հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
26 մարտի 1968 թվականի N 126
Քաղ. Երևան
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1968 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» N 144 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Ընդունել ի ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետը 1968 թվականի մարտի 4-ի «Կոլտնտեսային անտառների մասին կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ» N 144 որոշմամբ`
ա) հաստատել է կոլտնտեսային անտառների մասին առդիր Կանոնադրությունը.
բ) պարտավորեցրել է ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրությանը և ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին` 6-ամսյա ժամկետում մշակել և հաստատել կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու Կանոնները.
գ) սահմանել է, որ կոլտնտեսությունների անտառային տնտեսությունների, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների ու անտառապետությունների և գյուղատնտեսական մարմինների` կոլտնտեսային անտառների պահպանման համար անմիջականորեն պատասխանատու աշխատողներին, ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության ներկայացմամբ, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից հաստատվող պաշտոնացանկով, իրավունք է վերապահվում կրելու պետական անտառապահպանության աշխատողների համար սահմանված համազգեստ.
դ) հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր Իրավաբանական հանձնաժողովին` ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության և ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ՍՍՀՄ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել գործող օրենսդրության մեջ նշված որոշումից բխող փոփոխություններ մտցնելու մասին:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
Հաստատված է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թ. մարտի 4-ի N 144 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կոլտնտեսային անտառները հանդիսանում են ՍՍՀՄ պետական անտառային ֆոնդի մի մասը:
Կոլտնտեսային անտառների կազմում մտնում են կոլտնտեսություններին անժամկետ (հավերժ) օգտագործման համար ամրացված հողերում գտնվող և սահմանված կարգով հողահաշվառման փաստաթղթերում գրանցված բնական և արհեստական եղանակով ստեղծված անտառները (այդ թվում պաշտպանական անտառաշերտերը) և անտառապատման ենթակա անտառահատված տարածություններն ու ոչնչացված անտառատեղերը:
Կոլտնտեսային անտառների տարածությունները որոշվում են կոլտնտեսությունների ներտնտեսային հողաշինարարության և կոլտնտեսային անտառների անտառաշինարարություն անցկացնելիս:
2. Կոլտնտեսությունները հանդիսանում են կոլտնտեսային անտառների լիիրավ օգտագործողներ և պատասխանատվություն են կրում անտառներում տնտեսությունը ճիշտ վարելու համար: Արգելվում է առանց կոլտնտեսությունների, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների կամ անտառապետությունների համաձայնության այլ սպառողների կողմից կոլտնտեսային անտառներում ծառահատումը և երկրորդական անտառանյութերի մթերումը:
3. Կոլտնտեսություններում անտառային տնտեսությունը հանրային տնտեսության մի ճյուղն է և ծառայում է գյուղատնտեսական արտադրության հետագա զարգացմանն ու վերելքին:
Կոլտնտեսային անտառները կատարում են դաշտապաշտպան, հակաէռոզիոն, ջրապահպան և այլ ֆունկցիաներ: Դրա հետ միասին նրանք նախորոշված են կոլտնտեսությունների հանրային տնտեսության պահանջմունքը և կոլտնտեսականների կարիքները փայտեղենով բավարարելու համար, կողմնակի օգտատիրություն իրագործելու և անտառային արհեստագործությունները զարգացնելու համար:
4. Կոլտնտեսային անտառներն ըստ իրենց նշանակության և օգտագործման հնարավորության բաժանվում են առաջին խմբի անտառների և երկրորդ խմբի անտառների:
Առաջին խմբի անտառների շարքին են դասվում հողապաշտպան և դաշտապաշտպան նշանակություն ունեցող անտառային տեղամասերը, տափաստանային անտառակտորները, պաշտպանական անտառաշերտերը, ձորակներում, հեղեղատներում և ավազուտներում տնկած անտառամասերը, գետերի, ջրանցքների, ջրավազանների և այլ ջրամբարների ափերին գտնվող անտառային արգելաշերտերը, երկաթուղիների և խճուղային ճանապարհների երկարությամբ ձգված պաշտպանական անտառաշերտերը, քաղաքների, արդյունաբերական կենտրոնների և այլ բնակավայրերի կանաչ գոտիների, ինչպես նաև կուրորտների սանիտարական պաշտպանության գոտիների անտառները, հակաէռոզիոն և ջրակարգավորման նշանակության լեռնային անտառները, ընկուզաարհեստագործական գոտիների անտառները, Արևմտյան Սիբիրի և Ղազախստանի ժապավենային անտառները, մերձտունդրային պաշտպանական անտառաշերտերը:
Երկրորդ խմբի անտառների շարքին են դասվում մնացած բոլոր կոլտնտեսային անտառները:
Կոլտնտեսային անտառների դասումը խմբերի և մեկ խմբից մյուսին փոխադրումը կատարվում է միութենական հանրապետությունների մինիստրների սովետների կողմից:
Առաջին և երկրորդ խմբի կոլտնտեսային անտառներում տնտեսության վարումն ու նրանցից օգտվելը իրագործվում է համապատասխանորեն առաջին և երկրորդ կարգի պետական նշանակության անտառների համար սահմանված կարգով:
5. Կոլտնտեսային անտառները միութենական հանրապետության մինիստրների սովետի որոշմամբ ու կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի համաձայնությամբ կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն հանձնվել անտառային տնտեսության պետական մարմինների տնօրինությանը:
II. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՈՒՄԸ
6. Կոլտնտեսային անտառներում տնտեսության կազմակերպումն ու վարումը կարգավորվում են սույն Կանոնադրությամբ և ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության ու ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից հաստատվող` կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու Կանոններով:
Կոլտնտեսային անտառներում տնտեսությունը կազմակերպելու և վարելու ղեկավարումն իրագործվում է ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության և տեղերում միութենական հանրապետությունների գյուղատնտեսության մարմինների կողմից:
7. Կոլտնտեսությունները կոլտնտեսային անտառներում տնտեսության վարումն իրագործում են անմիջականորեն իրենք, կամ միջկոլտնտեսային անտառտնտեսությունների կամ անտառապետությունների միջոցով:
Անտառային տնտեսությունը վարելու և անտառները պահպանելու համար կոլտնտեսություններն ունեն մասնագետ-անտառաբույծներ ու անտառապահներ, իսկ հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար առանձնացնում են ժամանակավոր հրշեջ պահակներ:
Կոլտնտեսային անտառներում անտառային տնտեսությունը համատեղ վարելու, անտառային ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և անտառային արհեստագործությունները զարգացնելու համար կոլտնտեսությունները կարող են կազմակերպել միջկոլտնտեսային անտառտնտեսություններ կամ անտառապետություններ: Միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության մեջ կոլտնտեսության մասնակցության վերաբերյալ որոշումն ընդունվում է կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի) կողմից: Միջկոլտնտեսային անտառտնտեսությունները կամ անտառապետությունը իր գործունեությունն իրագործում է համապատասխան կոլտնտեսությունների լիազորների ժողովի ընդունած կանոնադրությանը համապատասխան, այդ կանոնադրությունը հետագայում հաշվառելով աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործկոմում: Նշված կանոնադրությունը մշակվում է միութենական հանրապետության մինիստրների սովետի (կամ նրա հանձնարարությամբ` միութենական հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության մարմինների) կողմից հաստատվող միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության օրինակելի կանոնադրության հիման վրա:
Միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների արտադրական-տնտեսական գործունեության ղեկավարումն իրագործելու համար, ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության հետ համաձայնեցնելով, անհրաժեշտության դեպքում ստեղծվում են միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների մարզային, երկրամասային, հանրապետական միավորումներ` միութենական հանրապետությունների մինիստրների սովետների կողմից որոշվող կարգով:
8. Կոլտնտեսային անտառներում տնտեսությունը ճիշտ կազմակերպելու համար կատարվում է անտառաշինարարություն, կազմելով անտառային տնտեսությունը վարելու հեռանկարային պլաններ, որոնք հաստատվում են գյուղատնտեսության մարզային (երկրամասային) վարչությունների. ինքնավար հանրապետությունների գյուղատնտեսության մինիստրությունների կամ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետությունների գյուղատնտեսության մինիստրությունների կողմից, անտառային տնտեսության համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով:
Կոլտնտեսային անտառների անտառաշինարարությունը իրագործում են ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի անտառաշինարարական ձեռնարկություններն ու կազմակերպությունները` կոլտնտեսությունների, միջկոլտնտեսային անտառատնտեսությունների կամ անտառապետությունների հետ կնքվող պայմանագրերով:
Անտառատնտեսային միջոցառումները մտցվում են կոլտնտեսությունների, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների տարեկան արտադրական-ֆինանսական պլանների մեջ՝ անտառային տնտեսությունը վարելու հեռանկարային պլանին համապատասխան
9. Կոլտնտեսային անտառների պահպանման, նրանց ժամանակին վերականգնման և այնտեղ տնտեսությունը ճիշտ վարելու համար պատասխանատվություն են կրում կոլտնտեսությունների վարչությունները, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների խորհուրդները, իսկ ամբողջությամբ վերցրած շրջանում, մարզում, երկրամասում, ինքնավար և միութենական հանրապետություններում՝ գյուղատնտեսության համապատասխան մարմինները։
Կոլտնտեսությունների վարչությունների և միջկոլտնտեսային անտառտնտեսությունների ու անտառապետությունների խորհուրդների վրա են դրվում.
ա) կոլտնտեսային անտառաշինարարության աշխատանքների կազմակերպումը.
բ) անտառատնտեսային միջոցառումների մշակումը, անտառային տնտեսության հաշվառման և հաշվետվության վարումը ըստ սահմանված ձևերի.
գ) հրդեհներից, ապօրինի ծառահատումներից և այլ անտառախախտումներից անտառի պահպանության, վնասատուներից ու հիվանդություններից անտառի պաշտպանության կազմակերպումը, ինչպես նաև անտառային օգտակար կենդանական աշխարհի անվթարության ապահովումը.
դ) ծառահատման համար անտառամասերի հատկացումը, արմատի վրա փայտի բացթողումը, գլխավոր օգտագործման անտառահատումների, անտառախնամ հատումների և սանիտարական հատումների անցկացումը, անտառի մաքրումը ծառահատման մնացորդներից ու գետին ընկած ծառերից.
ե) անտառահատման ֆոնդերի ռացիոնալ օգտագործման, օժանդակ անտառարհեստագործությունների և փայտեղենի վերամշակման զարգացման, փայտամթերման մնացուկների, ինչպես նաև երկրորդական անտառանյութերի օգտագործման ապահովումը.
զ) դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման, ձորակներում, հեղեղատներում, գետերի ու ջրամբարների ափերին, ավազուտներում և գյուղատնտեսական օգտագործման համար ոչ պիտանի այլ հողերում անտառահիմնման աշխատանքների կազմակերպումը. անտառի վերականգնումը ծառահատված, հրկիզված և նոսր տեղամասերում, սակավարժեք անտառատնկարկների վերակառուցումը, ծառային ու թփուտային տեսակների սերմերի մթերման իրագործումը և անտառավերականգնման աշխատանքների համար տնկանյութի աճեցումը.
է) անտառային տարածությունների ճիշտ օգտագործման ապահովումը խոտհնձի, անասունների արածեցման և կողմնակի այլ օգտատիրությունների համար՝ առանց վնաս պատճառելու անտառային տնտեսությանը.
ը) անտառաչորացման աշխատանքների կատարման կազմակերպումը.
թ) անտառային տնտեսությունը վարելիս գիտության ու տեխնիկայի, ինչպես նաև առաջավոր փորձի ներդրումը։
10. Գյուղատնտեսական մարմինները, կոլտնտեսությունները, միջկոլտնտեսային անտառտնտեսություններն ու անտառապետությունները կազմակերպում են անտառային տնտեսության աշխատողների պատրաստումը և որակավորման բարձրացումը։
11. Անտառային տնտեսության պետական մարմինները կոլտնտեսություններին, միջկոլտնտեսային անտառտնտեսություններին ու անտառապետություններին օգնություն են ցույց տալիս անտառային տնտեսության վարումը պլանավորելու և կազմակերպելու, անտառային տնտեսության կադրեր պատրաստելու, նրանց որակավորումը բարձրացնելու գործում և կազմակերպում են իրենց իրավասության ենթակա ձեռնարկությունների կողմից անտառատնտեսային, անտառակուլտուրային և անտառապաշտպան աշխատանքների կատարումը՝ կոլտնտեսությունների, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների հետ կնքվող պայմանագրերով։
Անտառային տնտեսության պետական մարմինների կողմից վերոհիշյալ օգնությունը ցույց տալու և կոլտնտեսությունների, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների ու անտառապետությունների հետ կնքվող պայմանագրերով աշխատանքներ կատարելու կարգը որոշվում է կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու Կանոններով։
12. Կոլտնտեսային անտառների վիճակի և կոլտնտեսություններում անտառային ռեսուրսների ճիշտ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողությունն իրագործում են ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեն և անտառային տնտեսության մարմինները միութենական հանրապետություններում ու տեղերում։
III. ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԿՈՂՄՆԱԿԻ ՕԳՏԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ
13. Կոլտնտեսային այն անտառներում, որտեղ կատարված է անտառաշինարարություն, փայտանյութի ամենամյա օգտագործման չափը որոշվում է հաստատված հաշվարկային անտառահատմամբ։ Կոլտնտեսային այն անտառներում, որտեղ անտառաշինարարություն չի կատարված, փայտանյութի ամենամյա օգտագործման չափը ընդհուպ մինչև անտառաշինարարություն անցկացնելը որոշվում է կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության կողմից, գյուղատնտեսության ու անտառային տնտեսության տեղական մարմինների հետ համաձայնեցնելով, և հաստատվում է շրջգործկոմի կողմից։
14. Կոլտնտեսային անտառներում անց են կացվում հետևյալ ծառահատումները.
ա) առաջին խմբի անտառներում՝ անտառախնամ հատումներ, սանիտարական և անտառավերականգնողական հատումներ.
բ) երկրորդ խմբի անտառներում՝ անտառի գլխավոր հատումներ, անտառախնամ հատումներ և սանիտարական հատումներ։
Կոլտնտեսային անտառներում ծառահատում անցկացնելու կարգը սահմանվում է կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու Կանոններով:
15. Կոլտնտեսային անտառներից փայտանյութի բացթողումը կատարվում է ամենամյա օգտագործման հաստատված չափի սահմաններում, առաջին հերթին կոլտնտեսության հանրային տնտեսության պահանջմունքն ու կոլտնտեսականների կարիքները բավարարելու համար։
Կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության և անտառապետության կողմից չօգտագործվող անտառահատման ֆոնդը կարող է տրվել այլ սպառողների՝ կոլտնտեսության վարչության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության խորհրդի որոշմամբ, գյուղատնտեսության շրջանային մարմնի հետ համաձայնեցնելով։ Մարզի, երկրամասի, ինքնավար հանրապետության կամ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետության սահմաններից դուրս փայտանյութի իրացումը թույլատրվում է համապատասխանորեն մարզգործկոմի, երկրգործկոմի, ինքնավար հանրապետությունների մինիստրների սովետների կամ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետության մինիստրների սովետի կողմից։
Կոլտնտեսային անտառներից փայտանյութի բացթողման կարգը որոշվում է կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու Կանոններով։
16. Կոլտնտեսային անտառներից փայտանյութի և երկրորդական անտառանյութերի բացթողումը, այդ թվում նաև կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության ու անտառապետության հանրային կարիքների համար, ինչպես նաև խեժահանման նպատակով ծառերի հատումը կատարվում է միայն անտառահատման տոմսով (օրդերով)։
Անտառահատման տոմսեր (օրդերներ) տալու կարգը և նրանց ձևը որոշվում են կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու Կանոններով։
17. Կոլտնտեսությունը, միջկոլտնտեսային անտառային տնտեսությունը և անտառապետությունը իրենց տնօրինության ներքո գտնվող կոլտնտեսային անտառներից հանրային տնտեսության պահանջմունքը բավարարելու համար փայտանյութից և երկրորդական անտառանյութերից օգտվում են անվճար։
Կոլտնտեսային անտառներից արմատի վրա փայտանյութի բացթողումը կատարվում է.
տվյալ կոլտնտեսության անդամների անձնական կարիքները բավարարելու համար՝ պետական նշանակության անտառներից փայտամթերողներին արմատի վրա բաց թողնվող փայտանյութի սակագներով, 50 տոկոսի չափով զեղչով.
տվյալ կոլտնտեսության անդամներին, երբ տնտեսությունը տուժել է տարերային աղետից, բնակելի տներ և տնտեսական շինություններ կառուցելու կամ նորոգելու համար՝ անվճար.
տվյալ կոլտնտեսության անդամներին՝ կազմակերպված վերաբնակեցման դեպքում բնակելի տներ ու տնտեսական շինություններ կառուցելու համար, ինչպես նաև կոլտնտեսության վարչության որոշմամբ տվյալ կոլտնտեսության հաշմանդամ ու կենսաթոշակառու անդամներին՝ անվճար.
մյուս սպառողներին՝ պետական նշանակության անտառներից փայտամթերողներին արմատի վրա բաց թողնվող փայտանյութի սակագներով։
Կոլտնտեսային անտառներից հողմի ու քամու կոտրած, արմատի վրա չորացած, գետին ընկած, ինչպես նաև հրդեհի, միջատների ու սնկային հիվանդությունների պատճառով վնասված փայտանյութ բաց թողնելիս սակագները կարող են իջեցվել, այն չափերով, որքան փայտանյութը կորցրել է տեխնիկական հատկությունները և հաշվի առնելով վաճառահանման տեղական պայմանները։ Հիշյալ փայտանյութերի համար սակագների իջեցումը կատարվում է միութենական հանրապետության մինիստրների սովետի կողմից սահմանված կարգով։
Կոլտնտեսային անտառներից կոլտնտեսականներին և մյուս սպառողներին երկրորդական անտառանյութերի բացթողումը կատարվում է մարզգործկոմների, երկրգործկոմների, ինքնավար հանրապետությունների մինիստրների սովետների կամ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետությունների մինիստրների սովետների կողմից հաստատվող սակագներով:
Կոլտնտեսային անտառների բաշխումն ըստ անտառա-սակագնային տարակարգերի կատարում են մարզգործկոմները, երկրգործկոմները, ինքնավար հանրապետությունների մինիստրների սովետները և մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետությունների մինիստրների սովետները:
18. Արմատի վրա փայտանյութի (կոճղավարձ) և երկրորդական անտառանյութերի սակագնային արժեքը գանձվում է լրիվ, անտառահատման տոմսը (օրդերը) դուրս գրելիս, և փայտամթերողի ու երկրորդական անտառանյութեր մթերողի կողմից մուծվում է համապատասխան կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության հաշվին։
19. Արմատի վրա փայտանյութի (կոճղավարձ) և երկրորդական անտառանյութերի վաճառքից, ինչպես նաև կոլտնտեսային անտառներում իրենց՝ կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության մթերած (այդ թվում վերամշակած) փայտանյութի վաճառքից ստացված միջոցները, արմատի վրա այդ փայտանյութի արժեքի (կոճղավարձի) չափով, մտցվում են համապատասխանորեն կոլտնտեսության անբաժանելի ֆոնդի, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության տնտեսության ամրապնդման և զարգացման ֆոնդի մեջ և ծախսվում են անտառային տնտեսությունը վարելու համար (անտառաշինարարություն, անտառի վերականգնում, խնամք, պահպանում և պաշտպանություն, անտառային տարածությունների չորացում և այլն)։
Իրենց՝ կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառատնտեսության կամ անտառապետության կողմից ամենամյա օգտագործման հաստատված չափերի սահմաններում մթերված (այդ թվում վերամշակված) փայտանյութի վաճառքից կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության ստացած միջոցները, արմատի վրա նրա արժեքից (կոճղավարձից) ավելի մասում, մտցվում են համապատասխան կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության դրամական եկամուտների մեջ և բաշխվում են Գյուղատնտեսական արտելի կանոնադրությանը համապատասխան կամ թե՝ միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության կանոնադրությանը համապատասխան։
Արմատի վրա փայտանյութի վաճառքից (կոճղավարձ) և իրենց՝ կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության կողմից կոլտնտեսային անտառներում ամենամյա օգտագործման սահմանված չափից դուրս մթերված (այդ թվում վերամշակված) փայտանյութի վաճառքից կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության ստացած միջոցները, ինչպես նաև արմատի վրա փայտանյութի վաճառքից ստացված միջոցները, փայտամթերողներից ստացած և գործող սակագների միջև գումարների տարբերության չափով, փոխանցվում են միութենական հանրապետության բյուջեի եկամուտին։
20. Գյուղատնտեսական և ֆինանսական մարմինները ստուգում են արմատի վրա բաց թողնվող փայտանյութի համար կոճղավարձը հաշվելու և գանձելու ճշտությունը և միջոցներ են ձեռնարկում միութենական հանրապետության բյուջեի եկամուտ գանձելու սույն Կանոնադրության 19-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված գումարները։
21. Արմատի վրա փայտանյութի (կոճղավարձ), երկրորդական անտառանյութերի վաճառքից և իրենց՝ կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության մթերած (այդ թվում վերամշակած) փայտանյութի վաճառքից ստացված դրամական միջոցները, արմատի վրա այդ փայտանյութի արժեքի (կոճղավարձի) չափով, կոլտնտեսությունների անբաժանելի ֆոնդերին և միջկոլտնտեսային անտառտնտեսությունների ու անտառապետությունների տնտեսության ամրապնդման և ընդլայնման ֆոնդերին ճիշտ փոխանցելու, ինչպես նաև այդ միջոցներն ըստ նշանակության (կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու համար) օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն իրագործում են գյուղատնտեսական մարմինները և ՍՍՀՄ Պետբանկի մարմինները։
22. Կոլտնտեսությունները, միջկոլտնտեսային անտառտնտեսություններն ու անտառապետությունները կոլտնտեսային անտառներում կողմնակի օգտատիրությունները իրագործում են անվճար։
Կոլտնտեսային անտառներում կողմնակի օգտատիրությունները այլ ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից իրագործվում են միութենական հանրապետության մինիստրների սովետի կողմից գործող օրենսդրությանը համապատասխան սահմանվող կարգով։
IV. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
23. Առաջին խմբի կոլտնտեսային անտառներում անտառատարածությունների փոխադրումը հողատեսքերի այլ տեսակների թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։
Առաջին խմբի կոլտնտեսային անտառներում անտառատարածությունների փոխադրումը հողատեսքերի այլ տեսակների թույլատրվում է միութենական հանրապետության մինիստրների սովետի կողմից, երկրորդ խմբի կոլտնտեսային անտառներում՝ մարզգործկոմների, երկրգործկոմների, ինքնավար հանրապետությունների մինիստրների սովետների կամ մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետությունների մինիստրների սովետների կողմից։
Հողատեսքերի այլ տեսակի փոխադրվող անտառամասերում կոլտնտեսությունների, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների կողմից մթերվող փայտանյութի օգտագործումը կատարվում է ընդհանուր հիմունքներով։
24. Ձեռնարկությունների և կազմակերպությունների համար կոլտնտեսային անտառների կազմի մեջ մտնող հողամասեր հատկացնելիս վերջիններս կոլտնտեսությանը, միջկոլտնտեսային անտառտնտեսությանը կամ անտառապետությանը հատուցում են չօգտագործված ծախսումները (անտառի խնամքի, վերականգնման, անտառաշինարարության ծախսեր և այլն)։
25. Հողատեսքերի այլ տեսակների փոխադրվող անտառային տարածությունների նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրագործվում է գյուղատնտեսական մարմինների և աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմների կողմից։
V. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
26. Կոլտնտեսային անտառներում կատարած անտառախախտումների համար անտառախախտողները, այդ թվում կոլտնտեսությունները, միջկոլտնտեսային անտառտնտեսությունները, անտառապետություններն ու կոլտնտեսականները, պատասխանատվություն են կրում պետական նշանակության անտառներում անտառախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ գործող օրենսդրությանը համաձայն։
27. Կոլտնտեսային անտառներում անտառախախտումների համար կազմակերպություններից և առանձին քաղաքացիներից, այդ թվում նաև տվյալ կոլտնտեսության անդամներից գանձվող գումարները տրվում են համապատասխանաբար կոլտնտեսության անբաժանելի ֆոնդին, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության տնտեսության ամրապնդման ու ընդլայնման ֆոնդին և օգտագործվում են տնտեսությունը վարելու համար։
Կոլտնտեսային անտառներում կոլտնտեսությունների, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների կատարած անտառախախտումների համար նրանցից գանձվող գումարները փոխանցվում են միութենական հանրապետության բյուջե:
28. Կոլտնտեսության, միջկոլտնտեսային անտառտնտեսության կամ անտառապետության կողմից կոլտնտեսային անտառներում տնտեսությունը վարելու Կանոնները սիստեմատիկորեն խախտելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ կոլտնտեսությունը, միջկոլտնտեսային անտառտնտեսությունը կամ անտառապետությունը խուսափում է անտառաշինության աշխատանքներ կատարելուց, գյուղատնտեսության կամ անտառային տնտեսության մարմինների ներկայացմամբ շրջգործկոմը կարող է դադարեցնել ծառահատումը կոլտնտեսային անտառներում:
