ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 596-Ն
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՑՉԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.3-րդ և 12.4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կամավոր ատեստավորման արդյունքում 70-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի ուսուցիչների դրույքաչափին և հավելավճարներին վերաբերող դրույթները կիրառելի են 2022 թվականի մայիսի 1-ից.
2) սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգավորումը տարածվում է նաև 2022 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցած և կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած՝ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաներ դասավանդող անձանց վրա.
3) սույն որոշման հավելվածի 72-րդ կետով սահմանված կարգավորումը տարածվում է նաև 2022 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցած և կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող անձանց վրա:
(2-րդ կետը խմբ. 16.03.23 N 327-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիապրիլի 28-ի N 596-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՑՉԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի և Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետների (այսուհետ՝ ուսուցիչ) կամավոր ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) կազմակերպման, անցկացման և դրա արդյունքում դրույքաչափի փոփոխության և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման, ատեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 16.03.23 N 327-Ն)
2. Ատեստավորման նպատակն է ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և դրա արդյունքում սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և 1-3-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տրամադրումը:
(2-րդ կետը լրաց. 16.03.23 N 327-Ն, խմբ. 17.11.23 N 2008-Ն)
3. Ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ:
4. Ուսուցչի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ առարկաների և քննական կենտրոնների, յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն), Գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ՝ ԳԹԿ) պաշտոնական կայքէջերում և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
(4-րդ կետը լրաց., փոփ. 16.03.23 N 327-Ն, փոփ. 17.11.23 N 2008-Ն)
5. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը և սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել դրույքաչափի փոփոխության և 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում՝ նաև հավելավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո:
(5-րդ կետը խմբ. 16.03.23 N 327-Ն, 17.11.23 N 2008-Ն)
5.1. Ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (բացառությամբ 2-րդ մասի 3-րդ կետի) պահանջներին համապատասխանող և սույն կարգի 9-րդ և 13-րդ կետերով սահմանված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը, և սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից՝ աշխատանքի ընդունվելու օրվանից: Սույն կարգի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած:
(5.1-ին կետը լրաց. 16.03.23 N 327-Ն, 10.10.24 N 1593-Ն)
6. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին, որի արդյունքում դրույքաչափի և հավելավճարի տրամադրումն իրականացվելու է՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։
(6-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
7. Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:
(7-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
8. 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում: 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։
(8-րդ կետը փոփ., լրաց. 17.11.23 N 2008-Ն, խմբ. 10.10.24 N 1593-Ն)
9. 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների, դասվարների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է՝ համաձայն սույն կարգի 7-րդ կետի պահանջի:
(9-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, լրաց. 17.11.23 N 2008-Ն, խմբ. 10.10.24 N 1593-Ն)
10. «Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
(10-րդ կետը լրաց. 17.11.23 N 2008-Ն, խմբ. 10.10.24 N 1593-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 16.03.23 N 327-Ն)
12. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
(12-րդ կետը խմբ. 16.03.23 N 327-Ն)
13. Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
14. Ատեստավորումն անցկացվում է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան՝
1) 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար.
2) 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։
15. «Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.3-րդ ենթակետով սահմանված ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար սույն կարգով կարող են սահմանվել ատեստավորման այլ ընթացակարգեր:
2. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
16. Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի պաշտոնական կայքէջերում:
17. Հայտարարության մեջ պարտադիր նշվում են՝
1) հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը.
2) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հայտագրման գործընթացի մանրամասները.
3) առարկաների ցանկը, որով դասավանդող ուսուցիչները կարող են հայտ ներկայացնել:
4) (ենթակետն ուժը կորցրել է 10.10.24 N 1593-Ն)
(17-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, 10.10.24 N 1593-Ն)
18. Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
(18-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
19. Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) և նույն էջում ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
(19-րդ կետը խմբ. 16.03.23 N 327-Ն, 10.10.24 N 1593-Ն)
20. Էլեկտրոնային մատյանում ատեստավորման հայտ ներկայացնելիս Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից հայտում ամրագրվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).
3) դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (սույն կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ սույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) համաձայնություն՝ տեխնիկական սարքերի առկայության ստուգում անցնելու վերաբերյալ:
(20-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, փոփ., լրաց. 10.10.24 N 1593-Ն)
20.1. Սույն կարգի 5.1-ին կետով սահմանված կամ բարձրագույն կրթություն չունեցող անձը ատեստավորմանը մասնակցելու համար հայտը ներկայացնում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում՝ էլեկտրոնային եղանակով: Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը.
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը), բարձրագույն կրթություն չունեցող անձը՝ դպրոցում աշխատած լինելու մասին տեղեկանք, առկայության դեպքում՝ մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ.
3) բնակության վայրը (մարզը, համայնքը).
4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (սույն կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ սույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).
5) հանրային ծառայության համարանիշը.
6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
7) համաձայնություն՝ տեխնիկական սարքերի առկայության ստուգում անցնելու վերաբերյալ:
(20.1-ին կետը լրաց. 16.03.23 N 327-Ն, լրաց., խմբ., փոփ. 10.10.24 N 1593-Ն)
21. Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
22. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակները: Ատեստավորման նպատակով հայտ ներկայացրած մասնակիցների՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված ցուցակները հասանելի են նաև ԳԹԿ-ին։
(22-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, խմբ. 10.10.24 N 1593-Ն)
22.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչների տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, մարզ, ուսումնական հաստատություն, դասավանդվող առարկա) ԿՏԱԿ-ը 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է ԳԹԿ-ին։
(22.1-ին կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
23. ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, յուրաքանչյուր առարկայի համար կազմվող թեստի հարցերի քանակը, թեստավորման տևողությունը, թղթային եղանակով իրականացման դեպքում՝ ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։
(23-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
24. Հայտ ներկայացրած մասնակիցների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն ատեստավորումը կազմակերպելու նպատակով ընտրում է ատեստավորման կենտրոններ և սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ մասնակիցներին բաժանում է խմբերի և յուրաքանչյուր մասնակցի համար պատրաստում և տրամադրում է անցաթուղթ:
(24-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, 10.10.24 N 1593-Ն)
25. Անցաթուղթը պարունակում է մասնակցի տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, դպրոցը, առարկան, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած անհատական ծածկագիրը:
(25-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
26. Ատեստավորման կենտրոնի խմբերում ընդգրկված մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Ատեստավորման սենյակում յուրաքանչյուր խմբի աշխատանքները համակարգում է՝ առաջին խմբի համար՝ երկու ներկայացուցիչ, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար՝ մեկական ներկայացուցիչ:
(26-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
27. Ատեստավորման գործընթացն ատեստավորման կենտրոններում կազմակերպում են ԳԹԿ-ի տնօրենի հրամանով նշանակված՝ ատեստավորման կենտրոնի ղեկավարը և ներկայացուցիչները: Կենտրոնում հերթապահների ցուցակը կազմում և նրանց ներկայությունն ապահովում է տվյալ հաստատության ղեկավարը:
(27-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
28. Ներկայացուցիչներին ըստ խմբերի բաշխում է կենտրոնի ղեկավարը՝ ատեստավորման յուրաքանչյուր սենյակում նշանակելով պատասխանատու ներկայացուցիչ, որը կազմում է սույն կարգի 3-րդ գլխով նախատեսված արձանագրությունները։
(28-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
29. Ատեստավորման կենտրոնում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարն ատեստավորման սենյակում յուրաքանչյուր ներկայացուցչի տալիս է խմբերի համար նախատեսված պատասխանների ձևաթղթերի ծրարները և խմբերում ընդգրկված մասնակիցների ցուցակները: Պատասխանների ձևաթղթի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը։
(29-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
30. Պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է ատեստավորման սենյակում գտնվող մասնակիցների թվով պատասխանների ձևաթուղթ, որոնք տրվում են մասնակիցներին և երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում:
(30-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
31. Ատեստավորման օրն մասնակիցն ատեստավորման կենտրոն է ներկայանում սույն կարգի 26-րդ կետով սահմանված անցաթղթում նշված ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ:
(31-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
32. Մասնակիցների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով: Ատեստավորման սենյակ մուտք գործելուց առաջ ստուգվում է հեռախոսի կամ այլ սարքերի առկայությունը, հայտնաբերելու դեպքում այն հանձնվում է ատեստավորման կենտրոնի պատասխանատուին, որից հետո մասնակիցը մուտք է գործում ատեստավորման սենյակ՝ իր հետ տանելով միայն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը:
(32-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
33. Մասնակիցը մոտենում է իր խմբի ներկայացուցչին (թղթային եղանակով իրականացման դեպքում՝ ստանում պատասխանների ձևաթուղթը), ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի՝ համապատասխան նստարանին:
(33-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
33.1. Էլեկտրոնային եղանակով թեստավորվելու դեպքում մասնակիցը մուտք է գործում հարմարեցված տարածք, համակարգիչներից մեկի առջև զբաղեցնելու տեղը որոշվում է վիճակահանության արդյունքում՝ ներկայացուցիչներից մեկի ներկայությամբ:
(33.1-ին կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
33.2. Էլեկտրոնային թեստավորման հարցաշարը ներբեռնվում է թեստավորման համար ստեղծված էլեկտրոնային համակարգի միասնական բազայում:
(33.2-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
33.3. Սույն հավելվածի 42-45-րդ, 47-50-րդ կետերով սահմանված դրույթները կիրառելի են նաև էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորումն իրականացնելու դեպքում:
(33.3-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
33.4. Համակարգ մուտք գործելուց հետո, համակարգը միասնական բազայից մասնակցի համար ձևավորում է թեստ և ֆիքսում աշխատանքի սկիզբը։ Մասնակցի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց է տալիս թեստավորման համար նախատեսված ժամանակը: Ըստ անհրաժեշտության՝ մասնակցին կարող է տրամադրվել առավելագույնը 30 րոպե լրացուցիչ ժամանակ:
(33.4-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
33.5. Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը սեղմում է թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը և էկրանին տեսնում է թեստի ճիշտ պատասխանների քանակը՝ արտահայտված տոկոսով։ Թեստավորման արդյունքի մասին ամփոփաթերթը երևում է՝ ուսուցչի դեպքում՝ էլեկտրոնային մատյանի իր էջում (matyan.emis.am), իսկ սույն հավելվածի 20.1-ին կետով սահմանված անձանց դեպքում՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հայտագրման էջում՝ at.emis.am աշխատանքն ավարտելուց առավելագույնը 24 ժամ հետո։
(33.5-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
33.6. Մասնակիցը համարվում է ատեստավորումը հաղթահարած՝ սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված արդյունքները ցուցաբերելու դեպքում:
(33.6-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
33.7. Աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս է գալիս քննասենյակից:
(33.7-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
33.8. Թեստավորման արդյունքում ստացած արդյունքի բողոքարկումն իրականացվում է սույն կարգի 63-68-րդ (բացառությամբ 66-րդ կետի 2-րդ ենթակետի) կետերով սահմանված կարգով և ժամկետներում:
(33.8-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
34. (կետն ուժը կորցրել է 10.10.24 N 1593-Ն)
35. Աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ ներկայացուցիչը մասնակիցների համար ընթերցում է ատեստավորման անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման գործընթացի մասին:
(35-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
36. Մասնակիցը պատասխանների ձևաթղթում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և անցաթղթի անձնական համարը: Այնուհետև ներկայացուցիչները մոտենում են մասնակիցներին, կտրում պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում պատասխանատու ներկայացուցչին:
(36-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
37. Պատասխանատու ներկայացուցիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն մեկ ներկայացուցչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով ատեստավորման սենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:
38. Թղթային եղանակով ատեստավորումն անցկացվում է թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
(38-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, խմբ. 10.10.24 N 1593-Ն)
39. Պատասխանատու ներկայացուցիչը, կենտրոնի ղեկավարից ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է ատեստավորման սենյակ, թեստերի փաթեթները ցուցադրում է մասնակիցներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա:
(39-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
40. Պատասխանատու ներկայացուցիչը թեստերի փաթեթները բացում է մասնակիցների ներկայությամբ՝ բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի ներկայացուցիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է առջևում նստած մասնակիցը:
(40-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
41. Խմբերի ներկայացուցիչները բաժանում են թեստերը: Մասնակիցը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները։ Հայտարարվում է թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ:
(41-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
42. Ատեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո արգելվում է ուշացած մասնակցի մուտքն ատեստավորման սենյակ:
(42-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
43. Թեստավորման ընթացքում արգելվում է ատեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ ատեստավորման սենյակում գտնվող անձանց, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխել:
(43-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
44. Թեստավորման ընթացքում ատեստավորման սենյակից մասնակիցը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:
(44-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
45. Ատեստավորման սենյակում թեստի բովանդակության վերաբերյալ մասնակցի հարցերը չեն քննարկվում:
(45-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
46. Թղթային եղանակով ատեստավորման ընթացքում տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է կենտրոնի ղեկավարը պատասխանատու ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրությունների համապատասխան տողում նշելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
(46-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
47. Թեստավորման ամբողջ ընթացքում ատեստավորման սենյակներում կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ներկայացուցիչները:
(47-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
48. (կետն ուժը կորցրել է 10.10.24 N 1593-Ն)
49. Եթե ատեստավորման ընթացքում (և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով իրականացվող) մասնակիցն առանց թույլտվության դուրս է գալիս ատեստավորման սենյակից, խոսում է այլ մասնակիցների հետ, փոխում է տեղը, զրուցում է, կամ նրա մոտ հայտնաբերվում է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա ներկայացուցիչը պարտավոր է կենտրոնի ղեկավարի և պատասխանատու ներկայացուցչի մասնակցությամբ դադարեցնել նրա ատեստավորումը՝ այդ մասին արձանագրելով քննասենյակի մասնակիցների խմբի ցուցակի «Նշում» սյունակում, և տեղյակ պահել մասնակցին:
(49-րդ կետը խմբ. 16.03.23 N 327-Ն, 10.10.24 N 1593-Ն)
50. Ատեստավորումը դադարեցվելուց հետո ատեստավորման տվյալ սենյակի պատասխանատու ներկայացուցիչն արձանագրում է կատարված խախտումը: Ատեստավորման գործընթացը դադարեցված մասնակցի աշխատանքը գնահատվում է 0 միավոր (թղթային եղանակով իրականացվելու դեպքում պատասխանների ձևաթուղթը չի սքանավորվում և չի ստուգվում):
(50-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
51. Աշխատանքն ավարտած, կամ հիվանդության պատճառով, կամ սեփական նախաձեռնությամբ աշխատանքն անավարտ թողած մասնակիցը մոտենում է ներկայացուցչին արձանագրություն կազմելու համար (թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ պատճենահանում պատասխանների ձևաթուղթը), այնուհետև՝ մոտենում իր խմբի ներկայացուցչին: Մասնակիցը թեստը և պատասխանների ձևաթուղթը ներկայացուցչին է հանձնում` ստորագրելով իր խմբի ցուցակի համապատասխան տեղում: Ներկայացուցիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Մասնակիցը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ:
(51-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
52. Պատասխանատու ներկայացուցիչը խմբերի պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի ցուցակների ծրարները, ատեստավորման սենյակի արձանագրությունը, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին:
53. Կենտրոնի ղեկավարը, պատասխանատու ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և ատեստավորման սենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է կենտրոնում անցկացված գրավոր աշխատանքի արձանագրությունը:
54. Կենտրոնի ղեկավարն ատեստավորման նյութերը ԳԹԿ է տեղափոխում թեստավորման ավարտից հետո` նույն օրը:
(54-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
55. (կետն ուժը կորցրել է 16.03.23 N 327-Ն)
56. (կետն ուժը կորցրել է 16.03.23 N 327-Ն)
57. (կետն ուժը կորցրել է 16.03.23 N 327-Ն)
4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
58. Թղթային եղանակով իրականացման դեպքում ԳԹԿ-ում կենտրոնի ղեկավարի և կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են թեստավորման նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սքանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:
(58-րդ կետը փոփ., լրաց. 10.10.24 N 1593-Ն)
59. Պատասխանների ձևաթղթերն ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով:
60. Թեստերը չեն ստուգվում: Սքանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը:
61. Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես մասնակցի ատեստավորման արդյունք:
(61-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
61.1․ Ատեստավորման արդյունքը հաշվարկելիս ամբողջական թիվ ստանալու համար 0.5 միավորից բարձր լինելու դեպքում իրականացվում է տասնորդական միավորի կլորացում՝ հօգուտ ատեստավորվող մասնակցի:
(61.1-ին կետը լրաց. 17.11.23 N 2008-Ն, փոփ. 10.10.24 N 1593-Ն)
62. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո՝ երրորդ օրը՝ ԳԹԿ-ի կայքէջում։
(62-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
5. ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
63. Էլեկտրոնային թեստավորման դեպքում՝ արդյունքի մասին ամփոփաթերթն ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքները հրապարակելուց հետո ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել ատեստավորումը կազմակերպող մարմնին՝ ԳԹԿ-ին:
(63-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, խմբ. 10.10.24 N 1593-Ն)
64. Ատեստավորման արդյունքի բողոքը քննելու նպատակով ատեստավորումը կազմակերպած կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած բողոքարկման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ատեստավորումը կազմակերպած կառույցի աշխատակիցներ:
(64-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
65. Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է բողոքը ներկայացրած մասնակցին։ Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշում ընդունվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
(65-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
66. Հանձնաժողովը չի քննարկում`
1) սույն կարգի 63-րդ կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը.
2) մասնակցի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ դիմումները:
(66-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
67. Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում մասնակցի աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա մասնակցի աշխատանքի բողոքարկման արդյունքները հրապարակվում են ԳԹԿ-ի կայքէջում բողոքարկման ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում:
(67-րդ կետը խմբ. 10.10.24 N 1593-Ն)
67.1. էլեկտրոնային եղանակով իրականացված թեստավորման դեպքում ԳԹԿ-ն 1 աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկման արդյունքները գրավոր ներկայացնում է ԿՏԱԿ-ին՝ համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:
(67.1-ին կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
68. Բողոքարկման գործընթացի ավարտից և ամփոփումից հետո ատեստավորումը կազմակերպած կառույցը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը ներկայացնում է ատեստավորմանը մասնակցած բոլոր մասնակիցների ատեստավորման անհատական արդյունքները՝ ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի (նաև՝ արտահայտած տոկոսով)։
(68-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
6. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՑՉԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
69. Նախարարությունը սույն հավելվածի 68-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով հաստատում է ատեստավորում անցած ուսուցիչների ցուցակը՝ ըստ տրամադրվող հավելավճարի չափի:
(69-րդ կետը փոփ. 10.10.24 N 1593-Ն)
70. Սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի դեպքում այդ դրույքաչափի նկատմամբ հաշվարկվում է համապատասխան չափով հավելավճարը: Սույն կետով սահմանված դրույքաչափը նվազեցման ենթակա չէ:
(70-րդ կետը լրաց. 16.03.23 N 327-Ն, խմբ. 17.11.23 N 2008-Ն)
71. Սույն հավելվածի 69-րդ կետով սահմանված հրամանը հաստատվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունն ատեստավորում անցած ուսուցիչների ցուցակը տրամադրում է համապատասխան լիազոր մարմիններին, որում նշվում են միայն ատեստավորում անցած ուսուցչի՝ սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված անցաթղթի անհատական ծածկագիրը և տվյալ ուսուցչի ատեստավորման արդյունքը:
72. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող մանկավարժական աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները։
(72-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն, լրաց. 10.10.24 N 1593-Ն)
73. Ատեստավորումն անցած ուսուցիչներին (այդ թվում՝ հեռավար ուսուցում իրականացնող) հավելավճար տրվում է 76-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով։
(73-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
73.1. Հաստատությունում դասավանդող վարչական աշխատողին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարը հաշվարկվում է միայն դասավանդվող ժամերի նկատմամբ:
(73.1-ին կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
73.2. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դասավանդվող ժամերի նկատմամբ, որի 11 դասաժամը հավասար է մանկավարժական 0.5 դրույքին:
(73.2-րդ կետը լրաց. 10.10.24 N 1593-Ն)
74. Հավելավճար տրվում է միայն ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցչին:
(74-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն)
75. Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը պահպանվում է:
76. Ատեստավորման արդյունքում`
1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով.
2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով.
3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով.
4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է սույն կարգի 70-րդ կետի համաձայն` առանց հավելավճարի տրամադրման.
5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ:
(76-րդ կետը խմբ. 17.11.23 N 2008-Ն, լրաց., խմբ. 10.10.24 N 1593-Ն)
77. Սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունքների դեպքում ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ կրկին դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին՝
1) նախորդ արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.
2) նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի հավելավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.
3) նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով:
(77-րդ կետը փոփ. 16.03.23 N 327-Ն)
77.1. 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների մասին տեղեկատվությունը, ըստ ենթակայության, նախարարությունը ներկայացնում է լիազոր մարմնին՝ տնօրենի կողմից տվյալ ուսուցչի համար սույն կարգի 78-րդ կետով սահմանված վերապատրաստումը և վերաատեստավորմանը մասնակցությունն ապահովելու համար, որի նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցչի էջում կատարվում է նշում:
(77.1-ին կետը լրաց. 16.03.23 N 327-Ն, 10.10.24 N 1593-Ն)
78․ Սույն կարգի 76-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված արդյունքի դեպքում նախարարությունը, «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան, կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում: Վերաատեստավորումը չանցած ուսուցիչը, բացառությամբ սույն կարգի 78․1-ին կետով սահմանված դեպքի, ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 13-րդ մասի:
(78-րդ կետը խմբ. 17.11.23 N 2008-Ն)
78․1․ Վերաատեստավորման արդյունքում 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած կամ նախորդ ատեստավորման ամենաբարձր արդյունքի նկատմամբ 15 տոկոսային կետ աճ ապահոված և սույն կարգի 76-րդ կետի 5-րդ ենթակետի արդյունքին համապատասխանող ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է կրկնակի վերաատեստավորման։
(78.1-ին կետը լրաց. 16.03.23 N 327-Ն, խմբ. 17.11.23 N 2008-Ն, փոփ.10.10.24 N 1593-Ն)
78․2. Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատություն ուսուցչի տեղափոխության դեպքում ուսուցիչը չի ազատվում սույն կարգի 78-րդ և 78․1-ին կետերով սահմանված պարտավորությունը կատարելուց:
(78.2-րդ կետը լրաց. 17.11.23 N 2008-Ն)
79. Եթե մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցիչն ատեստավորման արդյունքում չի ապահովել սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունքը, ապա հաջորդ ատեստավորմանը մասնակցում է նույն առարկայից:
80․ Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում դասավանդող առարկայից: Այն հաստատությունում, որտեղ ուսուցիչն աշխատում է համատեղությամբ, դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումն իրականացվում է սույն կարգի 70-րդ և 72-րդ կետերի պահանջներին համապատասխան:
(80-րդ կետը խմբ. 16.03.23 N 327-Ն, 17.11.23 N 2008-Ն)
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 16.03.23 N 327-Ն, 17.11.23 N 2008-Ն, 10.10.24 N 1593-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական: