ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 461
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 16.01.98 N 14)
բ) ջերմային էներգիայից օգտվելու կանոնները (կցվում է):
2. Սույն կանոնները կիրարկել 1995 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
ԿԱՆՈՆՆԵՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
(կանոններն ուժը կորցրել են 16.01.98 N 14)
Հաստատված է |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջերմային էներգիայից օգտվելու կանոնները (հետագայում` կանոններ) սահմանում են ջերմամատակարարող ձեռնարկությունների և ջերմային էներգիա սպառողների փոխհարաբերությունները:
Սույն կանոնները պարտադիր են ինչպես ջերմամատակարարող ձեռնարկությունների, այնպես էլ ջերմային էներգիա սպառողների համար, անկախ նրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:
2. Ջերմային էներգիայից օգտվել թույլատրվում է միայն ջերմամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև կնքված պայմանագրի առկայության դեպքում:
Պայմանագրին կցվում է ջերմային ցանցերի, ինչպես նաև հաշվիչ հսկիչ սարքերի հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործական պատասխանատվության սահմանազատման ակտը:
3. Ենթաբաժանորդները ջերմային էներգիայից օգտվելու համար պայմանագիրը կարող են կնքել ինչպես ջերմամատակարարող ձեռնարկության, այնպես էլ բաժանորդների հետ: Երկու դեպքում էլ բաժանորդի և ջերմամատակարարող ձեռնարկության միջև կնքված պայմանագրում կամ դրա հավելվածում նշվում են բաժանորդի ջերմային ցանցին միացված ենթաբաժանորդների տվյալները` անվանումը, առավելագույն ժամային բեռնվածքը, ջերմասպառումը, վերադարձվող խտուցքի քանակը (տոննաներով և տոկոսներով)` բաշխված ըստ ամիսների, սակագները և այլն:
4. Բաժանորդը միայն ջերմամատակարարող ձեռնարկության թույլտվությամբ կարող է իր ջերմային ցանցերին միացնել այլ ենթաբաժանորդների և նրանց հետ կնքել ջերմային էներգիայի մատակարարման պայմանագրեր:
Տեխնիկական հնարավորության դեպքում բաժանորդը ջերմամատակարարող ձեռնարկության առաջարկով կարող է թույլ տալ իր ջերմային ցանցերին միացնել այլ ենթաբաժանորդների:
II. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5. Էներգապետհսկողության կողմից սպառողին ջերմասպառման համակարգերի մշտական շահագործման թույլտվություն տրվում է` դրանց երկշաբաթյա փորձարկումից, հայտնաբերված թերությունների վերացումից, ջերմասպառման համակարգերի վերջնական տեխնիկական զննումից, ջերմամատակարարող ձեռնարկության հետ ջերմային էներգիայի մատակարարման պայմանագրի կնքումից, սպասարկվող սարքավորումների շահագործական պատասխանատվության սահմանազատման ակտի կազմումից և կատարողական փաստաթղթերի ստացումից հետո:
6. Ջերմասպառման համակարգերի շահագործման թույլտվությունը տրվում է միայն հաշվառման և վերահսկող սարքերի, ինչպես նաև ջերմասպառման համակարգերի շահագործման համար պատրաստված անձնակազմի առկայության և սպառողի ջերմային տնտեսության համար պատասխանատու անձի նշանակման դեպքում:
7. Ջերմամատակարարող ձեռնարկությունը հսկողություն սահմանելու կարգով իրավասու է ստուգելու սպառողի կայանքը, անկախ դրա սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից:
III. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
8. Ջերմային էներգիայի բոլոր սպառողների ջերմասպառման համակարգերը պարտադիր կարգով պետք է ապահովված լինեն հաշվարկային հաշվառքի սարքերով:
9. Սպառած ջերմային էներգիայի համար վճարումների հաշվարկային հաշվառքի սարքեր չունեցող բաժանորդների միացումը ջերմամատակարարող ձեռնարկության ջերմային ցանցերին, ինչպես նաև ենթաբաժանորդների միացումը բաժանորդների ցանցերին` արգելվում են:
10. Ջերմային էներգիայի մատակարարման հաշվառումը պետք է կատարվի ջերմամատակարարող ձեռնարկության և սպառողի ջերմային ցանցերի հաշվեկշռային պատկանելության սահմանում: Այդ սահմանում հաշվարկային հաշվառքի սարքերի չտեղադրման դեպքում սպառված ջերմային էներգիայի համար վճարումները պետք է կատարվեն հաշվի առնելով հաշվեկշռային պատկանելության սահմանից մինչև սարքի տեղադրման վայրն ընկած հատվածում առաջացած ջերմակորուստները:
Ջերմակորուստների հաշվարկը կամ փորձարկումները կատարում է ջերմամատակարարող ձեռնարկությունը` սպառողի հետ համատեղ:
11. Հաշվարկային հաշվառքի սարքերի պարբերաբար պետստուգումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը` իր կողմից սահմանված ժամկետներում:
Նշված վարչության դրոշմի բացակայության կամ հաշվարկային հաշվառքի սարքերի ստուգման ժամկետը լրանալու դեպքում այդ սարքերով կատարված հաշվառումը համարվում է անօրինական, և մատակարարված ջերմային էներգիայի քանակը համապատասխան հաշվարկով որոշում է ջերմամատակարարող ձեռնարկությունը:
12. Ջերմային էներգիայի արտադրության և սպառման հաշվառքային համակարգի նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է էներգապետհսկողությունը:
IV. ՍՊԱՌՈՂԻ ՋԵՐՄԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
13. Հայաստանի Հանրապետությունում ջերմային էներգիայի օգտագործման նկատմամբ պետական հսկողությունը ջերմային էներգիա սպառող ձեռնարկություններում, անկախ նրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է էներգապետհսկողությունը:
14. Պետական հսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին չի ազատում իրենց ենթակա ձեռնարկությունների ջերմասպառման համակարգերի տեխնիկական վիճակի և դրանց շահագործման ստուգման գծով պարտականությունների կատարումից, իսկ այդ ձեռնարկություններին չի ազատում «Ջերմաօգտագործող տեղակայանքների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործման կանոնների», «Ջերմաօգտագործող տեղակայանքների և ջերմային ցանցերի անվտանգության տեխնիկայի կանոնների», «Ջերմային էներգիայից օգտվելու կանոնների» և այլ ակտերի պահանջների կատարման պարտականությունից:
15. Սպառողի ջերմասպառման համակարգի և ջերմասպառիչների մոտ էներգապետհսկողության և ջերմամատակարարող ձեռնարկության պաշտոնատար անձանց մուտքը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող ջերմասպառման ռեժիմների ստուգումները խոչընդոտելու համար սպառողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Ջերմային էներգիայի մատակարարումը կատարվում է անընդմեջ, եթե սպառողի հետ կնքված պայմանագրում նախատեսված չեն ջերմային էներգիայի մատակարարման ընդմիջումներ:
17. Ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավասու է էներգապետհսկողության կարգադրագրերով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ սպառողին նախօրոք զգուշացնելուց հետո (հեռախոսագրով, հեռագրով) մասամբ կամ լրիվ դադարեցնելու նրա ջերմամատակարարումը հետևյալ դեպքերում`
ա) սահմանված ժամկետում սպառված ջերմային էներգիայի համար վճարման փաստաթղթերով ներկայացված գումարի չվճարման.
բ) առանց համապատասխան թույլտվության ջերմային էներգիայի օգտագործման.
գ) հաշվարկային հաշվառքի սարքերի խախտման.
դ) հաշվարկային հաշվառքի սարքերից դուրս ջերմասպառման համակարգերի միացման.
ե) պայմանագրային մեծություններից դուրս ցանցային ջրի կորստի և աղտոտման.
զ) վթարի կամ սպասարկող անձնակազմի կյանքին սպառնացող վտանգով հղի ջերմասպառման համակարգի տեխնիկական անբավարար վիճակի.
է) օգտագործման սահմանված մեծությունների և ժամային առավելագույն բեռնվածքի գերազանցման, վերադարձվող ցանցային ջրի ջերմաստիճանի ժամկետացանկում նշվածից 3 oC և ավելի բարձր լինելու դեպքում, եթե պայմանագրում այլ մեծություն չի նախատեսվում.
ը) խտուցքի քանակը պայմանագրում նախատեսվածից 50 տոկոս և ավելի պակաս վերադարձնելու.
թ) ջերմասպառման համակարգերի շահագործման համար պատրաստված անձնակազմի բացակայություն.
ժ) ջերմասպառման համակարգերի կամ ջերմային էներգիայի հաշվարկային հաշվառքի սարքերի մոտ ջերմամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի մուտքի արգելման:
18. Պահեստային սնուցման բացակայության դեպքում սարքավորումների պլանային վերանորոգումների կամ նոր սպառողների միացման համար ջերմամատակարարող ձեռնարկությունը ջերմային էներգիայից օգտվելու պայմանագրի մեջ պետք է նշի սպառողների անջատումների և պլանային անջատումների թիվը, դրանց տևողությունը:
Ջերմային էներգիայի մատակարարման դադարեցումն իրականացվում է սպառողներին 10 օր առաջ զգուշացնելուց հետո` ընդմիջման ճշգրտված ժամկետը (օրը և ժամը) համաձայնեցնելու համար:
Եթե նախազգուշացումից հետո 5-օրյա ժամկետում սպառողը չի համաձայնեցնում ընդմիջման ժամկետը, ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավունք ունի ինքնուրույն նշանակելու այդ ժամկետը:
Ջերմային էներգիայի մատակարարման ընդմիջումը հնարավորության դեպքում պետք է իրականացվի սպառողի ոչ աշխատանքային ժամին` նրան զգուշացնելով անջատումից առնվազն 24 ժամ առաջ:
19. Վթարների վերացման կամ կանխարգելման հրատապ միջոցառումների անցկացման համար ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավունք ունի անջատելու բաժանորդի ջերմասպառման համակարգը, իսկ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով համապատասխան ակտ:
VI. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
20. Ջերմամատակարարող ձեռնարկությունը կնքված պայմանագրի համաձայն պարտավոր է սպառողին ապահովել ջերմային էներգիայով, պահպանել ջերմային էլեկտրակայանների կամ ջերմակայանների (կաթսայատների) կոլեկտորներից բաց թողնվող ջերմակրի (գոլորշի և տաք ջուր) պարամետրերը և, եթե պայմանագրով չեն նախատեսվում այլ մեծություններ, ապա`
ա) թույլ չտալ գոլորշու պարամետրերի շեղում ավելի քան +- 5 % պայմանագրով սահմանված մեծություններից.
բ) սահմանված ժամկետացանկի համաձայն պահպանել ցանցային ջրի ջերմաստիճանը, թույլ չտալ միջին օրական ջերմաստիճանի շեղում ավելի քան +- 8 oC.
գ) օրվա ընթացքում սպառողին տրվող ջերմային էներգիայի քանակի թույլատրված շեղումը պայմանագրով սահմանված քանակից (ինչպես գոլորշու, այնպես էլ տաք ջրի տեսքով) չպետք է գերազանցի 15 տոկոսը:
21. Ջերմամատակարարող ձեռնարկության մեղքով տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող ջերմակրի պարամետրերի` սույն կանոնների 20-րդ կետում նշվածից ավելի իջեցման դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը սպառողին վճարում է տուգանք` իջեցված պարամետրերով մատակարարված ջերմային էներգիայի արժեքի 25 տոկոսի չափով:
22. Ջերմամատակարարող ձեռնարկության մեղքով տեխնոլոգիական կարիքների համար գոլորշու պարամետրերի` պայմանագրով սահմանված մեծություններից ավելի քան 25 տոկոսով իջեցման դեպքում սպառողն իրավունք ունի դադարեցնելու սպառումը, հեռախոսագրով նախօրոք այդ մասին հայտնելով ջերմամատակարարող ձեռնարկությանը: Այդ դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում` համաձայն սույն կանոնների 23-րդ կետի:
23. Տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող ջերմակրի թերամատակարարման դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը տուգանք է վճարում թերամատակարարված ջերմային էներգիայի արժեքի 5-ապատիկի չափով, բացի սույն կանոնների 25-րդ կետում նշված դեպքերից:
24. Սպառողի տեխնոլոգիական կարիքների համար ջերմային էներգիայի թերամատակարարման չափը որոշվում է յուրաքանչյուր օրվա համար, որպես թերամատակարարմանը նախորդող 3 օրվա միջին օրական սպառման և թերամատակարարման ժամանակահատվածի օրական փաստացի սպառման տարբերություն (ջերմային էներգիայի լիմիտավորման դեպքում` որպես պլանային և փաստացի սպառման տարբերություն տվյալ օրվա համար):
Ջերմային էներգիայի միջին օրական սպառումը որոշելու ժամանակ թերամատակարարմանը նախորդող օրերի մեջ հանգստյան օրը չի մտնում:
Եթե թերամատակարարումը տեղի է ունեցել հանգստյան օրը, ապա ջերմային էներգիայի թերամատակարարման չափը որոշվում է որպես նախորդող 3 հանգստյան օրվա միջին օրական սպառման և այդ հանգստյան օրը ջերմային էներգիայի փաստացի սպառման տարբերություն:
25. Ջերմամատակարարող ձեռնարկությունը նյութական պատասխանատվություն չի կրում ջերմային պարամետրերի իջեցման և ջերմային էներգիայի թերամատակարարման համար, եթե դրանց պատճառներն են`
ա) տարերային երևույթները (ամպրոպ, բուք, ջրհեղեղ, երկրաշարժ, հրդեհ), երկարատև ցրտերը (երբ դրսի օդի ջերմաստիճանը 24 ժամից ավելի մնում է նախագծահաշվարկային ջերմաստիճանից ցածր), ինչպես նաև պայմանագրում նշված ֆորս-մաժորային պայմանները.
բ) սպառողի սխալ գործողությունները.
գ) սպառողի կողմից ջերմասպառման սահմանաքանակների գերազանցումը կամ սպառման սահմանված ռեժիմների խախտումը.
դ) իջեցված պարամետրերով ջերմային էներգիայի մատակարարումը կամ ջերմության թերամատակարարումը ժամանակավոր շահագործման մեջ գտնվող ջերմային կայաններից, կաթսայատներից և ջերմային ցանցերից.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերը:
26. Ջերմամատակարարող ձեռնարկությունների և սպառողների միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VII. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Մատակարարված ջերմային էներգիայի համար վճարումները սպառողների կողմից կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատված սակագնով
(27-րդ կետը խմբ. 27.05.96 N 160)
28. Սակագինը գործում է սպառողներին էներգահամակարգերի, շրջանային կաթսայատների և մյուս ջերմամատակարարող ձեռնարկությունների կողմից մատակարարվող ջերմային էներգիայի համար:
29. Ջերմային էներգիայի արդյունավետ օգտագործման և խտուցքի առավելագույն վերադարձման նպատակով սպառողներին մատակարարվող ջերմային էներգիայի (տաք ջրի և գոլորշու տեսքով) սակագինը սահմանվում է ելնելով սպառողի կողմից խտուցքի (ցանցային ջրի) լրիվ (100 տոկոսով) վերադարձման պայմանից:
30. Ջերմային էներգիայի սակագնի հաշվարկում հաշվի չեն առնվում ՋԷԿ-ում (շրջանային կաթսայատանը) քիմմաքրման ծախսերը` սպառողի կողմից խտուցքի չվերադարձման կամ տաք ջերմամատակարարման բաց և փակ համակարգերից տաք ջրառման դեպքում: Այդ պատճառով էլ գոլորշու և տաք ջրի սպառողները, ջերմային էներգիայի վարձը սակագնով մուծելուց բացի, Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սակագնով հատուցում են ջերմամատակարարող ձեռնարկության` խտուցքի կամ տաք ջրի չվերադարձման հետ կապված (պայմանագրային նորմերի սահմաններում) ծախսերը` ելնելով քիմմաքրված կամ աղազրկված ջրի պատրաստման և ստացման պլանային ինքնարժեքից և հաստատված շահութաբերության նորմատիվային մակարդակից:
(30-րդ կետը փոփ. 27.05.96 N 160)
31. Ջերմային էներգիայի վարձը ենթաբաժանորդները ևս վճարում են նույն սակագնով: Սպառողը ջերմամատակարարման իր ծախսերը բաշխում է ենթաբաժանորդների միջև` նրանց կողմից օգտագործվող ջերմային էներգիային համապատասխան: Ենթաբաժանորդներն այդ ծախսերի համար լրացուցիչ վճարում են սակագնից դուրս:
32. Սպառողի մայրուղային ցանցերում ջերմային էներգիայի կորուստները բաշխվում են նրա և ենթաբաժանորդների միջև` նրանց կողմից օգտագործված ջերմային էներգիային և ջերմային ցանցի երկարությանը համամասնորեն:
Ջերմային էներգիայի համար վճարման փաստաթղթերի ներկայացման ԵՎ վճարման կարգը
33. Սպառողին մատակարարված ջերմային էներգիայի համար վճարումները կատարվում են ջերմամատակարարող ձեռնարկության վճարման փաստաթղթերով, պայմանագրով նշված կարգով, ամիսը մեկ անգամ, հաշվարկային ամսին հաջորդող ամսվա առաջին հնգօրյակում` համաձայն հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքների: Ջերմամատակարարող ձեռնարկությանն իրավունք է տրված սպառողի հետ համաձայնեցնելուց հետո սահմանելու վճարումների ավելի կարճ կամ երկար ժամանակահատվածներ:
34. Ջերմային ցանցերին նոր միացվող սպառողները պարտադիր կարգով պետք է կատարեն ջերմային էներգիայի համար կանխավճար` դրա մեկամսյա օգտագործման վճարի չափով:
35. Ջերմամատակարարող ձեռնարկությանը սպառողների կողմից ջերմային էներգիայի համար վճարումները կարող են կատարվել պլանային կարգով: Պլանային վճարումների չափը, ժամկետները և ձևը նշվում են ջերմային էներգիայից օգտվելու պայմանագրում:
36. Վճարման փաստաթղթերով բանկ ներկայացված գումարի` հաջորդ օրը չվճարման դեպքում (ցանկացած պատճառով, այդ թվում` սպառողի հաշվում միջոցների բացակայության)` գանձվում է տույժ` չվճարված գումարի օրական 0.5 տոկոսի չափով, մինչև փաստացի վճարման օրը:
37. Տույժի գանձումից բացի, ջերմամատակարարող ձեռնարկությանն իրավունք է տրվում (վճարման փաստաթուղթը բանկ ներկայացնելուց 14 օր հետո) չվճարման պատճառով դադարեցնելու կամ սահմանափակելու ջերմային էներգիայի մատակարարումը սպառողին` մինչև պարտքի մարումը: Ջերմային էներգիայի մատակարարումը դադարեցվում կամ սահմանափակվում է սպառողին պարտադիր կարգով գրավոր զգուշացումից հետո` մատակարարումը դադարեցնելուց 3 օր և սահմանափակում մտցնելուց 1 օր առաջ:
38. Ջերմամատակարարող ձեռնարկությունը ջերմային էներգիայի և քիմմաքրված ու աղազրկված ջրերի սակագների փոփոխման մասին սահմանված կարգով տեղեկացնում է սպառողներին` այդ նշելով հաշվետու ամսվա վերջնահաշվարկի և տվյալ ամսվա կանխավճարի վճարման փաստաթղթի մեջ:
39. Ջերմային էներգիայի սակագնի զեղչերը և հավելումները` կապված խտուցքի վերադարձման հետ, հաշվի են առնվում վերջնահաշվարկի ժամանակ (ամեն ամիս):
(կանոնները խմբ., փոփ. 27.05.96 N 160)