ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1493-Ա
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1339-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 55-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ հանձնելու գործընթացի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու, նախաորակավորման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու, նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 271-Ն որոշման, 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-Ջրմուղկոյուղի», «Շիրակ-Ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր) 5-րդ հոդվածի 5.1(4)-րդ կետը և N 2 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված ակտիվները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին» N 1339-Ա որոշումը։
2․ Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վրա «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականների ընթացքում կատարված պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի (այսուհետ՝ ՊԿԱԾ) շրջանակներում բարելավումների և նորոգման աշխատանքների արդյունքում ստեղծված 18,061,541,401 դրամ արժողությամբ ակտիվները (գույքը) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն NN 1, 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 և 1․6 հավելվածների:
3․ Ցանցի ընդլայնման, հիմնական կատարողական ցուցանիշների բարելավման, ինչպես նաև վարձակալության պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականների ընթացքում պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում բաժանորդների համար ջրաչափերի տեղադրման աշխատանքների արդյունքում ստեղծված ակտիվները (գույքը)՝ 962,028,349 դրամ արժողությամբ, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն NN 2, 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 և 2․6 հավելվածների:
4․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, այնուհետև ՊԿԱԾ շրջանակներում ապամոնտաժված ջրաչափերը (հին ջրաչափեր) որպես ոչ պիտանի հետագա շահագործման համար ապաճանաչել և դուրս գրել գույքի ցանկից:
5․ Հաշվի առնելով, որ վարձակալության պայմանագրի մեկնարկին Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի (այսուհետ՝ վարձատու) կողմից «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ վարձակալ) համապատասխան ցանկերով վարձակալության հանձնված գույքը (այսուհետ՝ սկզբնական գույք) նույնականացված չէ, վարձակալի կողմից պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի (այսուհետ՝ ՊԿԱԾ) շրջանակներում կատարված աշխատանքները (բարելավումներ) վարձակալությամբ տրված սկզբնական արժեքով հանձնված գույքի միավորներին չեն վերագրվում և հաշվառվում են որպես գույքային առանձին միավորներ:
6․ Հաշվի առնելով սույն որոշման 4–րդ կետում նշվածը՝ ՊԿԱԾ շրջանակներում կատարված աշխատանքների (բարելավումներ) արդյունքում ստեղծված գույքային միավորները վարձատուն ներառում է սկզբնական գույքի ցանկում և հաշվառում է որպես առանձին գույքային միավորների վրա կատարված ծախս։
7․ Սույն որոշմամբ վարձակալը հանձնում է, իսկ վարձատուն ընդունում է սույն որոշմանը կից վարձակալի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վրա 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականների ընթացքում ստեղծված գույքը՝ համաձայն ընդունման–հանձնման ակտերի, ըստ տարիների, համապատասխանաբար 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականներին։
8․ Վարձակալության պայմանագրի շրջանակներում 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականների ընթացքում ՊԿԱԾ շրջանակներում կատարված աշխատանքները (բարելավումներ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում վարձատուն ընդունում է վարձակալի կողմից ներկայացված՝ այդ աշխատանքները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, առանց կատարված աշխատանքները փաստացի (աշխատանքների կատարման վայրում) ուսումնասիրելու։
9․ Հաշվի առնելով սույն որոշման 8-րդ կետում նշվածը` վարձակալության պայմանագրի շրջանակներում 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականների ընթացքում ՊԿԱԾ շրջանակներում կատարված աշխատանքները (բարելավումները) հիմնավորող փաստաթղթերում ենթադրյալ ցանկացած անհամապատասխանության (քանակական, որակական, դրամական կամ գումարային) համար պատասխանատվությունը կկրի վարձակալը։
10․ Հաշվի առնելով վարձակալության պայմանագրի N 2 հավելվածի 4-րդ բաժնով սահմանված դրույթները՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում կատարված բարելավումների նպատակը վարձակալությամբ ընդունման պահին առկա գույքի վիճակի զուտ պահպանումից բացի, դրա վիճակի որոշակի բարելավումներն են, որոնք բնորոշվում են որպես պայմանագրային յուրաքանչյուր տարվա կտրվածքով պահպանման և կապիտալ վերանորոգումների համար վարձակալության պայմանագրով սահմանված նվազագույն կապիտալ ծախսերի իրականացում, և, որոնց արդյունքներով պատշաճ շահագործվում և պահպանվում է վարձակալությամբ հանձնված գույքը:
11․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ակտիվների ընդունման պահից վարձատուն վարձակալին է փոխանցում այդ ակտիվների (գույքի) օգտագործման և տիրապետման իրավունքը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |