավորում նշել է անշարժ գույքի գնահատման հաշվարկման 1 քմ արժեքների միջև առկա հարաբերական շեղման մասին և լրացուցիչ աշխատանքների մասով կատարել մոտ 4․000․000 ՀՀ դրամի նվազեցում՝ առանց մեկնաբանելու, թե արդյո՞ք փորձագիտական եզրակացության մեջ նշված հարաբերական շեղման ցուցանիշը կարող էր դրանով տրված անշարժ գույքի ու դրա վրա կատարված աշխատանքների գնահատման արժեքի նվազեցման հիմք հանդիսանալ։ Արդյունքում Դատարանը խախտել է ապացույցների հետազոտման և գնահատման կանոնները, ինչի հետևանքով կայացրել է մասնակիորեն չհիմնավորված ու չպատճառաբանված դատական ակտ։
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել ապացույցները և դրանց հիման վրա կատարված Դատարանի եզրահանգումները, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից գործի նոր քննության ծավալի շրջանակում Դատարանի կողմից գործի քննություն իրականացնելու մասին իրենց փաստարկները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 07․02․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ բռնագանձել 226․084․000 ՀՀ դրամ։
2.1․ Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները
Սույն գործով բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով։
Վերաքննիչ դատարանը որոշմամբ առաջնորդվել է բացառապես սույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի 08․04․2022 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության սահմաններով, ինչի արդյունքում բեկանել է վճիռը՝ արձանագրելով, որ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, մասնավորապես, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 15․06․2017 թվականին տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը պետք է հետազոտվի և գնահատվի նաև ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հետ ամբողջության մեջ՝ հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը պարզելու ու գնահատելու համար։
Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ ոչ միայն այն հիմնավորմամբ, որ առաջնորդվել է ՀՀ վճռաբեկ դատարանի ընդունած որոշմամբ, այլ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավական կարգավորումներով և դրանց համալիր վերլուծությունով, միաժամանակ նշվածով պայմանավորված՝ բացակայել է 20 տոկոս նվազեցման հիմնավորվածությանն անդրադառնալու անհրաժեշտությունը։
Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի կողմից անհրաժեշտ փաստերը հաստատված չլինելու հանգամանքի ուժով վեճն ըստ էության չի քննել և քննելու հնարավորություն չի ունեցել, ինչի արդյունքում արձանագրել է Դատարանի կողմից թույլ տրված խախտումը, որպիսի ներքին համոզմունքի ձևավորման գործընթացում չէին կարող քննարկման առարկա դառնալ գործում առկա այն փաստարկներն ու փաստական տվյալները, որոնք պետք է քննարկման առարկա լինեին վեճն ըստ էության քննելու արդյունքում կայացված դատական ակտի ընթացքում։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 15.06.2017 թվականին տրված փորձագետի թիվ 315-01/Վ-016 եզրակացության համաձայն՝ փորձաքննության (գնահատման) տրամադրված օբյեկտի՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ հյուրանոցի (այսուհետ` Հյուրանոց) շուկայական արժեքը պարզելու նպատակով կիրառվել է շուկայական արժեքի հաշվարկի համեմատական մեթոդը, որի դեպքում գույքի արժեքը որոշվում է այն համեմատելով համանման և համադրելի անշարժ գույքի օբյեկտների հետ։ Փորձաքննության ենթակա օբյեկտի գնահատման համար ուսումնասիրվել են ինտերնետային կայքեր ու «Գինդ» շաբաթաթերթը, ինչի արդյունքում հավաքագրվել են նմանօրինակ երեք գույքի (համադրման «անալոգ») վաճառքների մասին տեղեկություններ, որոնք խմբավորվել ու զետեղվել են աղյուսակներում։ Միաժամանակ նշվել է, որ «Աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջև առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20%»։
Արդյունքում փորձագետը հանգել է հետևյալ եզրակացության․
«Փորձաքննության (գնահատման) տրամադրված` ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի շինության և հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակում, գնահատվում է`
233.008.000 (երկու հարյուր երեսուներեք միլիոն ութ հազար) ՀՀ դրամ։
- անշարժ գույքի 2-5-րդ հարկերի շուկայական արժեքը առկա ապրանքային վիճակում, հողատարածքի արժեքի ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է
61.371.000 (վաթսունմեկ միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ:
- Հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը` առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ կարող է կազմել
81.804.000 (ութսունմեկ միլիոն ութ հարյուր չորս հազար) ՀՀ դրամ:
- հյուրանոցի շինության առաջին հարկի սպասարկման տարածքների ընդհանուր շուկայական արժեքը առկա գերազանց ապրանքային վիճակում, առանց հողատարածքի գնի ներառման գնահատվում է
171.637.000 (մեկ հարյուր յոթանասունմեկ միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար) ՀՀ դրամ:
- Անդրադառնալով փորձաքննության շրջանակներում հյուրանոցային շենքի և դրա շրջակայքում կատարված այն աշխատանքներին, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, առանձին անդրադառնալով լրացուցիչ աշխատանքներին և օգտագործված շինանյութերին, շինության նկուղային հարկում կատարված շինարարական լրացուցիչ աշխատանքների, դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերի և մեխանիզմների բակային տարածքների բարեկարգման, սպասարկման կառույցների ընդլայնման, ծաղկանոցների կառուցման և այլ լրացուցիչ աշխատանքների և անհրաժեշտ շինանյութերի և աշխատանքների, ինչպես նաև բակային տարածքներում գտնվող պիտանի շինանյութերի ընդհանուր շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կարող է կազմել՝
70.660.000-74.880.000 (յոթանասուն միլիոն վեց հարյուր վաթսունվեց հազարից՝ յոթանասունչորս միլիոն ութ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ» (հատոր 2-րդ, գ.թ. 1-20)․
2) Գագիկ Բարսեղյանի կողմից ներկայացվել է «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի թիվ 17-005 եզրակացությունը, որի «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «Փորձաքննությանը տրամադրված Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքի (հյուրանոց) շուկայական արժեքը գնահատման օրվա՝ 2017 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ կազմում է 44 644 220 (քառասունչորս միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ։ Փորձաքննությանը տրամադրված Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի (հյուրանոց) սեփականության իրավունքի թիվ 621170 վկայականի «շենք հատակագիծ» մասում նշված թիվ 1-ից-28 շենքերում (սենյակներում) և նկուղային հարկում իրականացված շինվերանորոգման աշխատանքների շուկայական արժեքը միջինացված գներով կազմում է 23 806 700 (քսաներեք միլիոն ութ հարյուր վեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 42-73)․
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ․ «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (…)»։
Նշված որոշումը Կարինե Բաղդասարյանը չի բողոքարկել, որպիսի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 08․04․2022 թվականի որոշմամբ ընդգծել է, որ «որոշումը վերանայում է միայն պատասխանող Գագիկ Բարսեղյանի մասով` նկատի ունենալով, որ պատասխանող Կարինե Բաղդասարյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել» (հատոր 5-րդ, գ․թ․ 131-149, հատոր 7-րդ, գ.թ. 18-36)․
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 08․04․2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մասնակիորեն՝ անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, ինչպես նաև դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանել է և գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը գտել է, որ «կողմերի միջև 03.12.2004թ. կնքված գործարքի անվավերության հետևանքների կիրառման արդյունքում (…) տվյալ դեպքում կիրառման են ենթակա անհիմն հարստացման ինստիտուտի դրույթները»։ Միաժամանակ արձանագրել է, որ «(…) անհիմն հարստացման գումարի չափը որոշելիս պետք է ոչ միայն առաջնորդվեր «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացության արդյունքներով, այլ նաև այն համադրեր գործում առկա այլ ապացույցների` ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների, պատասխանողների կողմից ներկայացված «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված փորձագետի եզրակացության հետ, որից հետո միայն հանգեր համապատասխան եզրակացության»՝ հավելելով, որ «գործի նոր քննության ընթացքում, դատարանն իրավաչափ եզրակացության համար, համադրելով գործում առկա ապացույցները, պետք է պարզի, թե իրականում որքան գումար է հայցվորը ներդրել Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև` շինարարական այլ աշխատանքների համար, այդ աշխատանքների իրականացման արդյունքում որքանով է ավելացել Հյուրանոցի շուկայական արժեքը, արդյունքում` որքան են կազմում Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերը: (…)» (հատոր 7-րդ, գ.թ. 18-36)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի խախտում, ինչը հանգեցրել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով գործի նոր քննություն իրականացնելու հարցի կապակցությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ներառում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովումը, որը ենթադրում է օրենքով սահմանված ժամկետներում դատական ակտի կայացում՝ բացառելով ինչպես անորոշությունը, որում գտնվում է անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակի կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքի հետ, այնպես էլ գործնականում իրացնելով իրավական որոշակիության սկզբունքի հրամայականներն ու պահանջները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նշել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունն ու կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը, քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները՝ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը (տե՛ս օրինակ` Vazagashvili and Shanava v. Georgia թիվ 50375/07 գանգատով Եվրոպական դատարանի 18․07․2019 թվականի վճիռը, Lopatin and Medvedskiy v. Ukraine թիվ 2278/03 ու թիվ 6222/03 գանգատներով Եվրոպական դատարանի 20․05․2010 թվականի վճիռը):
Գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի տարր լինելով հանդերձ՝ նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, որը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը։ Նշված իրավունքը միաժամանակ ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն դատավարության ընթացքի և դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության միջև։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն իր արտացոլումը գտել է նաև վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտը բեկանելու դեպքում ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու լիազորության համատեքստում։ Մասնավորապես՝ վերադաս դատարանին ուղղված պարտադիր պահանջ է գործը նոր քննության ուղարկելիս սահմանել նոր քննության ծավալը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ և 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)՝ հստակեցնելով փաստերի այն շրջանակը, որոնք ենթակա են պարզման գործի նոր քննության ընթացքում, ինչը միաժամանակ գործի նոր քննություն իրականացնող դատարանին հասցեագրված պահանջ է գործի նոր քննությունն իրականացնել վերադաս դատարանի որոշմամբ սահմանված ծավալով՝ ծանրակշիռ փաստարկների բացակայության դեպքերում առաջնորդվելով կիրառելի նորմերի վերաբերյալ վերադաս դատական ատյանի արտահայտած իրավական դիրքորոշումներով։ Գործի նոր քննության ընթացքում վերադաս դատարանի սահմանած ծավալից դուրս գալու դեպքում խախտվում է դատական ատյանների միջև առկա գործառութային կապը, ինչը միաժամանակ արժեզրկում է գործի նոր քննության նպատակը և էությունը՝ խաթարելով իրավական որոշակիության, կանխատեսելիության ու դատական խնայողության սկզբունքները, հանգեցնելով գործի քննության անհարկի ձգձգումների։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննություն իրականացնելու հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերադաս դատական ատյանը, սահմանելով գործի նոր քննության ծավալը և արձանագրելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ըստ էության, իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատարանի համար` գործի նոր քննության ընթացքում առաջնորդվելու նշված ծավալով ու այդ շրջանակներում: Այլ կերպ` գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, քանի որ դրանք ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո (տե՛ս Արարատի մարզի դատախազությունն ընդդեմ Ավետիս Վարդանյանի ու մյուսների թիվ ՎԴ3/0258/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Թեև վերը նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են վարչական դատավարության կարգով քննվող գործերի շրջանակներում, այդուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործերով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (տե՛ս Վահան Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3739/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հավելել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որն ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը (տե՛ս Հայկ Մովսիսյանն ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի ու ուրիշների թիվ ԵԿԴ/3288/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․03․2020 թվականի որոշումը):
Վերահաստատելով իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործն ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերադաս դատարանի լիազորությունը բխում է գործող ոչ լրիվ վերաքննության հայեցակարգի բովանդակությունից, որը մի կողմից կանխում է վերադաս ատյանի՝ որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու, ուստի նաև գործն ամբողջ ծավալով քննելու հնարավորությունը, մյուս կողմից դատական ատյանների միջև ապահովում է գործառութային կապերի տրամաբանական բնույթն ու երաշխավորում դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ վերադաս դատական ատյանի կողմից գործի նոր քննության ծավալի սահմանումը գործնականում հանդիսանում է ստորադաս դատարանին տրված ցուցում քննարկման ենթակա հարցերի, դատավարական գործողություններ կատարելու, օրինակ՝ որոշակի ապացույցներ հետազոտելու և գնահատելու, ինչպես նաև կիրառելի օրենսդրության, օրենքի մեկնաբանման ու այլ հարցերի մասին, ուստի վերադաս դատական ատյանի որոշումը պետք է բովանդակի հստակ եզրահանգումներ գործի նախորդ քննության ընթացքում թույլ տրված խախտումների, դրանց վերացմանն ուղղված դատավարական գործողությունների մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանի՝ որպես բարձրագույն դատական ատյանի կողմից կիրառելի նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները և սահմանած գործի նոր քննության ծավալը պարտադիր են գործը քննող դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, բայց չեն կանխորոշում դրա արդյունքը: Այն, որ գործը քննող դատարանը պետք է գործի նոր քննությունն իրականացնի ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով՝ կատարելով սահմանված դատավարական գործողությունները, իր հերթին նշանակում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր դատական ակտում պետք է հստակ նշի ինչպես իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք գործի նոր քննության ժամանակ ստորադաս դատարանի կողմից պետք է վերացվեն, այնպես էլ գործի նոր քննության ընթացքում կատարվելիք դատավարական գործողությունների կամ պարզման ենթակա հարցերի շրջանակը: Այս պայմաններում գործի նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը վերաքննության կարգով ստուգելիս վերադաս ատյանները նախ պետք է պարզեն, թե արդյո՞ք առաջին ատյանի դատարանը գործի նոր քննությունն իրականացրել է վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում, թե` ոչ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, քննելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշման դեմ Գագիկ Բարսեղյանի բերած վճռաբեկ բողոքը, 08․04․2022 թվականի որոշմամբ արձանագրել է, որ կողմերի միջև առկա իրավահարաբերությունների նկատմամբ «կիրառման են ենթակա անհիմն հարստացման ինստիտուտի դրույթները»։ Անհիմն հարստացման գումարի չափի, դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, ինչպես նաև դատական ծախսերը բաշխելու մասերով գործն ուղարկելով նոր քննության՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը սահմանել է գործի նոր քննության ծավալը, ինչպես նաև նշել է դատարանի կողմից կատարման ենթակա գործողությունները՝ արձանագրելով, որ գործի նոր քննության ընթացքում դատարանը, «համադրելով գործում առկա ապացույցները, պետք է պարզի, թե իրականում որքան գումար է հայցվորը ներդրել Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև` շինարարական այլ աշխատանքների համար, այդ աշխատանքների իրականացման արդյունքում որքանով է ավելացել Հյուրանոցի շուկայական արժեքը, արդյունքում` որքան են կազմում Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերը»։ Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն այս կապակցությամբ մատնանշել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թույլ տրված դատական սխալները՝ փաստելով, որ «անհիմն հարստացման գումարի չափը որոշելիս պետք է ոչ միայն առաջնորդվեր «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացության արդյունքներով, այլ նաև այն համադրեր գործում առկա այլ ապացույցների` ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների, պատասխանողների կողմից ներկայացված «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված փորձագետի եզրակացության հետ, որից հետո միայն հանգեր համապատասխան եզրակացության»։
Շարադրվածից բխում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը նշել է, որ Հյուրանոցի վերանորոգման, շինարարական այլ աշխատանքների կատարման արդյունքում Սեդրակ Բարսեղյանի կողմից ներդրված ուղղակի ծախսերի չափը պարզելու նպատակով գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է միմյանց հետ համադրի գործում եղած բոլոր ապացույցները։
Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր է համարել գործում առկա հայտարարություններով, վկաների ցուցմունքներով, հաշիվ-ապրանքագրերով, ինչպես նաև «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.06.2017 թվականի թիվ 315-01/Վ-016 եզրակացությամբ և «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացությամբ հաստատված փաստերը, ապա պատճառաբանական մասում անդրադարձել է այդ ապացույցների գնահատմանը։ Այսպես․
Նախ` «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.06.2017 թվականի թիվ 315-01/Վ-016 եզրակացությունը համադրելով «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացության հետ՝ Դատարանը 27․07․2023 թվականի վճռում արձանագրել է անշարժ գույքի շուկայական գնի, ինչպես նաև Հյուրանոցի վերանորոգման և շինարարական այլ աշխատանքների համար կատարված ծախսերի մասով այդ երկու եզրակացությունների միջև էական տարբերություն առկա լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում համեմատության մեջ գնահատել է դրանց արժանահավատությունը։ Դատարանը, մասնավորապես գտել է, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.06.2017 թվականի թիվ 315-01/Վ-016 եզրակացության «վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության պահանջները պահպանված են, քանի որ պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, մասնավորապես՝ դրանում արտացոլված է կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, ստուգված է փորձագետի որակավորումը և վերջինս նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին»։ Մինչդեռ «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացության մասով Դատարանն արձանագրել է, որ «փորձագետը դատարանի կողմից նախազգուշացված չէ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, բացակայում է նաև փորձաքննությունն իրականացնող անձի որակավորման վերաբերյալ տեղեկատվությունը: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննությունը կատարվել է միայն պատասխանող կողմի հայտնած տվյալների և տրամադրված նյութերի հիման վրա, գործի նյութերին փորձագետը չի տիրապետել: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննությանը հայցվոր կողմը մասնակից չի դարձվել, ով զրկված է եղել նաև այդ փորձագետին հարցեր առաջադրելու հնարավորությունից», ուստի այն «չի կարող գնահատվել որպես փորձագետի եզրակացություն` որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, ուստի այն դատարանի կողմից դիտարկվել է որպես գրավոր ապացույց և դրա արժանահավատությունը որոշվել է մյուս ապացույցների հետ համադրման արդյունքում»։
Դատարանը «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացության արժանահավատությունը կասկածի տակ է դրել նաև գործում առկա մյուս ապացույցների հետ այն համադրելու արդյունքում՝ նշելով, որ «Եթե հիմք ընդունվի միայն գործում առկա հայտարարությունների մեջ, վկաների ցուցմունքներում, հարկային հաշիվներում, հաշիվ ապրանքագրերում ներառված ծախսերը, ապա միայն դրանք գերազանցում են «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. թիվ 17-005 փորձագետի եզրակացության մեջ նշված վերանորոգման աշխատանքների գինը, ինչը ևս անարժանահավատ է դարձնում «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից այդ գնի որոշումը»։
Դատարանը, Հյուրանոցի շինության առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների գինը հաշվարկելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.06.2017 թվականի թիվ 315-01/Վ-016 եզրակացության հիման վրա, արձանագրել է, որ «պետք է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի շինության և հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքից պակասեցվի Հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը՝ առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, և դրան ավելացվի հյուրանոցային շենքի և դրա շրջակայքում կատարված այն աշխատանքների արժեքը, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, ինչը կկազմի 221 864 000 (233 008 000 ՀՀ դրամ - 81 804 000 ՀՀ դրամ + 70 660 000) ՀՀ դրամ: Միաժամանակ նկատի ունենալով, որ անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջև առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20 տոկոսը, ապա այդ գումարը կկազմի նվազագույնը 177 491 200 ՀՀ դրամ»։
Արդյունքում Դատարանը, «յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ», ապացուցված է համարել, որ «Սեդրակ Բարսեղյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը կազմել է 177 491 200 ՀՀ դրամ»՝ հավելելով, որ «նշված գումարը հենց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ (գույքը, որի շուրջ կատարվել է բարելավումներ) պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ, ինչն էլ որպես անհիմն հարստացման գումար ենթակա է բռնագանձման Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի»։
Վերաքննիչ դատարանը 07․02․2024 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «(…) Դատարանը, գործի նոր քննության ընթացքում հետազոտելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը և «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված փորձագետի եզրակացությանը՝ որպես գրավոր ապացույց, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը 177 491 200 ՀՀ դրամ կազմելու և այն պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձելու մասին հետևություն կատարելով, ըստ էության, չի ապահովել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալը», քանի որ «չի պարզել, թե հայցվորի կողմից փաստացի որքան գումար է ծախսվել Հյուրանոցի վերանորոգման և շինարարական այլ աշխատանքների կատարման համար և արդյունքում՝ որքան են կազմում Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերը: Բողոքարկված վճռի պատճառաբանական մասի և դրանից բխող եզրահանգումների ուսումնասիրմամբ պարզվում է, որ Դատարանը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը, ինչը, սակայն, չի արտացոլում սույն գործով պարզման ենթակա՝ Հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսի չափը, առավել ևս այն պարագայում, երբ Դատարանը վճռում նշված հաշվարկը կատարել է հիմք ընդունելով Հյուրանոցի ընդհանուր շուկայական արժեքը։ (…) Դատարանը, հայցի մասնակի բավարարման հիմքում դնելով Հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինն ապացուցված լինելու հանգամանքը, այդուհանդերձ չի պարզել և բացահայտել Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը»։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «համամիտ է, Դատարանի կողմից «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության և «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացության համեմատության արդյունքում կատարած այն եզրահանգման հետ, որ «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացությունը, որպես գրավոր ապացույց, այլ ապացույցների հետ համադրությամբ՝ անարժանահավատ է և չի կարող դրվել որևէ փաստի հաստատման կամ հերքման հիմքում»։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի 27․07․2023 թվականի վճիռը, իսկ գործի նոր քննության անհրաժեշտությունը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը, (…) պետք է հետազոտվի և գնահատվի նաև ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հետ ամբողջության մեջ՝ Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը պարզելու և գնահատելու համար»։
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում Դատարանն ապահովել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08․04․2022 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը, մասնավորապես՝ Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև շինարարական այլ աշխատանքների կատարման արդյունքում Սեդրակ Բարսեղյանի կողմից ներդրված ուղղակի ծախսերի չափը պարզելու նպատակով միմյանց հետ համադրել է փորձագետի երկու եզրակացությունները՝ արդյունքում արձանագրելով անշարժ գույքի շուկայական գնի, ինչպես նաև Հյուրանոցի վերանորոգման և շինարարական այլ աշխատանքների համար կատարված ծախսերի մասով այդ երկու եզրակացությունների միջև էական տարբերություն առկա լինելու հանգամանքը, որի հաշվառմամբ այլ ապացույցներով՝ հայտարարություններով, վկաների ցուցմունքներով, հաշիվ-ապրանքագրերով հաստատված ծախսերի վկայակոչմամբ հանգել «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացության ոչ արժանահավատ լինելու մասին հետևության։ Ընդ որում, Դատարանը պատճառաբանել է նշված եզրակացությունը ոչ թե ապացույցի առանձին տեսակ, այլ գրավոր ապացույց լինելու մասին իր հետևությունը, որն իրավաչափ է համարել նաև Վերաքննիչ դատարանը, որպիսի պայմաններում ելակետային է ընդունել գործում որպես այդպիսին առկա միակ փորձագիտական եզրակացությամբ հաստատված տվյալները։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև շինարարական այլ աշխատանքների համար Սեդրակ Բարսեղյանի ներդրած գումարները, դրա արդյունքում Հյուրանոցի շուկայական արժեքի ավելացած չափը, այսինքն՝ Սեդրակ Բարսեղյանի կատարած ուղղակի ծախսը, Դատարանը հաշվարկել է հետևյալ կերպ՝ Հյուրանոցի շինության և հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքից՝ 233.008.000 ՀՀ դրամից պակասեցրել է Հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը (առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում)՝ 81.804.000 ՀՀ դրամը, որին գումարել է հյուրանոցային շենքի ու դրա շրջակայքում կատարված այն աշխատանքների նվազագույն արժեքը, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ՝ 70․660․000 ՀՀ դրամ՝ արդյունքում ստանալով 221․864․000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ Դատարանը հաշվարկել է այն գումարը, որի չափով ավելացել է Հյուրանոցի շուկայական արժեքը, որն էլ փաստացի այն ուղղակի ծախսն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ։
Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված են Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու և դրա հետևանքով Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման առկայության մասին բողոք բերած անձի փաստարկները։
Ինչ վերաբերում է անհիմն հարստացման գումարի հաշվարկված չափից 20 տոկոս նվազեցնելու մասին բողոքում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես հիմնավորված է հետևյալ պատճառաբանությամբ։
Գործը նոր քննության ուղարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանը նշել է, որ «այլևս չի անդրադառնում Առաջին վերաքննիչ բողոքի մյուս փաստարկներին՝ հաշվի առնելով դրանց՝ սույն գործի լուծման այլ ելք կանխորոշելու անհնարինությունը»՝ «պատասխանողից բռնագանձման ենթակա գումարը 177 491 200 ՀՀ դրամ սահմանելու փոխարեն 226 084 000 ՀՀ դրամ սահմանելու մասին բողոքի պահանջը» բավարարելու մասով արձանագրելով, որ «որոշման վերը նշված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն արդեն իսկ հետևություն կատարել է Դատարանի կողմից Հյուրանոցի վրա հայցվորի կատարած ծախսերի չափն այդ գույքի ընդհանուր շուկայական արժեքի համատեքստում հաշվարկելու մասին եզրահանգման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ։ Ուստի՝ Երկրորդ վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքերը բացակայում են»։
Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը Հյուրանոցի շուկայական արժեքը որոշելու նպատակով կիրառել է շուկայական արժեքի հաշվարկի համեմատական մեթոդը՝ ինտերնետային կայքերից և «Գինդ» շաբաթաթերթից ստացված՝ Հյուրանոցին համանման ու դրա հետ համադրելի երեք անշարժ գույքերի վաճառքների վերաբերյալ ստացված տեղեկությունները խմբավորելու և աղյուսակներում զետեղելու միջոցով։ Կիրառված մեթոդի և կատարված հետևությունների ճշգրտությունն ապահովելու նպատակով փորձագետը նշել է, որ «Աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջև առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20%»։ Այսինքն՝ 20 տոկոս հարաբերական շեղման վերաբերյալ փորձագետի նշումը վերաբերում է ոչ թե Հյուրանոցի, այլ շուկայական արժեքը որոշելու համար դրա հետ համադրվող գույքերի 1 քմ արժեքների միջև առկա հարաբերական շեղմանը։ Ուստի հիմնավորված չէ 221․864․000 ՀՀ դրամից 20 տոկոս նվազեցնելու և անհիմն հարստացման գումարը 177․491․200 ՀՀ դրամ հաշվարկելու վերաբերյալ Դատարանի եզրակացությունը՝ առավել ևս, որ պարտավորությունը համապարտ է, իսկ մյուս պարտապան Կարինե Բաղդասարյանի մասով սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը, որով վերջինից համապարտությամբ բռնագանձման է ենթակա 221.864.000 ՀՀ դրամ։
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ 221.864.000 ՀՀ դրամի մասով, իսկ այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկելու մասով Դատարանն իրավաչափորեն մերժել է հայցը՝ հիմք ընդունելով այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08․04․2022 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որպիսի մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07․02․2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
Մինչև 09․04․2018 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գույքային պահանջի գործերով՝ հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից։
Մինչև 09․04․2018 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8‑րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով։
Մինչև 09․04․2018 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9‑րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 07․02․2024 թվականի որոշումը բեկանվում և փոփոխվում է՝ հայցը բավարարվում է մասնակիորեն՝ 221․864․000 ՀՀ դրամի չափով, իսկ 24․653․000 դրամի (246.517.000-221․864․000), ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկելու մասերով մերժվում է՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ.
- հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից հայցադիմումին կից ներկայացվել է 200․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված լինելու փաստը հաստատող ապացույց (նախապես ներկայացվել է 10․000․000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ, հետագայում հայցագինն ավելացվել է, որի համար հայցվորը պետական տուրք չի վճարել), հետևաբար հայցադիմումի համար՝ մերժված հայցապահանջին համամասնորեն Սեդրակ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձման է ենթակա 293.060 ՀՀ դրամ (24․653․000x2%=493.060-200.000=293.060), ինչպես նաև 23.12.2015 թվականից մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը՝ 18․02․2016 թվականը, 246.517.000 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկող տոկոսների 2 տոկոսի չափով պետական տուրքի գումար,
- պատասխանող Գագիկ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բավարարված հայցապահանջին համամասնորեն համապարտությամբ բռնագանձման է ենթակա 4․437․280 ՀՀ դրամ (221․864․000x2%), իսկ հօգուտ «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվության ընկերության համապարտությամբ բռնագանձման է ենթակա 68.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության հետ կապված ծախս,
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ Սեդրակ Բարսեղյանի միջնորդությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27․10․2018 թվականի որոշմամբ բավարարվել է, ուստի Սեդրակ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձման է ենթակա 739․590 ՀՀ դրամ (24․653․000x3%), ինչպես նաև 23.12.2015 թվականից մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը՝ 18․02․2016 թվականը, 246.517.000 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկող տոկոսների 3 տոկոսի չափով պետական տուրքի գումար, իսկ պատասխանող Գագիկ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համապարտությամբ բռնագանձման է ենթակա 6․655․920 ՀՀ դրամ (221․864․000x3%),
- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Բարսեղյանը, նախապես վճարել է 1․000․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, հետևաբար դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված,
- գործի նոր քննության ժամանակ Դատարանի 27․07․2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Գագիկ Բարսեղյանը՝ բավարարված հայցապահանջի՝ 177․491․200 ՀՀ դրամի մասով, ինչպես նաև Սեդրակ Բարսեղյանը և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը՝ չբավարարված հայցապահանջի մի մասի՝ 48․592․800 ՀՀ դրամի մասով (հայցվորը վերաքննիչ բողոքով խնդրել է հայցը բավարարել 226․084․000 ՀՀ դրամի մասով)։ Վերաքննիչ դատարանը 14․09․2023 թվականի և 20․10․2023 թվականի որոշումներով Գագիկ Բարսեղյանի և Սեդրակ Բարսեղյանի համար պետական տուրքի վճարման գծով արտոնություններ է կիրառել՝ հետաձգելով պետական տուրքի վճարումը։ Ուստի Սեդրակ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձման է ենթակա 126․600 ՀՀ դրամ (226․084․000-221․864․000=4․220․000x3%), իսկ Գագիկ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձման է ենթակա 5․324․736 ՀՀ դրամ (177․491․200x3%)։
- Վերաքննիչ դատարանի 07․02․2024 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդրակ Բարսեղյանը։ Վճռաբեկ դատարանը 26․06․2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի համար պետական տուրքի վճարման գծով կիրառել է արտոնություն՝ հետաձգելով պետական տուրքի վճարումը։ Նկատի ունենալով, որ մինչև 09․04․2018 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9‑րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ պետական տուրքը չէր կարող ավել լինել բազային տուրքի հազարապատիկից՝ 1․000․000 ՀՀ դրամից (բողոք բերած անձը վճռաբեկ բողոքով խնդրել է հայցը բավարարել 226․084․000 ՀՀ դրամի մասով՝ 226․084․000x3%=6.782.520), հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձման ենթակա գումարի չափը որոշվում է 1․000․000 ՀՀ դրամից՝ բավարարված հայցապահանջներին համամասնորեն։ Ուստի Սեդրակ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձման է ենթակա 19․000 ՀՀ դրամ, իսկ Գագիկ Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձման է ենթակա 981․000 ՀՀ դրամ։
Սեդրակ Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր առկա չեն, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․02․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն՝ Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221․864․000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար․ մնացած մասով հայցը մերժել։
2. Սեդրակ Բարսեղյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 293.060 ՀՀ դրամ, ինչպես նաև 23.12.2015 թվականից մինչև 18․02․2016 թվականը 246.517.000 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկող տոկոսների 2 տոկոսի չափով գումար՝ որպես մերժված հայցապահանջի չափին համամասնորեն վճարման ենթակա պետական տուրքի գումար։
Գագիկ Բարսեղյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համապարտությամբ բռնագանձել 4․437․280 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն վճարման ենթակա պետական տուրքի գումար։
Գագիկ Բարսեղյանից հօգուտ «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվության ընկերության համապարտությամբ բռնագանձել 68.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության հետ կապված ծախս։
Սեդրակ Բարսեղյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 739․590 ՀՀ դրամ, ինչպես նաև 23.12.2015 թվականից մինչև 18․02․2016 թվականը 246.517.000 ՀՀ դրամին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկող տոկոսների 3 տոկոսի չափով գումար՝ որպես մերժված հայցապահանջի չափին համամասնորեն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։
Գագիկ Բարսեղյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համապարտությամբ բռնագանձել 6․655․920 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։
Սեդրակ Բարսեղյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել ընդհանուր 145․600 ՀՀ դրամ՝ որպես մերժված հայցապահանջի չափին համամասնորեն վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։
Գագիկ Բարսեղյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել ընդհանուր 6․305․736 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ա. Մկրտչյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
