ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/8615/05/20 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/8615/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
ք․ ՄԿՈՅԱՆ Ա. Թովմասյան | |
Ռ. Հակոբյան |
2024 թվականի սեպտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսիան-Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07․04․2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսիան-Սարգսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Արմեն Բաբայան՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 67 տարածք և թիվ 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման և տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հայկ Սուվարյանը և Նարինե Սարկիսիան-Սարգսյանը պահանջել են վերացնել Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 67 տարածք և թիվ 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման և տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ․ Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 28․06․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07․04․2023 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի և Արմեն Բաբայանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 28․06․2021 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկ Սուվարյանը և Նարինե Սարկիսիան-Սարգսյանը (ներկայացուցիչ Պավել Թադևոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Արմեն Բաբայանը:
2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռ. Դարբինյանի 19.08.2020 թվականի թիվ 19/Ծ-239 ծանուցագրի բովանդակության մասնակի մեկնաբանությունների միջոցով փոփոխել է դրա էությունը՝ ընդգծելով ծանուցագրի բովանդակության միայն մի հատվածը։ Մինչդեռ ցանկացած անձի մոտ նշված ծանուցագիրը ողջամիտ համոզմունք կձևավորի, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրել է խախտում և առաջարկել է Երևանի քաղաքապետարանին կասեցնել 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը, ինչի համար էլ Երևանի քաղաքապետարանը հրավիրել է լսումներ, և այդ լսումների նպատակը շինարարության թույլտվության կասեցման հարցը քննարկելն է։
Այս ամենի արդյունքում էլ 28.08.2020 թվականին՝ ժամը 11:00-ին, հրավիրված լսումների ընթացքում քննարկվել է միայն շինարարության թույլտվության կասեցման հարցը, իսկ շինարարական թույլտվության անվավեր ճանաչման վերաբերյալ ոչինչ չի նշվել, որևէ քննարկում չի եղել, ինչը Վերաքննիչ դատարանում ընդունվել է նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի երրորդ մասը սահմանում է իրավունքներին վնաս պատճառելը, այլ ոչ թե՝ իրավունքները խախտելը։ Մինչդեռ, նշված հասկացությունները բովանդակային առումով տարբեր են, մասնավորապես, եթե իրավունքների խախտում արձանագրելու համար բավարար է միայն արձանագրել խախտման փաստը՝ անկախ դրա հետևանքներից, ապա իրավունքներին վնաս պատճառելու դեպքում պետք է հիմնավորվի, թե ինչումն է կայանում այդ վնասը, ինչպես է այդ վնասը պատճառվել կամ պատճառվելու և թե ինչ բացասական հետևանքներ են առաջանալու նշված իրավունքները կրողների համար։ Ավելին, Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչպես է 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043–1529 շինարարության թույլտվության գոյությունը վնաս պատճառում Թամանյան փողոցի շինությունների սեփականատերերի իրավունքներին, քանի որ նման պնդում կատարելու պայմաններում պետք է հստակ արձանագրվի այն հանգամանքը, թե ինչպիսի բացասական հետևանքներ են առաջացել Թամանյան փողոցի շինությունների սեփականատերերի համար:
Միաժամանակ, hայցվորները, հակառակը, 01/18-U-9043-1529 շինարարության թույլտվությունը ստանալիս գործել են բարեխղճորեն, վերջիններիս կողմից վարչական մարմնին է ներկայացվել այդ մարմնի պահանջած բոլոր փաստաթղթերը, ինչի արդյունքում էլ տրվել է շինարարության թույլտվությունը, ուստի տվյալ դեպքում խոսք չի կարող լինել վարչական ակտի հասցեատիրոջ կողմից դիտավորությամբ կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելով վարչական ակտի կայացմանը հասնելու և դրա արդյունքում վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունենալու մասին։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի Օ7.04.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.06.2021 թվականի վճռին:
2.2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Իր կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումում չկա որևէ ակնարկ 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043–1529 շինարարության թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ, այլ առկա է պահանջ այն ուժը կորցրած (անվավեր ճանաչելու) մասին։
Չնայած ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Երևանի քաղաքապետին ուղղված թիվ 14․4․5/9207-20 գրությամբ անհրաժեշտ է համարել կասեցնել շինարարության թույլտվությունը, այնուամենայնիվ 28․08․2020 թվականին հրավիրված լսումների ընթացքում հիշյալ շինարարության թույլտվության կասեցման մասին քննարկումներ տեղի չեն ունեցել, փոխարենն այն ճանաչվել է անվավեր։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետի 16․09․2020 թվականի թիվ 2899-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Թամանյան փողոցի 2-րդ շենքի 67-րդ տարածք և 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման և տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 26․11․2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 45-47)։
2) Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռ․ Դարբինյանի Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին հասցեագրված «Ծանուցում» փաստաթղթի համաձայն՝ «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի 04․08․2020 թվականի հ․14․4․5/9207-20 գրությամբ նշվել է, որ Թամանյան փողոցի հ․ 2 շենքի հ․ 67 տարածք և 35 բնակարան հասցեների կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը տրվել են սահմանված կարգի խախտումներով՝ նախագծման թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի չի առնվել բազմաբնակարան շենքի համասեփականատերերի համաձայնությունները, ուստի անհրաժեշտ է կասեցնել 26․11․2019 թվականին տրված հ․ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի պահանջը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 28․08․2020 թվականին ժամը 11։00-ին հրավիրվել են լսումներ (Բուզանդի փողոց, հ․ 1/3 շենքի Երևանի քաղաքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի հատված 6-րդ հարկ, հ․ 614 աշխատասենյակ, ուստի դուք կամ ձեր լիազորված անձը նույնպես հրավիրվում եք նախատեսվող լսումներին՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ձեր դիրքորոշումը ներկայացնելու համար»։ Փաստաթղթի վրա առկա է «ստացա իմ օրինակը, Հայկ Սուվարյանի լ․ա․ Հայկ Սարգսյան, 27․08․2020թ, ստորագրություն» (հատոր 1-ին, գ․թ․ 80)։
3) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված 04․08․2020 թվականի թիվ 14․4․5/9207-20 գրության համաձայն՝ «(․․․) Հաշվի առնելով, որ վերոնշյալ հասցեի քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են սահմանված կարգի խախտումով՝ նախագծման թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի չի առնվել բազմաբնակարան շենքի համասեփականատերերի համաձայնությունները և տեսչական մարմնի կողմից տրված պարտադիր կատարման ցուցումը՝ անհրաժեշտ է կասեցնել շինարարությունը մինչև արձանագրված խախտումների վերացումը (․․․)»։ (հատոր 1-ին, գ․թ․85):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական վարույթի ընթացիկ փուլի վերաբերյալ վարչական վարույթի մասնակցին ծանուցելու վարչական մարմնի պարտականությանը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքի նախապայմաններին։
ա) 22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ ՀՀ Սահմանադրություն) պատշաճ վարչարարության իրավունքը բարձրացվեց սահմանադրական մակարդակի։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը, ամրագրելով անձի պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս)։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նշված սահմանադրական նորմի բովանդակությունից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ անձի համար միջամտող ակտ ընդունելիս վարույթն իրականացնող մարմիններն ու պաշտոնատար անձինք կրում են տվյալ անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու պարտականություն։ Այս ընդհանուր կանոնից բացառությունները կարող են սահմանվել միայն օրենքով։
Նշված սահմանադրական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է.
«1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,
2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,
3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,
4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,
5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,
6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,
7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,
8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում (...)»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Հարուցման փուլը մեկնարկում է անձի (անձանց) դիմումով կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, ընթացիկ փուլի ընթացքում իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները, որն ավարտվում է եզրափակիչ փուլով` վարչական ակտի ընդունմամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը:
Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն վերապահված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է (տե՛ս, Արթուր Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով 18․01․2024 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ՝ հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն` ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածին, արձանագրել է, որ այդ հոդվածով նախատեսված իրավական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցման հետ կապված վարչական մարմնի հետևյալ պարտականությունները.
1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,
2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,
3) վարույթի մասնակիցներին վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ՝ թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես՝ վարչական գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ լսումներ չանցկացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերի, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի ընթացքում անցկացնել լսումներ։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վարչական մարմինը պետք է ապահովի վարչական վարույթի մասնակիցների պատշաճ ծանուցումը ինչպես վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած հանգամանքների, այնպես էլ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների, այդ թվում՝ լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին, ինչն էլ ուղղված է ստեղծելու իրական հնարավորություն՝ վարչական վարույթի մասնակիցների համար վարչական վարույթի լսումների ժամանակ վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով վարչական վարույթի վերաբերյալ ծանուցագրին ներկայացվող պահանջներին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարչական վարույթի մասնակցին հասցեագրված ծանուցագիրը, ի թիվս այլնի, պետք է պարունակի այնպիսի տվյալներ՝ վարչական վարույթի հարուցման հիմքի, ինչպես նաև վարչական վարույթի ընթացքում քննարկման և պարզման ենթակա փաստական և իրավական հիմքերի, հարցերի վերաբերյալ, որոնք վարչական վարույթի մասնակիցների համար կանխատեսելի կդարձնեն թե՛ վարչական վարույթը, թե՛ դա եզրափակող վարչական ակտի հնարավոր բնույթը։
բ) Անդրադառնալով վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքին՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության չհանգեցնող նախադրյալի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:
Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, ավելին՝ այն ծագում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
- վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործվել կամ տնօրինվել է,
- վարչական ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը։
Այսպիսով, ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության չհանգեցնող նախադրյալ է հանդիսանում վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտի հասցեատիրոջ՝ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքն ինքնին բավարար նախապայման չէ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր չճանաչելու համար, այլ անհրաժեշտ է՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով առկա լինի օրենսդրական մյուս նախադրյալը, ըստ որի՝ վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին» նախադրյալի առկայությունը կարող է հիմնավորվել, եթե վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող շոշափել կամ առնչվել այլ անձանց իրավունքներին։ Հակառակ դեպքում՝ երբ վարչական ակտի գործողության մեջ գտնվելը ողջամտորեն կարող է առնչվել այլ անձանց իրավունքներին, ապա չի կարող հաղթահարված համարվել քննարկման առարկա նախադրյալը՝ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր չճանաչելու օրենսդրական կարգավորման կիրառման համար։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան՝ Հայկ Սուվարյանը և Նարինե Սարկիսիան-Սարգսյանը պահանջել են վերացնել Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 67 տարածք և թիվ 35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման և տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը:
Դատարանը 28․06․2021 թվականի վճռով հայցը բավարարել է՝ արձանագրելով հետևյալը. «(…) Ինչպես արդեն իսկ արձանագրվեց, վարչական մարմինը չի կարող ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչել, եթե վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը: Դատարանն արձանագրում է, որ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում Հայցվորների ներկայացուցիչը հայտնեց, որ շինարարության թույլտվության կասեցման հարցի վերաբերյալ վարչական մարմնում հարուցված վարչական վարույթի լսումերի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են եղել և վերջիններս դիմել էին ավարտական ակտի ձևակերպման համար: Վերոգրյալով պայմանավորված՝ Դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի կողմից Հայցվորներին տրամադրված շինարարության թույլտվությամբ վերջիններս վստահել են իրավասու մարմնի կողմից տրամադրված վարչական ակտի գոյությանը, ինչի հիման վրա էլ սկսել են իրենց շինարարական աշխատանքները և ավարտել են սահմանված ժամկետից շուտ: Վերոգրյալով պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ Հայցվորների 1-ին փաստարկը հիմնավոր է: (…) Վերոնշյալով պայմանավորված` Դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը։ Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա։
Սույն դեպքում Դատարանն արձանագրում է, որ վարչական գործում առկա չէ որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առ այն, որ Հայցվորները պատշաճ կարգով ծանուցված են եղել վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի լսումների մասին:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջամտող վարչական ակտ ընդունելուն ուղղված վարչական վարույթին Հայցվորների մասնակցությունն ապահովելու, քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու և վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու ուղղությամբ, ինչի արդյունքում չի ապահովել վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, խախտելով վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ վիճարկվող՝ Երևանի քաղաքապետի 16.09.2020թ. թիվ 2899-Ա որոշումն ընդունվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 8-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածների խախտմամբ, այդ թվում՝ դրանց uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետևանքով, որպիսի պայմաններում Հայցվորների 2-րդ փաստարկը ևս հիմնավոր է»:
Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի և Արմեն Բաբայանի վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 28․06․2021 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել է՝ հայցը մերժել է՝ արձանագրելով հետևյալը. «(․․․) Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործում առկա Ծանուցագրով, որով հայցվորներ Հայկ Սուվարյանը և Նարինե Սարկիսյան-Սարգսյանը հրավիրվել են 28.08.2020թ. լսումների, չի պարունակում տեղեկություն առ այն, որ հարուցված վարչական վարույթի ընթացքում միանշանակորեն քննության է առնվելու շինարարության թույլտվության կասեցման հարց: Նշված ծանուցագրում մեջբերված է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կատարված դիտարկում, որի մասին տեղեկացվել են հայցվորները: Բացի այդ, նշված տեղեկացման մեջ նշվել է, որ քաղաքաշինական փաստաթղթերը տրվել են կարգի խախտումներով, այսինքն՝ դա ինքնին վկայում է ոչ թե կասեցման հանգամանքի մասին, այլ օրենքի խախտման հարցի պարզման հանգամանքը: Վերաքննիչ դատարանը նկատում է նաև, որ սույն գործով բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Ընդ որում, հարուցվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, իսկ նույն օրենքը առանձին չի նախատեսում վարչական ակտի կասեցման քննության վարույթ: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է վարույթի ընթացիկ փուլը, որին մասնակցել են Հայկ Սարգսյանը և Պավել Թադևոսյանը: Հարուցված վարչական վարույթը պետք է եզրափակվի վարչական ակտով, որը և տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից իրականացվել է և վարույթը եզրափակվել է սույն գործով վիճարկվող վարչական ակտով:
(․․․):
Այսինքն, կասեցման հանգամանքների քննարկում կարող էր առաջանալ նշված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև օրենքով վարչական ակտերի կասեցման համար նախատեսված դեպքերում և կարգով, սակայն նշված հանգամանքներից որևէ մեկը նույնպես առկա չէ հայցվորներին ուղղված ծանուցագրում, այլ նշված է կարգի խախտմամբ տրված շինարարության թույլտվության մասին:
Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատարանի կողմից գնահատման առարկա չի դարձվել գործում առկա ծանուցագիրը և վարույթին կողմի մասնակցությունը, Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատում ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջամտող վարչական ակտ ընդունելուն ուղղված վարչական վարույթին հայցվորների մասնակցությունն ապահովելու, քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու և վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու ուղղությամբ, այն պայմաններում, երբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցվել են, ավելին՝ մասնակցել են վարույթին և հայտնել դիրքորոշումներ: (․․․) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատարանը հիմնավոր է համարել հայցվորների փաստարկն առ այն, որ իրենք ակտի գոյությանը վստահելու իրավունք են ունեցել, հիմքում դնելով միայն իրավունք ունենալու հանգամանքների պարզումը՝ միակողմանիորեն, առանց անդրադարձ կատարելու մյուս հիմքերին: Ավելին, Վերաքննիչ դատարանը նկատում է, որ սույն գործում առկա չէ որևէ տեղեկություն առ այն, որ 26.11.2019թ. տրված թիվ 01/18-Ս-9043–1529 շինարարության թույլտվության գոյությունը վնաս չի պատճառում որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքին: Մինչդեռ նշված հանգամանքների միաժամանակյա առկայության պայմաններում միայն խոսք կարող էր գնալ ակտի գոյությանը վստահելու իրավունքի մասին: Ավելին, 26.11.2019թ. տրված թիվ 01/18-Ս-9043–1529 շինարարության թույլտվության գոյությունը, ըստ գործում առկա ապացույցների, շինարարության թույլտվության գործողության մեջ գտնվելը խախտում է Երևան քաղաքի, Թամանյան փողոցի շինությունների սեփականատերերի իրավունքները, քանի որ նշված շինարարության թույլտվությունը տրամադրվել է (վարչական ակտը կայացվել է) ՀՀ քաղաքացիայան օրենսգրքի 224-րդ և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 6-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված որոշման, այսինքն՝ համահայցվորների կողմից Երևան քաղաքի Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք և հ.35 բնակարան հասցեներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ նույն շենքի շինությունների սեփականատերերի հայտարարության առնվազն երկու երրորդի համաձայնության բացակայության պայմաններում:
Միաժամանակ, սույն գործով հայցվորների վստահության պաշտպանության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք սույն գործով հայցվորները վստահել են վարչական ակտի՝ շինարարության թույլտվության, կայունությանը (օրենքում օգտագործվում է «վստահել վարչական ակտի գոյությանը» արտահայտությունը, սակայն խոսքը վերաբերում է վարչական ակտի կայունությանը, քանի որ վարչական ակտի գոյությունն օբյեկտիվ երևույթ է, ուստի անձը կարող է միայն իմանալ կամ չիմանալ դրա գոյության մասին, սակայն չի կարող այդ գոյությանը վստահել կամ չվստահել), և արդյո՞ք առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառություններից որևէ մեկը։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կայունության նկատմամբ վստահությունը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության վերաբերյալ փաստարկվել է, որ սույն գործով հայցվորները վարչական ակտի՝ շինարարության թույլտվության, ընդունմանը հասել են ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով, մասնավորապես համահայցվորների կողմից Երևան քաղաքի, Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք և հ.35 բնակարան հասցեներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթում չի ներկայացվել կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով նույն շենքի շինությունների սեփականատերերի առնվազն երկու երրորդի համաձայնությունը: Դատարանը փաստում է, որ նշված համաձայնությունը պետք է ներկայացվեր բարենպաստ վարչական ակտ՝ շինարարության թույլտվություն, հայցած անձի կողմից, հետևաբար հայցվորները վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին պարտավոր էին իմանալ:
Այսպիսով, սույն գործով հայցվորները չէին կարող վստահել շինարարության թույլտվության կայունությանը:
Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիմնավոր չէ նաև նշված հիմքի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի եզրակացությունը»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն վարչական գործի շրջանակում դատական վերահսկողության առարկա է դարձվել Երևանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի թիվ 2899-Ա որոշումը։
Ա) Քննարկման առարկա դարձնելով վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացիկ փուլի վերաբերյալ համահայցվորներին ուղղված ծանուցագրի՝ դրան ներկայացվող պահանջներին բավարարելու, ըստ այդմ, համահայցվորների՝ վարչական վարույթի ընթացիկ փուլի վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելու հարցերը` Վճռաբեկ դատարանը, համահայցվորներին ուղղված ծանուցագրի բովանդակության ուսումնասիրության արդյունքում, հատկանշական է համարում, որ դրանով համահայցվորները ծանուցվել են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի 04․08․2020 թվականի գրության հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացիկ փուլի անցկացման վերաբերյալ, այնինչ վիճարկվող վարչական ակտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն կայացվել է երրորդ անձ Արմեն Բաբայանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում, ըստ այդմ, հանդիսանում է նշված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակող վարչական ակտ։
Նշվածն ինքնին բավարար է եզրահանգելու՝ Երևանի քաղաքապետարանի 27․08․2020 թվականի ծանուցագրի` սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթին վերաբերելի չլինելու, ըստ այդմ, համահայցվորների՝ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի մասին պատշաճ ծանուցված չլինելու վերաբերյալ։
Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, ըստ վերոնշյալ ծանուցագրի, վարչական վարույթի ընթացիկ փուլում քննարկման է ենթակա եղել Երևանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվության կասեցման ենթակա լինել/չլինելու հարցը, այսինքն, նշված վարչական վարույթը եզրափակող հնարավոր վարչական ակտ կարող էր հանդիսանալ Երևանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը կասեցնելու մասին կամ կասեցնելը մերժելու մասին վարչական ակտը, մինչդեռ, պատասխանողի կողմից կայացվել է Երևանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին որոշում։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի 27․08․2020 թվականի ծանուցագրի՝ վարչական վարույթի հարուցման հիմքի, ինչպես նաև քննարկման և պարզման ենթակա փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չպարունակելու պայմաններում, միայն վարչական վարույթի իրականացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվություն պարունակելու և վարչական վարույթին վարչական վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովված լինելու հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար հիմք հանդիսանալ՝ եզրահանգելու վարչական մարմնի կողմից վարչական վարույթի ընթացիկ փուլի վերաբերյալ վարչական վարույթի մասնակիցներին ծանուցելու պարտականությունը պատշաճ կատարված լինելու վերաբերյալ։
Ավելին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման եզրահանգման համար հիմք է ծառայում նաև այն, որ համահայցվորների ներկայացուցիչը ինչպես դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ վճռաբեկ բողոքով պնդել է՝ վարչական վարույթի ընթացիկ փուլում բացառապես Երևանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվության կասեցման հարցը քննարկված լինելու հանգամանքը, իսկ հակառակը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույց պատասխանողի կողմից չի ներկայացվել։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման՝ անհիմն գնահատելով Դատարանի եզրահանգումները՝ կապված սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացիկ փուլի վերաբերյալ պատասխանողի կողմից համահայցվորների պատշաճ ծանուցումն ապահովված չլինելու վերաբերյալ։
Բ) Անդրադառնալով սույն վարչական գործի շրջանակում վիճարկվող վարչական ակտով անվավեր ճանաչված՝ Երևանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվության գոյությանը վստահելու համահայցվորների իրավունքի ենթադրյալ առկայության պայմաններում նշված վարչական ակտը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, անվավեր ճանաչման ենթակա չլինելուն՝ Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, փաստում է, որ խնդրո առարկա շինարարության թույլտվության՝ այլ անձանց իրավունքներին առնչվելու փաստի ուժով, բացակայում է «վարչական ակտի գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին» նախադրյալը, ըստ այդմ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախադրյալների միաժամանակյա առկայության պահանջը։
Ուստիև այս մասով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման՝ անհիմն գնահատելով Դատարանի եզրահանգումները՝ կապված վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքի առկայության հիմքով Երևանի քաղաքապետարանի 26.11.2019 թվականի թիվ 01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոգրյալ պատճառաբանությամբ հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու և այն լրացուցիչ պատճառաբանելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսիան-Սարգսյանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարվել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսիան-Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսիան-Սարգսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա է հատուցման Երևանի քաղաքապետարանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07․04․2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 28․06․2021 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսիան-Սարգսյանի համամասնորեն բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ ա. Թովմասյան Ռ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: