ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0151 Ն. 17.09.24
17 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 151-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել փոխանակման աճուրդների մասին կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 82-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հանել «, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը» բառերը:
2. Որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի 61-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Գործարքի տեսակը (առք/վաճառք)» սյունակում լրացվում է «առք», «վաճառք», «առք-փոխանակում», «վաճառք-փոխանակում» կամ «առք-տեղաբաշխում»՝ կախված հաշվետվություն ներկայացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք: Ընդ որում, տեղաբաշխման ընթացքում ձեռք բերված արժեթղթերի համար նշվում է «առք-տեղաբաշխում», փոխանակման աճուրդի ժամանակ ձեռք բերված արժեթղթերի համար նշվում է «առք-փոխանակում», փոխանակման աճուրդի ժամանակ վաճառված արժեթղթերի համար նշվում է «վաճառք-փոխանակում»:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2024 թվական: