ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԳԴ1/0014/01/21 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. Պողոսյանի |
6 սեպտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արտուր Սամվելի Բադալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 2020 թվականի հունվարի 27-ին հարուցվել է թիվ 31100120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Արտուր Սամվելի Բադալյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Ա.Բադալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամանակով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Ա.Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Ա.Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումներով մեղադրյալ Ա.Բադալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, նա ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2021 թվականի մարտի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռով ամբաստանյալ Արտուր Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը, և Ա.Բադալյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
3. Մեղադրող Կ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 62-րդ, 63-րդ, 70-րդ հոդվածների կանոնները: Մասնավորապես, Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, որն ազդել է գործով ճիշտ դատական ակտ կայացնելու վրա:
Ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս ստորադաս դատարանների համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին։
Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե դատական ակտերում մատնանշված հանգամանքները ողջամտորեն ինչ ազդեցություն են ունեցել արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար։ Ավելին՝ դատարանների կողմից թեև արձանագրվել է պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, սակայն Ա.Բադալյանի նկատմամբ պատիժ նշանակելիս այդ հանգամանքին չի տրվել պատշաճ կարևորություն, հատկապես այն մասով, թե որքանով է այդ հանգամանքը նպաստել հանցանքի կատարմանը և որքանով է բնութագրում ամբաստանյալի անձը:
5.1. Բողոքաբերը փաստել է նաև, որ քրեական գործով, բացի ամբաստանյալի կողմից ներկայացված հանգամանքներից, այլ տվյալներ ձեռք չեն բերվել տուժողի կողմից ամբաստանյալի կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու մասին: Ամբաստանյալն ինքն է լարվածություն ստեղծել և փորձել հարաբերություններ պարզել տուժողի հետ, վիճաբանություն հրահրել, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների կողմից արձանագրված հանգամանքները չեն կարող դիտարկվել որպես մեղմացնող: Ըստ բողոքաբերի՝ Ա.Բադալյանի հոգեվիճակի վրա կարող էր ազդեցություն ունենալ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը՝ փոխելով իրադրության նկատմամբ հուզական արձագանքը:
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել Ա.Բադալյանի կողմից դանակով 3 անգամ տուժողին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, սակայն նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանը, Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ խախտելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:
Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը և ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Արտուր Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, 2020 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր հանգուցյալ մոր՝ Լյուդմիլա Ագալոյի Բադալյանի ինքնահողի արարողության կապակցությամբ Սերգեյ Միխաելի Սարգսյանի և Միխաել Արտաշի Հայրապետյանի հետ միասին գտնվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրի 4-րդ փողոց, տուն 44 հասցեում գտնվող առանձնատանը, որի ընթացքում լսել է վերջիններիս միջև իր կնոջ՝ Լիանա Կիմի Մելիքսեթյանի վերաբերյալ վարած անպարկեշտ խոսակցությունը, Սերգեյ Սարգսյանին կանչել է նշված առանձնատանը հարակից ավտոտնակ, որտեղ պարզաբանում է պահանջել Սերգեյ Սարգսյանից, իսկ վերջինս ժխտել է իր կողմից Լ.Մելիքսեթյանի վերաբերյալ անպարկեշտ խոսակցություն վարելու հանգամանքը, որից վրդովված՝ Արտուր Բադալյանը վերցրել է ավտոտնակի սեղանի վրա դրված դանակը և Սերգեյ Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի և որովայնի թափանցող վիրավորումների ձևով»2:
7. Վարորդի սթափության վիճակի զննության թիվ 6 արձանագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 27-ին, ժամը 00:05-ին, Արտուր Բադալյանի մոտ արտաշնչվող օդի հետազոտությամբ հայտնաբերվել է 0.34 մգ/լ ալկոհոլ3:
8. Դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 20-0449 եզրակացության համաձայն՝ Արտուր Բադալյանի հոգեվիճակի վրա որոշակիորեն ազդեցություն կարող էր ունենալ նաև Ա․Բադալյանի մոտ արտաշնչված օդի հետազոտությամբ հայտնաբերված ալկոհոլը՝ փոխելով իրադրությունների նկատմամբ հուզական արձագանքը4:
9. Դատաբժշկական փորձաքննության թիվ 013հ եզրակացության համաձայն՝ «Սերգեյ Սարգսյանի մարմնական վնասվածքները, ըստ համապատասխան հիվանդության պատմագրերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների՝ աջ սրունքի դրսային մակերեսի քերծվածքների; պարանոցի վերին երրորդականի ձախ կողմնային մակերեսի կտրած վերքերի/ ներկայումս սպիների/ և ճանկռվածքի /ներկայումս գունազրկված տեղամասի/; կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, ուղեկցված ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի; որովայնի աջ հարպորտային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, ուղեկցված բարակ աղու վնասումով, կղանքային պերիտոնիտի ձևով, աջ սրունքի դրսային մակերեսի քերծվածքները հասցվել են՝ բութ, կոշտ առարկայով /առարկաներով/, իսկ պարանոցի վերին երրորդականի ձախ կողմնային մակերեսի կտրած վերքերը /ներկայումս սպիները/ և ճանկռվածքը /ներկայումս գունազրկված տեղամասը/; կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքը, ուղեկցված ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով, որովայնի աջ հարպորտային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքը, ուղեկցված բարակ աղու վնասումով, կղանքային պերիտոնիտով հասցվել են՝ ծակող-կտրող գործիքով, ինչպիսին է նաև դանակը, հնարավոր է՝ ի լրմամբ նշված ժամկետին և հանգամանքներում, հնարավոր չէ՝ հասակի բարձրությունից վայր ընկնելու հետևանքով, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Քանի որ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում, ուստի դրանց առաջացման հաջորդականությունը որոշել հնարավոր չէ: Սերգեյ Սարգսյանը տարածության մեջ կարող էր գտնվել նման վնասվածքների առաջացումը չբացառող ցանկացած հնարավոր դիրքում, վնասվածքների մակերեսներով ուղղված համապատասխանաբար բութ, կոշտ առարկան /առարկաները/ և ծակող–կտրող գործիքի ծայրը և նման վնասվածքների պայմաններում Սերգեյ Սարգսյանը կարող էր կատարել որոշակի նպատակամղված գործողություններ, այդ թվում խոսել, շարժվել և այլն, ինչպես նաև նշված վնասվածքների, մասնավորապես վերքերի պայմաններում եղել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին արյունահոսություն»5:
10. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը որպես ամբաստանյալ Արտուր Բադալյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում այն, որ.
- ամբաստանյալի կողմից հանցագործության կատարումը պայմանավորվել է տուժող Սերգեյ Սարգսյանի հակաբարոյական վարքագծով, մասնավորապես վերջինիս կողմից ամբաստանյալի կնոջ Լ.Մելիքսեթյանի մասին անպարկեշտ խոսակցություններ վարելով,
- կամովին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որով աջակցել է հանցագործության բացահայտմանը,
- առաջադրված մեղադրանքում ամրաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, նախաքննության ընթացքում տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է իր կատարած արարքի համար:
(...)
Դատարանը գտնում է, որ ալկոհոլի ազդեցությունը հանդիսացել է հանցանքը կատարելուն նպաստող պայման, հետևաբար որպես ամբաստանյալ Ա․Բադալյանի պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկում ամբաստանյալի կողմից հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
(...)
Դատարանն արձանագրում է, որ․
- ամբաստանյալը հանցանքը կատարել է դեպքի վայրից պատահական վերցված դանակով՝ մոր ինքնահողի արարողության ժամանակ տուժողի հակաբարոյական վարքագծով պայմանավորված,
- հանցագործությունը կատարել է լարված հոգեվիճակում, որը կարող էր որոշակիորեն ազդել նրա վարքի վրա՝ նվազեցնելով ստեղծված իրավիճակում կառուցողական լուծումներ գտնելու կարողությունը,
- դեպքին նախորդող ժամանակահատվածում տուժողը և ամբաստանյալը գտնվել են լավ փոխհարաբերությունների մեջ, տուժողը հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի Ա.Բադալյանի դեմ,
- ամբաստանյալն, ի սկզբանե, ընդունել է մեղքը, աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել կատարածի համար, որպիսի պայմաններում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է (...) ,
- ամբաստանյալն ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա։
Ամբաստանյալ Ա․Բադալյանի կատարած արարքի հարաբերականորեն բարձր հանրային վտանգավորության մասին վկայող, ինչպես նաև նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների (...) համատեքստում (որոնք հաշվի են առնվել նաև պատժի չափը որոշելիս) անգամ վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը Դատարանի մոտ ձևավորում է վստահություն և համոզվածություն առ այն, որ ամբաստանյալ Արտուր Բադալյանի նկատմամբ նշանակված պատժի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նաև առանց այն փաստացի կրելու՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով (...)»6։
11. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Արտուր Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այդ թվում նաև՝ նյութական և դատավարական իրավունքի խախտում, կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, որը բեկանելու հիմքեր առկա չեն, ուստի Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Կ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ ԳԴ1/0014/01/21 դատավճիռը՝ թողնել անփոփոխ (...)»7։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում8:
14. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանքի համար պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն9:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Արտուր Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր հանգուցյալ մոր՝ Լյուդմիլա Բադալյանի ինքնահողի արարողության կապակցությամբ Սերգեյ Սարգսյանի և Միխաել Հայրապետյանի հետ միասին գտնվելով Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրի 4-րդ փողոց, տուն 44 հասցեում գտնվող առանձնատանը, լսելով վերջիններիս միջև իր կնոջ՝ Լիանա Կիմի Մելիքսեթյանի վերաբերյալ վարած անպարկեշտ խոսակցությունը, Ս.Սարգսյանին կանչել է նշված առանձնատան հարակից ավտոտնակ, որտեղ պարզաբանում է պահանջել նրանից: Վերջինս ժխտել է իր կողմից Լ.Մելիքսեթյանի վերաբերյալ անպարկեշտ խոսակցություն վարելու հանգամանքը, որից վրդովված՝ Ա.Բադալյանը վերցրել է ավտոտնակի սեղանի վրա դրված դանակը և Ս.Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի և որովայնի թափանցող վիրավորումների ձևով10։
- Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի է առել կատարված արարքի բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է դեպքի վայրից պատահական վերցված դանակով՝ մոր ինքնահողի արարողության ժամանակ՝ տուժողի հակաբարոյական վարքագծով պայմանավորված, հանցագործությունը կատարել է լարված հոգեվիճակում, դեպքին նախորդող ժամանակահատվածում տուժողը և ամբաստանյալը գտնվել են լավ փոխհարաբերությունների մեջ, տուժողը հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի Ա.Բադալյանի դեմ, ամբաստանյալն ընդունել է մեղքը, աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել է կատարածի համար, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա11։
- Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետևություններին, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այդ թվում նաև՝ նյութական և դատավարական իրավունքի խախտում, որի հիման վրա կայացվել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ12։
16. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:
Մասնավորապես, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել՝
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
- հանցագործության գործիքը, մասնավորապես՝ ամբաստանյալի կողմից հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,
- հասցված մարմնական վնասվածքների բնույթը, տեղակայումն ու քանակը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ա.Բադալյանը, ավտոտնակի սեղանի վրա դրված դանակով, Ս.Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, 3 հարված է հասցրել տուժողի կենսական օրգաններին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի և որովայնի թափանցող վիրավորումների ձևով:
- պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքի առկայությունը՝ հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը։
17. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված (սույն գործով 3 հարվածներ) հասցնելիս, հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա պատճառական կապը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս13:
19. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթին, մարմնական վնասվածքների տեղակայմանը և քանակին:
Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները` ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, հանցագործության բացահայտմանն աջակցելը, կատարածի համար զղջալը, ամուսնացած լինելը, խնամքին մեկ անչափահաս երեխա ունենալը, դեպքին նախորդող ժամանակահատվածում տուժողի հետ լավ փոխհարաբերությունների մեջ գտնվելը, տուժողի կողմից բողոք կամ քաղաքացիական հայց չներկայացնելը, չեն նվազեցնում Ա.Բադալյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ա.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի անհրաժեշտ է Ա.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, Ա.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտուր Սամվելի Բադալյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանել և փոփոխել: Արտուր Սամվելի Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Արտուր Սամվելի Բադալյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով:
2. Պատժի կրման սկիզբը հաշվել Արտուր Սամվելի Բադալյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 226-231:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 23-24:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 192-207:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 256-258:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 54-59:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 114-129:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումը:
Նախագահող` Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Ա. Պողոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ. Թադևոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: