ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7958/05/23 2024 թ. | ||||||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/7958/05/23 |
|||||||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ա. Թովմասյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի օգոստոսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08․01․2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի ՀՀ գլխավոր դատախազության` Աբովյան քաղաքային համայնքի ավագանու 07.12.2011 թվականի թիվ 82-Ն որոշումը` հավելված 2-ում ներառված ցանկի Հատիսի փողոց թիվ 1/21 հասցեի անշարժ գույքն օգտագործման և օտարման տրամադրման ենթակա հողամասերի ցանկի մեջ ներառված լինելու մասով, ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչել Աբովյան քաղաքային համայնքի ավագանու 07.12.2011 թվականի թիվ 82-Ն որոշումը` հավելված 2-ում ներառված ցանկի Հատիսի փողոց թիվ 1/21 հասցեի անշարժ գույքն օգտագործման և օտարման տրամադրման ենթակա հողամասերի ցանկի մեջ ներառված լինելու մասով։
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա․ Հարությունյան, դատավորներ՝ Մ․ Պետրոսյան, Ա․ Ծատուրյան, Գ․ Առաքելյան, Ա․ Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 17․10․2023 թվականի որոշմամբ դիմումի ընդունումը մերժվել է։ Դատավորներ Ա․ Հարությունյանը և Գ․ Առաքելյանը հայտնել են հատուկ կարծիք։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08․01․2024 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» 17․10․2023 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13․03.2024 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է հնգօրյա ժամկետ որոշմամբ նշված սխալը շտկելու և բողոքը կրկին բերելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Եղիազար Ավագյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ և 98-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վերահսկողության և վերջինիս որոշումների՝ ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին համապատասխանության հարցը դատական կարգով վիճարկելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության լիազոր մարմնին, անհիմն է, քանի որ վերջինս, որպես իրավական հսկողություն իրականացնելու գործառույթով օժտված մարմին, ներառված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենքով լիազոր մարմնի կողմից իրավական հսկողության իրականացումը սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականության ստուգմամբ: Իրավական հսկողություն իրականացնող մարմիններին վերապահված չէ համայնքի շահերի պաշտպանության լիազորություն, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարան դիմելու իրավունքը ծագում է միայն այն դեպքում, եթե համապատասխան մարմնի վրա դրված է խախտված իրավունքի պաշտպանությունը:
Բացի այդ, համայնքի ավագանու և ղեկավարի կողմից գույքի օտարման իրավաչափության վիճարկումն իրենից ենթադրում է ոչ թե իրավական հսկողության շրջանակներում վարչական ակտի օրինականության ստուգում, այլ ակտի հասցեատիրոջ սեփականության իրավունքի դադարեցում, ինչը կարող է տեղի ունենալ միայն դատական ակտի հիման վրա, հետևաբար նշված հարցի արտադատական քննարկում չի կարող տեղի ունենալ, իսկ լիազոր մարմնի իրականացրած իրավական հսկողության գործառույթն իրենից ենթադրում է մինչև դատարան դիմելը որոշակի գործընթացի ապահովում, ուստի չի կարող ապահովվել սահմանված գործողությունների կատարման միջոցով:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08․01․2024 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 17․10․2023 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ և 98-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերի առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 17.11.2017 թվականին և ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է նույն օրենքով և այլ օրենքներով:
Մինչև 01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
Վերը նշված խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.
4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.
3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:
01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`».
2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազն իրավունք ունի՝».
3) ամբողջ տեքստը «պետություն» բառի համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «(համայնք)» բառի համապատասխան հոլովաձևերով»:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքում «պետական շահեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պետական (համայնքային) շահեր» բառերով»:
06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը (համայնքին) պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.
4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.
3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:
««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներում, ի թիվս այլնի, նշված է հետևյալը. «(…) «համայնքային շահ» հասկացությունը ներառվում է «պետական շահ» հասկացության մեջ, ինչը հաստատվում է ինչպես ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով, այնպես էլ՝ ներպետական օրենսդրությամբ տրված սահմանումներով»1:
Վերը նշված իրավական նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ դատախազության լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, համաձայն որի՝ դատախազությունը, ի թիվս այլնի, օժտված է նաև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությամբ, որը կարող է իրացվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում: «Դատախազության մասին» ՀՀ օրենքով համապատասխանաբար սահմանվել են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պայմաններում դատախազությունը կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել:
01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում «պետական շահ» հասկացությունը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ամբողջ տեքստում փոխարինվել է «պետական (համայնքային) շահ» բառակապակցությամբ: Այլ կերպ ասած՝ օրենքում կատարված փոփոխություններով հստակեցվել է բացառիկ դեպքերում դատախազի կողմից համայնքի գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը:
Հարկ է նկատել, որ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներում ընդգծվել է այն հանգամանքը, որ «համայնքային շահ» հասկացությունը ներառվում է «պետական շահ» հասկացության մեջ: Հիմք ընդունելով օրենսդրի կողմից օրենքի նախագծի ընդունման հիմքում դրված «պետական շահի» և «համայնքային շահի»՝ որպես ամբողջի և մասի հարաբերակցության հայեցակարգը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ դեպքերին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ դեպքերը անհրաժեշտ է դիտարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանների լույսի ներքո։
Այսպես․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Այսինքն՝ ստացվում է, որ դատախազությունն ընդդեմ վարչական մարմնի ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունի այն դեպքում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, և եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից նախքան ՀՀ վարչական դատարան դիմելը իրավասու սուբյեկտի համար նախատեսվել են որոշակի նախապայմաններ, որոնց բավարարման դեպքում է վերջինս իրավունք ստանում դիմելու ՀՀ վարչական դատարան։ Մասնավորապես՝
1) դատախազն իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, հայց ներկայացնելու առաջարկություն արել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, որպիսի առաջարկը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում տվյալ մարմինը հայց չի ներկայացրել դատարան, կամ
2) դատախազը հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, որպիսի հայցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի։
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածը հստակ ընդգծում է այն, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության համար հայց հարուցելու լիազորությունը գործում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնային լիազորությունը այդ հարցում պատկանում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը պատճառվել է գույքային վնաս:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատախազությունը կարող է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել այն դեպքերում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցումը պետք է ուղղված լինի պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը:
Հաջորդիվ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետական (համայնքային) շահերի խախտման դեպքում դատախազությունն իրավասու է հայց հարուցելու ինչպես այն դեպքում, երբ նման լիազորություն վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, այնպես էլ այն իրավիճակներում, երբ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, նման հայց ողջամիտ ժամկետում չի հարուցել:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին դեպքում, դատախազը, համարելով, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, իսկ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետք է անմիջապես ձեռնամուխ լինի պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մի շարք դեպքերում օրենսդիրը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունը վերապահել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը (համայնքին) պատճառվել է գույքային վնաս: Ուստի այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Այնուհետև դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալուց հետո համապատասխան մարմնի կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու, այլ կերպ ասած՝ անգործություն դրսևորելու պարագայում միայն դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն:
Ի լրումն վերոգրյալի՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատախազության կողմից վարչական մարմնի դեմ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հաջորդ նախապայմանը վեճը վերադասության կարգով լուծման ենթակա չլինելն է:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է համայնքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ դատախազի կողմից համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերին.
Այսպես․ ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը (…):
ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, (...):
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք համայնքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը վերապահված է որևէ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` իր հաստատած հարցաշարերի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացվում է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Նույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական և մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Վերը նշված իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսվում են, ի թիվս այլնի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության ձևերը և հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հսկողությունը մեծամասամբ ունի կանխարգելիչ գործառույթ և առավելապես նպատակաուղղված է ոչ իրավաչափ ակտերի կայացումը, ոչ իրավաչափ գործողությունը կամ անգործությունը, օրենքի պահանջների խախտումները կանխելուն։ Հսկողություն իրականացնող իրավասու սուբյեկտները հսկողություն իրականացնելիս բացահայտում և կանխորոշում են հսկողության ենթարկվող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականությունը, այսինքն՝ համապատասխանությունը օրենքով տվյալ գործունեության համար նախատեսված պահանջներին։
Տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ ՀՀ կառավարության լիազոր մարմինը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն, ինչը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականության ստուգմամբ: Նույն օրենքի համաձայն՝ պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է: ՀՀ կառավարության լիազոր մարմինը իրավական հսկողությունը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` իր հաստատած հարցաշարերի հիման վրա և իր կողմից հաստատված ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան, իսկ նշված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական հսկողություն կարող է իրականացվել միայն ՀՀ կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:
Արդյունքում հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին: Այն դեպքում, երբ դիմումը ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականության ապահովումն է, իսկ այդ գործընթացի իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով: Այսինքն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության այնպիսի համալիր կառուցակարգ, որը բաղկացած է օրենքով նախատեսված հաջորդական քայլերի ամբողջությունից, որն արդյունքում կարող է եզրափակվել հսկողություն իրականացնող մարմնի կողմից հայցի հարուցմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նշված կառուցակարգի շրջանակներում կիրառվող միջոցները, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան հայց ներկայացնելը, կարող են ձեռնարկվել բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացման շրջանակներում՝ ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված կարգավորման իրացումն ուղղված է օրինականության պահպանմանը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հսկողություն իրականացնող մարմնի անհամաձայնության դեպքում հարցի դատական կարգով վերջնական լուծմանը: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկությունը չի կարող հիմք հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության իրականացման համար, քանի որ նշված կառուցակարգը հետապնդում է բոլորովին այլ նպատակ և կարող է իրացվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունն ամենևին չի հետապնդում համայնքի գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության նպատակ և նշված գործընթացի ընթացքում կիրառելի միջոցները կարող են իրացվել միայն օրենքով նախատեսված հսկողության իրականացման շրջանակներում՝ ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Ուստի նույն օրենքի իմաստով ՀՀ կառավարության լիազոր մարմինը չի կարող համարվել այն պետական մարմինը, որին վերապահված է համայնքային շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համայնքի ավագանու որոշումների վիճարկման պարագայում դատախազությունը օժտված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասությամբ, քանի որ տվյալ հարցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արտաշատի համայնքապետարանի թիվ ՎԴ/4556/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10․05․2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են այն դեպքում, երբ ավագանու վիճարկվող իրավական ակտը նորմատիվ բնույթի է, և ներկայացված է ավագանու ընդունած նորմատիվ ակտն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ դիմում։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչել Աբովյան քաղաքային համայնքի ավագանու 07.12.2011 թվականի թիվ 82-Ն որոշումը` հավելված 2-ում ներառված ցանկի Հատիսի փողոց թիվ 1/21 հասցեի անշարժ գույքն օգտագործման և օտարման տրամադրման ենթակա հողամասերի ցանկի մեջ ներառված լինելու մասով։
Դատարանը 17.10.2023 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ դիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) վիճելի որոշումն ընդունելիս, այն է՝ 07.12.2011 թվականին համայնքների ավագանիների որոշումների նկատմամբ իրավական վերահսկողությունն վերապահված է եղել մարզպետին, իսկ ներկայումս տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունը վերապահված է համապատասխան հսկողություն իրականացնող՝ ՀՀ կառավարության լիազոր մարմնին, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությանը (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի), այսինքն՝ օրենքով նախատեսված են այն մարմինները, որոնք համայնքի ավագանու որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով կարող են դիմել ՀՀ վարչական դատարան, հետևաբար սույն դեպքում առկա չէ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ Դատախազության բացառիկ լիազորությունը իրացնելու հիմքը»։
Դատարանը եզրակացրել է, որ դիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, «(…) ինչը հիմք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով ՀՀ գլխավոր դատախազության դիմումի ընդունումը մերժելու համար (…)»:
Վերաքննիչ դատարանի 08.01.2024 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 17.10.2023 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ.
«(…) այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց (դիմում) ներկայացնելու լիազորությունը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, համարելով, որ վարչական մարմնի նորմատիվ իրավական ակտով խախտվել են պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ապա վերջինիս կողմից հայց ներկայացնելու առաջարկությունը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու պարագայում միայն, դատախազը կարող է ձեռնամուխ լինել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը:
Ընդ որում, այն դեպքում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը (դիմումը) հարուցել է նկարագրված ընթացակարգի խախտմամբ, ապա հայցը (դիմումը) պետք է համարվի ներկայացված նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, և ղեկավարվելով Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ պետք է կայացվի հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին որոշում:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկվող նորմատիվ իրավական ակտը (դրա մասը) ընդունվել է Աբովյան քաղաքային համայնքի ավագանու կողմից, ինչը նշանակում է, որ վերջինիս լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն իրականացնելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հակասող որոշումները դատական կարգով վիճարկելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության լիազոր մարմնին, որպիսի պայմաններում ՀՀ գլխավոր դատախազությունը իրավասու էր իրականացնելու «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը միայն այն դեպքում, երբ համարելով, որ Աբովյան քաղաքային համայնքի ավագանու նորմատիվ իրավական ակտով խախտվել են պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին կատարեր համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկ և միայն լիազոր մարմնի կողմից հայց (դիմում) ներկայացնելու առաջարկությունը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց (դիմում) չներկայացվելու պարագայում ձեռնամուխ լիներ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի (դիմումի) հարուցմանը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում նշված ընթացակարգի պահպանված լինելու առնչությամբ փաստական տվյալներ, ապացույցներ առկա չեն:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը համայնքային շահերի պաշտպանության հայցը (դիմումը) ներկայացրել է վերը նկարագրված ընթացակարգի խախտմամբ, որպիսի պայմաններում բացակայում է համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքը: (…)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է մեկ հիմնական պահանջ, այն է՝ ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչել Աբովյան քաղաքային համայնքի ավագանու 07.12.2011 թվականի թիվ 82-Ն որոշումը` հավելված 2-ում ներառված ցանկի Հատիսի փողոց թիվ 1/21 հասցեի անշարժ գույքն օգտագործման և օտարման տրամադրման ենթակա հողամասերի ցանկի մեջ ներառված լինելու մասով:
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված դիմումի ընդունումը մերժելու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վերապահված չլինելու բացառիկ հիմքը` այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքում համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելու իրավասությունը վերապահված չէ որևէ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը 17.10.2023 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 08.01.2024 թվականի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2024 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.10.2023 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
________________________________________
1 Տե՛ս ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումները հետևյալ հղմամբ՝ http://www.parliament.am/draft_docs8/K-491_Himnavorum.pdf:
Նախագահող ա. Թովմասյան Զեկուցող Լ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: