Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը և 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 1-ից:
Որոշումն ունի անցումային դրույթներ: Տես 4-րդ և 5-րդ կետերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2025 թվականի N 70-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ գլուխները,
բ. 3-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ գլխով.
«IV. ԱՆՀԱՏԻ ԽԻՍՏ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ հրապարակող անձը մուտք է գործում կայք, լրացնում է անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ տեղեկություններ:
22. Հրապարակային ծանուցումը հանձնելիս՝ հրապարակային ծանուցում հրապարակող անձին տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:
23. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան էլեկտրոնային ձևաչափով ներկայացված հայտարարությունը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի, փոխանցվում է կայքը վարող աշխատողին, որն ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, ինչպես նաև համապատասխանությունը սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի պահանջներին և հայտարարության փոխանցման օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայքի համապատասխան բաժնում:
24. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը համարվում է ներկայացված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Հաստատված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող՝ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
25. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու համար կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում ընտրվում է չեղարկել հրահանգը՝ նշելով պատճառը:
26. Հայտարարությունը համարվում է չեղարկված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Չեղարկված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող՝ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
27. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 21-րդ կետի համաձայն կարող է ֆիզիկական անձի վերաբերյալ ներկայացվել հրապարակային ծանուցում, որում նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, տարին, ամիսը և բնակության վայրի հաշվառման հասցեն, իսկ ֆիզիկական անձի կողմից այն դիտելու համար անհրաժեշտ է համապատասխան հղումով անցնելուց հետո մուտքագրել իր անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը և հանրային ծառայությունների համարանիշը կամ վարորդական վկայականի համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաստատել բջջային հեռախոսահամարը:
28. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 27-րդ կետի համաձայն հրապարակված հայտարարությունները ենթակա չեն բաժանորդագրության:».
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում՝
ա. 2-րդ կետից «էլեկտրոնային կրիչով» բառերը հանել,
բ. 2-րդ կետում «համաձայն ձևի» բառերը փոխարինել «համաձայն Ձև 1-ի» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը՝ Ձևը,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ Ձև 1-ով.
«Ձև 1
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հայտատուի տվյալները (լրացվում է ինքնաշխատ կայքի կողմից՝ կայք մուտք գործելիս և դեր ընտրելիս) |
Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ-ն, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն: |
Հայտարարության իրավական հիմքը |
Այն իրավական ակտը, որով սահմանված է հայտարարություն ներկայացնելու պահանջը: |
Ծանուցման վերնագիրը |
Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված հայտարարության անվանումը: |
Ծանուցման տեքստը |
Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված հայտարարության բովանդակությունը, իսկ, եթե հայտարարության բովանդակությունը գերազանցում է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով՝ PDF ձևաչափով: |
Հայտարարության արդիականության ժամկետը |
Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը: |
Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի տվյալները |
Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի զբաղեցրած պաշտոնը: |
»:
2. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների, ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 1-ից:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը և 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 1-ից:
4. Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները 2025 թվականի մարտի 1-ից հետո կիրառվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվող հրապարակային ծանուցումների նկատմամբ, իսկ 2025 թվականի հունիսի 1-ից հետո` նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հրապարակային ծանուցումների նկատմամբ: Մինչև 2025 թվականի մարտի 1-ը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իսկ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հրապարակային ծանուցման տեքստը պետք է համապատասխանի ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափին՝ Ձևին, իսկ 2025 թվականի հունիսի 1-ից՝ Ձև 1-ին։
5. Մինչև սույն որոշման համապատասխան կարգավորումների կիրառվելը, էլեկտրոնային կրիչներով ներկայացված ծանուցումների նկատմամբ կիրառվում է մինչև այդ կարգավորումների ուժի մեջ մտնելը գործող կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
23.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: