ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Մ.Կիրակոսյան
|
ԱՐԴ/0048/12/23 | |
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
20 սեպտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 9-ի դատավճռով Գեղամ Հարությունի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3․1-րդ կետով, 144-րդ հոդվածով, և հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 7 (յոթ) օր ժամկետով՝ սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։
2․ Քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի հունիսի 16-ին, որոշում է կայացրել դատապարտյալ Գեղամ Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին։
3․ 2023 թվականի հունիսի 27-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել նշված որոշման դեմ դատապարտյալ Գ․Սարգսյանի բողոքը։
Բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 28-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին․ դատապարտյալ Գ․Սարգսյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 6 (վեց) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշրջանի ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու ու պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու պարտականություններ դնելով։
4․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Այսպես, բողոքաբերը, ի թիվս այլնի, նշել է, որ Գ․Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով։ Այդ հետևությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը՝ որպես դատապարտյալ Գ․Սարգսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ։
6․1․ Բողոքաբերն անդրադարձել է նաև առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Գ․Սարգսյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետևության հիմնավորվածությանը։
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Գ․Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
8. Դատապարտյալ Գ․Սարգսյանի պաշտպան Ա.Ջուվանովան ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում ըստ էության նշել է, որ առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Գ․Սարգսյանի վերասոցիալականացման հնարավորության կապակցությամբ բողոքաբերի փաստարկները կառուցված չեն վարույթի փաստական տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության և համակցության մեջ գնահատման վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված Գ․Սարգսյանն անցել է աշխատանքի, ինչը, պաշտպանի գնահատմամբ, վկայում է Գ․Սարգսյանի վերասոցիալականացման գործընթացի ավարտի մասին։
9. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա.Ջուվանովան խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Գ․Սարգսյանը 2022 թվականի հուլիսի 27-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ1։
11․ Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի դրույթները, իր դատական ակտով արձանագրել է, որ․ «(․․․) [Դ]ատապարտյալ Գեղամ Սարգսյանը փաստացի կրել է իր նկատմամբ նշանակված պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկետը, (․․․)։
[Առաջին ատյանի դ]ատարանը, դատապարտյալ Գեղամ Սարգսյանի անձը բնութագրող բոլոր հանգամանքները գնահատելով համակցության մեջ՝ վերջինիս անձի և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ, գտնում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալը դրսևորել է դրական և օրինապահ վարքագիծ:
(․․․)
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ դատապարտյալ Գեղամ Սարգսյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ենթակա է բավարարման և պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, որի չկրած մասն որոշման կայացման օրվա դրությամբ կազմում է` 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 6 (վեց) օր: (․․․)»2:
12․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) [Առաջին ատյանի դ]ատարանը (դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանին պայմանական վաղաժամկետ ազատելու առնչությամբ) սույն գործով դատական ակտ կայացնելիս, նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող են ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ (․․․)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ դատապարտյալ Գ․Սարգսյանը փաստացի կրել է իր նկատմամբ սահմանված պատժի` օրենքով նախատեսված նվազագույն ժամկետը։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից: (․․․)»։
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
(․․․)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (․․․)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (․․․)»։
14․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել4։
15․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Գ․Սարգսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 7 (յոթ) օր ժամկետով5,
- ազատազրկման կատարումն ապահովելու համար Գ․Սարգսյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի հուլիսի 27-ին6,
- քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի հունիսի 16-ին, որոշում է կայացրել դատապարտյալ Գ․Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին7։ Նշված որոշման դեմ, 2023 թվականի հունիսի 27-ին, դատապարտյալ Գ․Սարգսյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան8,
- Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումները, դատապարտյալ Գ․Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է՝ իր դիրքորոշումը, ի թիվս այլնի, հիմնավորելով նրանով, որ վերջինս փաստացի կրել է սահմանված պատժի` օրենքով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը9,
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին10։
16․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Գ․Սարգսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկման առարկա դարձնելով դատապարտյալ Գ․Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, չի ղեկավարվել ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությանը վերաբերող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր կարգավորումներով։
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Գ․Սարգսյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Գ․Սարգսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օր ժամկետով, այնուհետև՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հուլիսի 27-ին, Գ․Սարգսյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և 2023 թվականի հուլիսի 28-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Գ․Սարգսյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 24 (քսանչորս) օրը, որից 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու տեսքով, իսկ 1 (մեկ) տարի 1 (մեկ) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում11։
Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված Գ․Սարգսյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի հուլիսի 28-ի դրությամբ, փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկման կեսը։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ․Սարգսյանի կողմից իր նկատմամբ սահմանված պատժի` օրենքով նախատեսված նվազագույն ժամկետը փաստացի կրելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ չէ։
Նշված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 6․1-րդ կետում նշված և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
17․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դատական ակտերը բեկանելու և ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ դատապարտյալ Գ․Սարգսյանի բողոքը մերժելու համար։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումները բեկանել և ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2023 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ դատապարտյալ Գեղամ Հարությունի Սարգսյանի բողոքը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 5-6:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 84-94:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 51-79:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: