600.0297.04.09.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 սեպտեմբերի 2024 թվականի |
N 297-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և հաշվի առնելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կարգի 1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից իրավաբանական կամ ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է առաջնային կամ երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը: Թույլտվության անբաժանելի մասն են համարվում ռադիոհաճախականության օգտագործման պայմանները։ Հանձնաժողովի կողմից երկրորդական հիմունքներով Թույլտվության տրամադրման դեպքում Թույլտվության մեջ կատարվում է համապատասխան նշում.».
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով․
«7.1. Երկրորդական հիմունքներով Թույլտվություն ունեցող անձը`
1) պարտավոր է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունն օգտագործել այնպես, որ այն վնասակար ազդեցություն չունենա առաջնային հիմունքներով Թույլտվություն ունեցող անձանց կողմից առաջնային հիմունքներով ռադիոհաճախականությունների օրինական օգտագործման վրա,
2) չի կարող պահանջել պաշտպանություն առաջնային հիմունքներով Թույլտվություն ունեցող անձանց կայաններից, սակայն կարող է պահանջել պաշտպանություն վնասակար խանգարումներից՝ ստեղծված այդ նույն կամ այլ երկրորդական հիմունքներով տրամադրված Թույլտվություններ ունեցող անձանց կայաններից, որոնց այդ Թույլտվությունները տրամադրվել են ավելի ուշ։
7.2. Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակ հաստատող իրավական ակտում ծառայությունների դասակարգերի փոփոխություններով պայմանավորված` Թույլտվության գործողության ժամանակահատվածում Թույլտվության մեջ առաջնային կամ երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների օգտագործման փոփոխություններ չեն կատարվում։».
3) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Առաջնային հիմունքներով Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 10 տարի, երկրորդային հիմունքներով Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը՝ 4 տարի: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրվող Թույլտվության գործողությունը չի կարող ցանցի լիցենզիայի գործողության ժամկետից ավելի լինել:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
ք. Երևան 4 սեպտեմբերի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2024 թվական: