ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1840-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրի շրջանակներում 2 հատ 400/220/20 կՎ 200 ՄՎԱ հզորությամբ ավտոտրանսֆորմատորների իրանի՝ ներառյալ ակտիվ մասի և բեռի տակ լարման կարգավորիչների լրակազմի ձեռքբերման ֆինանսավորման նպատակով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) 2024-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով)` տրամադրել 2,070,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2024 թվականին՝ 1,035,000,000 դրամ և 2025 թվականին՝ 1,035,000,000 դրամ.
2) ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ՝
ա. սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկի յուրաքանչյուր տարվա համար տրամադրվող մասնաբաժնի մարման ժամկետ սահմանվում է 5 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ,
բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը համարժեք է լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 953-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված տոկոսադրույքին,
գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին,
դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է սկսած 2026 թվականի հունիսի 15-ից՝ կիսամյակային մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին,
ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
2. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1.1, 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2024 թվական: