ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2024 թվականի N 1735-Ա
«1899 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 1907 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան։
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |