ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1782/02/16 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1782/02/162024 թ. | ||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
2024 թվականի դեկտեմբերի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․11․2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Հատուկ Սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 66․165․600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 26․03․2016 թվականից մինչև վնասի հատուցումը կատարելու օրը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16․05․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Ընկերությունից բռնագանձվել է 66․165․600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում․ մնացած մասով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24․11․2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16․05․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գագիկ Թովմասյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Գորիկ Միրզոյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 409-րդ, 417-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 47-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ ու 60-62-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հրդեհի արդյունքում պատճառված վնասի, դրա հատուցման համար պարտադիր վավերապայման հանդիսացող տարրերի առկայությունը հաստատող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ է համարել «Ակտ հրդեհի մասին» փաստաթուղթը, 12․10․2015 թվականին կայացված «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումն ու ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 17․12․2015 թվականին տրված թիվ 45841504 փորձագետի եզրակացությունը, մինչդեռ անտեսել է, որ հրդեհի և վնասի առաջացման պատճառները հնարավոր է պարզել միայն քաղաքացիական գործի քննության ընթացքում նշանակված փորձաքննության արդյունքում տրված փորձագիտական եզրակացությամբ, այլ ոչ թե գրավոր ապացույցներով, իսկ փորձաքննությունը նշանակելիս ու անցկացնելիս պարտադիր պետք է պարզաբանվեն ներկայացված հարցադրումները և դրան պետք է մասնակցելու իրավունք ունենա նաև պատասխանողը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Ակտ հրդեհի մասին» փաստաթղթով և 12․10․2015 թվականին կայացված «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ արված եզրահանգումները հիմնված չեն օբյեկտիվ հանգամանքներում ձեռք բերված ու գնահատված փաստերի վրա։ «Ակտ հրդեհի մասին» փաստաթղթից հստակ է, որ դրանում արված հետևությունների հիմքում դրված են միայն Ընկերության աշխատակիցների բացատրությունները և առկա չէ որևէ մեթոդաբանություն։ Ավելին՝ «Ակտ հրդեհի մասին» փաստաթուղթը պարունակում է զուտ հավանական եզրահանգումներ, այն կազմած անձինք չեն հանդիսանում էլեկտրատեխնիկական եզրահանգումներ անելու իրավասությամբ օժտված սուբյեկտներ։
ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 17․12․2015 թվականին տրված թիվ 45841504 փորձագետի եզրակացությունը ձեռք չի բերվել ՀՀ քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով, ուստի այն, որպես ապացույցի տեսակ, փորձագիտական եզրակացություն չի հանդիսանում։ Փորձաքննությունն անցկացվել է մինչև սույն գործով դատարան պահանջ ներկայացնելը, ինքը չի մասնակցել դրան և չի ունեցել փորձագետին հարցեր առաջադրելու հնարավորություն, չի մասնակցել նյութերի և այլ կարևոր ապացույցների հետազոտմանը։
Բացի այդ, նշված եզրակացությունը հակասում է Դատարանի որոշմամբ նշանակված և գործի քննության ընթացքում ձեռք բերված մյուս ապացույցներին, դրանում նշված չէ, թե ինչ մեթոդների կիրառման ու ինչպիսի հետազոտությունների արդյունքում է փորձագետը հանգել դրանում արված հետևություններին, չափումներով պարզման ենթակա հանգամանքները փորձագետը պարզել է առանց որևէ չափում իրականացնելու, իսկ էլեկտրական էներգիայի որակից շեղումները հաստատել Կառավարության կողմից սահմանված ընթացակարգից դուրս՝ այլ անհայտ ձևով։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության 18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք եզրակացությունն արժանահավատ ապացույց չէ և ապացուցողական նշանակությամբ հավասարազոր չէ 17.12.2015 թվականի թիվ 45841504 ու 27.04.2018 թվականի թիվ 08761811 եզրակացություններին այն պատճառաբանությամբ, որ փորձաքննությունն իրականացնելիս արտադրամասում և թիվ ՏԵ-1056 ենթակայանում հրդեհից հետո կատարվել են վերանորոգման աշխատանքներ, մինչդեռ անտեսել է, որ 27.04.2018 թվականի թիվ 08761811 եզրակացությունը նույնպես ձեռք է բերվել արտադրամասում կատարված վերանորոգման աշխատանքներից հետո: Այսինքն՝ նույնանման պայմաններում կատարված, նույն տեսակի փորձաքննությունների արդյունքում ձեռք բերված եզրակացություններից մեկը Վերաքննիչ դատարանն արժանահավատ է համարել, իսկ մյուսը՝ ոչ։ Մինչդեռ 18․11.2022 թվականի թիվ 19-0115Ք եզրակացությունը թույլատրելի և վերաբերելի ապացույց է այն հիմնավորմամբ, որ նշանակվել է Դատարանի որոշմամբ, դրան կողմերը մասնակցել են ու հնարավորություն են ունեցել փորձագետներին անելու հարցադրումներ:
Վերաքննիչ դատարանը, նշելով, որ թիվ 19-0115Ք եզրակացությունը պարունակում է քննադատական պնդումներ մյուս փորձագիտական եզրակացությունների մասին, հաշվի չի առել, որ եթե փորձագետի կարծիքով առկա են էական հակասություններ նախկինում տրված եզրակացությունների միջև, ապա վերջինս ոչ միայն կարող է այդ հանգամանքների մասին նշել իր եզրակացությունում, թեև նման հարցադրում իրեն չի արվել, այլև դա փորձագիտական եզրակացությունն անարժանահավատ համարելու հիմք չէ։ Բացի այդ, նշված եզրակացությունը ներառում է երկու տեսակի փորձաքննություն, հետևաբար հիմնավորված չէ էլեկտրատեխնիկական մասում արված հետևության հիմքով անարժանահավատ գնահատել նաև հրդեհատեխնիկական փորձաքննությունը, որի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք հանդիսացել են հրդեհի պատճառ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ թիվ 08761811 եզրակացությունից պարզ չէ, թե ինչպես է փորձագետը հանգել հետևության, որ եղել է լարման տատանում կամ լարման շեղում և որ այն առաջացել է հենց իր ցանցում, այլ ոչ թե Կազմակերպության սպառման ցանցում։ Փորձագետը հատուկ գիտելիքների կարիք ունեցող հարցերին պատասխանելու համար ղեկավարվել է ոչ թե գիտական մեթոդով, այլ հետևության է հանգել բացառապես տուժող կողմի աշխատակիցների կողմից տրված բանավոր կամ գրավոր կարծիքների հիման վրա։ Միաժամանակ փորձագետը նշել է իր կողմից Կառավարության 2004 թվականի թիվ 1925 որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները խախտելու մասին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ կետն է խախտվել և ինչպես է դրսևորվել այդ խախտումը։
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հաշվի չի առել, որ թիվ 45841504 և թիվ 08761811 եզրակացությունները տված փորձագետն էլեկտրատեխնիկական մասով չափումներ չի իրականացրել, որևէ չափման սարք չի գործածել, իսկ էլեկտրատեխնիկական մասերից հնարավոր չէ հասկանալ՝ տատանումները եղել են թույլատրելի սահմաններում, այսինքն՝ եղել են իրավաչափ, թե՝ ոչ։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Կազմակերպության կողմից հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տրված լինելու մասին վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին՝ միաժամանակ գնահատման չարժանացնելով այն հանգամանքը, որ Կազմակերպության էլեկտրատնտեսությունը երկար ժամանակ աշխատել է գերբեռնված ռեժիմով՝ թուլացնելով և կարճացնելով ուժային մալուխների ու ավտոմատ անջատիչ սարքերի ամրակման մանրակների ծառայության ժամկետը։
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ առկա են եղել էական հակասություններ 27.04.2018 թվականի թիվ 08761811 եզրակացության և 18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք եզրակացության միջև, իրավաչափ է համարել Դատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժումը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով։
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.12.2015 թվականի թիվ 45841504 փորձագիտական եզրակացության՝ արտադատական կարգով ձեռք բերված լինելը չի կարող այն դարձնել օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց, քանի որ քաղաքացիական դատավարության մասնակիցներն ազատ են դատարան ներկայացնել իրենց կողմից արտադատական եղանակով ձեռք բերված ցանկացած վերաբերելի ապացույց:
18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունը չի կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի որ տվյալ փորձաքննությունը նշանակելիս խախտվել է կրկնակի փորձաքննություն նշանակելու կարգն այնքանով, որ 27.04.2018 թվականի թիվ 08761811 փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ առկա կասկածները կրել են բացառապես սուբյեկտիվ բնույթ, ինչպես նաև գործում բացակայել են երկու և ավելի փորձագիտական եզրակացություններ, որոնցով միևնույն հարցերի վերաբերյալ փորձաքննությունների արդյունքում փորձագետները հանգած լինեին տրամագծորեն տարբեր հետևությունների:
18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացության էլեկտրատեխնիկական հարցերի պարզաբանման մասում ընդամենը մասնագիտական քննադատության են ենթարկվել գործում առկա մյուս երկու փորձագիտական եզրակացությունները, հետևաբար փորձագետներն իրենց դիտողությունները և եզրակացությունները կառուցել են մտացածին հետևությունների հիման վրա:
18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացության շրջանակներում շինությունը, որտեղ առաջացել է հրդեհը, հետազոտվել է հրդեհի առաջացումից ավելի քան չորս տարի անց, երբ հետքերն արդեն վերացած են եղել, մինչդեռ 17.12.2015 թվականի թիվ 45841504 փորձագիտական եզրակացության շրջանակում շինությունը հետազոտվել է հենց հրդեհի հաջորդ օրը՝ 02.10.2015 թվականին: Հետևաբար նշված թերությունների և գործում առկա այլ ապացույցների հետ մի շարք էական հակասությունների պատճառով 18.11.2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ ապացույց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության՝ որպես մատակարարի և Կազմակերպության՝ որպես սպառողի միջև 20.06.2008 թվականին կնքված Էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 350008 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր)՝
1.1-ին կետի համաձայն՝ մատակարարը պարտավորվել է սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ սպառողը պարտավորվել է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց․
2.2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մատակարարը պարտավոր է մատակարարել Կառավարության 23․12․2004 թվականի թիվ 1925Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված որակի էլեկտրական էներգիա․
2.2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ մատակարարը պարտավոր է ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը սպառողին՝ Պայմանագրին կցված էլեկտրամատակարարման սխեմայով նախատեսված հուսալիությամբ:
Պայմանագրի հավելված 1-ի համաձայն՝ առավելագույն թույլատրելի էլեկտրական հզորությունը նախատեսվել է 10 կՎտ (հատոր 2-րդ, գ.թ. 67-74)․
2) Էներգետիկայի նախարարության «Ավան էլեկտրացանց» պետական ձեռնարկության գլխավոր ճարտարապետի կողմից Կազմակերպության տնօրենին տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանների համաձայն՝ սպառողի հասցեն է «Բաբաջանյան 1 նրբ․, թիվ 15-1», դրվածքային հզորությունը՝ 10 կՎտ, օգտագործվող հզորությունը՝ 10 կՎտ, էլեկտրասնման պայմանները՝ սնումն իրականացնել տ/ե 1056-ից, հաշվարկային սարքերը տեղադրել՝ ե/կ (հատոր 1-ին, գ.թ․ 33)․
3) Ընկերության «Նոր Նորք» մասնաճյուղի գլխավոր ճարտարապետի և Կազմակերպության միջև 11.03.2005 թվականին կազմված ակտի համաձայն՝ էլեկտրասարքավորումների վիճակի և սպասարկման պատասխանատվությունը «Նոր Նորք» մասնաճյուղի և Կազմակերպության միջև ըստ բալանսային պատկանելության՝ հանդիսանում է Կազմակերպության «ց/լ մալուխի ծայրերը ՏԵ 1056-ի ց/լ վահանի վրա» (հատոր 1-ին, գ.թ․ 34)․
4) Ընկերության «Հյուսիս» մասնաճյուղի «Նոր Նորք» տարածքի օպերատիվ մատյանում Գրիգորյանի կողմից կատարված գրառման համաձայն՝ 01.10.2015 թվականին, ժամը 09:15-ին, վթարային անջատման հասցեն, վայրը՝ տ/ե 1056, Բաբաջանյան 15/1 հասցեից ստացվել է բողոք, որ լույս չունեն: Բրիգադը հայտնաբերել է, որ տ/ե 1056-ում վնասված է նշված սպառիչի 0,4 կվ մալուխը, 0,4 կվ ընդհանուր եռաֆազ հատիչից մինչև եռաֆազ ավտոմատի հատիչը (հատոր 3-րդ, գ. թ 81 (դարձերես))․
5) Երևանի հրդեհային (ԵՀ) և տեխնիկական անվտանգության տեսչության (ՏԱՏ) առաջատար մասնագետ Վ. Մկրտչյանի, 1-ին կարգի մասնագետ Գ. Մարտիրոսյանի, Կազմակերպության տնօրեն Մ. Ռաֆաելյանի կողմից 08.10.2015 թվականին կազմված «ԱԿՏ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ «Հանձնաժողովը (…) կազմեց սույն ակտը հրդեհի մասին, որն առաջացել է 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Մարշալ Բաբաջանյան 15/1 հասցեում գտնվող «Հատուկ Սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության արտադրամասում։
Օբյեկտի բնութագիրը․ Օբյեկտը, որտեղ առաջացել է հրդեհը, գտնվում է ք. Երևան Ավան, Մարշալ Բաբաջանյան, թիվ 15/1 հասցեում: Այն պատկանում է «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ին: Զբաղեցնում է 549,8 քմ ընդհանուր տարածք, պարսպապատված է: Տարածքում տեղակայված են տարբեր նշանակության շինություններ (պահեստային, արտադրական, վարչական): Հրդեհն առաջացել է երկհարկանի շինությունում, որի առաջին հարկը շահագործվում է որպես պահեստ, իսկ երկրորդը՝ որպես արտադրամաս: Շինության հիմնակմախքը երկաթբետոնից է, պատերը քարից: Միջհարկային ծածկը երկաթբետոնից է։ Վերնածածկը կառուցված է փայտյա հիմնատարրերով, փակված է մետաղյա թիթեղներով: Էլեկտրական սնուցումն իրականացվում է Ավան Հոգեբուժական կլինիկայի տարածքում տեղակայված բարձրավոլտ էլեկտրական ենթակայանից՝ 220*380 վոլտ լարվածությամբ: Օբյեկտում առկա է ОП 2 տիպի կրակմարիչներով։ Օբյեկտում բացակայում է ներքին հրշեջ ջրամատակարարումը։
Հրդեհի առաջացման հանգամանքները և մարումը․ 2015 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը մոտավորապես 06:10 րոպեի սահմաններում քաղաքացի Գրիգորյանը, որը բնակվում է «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի տարածքի հարևանությամբ, նկատել է, որ տարածքում տեղակայված շինությունից ծուխ է դուրս գալիս: Մոտենալով նկատել է, որ շինությունում հրդեհ է բռնկվել, իսկույն զանգահարել է 911 հեռախոսահամարով և հայտնել դեպքի մասին: ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ հաղորդում է ստացվել հրդեհի մասին ժամը 06:16-ին: Դեպքի վայր են ուղարկվել թիվ 7, 9, 11, 8, 5 և 15 ՀՓՋ-ներից մեկական մարտական հաշվարկներ։ Ժամը 06:26 րոպեին, հասնելով կանչի վայր, հերթապահ պահակախումբը հայտնաբերել է, որ բոցով այրվում է շինության երկրորդ հարկը: Ժամը 06:37-ին թիվ 11 ՀՓՋ-ի օղակի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Հակոբյանը հայտարարել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Տալով 4-Բ փողակ՝ ժամը 07։07-ին հրդեհը մեկուսացվել է, իսկ ժամը 07։18-ին՝ մարվել։ Հրդեհաշիջման ժամանակ տեղի է ունեցել 20 կգ-ոց գազի գլանակատարի պայթյուն։
Հրդեհի հետևանքները․ Հրդեհի հետևանքով մասամբ և ամբողջովին այրվել է «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի արտադրամասի արտադրական միջոցները, կահույքը, պատրաստի արտադրանքը, պահեստավորված ապրանքը և հաշվապահական փաստաթղթերը: Համաձայն «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի կողմից 07.10.2015 թվականին տրված տեղեկանքի՝ հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է 77.770.325 ՀՀ դրամի նյութական վնաս, որից 62․270․325 ՀՀ դրամը ապրանքանյութական արժեքներից, իսկ 15․500․000 ՀՀ դրամը՝ շինությունից: Հրդեհից պատճառված նյութական վնասի չափը ստույգ պարզաբանելու համար 2015 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նշանակվել է ապրանքագիտական, շինարարատեխնիկական փորձաքննություն:
Հրդեհի առաջացման պատճառը․ Ուսումնասիրելով հրդեհի վայրը, նրա շրջակայքը, հիմնվելով տեղազննության արդյունքներին, հանձնաժողովը պարզեց, որ հրդեհի օջախը գտնվել է արտադրամասի կենտրոնական հատվածում, որտեղ կրակի և ջերմության հետքերը առավել խորն են: Լսելով առաջին ականատեսների գրավոր և բանավոր բացատրությունները, առաջ են քաշվել և քննարկվել հրդեհի առաջացման պատճառի բաց կրակի առկայություն, նյութերի ինքնայրում և էլեկտրական հաղորդալարերի էլեկտրասնուցման վթարային ռեժիմի երևույթների վարկածները:
Բացառվում է հրդեհի առաջացման պատճառը բաց կրակից, քանի որ հրդեհն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և ըստ տեսախցիկների տեսագրության հրդեհից առաջ տարածքում մարդ չի եղել:
Բացառվում է հրդեհի առաջացումը նյութերի ինքնայրումից, քանի որ տեղազննությամբ նմանատիպ նյութեր չեն հայտնաբերվել:
Հիմք ընդունելով տեղազննության արդյունքները ինչպես արտադրամասում, այնպես էլ էլեկտրական ենթակայանում, որը տեղակայված է «Ավանի» հոգեբուժարանի տարածքում, հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել պահեստային հատվածով անցնող էլ. հաղորդալարերի գերտաքացումը, որն առաջացել է էլ. ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից, ինչը հաղորդալարերի ՊՎՔ մեկուսիչ շերտի մեկուսացումն առաջացրել է բոցավառում, որն ուղեկցվել է շիկացած հաղորդալարերից այրվող մեկուսիչ շերտերի կաթիլների անջատումով, որոնք թափվելով արտադրված մեկուսիչ նյութերի վրա առաջացրել է բռնկում: Հրդեհի առաջացման պատճառը ստույգ պարզաբանելու համար 2015 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նշանակվել է ապրանքագիտական, շինարարատեխնիկական փորձաքննություն» (հատոր 2-րդ, գ.թ. 77-79)․
6) Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ․ Սարգսյանի 12․10․2015 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն՝ Կազմակերպության տարածքում առաջացած հրդեհի փաստի առթիվ նախապատրաստված նյութերի վերանայման արդյունքում պարզվել է, որ 01.10.2015 թվականին, ժամը 06:30-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Աննա Բորիսի Մարալորյանը և հայտնել, որ «Մելնիցա» ռեստորանային համալիրի հետնամասում գործարան է այրվում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 01.10.2015 թվականին, ժամը 06:00-ի սահմաններում Մերուժան Ազատի Ռաֆաելյանին պատկանող Ավան, Բաբաջանյան 1 փակուղի, թիվ 15/1 հասցեում գործող Կազմակերպության արտադրամասում հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել պահեստային հատվածով անցնող էլեկտրական հաղորդալարերի գերտաքացումը, ինչն առաջացել է էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից: Վերոգրյալը հիմնավորվել է Մերուժան Ազատի Ռաֆաելյանի, Ազատ Մերուժանի Ռաֆաելյանի, Հարություն Մերուժանի Ռաֆաելյանի, Խաչատուր Մարտինի Հակոբյանի, Վլադիմիր Աշոտի Խաչատրյանի, Արմեն Ռաֆիկի Խաչատրյանի, Իրինա Խորենի Վիրաբյանի և Անուշ Անուշավանի Գրիգորյանի բացատրություններով: Մերուժան Ռաֆաելյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տված բացատրությամբ և դիմումով որևէ մեկի նկատմամբ բողոք չի հայցել արտադրամասում առաջացած հրդեհի կապակցությամբ և խնդրել է Կազմակերպության տարածքում առաջացած հրդեհի փաստի առթիվ նախապատրաստված նյութերը թողնել անհետևանք: Նշանակվել են հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական փորձաքննություններ: 08.10.2015 թվականին ստացվել է հրդեհի մասին ակտը, որի համաձայն՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել պահեստային հատվածով անցնող էլեկտրական հաղորդալարերի գերտաքացումը, ինչն առաջացել է էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից, որն առաջացրել է բոցավառում և ուղեկցվել շիկացած հաղորդալարերից այրվող մեկուսիչ շերտերի կաթիլների անջատումով, որոնք, թափվելով արտադրված մեկուսիչ նյութերի վրա, առաջացրել են բռնկում: Նախապատրաստված նյութերով հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, և Կազմակերպության տարածքում առաջացած հրդեհի փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 76)․
7) Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ Վ. Մկրտչյանի 02.10.2015 թվականի որոշմամբ նշանակվել է հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը՝ ո՞րն է հրդեհի առաջացման պատճառը և օջախը, որքա՞ն է կազմում ունեցվածքին պատճառված նյութական վնասը:
ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 17․12․2015 թվականին տրված թիվ 45841504 փորձագետի եզրակացության համաձայն՝
«Հրդեհատեխնիկական մաս. (…) «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում գտնվող երկհարկանի շինությունում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է երկրորդ հարկում՝ պահեստավորման տարածքի միջնամասում: (…) Ուսումնասիրելով փորձաքննությանը ներկայացված գործի նյութերում առկա բացատրությունները, հրդեհի մասին ակտը և հրդեհի օջախի տեղակայումը, փորձագետը նշում է հետևյալը. Արտադրամասի պահեստավորման տարածքում ինքնաայրման հակում ունեցող նյութեր չեն պահվել, հրդեհին նախորդող ժամանակահատվածում բաց կրակի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել, տեղամասում չեն ծխել: Բացի այդ հրդեհն առաջացել է ոչ աշխատանքային ժամին և ըստ նյութերում առկա տեղեկությունների հրդեհից առաջ տարածքում մարդ չի եղել: Ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ հրդեհի առաջացումը բաց կրակից, կրակի քիչ կալորիականության աղբյուրներից և նյութերի ինքնաբռնկումից բացառվում է, հրդեհի առաջացման պատճառը էլեկտրատեխնիկական բնույթի է։ Հաշվի առնելով էլեկտրատեխնիկական հետազոտության արդյունքները, հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը:
Էլեկտրատեխնիկական մաս. (...) Հաշվի առնելով հրդեհի առաջացման հանգամանքները, բացատրությունները և սույն եզրակացության հրդեհատեխնիկական մասի արդյունքները, փորձագետը նշում է հետևյալը․ «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի սարքավորումների և բանվորական լուսավորության էլ․ սնուցումն իրականացվել է արտադրամասի տարածքում տեղակայված 0,4 կՎ բաշխիչ վահանի մուտքի ավտոմատ-անջատիչից։ Այսինքն, երբ մուտքի ավտոմատ-անջատիչը անջատվում է վերջիններիս էլ․ սնուցումը դադարեցվում է և դրա անջատված լինելու դեպքում, արտադրամասի լուսավորությունն իրականացվում է հերթապահ լուսավորության լյումինեսցենտային լուսատուներով։ Վերջիններիս էլ․ սնուցումն իրականացված է եղել 0,4 կՎ ԲՍ-ում տեղադրված ավտոմատ-անջատիչից։ Հերթապահ լուսավորության լուսատուները տեղադրված են եղել արտադրամասի այն հատվածներում, որտեղ ըստ հրդեհատեխնիկական մասի, գտնվել է հրդեհի օջախը։ Ըստ բացատրությունների՝ 2015 թվականի հոկտեմբերի 01-ին արտադրամասում հերթապահ լուսավորությունը եղել է միացված, ինչը հիմնավորվում է նաև 0,4 կՎ ԲՍ-ում տեղակայված արտադրամասի հերթապահ լուսավորության ավտոմատ-անջատիչի անջատված վիճակով։ Այսինքն, հերթապահ լուսավորությունն, ըստ էության ծառայել է որպես գիշերային լուսավորություն և աշխատանքային ժամերից հետո, մինչև հաջորդ օրվա առավոտ եղել է միացված։ Նշված ժամանակահատվածում երեկոյան ժամերից մինչև առավոտ, էլ․ ցանցից սնվող սպառողների բեռնվածքը էապես փոփոխվում է՝ երեկոյան ժամերին (18-ից մինչև 23-ը), երբ ցանցն աշխատում է առավելագույն բեռնվածքով, էլ․ հոսանքի լարումը նոմինալից նվազում է, իսկ գիշերային ժամերին և առավոտյան (23-ից մինչև 07--ը) ցանցը բեռնաթափվում է, տեղի է ունենում լարման բարձրացում։ Այսինքն հերթապահ՝ գիշերային լուսավորության լյումինեսցենտային լուսատուների գործարկման-կարգավորման ապարատուրան գործում է լարման անընդհատ տատանումների՝ ցանցի էլեկտրական լարման շեղման պայմաններում, ինչը երկարատև շահագործման դեպքում բերում է դրանց շահագործման ժամկետի կրճատմանը և վթարային իրավիճակների՝ կարճ միացումների մեկուսացման վնասվածքների առաջացմանը, որոնք կարող են հանդիսանալ հրդեհի պատճառ։ Այլ կերպ ասած, քանի որ հրդեհի օջախային հատվածում, բացի հերթապահ (գիշերային) լուսավորությունից, էլեկտրական հոսանքի այլ սպառիչներ կամ սարքավորումներ միացված չեն եղել, ապա ակնհայտ է, որ վթարային իրավիճակ կարող էր ստեղծվել միայն հերթապահ լուսավորության համակարգում, որի լյումինեսցենտային լուսատուների գործարկման-կարգավորման ապարատուրան, ըստ էության, աշխատել է էլեկտրական հոսանքի լարման անընդհատ տատանումների պայմաններում, ինչի հետևանքով առաջացել են անսարքություններ, որոնք բերել են կարճ միացումների և մեկուսացվածքների վնասման։ Վերանշվածը հիմնավորվում է հետևյալով․
- կարճ միակցումից անջատվել է հերթապահ լուսավորության ավտոմատ անջատիչը,
- մեկուսապատվածքի բոցավառումից առաջացած հրդեհից վնասվել են դեպի արտադրամասի վահանակը անցկացված մալուխի ջիղերը և դրանց կարճ միակցման հոսանքից անջատվել են Ընկերության 0,4 կՎ ԲՍ-ում տեղակայված մուտքի և թիվ 1056 ՏԵ-ում տեղակայված ավտոմատ անջատիչները,
- 1056 ՏԵ-ում մալուխը կարճ միակցման հոսանքից կտրվել է։
Շինարարատեխնիկական և ապրանքագիտական մաս. Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասի շինությանը հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասների չափը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական միջին արժեքներից ելնելով՝ կարող է կազմել 13,050,000․00 ՀՀ դրամ:
Փորձաքննության կատարման նպատակով փորձագետին տրամադրված «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի «01.10.2015 թվականին բռնկված հրդեհից վնասված ապրանքանյութական արժեքների գույքագրման N 1 ակտ»-ում նշված, վնասվածքների հետևանքով «Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի ապրանքատեսակներին (ապրանքագիտական մասով) պատճառված (գույքային) վնասի ընդհանուր չափն արժեքային արտահայտությամբ, 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել շուրջ 53,115,600․00 ՀՀ դրամ» (հատոր 2, գ.թ. 29-64)․
8) Ընկերության գլխավոր տնօրեն Կ․ Հարությունյանի կողմից Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին հասցեագրված 21․06․2017 թվականի թիվ 05-ԿՀ-07/2047 գրության համաձայն՝ Ավան վարչական շրջանում տեղակայված թիվ ՏԵ 1056 երկտրասֆորմատորային ենթակայանի շենքը, բարձր ու ցածր լարման մալուխային գծերը և նրանում տեղադրված էլեկտրատեղակայանքները հաշվառված են Ընկերության հաշվեկշռում: Տրասֆորմատորից սնվում են թվով 1 բնակիչ և 14 հանրային բաժանորդ, իսկ պահուստային տրասֆորմատորն անջատված է (հատոր 2-րդ, գ.թ․ 65 (դարձերես))․
9) Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի կողմից փաստաբան Սայադ Բադալյանին հասցեագրված 29․06․2017 թվականի թիվ 07/25․2/3610-17 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում տեղակայված թիվ 1056 էլեկտրական ենթակայանը գտնվում է Ընկերության հաշվեկշռում: Միևնույն ժամանակ, Կառավարության 21․12․2006 թվականի ««Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1943-Ն որոշման 3-րդ գլխի 14-րդ կետի համաձայն՝ նշված ենթակայանը համարվում է բարձր լարման (1 կՎ-ից բարձր) էլեկտրատեղակայանք (հատոր 2-րդ, գ.թ․ 65)․
10) Ընկերության ներկայացուցչի միջնորդության հիման վրա Դատարանը 18.12.2017 թվականի որոշմամբ նշանակել է հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, էլեկտրատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Փորձագետին առաջադրվել են հետևյալ հարցերը՝
1. որտե՞ղ է գտնվել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի օջախը,
2. ո՞րն է հանդիսացել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը,
3. Առկա է արդյո՞ք Ընկերության կողմից կատարված հակաիրավական գործողություն կամ անգործություն, և ինչպես է այն դրսևորվել,
4. եթե Ընկերության կողմից դրսևորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետևանքային կապ Ընկերության կողմից դրսևորված հակաիրավական գործողության և պատճառված վնասների միջև,
5. Առկա է արդյո՞ք Կազմակերպության կողմից կատարված հակաիրավական գործողություն կամ անգործություն, եթե առկա է եղել, ապա ինչպես է այն դրսևորվել,
6. եթե Կազմակերպության կողմից դրսևորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետևանքային կապ Կազմակերպության կողմից դրսևորված հակաիրավական գործողության և պատճառված վնասների միջև,
7. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները,
8. եթե առկա են հրդեհային անվտանգության կանոնների այլ խախտումներ, ապա ինչպիսին են դրանք և որքանո՞վ են ազդել հրդեհի առաջացման պատճառների, պատճառված վնասի և վնասի չափի վրա,
9. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք փաստացի իրականացվող գործունեության համար (գործառնական նշանակությունից բխող) ՀՀ իրավական ակտերով սահմանված շինարարատեխնիկական բոլոր նորմերը (օրինակ, արդյո՞ք հրդեհված տարածքն իր նպատակային և գործառնական նշանակությամբ համապատասխանում է փաստացի իրականացվող գործունեության համար նախատեսված տեխնիկական պայմաններին թե ոչ, կամ օրինակ, արդյո՞ք տարածքի բաժանումն իրականացված է փաստացի իրականացվող գործունեության համար սահմանված տեխնիկական պահանջներին, թե ոչ),
10. թույլատրվում է արդյո՞ք անմիջապես արտադրամասում ունենալ (կառուցել) պահեստավորման տարածքը,
11. արդյո՞ք պահեստավորման տարածքը համապատասխանել է հրդեհային անվտանգության և/կամ շինարարատեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,
12. արդյո՞ք արտադրամասում կամ պահեստավորման տարածքում թույլատրվում է թողնել գազով լցված տարաներ,
13. ի՞նչ ազդեցություն է ունեցել գազով լցված տարայի պայթյունը հրդեհի առաջացման, տարածման և վնասի ծավալների վրա, այսինքն` կարող էր հրդեհի և վնասի ծավալները ավելի փոքր լիներ, եթե չլիներ գազի տարայի պայթյունը,
14. արդյո՞ք թույլատրվում է արտադրամասում, ինչպես նաև արտադրամասի պահեստավորման տարածքում տեղադրել լյումինեսցենտային լուսատուներ,
15. արդյո՞ք կարող էր առաջանալ հրդեհ լյումինեսցենտային լուսատուների անսարքությունից, եթե հայցվորի կողմից պահպանված լինեին «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հակահրդեհային անվտանգության պահանջները,
16. եթե արտադրամասում կամ պահեստավորման տարածքում տեղադրված լինեին այլ (ոչ լյումինեսցենտային) լուսատուներ, ապա հրդեհ կառաջանար, թե ոչ (հատոր 2-րդ, գ.թ. 101, 102)․
11) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 27․04․2018 թվականին տրված թիվ 08761811 փորձագետի եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝
1. Երևան քաղաքի, Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող Կազմակերպությանը պատկանող տարածքում գտնվող երկհարկանի շինությունում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է երկրորդ հարկում` արտադրամասի պահեստավորման տարածքի միջնամասում:
2. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ո՞րն է հանդիսացել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը» հարցի շրջանակներում զուտ հրդեհատեխնիկական տեսանկյունից, դիտվում է, որ
ա) Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը:
7. Նախաձեռնողի կողմից առաջադրված ««Հատուկ Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի կողմից պահպանվել են արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները» հարցի բովանդակությունից ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքները, որ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչ Վ.Մկրտչյանի կողմից 2015 թվականին սեպտեմբերի 30-ին ք. Երևան Մ. Բաբաջանյան փ., թիվ 15/1 հասցեում գտնվող Կազմակերպության պահեստում առաջացած հրդեհի վերաբերյալ նյութերով` 02.10.2015 թվականին հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ կայացված թիվ 39 որոշմամբ, փորձագետներին վերոհիշյալ բովանդակությամբ հարց չի առաջադրվել, և բացի այդ, սույն համալիր փորձաքննության կատարման` այսինքն վերը նշված ընկերությունում հրդեհի առաջացումից մոտ 2․5 տարի անց հրդեհի հետևանքով առաջացած հետքերը վերացվել են, այսինքն՝ վերականգնել մինչհրդեհային իրավիճակը հնարավոր չէ, ուստի նման պայմաններում, սույն համալիր փորձաքննությամբ պարզել, թե Կազմակերպության կողմից արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները պահպանվել են, թե ոչ՝ հնարավոր չէ: Սակայն սույն համալիր փորձաքննությամբ հարկ է համարել նշել, որ հրդեհն առաջացել է հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակից, որը պատճառական կապ չունի «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջների խախտման հետ։
8. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Եթե առկա են հրդեհային անվտանգության կանոնների այլ խախտումներ, ապա ինչպիսի՞ն են դրանք և որքանո՞վ են ազդել հրդեհի առաջացման պատճառների, պատճառված վնասի և վնասի չափի վրա» հարցի պատասխանը տես թիվ 7-րդ հարցի հետևությունում:
12. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Արդյո՞ք արտադրամասում կամ պահեստավորման տարածքում թույլատրվում է թողնել գազով լցված տարաներ» հարցի կապակցությամբ հարկ է նշել, որ Կազմակերպության արտադրամասից դուրս` ձախակողմյան հատվածում, եղել է չշահագործվող գազաբալոնների պահման համար նախատեսված առանձնացված տարածք: Այն կառուցված է եղել հրակայուն պատերով` մի կողմը ցանցապատ (այսինքն՝ առանձնացված տարածքն ունեցել է բնական օդափոխություն), իսկ դեպի արտադրամասը հարող մասը` մետաղական երկփեղկ դռներով: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18․06․2015 թվականի թիվ 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների 29-րդ գլխի 364 կետում ուղղակի ամրագրված է` «Բալոնների խմբակային տեղադրումը թույլատրվում է շենքի արտաքին, խուլ (առանց որմնախորշերի) պատերի մոտ: Բալոնների տեղադրման խցիկները, պահարանները պետք է լինեն չայրվող նյութերից և ունենան բնական օդափոխություն` պայթյունավտանգ խառնուրդների առաջացումը կանխելու համար»:
13. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ի՞նչ ազդեցություն է ունեցել գազով լցված տարայի պայթյունը հրդեհի առաջացման, տարածման և վնասի ծավալների վրա, այսինքն՝ կարո՞ղ էր հրդեհի և վնասի ծավալներն ավելի փոքր լինել, եթե չլիներ գազի տարայի պայթյունը» հարցի շրջանակներում կարելի է նշել, որ գազաբալոնի պայթյունն էական ազդեցություն չի ունեցել հրդեհի տարածման և զարգացման վրա (փորձագետ՝ Ա. Կարապետյան):
2. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ո՞րն է հանդիսացել Մ.Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը» հարցի շրջանակներում զուտ էլեկտրատեխնիկական տեսանկյունից, դիտվում է, որ․
բ) 2015 թվականի հոկտեմբերի 01-ին ժամը 06:00-ի սահմաններում Կազմակերպության արտադրամասում, բացի հերթապահ լուսավորության լյումինեսցենտային լուսատուների, էլեկտրական հոսանքի այլ սպառիչներ կամ սարքավորումներ միացված չեն եղել։ Հերթապահ լուսավորությունն, ըստ էության ծառայել է որպես գիշերային լուսավորություն, և աշխատանքային ժամերից հետո մինչև հաջորդ օրվա առավոտ եղել է միացված: 2015 թվականի հոկտեմբերի 01-ին ժամը 06:00-ի սահմաններում Կազմակերպության հերթապահ լուսավորության համակարգում ստեղծվել է վթարային իրավիճակ՝ էլ․ ցանցում տեղի ունեցած լարման շեղման հետևանքով (էլեկտրաէներգիայի ընդունիչների վրա իրական կայունացված լարման գործող նշանակության և էլեկտրացանցի անվանական լարման տարբերությունն է):
Էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները, որոնց համար մատակարարողը սպառողի առջև պատասխանատվություն է կրում` լարման շեղում, լարման տատանում, լարման ոչ սիմետրիկություն, լարման ոչ սինուսարդություն:
Էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 350008 պայմանագրում, որը կնքվել է մատակարար «ՀԷՑ» ՓԲԸ-ի և սպառող Կազմակերպության միջև, թիվ 2.2.1 կետում նշված է` «Մատակարարը պարտավոր է մատակարարել ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1925Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված որակի էլեկտրական էներգիա», իսկ թիվ 2.2.2 կետում` «Մատակարարը պարտավոր է ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը Սպառողին` սույն պայմանագրին կցված էլեկտրամատակարարման սխեմայով նախատեսված հուսալիությամբ»:
Հարկ է համարել նշել, որ «Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար մատակարարը փոխհատուցում է սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» («ԷԷՄՕԿ»-ի 3-րդ գլխի 16-րդ կետ):
14. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Արդյո՞ք թույլատրվում է արտադրամասում, ինչպես նաև արտադրամասի պահեստավորման տարածքում տեղադրել լյումինեսցենտային լուսատուներ» հարցի շրջանակներում՝ համաձայն ՏԿ-ի՝ լյումինեսցենտային լամպերով լուսատուները նախատեսված են արտադրամասերի և պահեստների լուսավորության համար, և միայն տեխնիկատնտեսական ոչ նպատակահարմարության դեպքերում թույլատրվում է դրանց փոխարինումը շիկացման լամպերով: Հրդեհի ժամանակ արտադրամասում տեղակայված են եղել 6825-74 ГOCT-ին համապատասխանող՝ 220Վ լարման, 50 Հց հաճախության, 30-40ՎՏ (վատտ) հզորության, աշխատանքի 15.000 ժամ տևողության, 2140 ԼՄ (լյումեն՝ լույսի հոսքի միջազգային միավոր) այրման լուսահոսքով լյումինեսցենտային լամպեր:
15. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Արդյո՞ք կարող էր առաջանալ հրդեհ լյումինեսցենտային լուսատուների անսարքությունից, եթե հայցվորի կողմից պահպանված լինեին «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հակահրդեհային անվտանգության պահանջները» հարցի շրջանակներում հարկ է նշել, որ Կազմակերպության արտադրամասի տարածքում հրդեհը տեղի է ունեցել էլեկտրական ցանցում առաջացած լարման շեղումից, որը բերել է երկրորդ հարկի հերթապահ լուսավորության լյումինեսցենտային լամպերով լուսատուների գործարկման-կարգավորման ապարատուրայի հրդեհավտանգ էլեմենտներում (էլեկտրական դրոսել կամ էլեկտրական մեկնասարք) դրոսելի գերտաքացումից առաջացած փաթույթի բոցավառմանը կամ մեկնասարքի էլեկտրական ծակումից առաջացած բոցի արտանետմանը, որոնք լուսատուների տեխնիկական վիճակի հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում։
16․ Նախաձեռնողի կողմից առաջադրված «Եթե արտադրամասում կամ պահեստավորման տարածքում տեղադրված լինեին այլ (ոչ լյումինեսցենտային) լուսատուներ, ապա հրդեհ կառաջանա՞ր, թե ոչ» հարցի վերաբերյալ` եթե լյումինեսցենտային լամպերի փոխարեն տեղադրված լինեին շիկացման թելիկով լամպեր, ապա լարման շեղումը նույնպես կազդեր շիկացման լամպերի աշխատանքի վրա` էլեկտրական ցանցում տեղի ունեցած գերլարումներից էլեկտրական լամպանոթի ապակին կքայքայվեր կամ կհրածակվեր և շիկացման լամպի թելիկի մնացորդները կարող են բերել հրդեհի (փորձագետ՝ Գ․ Հարությունյան)։
3. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Առկա է արդյո՞ք Ընկերության կողմից կատարված հակաիրավական գործողության կամ անգործության, և ինչպե՞ս է այն դրսևորվել» հարցը միաժամանակ չի հանդիսանում թե հրդեհատեխնիկական, թե էլեկտրատեխնիկական, թե շինարարատեխնիկական, և թե ապրանքագիտական փորձաքննությունների հետազոտման առարկա, քանի որ հիշյալ հարցը զուտ գործողության գնահատում է, որը դուրս է փորձագետի իրավասության շրջանակներից և ենթակա է իրավական գնահատման:
4. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Եթե ընկերության կողմից դրսևորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետևանքային կապ ընկերության կողմից դրսևորված հակաիրավական գործողության և պատճառված վնասների միջև» հարցի պատասխանը տես թիվ 3-րդ հարցի հետևությունում:
5. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Առկա է արդյո՞ք Կազմակերպության կողմից կատարված հակաիրավական գործողություն կամ անգործություն, եթե առկա է եղել, ապա ինչպե՞ս է այն դրսևորվել» հարցի պատասխանը տես թիվ 3-րդ հարցի հետևությունում:
6․ Նախաձեռնողի կողմից առաջադրված` «Եթե Կազմակերպության կողմից դրսևորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետևանքային կապ Կազմակերպության կողմից դրսևորված հակաիրավական գործողության և պատճառված վնասների միջև» հարցի պատասխանը տես թիվ 3-րդ հարցի հետևությունում (փորձագետներ` Ա. Կարապետյան, Գ․ Հարությունյան, Հ. Մկրտչյան, Ա․ Արսենյան)։
9. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք փաստացի իրականացվող գործունեության համար (գործառնական նշանակությունից բխող) ՀՀ իրավական ակտերով սահմանված շինարարատեխնիկական բոլոր նորմերը (օրինակ` արդյո՞ք հրդեհված տարածքն իր նպատակային և գործառնական նշանակությամբ համապատասխանում է փաստացի իրականացվող գործունեության համար նախատեսված տեխնիկական պայմաններին, թե ոչ, կամ օրինակ` արդյո՞ք տարածքի բաժանումն իրականացված է փաստացի իրականացվող գործունեության համար սահմանված տեխնիկական պահանջներին, թե ոչ» հարցի բովանդակությունից ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքները, որ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչ Վ. Մկրտչյանի կողից 2015 թվականի սեպտեմբերի 30-ին ք. Երևան, Մ. Բաբաջանյան փ., թիվ 15/1 հասցեում գտնվող «Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի պահեստում առաջացած հրդեհի նյութերով 02.10.2015 թվականի հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ կայացված թիվ 39 որոշմամբ փորձագետներին վերոհիշյալ բովանդակությամբ հարց չի առաջադրվել, և բացի այդ, սույն համալիր փորձաքննության կատարման` այսինքն վերը նշված ընկերությունում հրդեհի առաջացումից մոտ 2,5 տարի անց շինությունը վերականգնվել է։ Ուստի նման պայմաններում, սույն համալիր փորձաքննությամբ պարզել, թե Կազմակերպության կողմից պահպանվել են փաստացի իրականացվող գործունեության համար (գործառնական նշանակությունից բխող) ՀՀ իրավական ակտերով սահմանված շինարարատեխնիկական բոլոր նորմերը (օրինակ` արդյոք հրդեհված տարածքն իր նպատակային և գործառնական նշանակությամբ համապատասխանում է փաստացի իրականացվող գործունեության համար նախատեսված տեխնիկական պայմաններին, թե ոչ, կամ օրինակ` արդյոք տարածքի բաժանումն իրականացված է փաստացի իրականացվող գործունեության համար սահմանված տեխնիկական պահանջներին, թե ոչ) հնարավոր չէ:
10. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Թույլատրվում է արդյո՞ք անմիջապես արտադրամասում ունենալ (կառուցել) պահեստավորման տարածք» հարցի կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 03․03․2004 թվականի թիվ 15-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002) «Պահեստային շենքեր» շինարարական նորմերի 4.5 կետում ուղղակի ամրագրված է` «Արտադրական շենքերում տեխնոլոգիական գործընթացի ապահովման նպատակով տեխնոլոգիական նախագծման նորմերով սահմանված քանակի հումքի և կիսապատրաստուկների ծախսային ու միջանկյալ պահեստները կարող են անմիջականորեն տեղադրվել արտադրական շենքերում, բաց կամ ցանցապատ պաշտպանակով (…)»:
11. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Արդյո՞ք պահեստավորման տարածքը համապատասխանել է հրդեհային անվտանգության և կամ շինարարատեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջներին» հարցի պատասխանը տես թիվ 9-րդ հարցի հետևությունում (փորձագետներ` Ա. Կարապետյան Ա․ Արսենյան)։
17. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Որքա՞ն է կազմում հրդեհի հետևանքով հատուկ Կազմակերպության կրած վնասի չափը» հարցի շրջանակներում կատարված վերլուծությունից ելնելով, սույն համալիր փորձաքննությամբ, զուտ ապրանքագիտական տեսանկյունից, դիտվում է, որ.
ա) Նախաձեռնողի կողմից հիշյալ համալիր փորձաքննությանը տրամադրված թիվ ԵԿԴ/1782/02/16 քաղաքացիական գործի նյութերում, մասնավորապես՝ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ Վ.Մկրտչյանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 02-ին կայացված որոշման հիման վրա, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննությունների բաժինների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 45841504 տրված փորձագետի եզրակացության, կոնկրետ դեպքում` ապրանքագետ փորձագետի կողմից կատարված տեղազննման և հետազոտման արդյունքում` Կազմակերպության «01.10.2015 թվականին բռնկված հրդեհից վնասված ապրանքանյութական արժեքների գույքագրման N1 ակտում» արտացոլված վնասված և այրված, ինչպես նաև դրանցից մնացած նմուշների` վնասվածության, այրվածության և հետագա օգտագործման պիտանելիության աստիճանի, այդ ապրանքանյութական արժեքների արտադրության տեսանկյունից պատկանելիության և վերականգնման հնարավորության ու նպատակահարմարության վերաբերյալ ցույց տրված ելակետային տվյալները հիմք ընդունելու պայմաններում, Կազմակերպության «01.10.2015 թվականին բռնկված հրդեհից վնասված ապրանքանյութական արժեքների գույքագրման N1 ակտ»-ում նշված, վնասվածքների հետևանքով Կազմակերպության ապրանքատեսակներին ապրանքագիտական մասով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափն արժեքային արտահայտությամբ, 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել շուրջ 53.115.600 ՀՀ դրամ (փորձագետ` Հ․ Մկրտչյան)։
17. Նախաձեռնողի կողմից առաջադրված «Որքա՞ն է կազմում հրդեհի հետևանքով Կազմակերպության կրած վնասի չափը» հարցի շրջանակներում կատարված վերլուծությունից ելնելով, սույն համալիր փորձաքննությամբ, զուտ շինարարատեխնիկական տեսանկյունից, դիտվում է, որ.
բ) Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող Կազմակերպությանը պատկանող հրդեհի հետևանքով վնասված արտադրամասի վերականգնման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ գումարը կարող է կազմել 13.130.000 ՀՀ դրամ (փորձագետ՝ Ա. Արսենյան) (հատոր 3-րդ, գ.թ 7-19)․
12) 08.10.2018 թվականին Ընկերության ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, որը Դատարանի 20.11.2018 թվականի որոշմամբ մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 37-39, 61-64)․
13) 07.02.2019 թվականին Ընկերության ներկայացուցչի կողմից կրկին Դատարան է ներկայացվել կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, որը Դատարանի 19.02.2019 թվականի որոշմամբ մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 77-79, 90-92)․
14) 20.05.2019 թվականին Ընկերության ներկայացուցչի կողմից կրկին Դատարան է ներկայացվել կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն: Դատարանը, քննարկելով միջնորդությունը, լսելով կողմերի ներկայացուցիչներին, գտել է, որ գործով անհրաժեշտ է նշանակել կրկնակի փորձաքննություն, քանի որ պատասխանող կողմի մոտ կասկածներ են առաջացել ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 27.04.2018 թվականին տրված թիվ 08761811 փորձագիտական եզրակացության արժանահավատության վերաբերյալ: Դատարանի 04.06.2019 թվականի որոշմամբ նշանակվել է կրկնակի էլեկտրատեխնիկական, հրդեհատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հրդեհատեխնիկական և շինարարատեխնիկական հարցերի պարզաբանման մասով (հարցեր՝ 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11) հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, իսկ էլեկտրատեխնիկական հարցերի պարզաբանման մասով (հարցեր՝ 2, 3, 4, 12, 13, 14)՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակից՝ գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանին և «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակից՝ գլխավոր ճարտարագետ՝ Լևոն Հակոբյանին, իսկ փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը.
1. որտե՞ղ է գտնվել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի օջախը,
2. ո՞րն է հանդիսացել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը,
3. եթե Ընկերության կողմից դրսևորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետևանքային կապ Ընկերության կողմից դրսևորված հակաիրավական գործողության և պատճառված վնասների միջև,
4. եթե Կազմակերպության կողմից դրսևորվել է հակաիրավական գործողություն կամ անգործություն, ապա առկա է արդյո՞ք պատճառահետևանքային կապ Կազմակերպության կողմից դրսևորված հակաիրավական գործողության և պատճառված վնասների միջև,
5. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները,
6. եթե առկա են հրդեհային անվտանգության կանոնների այլ խախտումներ, ապա ինչպիսին են դրանք և որքանո՞վ են ազդել հրդեհի առաջացման պատճառների, պատճառված վնասի ւ վնասի չափի վրա,
7. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք փաստացի իրականացվող գործունեության համար (գործառնական նշանակությունից բխող) ՀՀ իրավական ակտերով սահմանված շինարարատեխնիկական բոլոր նորմերը (օրինակ, արդյո՞ք հրդեհված տարածքն իր նպատակային և գործառնական նշանակությամբ համապատասխանում է փաստացի իրականացվող գործունեության համար նախատեսված տեխնիկական պայմաններին թե ոչ, կամ օրինակ, արդյո՞ք տարածքի բաժանումն իրականացված է փաստացի իրականացվող գործունեության համար սահմանված տեխնիկական պահանջներին, թե ոչ),
8. թույլատրվում է արդյո՞ք անմիջապես արտադրամասում ունենալ (կառուցել) պահեստավորման տարածքը,
9. արդյո՞ք պահեստավորման տարածքը համապատասխանել է հրդեհային անվտանգության և/կամ շինարարատեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,
10. արդյո՞ք արտադրամասում կամ պահեստավորման տարածքում թույլատրվում է թողնել գազով լցված տարաներ,
11. ի՞նչ ազդեցություն է ունեցել գազով լցված տարայի պայթյունը հրդեհի առաջացման, տարածման և վնասի ծավալների վրա, այսինքն կարող էր հրդեհի և վնասի ծավալները ավելի փոքր լիներ, եթե չլիներ գազի տարայի պայթյունը,
12. արդյո՞ք թույլատրվում է արտադրամասում, ինչպես նաև արտադրամասի պահեստավորման տարածքում տեղադրել լյումինեսցենտային լուսատուներ,
13. արդյո՞ք կարող էր առաջանալ հրդեհ լյումինեսցենտային լուսատուների անսարքությունից, եթե հայցվորի կողմից պահպանված լինեին «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հակահրդեհային անվտանգության պահանջները,
14. եթե արտադրամասում կամ պահեստավորման տարածքում տեղադրված լինեին այլ (ոչ լյումինեսցենտային) լուսատուներ, ապա հրդեհ կառաջանար, թե ոչ (հատոր 3-րդ, գ.թ. 100-105, 117-121)․
15) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 18․11․2022 թվականին տրված թիվ 19-0115Ք փորձագետի եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝
1.2ա. Ելնելով թիվ ԵԿԴ/1782/02/16 քաղաքացիական վարույթի նյութերի մեջ առկա ելակետային տվյալների հետազոտության արդյունքներից, դրանց վերլուծությունից և համադրումից, եզրակացնում է, որ դեպքի վայրում՝ ք. Երևան, Մարշալ Բաբաջանյան փողոցի 1-ին փակուղի թիվ 15/1 հասցեում գտնվող Կազմակերպության երկհարկանի շինությունում հրդեհի օջախը գտնվել է երկրորդ հարկում գտնվող արտադրամասի առանձնացված աջ հատվածում, որը ծառայել է որպես պահեստավորման տարածք։ Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել շինության պահեստավորման տարածքի էլեկտրասնուցման ոչ աշխատանքային ժամերին միացված հերթապահ լուսավորության համակարգում առաջացած վթարային ռեժիմը: Առավել հստակեցնել հրդեհի օջախի տեղակայումը և հրդեհի առաջացման մեխանիզմը հնարավոր չէ կոնկրետ դեպքում դեպքի վայրի վերանորոգված լինելու և ներկայացված նյութերի քիչ ինֆորմատիվության պատճառով։
5ա.6. Կազմակերպության կողմից չեն պահպանվել Հրդեհային անվտանգության կանոնների բաժին I գլուխ 4-ի 48-րդ կետի 8-րդ ենթակետի, բաժին VI գլուխ 27-ի 337-րդ, 341-րդ և 342-րդ կետերի պահանջները (մանրամասն տես եզրակացության հրդեհատեխնիկական հետազոտական մասում):
Էլեկտրատեխնիկական բնույթի խախտումների հնարավոր դրսևորումները բերված են եզրակացության էլեկտրատեխնիկական հետազոտական մասում:
10.11. Հրդեհային անվտանգության կանոններով արտադրամասերում կամ պահեստավորման տարածքում գազով լիցքավորված տարաների պահումը չի կարգավորվում, իսկ դրա պայթյունի հետևանքով հրդեհի առաջացման հնարավորությունը չի դիտարկվել, քանի որ համաձայն Հրդեհի մասին ակտի 20 կգ-ոց գազի գլանատակառի պայթյունը տեղի է ունեցել հրդեհաշիջման ժամանակ (փորձագետ՝ Դ.Մելքումյան)։
5բ.7. Սույն փորձաքննության շրջանակներում կատարված շինարարատեխնիկական փորձագիտական հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ուսումնասիրվող շինությունը համաձայն 14.12.2009 թվականի թիվ 2585880 սեփականության վկայականի գրանցված է որպես օժանդակ շինություն, սակայն փաստացի օգտագործվում է որպես արտադրամաս՝ իրեն կից պահեստային տարածքներով: Արտադրամասերի և պահեստների վերաբերյալ հատկապես կարևոր են տվյալ արտադրամասի կամ պահեստային տարածքի գործառույթներն, որոնք սահմանվում են նախագծով և նախագծի տեխնոլոգիական մասով, ըստ որի որոշվում են տեխնիկական պայմանները և տարածքի բաժանումները: Փորձաքննությանը տրամադրված փաստաթղթերում բացակայում են տվյալ տարածքի վերաբերյալ նախագծանախահաշվային (ներառյալ տեխնոլոգիական մասը) փաստաթղթերը: Միաժամանակ, փորձագիտական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ հրդեհից հետո տարածքում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում դեպքի վայրի նախնական տեսքը չի պահպանվել և տարբերակել հրդեհի պահին գոյություն ունեցած իրավիճակը հնարավոր չէր:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ փորձաքննությանն առաջադրված հարցերին շինարարատեխնիկական տեսանկյունից պատասխանելու համար որպես հիմք ընդունվել են փորձագետների կողմից 22.02.2021 թվականին դեպքի վայրում կատարված հետազոտությունների արդյունքները, ԵՀ և ՏԱՏ մասնագետների կողմից 08.11.2015 թվականին կազմված «Հրդեհի մասին Ակտը», ինչպես նաև ՀՀՇՆ 21․01․2014 թվականի «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն», ՀՀՇՆ IV-11.03.01-04, «Արտադրական շենքեր», ՀՀՇՆ III-9.02.02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերը և «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 18․06․2015 թվականի թիվ 595-Ն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանը:
Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ շինարարատեխնիկական առումով առկա են նորմերի հետևյալ խախտումները.
Որպես արտադրամաս շահագործվող տարածքում առկա դռներին կից արտաքին աստիճանները բացակայում են: Աստիճաններից առնվազն մեկն անհրաժեշտ է վերականգնել:
Ապահովված չէ ելքը դեպի տանիք։
Համաձայն ՀՀՇՆ IV-11.03.02-04 «Պահեստային շենքեր» շինարարական նորմերի՝ անմիջապես արտադրամասում թույլատրվում է ունենալ (կառուցել) պահեստավորման տարածք (մանրամասը տես՝ շինարարատեխնիկական հետազոտական մասում):
8.9. Պահեստավորման տարածքներին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀՇՆ IV-11.03.02-04 «Պահեստային շենքեր» շինարարական նորմով:
Համաձայն տվյալ շինարարական նորմերի անմիջապես արտադրամասում թույլատրվում է ունենալ (կառուցել) պահեստավորման տարածք:
Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ շինարարատեխնիկական առումով առկա է նորմերի հետևյալ խախտումը.
Պահեստային հատվածում գոյություն ունեցած պատուհանները շարված էին կանոնավոր քարով, սակայն ծխահեռացման միջոցառումներ չէին կազմակերպվել (մանրամասը տես՝ շինարարատեխնիկական հետազոտական մասում) (փորձագետ՝ Թ․ Հմայակյան)։
2բ. Գործի ուսումնասիրման, ինչպես նաև 19.11.2019 թվականին իրականացված տեղազննության արդյունքում պարզվել է, որ Կազմակերպությունը հրդեհից առաջ և հետո իր պատասխանատվության տիրույթում գտնվող էլեկտրատնտեսությունը շահագործել է և շարունակում է շահագործել Կանոնների կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ պահեստային շինություններում չի թույլատրվում հերթապահ լուսավորության, էլեկտրաջեռուցիչ սարքերի շահագործում, խրոցակային վարդակների տեղադրում, ինչպես նաև պահեստների էլեկտրասարքավորումները աշխատանքային օրվա վերջում պետք է հոսանքազրկվեն, մինչդեռ եզրակացություններով հաստատվել է, որ պահեստում եղել է հերթապահ լուսավորություն, այն եղել է ոչ աշխատանքային ժամերին միացված, որը և հանդիսացել է հրդեհի պատճառը:
Կազմակերպությունը մի քանի անգամ գերազանցել է իր կողմից ներկայացված և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրում սահմանված 10 կՎտ դրվածքային հզորությունը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ մինչև հրդեհը Կազմակերպության էլեկտրատնտեսությունը երկար ժամանակ աշխատել է գերբեռնված ռեժիմով՝ թուլացնելով և կարճացնելով ուժային մալուխների և ավտոմատ անջատիչ սարքերի ամրակման մանրակների ծառայության ժամկետը։
Նշվածի հետ մեկտեղ, առկա չէ որևէ տեղեկատվություն, որով կհաստատվի Ընկերության սպասարկման տարածքում լարման տատանումների առկայության մասին:
Ուստի միանշանակ է, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել Կազմակերպության էլեկտրատնտեսությունում ուժային մալուխներում կամ միացման հանգույցներում մեկուսացման ծագումով պայմանավորված կարճ միացման առաջացումը։
Կարճ միացումն ուժային մալուխներում երկարատև բնույթ է կրել, առաջացել է կայծարձակում՝ էլեկտրական աղեղ, որի շիկացած մասնիկները վառվող նյութերի առկայության դեպքում առաջացրել են հրդեհ: Չեն գործել ավտոմատ անջատիչները (Ա1 և Ա2), պայմանավորված երկարատև կարճ միացման հոսանքներով թիվ ՏԵ-1056 ենթակայանից սնվող ցանցում տեղի է ունեցել լարման տատանումներ, սնող ենթակայանում այրվել և կոտրվել է Կազմակերպությանը սնող մալուխը և էլեկտրասնուցման շղթան խզվել է:
3. Ընկերությունը սպասարկում է թիվ ՏԵ-1056 ենթակայանի էլեկտրասարքավորումները և պատասխանատու է ենթակայանի բարձր լարման 10 կՎտ բաշխիչ սարքավորումների, 10/0,4 կՎ ուժային տրանսֆորմատորի, ինչպես նաև ցածր լարման 0,4 կՎ լարման բաշխիչ սարքավորումների վիճակի պահպանման և անվտանգ շահագործման համար։ Սարքավորումների սպասարկման պատասխանատվության բաժանարար կետը Ընկերության և Կազմակերպության միջև (ըստ պատկանելիության սահմանազատման կետ) հանդիսանում է Կազմակերպության ցածր լարման մալուխի ծայրերը՝ մոնտաժված թիվ ՏԵ-1056 ենթակայանի ցածր լարման վահանի վրա (տես սխեմա 1-ը):
Չնայած այն հանգամանքին, որ թիվ ՏԵ-1056 ենթակայանի 0,4 կՎ լարման մալուխները շահագործվել են անվտանգության նորմերի խախտումներով, որի հետևանքով կարող էին առաջանալ ենթակայանում մալուխների մեկուսացման ծակում և արդյունքում կարճ միացում, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ այդ կարճ միացումը չէր կարող առաջացնել շուրջ 200 մետր էլեկտրական հեռավորության վրա գտնվող Կազմակերպության պահեստային տնտեսության լուսավորության ցանցում լարման տատանում, հատկապես լարման բարձրացում, որի հետևանքով առաջանար լուսավորության ցանցում կարճ միացում։ Ըստ կանոնի՝ կարճ միացման կետից հետո լարումը հավասարվում է զրոյի:
4․ Վարույթի ուսումնասիրության, ինչպես նաև 19.11.2019 թվականին իրականացված տեղազննության արդյունքում պարզվել է, որ Կազմակերպությունը 2015 թվականի ընթացքում, հրդեհից առաջ և հետո իր պատասխանատվության գոտում գտնվող էլեկտրատնտեսությունը շահագործել է և շարունակում է շահագործել Կանոնների կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ պահեստային շինություններում չի թույլատրվում հերթապահ լուսավորություն, էլեկտրաջեռուցիչ սարքերի շահագործում, խրոցակային վարդակների տեղադրում, բացի այդ պահեստների էլեկտրասարքավորումները աշխատանքային օրվա վերջում պետք է հոսանքազրկվեն, մինչդեռ, եզրակացություններով հաստատվել է, որ պահեստում եղել է հերթապահ լուսավորություն, որը եղել է միացված, որը և հանդիսացել է հրդեհի պատճառը։ Կազմակերպությունը մի քանի անգամ գերազանցել է պայմանագրով սահմանված դրվածքային հզորությունը, էլեկտրականությունը երկար ժամանակ աշխատել է գերբեռնված ռեժիմով՝ թուլացնելով և կարճացնելով ուժային մալուխների և ավտոմատ անջատիչ սարքերի ամրակման մանրակների ծառայության ժամկետը:
Մասնավորապես, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրում սահմանված դրվածքային հզորությունը կազմում է 10 կՎտ, մինչդեռ Կազմակերպության կողմից սպառված էլ․ էներգիայի վերաբերյալ փաստաթղթից (փոխադարձ ակտ) հետևում է, որ այդ սահմանաչափը գերազանցվել է, որի բացասական հետևանքների համար պատասխանատու է սպառողը:
Կազմակերպության կողմից դրսևորվել է անգործություն իր սպասարկման տիրույթում գտնվող սարքավորումների պատշաճ շահագործումն ապահովելու հարցում, որը պատճառահետևանքային կապի մեջ է առաջացած հրդեհի պատճառների հետ:
12. Արտադրամասում, ինչպես նաև արտադրամասի պահեստավորման տարածքում թույլատրվում է տեղադրել լյումինեսցենտային լուսատուներ: Լյումինեսցենտային լուսատուները պետք է ապահովված լինել պաշտպանիչ հրդեհավտանգ պատյանով: Պաշտպանիչ հրդեհավտանգ պատյանը պետք է ապահովվի լուսատուի իրանի հերմետիկ միացում, պայմանով բացառվի լուսատուի (լամպերում կամ գործարկող-կարգավորող սարքերում կամ հաղորդալարերում) առաջացած կարճ միացումների դեպքում կայծարձակման հնարավորությունն արտաքին միջավայր։
Պահեստների տարածքում չի թույլատրվում օգտագործել հերթապահ լուսավորություն, աշխատանքային լուսավորությունն աշխատանքային օրվա վերջում պետք է անջատվի:
13. Ընդհանուր առմամբ լյումինեսցենտային լուսատուներն ունեն հրդեհային անվտանգության բարձր մակարդակ և աշխատանքի ընթացքում գործնականում բացակայում է հրդեհի առաջացման ռիսկը, այն պարզ պատճառով, որ աշխատանքի ընթացքում լյումինեսցենտային լամպերը չեն տաքանում՝ ջերմության անջատումը նվազագույն է, լարման տատանումների նկատմամբ զգայուն չեն, լամպի թողարկման պահին ցանցում գերբեռնվածություն չի առաջանում:
Եթե Հայցվորի կողմից պահպանված լինեին «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները, ապա լյումինեսցենտային լուսատուների անսարքությունից՝ ամպերում կամ գործարկող-կարգավորող սարքերում կամ հաղորդալարերում առաջացած հնարավոր կարճ միացումների դեպքում կայծարձակման հնարավորությունն արտաքին միջավայր կբացառվեր, ուստի հրդեհ չէր կարող առաջանալ:
14. Էլեկտրաէներգիայի որակի չափորոշիչներից մեկը հանդիսանում է լարման տատանումները: Երկարատև կայունացված ռեժիմներում մարման թույլատրելի շեղումների նորմը սահմանված է ± 10 % Սնոմ (220 Վոլտ լարման ցանցում՝ 198 Վոլտից մինչև 242 Վոլտ), որը հիմնականում պայմանավորված է սպառողների բեռնվածքի փոփոխությամբ։ Էլեկտրական սարքավորումները, այդ թվում՝ բոլոր տիպի լուսատուները նախատեսված են աշխատելու նշված ռեժիմում: Լարման տատանումներն էլեկտրամատակարարման ցանցերում բնական երևույթ են և կախված չեն մարդկային գործոնից, խուսափել այդ երևույթից գործնականում անհնար է, ուստի սարքավորումները, այդ թվում՝ լուսատուները, պետք է նախատեսված լինեն այդ ռեժիմներում անվտանգ և անխափան աշխատելու հնարավորությամբ:
Թույլատրվում է պահեստային տնտեսությունում տեղակայել ինչպես լյումինեսցենտային, այնպես էլ այլ տիպի (օրինակ՝ շիկացման թելիկով) լամպեր, ապահովվելով համապատասխան նորմերի պահանջները, որի դեպքում նույնիսկ լարման տատանումների առկայության պարագայում, բնականաբար, հրդեհ չէր կարող առաջանալ (փորձագետներ՝ Գ․ Ղազարյան, Լ․ Հակոբյան):
Էլեկտրատեխնիկական մասով առաջադրված հարցերի վերաբերյալ փորձագետների եզրահանգումների հիմքում ընկած են հետևյալ հիմնավորումները. «Թիվ ԵԿԴ/1782/02/16 քաղաքացիական գործում առկա է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված թվով երկու էլեկտրատեխնիկական փորձագիտական եզրակացություններ:
Առաջին եզրակացությունը կատարվել է 17.10.2015 թվականին և ունի թիվ 45841504 համարը (այսուհետ նաև՝ 1-ին եզրակացություն):
Երկրորդ եզրակացությունը կատարվել է 27.04.2018 թվականին և ունի թիվ 08761811 համարը (այսուհետ նաև՝ 2-րդ եզրակացություն):
Գործում առկա 1-ին Եզրակացության մեջ կատարվել է եզրահանգում, որ լյումինեսցենտային լուսատուների գործարկման կարգավորման սարքվածքները աշխատում են լարման անընդհատ տատանումների, ցանցի էլեկտրական լարման շեղման պայմաններում, ինչը երկարատև շահագործման դեպքում բերում է դրանց շահագործման ժամկետի կրճատմանը և վթարային իրավիճակների առաջացմանը:
Սակայն ակնհայտ է, որ նախ լարման նման տատանումները, եթե այդպիսիք լինեին, պետք է, որ ազդեին նաև այլ ուժային սարքավորումների վրա, ինչ վերաբերյալ 1-ին եզրակացության մեջ տեղեկատվություն առկա չէ, և երկրորդ, նախկինում նման դեպքեր չեն արձանագրվել ՏԵ-1056-ից սնվող բաժանորդների բողոքների տեսքով: Ամեն դեպքում էլեկտրատեխնիկական մասով փորձագետը որևէ լրացուցիչ միջոց չի ձեռնարկել ճշգրտելու տվյալ տատանումների առկայությունը:
Ըստ փորձագետի ուսումնասիրության՝ պահեստային մասում հրդեհավտանգ նյութեր չեն եղել: Եթե պահեստում հրդեհավտանգ նյութեր չեն եղել, ապա հրդեհի օջախ հանդիսացած պահեստային տնտեսությունում ինչն է այրվել: Լյումինեսցենտային լամպերը և այդ տեսակի այլ լուսատուները (լամպերը և գործարկող-կարգավորող սարքերը՝ բալաստը) լարման տատանման հետևանքով առաջացած խափանումից չեն կոտրվում, եթե առկա չէ մեխանիկական ազդեցություն: Եթե նույնիսկ կոտրվում են, ապա հրդեհ չէր կարող բռնկվել, քանի որ ինչպես նշում է էլեկտրատեխնիկական մասով փորձագետը, պահեստում հրդեհավտանգ նյութեր չեն եղել:
Քանի որ Կազմակերպության սարքավորումները և աշխատանքային լուսավորման էլեկտրական սնուցումը իրականացված է եղել արտադրամասի տարածքում տեղակայված 0,4 կՎ բաշխիչ վահանի մուտքի ավտոմատ անջատիչից, որն էլ իր հերթին սնվել է ՏԵ-1056-ում տեղակայված իրենց պատկանող ավտոմատ-անջատիչից, ապա հարց է ծագում, թե ինչու չի պահպանվել ավտոմատ անջատիչների սելեկտիվ պաշտպանության սկզբունքը: Մասնագիտական տեսանկյունից պատասխանը մեկն է, այն արդյունք է ավտոմատ անջատիչ սարքերի ոչ ճիշտ աշխատանքի և տվյալ անջատիչը համաձայն Պայմանագրի գտնվում է Հայցվորի պատասխանատվության գոտում:
Մինչև հրդեհը պահեստի հերթապահ լուսատուների և նրանց սնող հաղորդալարի վիճակի (պարամետրերի) վերաբերյալ նախկին երկու փորձաքննությունների ընթացքում ոչ մի տեղեկություն չկա: Պարզ չէ նաև, թե նշված սարքավորումները և էլեկտրատնտեսությունը երբ է սպասարկվել և եթե սպասարկվել է, ապա արդյոք համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից: Անընդհատ շեշտվում է էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների մասին, սակայն անտեսվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015 թվականի թիվ 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների (այսուհետ Կանոններ) պահպանման մասին:
1-ին եզրակացության մեջ փորձագետը մի քանի անգամ նշում է լարման տատանումների մասին, սակայն անհասկանալի է, թե այդ տատանումները ինչպես են արձանագրվել համապատասխան չափիչ սարքավորումների միջոցով: Այդ մասին փորձագետը որևէ նշում չի կատարել 1-ին եզրակացության մեջ և տպավորություն է, որ տատանումները որպես հրդեհի առաջացման պատճառ, մտացածին կամ ենթադրյալ դատողություններ են, այլ ոչ թե ճշգրիտ եզրահանգում, որը հիմնված է արձանագրված կոնկրետ փաստերի հիման վրա:
Երկրորդ եզրակացության մեջ նշված է, որ կարճ միացումից անջատվել է հերթապահ լուսավորության ավտոմատ անջատիչը: Ավտոմատ անջատիչի միացված լինելը դեռ չի ենթադրում, որ այն անջատվել է կարճ միացումից: ՏԵ-1056-ում մալուխը կարող էր կտրվել հրդեհի պատճառով, որը կարճ միացման հետևանք կարող էր լինել: Երկրորդ եզրակացությունից պարզ չէ թե ՏԵ-1056-ում, որ մալուխի կտրվելու մասին է խոսքը՝ ընդհանուր ցածր լարման վահանից դեպի Կազմակերպության ավտոմատ անջատիչ, թե ավտոմատ անջատիչից դեպի Կազմակերպություն գնացող մալուխը: Նշված չէ արտադրամասի հերթապահ լուսավորության ավտոմատ անջատիչի ընդհանուր ցածր լարման վահանից միացման սխեման:
Երկու փորձաքննությունների միջև առկա են էական հակասություններ, մեկը մյուսին չհամապատասխանող եզրահանգումներ:
Մասնավորապես, 1-ին Եզրակացության մեջ հրդեհից հետո լյումինեսցենտային լուսատուի դրոսելի պայթյունի վերաբերյալ ոչ մի նշում չկա: Իսկ 2-րդ Եզրակացության մեջ, որում, ի դեպ, նշվում է, որ հրդեհի պատճառած վնասները ամբողջովին վերականգնված են, շեշտվում է կարճ միացումից դրոսելի խափանման մասին, մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, 1-ին Եզրակացության մեջ դրոսելի պայթյունի մասին չի նշվում: Ընդհանրապես, 1-ին Եզրակացության փաթեթում առկա չէ դրոսելի, որևէ լուսատուի կամ լուսավորության ցանցի հաղորդալարերի նմուշներ:
Մասնագիտական տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ լյումինեսցենտային լուսատուների գործարկման կարգավորման սարքվածքները, թողարկիչները (դրոսել), համաձայն իրենց տեխնիկական բնութագրերի (տես հավելվածը)՝ լարման անընդհատ տատանումների նկատմամբ իներտ են, այլ կերպ ասած լարման տատանումները չեն կարող ազդել նրանց նորմալ աշխատանքի վրա: Նույնիսկ, եթե դրոսելի խափանումից առաջանար կարճ միացում, ապա ավտոմատ անջատիչը ակնթարթորեն պետք է անջատվեր, առավելագույնս նվազեցնելով կայծարձակումը՝ ապահովելով կարճ միացման կետի սելեկտիվ անջատումը:
Տեղին ենք համարում նշել, որ ըստ 2-րդ Եզրակացության մեջ նկարագրվում է, որ դրոսելի խափանումից առաջացած կայծարձակումը պատճառ է հանդիսացել հրդեհի առաջացմանը, հատկապես այն պարագայում, երբ պահեստում այրվող նյութեր չեն եղել:
Ելնելով վերը նշվածից կարելի է հանգել եզրակացության, որ փորձագետը (երկու դեպքում է նույն անձն է) ուսումնասիրությունները կատարել է մակերեսորեն՝ հիմնականում հենվելով և ուղղորդվելով հրդեհատեխնիկի կատարած եզրահանգումների վրա, մինչդեռ հրդեհատեխնիկական մասով փորձագետն էլ հենվում է էլեկտրատեխնիկական եզրակացությամբ արված եզրահանգումների վրա:
Նշված չէ պահեստի արտադրամասի հերթապահ լուսավորության մոնտաժված հաղորդալարի տեսակը (տիպը): Այն գործող նորմերով (գրականության 2-րդ մաս (ПУЭ)) պետք է լինի ПР տիպի պղնձյա միաջիղ հաղորդալար, ռետինե մեկուսացումով բամբակաթղթե պատվածքով, որը ներծծված պետք է լինի հականեխիչ նյութով: Հաղորդալարը պետք է ամրացված լինի մեկուսիչների, ռոլիկների կամ կախիչների վրա:
Գործի ուսումնասիրման ընթացքում պարզվեց (Հայցվորի կողմից սպառված էլ. էներգիայի վերաբերյալ փաստաթուղթ կամ փոխադարձ ակտ), որ Կազմակերպությունը 2015 թվականի ընթացքում՝ հրդեհից առաջ և հետո, մի քանի անգամ գերազանցել է իր կողմից ներկայացված և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրում սահմանված դրվածքային հզորությունը, որը կազմում է 10 կՎտ: Նշվածից կարելի է եզրահանգել, որ մինչև հրդեհը Կազմակերպության էլեկտրատնտեսությունը երկար ժամանակ աշխատել է գերբեռնված ռեժիմով՝ թուլացնելով և կարճացնելով ուժային մալուխների և ավտոմատ անջատիչ սարքերի ամրակման մանրակների ծառայության ժամկետը, ուստի հրդեհի առաջացման պատճառ կարող էր հանդիսանալ ոչ թե պահեստի լուսավորությունը, այլ Կազմակերպության էլեկտրատնտեսության ուժային մալուխները, որոնց համար հիմնական բեռ է հանդիսացել էլեկտրական մեծ հզորության ջերմամշակող սարքավորումը, որի մասով նախորդ փորձաքննություններով ընդհանրապես հետազոտություններ և ուսումնասիրություններ իրականացված չեն:
Հարկ ենք համարում նշել, որ էլեկտրատեխնիկական մասով փորձագետը չի անդրադառնում տեխնիկական կանոնակարգերով պահեստներում լուսավորության ցանցերի շահագործմանը ներկայացվող պահանջներին, մասնավորապես Կանոններին:
Կանոնների 342-րդ կետի համաձայն՝ պահեստային շինություններում չի թույլատրվում հերթապահ լուսավորություն, գազային սալօջախների, էլեկտրաջեռուցիչ սարքերի շահագործում, ինչպես նաև խրոցակային վարդակների տեղադրում:
Մինչդեռ, 1-ին փորձաքննությամբ հաստատվել է, որ պահեստում եղել է հերթապահ լուսավորություն, այն եղել է ոչ աշխատանքային ժամերին միացված (հարց է առաջանում՝ թե ինչու է ոչ աշխատանքային ժամերին պահեստային տնտեսության լուսավորությունը եղել միացված), որը և հանդիսացել է հրդեհի օջախ և պատճառը:
Չնայած այն հանգամանքին, որ դեպքի վայրը պահպանված չէր, մեր կողմից առաջարկվեց իրականացնել հրդեհի վայրի (ամբողջ տարածքի) և ՏԵ-1056 ենթակայանի տեղազննություն, ինչպես նաև գործի ուսումնասիրություն:
(․․․) Տեղազննությունն իրականացվել է 19.11.2019 թվականին և սկսվել է ժամը 11:00-ին թիվ ՏԵ-1056 ենթակայանից:
Էլեկտրամատակարարման սխեման բացակայում էր՝ այդ մասին փորձագետ Գ. Հարությունյանը նշել է իր 1-ին եզրակացության մեջ: Ֆիզիկական երևույթները հստակ պատկերացնելու համար ներկայացված սխեման վերագծվել է տեղազննության արդյունքում:
Էլեկտրասարքավորումների վիճակի և սպասարկման պատասխանատվությունը (սահմանազատման կետ) Ընկերության և Կազմակերպության միջև ըստ բալանսային պատկանելիության հանդիսանում է Կազմակերպության ցածր լարման մալուխի ծայրերը, մոնտաժված թիվ ՏԵ-1056 ենթակայանի ցածր լարման վահանի վրա:
Տեղազննության արդյունքում պարզվել է, որ անցած ժամանակահատվածում՝ հրդեհից հետո փոխարինվել է ուժային մալուխի սկզբի հատվածը և ավտոմատ անջատիչը:
Առաջին եզրակացության մեջ ասվում է, որ թիվ ՏԵ-1056 ենթակայանում գտնվող Կազմակերպությանը պատկանող ավտոմատ անջատիչը՝ Ա1 կարճ միացման հետևանքով անջատված էր: Մեր գնահատմամբ Ա1 ավտոմատ անջատիչը անջատված չի եղել, այն պարզ պատճառով, որ եթե անջատված լիներ ենթակայանում գտնվող Կազմակերպությանը սնող Ա1 ավտոմատ անջատիչը, ապա ենթակայանում գտնվող ուժային մալուխը (Մ1) չէր կարող հրդեհից առաջացած կարճ միացման հետևանքով հալվել և կտրվել: Ա1 ավտոմատ անջատիչի անջատման դեպքում էլեկտրական սխեման կխզվեր և կարճ միացման հոսանքը կհավասարվեր զրոյի: Հարկ է նշել նաև, որ ուժային մալուխի Մ2 եռաջիղ լինելը (հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը), որի զրոյական հաղորդալարը միացված է եղել պաշտպանիչ պատյանից՝ հակասում է անվտանգության նորմերին (մալուխը պետք է լինի քառաջիղ թվով 3 ֆազային և թվով 1 զրոյական ջիղերով):
Սպառողի կողմից միջֆազային ասիմետրիկ բռնվածքներ առաջանալու դեպքում Մ2 մալուխի պաշտպանիչ պատյանով կարող է մեծ հոսանքներ անցնել, արդյունքում երկարատև ասիմետրիկ բեռնվածքով աշխատանքի դեպքում կարող է խզվել որպես զրոյական հաղորդալար ծառայող մալուխի պաշտպանիչ պատյանը, որի հետևանքով սպառողի մոտ միաֆազ բեռնվածքի դեպքում կարող էր առաջանալ լարման բարձրացում:
Ընդհանուր առմամբ ենթակայանի ցածր լարման էլեկտրատեղակայանքները և մալուխային գծերը գտնվում են վատ վիճակում: Մասնավորապես, առկա են մալուխների կցորդումով միացված հատվածներ և չօգտագործվող մալուխների հատվածներ:
Այնուհետև զննման գործընթացը շարունակվեց Կազմակերպության տարածքում: Փոխարինված էին 0,4 կՎ լարման ուժային վահանները և ներքին սնման մալուխները:
Մինչև հրդեհը Կազմակերպության տարածքը շրջափակող պատի ներսի կողմից տեղակայված է եղել ուժային Մ2 մալուխը ընդունող ավտոմատ անջատիչը, որը ամենայն հավանականությամբ նույնպես հրդեհի ժամանակ թիվ ՏԵ-1056 ենթակայանի ավտոմատ անջատիչի (Ա1) նման անջատված չի եղել, այն պարզ պատճառով, որ եթե անջատված լիներ Կազմակերպության տարածքում գտնվող մուտքի Ա2 կամ թիվ ՏԵ-1056 ենթակայանում գտնվող Կազմակերպությանը սնող Ա1 անջատիչներից որևէ մեկը, ապա թիվ ՏԵ-1056 ենթակայանում գտնվող ուժային մալուխը (Մ1) չէր կարող հրդեհից առաջացած կարճ միացման հետևանքով հալվել և կտրվել: Ավտոմատ անջատիչներից որևէ մեկի անջատման դեպքում էլեկտրական սխեման կխզվեր և կարճ միացման հոսանքը կհավասարվեր զրոյի: Ավտոմատ անջատիչների պաշտպանության համակարգը ընտրվում է այնպես, որ ապահովի կարճ միացման հոսանքներից անջատիչի ակնթարթորեն անջատումը (ավտոմատ անջատիչի ժամանակի հապաղումը հավասար է զրոյի): Որպես կանոն կարճ միացման հոսանքների մեծությունը մի քանի անգամ (6-ից մինչև 10 անգամ) գերազանցում է մալուխների թույլատրելի երկարատև հոսանքի մեծությունը:
Փոխարինված էին Կազմակերպության տարածքում գտնվող 0,4 կՎ լարման ուժային վահանները և ներքին սնման մալուխները:
Այնուհետև տեղազննման գործընթացը շարունակվեց Կազմակերպության տարածքում հրդեհի օջախ հանդիսացած պահեստային տարածքում:
Հարկ է նշել նաև պահեստային մասի լուսավորությունը ներկայումս մոնտաժված է բաց վիճակով, լուսատուները բացակայում են, լուսավորությունը իրականացված է առանց լուսատուների պաշտպանիչ պատյանի LED տիպի էկոնոմ լյումինեսցենտային լամպերով, պոլիմերային հումքով արտադրանքի մի մասը անկանոն կերպով թափված է հատակին, իսկ փաթեթավորված մասը մոտ է գտնվում բաց լուսատուին (նորմը պետք է լինի ոչ պակաս 0,5 մ), որը հակասում է անվտանգության նորմերին և կանոններին (Կանոնների 27-րդ գլխի պահանջները):
Տեղազննության ընթացքում արտադրամասը աշխատում էր: Արտադրամասում պոլիմերային հումքով արտադրանքը անկանոն կերպով թափված էր հատակին, իսկ մի քանիսը 0,4 կՎ ուժային վահանի բաց դռան մոտ:
Նույն պատկերն էր նաև պահեստային տնտեսության դրսի հատվածում՝ անմիջապես արտադրամասը սնող ուժային մալուխների տակ նույնպես առկա էր ստվարաթղթե այրվող նյութեր։
Եզրահանգումներ․
1.Թիվ ՏԵ-1056 ենթակայանի 0,4 կՎ լարման էլեկտրատնտեսության վիճակը մինչև Կազմակերպության տարածքում առաջացած հրդեհը և հրդեհից հետո (շուրջ 4 տարի անց) շահագործվել է անվտանգության նորմերի որոշակի խախտումներով (ենթակայանում առկա են մալուխների կցորդումով միացված հատվածներ):
2. Չնայած այն հանգամանքին, որ թիվ ՏԵ-1056 ենթակայանի 0,4 կՎ լարման մալուխները շահագործվել են անվտանգության նորմերի խախտումներով, որի հետևանքով կարող էր առաջանալ ենթակայանում մալուխների մեկուսացման ծակում և արդյունքում կարճ միացում, այնուամենայնիվ նշվածը չէր կարող առաջացնել շուրջ 200 մետր էլեկտրական հեռավորության վրա գտնվող Կազմակերպության պահեստային տնտեսության լուսավորության ցանցում լարման տատանում, հատկապես լարման բարձրացում, որի հետևանքով առաջանար լուսավորության ցանցում կարճ միացում: Որպես կանոն պետք է նշել, որ կարճ միացման կետից լարումը հավասարվում է 0-ի:
3. Կազմակերպության տարածքում տեղակայված ավտոմատ անջատիչը (տես սխեմայի Ա2), ինչպես նաև թիվ ՏԵ-1056 ենթակայանի ավտոմատ անջատիչը (տես սխեմայի Ա1) հրդեհի ժամանակ անջատված չի եղել, այն պարզ պատճառով, որ եթե անջատված լիներ վերը նշված ավտոմատ անջատիչներից որևէ մեկը, ապա ենթակայանում գտնվող ուժային մալուխը Մ1-ը չէր կարող հրդեհից առաջացած կարճ միացման հետևանքով հալվել և կտրվել: Ավտոմատ անջատիչներից որևէ մեկի անջատման դեպքում էլեկտրական սխեման կխզվեր և կարճ միացման հոսանքը կհավասարվեր զրոյի:
1-ին և 2-րդ Եզրակացությունների միջև կան դիտարկման ոչ տրամաբանական տարբերություններ, մեկը մյուսին չհամապատասխանող եզրահանգումներ: Մասնավորապես, 1-ին Եզրակացության մեջ հրդեհից հետո լյումինեսցենտային լուսատուի դրոսելի պայթյունի վերաբերյալ ոչ մի նշում չկա, իսկ 2-րդ Եզրակացության մեջ շեշտվում է կարճ միացումից դրոսելի խափանման մասին, մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, 1-ին Եզրակացության մեջ դրոսելի պայթյունի մասին չի նշվում: Լյումինեսցենտային լուսատուների գործարկման կարգավորման սարքվածքները՝ թողարկիչները (դրոսել), համաձայն իրենց տեխնիկական բնութագրերի (տես հավելվածը) լարման անընդհատ տատանումների նկատմամբ իներտ են: Այլ կերպ ասած լարման տատանումները չեն կարող ազդել նրանց նորմալ աշխատանքի վրա:
5. Կանոնների 341-րդ և 342-րդ կետերի համաձայն՝ պահեստային շինություններում չի թույլատրվում հերթապահ լուսավորության, գազային սալօջախների և էլեկտրաջեռուցիչ սարքերի շահագործում, խրոցակային վարդակների տեղադրում: Բացի այդ, պահեստների էլեկտրասարքավորումները աշխատանքային օրվա վերջում պետք է հոսանքազրկվեն, մինչդեռ փորձաքննություններով հաստատվել է, որ պահեստում եղել է հերթապահ լուսավորություն, որը հանդիսացել է հրդեհի պատճառը: Հարկ է նշել նաև պահեստային մասի լուսավորությունը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս մոնտաժված են բաց վիճակով՝ առանց լուսատուների պաշտպանիչ պատյանի, դյուրավառ արտադրանքի մի մասը անկանոն կերպով թափված էր հատակին, իսկ փաթեթավորված մասը մոտ էր գտնվում բաց լուսատուին (հատոր 4-րդ, գ.թ 19-56)․
16) 02.05.2023 թվականին Ընկերության ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն (հատոր 4-րդ, գ.թ. 135-138)․
17) Դատարանի 02.05.2023 թվականի արձանագրային որոշմամբ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը կրկին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Դատարան ներկայացրած միջնորդությամբ, ըստ էության, գնահատական է տրվել երկու եզրակացություններին, Դատարանը հնարավոր է համարում այդ եզրակացություններին համադրված գնահատական տալը, ուստի կրկին փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա և այդ հիմքով գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման հիմքը: Դատարանը կարևորել է գործի ողջամիտ ժամկետում քննության հանգամանքը, ինչպես նաև այն, որ ներկայացվել է փորձաքննություն նշանակելիս այն հանձնարարել անձի, որը չլիցենզավորված մասնագետ է (հատոր 4-րդ, գ.թ. 139-141, 02.05.2023 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ ու 62-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փորձագիտական եզրակացության արժանահավատության գնահատման հարցին, ինչպես նաև կրկնակի փորձաքննություն նշանակելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի և Կարինե Վարդազարյանն ընդդեմ Արման Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս Աշոտ Ղազարյանը և Մարգարիտ Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի ու Մարինե Պարանյանի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում (տե՛ս Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: (…):
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձաքննության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները:
Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`
1) նշում` կիրառված մեթոդների մասին.
2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով փորձագետի եզրակացությունը որպես գրավոր ապացույցի առանձին տեսակ գնահատելու հարցին, արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Անդրադառնալով փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Այսպես՝ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի, Արշակ Միլիտոնյանի, Գարուշ և Արայիկ Հակոբյանների և Կարեն Ախիկյանը, Արշակ Միլիտոնյանն ընդդեմ «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի, Գարուշ և Արայիկ Հակոբյանների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (տե՛ս Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Մալխասսյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Անդրադառնալով կրկնակի փորձաքննություն նշանակելու առանձահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետով օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է վերջինիս հիմքերը, այն է՝ փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ առաջանալը, կամ մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությունը: Անդրադառնալով փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ առաջացած կասկածներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք չեն կարող կրել բացառապես սուբյեկտիվ բնույթ, այլ պետք է հիմնավորվեն օբյեկտիվ հանգամանքներով: Մասնավորապես, փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածների համար օբյեկտիվ հիմք կարող են հանդիսանալ այնպիսի հանգամանքները, ինչպիսիք են, օրինակ, երբ փորձագետի եզրակացությունը հակասում է գործով ձեռք բերված մյուս ապացույցներին, փորձագետի եզրահանգումները ձևակերպված են առանց գործի հանգամանքները հաշվի առնելու, փորձագիտական եզրակացությունը կազմվել է գիտական տեսանկյունից անթույլատրելի մեթոդների կիրառմամբ, եզրակացությունը տրվել է այն անձի կողմից, որը նշված բնագավառում եզրակացություն տալու իրավասություն չունի, եզրակացությամբ հաստատված փաստական հանգամանքները հակասության մեջ են գտնվում գործով ձեռք բերված մյուս ապացույցների ամբողջությամբ հաստատված այլ փաստական հանգամանքների հետ և այլն: Ինչ վերաբերում է կրկնակի փորձաքննություն նշանակելու մյուս հիմքին, այն է՝ մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ երկու և ավելի եզրակացություններում հակասությունների մասին կարելի է դատողություններ անել միայն այն դեպքում, երբ եզրակացությունները տրվել են ըստ էության միևնույն հարցերի պարզաբանման նպատակով, և առաջադրված միևնույն հարցադրումների վերաբերյալ տարբեր փորձագետներ փորձաքննությունների արդյունքում հանգել են տրամագծորեն տարբեր և իրար հակասող հետևությունների (տե՛ս «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի, Արշակ Միլիտոնյանի, Գարուշ և Արայիկ Հակոբյանների և Կարեն Ախիկյանը, Արշակ Միլիտոնյանն ընդդեմ «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի, Գարուշ և Արայիկ Հակոբյանների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական կարգով փորձաքննություն նշանակելուց և փորձագետի եզրակացությունն ստանալուց հետո դատարանը փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից գնահատելիս բախվում է որևէ խոչընդոտի և միաժամանակ կողմերը կամ կողմերից մեկը բարձրացնում է այդ խոչընդոտը վերացնելու անհրաժեշտության հարցը (համապատասխան միջնորդություն ներկայացնելու եղանակով), ապա դատարանի պարտականությունն է պարզել, թե տվյալ խոչընդոտը հաղթահարելու համար օրենսդրի սահմանած դատավարական որ գործողությունն է կիրառման ենթակա և, ըստ այդմ էլ, որոշել կողմի ներկայացրած միջնորդության հիմնավորվածության հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կրկնակի փորձաքննությունը` որպես փորձագետի եզրակացության արժանահավատությանն առնչվող խոչընդոտները հաղթահարելուն ուղղված դատավարական գործողություն, կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ.
1. դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված առաջացել են կասկածներ փորձագետի եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ:
2. մի քանի փորձագետների եզրակացություններում առկա են հակասություններ (տե՛ս «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի, «Վենտմայն» ՍՊԸ-ի և Համլետ Հովսեփյանը, Վարդան Հովսեփյանն ընդդեմ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի թիվ ԵԱԴԴ/3172/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.11.2019 թվականի որոշումը):
Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պարտավոր է գործում առկա փորձագիտական եզրակացությունը գնահատել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ: Գործում մի քանի փորձագիտական եզրակացությունների առկայության դեպքում դատարանը պարտավոր է դրանցից յուրաքանչյուրի գնահատումն իրականացնել վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագիտական եզրակացությանն առաջադրվող պահանջները պահպանված լինելու հանգամանքը: Հարկ է նաև նշել, որ դատարանի եզրահանգումները՝ փորձագիտական եզրակացության արժանահավատության գնահատման մասով, պետք է բխեն որոշակի օբյեկտիվ հիմքերից, որոնք պայմանավորել են դատարանի ներքին համոզմունքի ձևավորումը: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է մատնանշել այն հանգամանքները, որոնց հաշվառմամբ վերջինս գնահատել է փորձագիտական եզրակացության արժանահավատությունը և համապատասխանաբար հանգել այդ եզրակացության արժանահավատ լինելու կամ չլինելու մասին որոշակի հետևության:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ այն դեպքերում, երբ կողմը ներկայացրել է միջնորդություն կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, դատարանը, գործում առկա փորձագիտական եզրակացությունները գնահատելիս և կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցը պարզելիս բացահայտելով, որ այդ եզրակացություններով փորձագետներին առաջադրված միևնույն հարցերի վերաբերյալ կատարվել են իրարից էականորեն տարբերվող եզրահանգումներ՝ պետք է օգտվի օրենսդրորեն իրեն վերապահված լիազորությունից ու նշանակի կրկնակի փորձաքննություն:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ․
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի հրդեհային (ԵՀ) և տեխնիկական անվտանգության տեսչության (ՏԱՏ) առաջատար մասնագետ Վ. Մկրտչյանի, 1-ին կարգի մասնագետ Գ. Մարտիրոսյանի, Կազմակերպության տնօրեն Մ. Ռաֆաելյանի կողմից 08.10.2015 թվականին կազմվել է «ԱԿՏ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ» վերտառությամբ փաստաթուղթը, որի համաձայն՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Մարշալ Բաբաջանյան 15/1 հասցեում գտնվող «Հատուկ Սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության արտադրամասում առաջացել է հրդեհ, որի հավանական պատճառը եղել է պահեստային հատվածով անցնող էլեկտրական հաղորդալարերի գերտաքացումը, որն առաջացել է էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից, ինչը հաղորդալարերի ՊՎՔ մեկուսիչ շերտի մեկուսացումն առաջացրել է բոցավառում, որն ուղեկցվել է շիկացած հաղորդալարերից այրվող մեկուսիչ շերտերի կաթիլների անջատումով, որոնք թափվելով արտադրված մեկուսիչ նյութերի վրա առաջացրել են բռնկում:
Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ Վ. Մկրտչյանի 02.10.2015 թվականի որոշմամբ նշանակված հրդեհատեխնիկական, էլեկտրատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննությամբ հաստատվել է, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը:
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 66․165․600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 26․03․2016 թվականից մինչև պարտավորությունը կատարելու օրը։
Ընկերության միջնորդության հիման վրա Դատարանը 18.12.2017 թվականի որոշմամբ նշանակել է հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, էլեկտրատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որով փորձագետներին, ի թիվս այլնի, առաջադրվել են հետևյալ հարցերը՝
1. ո՞րն է հանդիսացել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը,
2. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները:
27.04.2018 թվականի թիվ 08761811 փորձագիտական եզրակացությամբ փորձագետներին առաջադրված հարցերի կապակցությամբ կատարվել են հետևյալ եզրահանգումները՝ 1. կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը, 2. առաջացած հրդեհը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջների խախտման հետ։
Ընկերության՝ 20.05.2019 թվականին ներկայացված միջնորդության հիման վրա Դատարանը 04.06.2019 թվականի որոշմամբ նշանակել է կրկնակի էլեկտրատեխնիկական, հրդեհատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որով փորձագետներին, ի թիվս այլնի, առաջադրվել են նաև հետևյալ հարցերը՝
1. ո՞րն է հանդիսացել Մ. Բաբաջանյան 15/1 հասցեում Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի պատճառը,
2. Կազմակերպության կողմից պահպանվել են արդյո՞ք «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջները:
18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությամբ առաջադրված հարցերի կապակցությամբ կատարվել են հետևյալ եզրահանգումները՝ 1. հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել շինության պահեստավորման տարածքի էլեկտրասնուցման ոչ աշխատանքային ժամերին միացված հերթապահ լուսավորության համակարգում առաջացած վթարային ռեժիմը, Կազմակերպության կողմից չեն պահպանվել Հրդեհային անվտանգության կանոնների բաժին I գլուխ 4-ի 48-րդ կետի 8-րդ ենթակետի, բաժին VI գլուխ 27-ի 337-րդ, 341-րդ և 342-րդ կետերի պահանջները, 2. Կազմակերպության գոտում գտնվող էլեկտրատնտեսությունը շահագործվել և շարունակում է շահագործվել անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով:
Այնուհետև՝ 02.05.2023 թվականին Ընկերության կողմից Դատարան է ներկայացվել կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, որը Դատարանի 02.05.2023 թվականի արձանագրային որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Դատարան ներկայացրած միջնորդությամբ, ըստ էության, գնահատական է տրվել երկու եզրակացություններին, Դատարանը հնարավոր է համարում այդ եզրակացություններին համադրված գնահատական տալը, ուստի կրկին փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա և այդ հիմքով գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման հիմքը: Դատարանը կարևորել է գործի ողջամիտ ժամկետում քննության հանգամանքը, ինչպես նաև այն, որ ներկայացվել է փորձաքննություն նշանակելիս այն հանձնարարել անձի, որը չլիցենզավորված մասնագետ է:
Դատարանը 16.05.2023 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ այն պատճառաբանությամբ, որ․
- «ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 17․12․2015թ․ թիվ 45841504 և 27․04․2018թ․ թիվ 08761811 եզրակացությունների արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածներ չեն կարող առաջանալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ, քանի որ դրանք չեն հակասում գործով ձեռք բերված մյուս ապացույցներին, փորձագետների եզրահանգումները ձևակերպված են գործի հանգամանքները հաշվի առնելով, փորձագիտական եզրակացությունները կազմվել է գիտական տեսանկյունից թույլատրելի մեթոդների կիրառմամբ, եզրակացությունները տվել են փորձագետներ, որոնք նշված բնագավառում ունեն եզրակացություն տալու իրավասություն, իսկ նշված եզրակացություններով հաստատված փաստական հանգամանքները հակասության մեջ չեն գտնվում գործով ձեռք բերված մյուս ապացույցների ամբողջությամբ հաստատված այլ փաստական հանգամանքների հետ»,
- «Դատարանը, անդրադառնալով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 18.11.2022թ. թիվ 19-0115Ք եզրակացությանը, գտնում է, որ այն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր չէ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 17.12.2015թ. թիվ 45841504 և 27.04.2018թ. թիվ 08761811 եզրակացություններին՝ նկատի ունենալով, որ նշված փորձաքննությունն իրականացնելիս արտադրամասում և թիվ ՏԵ-1056 ենթակայանում հրդեհից հետո արդեն իսկ կատարված են եղել վերանորոգման աշխատանքներ, ուստի Դատարանը ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 18.11.2022թ. թիվ 19-0115Ք եզրակացությունը գործով արժանահավատ ապացույց չի համարում»:
Վերաքննիչ դատարանը, քննելով Ընկերության բերած վերաքննիչ բողոքը, 24.11.2023 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 16.05.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ․
- «Համաձայնելով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 18.11.2022 թվականին տրված թիվ 19-0115Ք եզրակացության վերաբերյալ Դատարանի եզրահանգման հետ՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում հավելել, որ նշված եզրակացությունը արժանահավատ ապացույց չի կարող համարվել նաև այն պատճառաբանությամբ, որ այն հրդեհատեխնիկական մասով զուրկ է փաստարկված հիմնավորումներից, իսկ էներգատեխնիկական մասով այն առհասարակ չի բավարարում փորձագետի եզրակացությանն առաջադրվող չափանիշներին այնքանով, որքանով այն ընդամենը պարունակում է քննադատական պնդումներ գործում առկա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 17․12․2015 թվականին տրված թիվ 45841504 փորձագետի եզրակացությամբ և ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 27.04.2018 թվականին տրված թիվ 0876181 փորձագիտական եզրակացությամբ փորձագետների կողմից արված եզրահանգումների վերաբերյալ, իսկ տրված եզրահանգումները հիմնված են հավանական դատողությունների վրա»,
- «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ այն դեպքում, երբ առկա են երկու և ավելի հավասարազոր փորձագետի եզրակացություններ, որոնցով միևնույն հարցադրումների վերաբերյալ տարբեր փորձագետներ փորձաքննությունների արդյունքում հանգած լինեին տրամագծորեն տարբեր և իրար հակասող հետևությունների, մինչդեռ, ինչպես վերը նշվեց, ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 18.11.2022 թվականին տրված թիվ 19-0115Ք փորձագետի եզրակացությունը Դատարանի կողմից իրավացիորեն գնահատվել է ոչ արժանահավատ, իսկ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 27.04.2018 թվականին տրված թիվ 0876181 փորձագիտական եզրակացությունը չի հակասել գործով ձեռք բերված մյուս ապացույցներին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը միջնորդությունը մերժելով՝ որևէ դատավարական նորմի խախտում թույլ չի տվել»:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ 18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունը, արձանագրել է, որ սույն փորձագիտական եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ ապացույց՝ այն հիմնավորմամբ, որ տվյալ եզրակացության տրամադրման ժամանակ հրդեհից հետո իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ուստի լիարժեք պահպանված չէ հրդեհի վայրը:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, նշել է, որ սույն փորձագիտական եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ նաև այն պատճառով, որ դրանում կատարվել են միայն քննադատական պնդումներ գործում առկա մյուս երկու եզրակացությունների վերաբերյալ և տրված եզրահանգումները հիմնված են հավանական դատողությունների վրա:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանը գործում առկա յուրաքանչյուր ապացույց պետք է գնահատի թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության տեսանկյունից: Ընդ որում, փորձագիտական եզրակացությունն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին ու այլ հանգամանքներ:
Մինչդեռ ստորադաս դատարանները, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ կրկնակի փորձաքննության կատարման պահին հրդեհի վայրը պահպանված չի եղել, հաշվի չեն առել այն փաստը, որ գործում առկա մյուս՝ 27.04.2018 թվականի թիվ 08761811 փորձագիտական եզրակացությունը նույնպես ձեռք է բերվել հրդեհի վայրը վերանորոգելուց հետո, որը, սակայն, գնահատվել է որպես արժանահավատ ապացույց: Այսինքն, միևնույն հանգամանքներում ձեռք բերված երկու փորձագիտական եզրակացություններից մեկը գնահատվել է արժանահավատ, իսկ մյուսը՝ ոչ: Հետևաբար ստորադաս դատարանները, վերը նշված պատճառաբանությամբ անարժանահավատ համարելով 18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունը, եկել են ոչ իրավաչափ եզրահանգման՝ այնքանով, որ փորձագիտական եզրակացության արժանահավատությունը գնահատելիս դատարանները պարտավոր էին հաշվի առնել վերը նշված հանգամանքները, և միայն դրանց գնահատման հիման վրա կատարել եզրահանգում փորձագիտական եզրակացության անարժանահավատ լինելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «18․11․2022 թվականին տրված թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունը հրդեհատեխնիկական մասով զուրկ է փաստարկված հիմնավորումներից, իսկ էներգատեխնիկական մասով այն առհասարակ չի բավարարում փորձագետի եզրակացությանն առաջադրվող չափանիշներին այնքանով, որքանով այն ընդամենը պարունակում է քննադատական պնդումներ գործում առկա մյուս երկու եզրակացությունների վերաբերյալ», ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, ըստ էության, 18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունը հրդեհատեխնիկական մասով իրականացվել է գործում առկա նույն նյութերի հիման վրա և կառուցվածքային առումով ու հիմնավորումներով էականորեն չի տարբերվում գործում առկա մյուս՝ 27.04.2018 թվականի թիվ 08761811 փորձագիտական եզրակացությունից:
Ինչ վերաբերում է էլեկտրատեխնիկական մասին, ապա հարկ է նշել, որ 18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունը, բացի գործում առկա մյուս երկու եզրակացությունների վերաբերյալ եզրահանգումներից, բաղկացած է նաև «փորձագետների կողմից կատարված հետազոտությունները և ուսումնասիրությունները» բաժնից, որտեղ էլ ըստ էության կատարվել են համապատասխան եզրահանգումները և դատողությունները:
Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունն էլեկտրատեխնիկական մասով չի պարունակում սոսկ քննադատական պնդումներ գործում առկա մյուս երկու եզրակացությունների վերաբերյալ: Այսինքն՝ Դատարանն արձանագրել, իսկ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել 18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունն անարժանահավատ լինելու հանգամանքը, ինչը, սակայն, իրականացվել է առանց նշված եզրակացությունը բավարար չափով ուսումնասիրելու և փորձագիտական եզրակացության արժանահավատությունը գնահատելու չափանիշների հաշվառման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ընկերության կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժելու իրավաչափության հարցին, հարկ է համարում նշել հետևյալը։ Այսպես․
Գործում առկա 27.04.2018 թվականի թիվ 08761811 փորձագիտական եզրակացությամբ կատարված եզրահանգումների համաձայն՝ Կազմակերպությանը պատկանող շինությունում տեղի ունեցած հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը: Նույն եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ հրդեհի առաջացումը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում Կազմակերպության կողմից «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կանոնակարգերով (իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ) սահմանված անվտանգության պահանջների խախտման հետ։
Մինչդեռ 18․11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությամբ (կրկնակի փորձաքննություն) հրդեհի առաջացման պատճառ է համարվել շինության պահեստավորման տարածքի էլեկտրասնուցման ոչ աշխատանքային ժամերին միացված հերթապահ լուսավորության համակարգում առաջացած վթարային ռեժիմը, և նշվել է, որ Կազմակերպության կողմից չեն պահպանվել Հրդեհային անվտանգության կանոնների բաժին I գլուխ 4-ի 48-րդ կետի 8-րդ ենթակետի, բաժին VI գլուխ 27-ի 337-րդ, 341-րդ և 342-րդ կետերի պահանջները: Կրկնակի փորձաքննությամբ արձանագրվել է նաև այն փաստը, որ Կազմակերպության գոտում գտնվող էլեկտրատնտեսությունը շահագործվել և շարունակվում է շահագործվել անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով:
Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ գործում առկա երկու փորձագիտական եզրակացություններով միևնույն հարցերի վերաբերյալ փորձագետները հանգել են իրար հակասող հետևությունների՝ այնքանով, որ առաջին եզրակացությամբ հրդեհի պատճառ է համարվել հերթապահ լուսավորության համակարգում ստեղծված վթարային իրավիճակը, իսկ կրկնակի փորձաքննությամբ հակառակը՝ հրդեհի առաջացման պատճառ է համարվել շինության պահեստավորման տարածքի էլեկտրասնուցման ոչ աշխատանքային ժամերին միացված հերթապահ լուսավորության համակարգում առաջացած վթարային ռեժիմը:
Բացի այդ, առաջին եզրակացությամբ հրդեհի առաջացումը՝ պայմանավորված Կազմակերպության կողմից անվտանգության նորմերի որոշակի խախտումներով, բացառվել է, մինչդեռ կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ Կազմակերպության կողմից թույլ է տրվել հրդեհային անվտանգության կանոնների խախտում, ինչպես նաև էլեկտրատնտեսությունը շահագործվել է անվտանգության նորմերի որոշակի խախտումներով:
Այսինքն՝ վերոշարադրյալից պարզ է դառնում, որ գործում առկա 27.04.2018 թվականի թիվ 08761811 փորձագիտական եզրակացության և 18.11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացության միջև առկա են էական հակասություններ, ու միևնույն հարցերի կապակցությամբ երկու փորձագիտական եզրակացություններով տրվել են իրար հակասող եզրահանգումներ, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է եղել կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների վերը նշված պատճառաբանությունները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ 18.11․2022 թվականի թիվ 19-0115Ք փորձագիտական եզրակացությունն անարժանահավատ ապացույց ճանաչելու համար:
Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Գործում առկա երկու եզրակացություններում միևնույն հարցերի կապակցությամբ իրար հակասող եզրահանգումների առկայությամբ պայմանավորված և հետևաբար այդ հարցերի լրացուցիչ պարզաբանման նպատակից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է իրականացնել սույն գործի նոր քննություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման պատճառաբանությունների ուժով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը բեկանելու և գործը ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի արդյունավետ բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2023 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
