ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2024 թվականի N 1800-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2024 թվականի մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Տաշիր և Աղստև գետերի խնդրահարույց հատվածների մաքրման և հակահեղեղային միջոցառումները համարել անհետաձգելի։
2. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ապահովել գետերի խնդրահարույց հատվածների մաքրման և հակահեղեղային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների մշտադիտարկումը։
3. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի NN 4 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին՝ եռամսյա ժամկետում ապահովել հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացումը՝ գետերի էկոհամակարգի վերականգնման նպատակով։
5. Գետերի հուների մաքրման ընթացքում դուրս բերված քարերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվառված ծավալներին համապատասխան, տրամադրել քարերի կուտակման վայրի համայնքների լիարժեք տնօրինմանը, տիրապետմանը և օգտագործմանը։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված միջոցառումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել մանրամասն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|