ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 147 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԴԵՊՔԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ԵՐԲ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՀԵՏԱԳԾՄԱՆ` ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) 3-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 159-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների, դեպքերի և (կամ) պայմանների` կից ներկայացվող ցանկը, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ապրանքների փոխադրումը ենթակա չէ հետագծման` նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ։
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկը կիրառվում է համաձայնագրի 18-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև համաձայնագրի 18-րդ հոդվածի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված՝ ապրանքների փոխադրումների հետագծումն սկսվելու ամսաթիվը, չի երկարաձգվում և վերանայման ենթակա չէ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 147 որոշմամբ |
ՑԱՆԿ
ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների, դեպքերի և (կամ) պայմանների, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ապրանքների փոխադրումը ենթակա չէ հետագծման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ
1. Ապրանքներ, որոնք նախատեսված են մարդասիրական ու տեխնիկական օգնության համար, պայմանով, որ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) մաքսային մարմիններ, որոնց տարածքներում իրականացվում է այդպիսի ապրանքների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, ներկայացվի այն անդամ պետության լիազորված մարմնի համապատասխան հաստատումը, որտեղ գտնվում է այդ ապրանքներն ստացողը։
2. Կենդանի կենդանիներ։
3. Ինկուբացիոն ձվեր։
4. Ապրանքներ, որոնք տեղափոխվում են ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցներով, պայմանով, որ փոխադրողի կողմից այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում իրականացվում է այդպիսի ապրանքների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, ներկայացվի ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության հատուկ թույլտվություն։
5. Միջազգային փոստային առաքանիներ։
6. Սպառազինություն, ռազմական տեխնիկա, զինամթերք և Միության մաքսային տարածքով տեղափոխվող այլ նյութական միջոցներ, պայմանով, որ այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում իրականացվում է այդպիսի ապրանքների «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, ներկայացվի զինվորական անցագիր կամ այն փոխարինող՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրված պաշտոնական փաստաթուղթ։
7. Քարշային երկաթուղային շարժակազմ, այլ երկաթուղային տրանսպորտային միջոցներ (երկաթուղային շարժակազմ)՝ դատարկ վիճակում, որոնք՝ որպես ապրանք, ընթանում են իրենց սռնիների վրա։
8. Ապրանքներ, որոնք տեղափոխվում են ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող ուղեբեռով՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ։
9. Ապրանքներ, որոնք տեղափոխվում են երկաթուղային տրանսպորտով վագոն-գլանատակառներում, բեռնարկղ-գլանատակառներում՝ սորուն և խուռնաբեռն, ինչպես նաև ունիվերսալ և հատուկ փակ վագոններում, բեռնարկղերում՝ սորուն և խուռնաբեռն։
10. Ապրանքներ, որոնք տեղափոխվում են բաց երկաթուղային շարժակազմով, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների բաց բեռնային հատվածամասերում՝ սորուն և խուռնաբեռն։
11. Ապրանքներ, որոնց ստացողներն են դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում։
12. Ապրանքներ, որոնք տեղափոխվում են երկաթուղային տրանսպորտով տարանցման կարգով Միության մաքսային տարածքով երրորդ երկրներից երրորդ երկրներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրումների):
13. Մարդու օրգաններ ու հյուսվածքներ։
14. Ապրանքներ, որոնք նախատեսված են տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար, այդ թվում՝ մարդկանց համար պատվաստանյութերը և անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութերը, պայմանով, որ մաքսային մարմին ներկայացվի այն անդամ պետության պետական մարմնի կողմից, որը լիազորված է արտակարգ իրավիճակների և (կամ) առողջապահության (կամ անասնաբուժության) ոլորտում, որտեղ ուղարկվում են նման ապրանքները, գրավոր հաստատում այն մասին, որ տեղափոխվող ապրանքները նախատեսված են տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար։
15. Ապրանքներ, որոնց փոխադրումն իրականացվում է Միության մաքսային տարածքի մի մասից դրա մյուս մասը՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով։
16. Ապրանքներ, որոնց համար՝ որպես հայտարարատու, հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը (բացառությամբ Միության մաքսային սահմանի բելառուսական տեղամասով ներմուծվող և (կամ) Բելառուսի Հանրապետությունում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների)։
17. Ապրանքներ, որոնք փոխադրվում են ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիային համապատասխան (բացառությամբ Միության մաքսային սահմանի բելառուսական տեղամասով ներմուծվող և (կամ) Բելառուսի Հանրապետությունում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների)։
18. Ապրանքներ, որոնք փոխադրվում են մեկ տրանսպորտային միջոցով, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու չափը ամբողջությամբ չի գերազանցում տարանցման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով 500 եվրոյին համարժեք գումարը։
19. Ապրանքներ, որոնք նախատեսված են պաշտոնական միջազգային ցուցահանդեսներ կազմակերպելու և անցկացնելու համար, պայմանով, որ այն անդամ պետության մաքսային մարմին, որտեղ անցկացվում է պաշտոնական միջազգային ցուցահանդեսը, այդ անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից, որի իրավասությանն են վերապահված նման միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը, ներկայացվի այդ ապրանքների նպատակային նշանակության մասին գրավոր հաստատում, նշելով այն միջոցառումները, որոնց կազմակերպման և անցկացման համար դրանք նախատեսված են, ապրանքների անվանումը, քանակը և արժեքը, ապրանքները տեղափոխող անձի մասին տեղեկությունները, այդ ապրանքների հայտարարատուի մասին տեղեկությունները, ինչպես նաև դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների նույնականացման համար անհրաժեշտ տեղեկությունները։
Ծանոթագրություն.
Սույն ցանկը, բացառությամբ Միության մաքսային տարածքի մասերի միջև (Միության մաքսային տարածքի մեկնման վայրից մինչև Միության մաքսային տարածքի ժամանման վայրը) Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով (այն դեպքում, երբ երրորդ կողմի հետ այլ բան սահմանված չէ անդամ պետության միջազգային պայմանագրով) տեղափոխվող ապրանքների, չի տարածվում՝
այն ապրանքների վրա, որոնց նկատմամբ մեկ կամ մի քանի անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ.
այն ապրանքների վրա, որոնց փոխադրումն իրականացվում է հետագծման ենթակա ապրանքների հետ համատեղ․
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանքի վրա, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում դասակարգվող ծխախոտի, ծխախոտային արտադրանքի վրա.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4303, 6101 - 6106, 6110, 6401 - 6405, 8517, 8519, 8521, 8525 - 8528 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների վրա.
բարձր վտանգավորության այն բեռների վրա, որոնք նշված են բարձր վտանգավորության բեռների ցանկի («Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» 1957 թվականի սեպտեմբերի 30-ի եվրոպական համաձայնագրի (ՎԲՃՓ) հավելված Ա) 1.10.3.1.2 կետում և 1.10.3.1.3 կետում և վտանգավոր բեռների փոխադրումների կանոնների 1.10.3 կետում նշված բարձր ռիսկայնության բեռների ցանկում («Երկաթուղային տրանսպորտով բեռների միջազգային հաղորդակցության մասին» 1951 թվականի նոյեմբերի 1-ի համաձայնագրի (ԵՏԲՄՀ) 2-րդ հավելված)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: