ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան |
(վերնագիրը փոփ. 24.10.01 ՀՕ-251)
Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, արտոնագրման (լիցենզավորման) և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)
Հոդված 2. |
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Հեռահաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
Տեղեկատվության բնագավառը կարգավորվում է նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք սույն օրենքով նախատեսված չեն, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (լարային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյուններն ընկալելի լինեն հասարակությանը: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հեռուստառադիոլսարանին տրամադրել է հեռարձակող կազմակերպությունը, կամ տրամադրվել է նրա համաձայնությամբ.
հեռուստառադիոհաղորդում` տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջություն, որն ստեղծել է հեռարձակող կազմակերպությունը կամ նրա պատվերով և միջոցներով` այլ կազմակերպություն.
հեռուստառադիոհաղորդաշարեր` ձայնային, տեսաշարային կամ տեսաձայնաշարային զանգվածային լրատվության և տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) ամբողջականություն, որն ունի հաստատուն անվանում, եթեր հեռարձակվելու իրավունք (որոշակի պարբերականությամբ, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ) և նախատեսված է հնարավոր լսարանի անմիջական ընկալման համար.
հեռուստառադիոհաղորդումների ծրագիր` հեռուստառադիոհաղորդումների թվարկում, հերթականություն, եթեր հեռարձակելու ժամ, ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվություն` հաղորդումների տեսքով.
հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր (լիցենզիա)` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս օգտվել որոշակի եթերային հաճախությունից (կապուղուց), կաբելային (լարային) ցանցից և իրականացնել որոշակի ծրագրային քաղաքականություն` սեփական արտադրության կամ այլ անձանց արտադրած հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով.
ծրագրային քաղաքականություն` հեռուստառադիոհաղորդումների հիմնական թեմատիկան, ուղղվածությունը, տեսակները, ժանրային կառուցվածքը, հաղորդումների պատրաստման և հեռարձակման առանձնահատկությունները.
հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (բացառությամբ Հանրային հեռուստառադիոընկերության) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տեղեկատվություն` օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ և պատասխանատվություն է կրում արտոնագրման (լիցենզավորման) պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար.
հեռուստառադիոընկերության հիմնադիրներ` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնք իրենց նախաձեռնությամբ և մասնակիցների միջոցների ներդրմամբ ստեղծում են հեռուստառադիոընկերություն.
հեռուստառադիոհաղորդումներ արտադրող` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, որն իրականացնում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվության արտադրություն.
արտոնագրատեր` հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն), որը սույն օրենքի համաձայն ունի հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա), իրականացնում է որոշակի ծրագրային քաղաքականություն, արտադրում, տարածում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվություն և տվյալներ (լրացուցիչ տեղեկատվություն).
հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել կամ պատվիրել են Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունները կամ հեռուստառադիոհաղորդումներ արտադրող այլ ընկերությունները, այդ թվում` նաև այն հաղորդումները, որոնք հեռարձակվում են հայերեն թարգմանությամբ կամ սուրդոթարգմանությամբ.
սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել են տվյալ հեռուստառադիոընկերությունները, և հեղինակային իրավունքի օբյեկտ են.
օտարերկրյա արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստվել են արտերկրում, ինչպես նաև հաղորդումներ, որոնք պարունակում են 50 տոկոսից ավելի ոչ հայրենական արտադրության ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային նյութեր.
կոդավորված հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային և կաբելային (լարային) հեռարձակմամբ` պայմանագրային հիմունքներով.
վերահեռարձակում` հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից.
հեռարձակման ցանց` ռադիոհաճախությունների և կաբելային (լարային) ցանցերի կապի ուղիների ամբողջականություն, որն օգտագործում է արտոնագրատերը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով.
սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.
հաճախությունների ցանկ` փաստաթուղթ, որը պարունակում է հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հեռուստառադիոհաղորդումների համար հատկացված հաճախությունների ցանկը` նշելով հեռուստառադիոալիքների աշխատանքային հաճախությունները և դրանցով գործող հեռահաղորդակցության միջոցների գտնվելու վայրն ու սփռման հնարավոր տարածքը.
արբանյակ` ցածր ուղեծրային կամ երկրաընդունիչ տիեզերական սարքավորում, որն օգտագործվում է տեղեկատվության ընդունման և վերահեռարձակման նպատակով.
հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական միջոցներ` սարքավորումներ, որոնք ապահովում են հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը և դրանց փոխանցումը հեռահաղորդակցության տեխնիկական միջոցներին.
լրացուցիչ տեղեկատվություն` ցանկացած տեղեկատվություն (լուսագրային, թվային, գրաֆիկական, ձայնային), որը կապված չէ հիմնական հաղորդման բովանդակության հետ, սակայն հեռարձակվում է այդ հաղորդման ազդանշանով և նախատեսված է անսահմանափակ թվով լսարանի անհատական ընկալման համար.
անհատական ընդունում` անմիջականորեն հաղորդող սարքերից կենցաղային սարքերով հեռուստառադիոհաղորդումների անմիջական ընդունում` առանց վերահեռարձակման իրավունքի.
պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.
սուրդոթարգմանություն՝ հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը հայերեն ձեռք-լեզվով.
փոխկապակցված անձինք` ամուսիններ, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ:
(3-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-233, խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 03.12.03 ՀՕ-71-Ն, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 4. |
Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը |
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը, և արգելվում է հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունը:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունել հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում` արբանյակային, կաբելային (լարային) ցանցերով, անվճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:
Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն մեկ հեռուստաալիքի և մեկ ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար:
Եթերային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը, համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում, չպետք է սահմանափակի մարդկանց` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:
(4-րդ հոդվածը փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 5. |
Հեռուստառադիոհաղորդումների լեզուն |
Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:
Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաև հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով:
Այլ լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերը և երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:
Արգելվում է արտոնագրատերերի կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:
Հոդված 6. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհեռարձակում իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների վրա տարածվում է այն չափով, որքանով դրանց պատրաստած հաղորդումները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. |
Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը |
Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա: Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհեռարձակումն իրականացնում են` օգտագործելով սեփական, վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով իրենց տիրապետման ներքո գտնվող տեխնիկական միջոցները:
Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ հեռուստառադիոընկերություններին պարտադիր է:
(7-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)
Հոդված 8. |
Ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվության որոնումը |
Հեռուստառադիոհաղորդումներ պատրաստող լրագրողների և այլ մասնագետների իրավունքները ցանկացած տեղեկատվություն փնտրելու և գտնելու, տեսագրություններ և ձայնագրություններ կատարելու ընթացքում չեն սահմանափակվում, բացառությամբ օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող, ինչպես նաև ապօրինաբար կատարված տեսաձայնագրությամբ ստացված տեղեկատվության տարածման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:
(8-րդ հոդվածը խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 9. |
Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը |
Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ընդհանուր եթերաժամի 65 տոկոսից պակաս լինել, ընդ որում, սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով և չեն կարող հայրենական արտադրության հեռուստահաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի լինել, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Սույն հոդվածի առանձին պահանջներ կարգավորվում են սույն օրենքի անցումային դրույթներով:
Բացառություն են կազմում կարևոր տեղեկատվական, կրթական, մշակութային, մարզական և այլ միջոցառումների ուղիղ հեռարձակումները:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում կոդավորված հեռուստահաղորդումների, կաբելային հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի վրա:
(9-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-71-Ն, խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 10. |
Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների հեռարձակումը |
Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Ազգային հանձնաժողովի կողմից վերահեռարձակողին տրված արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա` օգտագործելով առկա հեռուստառադիոհաճախությունների մեկ հինգերորդից ոչ ավելին` յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոնի) համար (մետրային, դեցիմետրային, կարճ, գերկարճ և այլ ալիքներ): Վերահեռարձակման համար արտոնագիր (լիցենզիա) տալու կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով` պահպանելով օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների պահանջները ու արտոնագրման (լիցենզավորման) պայմանները` վերահեռարձակումից առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ազգային հանձնաժողովին:
(10-րդ հոդվածը խմբ. 24.10.01 ՀՕ-251)
Հոդված 11. |
Հեռուստահաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության ժամանակահատվածում |
(վերնագիրը խմբ. 16.11.07 ՀՕ-221-Ն)
«Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`
ա) հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.
բ) հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնել վճարովի հաղորդումների` իրենց եթերաժամի գինը և հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.
գ) հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար և հավասար պայմանների պահպանումը.
դ) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական հեռուստահաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ (հանրային հեռուստառադիոընկերության դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն», իսկ ռադիոսփռման դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:
Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն իրականացնել:
(11-րդ հոդվածը խմբ. 16.11.07 ՀՕ-221-Ն)
Հոդված 12. |
Հեռուստառադիոընկերությունները ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ |
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար: Հատկացվող եթերաժամանակը եթերային յուրաքանչյուր ժամում չի կարող գերազանցել 10 րոպեն:
(12-րդ հոդվածը լրաց. 24.10.01 ՀՕ-251)
Հոդված 13. |
Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն ստանալը |
Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն` անվճար կամ վճարովի, բաց ալիքով կամ հատուկ ապակոդավորում ունեցող սարքավորումների օգնությամբ:
Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բոլոր հեռուստառադիոհաղորդումները (ներառյալ` արբանյակային կապի միջոցով հեռարձակվող արտասահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)` առանց վերահեռարձակման իրավունքի:
Հոդված 14. |
Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը |
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:
Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը, ազգանունը:
Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով։ Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը։
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ՝ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր։ Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների կողմից ներկայացված հաշվառման մատյանների տվյալների հետ։
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով։
Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Ազգային հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բողոք, կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրությունները և տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
(14-րդ հոդվածը լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 15. |
Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում |
(վերնագիրը խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հովանավորությունը հեռուստառադիոընկերության գործունեությանը աջակցելու և հաղորդումների որակի բարձրացմանը օժանդակելու նպատակով նյութական, ֆինանսական և (կամ) օրենսդրությամբ չարգելված այլ մասնակցության ձև է, որը նպաստում է տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվան, ապրանքանիշի վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։
Հովանավորված ծրագրերի բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին և անկախությանը։
Արգելվում է հովանավորությունը՝
ա) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.
բ) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների համար.
գ) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից։
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ:
(15-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն, խմբ. 16.11.07 ՀՕ-221-Ն, 28.04.09 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. |
Հեռուստառադիոընկերությունների տեսակները |
Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերություններ` իրավաբանական անձի կարգավիճակով:
Հայաստանի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ Հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և ռադիոընկերություն), որն ստեղծվում (հիմնադրվում) է սույն օրենքով:
Մասնավոր են համարվում այն հեռուստառադիոընկերությունները, որոնց հիմնադիրները ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց սեփականության ձևից և իրավական-կազմակերպական տեսակից:
Հոդված 17. |
Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները |
Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից: Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել`
ա) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.
բ) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները.
գ) Ազգային հանձնաժողովի անդամները.
դ) կուսակցությունները.
ե) (կետն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)
զ) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք.
է) 18 տարին չլրացած քաղաքացիները:
(17-րդ հոդվածը խմբ. 24.10.01 ՀՕ-251, փոփ., լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)
Հոդված 18. |
Հեռուստառադիոընկերությունների կանոնադրությունը |
Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնակարգի հաստատման կարգը սահմանվում է սույն օրենքի 28 և 42 հոդվածների դրույթներին համապատասխան:
Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներն ընդունում են իրենց կանոնադրությունը, որը պարունակում է, հեռուստառադիոընկերության գործունեության նպատակները, կառուցվածքը, անդամների իրավունքները և պարտականությունները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ տեղեկություններ:
(18-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)
Հոդված 19. |
Հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը |
Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը:
Պետական իշխանության մարմինները կարող են հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող հանրային ռադիոյի և հեռուստատեսության գործունեության անկախությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով և օրենքներով սահմանված այլ դեպքերի։
(19-րդ հոդվածը լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 20. |
Հակամենաշնորհային երաշխիքը |
Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ոչ ավելի, քան միևնույն սփռման գոտում եթերային հեռարձակում ունեցող մեկ հեռուստառադիոընկերության կամ մեկ հեռուստաընկերության և (կամ) մեկ ռադիոընկերության արտոնագրատեր լինել:
Հոդված 21. |
Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդը |
Հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Հոդված 22. |
Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրները |
Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:
Հանրային հեռուստառադիոընկերության եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 35 հոդվածով:
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն օրենքի 22-րդ հոդվածում նշված եկամուտների աղբյուրների:
(22-րդ հոդվածը լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 23. |
Ելքային տվյալները |
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշները` ազդականչերը, ներդիրները, այլ ելքային տվյալներ, ինչպես նաև օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստաընկերությունները պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:
Հեռուստաընկերությունները պարտավոր են՝
ա) իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ.
բ) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ:
(23-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն, խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 24. |
Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը |
Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
ա) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության.
բ) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու.
գ) օրենքով պահպանվող պետական կամ այլ գաղտնիքներ հրապարակելու.
դ) պատերազմ քարոզելու.
ե) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու.
զ) պոռնկագրություն տարածելու.
է) բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող հաղորդումներ հեռարձակելու.
ը) զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով:
Բացառություն կարող են կազմել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումը և ցուցադրումը:
Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:
(24-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն, փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-210-Ն)
Հոդված 25. |
Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը և հեռահաղորդակցությունը |
Հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարձակալած արբանյակային կապից օգտվելու առաջնային իրավունքը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերությանը: Ազատ եթերաժամի առկայության դեպքում դա կարող է վարձակալության հիմունքներով տրամադրվել նաև մասնավոր հեռուստառադիոընկերություններին` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում:
Մասնավոր հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:
Հոդված 26. |
Մարդու իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ |
(վերնագիրը փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)
Եթե հեռուստառադիոընկերությունն իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անսահմանափակ թվով անձանց համար և անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից oգտվելու անհատույց և առանց տվյալ հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:
Այլ դեպքերում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը և պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
(26-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն, փոփ., խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 27. |
Կոդավորված հեռուստառադիոհաղորդումները |
Կոդավորված հեռուստառադիոհաղորդումներն այն հաղորդումներն են, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային և կաբելային (լարային) հեռարձակմամբ` պայմանագրային հիմունքներով:
Կոդավորված հաղորդումների նկատմամբ թեմատիկ, բովանդակային և լեզվական սահմանափակումներ չեն սահմանվում, բացառությամբ սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված դեպքերի:
Նման հաղորդումները եթեր հեռարձակելուց առաջ լսարանին են ներկայացվում հաղորդումների անվանումները, հիմնական բովանդակությունն ու ուղղվածությունը, հեռարձակման ժամերը և տևողությունը:
Արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն իրենց գործունեության ընթացքում կոդավորված հաղորդումների անցնելու դեպքում պարտավոր են ստանալ Ազգային հանձնաժողովի թույլտվությունը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. | Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները |
Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն և գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` հանրային ռադիոընկերությունը, որոնց ղեկավարման մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:
Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները:
Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցերով դիմելուն հատկացված` Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: Ազգային ժողովի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարություններին հատկացվող ժամանակահատվածի տեսագրության, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:
Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:
Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`
ա) (կետն ուժը կորցրած է ճանաչել 28.04.09 ՀՕ-109-Ն)
բ) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.
գ) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը` հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների տեսքով.
դ) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`
1) հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը) կարծիքների բազմազանությունը,
2) հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.
ե) իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով.
զ) եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Այդ հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչև 2 ժամ, իսկ ռադիոյով` օրական մինչև 1 ժամ ժամաքանակը: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:
(մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-29-Ն)
Հանրային հեռուստառադիոընկերությունում`
ա) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսը.
բ) հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առևտրային գովազդով.
գ) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական հաղորդումների առկայությունն արգելվում է.
դ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.
ե) պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է:
Հանրային հեռուստառադիոընկերության`
ա) հեռարձակած ալիքներից առնվազն մեկ հեռուստաալիքը և մեկ ռադիոալիքը սփռվում է ամբողջ երկրի տարածքով.
բ) օգտագործվող հաճախություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը` առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության:
Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ նրանք պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն երկու թողարկում՝ առավոտյան և երեկոյան:
(Նախադասությունը հանվել է 26.09.01 ՀՕ-233)
Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-223, լրաց., փոփ. 26.09.01 ՀՕ-233, փոփ. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 03.12.03 ՀՕ-71-Ն, փոփ. 16.11.07 ՀՕ-221-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-29-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 29. | Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը |
Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):
«Խորհուրդը բաղկացած է հինգ անդամներից (առնվազն մեկը` կին անդամ), որոնց, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ և տեղակալ: Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները սահմանվում են սույն օրենքի անցումային դրույթներում:
Խորհրդի նախագահը և անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:
Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:
Խորհրդի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.
բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.
գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.
դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք.
ե) անձինք, որոնք դատապարտվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով՝ անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից:
(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)
(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.01 ՀՕ-251, փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն, փոփ., խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 30. | Խորհրդի գործունեության կարգը |
Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և նիստերի միջոցով:
Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`
ա) իր նախաձեռնությամբ.
բ) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:
Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին ներկա են Խորհրդի անդամների կեսից ավելին:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա` Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի նիստերը դռնբաց են:
Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:
Հոդված 31. | Խորհրդի նախագահը և անդամները |
Խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.
բ) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները.
գ) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.
դ) համակարգում և ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության և Խորհրդի բնականոն աշխատանքը:
Խորհրդի նախագահը և անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում չեն կարող զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական գործունեությունից:
Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`
ա) հրաժարական է տվել.
բ) ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնում.
գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Խորհրդի աշխատանքներին.
դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.
ե) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
զ) մահացել է.
է) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել է անգործունակ:
Նշված դեպքերում Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։
Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջների համաձայն։
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։
Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։
Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:
(31-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 32. | Խորհրդի իրավասությունները |
Խորհուրդը`
ա) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը և հեռուստառադիոծրագրերի (ալիքների) թիվը.
բ) (կետն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
գ) մշակում և կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը.
դ) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները.
ե) հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության աշխատողների կարգավիճակը և պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմաններն ու վարձատրման կարգը.
զ) սահմանում է այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատել այլ հեռուստառադիոընկերություններում և զանգվածային լրատվության միջոցներում.
է) սահմանում է Հանրային հեռուստաընկերության և (կամ) Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի կարգը.
ը) նշանակում է մրցույթում հաղթած Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին, իսկ իրենց պարտականություններն անբավարար կատարելու դեպքում պաշտոնից ազատում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին.
ը1) Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում են Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով.
թ) Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենների տեղակալներին.
ժ) առնվազն տարին մեկ անգամ լսում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների հաշվետվությունները:
Խորհրդի որոշումները կատարվում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների կողմից:
Խորհրդի գործունեությունը հրապարակային է: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին:
Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:
(32-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, լրաց. 24.10.01 ՀՕ-251, փոփ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 33. | Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր ղեկավարության իրավասությունները |
Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին նշանակում է մրցութային կարգով:
Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները և նրանց տեղակալները`
ա) ղեկավարում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.
ա1) հաստատում է ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.
բ) հաստատում են վարչական կառուցվածքը, արձակում են հրամաններ, կնքում են պայմանագրեր և վերահսկում դրանց կատարումը.
գ) սահմանում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության աշխատակազմերի վարձատրման կարգը.
դ) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
ե) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացվում են Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը:
(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
(33-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 34. | Խորհրդի աշխատակազմը |
Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատում է Խորհուրդը` Խորհրդի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 35. | Հանրային հեռուստառադիոընկերության պետական ֆինանսավորումը |
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Հանրային հեռուստառադիոընկերության համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:
Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)` առանձին տողով նշելով Խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
(35-րդ հոդվածը խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 36. | ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ |
(վերնագիրը խմբ. 11.09.01 ՀՕ-223)
Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային և ֆինանսական), ինչպես նաև սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:
Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն:
Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաև տեղադրում է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոընկերության ինտերնետային կայքերում:
(36-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 37. | Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաև հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը:
Ազգային հանձնաժողովը`
ա) իրականացնում է եթերային հաճախությունների հրապարակային և մրցութային հատկացումը ու ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
բ) հաստատում է արտոնագրի (լիցենզիայի) ձևերը.
գ) հատկացնում է արտոնագրեր (լիցենզիաներ).
դ) կազմում և հրապարակում է արտոնագրատերերի ցուցակը, հսկում է արտոնագրում (լիցենզիայում) նշված պայմանների կատարումը.
ե) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը.
զ) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
է) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.
ը) սույն oրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները և(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը՝ պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները, իսկ դրանք չկատարելու կամ կրկնակի խախտելու դեպքում կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը.
թ) սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքում ուժը կորցրած է ճանաչում տրված արտոնագիրը.
ժ) վերահսկում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ և նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.
ի) ստանում, գրանցում, ուսումնասիրում և հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին:
Ազգային հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Բյուջեում առանձին տողով նշվում է այդ մասին:
(37-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 26.02.07 ՀՕ-99-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-221-Ն, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 38. | Ազգային հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը |
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքով ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն) և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
(38-րդ հոդվածը խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 39. | Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը |
Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը մրցութային կարգով վեց տարի ժամկետով ընտրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը վեց տարի ժամկետով նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից, բացառությամբ առաջին կազմի։ Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներով։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ Հանրապետության Նախագահին։
Ազգային ժողովը Ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Հանրապետության Նախագահը, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթած թեկնածուին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ: Այդ մասին տեղեկությունը անհրաժեշտ հիմնավորմամբ հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։
Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ։
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ:
(39-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-21-Ն, 26.02.07 ՀՕ-99-Ն, 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 40. | ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ |
(վերնագիրը խմբ. 11.09.01 ՀՕ-223)
«Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։
Հաղորդումը ներառում է Ազգային հանձնաժողովի գործունեությանը և լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ և վիճակագրական տվյալներ (այդ թվում՝ ազատ հաճախությունների, դրանց համար հայտարարված մրցույթների, հատկացված կամ մերժված դիմումների և դրանց հիմնավորման վերաբերյալ, բացահայտված խախտումների և դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, վարչական տույժերից գանձված վճարների չափի և այլ լիազորությունների մասին)։
Հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն։
Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաև տեղադրում է Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում:
(40-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 41. | Ազգային հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը |
(վերնագիրը խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն և տիրապետում է հայերենին։
Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով՝ անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից:
Ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
բ) (կետը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
բ) Հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք.
գ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, այդ թվում` նաև Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները.
դ) այն անձը, որը դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները և պետական ծառայողները:
Ազգային հանձնաժողովը գործում է սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)
Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով:
(41-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.02.01 ՀՕ-143, փոփ. 24.10.01 ՀՕ-251, 03.12.03 ՀՕ-69-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 42. | Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները |
Ազգային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իր կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
Ազգային հանձնաժողովը մշակում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային հանձնաժողովի կանոնակարգը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Ազգային հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:
Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը` ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
(42-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, փոփ. 24.10.01 ՀՕ-251, փոփ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 43. | Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը |
Ազգային հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և գործունեությունը ղեկավարում է Ազգային հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:
Ազգային հանձնաժողովի`
ա) նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.
բ) նիստն իրավազոր է, եթե դա վարում է Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին ներկա են Ազգային հանձնաժողովի անդամների կեսից ավելին.
գ) որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ.
դ) նիստերն արձանագրվում են, դրանք ստորագրում է նիստը նախագահողը.
ե) նիստերն անցկացվում են հրապարակայնորեն, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով։
Ազգային հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն չորս անդամի պահանջով:
(43-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, փոփ., լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)
Հոդված 44. | Ազգային հանձնաժողովի աշխատակազմը |
Ազգային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Աշխատակազմի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատում է Ազգային հանձնաժողովը` իր նախագահի ներկայացմամբ:
Ազգային հանձնաժողովի աշխատակազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «ե» կետերով նախատեսված անձինք:
(44-րդ հոդվածը լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 45. | Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը |
(վերնագիրը խմբ. 26.02.07 ՀՕ-99-Ն)
Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից: Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել հետևյալ դեպքերում, երբ`
ա) հրաժարական է տվել.
բ) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնի.
գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.
դ) դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
ե) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.
զ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
է) մահացել է:
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:
(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
(45-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-99-Ն, խմբ., լրաց., փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 46. | Ազգային հանձնաժողովի անդամների անկախության երաշխիքները |
Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաև չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների:
Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը և անդամները չեն կարող միաժամանակ զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացառությամբ մանկավարժական, գիտական և ստեղծագործական գործունեության:
Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ անդամները չեն կարող լինել որևէ հեռուստառադիոընկերության հիմնադիր և (կամ) արտոնագրատեր և (կամ) փայատեր (բաժնետեր, մասնակից) և (կամ) նրանց փոխկապակցված անձինք:
(46-րդ հոդվածը փոփ. 20.02.01 ՀՕ-143, փոփ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)
Հոդված 47. | Արտոնագրում (լիցենզավորում): Արտոնագրատերը |
(վերնագիրը փոփ. 24.10.01 ՀՕ-251)
Արտոնագիրը (լիցենզիան) միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում, օգտվել որոշակի հաճախությունից, կաբելային (լարային) ցանցից` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների իրականացման նպատակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) տրվում է մրցութային կարգով` հաճախությունների ցանկին համապատասխան:
Արտոնագիրը (լիցենզիան) իրավունք է տալիս արտոնագրատիրոջը հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու նպատակով վարձակալման պայմանագրեր կնքել հեռահաղորդակցության միջոցներ ունեցող կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ:
Արտոնագրատերը չի կարող արտոնագիրը (լիցենզիան) փոխանցել կամ վաճառել (օտարել) այլ անձի:
(47-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.10.01 ՀՕ-251)
Հոդված 48. | Հաճախությունների ցանկը |
Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union-ITU) ներկայացրած ցուցակից, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկը և պարբերաբար տրամադրում է Ազգային հանձնաժողովին:
Ազգային հանձնաժողովը`
ա) ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ: Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ.
բ) հիմք ընդունելով տվյալ տարվա եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները և ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ.
գ) սահմանում է արտոնագրի (լիցենզիայի) համար վճարի չափը և մուծումների կարգը:
Արտոնագրման (լիցենզավորման) արդյունքների մասին Ազգային հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում տեղեկացնում է հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:
Ամիսը մեկ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Ազգային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների փաստացի սփռման տարածքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ապօրինի հեռարձակման կամ ապօրինի չհեռարձակման դեպքերի մասին հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:
(48-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 49. | Արտոնագիր (լիցենզիա) ստանալու դիմումը |
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար դիմումում նշվում են`
ա) հեռուստառադիոընկերության տեսակը (եթերային, կաբելային (լարային).
բ) դիմողի անվանումը և իրավաբանական հասցեն.
գ) հեռուստառադիոհաղորդումների տարածման տեսակը (եթերային, կաբելային (լարային).
դ) հեռուստառադիոծրագրերի թեմատիկան և մասնագիտացումը.
դ1) հեռուստաընկերության և(կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը.
ե) հեռուստառադիոծրագրերի պարբերականությունը և հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը.
զ) հեռուստառադիոհաղորդումների լեզուն, ինչպես նաև հեռուստառադիոդասընթացներ կազմակերպելու լեզուն, եթե այդպիսիք նախատեսվում են.
է) սփռման հնարավոր տարածքը և բնակչության թիվը.
ը) տեղեկություններ` դիմողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և արտոնագրատեր կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
թ) տվյալներ` օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին (տեխնիկական հավաստագրի առկայությունը).
ժ) տեղեկանք` հնարավոր ֆինանսական աղբյուրների փաստաթղթային հիմնավորումների մասին.
ժա) նշում` հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին).
ժբ) նախնական տեղեկություններ` աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
ժգ) դիմումի ամիսը, ամսաթիվը, տարին:
Դիմումին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերը և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև արտոնագրման (լիցենզավորման) մրցույթին մասնակցելու համար տուրքի մուծման անդորրագիրը:
(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 50. | Արտոնագրատիրոջ ընտրությունը |
Ազգային հանձնաժողովն արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ հաշվի է առնում`
ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
բ1) հեռուստաընկերության և (կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը և դրա իրատեսականությունը.
բ2) մրցութային հայտում ներկայացված հաղորդումների բազմազանությունը.
բ3) դիմողի` բազմակարծությունը խթանելու կարողությունը.
բ4) մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը.
գ) դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
դ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
Ազգային հանձնաժողովը սահմանում է պահանջներ՝ տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են՝ ելնելով ֆինանսական աղբյուրների փաստաթղթային հիմնավորվածության և ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից։
Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու և արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները և ապահովում բոլոր հիմնավորումների հրապարակայնությունն ու մատչելիությունը:
Եթե դիմողը հավակնում է ստանալ կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման արտոնագիր (լիցենզիա), ապա նա պարտավոր է ներկայացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությունը` համապատասխան ցանց ստեղծելու ժամանակ տեխնիկական պայմանների իրականացման վերաբերյալ:
Արտոնագրի (լիցենզիայի) անհրաժեշտ պայմանների համաձայնեցումը դիմողի հետ և կազմակերպության ընտրությունը պետք է կատարվեն ոչ ուշ, քան արտոնագրող (լիցենզավորող) մարմնում գրանցվելուց 60 օր անց:
(50-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն, 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 51. | Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերը |
Արտոնագիր (լիցենզիա) չի տրվում, եթե`
ա) դիմողը սույն օրենքի համաձայն չի կարող լինել արտոնագրատեր.
բ) դիմումում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը.
գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն.
դ) դիմողի ներկայացրած բիզնես ծրագրի իրատեսականությունը և(կամ) ֆինանսավորման աղբյուրները փաստաթղթային առումով հիմնավորված չեն։
Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում:
Արտոնագրման (լիցենզավորման) մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
(51-րդ հոդվածը փոփ. 20.02.01 ՀՕ-143, լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 52. | Արտոնագրի (լիցենզիայի) բովանդակությունը |
Արտոնագիրը (լիցենզիան) պարունակում է դիմողի տված հետևյալ տեղեկությունները`
ա) դիմողի լրիվ անվանումը.
բ) հեռուստառադիոընկերության կարգավիճակը.
գ) տեղեկատվության տարածման տեսակը.
դ) հեռուստառադիոընկերության հասցեն:
Արտոնագիրը (լիցենզիան) պարունակում է Ազգային հանձնաժողովի տված հետևյալ տեղեկությունները`
ա) սփռման հնարավոր տարածքը.
բ) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերն օրվա ընթացքում.
գ) նշում` արտոնագրի (լիցենզիայի) համար վճարումների մասին.
դ) տեղեկություններ սահմանափակումների մասին.
ե) արտոնագրի (լիցենզիայի) համարը, ամիսը, ամսաթիվը, տարին.
զ) արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը:
Արտոնագիրը (լիցենզիան) պարունակում է դիմողի և Ազգային հանձնաժողովի կողմից համաձայնեցված հետևյալ տեղեկությունները`
ա) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաճախությունը.
բ) սեփական կամ վարձակալած հեռարձակման հեռահաղորդակցության միջոցների տեխնիկական տվյալները, տեղակայման վայրը.
գ) ճառագայթում ունեցող սարքավորումների առկայությունը և տեղը.
դ) սպասվելիք լսարանը.
ե) հաղորդումների լեզուն.
զ) հեռուստառադիոհաղորդումների մասնագիտացումը.
է) հաղորդումների ծավալը.
ը) հաղորդումների եթեր հեռարձակվելու սկիզբը (ամիսը, ամսաթիվը, տարին):
Հոդված 53. | Արտոնագիր (լիցենզիա) տալը |
Արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) է տալիս օրենքով սահմանված կարգով պետական տուրք մուծելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային (լիցենզային) վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից: Արտոնագրային (լիցենզային) վճարը սահմանում է հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:
(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)
(53-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ., փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Հոդված 54. | Արտոնագրերի (լիցենզիաների) գործողության ժամկետները |
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) հեռուստառադիոընկերություններին տրվում է`
ա) տասը տարով` կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար.
բ) յոթ տարով` եթերային հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Ազգային հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման (լիցենզավորման) մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
Ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) համար մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
ա) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
բ) գործող այն ընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:
Ամբողջական վերահեռարձակման համար սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հեռուստառադիոհաճախությունների 1/5-ը զբաղված չլինելու և վերահեռարձակման հայտի առկայության դեպքում նախապատվությունը կարող է տրվել վերահեռարձակողին:
(54-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.01 ՀՕ-251, փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն)
Հոդված 55. | Արտոնագրի (լիցենզիայի) ուժը կորցրած ճանաչելը |
(վերնագիրը խմբ. 24.10.01 ՀՕ-251)
Ազգային հանձնաժողովը կարող է արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչել, եթե`
ա) դա ստացվել է անօրինական ճանապարհով.
բ) խախտվել են արտոնագրի (լիցենզիայի) պայմանները, և Ազգային հանձնաժողովն այդ պատճառով մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ զգուշացումներ է կատարել.
գ) հեռուստառադիոընկերության` տեխնիկական միջոցների ընդունված ստանդարտներին անհամապատասխանությունը, որը հաստատված է փորձաքննությամբ և վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ է ստեղծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Ազգային հանձնաժողովի զգուշացումներից հետո` երեսուն օրվա ընթացքում, դրանք չեն վերացվել.
դ) տեղի է ունեցել արտոնագրի (լիցենզիայի) զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
ե) արտոնագրատերն արտոնագիրը (լիցենզիան) ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.
զ) այդ մասին կա արտոնագրատիրոջ դիմումը.
է) խախտվել են օրենքի 24-րդ հոդվածի պահանջները:
Լուծարման հետևանքով առաջացած վնասների համար Ազգային հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում: Արտոնագրման (լիցենզավորման) համար մուծված գումարը չի վերադարձվում:
Ազգային հանձնաժողովի որոշումը` արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կարող է գանգատարկվել դատական կարգով: Արտոնագիրն անհիմն ուժը կորցրած ճանաչելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար արտոնագրատերը ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել՝
ա) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.
բ) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ տեղյակ է պահել Ազգային հանձնաժողովին և ստացել թույլտվություն.
գ) վթարի կամ աղետների հետևանքով։
Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը՝ պահպանելով և ապահովելով արտոնագրի (լիցենզիայի) պայմանները։
(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ) ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 56. | Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները |
Կաբելային (լարային) ցանցի համար արտոնագիր (լիցենզիա) չի պահանջվում, եթե`
ա) հեռուստառադիոընդունիչների թիվը 25-ից ավելի չէ.
բ) սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի.
գ) նախատեսված է հեռուստառադիոհաղորդումները հեռարձակել այնպիսի ժամկետում, որը չի գերազանցում 45 օրը և առնչվում է որևէ մշակութային ու մարզական միջոցառման հետ:
Արգելվում է առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման շրջանակներում հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական բնույթի հաղորդումների պատրաստումը և հեռարձակումը:
Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:
Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումներն իրականացվում են Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա:
Սույն օրենքի և հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոընկերությունների գործունեությունն Ազգային հանձնաժողովը դադարեցնում է:
Հոդված 57. | Դիմում` առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ |
Առանց արտոնագրի (լիցենզիայի) հեռուստառադիոհաղորդումներ իրականացնողը պարտավոր է գրավոր դիմել Ազգային հանձնաժողով` հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից 40 օր առաջ:
Դիմումը պետք է պարունակի տեղեկություններ`
ա) հեռուստահաղորդումներ իրականացնողի մասին.
բ) սփռման տարածքի մասին.
գ) հեռուստառադիոլսարանի առավելագույն թվի մասին.
դ) հաղորդումների թեմատիկայի, մասնագիտացման և եթերաժամերի մասին:
Գ Լ ՈՒ Խ 8.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 58. | Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար |
Սույն օրենքի դրույթների, Ազգային հանձնաժողովի որոշումների և սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի) պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Ազգային հանձնաժողովն այդ մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է ողջամիտ ժամկետում կատարել ներկայացվող պահանջները: Գրավոր նախազգուշացումում ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում Ազգային հանձնաժողովն իրավասու է`
ա) տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով.
բ) իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստաընկերության և(կամ) ռադիոընկերության (բացառությամբ Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև Ազգային հանձնաժողովի արձանագրած և ներկայացրած խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելը:
Ազգային հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքերում իր որոշմամբ ուժը կորցրած ճանաչել օրենսդրությունը խախտող հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) արտոնագիրը (լիցենզիան), բացառությամբ Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության), ինչպես նաև դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու հայցով:
Սույն հոդվածով Ազգային հանձնաժողովին լիազորված իրավասությունների կիրառման դեպքերը և կարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգով:
Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Հայցի առկայությունը չի դադարեցնում գրավոր նախազգուշացման պահանջների կամ վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:
Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունն անհիմն դադարեցնելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:
(58-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 59. | Անցումային դրույթներ |
Խորհրդի ձևավորումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, հայտարարվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների պաշտոնների համար մրցույթ:
Ազգային հանձնաժողովը և նրա աշխատակազմը ձևավորվում ու իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի ուժի մեջ մտնելու պահից` եռամսյա ժամկետում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնակարգերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողով:
Ազգային հանձնաժողովի և Խորհրդի գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացնում է համապատասխան տարածք, գույք և այլ անհրաժեշտ միջոցներ:
Ազգային հանձնաժողովի գործունեության պահից սկսած` մինչ այդ արտոնագրված (լիցենզավորված) և գործող հեռուստառադիոընկերությունները վերաարտոնագրվում (վերալիցենզավորվում) են անվճար` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` նախապես արտոնագրված (լիցենզավորված) ժամկետներով: Վարձակալական հիմունքներով հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը մինչև համապատասխան հաճախություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի համար մրցույթի հաղթողի ճանաչվելը:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2005 թվականը թույլատրվում է օտար լեզվով հեռարձակել սույն օրենքով սահմանված եթերաժամանակը գերազանցող գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ` հետևյալ սանդղակով.
2001 թվականին |
2002 թվականին |
2003 թվականին |
2004 թվականին |
12 ժամ |
9 ժամ |
6 ժամ |
3 ժամ |
Հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակման ծավալի վերաբերյալ սույն օրենքի 9 հոդվածով սահմանված պահանջը` մինչև 2005 թվականը, թույլատրվում է իրագործել հետևյալ սանդղակով.
2001 թվականին |
2002 թվականին |
2003 թվականին |
2004 թվականին |
25% |
35% |
45% |
55% |
Սույն դրույթը չի տարածվում Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ծավալի վրա:
Սույն օրենքի 28 հոդվածի 6-րդ պարբերության «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ Հանրային հեռուստառադիոընկերության կողմից հեռարձակվող ընդհանուր հաղորդումների մեջ առևտրային գովազդի առավելագույն չափը կազմում է տասը տոկոս:
Սույն օրենքի հրապարակման պահից «Ազգային հեռուստատեսություն» և «Ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հիմնադրի կողմից լուծարվում են և, համաձայն սույն օրենքի, ստեղծվում է «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկը:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման նվազագույն ծավալը սահմանել հետևյալ սանդղակով.
|
2001 թվականին |
2002 թվականին |
2003 թվականին |
հեռուստահեռարձակում |
12 ժամ |
15 ժամ |
18 ժամ |
ռադիոհեռարձակում |
43 ժամ |
48 ժամ |
50 ժամ: |
Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են.
2 անդամը` 2 տարի,
2 անդամը` 4 տարի,
1 անդամը` 6 տարի:
Ազգային հանձնաժողովի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են.
3 անդամը` 2 տարի,
3 անդամը` 4 տարի,
3 անդամը` 6 տարի:
Մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստառադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 2011 թվականի հունվարի 21-ը:
(59-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, լրաց. 24.10.01 ՀՕ-251, 10.09.08 ՀՕ-137-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-29-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 60. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|