ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2024 թվականի |
թիվ 55 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 3-րդ, 9-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին և 254-րդ հոդվածին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով պաշտոնական միջազգային սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործման համար նախատեսված ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները, այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և դրա կիրառման կարգը՝ թիվ 1 հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ այն ապրանքների կատեգորիաները, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկի 10-րդ և 103-րդ կետերին (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշման հավելված) համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, նշված մաքսային ընթացակարգը կիրառվում և ավարտվում է` հիմք ընդունելով այդպիսի ապրանքների օգտագործման և դրանց տնօրինման մասով սահմանափակումները, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգի ավարտման միջոցների և կարգի՝ ներառյալ մաքսային հսկողության տակ չգտնվող այդպիսի ապրանքների ճանաչման դեպքերը և կարգը, որոնք նախատեսված են՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, տվյալ հարցերը կարգավորող՝ նման ապրանքների մասով նշված ցանկի 10-րդ և 103-րդ կետերով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 36 որոշման 2-րդ կետով։
3. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումները՝ 2-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մայիսի 29-ի թիվ 55 որոշման |
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով պաշտոնական միջազգային սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործման համար նախատեսված ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները, այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և դրա կիրառման կարգը
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն փաստաթղթով սահմանվում են բացառապես միջազգային մարզական պաշտոնական միջոցառումների (ներառյալ մրցումները և դրանց կազմակերպման, անցկացման, զանգվածային լրատվության միջոցներում լուսաբանման, բացման, փակման և մրցումների արդյունքների ամփոփման հետ կապված հարակից միջոցառումները, որոնք կազմակերպված կամ հավանության են արժանացած սպորտային միջոցառումների կազմակերպիչների կողմից) կազմակերպման և անցկացման կամ դրանց նախապատրաստվելու նպատակով մարզական միջոցառումների անցկացման դեպքում օգտագործման համար նախատեսված սպորտային հանդերձանքի և սարքավորումների, այլ ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ)՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով տեղափոխման առանձնահատկությունները, այդ ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները, ինչպես նաև դրանց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը՝ Միության մաքսային տարածք դրանց ներմուծման, ինչպես նաև Միության մաքսային տարածքից դրանց՝ Միության անդամ չհանդիսացող պետություն (պետություններ), որի տարածքում անցկացվում են պաշտոնական միջազգային սպորտային միջոցառումները, արտահանման դեպքում:
Սույն փաստաթղթի կիրառման նպատակներով՝ պաշտոնական միջազգային սպորտային միջոցառումներ (այսուհետ՝ սպորտային միջոցառումներ) ասելով հասկանում ենք այն սպորտային միջոցառումները, որոնց անցկացման մասին որոշումը կամ որոնցում մասնակցելու մասին որոշումն այն դեպքում, երբ դրանք անցկացվում են Միության անդամ չհանդիսացող պետությունում (պետություններում), ընդունվել է Միության անդամ պետության ղեկավարի կամ կառավարության (այսուհետ համապատասխանաբար՝ բարձր մակարդակի սպորտային միջոցառումներ, անդամ պետություն) կամ այդ անդամ պետության՝ օրենսդրությանը համապատասխան լիազորված պետական մարմնի կողմից։
Սպորտային հանդերձանքի և սարքավորումների թվին են դասվում հագուստը (համազգեստը), կոշիկները, գլխի հարդարանքը, սպորտային պիտույքները, հարմարանքները, սարքերը, սպորտային կառույցների հագեցման և մրցումների սպասարկման համար գույքացուցակը (ինվենտարը) և ապարատուրան, մրցավարական-տեղեկատվական և բժշկակենսաբանական ապարատուրան, սպորտային կառույցների սպասարկման համար հատուկ տեխնիկան, մեխանիկական և էլեկտրոնային միջոցները, այդ թվում՝ հատուկ սպորտով զբաղվելու համար պատրաստված մրցարշավային ավտոտրանսպորտային միջոցները։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված այլ ապրանքների թվին են դասվում նաև սպորտային միջոցառումների անցկացման ընթացքում հանձնման ենթակա պարգևատրման ատրիբուտները, զանգվածային լրատվամիջոցներում սպորտային միջոցառումների ձայնագրման և լուսաբանման համար մասնագիտական սարքավորումները, համակարգչային և հեռահաղորդակցման սարքավորումները, գրասենյակային տեխնիկան, բժշկական արտադրատեսակները, գովազդային սարքավորումները և նյութերը, համազգեստը, սննդամթերքը, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 8702–8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցները՝ բացառությամբ այն շարժիչային տրանսպորտային միջոցների, որոնք հատուկ նախատեսված են բարձր ռադիոակտիվությամբ նյութերի փոխադրման համար, ավտոհորատիչների, հրշեջ տրանսպորտային միջոցների, ավտոբետոնախառնիչների, ճանապարհները մաքրող ավտոմոբիլների, ջրող-լվացող ավտոմոբիլների։
2. Սույն փաստաթղթի 1-ին կետում նշված ապրանքների թվին չեն դասվում՝
ա) ակցիզներով (ակցիզային հարկով կամ ակցիզային տուրքով) հարկվող ապրանքները՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները՝ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս կամ այն պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում (պետություններում) անցկացվող սպորտային միջոցառումներում դրանց օգտագործման համար Միության մաքսային տարածքից արտահանման նպատակով՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703 և 8704 ապրանքային դիրքերում դասակարգված շարժիչային տրանսպորտային միջոցների․
բ) շինարարական և հարդարման նյութերը.
գ) ապրանքների ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված)․
դ) ապրանքների ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված) (այսուհետ՝ ցանկ)՝ բացառությամբ հետևյալ ապրանքների՝
ցանկի 2.10-րդ բաժնի 3-րդ աղյուսակում նշված՝ թանկարժեք մետաղներ պարունակող պարգևատրման ատրիբուտները, որոնք նախատեսված են անդամ պետության տարածքում անցկացվող սպորտային միջոցառումների մասնակիցներին հանձնելու համար.
այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները կամ որի տարածքում այդ դեղապատրաստուկները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով, սահմանված դեղապատրաստուկների չպատենտավորված միջազգային անվանումների (անունների) ցանկով նախատեսված՝ ցանկի 2.12-րդ բաժնում ընդգրկված դեղապատրաստուկները, որոնք անհրաժեշտ են սպորտային միջոցառումներին մասնակցող մարզիկներին և պատվիրակությունների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար․
ցանկի 2.14-րդ բաժնում ընդգրկված դեղամիջոցները.
բացառապես սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված սպորտային հանդերձանքը և սարքավորումները, այլ ապրանքներ, որոնցում պարունակվում են ցանկի 2․16-րդ և 2․19-րդ բաժիններում ընդգրկված ապրանքները․
ցանկի 2.22-րդ բաժնում ընդգրկված սպորտային զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերը, փամփուշտները։
3. Պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության), անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողությունը (հսկողությունը), անասնաբուժական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 4-6-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները։
4. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնում ընդգրկված ապրանքների և այն ապրանքների, որոնց համար Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված է համապատասխանության գնահատում՝ պետական գրանցման ձևով, պետական գրանցում և արտադրանքի պետական գրանցման մասին վկայականի ներկայացում չի պահանջվում։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ներմուծված չօգտագործված ապրանքները պետք է արտահանվեն Միության մաքսային տարածքից կամ ոչնչացվեն՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 15-րդ կետի դրույթները։
5. Միության մաքսային տարածք ներմուծվող այն ապրանքների համար, որոնք անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա կենդանական ծագման պատրաստի սննդամթերք են (այսուհետ՝ հսկողության ենթակա ապրանքներ)՝
չեն պահանջվում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներով նախատեսված ներմուծման թույլտվությունը՝ տրված անասնաբուժության ոլորտում այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածք են ներմուծվում նշված ապրանքները (այսուհետ՝ ներմուծման թույլտվություն), և Միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների արտադրությունը, վերամշակումը և (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստր (այսուհետ՝ ռեեստր) արտահանող ձեռնարկությունների մասին տեղեկությունների ներմուծումը։ Պահանջվում են անասնաբուժական սերտիֆիկատներ՝ տրված արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից՝ Միության մարմինների ակտերով հաստատված կամ անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ սահմանված կարգով համաձայնեցված ձևերին համապատասխան (այսուհետ՝ անասնաբուժական սերտիֆիկատ)․
չեն պահանջվում ներմուծման թույլտվություն, արտահանող ձեռնարկությունների մասին տեղեկությունների ներմուծումը ռեեստր, անասնաբուժական սերտիֆիկատներ՝ արտադրող երկրի և արտահանման երկրի անասնահամաճարակային տեսանկյունից բարեկեցության պայմանով՝ սպորտային միջոցառման մասնակից թիմերի անդամների կողմից անձնական սպառման համար հսկողության ենթակա ապրանքների անվանման, արտադրողի և պատրաստման երկրի նշումով մակնշում պարունակող գործարանային փաթեթվածքով՝ սպորտային միջոցառման մասնակից թիմի մեկ անդամի հաշվարկով 5 կիլոգրամից ոչ ավելի հսկողության ենթակա ապրանքների ներմուծման դեպքում։
Ներմուծման արգելքի տեսքով անասնաբուժասանիտարական միջոցները կիրառում են այն դեպքում, երբ նման արգելքը սահմանված է՝ հիմք ընդունելով արտադրողի երկրում կամ արտահանման երկրում անասնահամաճարակային իրավիճակը։
Սույն կետի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ նշված չօգտագործված ապրանքները պետք է արտահանվեն Միության մաքսային տարածքից կամ ոչնչացվեն՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 15-րդ կետի դրույթները։
Ներմուծված չօգտագործված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելիս Միության մաքսային տարածքից արտահանման թույլտվություն՝ տրված անասնաբուժության ոլորտում այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածքից արտահանվում են հսկողության ենթակա ապրանքները, և անասնաբուժական սերտիֆիկատներ չեն պահանջվում, բացառությամբ այն դեպքի, երբ անասնաբուժական սերտիֆիկատների առկայության մասին պահանջը սահմանված է ներմուծող երկրների օրենսդրությամբ և Միության մաքսային տարածք ներմուծելիս հսկողության ենթակա այդպիսի ապրանքներն ուղեկցվել են այդ երկրների իրավասու մարմինների կողմից տրամադրված անասնաբուժական սերտիֆիկատներով։
6. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ այն ապրանքների մասով, որոնք կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա բարձր բուսասանիտարական ռիսկի բուսական ծագման սննդամթերք են, բուսասանիտարական սերտիֆիկատներ չեն պահանջվում, եթե այդ ապրանքները ներմուծվում են սպորտային միջոցառման մասնակից թիմերի անդամների կողմից՝ անձնական սպառման համար՝ հսկողության ենթակա ապրանքների անվանման, արտադրողի և պատրաստման երկրի նշումով մակնշում պարունակող գործարանային փաթեթվածքով՝ սպորտային միջոցառման մասնակից թիմի մեկ անդամի համար 5 կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր զանգվածի հաշվարկով։
Ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ այդ միջոցները սահմանվել են այն անդամ պետության կողմից, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված չօգտագործված ներմուծված այն ապրանքները, որոնք կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա բարձր բուսասանիտարական ռիսկի բուսական ծագման սննդամթերք են, պետք է արտահանվեն Միության մաքսային տարածքից կամ ոչնչացվեն՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 15-րդ կետի դրույթները։
7. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված պետական մարմինը, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, ապահովում է այլ անդամ պետությունների՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության, անասնաբուժության, բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմիններին այն անձանց մասին տեղեկացումը, որոնք իրավասու են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու և որոնք այդ ապրանքների ուղարկողները և (կամ) ստացողներն են:
8. Սույն փաստաթղթի 2-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ-հինգերորդ պարբերությունների և 34-րդ կետի «բ» ենթակետի մեջ նշված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս և (կամ) այդ տարածքից արտահանելիս ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ չեն պահանջվում՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 11-րդ կետի «դ» ենթակետի դրույթները։
9. Այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները կամ որի տարածքում ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային տարածքից Միության անդամ չհանդիսացող այն պետություն (պետություններ) արտահանելու նպատակով, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ, որոնք պահպանելու դեպքում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Մաքսային օրենսգիրք) 83-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձինք կարող են հանդես գալ որպես հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու, ինչպես նաև այլ անձինք և պայմաններ, որոնք պահպանելու դեպքում այդ անձինք կարող են հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու։
II. Միության մաքսային տարածք ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը
10. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը՝ բացառությամբ սույն փաստաթղթի 23-րդ և 25-րդ կետերում նշված դեպքերի։
11. Միության մաքսային տարածք ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմաններն են՝
ա) ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպումն այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները.
բ) անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները (այսուհետ՝ մաքսային մարմին), այդ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) ապրանքների նպատակային նշանակության գրավոր հաստատման ներկայացում, որի իրավասության շրջանակներում են գտնվում սպորտային միջոցառման կազմակերպման և անցկացման հարցերը՝ նշելով սպորտային միջոցառումների անվանումները, որոնց կազմակերպման և անցկացման համար դրանք նախատեսված են, սպորտային միջոցառման ավարտի ամսաթիվը, ապրանքների անվանումները և քանակը, ապրանքները տեղափոխող անձի մասին տեղեկությունները, ինչպես նաև տեղեկություններ ապրանքների հայտարարատուի մասին։ Բարձր մակարդակի սպորտային միջոցառումներ անցկացնելիս այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ անցկացվում են այդպիսի սպորտային միջոցառումները, կարող է նախատեսվել, որ ապրանքների նպատակային նշանակության գրավոր հաստատումը ներկայացնել չի պահանջվում, եթե որպես ապրանքների հայտարարատու՝ հանդես են գալիս այն անձինք, որոնց ցանկը սահմանված է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան․
գ) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների պահպանումը՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 4-6-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները․
դ) ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացումը՝
ցանկի 2․10-րդ բաժնի 3-րդ աղյուսակում նշված՝ թանկարժեք մետաղներ պարունակող պարգևատրման ատրիբուտների մասով, որոնք նախատեսված են անդամ պետության տարածքում անցկացվող սպորտային միջոցառումների մասնակիցներին հանձնելու համար՝ բացառությամբ բարձր մակարդակի սպորտային միջոցառումների․
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, սահմանված դեղապատրաստուկների չպատենտավորված միջազգային անվանումների (անունների) ցանկով նախատեսված դեղապատրաստուկների մասով, ընդգրկված՝ ցանկի 2․12-րդ բաժնում, և անհրաժեշտ սպորտային միջոցառումներ անցկացնելիս մարզիկներին և պատվիրակությունների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝բացառությամբ բարձր մակարդակի սպորտային միջոցառումների․
բացառապես Բելառուսի Հանրապետությունում սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման համար նախատեսված սպորտային հանդերձանքի և սարքավորումների, այլ ապրանքների մասով, որոնք պարունակում են ցանկի 2․16-րդ բաժնում ընդգրկված ապրանքները՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում
ցանկի 2․22-րդ բաժնում ընդգրկված սպորտային զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի, փամփուշտների մասով։
12. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքներն օգտագործելու պայմաններն են՝
ա) սույն փաստաթղթի 13-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ապրանքների օգտագործման ժամկետի պահպանումը՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան.
բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման հետ կապված՝ սույն փաստաթղթի 14-րդ կետով սահմանված սահմանափակումների պահպանումը:
13. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսային մարմինը՝ ելնելով Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու նպատակներից և հանգամանքներից, հայտարարատուի կողմից հայտագրված ժամկետը հիմք ընդունելով, սահմանում է հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման ժամկետը, որը, հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը, չի կարող գերազանցել սպորտային միջոցառումներն ավարտվելու օրվանից 3 ամիսը:
Այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, դրանում սահմանված դեպքերի համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման այլ առավելագույն ժամկետ, որը չի կարող գերազանցել սպորտային միջոցառումներն ավարտվելու օրվանից 18 ամիսը:
Մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված ապրանքների օգտագործման ժամկետը լրանալը՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա նշված ժամկետը կարող է երկարաձգվել՝ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետի սահմաններում կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի սահմաններում:
14. Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, օգտագործել հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, այդ թվում՝ ամբողջությամբ կամ մասնակի գործածել (սպառել), հանձնել միջոցառման մասնակիցներին՝ որպես պարգևատրման ատրիբուտներ, բաժանել անվճար: Ապրանքների անվճար բաժանումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները։
Սույն փաստաթղթի 2-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ-վեցերորդ պարբերություններում, 4-6-րդ կետերում նշված ապրանքների անվճար բաժանում չի թույլատրվում։ Այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների անվճար բաժանում չի թույլատրվում, ինչպես նաև կարող են սահմանվել ապրանքների բաժանման արժեքային և (կամ) քանակական սահմանափակումներ։
Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումը սույն կետի առաջին պարբերության մեջ նշված անձանց կողմից այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանն այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, թույլատրվում է այդ միջոցառումների կազմակերպման և անցկացման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), ինչպես նաև թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման նպատակով՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը, այդ ապրանքների հայտարարատուին չի ազատում հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման՝ սույն փաստաթղթի 12-րդ կետով սահմանված պայմանները պահպանելուց, սույն փաստաթղթի 15-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց, ինչպես նաև չի կասեցնում և չի երկարաձգում հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման ժամկետը:
Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կորուստն այդ ապրանքների հայտարարատուին չի ազատում սույն փաստաթղթի 15-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց, ինչպես նաև չի կասեցնում և չի երկարաձգում հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման ժամկետը:
15. Մինչև հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 13-րդ կետին համապատասխան՝ սահմանված ժամկետը լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝
ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս այդ ապրանքների հետադարձ արտահանման ժամանակ միևնույն մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, պայմանով, որ ձևակերպումը կատարվում է այն անդամ պետությունում, որտեղ այդ ապրանքները ներմուծելիս ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով, ինչպես նաև մաքսային մարմնին՝ Միության մաքսային տարածք այդ ապրանքները ներմուծելիս դրանց հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպումը հաստատող մաքսային փաստաթղթերի կամ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները ներկայացնելու պայմանով։ Այդ դեպքում հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման ժամկետ մաքսային մարմնի կողմից չի սահմանվում․
բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները միևնույն մաքսային ընթացակարգով ձևակերպելիս․
գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս Մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով, հաշվի առնելով սույն փաստաթղթի 18-րդ կետը, բացառությամբ Ռուսաստանի Դաշնություն ներմուծված և հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված սպորտային հանդերձանքի և սարքավորումների, այլ ապրանքների՝ նախատեսված բացառապես սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, որոնք պարունակում են ցանկի 2․16-րդ և 2․19-րդ բաժիններում ընդգրկված ապրանքները.
դ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելիս՝ առանց այդ ապրանքները՝ Միության մաքսային տարածքից արտահանման համար օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, այն դեպքում, երբ դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվում են (անցկացվել են) սպորտային միջոցառումները․
ե) այն անդամ պետության, որի տարածքում անցկացվում են (անցկացվել են) սպորտային միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչվելու դեպքում.
զ) մաքսային մարմնի կողմից այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են (անցկացվել են) սպորտային միջոցառումները, հետևյալի ճանաչումը՝
հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման ընթացքում դրանց ծախսման (սպառման) փաստը՝ սույն փաստաթղթի 14-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան․
սպորտային միջոցառումների մասնակիցներին որպես պարգևատրման ատրիբուտներ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հանձնման փաստը՝ սույն փաստաթղթի 14-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ դրանք օգտագործելու ընթացքում, բացառությամբ Ռուսաստանի Դաշնություն ներմուծված և հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված սպորտային հանդերձանքի և սարքավորումների, այլ ապրանքների՝ նախատեսված բացառապես սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, որոնք պարունակում են ցանկի 2․16-րդ և 2․19-րդ բաժիններում ընդգրկված ապրանքները․
հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների անվճար բաժանման փաստը, բացառությամբ սույն փաստաթղթի 2-րդ կետի «դ» ենթակետի երկրորդից վեցերորդ պարբերություններում և 4-6-րդ կետերում նշված ապրանքների՝ սույն փաստաթղթի 14-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններին համապատասխան սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ դրանք օգտագործելու ընթացքում․
է) այն անդամ պետության, որի տարածքում անցկացվում են (անցկացվել են) սպորտային միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան, մաքսային մարմնի կողմից հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ իրենց սպառողական հատկությունները կորցրած և այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, ոչ պիտանի դարձած ապրանքների՝ նման անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու դեպքում․
ը) այն անդամ պետության, որի տարածքում անցկացվում են (անցկացվել են) բարձր մակարդակի սպորտային միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ նման սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործված ապրանքներն այն կազմակերպություններին անհատույց փոխանցելու փաստը ճանաչվելու դեպքում, որոնց գործունեությունը կապված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, կրթության, գիտելիքների զարգացման, գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության, քաղաքացիների առողջության կանխարգելման և պահպանման, առողջ ապրելակերպի քարոզչության կամ բարեգործության հետ, բացառությամբ սպորտային հանդերձանքի և սարքավորումների, այլ ապրանքների՝ նախատեսված բացառապես սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, որոնք պարունակում են ցանկի 2․16-րդ և 2․19-րդ բաժիններում ընդգրկված ապրանքները․
թ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե այդ ապրանքները ձևակերպված են այդ ընթացակարգով Միության մաքսային տարածքով այն անդամ պետության տարածքից, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս դրանց բացթողումը, այլ անդամ պետության տարածք փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակով՝ հետագայում սույն փաստաթղթին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվելու համար, բացառությամբ Ռուսաստանի Դաշնություն ներմուծված և հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված սպորտային հանդերձանքի և սարքավորումների, այլ ապրանքների՝ նախատեսված բացառապես սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, որոնք պարունակում են ցանկի 2․16-րդ և 2․19-րդ բաժիններում ընդգրկված ապրանքները:
16. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մեկ կամ մի քանի խմբաքանակներով կարող են ձևակերպվել սույն փաստաթղթի 15-րդ կետի «ա»-«գ», «թ» ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով։
Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ սույն փաստաթղթի 15-րդ կետի «դ»-«ը» ենթակետերին համապատասխան, կարող է իրականացվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով։
17. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 13-րդ կետին համապատասխան՝ սահմանված ժամկետը լրանալուն պես, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է։
18. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ավարտվելու դեպքում՝
ա) այդ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, մաքսային արժեքը և (կամ) բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշները (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ) սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ.
բ) այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արգելքները և սահմանափակումները՝ հաշվի առնելով այդ ապրանքների փաստացի վիճակն ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:
19. Սույն փաստաթղթի 15-րդ կետի «դ»-«ը» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով։
20. Ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցվում է դրանք առգրավելու կամ դրանց վրա արգելանք դնելու դեպքում՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները։
21. Այն դեպքում, երբ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, որոշում է ընդունվում ապրանքների առգրավումը կամ դրանց վրա արգելանք դնելը չեղյալ ճանաչելու մասին, այդ ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը վերականգնվում է՝ նման որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից կամ տվյալ որոշման մեջ նշված օրվանից:
22. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերսկսման կարգը՝ սույն փաստաթղթի 20-րդ և 21-րդ կետերում նշված դեպքերում, սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները։
23. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն առգրավելիս կամ այն անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելիս, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն այդ ապրանքների նկատմամբ ավարտվում է, իսկ առգրավված կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձած ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ՝ առգրավման կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
24. Եթե հայտարարատուն, այն անդամ պետության, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան, վարչական կամ քրեական պատասխանատվության է ենթարկվում հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման պայմանները չկատարելու համար, և այդ չկատարման հետևանքով անհնար է այդ մաքսային ընթացակարգի հետագա կիրառումը, ապա մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի հայտարարատուին պատասխանատվության ենթարկելու մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից՝ 15 օրացուցային օրվա ընթացքում:
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետում հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է, իսկ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմնի կողմից՝ Մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:
25. Սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման ընթացքում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ գործածված (սպառված), այդ միջոցառումների մասնակիցներին՝ որպես պարգևատրման ատրիբուտներ հանձնված, անվճար բաժանված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից դրանց գործածման (սպառման), անվճար բաժանման կամ հանձնման փաստը ճանաչվելու օրվանից։
Բարձր մակարդակի սպորտային միջոցառումների անցկացման շրջանակներում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք անհատույց փոխանցվել են այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, կրթության, գիտելիքների զարգացման, գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության, քաղաքացիների առողջության կանխարգելման և պահպանման, առողջ ապրելակերպի քարոզչության կամ բարեգործության հետ, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից դրանց՝ նշված կազմակերպություններին անհատույց փոխանցման փաստը ճանաչվելու օրվանից։
26. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները, համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից դրանց՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու դեպքում։
27. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից այն ապրանքների հայտարարագիրը գրանցվելու պահից, որին համապատասխան ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով:
28. Հայտարարատուի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝
ա) ապրանքների բացթողումը մերժելու՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
բ) Մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ապրանքների հայտարարագիրը հետ կանչելու և (կամ) Մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ապրանքների բացթողումը չեղարկելու՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
գ) սույն փաստաթղթի 15-րդ կետին, բացառությամբ այդ կետի «դ» և «ե» ենթակետերի, համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 13-րդ կետին համապատասխան՝ սահմանված ապրանքների օգտագործման ժամկետը լրանալը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 30-րդ կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.
դ) այն ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է՝ Մաքսային օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան.
ե) այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է՝ Մաքսային օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.
զ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելու և (կամ) դրանք գանձելու՝ սույն փաստաթղթի 32-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
է) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելու՝ այն անդամ պետության, որի տարածքում անցկացվում են սպորտային միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, վրա է հասել այդ ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
ը) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները բռնագրավելու կամ այն անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու, որի տարածքում անցկացվում են (անցկացվել են) միջոցառումները՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
թ) սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային մարմնի կողմից արգելանքի վերցվելու․
ժ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Միության մաքսային տարածքից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են (անցկացվել են) սպորտային միջոցառումները, արտահանելու, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև տվյալ ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելը, վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը։
29. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը ենթակա է կատարման՝ սույն փաստաթղթի 30-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում։
30. Հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝
ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ոչ սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով օգտագործելու դեպքում՝ այդպիսի օգտագործման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը սույն փաստաթղթի 14-րդ կետի դրույթների խախտմամբ այլ անձի (անձանց) փոխանցելու և (կամ) այդ ապրանքներն օգտագործելու դեպքում՝ այդ ապրանքները փոխանցելու և (կամ) օգտագործելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ․ ապա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
դ) սույն փաստաթղթի 15-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 13-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման ժամկետը լրանալու օրը:
31. Սույն փաստաթղթի 30-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման:
Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը:
Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:
Հետագայում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ սահմանելիս ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ Մաքսային օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ ու 77-րդ հոդվածներին համապատասխան՝ չվճարված գումարների բռնագանձում:
32. Սույն փաստաթղթի 15-րդ հոդվածին համապատասխան՝ սույն փաստաթղթի 30-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու կամ Մաքսային օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու, կամ Մաքսային օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ այդ ապրանքներն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ Մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից այդ ապրանքներն արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձելուց հետո (ամբողջությամբ կամ մասնակի)՝ սույն փաստաթղթին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ Մաքսային օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:
III. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգը՝ Միության մաքսային տարածքից՝ Միության անդամ չհանդիսացող պետության (պետությունների) տարածք արտահանվող ապրանքների նկատմամբ
33. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության անդամ չհանդիսացող պետությունում (պետություններում) սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործման համար Միության մաքսային տարածքից փաստացի արտահանված ապրանքները (այսուհետ՝ սույն բաժնում՝ արտահանված ապրանքներ) պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը՝ բացառությամբ սույն փաստաթղթի 40-րդ կետի «գ» ենթակետում և 41-րդ և 43-րդ կետերում նշված դեպքերի։
34. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմաններն են՝
ա) այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է, գրանցվել է, կամ որի տարածքում մշտապես բնակվում է ապրանքների հայտարարատու հանդիսացող անձը, ապրանքների նպատակային նշանակության մասին գրավոր հաստատում ներկայացնելը՝ այդ պետության այն լիազորված պետական մարմնի (կազմակերպության) կողմից, որի իրավասության շրջանակներում են սպորտային միջոցառումներին մասնակցությանն առնչվող հարցերը․
բ) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ Մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ այն փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու, որոնցով հաստատվում է ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հետևյալ ապրանքների նկատմամբ․
այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում այդ դեղապատրաստուկները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով, սահմանված դեղապատրաստուկների չպատենտավորված միջազգային անվանումների (անունների) ցանկով նախատեսված՝ ցանկի 2․12-րդ բաժնում ընդգրկված դեղապատրաստուկները, որոնք անհրաժեշտ են բարձր մակարդակի սպորտային միջոցառումների մասնակից մարզիկներին և պատվիրակությունների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար․
բացառապես սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործման համար նախատեսված սպորտային հանդերձանք և սարքավորումներ, այլ ապրանքներ, որոնք պարունակում են ցանկի 2․19-րդ բաժնում ընդգրկված ապրանքները։
35. Արտահանված ապրանքները՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմաններն են՝
ա) սույն փաստաթղթի 36-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից սահմանված ապրանքների օգտագործման ժամկետի պահպանումը՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան.
2) ապրանքների օգտագործման և տնօրինման՝ սույն փաստաթղթի 37-րդ կետով սահմանված սահմանափակումների պահպանումը:
36. Միության ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսային մարմինը՝ ելնելով Միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելու նպատակներից և հանգամանքներից, հայտարարատուի կողմից հայտագրված ժամկետը հիմք ընդունելով, սահմանում է հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման ժամկետը, որը, հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը, չի կարող գերազանցել սպորտային միջոցառումներն ավարտվելու օրվանից 6 ամիսը:
Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա՝ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետի սահմաններում:
Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարելու օրվանից:
37. Արտահանված ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն օգտագործելու արտահանված ապրանքները, այդ թվում՝ ամբողջությամբ կամ մասնակի գործածել (սպառել), անվճար բաժանել։
Սույն փաստաթղթի 34-րդ կետի «բ» ենթակետում նշված արտահանված ապրանքների անվճար բաժանում չի թույլատրվում։ Անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ արտահանված ապրանքների անվճար բաժանում չի թույլատրվում, ինչպես նաև նման բաժանման արժեքային և (կամ) քանակական սահմանափակումներ։
Չի թույլատրվում արտահանված ապրանքների օգտագործում՝ սույն փաստաթղթի 1-ին կետով սահմանված նպատակներից տարբերվող նպատակներով։
38. Մինչև հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 36-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝
ա) արտահանված ապրանքները՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս այդ ապրանքները Միության մաքսային տարածք հետադարձ ներմուծման նպատակով՝ պայմանով, որ ձևակերպումը կատարվում է այն անդամ պետությունում, որտեղ այդ ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելիս ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով, ինչպես նաև մաքսային մարմին՝ Միության մաքսային տարածքից այդ ապրանքները արտահանելիս դրանց հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպումը հաստատող մաքսային փաստաթղթերի կամ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները ներկայացնելու պայմանով։ Այդ դեպքում հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման ժամկետ մաքսային մարմնի կողմից չի սահմանվում․
բ) արտահանաված ապրանքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս․
գ) արտահանված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս առանց հատուկ մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու, այն դեպքում, երբ դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում այդ ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով․
դ) մաքսային մարմնի կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում արտահանված ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով, արտահանված ապրանքների ծախսման (սպառման), ինչպես նաև անվճար բաժանելու փաստը ճանաչվելիս, բացառությամբ սույն փաստաթղթի 34-րդ կետի «բ» ենթակետում նշված ապրանքների՝ սպորտային միջոցառումների անցկացման ժամանակ սույն փաստաթղթի 37-րդ կետին համապատասխան դրանք օգտագործելու ընթացքում։
39. Արտահանված ապրանքները կարող են ձևակերպվել սույն փաստաթղթի 38-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով՝ մեկ կամ մի քանի խմբաքանակներով:
Արտահանված ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ սույն փաստաթղթի 38-րդ կետի «գ» և «դ» ենթակետերին համապատասխան, կարող է իրականացվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով։ Արտահանված ապրանքները ձևակերպվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով, առանց դրանց՝ Միության մաքսային տարածք ներմուծման։
40. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն ավարտվելու դեպքում՝
ա) արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են արտահանման մաքսատուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են «արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ․
բ) այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ․
գ) այդ ապրանքները ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող։
41. Սպորտային միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործման ընթացքում անվճար բաժանված արտահանված ապրանքները ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ մաքսային մարմնի կողմից այդ ապրանքների՝ սպորտային միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործման ընթացքում անվճար բաժանման փաստը ճանաչվելու օրվանից։
42. Սույն փաստաթղթի 38-րդ կետի «գ» և «ե» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով։
43. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ արտահանված ապրանքների օգտագործման՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 36-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալուն պես, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է։
Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարելու դեպքում արտահանված ապրանքները ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ արտահանված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ օգտագործման ժամկետը լրանալու օրվանից։
44. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի վճարման հայտարարատուի պարտավորությունն առաջանում է ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից։
45. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների արտահանման մաքսատուրքերի վճարման հայտարարատուի պարտավորությունը դադարեցվում է հետևյալ հանգամանքների առաջացման դեպքում՝
ա) ապրանքների բացթողումը մերժելու՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
բ) Մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածի 5-ին կետին համապատասխան՝ ապրանքների հայտարարագիրը հետ կանչելու և (կամ) Մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ապրանքների բացթողումը չեղարկելու՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
գ) սույն փաստաթղթի 38-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ մինչև արտահանված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ օգտագործման՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 36-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալն ավարտվելու դեպքում․
դ) արտահանված այն ապրանքները, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, Մաքսային օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում.
ե) ապրանքները բռնագրավելու կամ այն անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
թ) սույն օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային մարմնի կողմից արգելանքի վերցվելու․
7) այնպիսի ապրանքներ ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել:
46. Արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման՝ սույն փաստաթղթի 38-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 36-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման ժամկետի լրանալը չավարտվելու դեպքում:
Նշված հանգամանքն ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերի վճարման ժամկետ է համարվում մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 36-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման ժամկետը լրանալու օրը։
47. Սույն հոդվածի 46-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե արտահանված ապրանքները ձևակերպվեին «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման:
Արտահանման մաքսատուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մայիսի 29-ի թիվ 55 որոշման |
ՑԱՆԿ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.30 ենթակետը։
2. Այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկի 9-րդ, 101-րդ, ,102-րդ և 13-րդ կետերը (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշման հավելված)։
3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 14-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ Սոչի քաղաքում 2014 թվականի ձմեռային XXII օլիմպիական և ձմեռային XI պարալիմպիկ խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով» թիվ 663 որոշման 2-րդ կետը։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի ապրիլի 23-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 25 որոշման հավելվածի 1-ին կետը։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հուլիսի 16-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 50 որոշումը։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 59 որոշման հավելվածի 5-րդ և 8-րդ կետերը։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «2018 թվականի FIFA Աշխարհի առաջնությունը և 2017 թվականի FIFA Կոնֆեդերացիայի գավաթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ապրանքների ներմուծման (արտահանման) մասին» թիվ 151 որոշումը։
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 165 որոշման հավելվածի 2-րդ կետը։
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու և 2019 թվականի II Եվրոպական խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ապրանքների ներմուծման (արտահանման) հետ կապված որոշ հարցերի մասին» թիվ 46 որոշում
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու և ՈւԵՖԱ-ի 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման ու անցկացման նպատակով ապրանքների ներմուծման (արտահանման) որոշ հարցերի մասին» թիվ 19 որոշման հավելվածի 2-րդ կետը։
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու մասին և 2021/2022 սեզոնի UEFA Չեմպիոնների լիգայի կազմակերպման ու անցկացման նպատակով ապրանքների ներմուծման (արտահանման) հետ կապված որոշ հարցերի մասին» թիվ 147 որոշումը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: