ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0512/02/21 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0512/02/21 2024 թ. | ||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
2024 թվականի նոյեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հուռնետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ոստիկանության՝ վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշման դեմ Ընկերության և Ոստիկանության բերած վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ոստիկանությունից բռնագանձել 74.023.620 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնաս:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.12.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Ոստիկանությունից բռնագանձվել է 13.210.914 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցման գումար. մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2023 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 06.12.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հայցապահանջն ընդդեմ Ոստիկանության՝ բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը՝ 74.023.620 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն՝ Ոստիկանությունից բռնագանձվել է 46.238.199 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցում. մնացած մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյան և Կարեն Մարգարյան) ու Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյան և Կարեն Մարգարյան):
2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ ու 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը տերմինալների չշահագործումն անհիմն վերագրել է դրանց տեխնիկական հնարավորություններին՝ հաստատված համարելով հիմնավոր կասկածը դրանց անսարք լինելու հարցում։ Մինչդեռ սույն գործով անհրաժեշտ էր արձանագրել, որ պայմանագրով նախատեսված տերմինալները, որոնց քանակը 10-ն է, սահմանված կարգով տեղադրվել են տարածքներում, ինչն անվիճելի և հաստատված փաստ է։
Գործում առկա՝ հայցվորի և պատասխանողի միջև կնքված հանձնման-ընդունման ակտով հաստատվում են սարքերը տարածքներում տեղադրվելու, դրանք պայմանագրով նախատեսված պահանջներին և պարամետրերին, պայմանագրով նախատեսված գործառույթների իրականացմանը համապատասխանելու փաստերը։ Գործում առկա չէ որևէ ապացույց, որով քննարկման առարկա կարող էր դառնալ տերմինալների սարքինության հետ կապված հարցը կամ ողջամտորեն նմանատիպ կասկած հարուցեր: Ոստիկանության գրությամբ խոսվում է տերմինալների շահագործման և այլ հարցերի մասին, որոնք շարադրված է համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հիշողության հիման վրա, իսկ պայմանագրով, հանձնման-ընդունման ակտով, տերմինալների տեղադրմամբ ու դրանց ընդունմամբ, այլ ապացույցների հետ համակցությամբ, հիմնավորվում է, որ բոլոր 10 տերմինալները համապատասխանել են պայմանագրի առարկային և մյուս բոլոր էական պայմաններին։ Այսինքն՝ չի կարող լինել որևէ ողջամիտ կամ հիմնավոր կասկած առ այն, որ երեք տերմինալները տեղադրման օրվանից, ներառյալ դրան նախորդող ժամանակահատվածում, եղել են անսարք։
Վերաքննիչ դատարանը չի քննարկել և պատճառաբանել այն, թե արդյո՞ք պատասխանողի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունները խախտելը չէր կարող հանգեցնել տերմինալները շահագործելու օբյեկտիվ անհնարինության:
Վերաքննիչ դատարանն առանձին գնահատման առարկա պետք է դարձներ այն, թե երեք տերմինալի մասով արդյո՞ք հաստատվել է եկամտի ստացման իրական հնարավորության և մտադրության միաժամանակյա առկայությունը, որի դեպքում կպարզեր, որ Ընկերությունը ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա ապացույցներից համաձայնագիրը, մատակարարման պայմանագիրը, Ոստիկանության հետ կնքված պայմանագիրը, հանձնման-ընդունման ակտը, ԶԼՄ-ների հրապարակումները, սխալ է գնահատել պատասխանողի պատասխանը փաստաբաններին՝ տերմինալների տեղադրման և շահագործման ժամանակագրության վերաբերյալ:
Հայցվորի կողմից առնվազն մեկ տերմինալի մասով շահագործման և այլ տվյալների վերաբերյալ ապացույցներ ներկայացրած լինելը (իսկ սույն գործով դրանք արդեն հաստատված են յոթ տերմինալի մասով) Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր բավարար՝ բաց թողնված օգուտի առկայությունը բոլոր ութ (վճռով չբավարարված) տերմինալների մասով կիրառելու և դրանց մասով վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել ամբողջությամբ:
2.1 Ոստիկանության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, 448-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Հայցադիմումի պատասխանում և վերաքննիչ բողոքի շրջանակներում Ոստիկանությունը նշել է, որ սույն գործում առկա պայմանագրերի շրջանակներում կողմերը, ըստ էության, ձեռք չեն բերել համաձայնություն՝ պայմանագրի էական պայմանների վերաբերյալ, քանի որ տերմինալը տեղադրելիս կողմերի միջև պետք է կնքվեր տերմինալի հանձնման-ընդունման ակտ, և տերմինալի շահագործումը սկսելու (հանձնման-ընդունման ակտն ստորագրվելու) օրվանից Ընկերության համար պետք է առաջանար վճարման պարտավորություն, մինչդեռ գործում բացակայում են պայմանագրով սահմանված հանձնման-ընդունման ակտերը։ Չունենալով նշված անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն՝ սահմանված կարգով Ոստիկանության թույլտվությունը՝ Ընկերությունը գործել է սեփական ռիսկով, բացակայում է Ոստիկանության գործողության (անգործության) հետևանքով Ընկերությանը վնաս պատճառելու հանգամանքը, հետևաբար Ոստիկանությունը չի կարող կրել պատասխանատվություն։
Ավելին, եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերված լիներ պայմանագրի էական պայմանների շուրջ, ապա Ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո կկատարեր որևէ վճարում կամ Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկեր սահմանված գումարը գանձելու ուղղությամբ:
Հայցվորը չի ապացուցել նաև իր կողմից տերմինալները փաստացի շահագործվելու և դրանց միջոցով որոշակի եկամուտ ապահովելու փաստացի հնարավորության ու մտադրության առկայությունը, և միայն Ոստիկանության գրությամբ ներկայացված մոտավոր տեղեկությունները չեն կարող փարատել Ոստիկանության գրությամբ ստացված տվյալից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները՝ հատկապես հաշվի առնելով փորձագիտական եզրակացությամբ մեկ տերմինալի մասով արձանագրված տեղեկությունների բացակայության, ինչպես նաև որոշ տերմինալների ընդհանրապես չաշխատելու հանգամանքները, որոնք հավանական են դարձնում նաև մյուս՝ փորձաքննության չենթարկված տերմինալների մասով նման տեղեկությունների բացակայության և դրանով պայմանավորված՝ դրանք առհասարակ չշահագործվելու կամ շահագործման ենթակա չլինելու հանգամանքների առկայությունը:
Չունենալով պայմանագրի գործողության ընթացքում տերմինալներից յուրաքանչյուրի մասով փաստացի շահագործման և դրանց միջոցով շահույթ ստանալու փաստացի հնարավորության վերաբերյալ բավարար փաստական տեղեկություններ՝ չի կարող ապացուցված համարվել տերմինալներից յուրաքանչյուրը փաստացի շահագործվելու, դրանց միջոցով ծառայություններ մատուցվելու ու մատուցած ծառայությունների դիմաց շահույթ ստանալու իրական և փաստացի հնարավորությունն ու իրական մտադրությունը, հետևաբար փարատված չեն նաև կասկածներն առ այն, որ չնայած առկա է եղել տերմինալների տեղադրումից հետո դրանք շահագործելու և շահույթ ստանալու իրավական հնարավորություն, այնուամենայնիվ, ապացուցված չէ, որ առկա իրավական հնարավորության պայմաններում առկա են եղել տերմինալների փաստացի շահագործելու ու դրանց տևական ժամանակ շահագործման արդյունքում եկամուտ ստանալու փաստացի հնարավորություններ:
Հայցվորն ունեցել է հնարավորություն ապացուցելու տեղադրված և փորձաքննության չենթարկված մյուս՝ թվով 7 տերմինալի փաստացի շահագործման հնարավորության ու իրական մտադրության փաստերը՝ հաշվի առնելով այն, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ առկա էր հնարավորություն նաև այս տերմինալները ենթարկելու հետազոտության: Բացի այդ, եթե նույնիսկ տերմինալներն աշխատեին, ենթադրվում է, որ պետք է տեղակայված լինեին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում և չէին կարող հավասարաչափ եկամուտ ապահովել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածքում սպասարկվող բնակչության թիվը, անձնագրային ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի տարբերությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.2. Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները նույնաբովանդակ են Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ոստիկանության՝ որպես թույլտվություն տվողի և Ընկերության՝ որպես թույլտվություն ստացողի միջև 12.02.2018 թվականին կնքվել է համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի 1.1 կետի համաձայն՝ կողմերը պարտավորվել են համագործակցել ծառայությունների մատուցման էլեկտրոնային սարքավորումների (այսուհետ՝ Տերմինալներ) միջոցով բնակչությանը համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով: Համաձայնագրի 1.2 կետի համաձայն՝ Համաձայնագրով սահմանված նպատակների իրացման կապակցությամբ թույլտվություն տվողը պարտավորվել է թույլտվություն ստացողին թույլատրել ժամանակավոր տիրապետել և օգտագործել կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանված թույլտվություն տվողի տիրապետման տակ գտնվող ստորաբաժանումների կողմից օգտագործվող և այլ շինություններում գտնվող տարածքները (այսուհետ նաև՝ Տարածք): Համաձայնագրի 1.3 կետի համաձայն՝ տարածքում տերմինալների տեղադրումից հետո կողմերի միջև պետք է կնքվի ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որով կկարգավորվեն տերմինալների շահագործման կապակցությամբ կողմերի միջև առաջացած հարաբերությունները: Համաձայնագրի 1.4 կետի համաձայն՝ Տարածքը ենթակա է հանձնման թույլտվություն ստացողին դրա վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման ակտերով: Համաձայնագրի 1.5 կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է, որ յուրաքանչյուր շինությունից թույլտվություն ստացողին հանձնման ենթակա տարածքի գտնվելու կոնկրետ վայրը, տարածքի չափերը և տեղակայումն ըստ անհրաժեշտության կսահմանվեն կողմերի միջև կազմվող համապատասխան փաստաթղթերով: Համաձայնագրի 1.6 կետի համաձայն՝ հաշվի առնելով կողմերի միջև հետագա համագործակցության վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը՝ Համաձայնագիրը թույլտվություն ստացողի համար վճարումներ կատարելու պարտավորություններ կառաջացնի այնքանով, որքանով դա կնշվի կողմերի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում: Համաձայնագրի 2.1 կետի համաձայն՝ թույլտվություն տվողը պարտավոր է թույլտվություն ստացողին տրամադրել տարածքը, չխոչընդոտել թույլտվություն ստացողին տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու կապակցությամբ, ապահովել տարածքի և այնտեղ գտնվող սարքավորումների պահպանությունը: Համաձայնագրի 2.2 կետի համաձայն՝ թույլտվություն տվողն իրավունք ունի հսկողություն իրականացնել թույլտվություն ստացողի կողմից տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու նկատմամբ, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ պահանջել վերացնել խախտումները, պահանջել թույլտվություն ստացողից հնարավոր սեղմ ժամկետում վերացնել իր տիրապետման տակ գտնվելու ընթացքում տարածքին պատճառված վնասները, անհրաժեշտության դեպքում կատարել ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, իսկ 2.3 կետի համաձայն՝ թույլտվություն ստացողը պարտավոր է տարածքն օգտագործել նպատակային նշանակությանը և համաձայնագրի պայմաններին համապատասխան, տարածքի օգտագործմամբ իրականացնել բնակչությանը համապատասխան ծառայությունների մատուցում: Համաձայնագրի 2.4 կետի համաձայն՝ թույլտվություն ստացողն իրավունք ունի նպատակային նշանակությանը համաձայն օգտագործել տարածքը, թույլտվություն տվողի հետ համաձայնեցված կարգով լուծել պայմանագիրը: Համաձայնագրի 4.7 կետի համաձայն՝ Համաձայնագրի հիման վրա տարածքի տրամադրումը թույլտվություն ստացողին պետք է իրականացվի մինչև 31.12.2018 թվականը: Եթե նշված ժամկետի ավարտից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ շարունակեն համագործակցել Համաձայնագրով սահմանված հարցերի առնչությամբ, ապա Համաձայնագիրը կհամարվի կնքված անորոշ ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).
2) Ոստիկանության և Ընկերության միջև 23.10.2018 թվականին կնքվել է թիվ 59 պայմանագիրը: Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավորվել է վճարի դիմաց թույլատրել, որպեսզի Ընկերությունը Պայմանագրի Հավելված 1-ում նշված հասցեներում տեղադրի ծառայությունների մատուցման էլեկտրոնային սարքավորումներ, այսուհետ՝ Տերմինալներ, և ապահովի դրանց շահագործումն ու տեխնիկական սպասարկումը: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Տերմինալը տեղադրելիս կողմերի միջև կնքվում է Տերմինալի հանձնման-ընդունման ակտ: Պայմանագրի 2.2.1 կետի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավորվել է ապահովել Տերմինալի շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հասանելիություն և լուսավորություն, 2.2.5 կետի համաձայն՝ առնվազն մեկ ամիս առաջ Ընկերությանը գրավոր տեղեկացնել Պայմանագրի շրջանակներում Ոստիկանության տարածքից Տերմինալի ապամոնտաժման անհրաժեշտության մասին (կապված տվյալ տարածքում հիմնական վերանորոգման աշխատանքներ իրականացնելու և (կամ) տարածքը քանդելու վերաբերյալ սահմանված կարգով լիազոր մարմնի ընդունված որոշումների իրականացման և այլ աշխատանքների հետ): Պայմանագրի 2.3.2 կետի համաձայն՝ Ընկերությունն իրավունք ունի պահանջել Ոստիկանությունից պատշաճ կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Պայմանագրի 2.4 կետի համաձայն՝ Ոստիկանությունն իրավունք ունի պահանջել Ընկերությունից պատշաճ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագրով սահմանված վայրերում տեղադրված յուրաքանչյուր Տերմինալի համար Ընկերությունը Ոստիկանությանը մեկ ամսվա համար վճարում է 10.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը: Պայմանագրի 3.2 կետի համաձայն՝ Պայմանագրով սահմանված վճարման պարտավորության ժամկետի հաշվարկը յուրաքանչյուր Տերմինալի համար սկսվում է համապատասխան վայրում Տերմինալի շահագործումն սկսելու (հանձնման ընդունման ակտն ստորագրելու) օրվանից: Պայմանագրի 7.1 կետի համաձայն՝ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երկու տարի ժամկետով: Եթե Պայմանագրի ժամկետը լրանալուց երեսուն օրացուցային օր առաջ Կողմերից ոչ մեկը չի հայտարարում Պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա Պայմանագրի գործողության ժամկետը յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է ևս երկու տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը վաղաժամկետ կարող է դադարել կողմերի համաձայնությամբ՝ ցանկացած այլ ժամկետում: Ցանկացած դեպքում Պայմանագրի գործողությունը չի դադարում մինչև կողմերի միջև առկա դրամական պարտավորությունների ամբողջ և պատշաճ կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 22, 23).
3) ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի կողմից Ոստիկանության պետին հասցեագրված գրության համաձայն՝ Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «(...) Չնայած այն հանգամանքին, որ Ոստիկանությունն Ընկերության հետ կնքել է որոշակի վճարի դիմաց թույլտվության տրամադրման պայմանագիր, այնուամենայնիվ, նշված թույլտվությունն առնչվում է պետական կառավարչական հիմնարկի տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված տարածքում որոշակի վճարի դիմաց տերմինալների տեղադրման թույլտվությանը, ինչն իրենից ներկայացնում է նշված տարածքների վարձակալության տրամադրման գործընթաց: Տվյալ իրավահարաբերությունները կարգավորվում են Կառավարության 22.02.2001 թվականի (...) թիվ 125 որոշմամբ: Նշված որոշման համաձայն՝ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված գույքը (կամ դրա մի մասը) կարող է տրամադրվել վարձակալության՝ ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով: Տվյալ պարագայում Ընկերությանը թույլտվության տրամադրումը որևէ նման ընթացակարգով չի ապահովվել: (...) վերոնշյալ տարածքներում մեկ ընկերության կողմից պատճենահանման և լուսանկարահանման ծառայությունների մատուցումը հանգեցնում է անհավասար մրցակցության: ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունքի տարածքում գործունեության իրականացման հնարավորություն ստացած ընկերությունն էական մրցակցային առավելություն է ստանում իր մրցակիցների նկատմամբ: Մինչդեռ անձնագրային բաժանմունքների հարակից տարածքներում նույն գործունեությամբ զբաղվող ընկերությունները զրկված են նման հնարավորությունից: Բացի տարածքային առավելությունից, բաժանմունքի ներսում գործող ընկերությունն ունենում է նաև այլ առավելություններ: Հարակից տարածքներում գտնվող ընկերությունները կատարում են կոմունալ վճարումներ, վարձակալած տարածքների վարձակալական վճարներ, իսկ Ընկերությունը տեղադրված յուրաքանչյուր տերմինալի համար ամսական վճարում է ընդամենը 10.000 ՀՀ դրամ: (...)»: Առաջարկվել է լուծել Ոստիկանության և Ընկերության միջև 23.10.2018 թվականին կնքված պայմանագիրը և համագործակցության համաձայնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 30).
4) Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Ընկերությանը հասցեագրված 19.02.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ Ոստիկանության պաշտոնական պարզաբանման համաձայն՝ Ընկերությունը փորձնական շահագործման պայմանով վարչության որոշ ստորաբաժանումներում տեղադրել է սարքավորումներ՝ հետագա արդյունքի ուսումնասիրման, արդյունավետության և վերջնական որոշման նպատակով: Ներկայումս սարքավորումները չեն գործում, անջատված և հանված են՝ մինչև Ոստիկանության կողմից Կառավարության 21.02.2001 թվականի թիվ 125 որոշման համաձայն պահանջվող փաստաթղթերը կուղարկվեն Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղ իրականացված աճուրդի արդյունքում հաղթող մասնակցի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Առաջնորդվելով Ոստիկանության վերոնշյալ պաշտոնական պարզաբանմամբ և այն հանգամանքով, որ դրանից հետո Ոստիկանության կողմից այլ պարզաբանումներ չեն ներկայացվել, անհրաժեշտ է անձնագրային ստորաբաժանումներում Ընկերության կողմից տեղադրված սարքավորումները պահել անջատված և անաշխատունակ ռեժիմում (հատոր 1-ին, գ.թ. 32).
5) ի պատասխան Պետական գույքի կառավարման կոմիտեի 20.09.2019 թվականի գրության՝ Ոստիկանության կողմից ի թիվ այլնի հայտնվել է, որ սարքավորումների տեղադրման վերաբերյալ 15.02.2019 թվականին Ոստիկանությունում ստացվել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի գրությունը, ինչով պայմանավորված՝ Ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում Ընկերության կողմից ներկայացված դիմումով տասն անձնագրային ստորաբաժանումներում սարքավորումների տեղադրման պայմանագրի կնքումը (հատոր 1-ին, գ.թ. 37).
6) ի պատասխան փաստաբաններ Ս. Ամիրզադյանի և Կ. Սարգսյանի 26.02.2020 թվականի հարցման՝ Պետական գույքի կառավարման նախագահի տեղակալի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ Ընկերությունը 20.08.2019 թվականի գրությամբ դիմել է՝ Ոստիկանության տնօրինության թվով 10 տարածքներում ծառայությունների մատուցման էլեկտրոնային ֆոտո սարքավորումների տեղադրման նպատակով տարածքներ վարձակալության տրամադրելու խնդրանքով, որի վերաբերյալ Ոստիկանության դիրքորոշումը համապատասխան գրությամբ տրամադրվել է Ընկերությանը: Ինչ վերաբերում է 2018-2020թթ. ընկած ժամանակահատվածում Ոստիկանությանն ամրացված տարածքներում ծառայությունների մատուցման էլեկտրոնային սարքավորումների (տերմինալ) տեղադրման նպատակով տարածքների վարձակալության տրամադրման հայտեր Ոստիկանության կողմից ներկայացված լինելու հարցին, ապա Կառավարության 22.02.2001 թվականի թիվ 125 որոշմամբ պետական մարմնի կողմից հայտեր ներկայացնելու դեպքում պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալության տրամադրման վերաբերյալ հայտարարությունները պարտադիր տեղադրվում են համապատասխան կայքերում, և աճուրդին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (հատոր 1-ին, գ.թ. 140).
7) ի պատասխան փաստաբաններ Ս. Ամիրզադյանի և Կ. Սարգսյանի 26.02.2020 թվականի դիմումի՝ Ոստիկանության գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ 1) Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղադրվել են թվով երկու հատ տերմինալ 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, 2) ՇԵնգավիթի բաժանմունքում՝ մեկ հատ՝ 2018 թվականի դեկտեմբերին, շահագործվել է երկու օր՝ 2019 թվականի փետրվար ամսին, 3) Ավանի բաժանմունքում՝ մեկ հատ 2018 թվականի նոյեմբերին, շահագործվել է 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի փետրվար ամիսները, 2019 թվականի փետրվարից չի շահագործվում, 4) Մալաթիայի բաժանմունքում՝ մեկ հատ 2018 թվականի սեպտեմբերին, երբեք չի շահագործվել, 5) Նոր Նորքի բաժանմունքում՝ մեկ հատ 2018 թվականի տարեվերջին, տեղադրումից մոտ մեկ շաբաթ հետո շահագործվել է, մոտ մեկ ամիս անց շահագործումը դադարեցվել է, 6) Արաբկիրի բաժանմունքում տեղադրվել է մեկ հատ 2018 թվականի դեկտեմբերին, երբեք չի շահագործվել, 7) Կոտայքի բաժանմունքում՝ մեկ հատ 2019 թվականի փետրվարին, երբեք չի շահագործվել, 8) Դավթաշենի բաժանմունքում՝ մեկ հատ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, շահագործվել է մոտ մեկ ամիս: Վերոնշյալ հասցեներում տերմինալների տեղադրման և շահագործման ժամանակահատվածները նշվել են ստորաբաժանումների աշխատակիցների հիշողության հիման վրա՝ հաշվի առնելով, որ այդ տերմինալների շահագործումն անձնագրային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չի իրականացվել, հետևաբար փաստացի շահագործման ժամանակահատվածի հստակ տեղեկատվությանը կարող է տիրապետել այն շահագործող կազմակերպությունը, տվյալ դեպքում՝ Ընկերությունը: Տերմինալների շահագործումը դադարեցվել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից Ոստիկանության պետին ուղղված գրության հիմքով (...), ինչի վերաբերյալ Ոստիկանությունը տեղեկացրել է Ընկերությանը՝ հավելելով, որ նշված տերմինալներն անհրաժեշտ է պահել անջատված և անաշխատունակ ռեժիմում: Ինչ վերաբերում է շահագործման դադարեցման եղանակներին, ապա անջատված է տերմինալների էլեկտրական սնուցումը, որոշ տերմինալներ փակված են պոլիէթիլենային թաղանթներով կամ դրանց վրա փակցված է չշահագործելու վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի քաղաքացիները չփորձեն շահագործելու նպատակով վնասել անջատված վիճակում գտնվող տերմինալները (հատոր 2-րդ, գ.թ. 28, 29).
8) Պետական եկամուտների կոմիտեի 30.11.2020 թվականի գրության համաձայն՝ Ընկերությունը 08.04.2019 թվականից ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը (հատոր 1-ին, գ.թ. 41).
9) Ոստիկանության տնտեսական վարչության կողմից Ընկերությանը հասցեագրված 29.07.2020 թվականի գրությամբ, նկատի ունենալով, որ 23.10.2020 թվականին լրանում է պայմանագրի գործողության ժամկետը, հայտնվել է այն դադարեցնելու՝ Ոստիկանության մտադրության մասին (հատոր 1-ին, գ.թ. 156).
10) գործում առկա է Ընկերության և Ոստիկանության միջև կազմված, երկկողմանի ստորագրված և կնքված հանձնման-ընդունման ակտ, որի վրա առկա չէ ամսաթիվ, չի բովանդակում դրանով հանձնված և ընդունված առարկայի վերաբերյալ որևէ բնութագիր (հատոր 1-ին, գ.թ. 144).
11) Դատարանը 16.06.2021 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել՝ սահմանելով Ընկերության կողմից ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝ 1) պատասխանողի ոչ իրավաչափ վարքագծի կամ անգործության առկայության փաստը, կոնկրետ պատասխանողի ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության արդյունքում բաց թողնված օգուտի տեսքով վնաս պատճառվելու փաստը, պատճենահանող սարքերը նախատեսված վայրում որոշակի ժամկետում շահագործվելու փաստը, պատճենահանող սարքերի շահագործման արդյունքում հայցադիմումում նշված եկամուտն ստանալու իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայության փաստը, ոչ օրինաչափ վարքագծի ու վնասների միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստը, վնասի մեծության (հաշվարկի և հայցագնի) իրավաչափությունը: 2) Պատասխանողը պետք է ապացույցի վերը նշված փաստերի հակառակ փաստերը, մեղքի բացակայության փաստը (հատոր 1-ին, գ.թ. 98-100).
12) Ընկերությունը վնասի մեծության իրավաչափությունը պարզելու նպատակով համակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 112).
13) Դատարանը 30.07.2021 թվականին համակարգչատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու ու գործի վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացրել՝ փորձագետին առաջադրելով հետևյալ հարցերը՝
- արդյո՞ք հնարավոր է հետազոտման օբյեկտ տերմինալների (PT537006, PT537002 և PT537001 գործարանային նույնականացման համարներով) տեղում ուսումնասիրության, դրանց՝ ըստ անհրաժեշտության փորձնական օգտագործման (պատճենահանում, լուսանկարահանում և այլն), ինչպես նաև հաշվի առնելով Տերմինալների տեխնիկական բնութագրերն ու ծրագրային ապահովումը, հաստատել Տերմինալով իրականացված ցանկացած գործարք (օրինակ մեկ կամ միանգամից մի քանի պատճենահանում, լուսանկարահանում և այլն), պահպանվում է արդյո՞ք Տերմինալի ներքին հիշողությունում իրական ժամանակում (ամիս, ամսաթիվ, տարեթիվ) ու իրականացված ստույգ քանակով,
- արդյո՞ք հետազոտման օբյեկտ Տերմինալները հագեցված են այնպիսի ծրագրային ապահովմամբ, որպիսի պայմաններում հնարավոր է Տերմինալից վերհանել և ստանալ (կամ սարքավորման համապատասխան պատուհանի ուսումնասիրությամբ կազմել) դրա իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որտեղ յուրաքանչուր գործարք առանձնացված կլինի նույնականացնող համարով, գործարքի ձևով, դրա քանակով, եթե այո, ապա տրամադրել յուրաքանչյուր հետազոտման օբյեկտ Տերմինալով իրականացված գործարքների վերաբերյալ քաղվածք (վերհանված (տպված) Տերմինալից կամ կազմված փորձագետի կողմից դրանց ուսումնասիրության արդյունքում), որտեղ նշված կլինի իրականացված գործարքի ժամանակահատվածը (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), տվյալ գործարքի քանակը, դրա անվանումը (գործարքի ձևը), գործարքի նույնականացնող համարը,
- 23.10.2018 թվականից մինչև 19.03.2019 թվականն ընկած ժամանակահատվածում, կամ նշված ժամկետներից մինչ օրս (միևնույն ժամանակ չսահմանափակվելով նշված ժամկետներով, որքա՞ն կարժենա մեկ էջ փաստաթղթի ոչ գունավոր պատճենահանման, լուսանկարահանման և 3X4 կամ 3.5X4.5 թվով 8 լուսանկարի տեղում ստացման, մեկ էջ փաստաթղթի թարգմանության ծառայությունների միջին արժեքները, որը կիրառելի կլիներ համանման ծառայությունների մատուցման շրջանակներում, հաշվի առնելով նաև ծառայությունների մատուցումը բանուկ վայրում լինելու հանգամանքը (բնակչությանը սպասարկող պետական մարմինների, դրանց սպասարկման գրասենյակների անմիջական հարևանությամբ գտնվելը և այլն) (հատոր 2-րդ, գ.թ. 32-34).
14) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 23.05.2022 թվականի եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրվել են թվով 3 էլեկտրոնային սարքավորումներ, տերմինալների ձեռքբերման փաստաթղթերը և դրանց տեխնիկական անձնագրերը, (...) իրականացվել է թիվ PT537006 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանի ուսումնասիրություն, պարզվել է, որ դրանում պահպանվում է տերմինալի միջոցով իրականացված գործարքների կամ մատուցված ծառայությունների պատմությունը, տերմինալի միջոցով իրականացված գործարքները վերաբերում են 27.04.2018 թվականից մինչև 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածին (...): (...) PT537002 գործարանային համարով տերմինալի միջոցով իրականացված գործարքները վերաբերում են 18.05.2018 թվականից մինչև 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածին (...): (...) PT537001 գործարանային համարով տերմինալի միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ գրանցամատյանային գրառումներ չեն հայտնաբերվել (...):
Հետևություններ բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված PT537006 և PT537002 գործարանային համարներով տերմինալների միջոցով իրականացված գործարքների կամ մատուցված ծառայությունների պատմությունը տերմինալների գրանցամատյաններում արձանագրվում են Աղյուսակ 4.-ում որպես օրինակ ներկայացված տեղեկատվության տեսքով...: PT537006 և PT537002 գործարանային համարներով տերմինալների կողմից մատուցվող ծառայությունների սակագները կարգաբերված են հետևյալ արժեքներով՝ միակողմանի պատճենահանում (A4) - 50 ՀՀ դրամ, միակողմանի տպում (A4) - 50 ՀՀ դրամ, երկկողմանի տպում (A4) -100 ՀՀ դրամ, սկանավորում (A4) - 50 ՀՀ դրամ, լուսանկարահանում (8 հատ) - 500 ՀՀ դրամ, անձնագրի թարգմանություն - 500 ՀՀ դրամ:
Փորձաքննությանը տրամադրված PT537001 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովումը չի բեռնվում, ինչի պատճառով հնարավոր չի եղել մուտք գործել վերջինիս կառավարման պատուհան և հետազոտել ծրագրային ապահովման մեջ պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ տերմինալի միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ հնարավոր առկա տեղեկատվությունը: Հարկ է նշել, որ տերմինալում տեղադրված կոշտ սկավառակում պարունակվող տեղեկատվության հետազոտությամբ ևս հնարավոր չի եղել հայտնաբերել տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանային գրառումները:
Փորձաքննությանը տրամադրված PT537006 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանում հայտնաբերվել են 27.04.2018 թվականից մինչև 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածում տերմինալի միջոցով իրականացված գործարքների պատմությունը, որի վերաբերյալ կազմվել է էլեկտրոնային հաշվետվություն և տրամադրվում է Report_PT537006 անվանումով pdf ձևատեսակի ֆայլի տեսքով՝ սույն եզրակացության անբաժանելի մասը կազմող 21-0144Ք գրառմամբ լազերային սկավառակով:
Փորձաքննությանը տրամադրված PT537002 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանում հայտնաբերվել է 18.05.2018 թվականից մինչև 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածում տերմինալի միջոցով իրականացված գործարքների պատմությունը, որի վերաբերյալ կազմված էլեկտրոնային հաշվետվությունը տրամադրվում է Report PT537002 անվանումով PDF ձևատեսակի ֆայլի տեսքով՝ 21-0144Ք գրառմամբ լազերային սկավառակով:
Փորձաքննության շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքների համադրված վերլուծության տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ ոչ գունավոր պատճենահանման, լուսանկարահանման (3x4 կամ 3.5x4.5 չափսի համար) և թարգմանության ծառայություններին նույնանման, նմանօրինակ ու նմանատիպների՝ բնակչությանը սպասարկող պետական մարմիններին (մասնավորապես՝ անձնագրային բաժանմունքներին) կից գործող կետերում մատուցվող ծառայությունների միջին շուկայական արժեքները որոշմամբ առաջադրված 23.10.2018 թվականից մինչև 19.03.2019 թվականն ընկած ժամանակահատվածի, ինչպես նաև փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ միջինում կազմել են՝ ոչ գունավոր պատճենահանում (1 Էջ)՝ 50 ՀՀ դրամ, լուսանկարահանում (3x4 կամ 3.5x4.5 չափսի համար՝ 1 հատ)՝ 300 ՀՀ դրամ, հետևաբար զուտ թվաբանական հաշվարկի արդյունքում թվով 8 հատի համար կկազմի՝ 8x300=2400 ՀՀ դրամ, թարգմանություն (1 Էջ)՝ 1000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 51-63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ ապացուցման բեռի բաշխման արդյունքում փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին և այդ համատեքստում բաց թողնված օգուտի հաշվարկման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նշված հարցերի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է բաց թողնված օգուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ քննարկման առարկա դարձնելով նաև բաց թողնված օգուտի սահմանադրաիրավական և կոնվենցիոն հիմքերը՝ անդրադառնալով բաց թողնված օգուտի որոշման ընդհանուր կանոններին, այդ թվում՝ հաշվարկման կանոններին ու այդ հարցում դատական հայեցողությանը (տե՛ս «Գոլդուեյ» ՍՊԸ-ն ընդդեմ «Վալտի Մոթորս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0177/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն ի թիվս այլնի արձանագրել է, որ՝
- վնասի` այդ թվում բաց թողնված օգուտի հատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ սահմանափակումները և հատուցման հարցերը պետք է քննարկման առարկա դառնան համաչափության սկզբունքի պահպանմամբ,
- բաց թողնված օգուտը չի կարող նույնանալ կազմակերպության շրջանառության կամ հասույթի հետ,
- դատարանները բաց թողնված օգուտի հաշվարկման ժամանակ պետք է նվազեցնեն անհրաժեշտ այն ծախսերը, որոնք վնաս կրած անձը կկատարեր վնասը չպատճառվելու դեպքում: Արդյունքում պետք է մնա այն շահույթը, որը ձևավորվում է անհրաժեշտ ծախսերի նվազեցումից հետո,
- անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ժամանակահատվածին, որի համար պետք է հատուցվի բաց թողնված օգուտը,
- բաց թողնված օգուտի հատուցման արդյունքում պարտատիրոջ մոտ չպետք է առաջանա հարստացում, այսինքն` վնասների փոխհատուցման գումարի մեջ չեն կարող ընդգրկվել այնպիսի վնասներ, որոնք կողմն իրականում չի կրել,
- նմանատիպ գործերի քննության ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին կետը,
- վնասի հատուցման կոնկրետ չափը առանձին դեպքերում կարող է բավականաչափ հստակ չլինել կամ ողջամտության աստիճանի հավաստիությամբ չորոշվել: Նմանատիպ դեպքերում անձը չի կարող զրկվել բաց թողնված օգուտի հատուցման իրավունքից ընդհանրապես. այս դեպքում դատարանները հատուցվող օգուտի չափը որոշում են իրենց հայեցողությամբ, որը պետք է իրականացվի բաց թողնված օգուտի չափը որոշելու անհնարինության դեպքում` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սկզբունքները, բարեխղճության, խելամտության և արդարացիության պահանջները:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև պայմանագրային պարտավորություններում բաց թողնված օգուտի կանոններին՝ արձանագրելով, որ պայմանագրային պարտավորությունները խախտելու հետևանքով բաց թողնված օգուտի փոխհատուցման համար հայցվորը պետք է ներկայացնի ապացույցներ, որոնք կհիմնավորեն՝
- պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտումը.
- օգուտ ստանալու իրական մտադրությունը և հնարավորությունը.
- վերջիններիս պատճառահետևանքային կապը.
- վնասների չափը.
- պարտավորությունների խախտման, օգուտ ստանալու իրական մտադրության և հնարավորության և վնասի չափի միջև պատճառահետևանքային կապը.
- իրավունքը խախտված անձի կողմից ձեռնարկվող միջոցները, որոնք ուղղված են վնասի նվազեցմանը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չստացված եկամուտը կամ բաց թողնված օգուտը ենթադրում են եկամուտ ստանալու փաստացի ապահովված իրական հնարավորության կորուստ: Քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններ ասելով՝ պետք է նկատի ունենալ անձի իրավունքի չխախտման դեպքում եկամտի ստացման իրական և ոչ թե առհասարակ օբյեկտիվորեն գոյություն ունեցող հնարավորությունը, ինչը որոշելը յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները: Բոլոր դեպքերում բաց թողնված օգուտի առկայությունը որոշելիս նախ պետք է հաշվի առնել մինչև իրավունքի խախտումը անձի ունեցած կարգավիճակը, համապատասխան եկամտի առնչությամբ նրա իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին կետը: Բաց թողնված օգուտի որոշման ընդհանուր կանոնը իրավունքի խախտման ժամանակ իրական մտադրության և իրական հնարավորության զուգորդումն է, հետևաբար բաց թողնված օգուտի կամ չստացված եկամտի առկայությունն արձանագրելու համար էական է մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայության բացահայտումը, այն է՝ ձեռնարկած միջոցներն ու կատարված նախապատրաստությունները, ինչը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 4-րդ կետից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար կատարման ենթակա գործողությունների շրջանակը, արձանագրել է, որ նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս և ապացուցման բեռը բաշխելիս դատարանը պարտավոր է քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ՝ ընդգծելով նաև, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա դրված չլինելու դեպքում դատարանը չի կարող նշված փաստը չապացուցելու բացասական հետևանքները դնել այդ կողմի վրա: Այլ կերպ ասած՝ կողմի համար անբարենպաստ հետևանքներ կարող են ծագել միայն որոշակի փաստի ապացուցման բեռը կրելու և դրա վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու դեպքում (տե՛ս «Մոսէսքո» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ԵԴ/29192/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2026 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
Անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ոստիկանությունից բռնագանձել 74.023.620 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտ:
Որպես հայցի փաստական հիմնավորում Ընկերությունը հայտնել է, որ Պայմանագրի շրջանակներում Ոստիկանության տիրապետման ներքո գտնվող տարածքներում տեղադրվել են թվով 10 տերմինալներ, Պայմանագրի գործողության ընթացքում Ոստիկանության կողմից դրանց սնուցումը դադարեցվել է, Տերմինալները պահվել են անջատ վիճակում, չեն գործել: Այսինքն՝ Ոստիկանության կողմից Պայմանագիրը խախտելու հետևանքով չի ապահովվել Տերմինալների շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հասանելիությունը՝ Ընկերությանը զրկելով ձեռնարկատիրական գործունեությունից ակնկալվող եկամուտներից, ինչի հետևանքով Ընկերությունը կրել է վնաս՝ բաց թողնված օգուտի տեսքով:
Ներկայացված գրավոր դիրքորոշումներով Ոստիկանությունը հայտնել է, որ Համաձայնագրում առկա է դրույթ, որի համաձայն՝ Ընկերությանը հանձնման ենթակա տարածքի գտնվելու կոնկրետ վայրը, տարածքի չափերը և տեղակայումն ըստ անհրաժեշտության կսահմանվեն Կողմերի միջև կազմվող համապատասխան փաստաթղթերով: Այսինքն՝ փաստացի առկա չէ որևէ փաստաթուղթ, որը հստակ կսահմանի Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության որ հարկում, որ մասում պետք է տեղակայվի Տերմինալը, այսինքն՝ կողմերը պայմանագրի էական պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերել: Ընկերության կողմից տեղադրվել է տասը Տերմինալ քսանմեկի փոխարեն: Կողմերի միջև չի կնքվել Համաձայնագրով կանխորոշված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը, որով պետք է կանոնակարգվեին տերմինալների շահագործման կապակցությամբ կողմերի միջև առաջացած հարաբերությունները: Հետևաբար թիվ 59 պայմանագիրը չի բխում Համաձայնագրից, այն պետք է դիտարկել որպես ինքնուրույն պայմանագիր, որը ներառում է վարձակալության պայմանագրին բնորոշ տարրեր, որի համաձայն՝ Ոստիկանությունը տրամադրում է տարածք, իսկ Ընկերությունը կատարում է ամենամսյա վճարում: Նկատի ունենալով, որ Համաձայնագրի և Պայմանագրի կնքման ժամանակ չի պահպանվել Կառավարության 21.02.2001 թվականի թիվ 125 որոշման պահանջն այն մասին, որ պետք է իրականացվի աճուրդ, ու հաղթող մասնակցի հետ կնքվի պայմանագիր, այսինքն՝ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, ուստի Ընկերության ներկայացուցիչը հրավիրվել է Ոստիկանություն, որտեղ առաջարկվել է կիրառել անվավերության հետևանքներ և լուծել Պայմանագիրը, այն կնքել սահմանված կարգով, ինչը չի ընդունվել: Պայամանագիրը լուծվել է ժամկետը լրանալու հիմքով: Ընկերությունը բաց թողնված օգուտի գանձման համար իր հաշվարկները սկսել է 19.02.2019 թվականից մինչև 31.12.2019 թվականը՝ հաշվարկելով 38.782.710 ՀՀ դրամ, 01.01.2020-25.08.2020թթ. համար՝ 35.240.910 ՀՀ դրամ՝ հաշվարկներն անելով տասը տերմինալների բնականոն շահագործման դեպքում: Մինչդեռ Ընկերության փաստաբաններին հասցեագրված՝ Ոստիկանության 24.03.2020 թվականի գրության համաձայն՝ եղել են Տերմինալներ, որոնք չեն շահագործվել, և Ընկերությունը չէր կարող երաշխավորել, որ բոլոր տասը Տերմինալները պետք է աշխատեին անխափան: Ընկերությունը չի ներկայացրել Տերմինալներ տեղադրելուց հետո իր շահույթի և շրջանառության վերաբերյալ տվյալները, հասույթը: Ընկերությունը հաշվի չի առել նաև 2020 թվականից հաստատված արտակարգ դրությունը, որի պայմաններում սահմանափակվել է մարդկանց տեղաշարժն ու բնականոն գործունեությունը, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների:
Դատարանը, «թիվ ԵՄԴ/0720/02/10 գործով 29.06.2012թ. որոշմամբ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները կիրառելով նույնանման սույն գործի փաստերի նկատմամբ», եզրահանգել է, որ «սույն գործով կողմերի համաձայնությունը և կամահայտնությունը երկու գործարքները կնքելիս ուղղված է եղել Ոստիկանության տարածքում քաղաքացիներին սպասարկելու նպատակով ծառայություններ մատուցելու միջոցով որոշակի առևտրային գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալուն, այլ ոչ թե անշարժ գույքի (կամ դրա մի մասի) վարձակալությանը», «կողմերի միջև կնքված հիմնական գործարքը՝ համագործակցության համաձայնագիրը, և դրա հիման վրա հետագայում կնքված պայմանագիրը, (...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված գործարքներ են, սակայն դրանցից ոչ մեկ չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներին (...) թվարկված գործարքներով կարգավորված հարաբերությունները միանշանակ բխում են Քաղաքացիական օրենսգրքից և չեն հակասում օրենքին, ըստ այդմ՝ դրանք առոչինչ գործարքներ համարվել չեն կարող, քանզի այս իրավահարաբերություններում պարտադիր չէին վարձակալության պայմանագրին բնորոշ պարտադիր պայմանների առկայությունը»:
Վերոգրյալ պատճառաբանություններով Դատարանը հիմնավոր է համարել Ընկերության՝ գործարքների վավերության մասին պնդումը՝ արձանագրելով նաև, որ «հայցվորը պարտավոր չէր տարածքներում Տերմինալներ տեղադրելու համար թույլտվություն ստանալու համար կնքել վարձակալության պայմանագիր և այն հաստատելով նոտարական կարգով՝ ենթարկել պետական գրանցման: Ընդ որում, եթե անգամ գործարքները հակասել են որևէ օրենքի (խոսքն գործարքի առոչինչ լինելու օրինական պահանջի մասին չէ), ինչպիսի փաստ գործով չի հաստատվել, ապա քանի դեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի հիման վրա դրանք չեն վիճարկվել, դատական կարգով անվավեր չեն ճանաչվել, պետք է ելնել այն կանխավարկածից, որ դրանք օրինական ու վավեր գործարքներ են»:
Դատարանն արձանագրել է նաև, որ «ՀՀ ոստիկանության և ընկերության միջև կնքվել է հանձնման-ընդունման ակտ, որը, սակայն, չունի տեղեկություններ կոնկրետ Տերմինալի տեղադրման վայրի և սարքի տվյալների մասին», «տերմինալների տեղադրման փաստը հիմնավորելու համար հանձնման-ընդունման ակտի առկայությունը պարտադիր չէ, քանի որ այդ պայմանը պայմանագրով ամրագրելու նպատակը Տերմինալները սահմանված կարգով թիվ 1 հավելվածում նախանշված վայրերում տեղադրված լինելու փաստին իրավաբանական նշանակություն տալն է: Մինչդեռ, եթե վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստը գործի քննության ընթացքում հաստատվում է գործում առկա բավարար ապացույցներով, և եթե հիմնավորվում է, որ կողմերը պայմանագիրը կնքելուց հետո իրենց վարքագծով կամ դիրքորոշումներով ընդունել են այդ փաստը՝ տալով դրան իրավաբանական նշանակություն, անկախ դրան պայմանագրային հիշյալ կետի համաձայն ձևակերպում տալու հանգամանքից, ապա պետք է փաստել, որ հանձնման-ընդունման ակտն այն միակ թույլատրելի ապացույցը չէ, որը կարող է հաստատել Տերմինալների՝ պայմանագրով և կից հավելվածով սահմանված կարգով տեղադրված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը (...)»:
Վկայակոչելով գործում առկա ապացույցները՝ Դատարանն արձանագրել է, որ «վերը նշված ապացույցներում տեղ գտած փաստական տվյալները կազմում են այնպիսի համակցություն, որը հնարավորություն է տալիս Դատարանին վերջնական եզրահանգում կատարելու որոնվող՝ թիվ 1 հավելվածում հիշատակված թվով 10 Տերմինալի պայմանագրով սահմանված կարգով տեղադրման իրավաբանական նշանակություն ունեցող փաստի առկայության վերաբերյալ (...) Ոստիկանության կողմից գործարքների կատարման փուլում ըստ էության ընդունվել են թվով 10 Տերմինալի պատշաճ տեղադրման փաստերը, քանի որ գործարքների հիման վրա ստանձնած պարտավորությունը՝ Տերմինալները սահմանված վայրերում տեղադրելը, փաստացի կատարվել է, և Պատասխանողն իր գրությամբ ընդունել է, որ թույլատրել է տեղադրել Տերմինալները պայմանագրի հավելված թիվ 1-ում նշված հասցեներում, միևնույն ժամանակ, գործի փաստերով հաստատվել է, որ դրանք տեղադրվել են այդ վայրերում՝ հստակ նշելով տեղադրման վայրերի և Տերմինալների քանակի մասին որոշակի տեղեկություններ, հետևաբար այլ ապացույցներով այդ փաստերը հերքված չլինելու և այլ բան Պատասխանողի կողմից ապացուցված չլինելու պայմաններում Դատարանը, հիմնվելով ապացույցների գնահատման արդյունքում արված վերը նշված եզրահանգման վրա, արձանագրում է, որ որոնվող՝ բոլոր 10 Տերմինալները սահմանված կարգով տեղադրվելու թույլտվություն տալու և դրանք փաստացի պայմանագրի հավելված թիվ 1-ում նշված հասցեներում տեղադրվելու փաստի հաստատման առումով Դատարանի մոտ ձևավորված ներքին համոզմունքը հիմնվել է օբյեկտիվ հիմքերի վրա, (...): (...) կնքված գործարքների ուժով Պատասխանողը, համաձայն պայմանագրի 2.2.1. կետի, պարտավոր էր ապահովել Տերմինալների շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հասանելիություն և լուսավորություն: (...) առնվազն սկսած 19.02.2019 թվականից Պատասխանողը չի կատարել իր՝ պայմանագրի 2.2.1 կետով ստանձնած պարտավորությունը և գիտակցված գործողություններով սահմանափակել է Տերմինալների շահագործման հնարավորությունը: Այս փաստն, ըստ էության, չի վիճարկվում նաև Պատասխանողի կողմից, քանի որ, ըստ պատասխանող կողմի, նման գործողության պատճառ է հանդիսացել հանձնաժողովի որոշումը և գրությունը, ինչպես նաև գործող կարգը, որի համաձայն՝ պետք է մրցակցային կարգով կնքվեին տարածքների վարձակալության պայմանագրեր, ինչը, սակայն, տեղի չէր ունեցել Հայցվորի հետ կնքված պայմանագրերի դեպքում: (...)։ Հայցվորն ապացուցել է մինչև իր իրավունքների խախտումը քաղաքացիական շրջանառությունում գոյություն ունեցող Տերմինալների օրինական կարգավիճակը՝ հաշվի առնելով անձնագրային բաժանմունքներից յուրաքանչյուրում դրանք շահագործելու և շահույթ ստանալու հավանականության առկայությունը, ինչպես նաև ապացուցել է Պատասխանողի ոչ իրավաչափ գործողության և (կամ) անգործության փաստը»:
Անդրադառնալով Ընկերության՝ Տերմինալներից յուրաքանչյուրի միջոցով եկամուտ ստանալու իրական մտադրության և հնարավորությունների միաժամանակյա առկայության հարցին՝ Դատարանն արձանագրել է, որ «Տերմինալների փաստացի շահագործման մասին Ոստիկանության գրությամբ ներկայացված տեղեկություններն ինքնին մոտավոր ու խիստ հավանական են, ըստ այդմ՝ բավարարության տեսանկյունից այդ գրությունը բավարար չէ հաստատապես փաստելու, որ իրականում Տերմինալներից յուրաքանչյուրը կոնկրետ տևական ժամանակահատվածում ենթարկվել է շահագործման կամ կարող էր շահագործվել: Տերմինալների փաստացի շահագործման հնարավորության փաստը հիմնավորելու համար էական նշանակություն ունի մինչև իրավունքը խախտելը դրանց փաստացի շահագործումը, իսկ «փաստացի շահագործում» ասելով՝ պետք է հասկանալ դրանց տևական ժամանակահատվածում շահագործումը (առնվազն մեկ ամիս), քանի որ միայն այդ դեպքում կարող է ողջամտորեն փաստվել, որ 19.02.2019 թվականից հետո ևս Տերմինալները անխափան և անընդմեջ կարող էին շահագործվել: Հակառակ դեպքում, քանի դեռ տևական ժամանակահատվածում Տերմինալների շահագործման մասին տեղեկություններ չկան, հնարավոր չէ կատարել ողջամիտ ենթադրություն, որ Տերմինալները տևական ժամանակահատվածում՝ մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, շահագործվելու էին, ըստ այդմ՝ ստացվելու էր ակնկալվող շահույթը»:
Փորձագետի եզրակացությամբ պարզված փաստերը համադրելով Ոստիկանության գրությամբ ներկայացված փաստերի հետ՝ Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ «իրականում թվով 10 Տերմինալից փաստացի շահագործվել է միայն երկուսը, և միայն երկու Տերմինալի շահագործման միջոցով է Հայցվորն ունեցել փաստացի հնարավորություն՝ իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն և ստանալու որոշակի շահույթ, իսկ մնացած Տերմինալների մասով կամ ընդհանրապես առկա չեն դրանք փաստացի շահագործվելու մասին տեղեկություններ կամ դրանք շահագործելու մասին լոկ միայն ոստիկանների բանավոր հայտարարության վրա հիմնված մոտավոր տեղեկությունների վրա հիմնված տվյալները չեն ստուգվել Հայցվորի կողմից ներկայացված կամ գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցներում տեղ գտած փաստական տվյալների միջոցով (օրինակ՝ փորձագետի եզրակացության միջոցով): Կրելով ապացուցման պարտականություն՝ հիմնավորելու Տերմինալների փաստացի շահագործման միջոցով եկամուտ ստանալու փաստացի (իրական) հնարավորության առկայության փաստը, գործի քննության ընթացքում Հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որով հնարավոր կլիներ հաստատել, որ Տերմինալները, որոնց վերաբերյալ բացակայում են տևական ժամանակահատվածում շահագործման մասին բավարար տվյալներ, իրականում շահագործվել են կամ կարող էին շահագործվել, այն դեպքում, երբ պարզ չէ, թե դրանցից որոշները ինչու ընդհանրապես չեն շահագործվել կամ շահագործվել են միայն ամիսներ հետո: Հետևաբար այլ բան ապացուցված չլինելու պայմաններում Դատարանը գտնում է, որ չնայած պայմանագրի կնքման և դրա հիման վրա Տերմինալները տեղադրվելու փաստերի հաստատմանը, այսինքն՝ դրանք շահագործելու իրավական հնարավորության առկայությանը, գործով հիմնավորվել է, որ Հայցվորն իրականում ունեցել է փաստացի հնարավորություն և առավել ևս՝ մտադրություն, շահագործելու միայն այն Տերմինալները, որոնց մասին տեղադրման պահից սկսած առկա են փաստացի շահագործման և դրա արդյունքում որոշակի շահույթ ստանալու մասին բավարար փաստական տեղեկություններ: Տվյալ դեպքում՝ այդպիսիք ընդամենը երկու այն Տերմինալներն են, որոնք ենթարկվել են փորձաքննության և որոնց մեջ պահպանվել են դրանք իրականում տևական ժամանակահատվածում շահագործվելու և դրանց միջոցով իրական եկամուտ ստանալու մասին տվյալները»:
Դատարանը եզրահանգել է, որ «որոնվող փաստը՝ նախքան Պատասխանողի կողմից պայմանագրի 2.2.1 կետի խախտումը Տերմինալները փաստացի շահագործվելու և դրանց միջոցով որոշակի եկամուտ ապահովելու փաստացի հնարավորության և մտադրության առկայությունն ապացուցված չէ, և միայն Ոստիկանության գրությամբ ներկայացված մոտավոր տեղեկությունները չեն կարող փարատել Ոստիկանության գրությամբ ստացված տվյալից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները, հատկապես հաշվի առնելով փորձագիտական եզրակացությամբ մեկ Տերմինալի մասով արձանագրված տեղեկությունների բացակայության, ինչպես նաև որոշ Տերմինալների ընդհանրապես չաշխատելու հանգամանքները, որոնք հավանական են դարձնում նաև մյուս՝ փորձաքննության չենթարկված Տերմինալների մասով նման տեղեկությունների բացակայության և դրանով պայմանավորված դրանք առհասարակ չշահագործվելու կամ շահագործման ենթակա չլինելու հանգամանքի առկայությունը»: «Նման պայմաններում չունենալով պայմանագրի գործողության ընթացքում՝ մինչև 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածում թվով 8 Տերմինալներից յուրաքանչյուրի մասով փաստացի շահագործման և դրանց միջոցով շահույթ ստանալու փաստացի հնարավորության վերաբերյալ բավարար փաստական տեղեկություններ՝ Դատարանը չի կարող ապացուցված համարել Տերմինալներից յուրաքանչյուրը փաստացի շահագործվելու, դրանց միջոցով ծառայություններ մատուցվելու և մատուցած ծառայությունների դիմաց շահույթ ստանալու իրական և փաստացի հնարավորությունն ու ռեալ մտադրությունը, հետևաբար փարատված չեն նաև կասկածներն առ այն, որ չնայած առկա է եղել Տերմինալների տեղադրումից հետո դրանք շահագործելու և շահույթ ստանալու իրավական հնարավորություն, այնուամենայնիվ, ապացուցված չէ, որ առկա իրավական հնարավորության պայմաններում առկա է եղել թվով 8 Տերմինալը փաստացի շահագործելու և դրանց տևական ժամանակ շահագործման արդյունքում եկամուտ ստանալու փաստացի հնարավորություն (օրինակ՝ չէր բացառվում, որ Հայցվորը գործով չբացահայտված հանգամանքներով պայմանավորված չուներ մտադրություն շահագործելու բոլոր Տերմինալները կամ Տերմինալները շահագործելու համար անհրաժեշտ հումքը բացակայել է կամ դրանք ունեցել են տեխնիկական թերություններ և ծրագրային խնդիրներ, այդ թվում՝ որոշակի անսարքություններով պայմանավորված, դրանք հնարավոր չէր շահագործել, այնպես, ինչպես փորձաքննության ենթարկված մեկ Տերմինալի դեպքում էր, երբ հնարավոր չի եղել ներբեռնել անհրաժեշտ տեղեկությունները և այսպիսի շատ այլ հանգամանքներ, որոնք իրականում հնարավորություն չէին տվել Հայցվորին ապահովել Տերմինալների շահագործումը): Այս առումով բացասական հետևանքները դրվել են Հայցվորի վրա: Դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Պատասխանողի կամքն ու կամահայտնությունը Տերմինալների շահագործման հարցում որևէ նշանակություն չի ունեցել, քանի որ պայմանագրով սահմանված պայմանների ապահովման պարագայում Տերմինալները շահագործելու փաստացի հնարավորության ապահովման և ռեալ մտադրության իրացման հարցերը բացառապես Հայցվորի իրավունքների և հնարավորությունների իրացման տիրույթում են: Դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ իրականում Հայցվորն ունեցել է հնարավորություն ապացուցելու տեղադրված և փորձաքննության չենթարկված մյուս՝ թվով 7 Տերմինալի փաստացի շահագործման հնարավորության և ռեալ մտադրության փաստերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ առկա էր հնարավորություն նաև այս Տերմինալները ենթարկելու հետազոտության: Մինչդեռ փորձաքննության ենթարկվել են միայն թվով 10 Տերմինալներից 3-ը, որոնցից միայն երկուսի մասով է հնարավոր եղել պարզել ու ներկայացնել դրանք տևական ժամանակ իրականում և փաստացի շահագործվելու մասին որոշակի տեղեկություններ, իսկ փորձաքննության չենթարկված մնացած յոթի մասով նման որոշակի տեղեկություններ գործում առկա չեն, և փորձաքննության ենթարկված մեկ տերմինալի մասով տվյալները բեռնելը եղել է անհնարին՝ գործի քննությամբ չպարզված և չհաստատված պատճառներից ելնելով»:
Անդրադառնալով վճարները չվճարելուն և դրա հետևանքով ձեռնարկված միջոցների վերաբերյալ Ոստիկանության փաստարկին՝ Դատարանն արձանագրել է, որ «պայմանագրով սահմանված վճարները վճարելու պարտավորությունը չկատարելն անկախ է ոչ հանդիպական պարտավորության չկատարման հետևանքով առաջացած վնասը հատուցելու պարտավորությունից, քանի որ դրանք բոլորովին միմյանց հետ կապ չունեցող հարաբերություններ են, և յուրաքանչյուրը կարող է գոյություն ունենալ և իրացվել ինքնուրույն (պատասխանող կողմը կարող էր դատական կարգով պահանջել կատարել վճարումները, իսկ հայցվոր կողմը դատական կարգով կարող էր պահանջել հատուցել վնասները՝ միաժամանակ կամ զուգահեռաբար), այսինքն՝ անկախ այն փաստից, որ պայմանագրով սահմանված թույլտվության վճարը կատարվել է Հայցվորի կողմից, թե՝ ոչ, Հայցվորը զրկված չէ Պատասխանողի դեմ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքից: Ընդ որում, այս փաստարկով ևս Պատասխանողը որոշակիորեն ընդունում է կնքված պայմանագրի վավերականությունը»:
Անդրադառնալով բաց թողնված օգուտի հաշվարկին՝ Դատարանն արձանագրել է, որ «հաշվարկը կատարվել է բացառապես աշխատանքային օրերի և պայմանագրի գործողության ողջ ընթացքի համար՝ սկսած 19.02.2019 թվականից, այսինքն՝ այն պահից, երբ Պատասխանողի ոչ իրավաչափ գործողության և անգործության հետևանքով փաստացի դադարեցվել է ծառայությունների մատուցումը»:
Նկատի ունենալով, որ «արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի օրերին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումները չեն աշխատել, ստացվելիք եկամուտն ընդհանուր հաշվարկից հանելու հարցում առկա է կողմերի համաձայնությունը, քանի որ հայցվոր կողմն ընդունել է այն օբյեկտիվ իրողությունը, որ այդ օրերին չէր կարող ունենալ որևէ եկամուտ ստանալու օրինական սպասելիք», Դատարանը եզրահանգել է, որ «այդ օրերին հաշվարկված բաց թողնված օգուտի գումարի չափով գործի քննությամբ հիմնավորված վնասի չափը հարկ է նվազեցնել», «19.02.2019 թվականից հետո հաշվարկված 418 աշխատանքային օրերից պետք է հանել արտակարգ իրավիճակի պայմաններում ստորաբաժանումների չաշխատելու վերը թվարկված օրերը (ընդհանուր՝ 45 աշխատանքային օր), արդյունքում՝ վնասի հաշվարկը պետք է կատարել որպես աշխատանքային օրերի թվի մասին տվյալ հիմք ընդունելով 373 աշխատանքային օրը: Ամփոփելով փաստերի վրա կատարված հաշվարկը՝ ստացվում է, որ մեկ Տերմինալի մասով օրական 17.709 ՀՀ դրամ շահույթի հաշվարկով բաց թողնված օգուտի ընդհանուր գումարի չափը կազմում է 6.605.457 ՀՀ դրամ (373x17.709): Քանի որ գործով հիմնավորվել է միայն երկու Տերմինալի շահագործման փաստացի հնարավորության, ռեալ մտադրության և միայն այդ երկու Տերմինալի մասով մինչև իրավունքը խախտած դրությունը որոշակի շահույթ ստացվելու և այն հնարավոր հաշվարկելի լինելու էական փաստերը, Դատարանը գտնում է, որ այդ երկու Տերմինալի մասով բաց թողնված օգուտի տեսքով վնասի ընդհանուր չափը կազմում է 13.210.914 (6.605.457x2) ՀՀ դրամ»:
Անդրադառնալով Ոստիկանության այն փաստարկին, որ արտակարգ դրությամբ պայմանավորված 2020 թվականին չի եղել քաղաքացիների նույն հոսքը, Դատարանը, արձանագրելով, որ «այս մասով արտակարգ դրության պայմաններում, բացի ստորաբաժանումների չաշխատելու օրերից, հնարավոր եկամտի նվազեցման որևէ հաշվարկ կամ փաստ Պատասխանողը չի ներկայացրել՝ (...)», եզրահանգել է, որ «քաղաքացիների հոսքի նվազեցմամբ պայմանավորված եկամտի չափը որոշակիորեն նվազելու փաստը չապացուցելու պարտականությունը կրում է Ոստիկանությունը (այս առումով անգամ հնարավոր չէ որևէ ողջամիտ բանաձևով կամ փաստարկով կատարել վնասի չափի նվազեցում, այն դեպքում, երբ վնասի չափը հաշվարկվել է երկու Տերմինալի նվազագույն հնարավորություններ հաշվի առնելով, քանի որ առկա բողոքների պայմաններում դրանք լիարժեքորեն չեն շահագործվել), ուստի այլ բան Պատասխանողի կողմից ապացուցված չլինելու պայմաններում Դատարանն առաջնորդվել է Հայցվորի կողմից ներկայացված և գործի փաստերով, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությամբ ստուգված հաշվարկներով»:
Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ «ապացուցման ենթակա փաստերի միաժամանակյա առկայությունը Հայցվորն ապացուցել է մասնակի՝ միայն փորձաքննության ենթարկված թվով երկու Տերմինալի մասով, ուստի բաց թողնված օգուտի տեսքով վնասի դատական կարգով հաստատված չափով գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը ենթակա է բավարարման մասնակի՝ միայն 13.210.914 ՀՀ դրամ գումարի բռնագանձման մասով»:
Ընկերությունը և Ոստիկանությունը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ: Ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցագնի՝ 60.812.706 ՀՀ դրամից միայն 52.843.656 ՀՀ դրամի մասով: Ոստիկանությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել բավարարված՝ 13.210.914 ՀՀ դրամի մասով:
Որպես վերաքննիչ բողոքի հիմք Ոստիկանությունը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 448-րդ հոդվածները, իսկ բողոքի հիմնավորումները հանգում են նրան, որ կողմերի միջև թիվ 59 պայմանագրով նախատեսված հանձնման-ընդունման ակտը չի ստորագրվել, մինչդեռ հանձնման-ընդունման ակտով Տերմինալների փոխանցումը Պայմանագրի էական պայման է, որի հաստատումից հետո միայն կողմերի համար կարող էին որոշակի իրավական հետևանքներ առաջանալ: Հայտնվել է նաև, որ Ոստիկանության գրությամբ հիմնավորվում է, որ Պայմանագրի էական պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, որևէ ակտով չի երևում նաև, թե որ պահից է սկսվել յուրաքանչյուր տարածքի Տերմինալի շահագործումը, նշված գրությամբ հայտնված տեղեկությունները մոտավոր բնույթ են կրում:
Անդրադառնալով Ոստիկանության վերաքննիչ բողոքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «գործով ձեռք բերված ապացույցներից հետևում է, որ գործով ըստ էության անուղղակի ապացույցների միջոցով հաստատվել է այն փաստը, որ Տերմինալները եղել են տեղադրված, հետևաբար հանձնման-ընդունման ակտի բացակայությունը միայն չի կարող կասկածի տակ դնել գործում առկա վերոգրյալ ապացույցների համակցությամբ հաստատված փաստն առ այն, որ Տերմինալները տեղադրված են եղել: Ոստիկանության կողմից գործարքների կատարման փուլում ըստ էության ընդունվել են թվով 10 Տերմինալի պատշաճ տեղադրման փաստերը, քանի որ գործարքների հիման վրա ստանձնած պարտավորությունը՝ Տերմինալները սահմանված վայրերում տեղադրելը, փաստացի կատարվել է, և Պատասխանողն իր գրությամբ ընդունել է, որ թույլատրել է տեղադրել Տերմինալները պայմանագրի հավելված թիվ 1-ում նշված հասցեներում, միևնույն ժամանակ, գործի փաստերով հաստատվել է, որ դրանք տեղադրվել են այդ վայրերում՝ հստակ նշելով տեղադրման վայրերի և Տերմինալների քանակի մասին որոշակի տեղեկություններ»:
Վերոգրյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը մերժել է Ոստիկանության բողոքը՝ արձանագրելով, որ «Ոստիկանության վերաքննիչ բողոքի բավարարման հիմքերը բացակայում են»:
Անդրադառնալով Ընկերության վերաքննիչ բողոքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ
- «Դատարանը, ներկայացված հայցի և առարկությունների հիման վրա, ղեկավարվելով նյութաիրավական նորմի կանոններով, որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, հայցվորին ծանրաբեռնելով, ի թիվս այլնի, նաև ներքոգրյալ փաստի ապացուցման բեռով. պետք է ապացուցի Տերմինալները նախատեսված վայրում որոշակի ժամկետում շահագործվելու փաստը»,
- «հայցվորը, ստանալով որոշումը, իր մոտ ձևավորել է հստակ պատկերացում, որ ի թիվս այլնի, պետք է հիմնավորի Տերմինալների համապատասխան վայրերում որոշակի ժամանակահատվածում շահագործված լինելու հանգամանքը, ուստիև պաշտպանությունն իրականացրել է հենց այդ փաստն ապացուցելու ուղղությամբ, ներկայացնելով ապացույցներ, որոնք կհաստատեն հենց այդ՝ Որոշման մեջ նշված փաստը»,
- «Դատարանը ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանելով Տերմինալները որոշակի ժամկետով շահագործված լինելու փաստի էական նշանակություն ունենալու հանգամանքը, անհասկանալի պատճառաբանությամբ հետագայում այդ նույն ժամանակահատվածը երկարաձգել է՝ դարձնելով տևական՝ առնվազն մեկ ամիս, մինչդեռ Վերաքննիչ դատարանի համոզմամբ Դատարանի նման գործողությունը ոչ միայն հակասել է դատավարական կարգավորումներին, այլև չի հետապնդել իրավաչափ նպատակ՝ (...)»,
- «Դատարանը ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալու իրական մտադրության և հնարավորության փաստը պարզելու համար պետք է առաջնորդվեր բացառապես իր կողմից Որոշմամբ սահմանված ապացուցման բեռի շրջանակներում փաստի՝ այն է Տերմինալների որոշակի ժամանակահատված շահագործված լինելու շրջանակով, որպիսի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում հայցվորի կողմից վկայակոչված փաստերից, այժմ արդեն բողոքով վիճարկվող ութը տերմինալների շահագործված լինելու փաստից առնվազն հինգի մասով կհանգեր փաստը հաստատված լինելու մասին ողջամիտ հետևության՝ հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես՝ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերից հետևում է, որ Տերմինալների փաստացի շահագործման մասին Ոստիկանության գրությամբ ներկայացվել են համապատասխան տեղեկություններ առ այն, թե որ բաժանմունքում քանի հատ Տերմինալ է տեղադրվել, դրանցից քանիսն են շահագործվել, և ինչ տևողությամբ, (...)»,
- «հայցվորը հինգ Տերմինալների մասով հիմնավորել է ապացուցման բեռի շրջանակներում իր վրա դրված ապացուցման պարտականությունն առ այն, որ Տերմինալներից թվով հինգը որոշակի ժամանակահատված շահագործվել են, ինչի ուժով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանում հաստատված փաստն առ այն, որ թվով 8 (սույն դեպքում 5, ընդգծումը Վերաքննիչ դատարանի) Տերմինալը փաստացի շահագործելու և դրանց տևական ժամանակ շահագործման արդյունքում եկամուտ ստանալու փաստացի հնարավորություն, առկա չէ, չի կարող ընդունվել որպես հիմք, քանի որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս՝ Դատարանը սխալ է թույլ տվել»:
Վերոգրյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը որպես նոր փաստ հաստատված է համարել այն, որ «հայցվորը ապացուցել է նաև տարբեր բաժանմունքներում տեղադրված թվով հինգ տերմինալների մասով նշված եկամուտը ստանալու իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայության փաստը»:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության բողոքը մասնակիորեն՝ «հաշվի առնելով Դատարանի կողմից մեկ տերմինալի մասով բաց թողնված օգուտի տեսքով օրական հասույթի չափը (17.709) և տերմինալների շահագործված աշխատանքային օրերի քանակը (312 օր) որոշված լինելու և փաստացի այդ մասով բողոքարկված չլինելու հանգամանքը՝ արդյունքում բավարարելով ևս հինգ տերմինալի չշահագործման հետևանքով կրած վնասները, որը կազմում է 33.027.285 ՀՀ դրամ»:
Անդրադառնալով մնացած տերմինալների չշահագործման արդյունքում հայցվորի բաց թողնված օգուտի առկայության մասով հայցապահանջի հիմնավորվածությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում՝ Տերմինալների տեղադրման պահից դրանց ամիսներ շարունակ չշահագործվելու պարագայում առկա է առավել, քան հիմնավոր կասկած, որ այդ տերմինալները ի սկզբանե եղել են անսարք վիճակում, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ նշված Տերմինալների մասով հայցվորը չի ապացուցել ապացուցման բեռի շրջանակներում իր վրա դրված ապացուցման բեռը, հետևաբար հայցապահանջի այդ մասի բավարարման հիմքերը բացակայել են»:
Ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում ներկայացված վճռաբեկ բողոքները քննել համատեղ՝ արձանագրելով հետևյալը:
Ընկերության և Ոստիկանության միջև կնքված համաձայնագրով պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցելու՝ Ոստիկանության տարածքներում տերմինալներ (այսուհետ՝ Տերմինալներ) տեղադրելու և ծառայությունների մատուցման վճարովի պայմանագիր կնքելու նպատակով: Նույն համաձայնագրով կողմերը սահմանել են համապատասխան տարածքները հանձնելու կարգը, այն է՝ հանձնման-ընդունման ակտերով: Տերմինալների տեղադրման նպատակը եղել է բնակչությանը համապատասխան ծառայությունների մատուցումը: Համաձայնագրով որպես տարածքների տրամադրման վերջնաժամկետ է սահմանվել 31.12.2018 թվականը (տե՛ս փաստ 1):
Համաձայնագրով սահմանված ժամկետում՝ 23.10.2018 թվականին, Ոստիկանության և Ընկերության միջև կնքվել է թիվ 59 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որով Ոստիկանությունն Ընկերությանը թույլատրել է Պայմանագրի Հավելվածում նշված հասցեներում տեղադրել Տերմինալներ՝ ապահովելով նաև դրանց շահագործումն ու տեխնիկական սպասարկումը: Իր հերթին Ոստիկանությունը պետք է ապահովեր Տերմինալների շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հասանելիությունն ու լուսավորությունը: Պայմանագրով նույնպես սահմանվել է, որ Տերմինալը տեղադրելիս կողմերի միջև կնքվում է հանձնման-ընդունման ակտ (տե՛ս փաստ 2):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործում առկա է Ընկերության և Ոստիկանության միջև կազմված, երկկողմանի ստորագրված և կնքված հանձնման-ընդունման ակտ, սակայն այն չի բովանդակում ամսաթիվ, ինչպես նաև հանձնված և ընդունված առարկայի վերաբերյալ որևէ բնութագիր (տե՛ս փաստ 10): Այսինքն՝ նշված ակտի հիման վրա հնարավոր չէ հետևություն անել Տերմինալների տեղադրման վերաբերյալ: Միաժամանակ, սակայն, գործում առկա թույլատրելի և վերաբերելի այլ ապացույցների համադրմամբ, այդ թվում՝ Ոստիկանության գրավոր դիրքորոշումներով հաստատվում է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում թվով 10 Տերմինալների տեղադրման փաստը (տե՛ս փաստեր 3, 4, 7): Բացի այդ, հանձնման-ընդունման ակտերի հիման վրա պետք է իրականացվեր բացառապես Տերմինալների տեղադրումը, ու Պայմանագրով դրանց առկայությունից կամ բացակայությունից որևէ այլ պարտականության և (կամ) իրավունքի ծագում կախման մեջ չի դրվել:
Նման պայմաններում Պայմանագրով նախատեսված հանձնման-ընդունման ակտերի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը Վճռաբեկ դատարանը գնահատում է գործի փաստական հանգամանքներից բխող:
Հաջորդիվ, հարկ է նշել, որ առնվազն Պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով Պայմանագիրը լուծելուն ուղղված իր գործողություններով Ոստիկանությունն ընդունել է Ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը (տե՛ս փաստ 9), ինչով հերքվում է Պայմանագրի էական պայմանների շուրջ համաձայնության բացակայության վերաբերյալ Ոստիկանության վճռաբեկ բողոքի փաստարկը: Միաժամանակ, Ոստիկանությունը, Պայմանագրի հիմքով կրելով տեղադրված Տերմինալների շահագործումն ապահովելու նպատակով դրանց լուսավորության և էլեկտրաէներգիայի ապահովման պարտականությունը, չի կատարել այն: Մասնավորապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող 4-րդ փաստից հետևում է, որ ՏՄՊՊՀ-ի գրության հիման վրա Ոստիկանությունն անջատել է տեղադրված Տերմինալները՝ դրանք պահելով անաշխատունակ ռեժիմում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի հիմքով Ոստիկանության կողմից տեղադրված Տերմինալները հանելու և դրանք անաշխատունակ վիճակում պահելու փաստի արձանագրումը բավարար է Ոստիկանության ոչ իրավաչափ վարքագծի առկայությունն արձանագրելու համար (պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտումը):
Ընկերության մոտ բաց թողնված օգուտի առկայությունը հիմնավորվում է նրանով, որ Ընկերությունը բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով ձեռք է բերել Տերմինալները, Ոստիկանության հետ երկու տարի ժամկետով Պայմանագիր է կնքել, Տերմինալները տեղադրվել են Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում: Միաժամանակ Ոստիկանության և ՏՄՊՊՀ-ի գրություններով փորձաքննությանը ներկայացված երկու տերմինալների վերաբերյալ փորձագետի եզրակացությամբ հաստատվում է տեղադրումից հետո Տերմինալները փաստացի շահագործվելու փաստը: Այսինքն՝ ակնհայտ է, որ Ընկերությունը Տերմինալների շահագործումից եկամուտ ստանալու փաստացի ապահովված հնարավորություն և իրական մտադրություն է ունեցել (օգուտ ստանալու իրական մտադրությունը և հնարավորությունը):
Նման պայմաններում անհիմն են Ոստիկանության կողմից Ընկերությանը վնաս պատճառելու փաստի բացակայության վերաբերյալ Ոստիկանության վճռաբեկ բողոքի փաստարկները:
Օգուտ ստանալու իրական մտադրությունը և հնարավորությունը բացահայտելիս ստորադաս դատարանները քննարկել են նաև տեղադրված Տերմինալների սարքինության հետ կապված հարցեր այն դեպքում, երբ գործում առկա որևէ ապացույց տեղադրված տերմինալների անսարքության վերաբերյալ նշում չի բովանդակում, նման հարցի վերաբերյալ ապացուցման բեռ չի բաշխվել, ստորադաս դատարանների հետևությունները հիմնվել են բացառապես ենթադրությունների վրա:
Բացի այդ, Դատարանը 16.06.2021 թվականի որոշմամբ որպես Ընկերության կողմից ապացուցման ենթակա փաստ սահմանել է նաև հետևյալը՝
- պատճենահանող սարքերը նախատեսված վայրում որոշակի ժամկետում շահագործվելու փաստը:
Դատարանը, նշելով, որ «Տերմինալների փաստացի շահագործման հնարավորության փաստը հիմնավորելու համար էական նշանակություն ունի մինչև իրավունքը խախտելը դրանց փաստացի շահագործումը», արձանագրել է, որ «փաստացի շահագործում» ասելով՝ պետք է հասկանալ դրանց տևական ժամանակահատվածում շահագործումը (առնվազն մեկ ամիս)»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Դատարանն իրավացիորեն կարևորել է Տերմինալների՝ մինչև Ընկերության իրավունքի խախտումը շահագործված լինելու փաստը (Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ, օրինակ, Ոստիկանության գրությունից հետևում է, որ որոշ տերմինալներ առհասարակ չեն շահագործվել, իսկ Ընկերության կողմից փորձաքննության ներկայացված երեք տերմինալներից մեկի շահագործման վերաբերյալ տեղեկությունը հնարավոր չի եղել ներբեռնել), այդուհանդերձ, Տերմինալներն առնվազն մեկ ամիս շահագործելու փաստի ապացուցման պարտականությունը չկատարելու բացասական հետևանքը Դատարանը չէր կարող Ընկերության վրա դնել, քանի որ սույն գործի քննության ընթացքում նշված հանգամանքը չի ներառվել ապացուցման ենթակա փաստերի շրջանակում և այդ մասով ապացուցման բեռի բաշխում չի իրականացվել:
Բացի այդ, Դատարանի սահմանած ժամանակահատվածի ողջամտությունն արդարացված չի թվում՝ նկատի ունենալով, որ տեղադրված Տերմինալների շահագործումը Ոստիկանության կողմից կարող էր դադարեցվել, օրինակ, դրանք մեկ օր շահագործելուց հետո, և նման պայմաններում քննարկման առարկա պետք է դառնար այն հարցը, թե արդյո՞ք շահագործման ժամանակահատվածի կարճատևությունն Ընկերությանը կարող էր զրկել բաց թողնված օգուտի տեսքով վնասի հատուցում պահանջելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է ապացուցման բեռի բաշխման հարցում Դատարանի կողմից թույլ տրված խախտումը, սակայն անտեսել է, որ Ընկերությունը, իր դատավարական իրավունքն իրականացնելով սեփական հայեցողությամբ (տնօրինչականության սկզբունք), փորձաքննության է ներկայացրել բացառապես երեք տերմինալներ, որոնցից մեկի վերաբերյալ հնարավոր չի եղել պատասխանել փորձաքննությամբ առաջադրված հարցերին տեղեկատվության բացակայության պատճառով: Այսինքն՝ փորձաքննության ներկայացված երեք տերմինալներից միայն երկուսն են բովանդակել բաց թողնված օգուտի տեսքով վնասի չափը որոշելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ Ոստիկանության գրությամբ հայտնվել է որոշ Տերմինալներ առհասարակ չշահագործվելու մասին:
Նշված ապացույցները համադրությամբ գնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը չէր կարող փորձաքննության ներկայացված երկու Տերմինալների վերաբերյալ հետևությունների հիմքով բաց թողնված օգուտի չափ որոշել նաև փորձաքննության չենթարկված Տերմինալների հաշվառմամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով միայն Ոստիկանության գրությամբ հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ որոշ Տերմինալներ տեղադրման օրվանից չեն շահագործվել (Ոստիկանության գրության համաձայն՝ դրանք երեքն են, տե՛ս փաստ 7), բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը՝ հաստատված համարելով ևս հինգ տերմինալների մասով (Դատարանի վճռով բավարարված երկու տերմինալների հանրագումարով ընդհանուր յոթ) բաց թողնված օգուտի տեսքով վնաս պատճառված լինելու հանգամանքը:
Եթե նույնիսկ ենթադրենք, որ բոլոր Տերմինալները փաստացի շահագործվել են, ապա նշվածը հիմք չէ դրանց հաշվառմամբ բաց թողնված օգուտի չափ որոշելու համար, քանի որ, ինչպես արդեն նշվել է, որոշ Տերմինալներ փորձաքննության չեն ներկայացվել, իսկ փորձաքննության ներկայացված Տերմինալներից մեկի մասով տեղեկատվության ստացման անհնարինությունը չի փարատում մյուս՝ փորձաքննության չներկայացված Տերմինալների մասով անհրաժեշտ տեղեկատվության ստացման անհնարինության վերաբերյալ կասկածը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ բաց թողնված օգուտի չափի հաշվարկը կատարվում է Դատարանի հայեցողությամբ միայն ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանած կանոններով բաց թողնված օգուտի չափը որոշելու անհնարինության դեպքում՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սկզբունքները, բարեխղճության, խելամտության և արդարացիության պահանջները: Մինչդեռ տվյալ դեպքում Ընկերությունն իրական հնարավորություն է ունեցել փորձաքննության ներկայացնելու բոլոր Տերմինալները, ինչը չի արել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հերքվում է Ընկերության վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ առնվազն մեկ Տերմինալի մասով շահագործման և այլ տվյալների վերաբերյալ ապացույցներ ներկայացված լինելը Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր բավարար՝ բաց թողնված օգուտի առկայությունը բոլոր ութ Տերմինալների մասով կիրառելու ու դրանց մասով վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարելու համար:
Նման պայմաններում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն: Միաժամանակ գործի նոր քննության ընթացքում դատարանը բաց թողնված օգուտի չափը բացահայտելու նպատակով սույն որոշման իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է պարզի գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, դրան համապատասխան բաշխի ապացուցման պարտականությունը, օգուտ ստանալու իրական մտադրությունը և հնարավորությունը որոշելիս հաշվի առնի Տերմինալների փաստացի շահագործման ժամանակահատվածի, ինչպես նաև տեղադրված Տերմինալների շահագործմամբ հավասարաչափ եկամուտ ապահովելու հնարավորությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ստորաբաժանման տեղակայման, շահագործողների թվի ու այլ առանձնահատկություններ (նշված առանձնահատկությունները կորոնովիրուսի տարածման ժամանակահատվածի մասով իրավացիորեն հաշվի են առնվել Դատարանի կողմից):
Վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված մյուս փաստարկները մասնակիորեն հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ սույն որոշմամբ սահմանված վերը նշված ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
