ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-61-Ո-Կ-7 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ
|
Ա. Աթաբեկյանի Հ. Գրիգորյանի Ա. Դանիելյանի Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի Մ. Համբարձումյանի Էդ. Հովհաննիսյանի Ք. Մկոյանի Վ. Քոչարյանի
| ||
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ
|
Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ
| ||
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր |
Վ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
Ա. ԱԹԱՆԵՍՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Թ․ Ղուկասյանի |
2024 թվականի հուլիսի 9-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի մայիսի 24-ի N-Կ-1/2024 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության ակադեմիայի ռեկտորի 21.12.2023 թվականի գրության և կից ներկայացված տեղեկանքի հիման վրա 04.01.2024 թվականի Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանի հաղորդումը:
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 04.04.2024 թվականի թիվ N-Կ-1/2024 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Հանձնաժողովը 24.05.2024 թվականի թիվ N-Կ-1/2024 որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 11.06.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
18.06.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 09.07.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Հանձնաժողովը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 1-ին մասը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերը, Դատավորների միջազգային միության Դատավորների համընդհանուր խարտիայի 4.2-րդ հոդվածը, Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքների որակավորման և ջանասիրության ցուցիչը և նույն ցուցիչի 6.3-րդ կետը, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 19-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 20-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, 21-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը, 28-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 09.12.2022 թվականի թիվ ԿԽ-010/22 որոշման 1-ին հավելվածով հաստատված «Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց տարեկան վերապատրաստման» ուսուցման ծրագրի 3-րդ, 5-րդ և 10-րդ կետերը, Բարձրագույն դատական խորհրդի 11.10.2021 թվականի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 և 14.03.2022 թվականի ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վերոգրյալ իրավանորմերի և իրավական դիրքորոշումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ի թիվս այլնի ժողովրդավարական հասարակություններում դատական իշխանության հեղինակության, անկախության, անաչառության հանդեպ հանրության վստահության ձևավորման ու բարձրացման նպատակով սահմանվել են դատավորների վարվելակերպի որոշակի կանոններ, որոնք տարածվում են ինչպես դատավորների մասնագիտական գործունեության իրականացման, այնպես էլ՝ դրա շրջանակներից դուրս ծագող հարաբերությունների նկատմամբ:
Մասնավորապես Հանձնաժողովը կարևորել է, որ.
- Օրենսգրքով սահմանվել է դատավորների պարտականությունը՝ ապահովելու իրենց մասնագիտական պատրաստվածության ու հմտությունների շարունակական կատարելագործումը և մասնակցելու վերապատրաստման ծրագրերին, մանրամասն կանոնակարգելով նշված իրավահարաբերությունները, այն է՝ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, Արդարադատության ակադեմիա հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակ ներկայացնելը, ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ծանուցելու պարտականությունը, ուսուցման ձևերը՝ առկա և հեռավար, պարտադիր վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը՝ առնվազն 80, բայց ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ:
- Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ուսումնական հարցերի հանձնաժողովը հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը, իսկ 3-րդ կետի համաձայն՝ դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ, հետևաբար, յուրաքանչյուր դատավոր մինչև նախորդ տարվա վերջ կարող է առարկայական կուրսերի կամ թեմաների ձևավորման հարցում ներկայացնել իր առաջարկությունները, որոնք կարող են հաշվի առնվել հերթական տարվա վերապատրաստման դասընթացները նախապատրաստելիս:
- Օրենսդիրը կանխատեսել է դատավորների կողմից վերապատրաստման դասընթացներին որևէ օբյեկտիվ պատճառով մասնակցելու անհնարինությունը` նախատեսելով վերջիններիս բացակայությունը հարգելի ճանաչելու իրավական հնարավորություն՝ այդպիսի լիազորությամբ օժտելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին:
- Դատավորն իր կամահայտնությամբ ընտրել է ընդհանուր և հարակից մասնագիտական դասընթացների վերապատրաստման հեռավար ուսուցման ձևով անցկացվող «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացը, որի հեռավար ուսուցման ձևով վերապատրաստման ժամանակացույցը սահմանվել է 2023 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ըստ դասընթացի դասավանդման պլանի՝ դասընթացի տևողությունը կազմել է 10 շաբաթ, որի մեկնարկը նախատեսվել է 12.09.2023 թվականին, իսկ ավարտը՝ 20.11.2023 թվականին:
- Դատավորը հեռավար ուսուցման ձևով անցկացված «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացին հիմնականում մասնակցություն չի ունեցել, ինքնաստուգիչ հարցերի պատասխաններն ուղարկել է միայն մեկ շաբաթվա կտրվածքով, իսկ մնացած 9 շաբաթներինը չի ուղարկել:
- 16.10.2023 թվականից մինչև 20.10.2023 թվականն ընկած ժամանակահատվածում Դատավորը մասնակցել է վերապատրաստման մյուս դասընթացներին, որոնք ընթացել են առկա եղանակով:
Վերոնշյալից զատ՝ Հանձնաժողովը անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված բացատրության փաստարկներին, նշել է.
1. 01.10.2023 թվականից Դատավորն իրազեկվել է դասընթացների նյութերն ուղարկվելու հանգամանքի մասին, ինչը նշանակում է, որ առնվազն այդ պահից սկսած Դատավորին հասու են եղել մինչ այդ ուղարկված, բայց իր էլեկտրոնային փոստի մուտքային նամակների բաժնում մուտք չեղած և ծանուցումների «paccылки» բաժնում տեղակայված նյութերը (ցանկացած բաժնից հնարավոր է ստուգել և հանել նյութը, եթե հասցեատերն այդ մասին իրազեկվում է): Ավելին, եթե անգամ առկա են եղել նյութերի ստացման հետ կապված խնդիրներ, ապա հետագայում այդ խնդիրներով պայմանավորված Ակադեմիայի կողմից լրացուցիչ պայմաններ սահմանվելու դեպքում (16.10.2023-20.12.2023թթ. տրվել է վերապատրաստումն անցնելու ժամկետ)՝ Դատավորը պարտավոր էր ջանքեր գործադրել վերապատրաստման դասընթացն իր ավարտին հասցնելու համար:
2. Դատավորը գտնվելով հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ նաև՝ նպատակային արձակուրդ), իսկ 2023 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 20-ը վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով գործերի բաշխման ցանկից հանված լինելու պայմաններում չի ունեցել աշխատանքային ծանրաբեռնվածություն (16.10.2023 թվականից մինչև 21.12.2023 թվականը ներառյալ Դատավորին մակագրվել է 387 քաղաքացիական գործ): Հանձնաժողովը հավելել է նաև, որ Դատավորը կարող էր ավելի կարճ ժամկետում անցնել դասընթացը, քան այլ դատավորները, քանի որ Դատավորը քաջատեղյակ է եղել դասընթացի բովանդակությունից:
3. Դատավորի՝ երեք մանկահասակ երեխաների հետ միասին դասընթացին ֆիզիկապես մասնակցելու կարողություն չունենալու մասով Հանձնաժողովն ընդգծել է, որ այդ նպատակով 2023 թվականի փետրվարի 02-ից մինչև հոկտեմբերի 16-ը Դատավորը գտնվել է նպատակային արձակուրդի մեջ, իսկ Հանձնաժողովը՝ վերապատրաստմանը պարտադիր մասնակցելու վերաբերյալ եզրահանգումներն արել է նպատակային արձակուրդից դուրս գտնվող ժամանակահատվածում, ուստի երեխաների խնամքով զբաղվելու հետ կապված փաստարկները տեղին չեն:
4. Հանձնաժողովն ընդգծել է, որ դասընթացի ընտրությունը եղել է Դատավորի կողմից, և դասընթացի՝ կրկնվող լինելու հանգամանքը չի ազատում Դատավորին վերապատրաստվելու պարտականությունից, քանի որ նույն բովանդակությամբ դասընթացի միջոցով ևս Դատավորը կարող էր ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը:
Անդրադառնալով խախտման հետևանքներին՝ Հանձնաժողովն ընդգծել, որ թույլ տրված խախտումն իր բնույթով այնպիսին է, որ հեղինակազրկում է դատական իշխանությունը և չի կարող ունենալ նվազ կարևոր նշանակություն առնվազն այն հիմնավորմամբ, որ պարտադիր վերապատրաստվելու պարտականությունն ունի իրավաչափ նպատակներ, այդ թվում՝ հետապնդում է առնվազն Դատավորի՝ մասնագիտական պատրաստվածության բավարար մակարդակն ապահովելու նպատակ, և եթե Դատավորը չի վերապատրաստվում, ապա չի բացառվում, որ այդ հանգամանքը կարող է ազդել իր մասնագիտական պատրաստվածության մակարդակի վրա՝ ունենալով իր բացասական ազդեցությունը նաև արդարադատության որակի վրա: Այս հանգամանքը նաև կասկածի տակ է դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին՝ հաշվի առնելով, որ թեկուզև նույն բովանդակությամբ դասընթացի միջոցով Դատավորը չի ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը: Հետևաբար Դատավորին վերագրված խախտումն ըստ Հանձնաժողովի ձևական չէ, քանի որ այն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի հատկանիշներ, և կասկածի տակ է դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ հեղինակազրկում է դատական իշխանությունը:
Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման նկատմամբ Դատավորի հոգեբանական վերաբերմունքին և ըստ այդմ՝ մեղքի ձևին՝ Հանձնաժողովը եզրահանգել է, որ նպատակային արձակուրդի ընթացքում Դատավորը չի մասնակցել վերապատրաստմանը կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել՝ հատկապես հաշվի առնելով, որ տեղյակ էր ժամանակացույցի մասին և ինքնուրույն ևս կարող էր ճշտել դասընթացի մասին տեղեկություններ, բացի այդ, իր էլեկտրոնային փոստի հետ կապված խնդիրներից բխող բացասական հետևանքները կրում է Դատավորը։ Ինչ վերաբերում է 2023 թվականի հոկտեմբերի 16-ից սկսած ժամանակահատվածին, ապա Հանձնաժողովը նշել է, որ Դատավորն ունեցել է դասընթացին մասնակցելու, այսինքն՝ արձակուրդում եղած ժամանակ ստացած նյութերի հիման վրա բոլոր դասընթացներն անցնելու հնարավորություն, սակայն գիտակցաբար չի մասնակցել դրանց՝ ներկայացնելով որոշակի պատճառներ, որոնք Հանձնաժողովի կողմից գնահատվել են անհիմն, հետևաբար, Հանձնաժողովը գտել է, որ դասընթացը, որը, որպես վերապատրաստման պարտականության բովանդակություն, հարկ է դիտարկել իր ամբողջության մեջ, Դատավորն այն չի անցել դիտավորությամբ։
Վերոնշյալի հիմնավորմամբ՝ Հանձնաժողովը եզրահանգել է, Դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է դիտավորությամբ, քանի որ գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և, չնայած տրված հնարավորությանը, միջոցներ չի ձեռնարկել իր կողմից թույլ տրված կարգապահական խախտումը վերացնելու ուղղությամբ:
Նշանակված դատական նիստում Հանձնաժողովի ներկայացուցիչները պնդել են ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ խնդրել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայությամբ պայմանավորված կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, միաժամանակ հայտնելով հետևյալը.
- դեռևս 2022 թվականին իր կողմից վերապատրաստման դասընթացների ընտրության փուլում առաջադրված ցանկից, ի թիվս այլ դասընթացների, ընտրել է նաև «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» թեմայով հեռավար դասընթացը, սակայն պարզվել է, որ դասընթացի նյութն ու ինքնաստուգիչ հարցերն ամբողջությամբ 2021 թվականին իր կողմից արդեն իսկ մասնակցած հեռավար դասընթացի կրկնությունն է:
- Դատավորը 14.02.2023 թվականից մինչև 15.10.2023 թվականը ներառյալ գտնվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Չնայած դրան՝ նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակ Դատավորը փորձել է մասնակցել դասընթացին, սակայն այն բավականին ժամանակատար է եղել և արձակուրդում գտնվելու ընթացքում՝ երեք մանկահասակ երեխաների հետ միասին, որոնցից ամենափոքրը՝ 5 ամսական, ֆիզիկապես չի կարողացել ժամանակ տրամադրել:
- Դատավորի նպատակային արձակուրդն ավարտվել է 16.10.2023 թվականին և նույն օրը մինչև հոկտեմբերի 20-ը մասնակցել է Արդարադատության ակադեմիայում կազմակերպված մեկ այլ վերապատրաստման դասընթացի, որից հետո անմիջապես սկսել է ծանրաբեռնված աշխատանքային գործունեությունը:
Միաժամանակ Դատավորը Խորհրդին ներկայացրած պատասխանով, Հանձնաժողովին ներկայացված բացատրությունից զատ, հայտնել է, որ.
- Դատավորի՝ պարտադիր վերապատրաստմանը չմասնակցելը և պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը չապահովելը հանդիսանում են միմյանցից տարբեր վարքագծի կանոններ և օրենսդրի կողմից դրանց տարանջատելը տարբեր կետերով ինքնանպատակ չէ,
- Դատավորի համար տարեկան նույն ժամաքանակով պարտադիր վերապատրաստման պարտականության սահմանումը (Հանձնաժողովի կողմից նշված հանգամանքը նկատի չունենալը)՝ առանց հաշվի առնելու վերջինիս կողմից երկարաժամկետ արձակուրդում գտնվելու հանգամանքը և տվյալ հարաբերությունների կարգավորված չլինելը դատավորի նկատմամբ բացասական հետևանքներ չպետք է առաջացնի,
- Դատավորը հանդիսանում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ, 2025 թվականին նախատեսվում է ատենախոսության պաշտպանություն, 2015 թվականի սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում և պաշտոնավարման ընթացքում կամավոր մասնակցել է մի շարք գիտական, կրթական միջոցառումների, այն է՝
2024 թվական, ք. Ծաղկաձոր, մայիսի 4-5-ը՝ «Միջազգային առևտրային արբիտրաժի դատական աջակցության վերաբերյալ» սիմպոզիում՝ կազմակերպված Ասիական զարգացման բանկի կողմից,
2023 թվական, ք. Դիլիջան, դեկտեմբերի 2-4-ը՝ «Քննադատական մտածողության ուսուցման տեխնիկան իրավունք դասավանդելու ընթացքում» սեմինար՝ կազմակերպված USAID-ի կողմից,
2022 թվական, դեկտեմբերի 2-4-ը, Դատավորների արտագնա աշխատաժողով՝ կազմակերպված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից,
2021 թվական, ապրիլի 16-18-ը, ք. Ծաղկաձոր. «Պարզեցված և արագացված վարույթներ, կորպորատիվ վեճերի նոր կանոնները» դասընթաց՝ կազմակերպված Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) և Իրավունքի Միջազգային Զարգացման Կազմակերպության (IDLO) կողմից,
2021 թվականի հոկտեմբերին՝ Մտավոր սեփականություն, աշխատաժողով առցանց՝ կազմակերպված WIPO-ի կողմից,
2021 թվական, դեկտեմբերի 13, առցանց քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ ծրագրի վերջնարդյունքների քննարկում» աշխատաժողով՝ կազմակերպված Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) կողմից և Իրավունքի Զարգացման Միջազգային Գործակալության (IDLO) հետ գործընկերությամբ:
Ավելին, բացի Ակադեմիայի կողմից կազմակերպված պարտադիր վերապատրաստման դասընթացներից, Դատավորը մասնակցել է նաև Ակադեմիայի կողմից կազմակերպված մի շարք լրացուցիչ վերապատրաստումների՝
2020 թվական, «Նախնական դատական նիստ, միջանկյալ դատական ակտեր և հակընդդեմ հայցի քննության ընթացակարգը» դասընթացին,
2020 թվական, «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» մենթորային ծրագրին,
2021 թվական, «Իրավապահ մարմինների և ԵԱՏՄ դատարանի մշտական գործունեության ընթացքում միջազգային իրավական նորմերի դերը ԵԱՏՄ օրենսդրության միատեսակ ընկալման և կիրառման ապահովման հարցում» դասընթաց-քննարկմանը,
2021 թվական, «Պարզեցված և արագացված վարույթներ, կորպորատիվ վեճերի նոր կանոնները» աշխատաժողովին:
Հիմք ընդունելով մատնանշվածը՝ Դատավորը գտել է, որ իր վարքագիծը չի կրել պարբերական բնույթ, իր կողմից չի դրսևորվել «վերապատրաստման ինստիտուտի» նկատմամբ ժխտողական վարքագիծ, ավելին, Դատավորն իր նախկին գործելաոճով հիմնավորել է իր համար վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կարևորությունը և միայն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, չի մասնակցել դասընթացների մի մասին, հետևաբար, կասկածի տակ չի դրել իր դատավորի կարգավիճակը և չի հեղինակազրկել դատական իշխանությունը:
Նշանակված դատական նիստում Դատավորը պնդել է Հանձնաժողովին տրված բացատրությամբ և Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնած դիրքորոշումները և խնդրել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. Դատավորն ընտրել է 2023 թվականի ընդհանուր և հարակից մասնագիտական դասընթացների վերապատրաստման հեռավար ուսուցման ձևը՝ «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացը, որի դասավանդման պլանի համաձայն՝ դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, այն մեկնարկելու է 12.09.2023 թվականին և ավարտվելու է 20.11.2023 թվականին:
4.2. Դատավորը 06.02.2023 թվականից մինչև 25.06.2023 թվականը գտնվել է հղիության և ծննդաբերության, 26.06.2023 թվականից մինչև 30.09.2023 թվականը, 01.10.2023 թվականից մինչև 15.10.2023 թվականը` մինչ երեք տարեկան երեխայի խնամքի, 28.12.2023 թվականից մինչև 05.01.2024 թվականը՝ ամենամյա հերթական արձակուրդում:
4.3․ Դատավորը չի մասնակցել 2023 թվականի ընդհանուր և հարակից մասնագիտական դասընթացների վերապատրաստման հեռավար ուսուցման ձևի «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացին, այն է՝ ինքնաստուգիչ հարցերի պատասխաններն ուղարկել է միայն մեկ շաբաթվա կտրվածքով, իսկ մնացած 9 շաբաթվանը չի ուղարկել, ինչի արդյունքում 2023 թվականի տարեկան պարտադիր վերապատրաստումն Արդարադատության ակադեմիայի կողմից համարվել է մասնակի անցած:
4.4. Ի պատասխան Դատավորի հարցման՝ Արդարադատության ակադեմիայի (այսուհետ նաև՝ Ակադեմիա) ռեկտորի 26.04.2024 թվականի թիվ 141/գ-2024 գրությամբ Դատավորին հայտնվել է հետևյալ տեղեկատվությունը. «(...) բացի պարտադիր վերապատրաստման դասընթացներից 2020 թվականին մասնակցել եք «Նախնական դատական նիստ, միջանկյալ դատական ակտեր և հակընդդեմ հայցի քննության ընթացակարգը» դասընթացին և «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» մենթորային ծրագրին, 2021 թվականին՝ «Իրավապահ մարմինների և ԵԱՏՄ դատարանի մշտական գործունեության ընթացքում միջազգային իրավական նորմերի դերը ԵԱՏՄ օրենսդրության միատեսակ ընկալման և կիրառման ապահովման հարցում» խորագրով դասընթացի քննարկմանը և «Պարզեցված և արագացված վարույթներ, կորպորատիվ վեճերի նոր կանոնները» թեմայով աշխատաժողովին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2021 թվականին, որպես պարտադիր վերապատրաստման մի հատված, ընտրել եք «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» վերտառությամբ հեռավար դասընթացը, որը համարվել եք հաջողությամբ անցած:
2023 թվականին կրկին ընտրել եք վերը նշված թեմայով հեռավար դասընթացը (Արդարադատության ակադեմիայում նույն դասընթացը մեկից ավելի անգամ ընտրելու արգելք չկա), որի շրջանակներում ստանձնել եք պարտավորություն՝ մասնակցելու 8 շաբաթ տևողությամբ դասընթացներին և համապատասխան նյութերն ամեն շաբաթ ուղարկելու Ակադեմիայի հեռաուսուցման բաժին, սակայն նյութերն ուղարկել եք միայն մեկ շաբաթվա կտրվածքով, իսկ մնացած 7 շաբաթվանը՝ ոչ, ինչի արդյունքում 2023 թվականի տարեկան պարտադիր վերապատրաստումը համարվել եք մասնակի անցած: (...)»:
4.5. Դատավորը 2015 թվականի սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում և պաշտոնավարման ընթացքում կամավոր մասնակցել է մի շարք գիտական, կրթական միջոցառումների, այն է՝
2024 թվական, ք. Ծաղկաձոր, մայիսի 4-5-ը՝ «Միջազգային առևտրային արբիտրաժի դատական աջակցության վերաբերյալ» սիմպոզիում՝ կազմակերպված Ասիական զարգացման բանկի կողմից,
2023 թվական, ք. Դիլիջան, դեկտեմբերի 2-4-ը՝ «Քննադատական մտածողության ուսուցման տեխնիկան իրավունք դասավանդելու ընթացքում» սեմինար՝ կազմակերպված USAID-ի կողմից,
2022 թվական, դեկտեմբերի 2-4-ը, Դատավորների արտագնա աշխատաժողով՝ կազմակերպված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից,
2021 թվական, ապրիլի 16-18-ը, ք. Ծաղկաձոր. «Պարզեցված և արագացված վարույթներ, կորպորատիվ վեճերի նոր կանոնները» դասընթաց կազմակերպված Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) և Իրավունքի Միջազգային Զարգացման Կազմակերպության (IDLO) կողմից,
2021 թվականի հոկտեմբերի՝ Մտավոր սեփականություն, աշխատաժողով առցանց՝ կազմակերպված WIPO-ի կողմից,
2021 թվական, դեկտեմբերի 13, առցանց քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ ծրագրի վերջնարդյունքների քննարկում» աշխատաժողով՝ կազմակերպված Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) կողմից և Իրավունքի Զարգացման Միջազգային Գործակալության (IDLO) հետ գործընկերությամբ:
4.6. «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացի նյութն ու ինքնաստուգիչ հարցերը 2021 թվականին Դատավորի կողմից արդեն իսկ մասնակցած հեռավար դասընթացի կրկնությունն է:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը, պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք Դատավորը պարտադիր վերապատրաստման ծրագրին չմասնակցելով թույլ է տվել Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտում,
5.2. եթե այո, ապա արդյո՞ք պարտադիր վերապատրաստման ծրագրին չմասնակցելը տեղի է ունեցել դիտավորությամբ, թե կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտմամբ կասկածի տակ է դրվում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ կարող է հեղինակազրկել դատական իշխանությունը։
6․ Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով Դատավորի բացատրությունն ու պատասխանը, կարգապահական վարույթի նյութերը, ինչպես նաև հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ մասնակցել պարտադիր վերապատրաստման ծրագրերին, ինչպես նաև ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը:
Խորհուրդն իր 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 և 08.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշումներով արձանագրել է, որ. «(...) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը։ (...)»:
Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(...) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը։ Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա։ Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա։ Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ (...)»:
Խորհուրդն արձանագրում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ առերևույթ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պարունակող արարքը կարող է գնահատվել որպես նվազ կարևորություն ունեցող, եթե այն կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։
Միաժամանակ Խորհուրդը փաստում, որ արարքը նվազ կարևոր գնահատելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ հարցի հիմքում դրվեն արարքը բնութագրող գործոնները՝ արարքի նպատակն ու շարժառիթը, ինչպես նաև այն հետևանքը, որը վրա է հասել դատավորի կողմից այդ արարքը կատարելով։
Խորհուրդն իր 26.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-78-Ո-Կ-18 որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Խորհուրդը հարկ է համարում հավելել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական կարգավորումներից բխում է, որ եթե նույնիսկ դատավորի կատարած արարքում առերևույթ առկա են վերջինիս պատասխանատվության ենթարկելու նույն օրենսգրքով սահմանված հիմքերը, սակայն վերջինիս կատարած խախտումը, դրա բնույթը և հետևանքները կասկածի տակ չեն դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, ապա կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող։(...)»:
Վերը ներկայացված իրավական վերլուծության արդյունքում, անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Ակադեմիայի գործունեության նպատակներն են` դատավորների, դատախազների, ինչպես նաև դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված` Ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Ակադեմիան՝ կազմակերպում և անցկացնում է դատավորների, քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը:
Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են` դատավորները, քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, դատախազները, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողները, դատախազությունում պետական ծառայողները և դատական կարգադրիչները։
Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 10-րդ կետերի համաձայն՝ Ակադեմիայում ուսումնական գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն են` վերապատրաստումը` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման համար կոնկրետ ոլորտների ուսումնասիրության միջոցով կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց է, իսկ հեռավար ուսուցումը` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով:
Նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Ակադեմիայում իրականացվող ուսուցման ծրագրերն են` սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց վերապատրաստման ծրագրերը:
Նույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, դատական գործերի քննարկման միջոցով, ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ուսուցման ծրագրերն իրականացվում են առկա և հեռավար ձևերով: Ուսուցման ձևի ընտրությունը նախատեսվում է ուսուցման ծրագրում: Մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորները, քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ինչպես նաև դատավորների թեկնածուների, առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձինք ունեն առաջարկվող վերապատրաստման առարկայական կուրսերի ընտրության իրավունք` սահմանված պահանջներին և ժամաքանակին համապատասխան: Ուսումնական հարցերի հանձնաժողովը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը և գլխավոր դատախազը կարող են սահմանել Ակադեմիայի վերապատրաստման ծրագրերի առարկայական կուրսերի շրջանակում համապատասխանաբար դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, քննիչների և դատախազների առանձին խմբերի համար պարտադիր առարկայական կուրսեր:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորների, դատախազների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը կազմում է առնվազն 80, բայց ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ:
Նույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, քննիչը, դատախազը, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ վերապատրաստումն անցած, եթե նրանք մասնակցել են վերապատրաստման կամ լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրանց բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի: Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում սույն հոդվածով նախատեսված անձանց վերապատրաստման արդյունքները գնահատվում են սույն օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված կանոններով, իսկ անձինք վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում և եթե նրանք մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում՝ երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և, հետևաբար, համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս՝ բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:
Ի պաշտոնե գործող դատավորի վարքագծի կանոնների և Ակադեմիայի գործունեության նպատակների համադրված վերլուծության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, սահմանելով պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելու և իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումն ապահովելու դատավորի վարքագծի կանոնները և վերապատրաստման գործընթացի կազմակերպումը պատվիրակելով Ակադեմիային, իրավաչափ նպատակ է ունեցել դատավորների մասնագիտական գիտելիքների, հմտությունների, պատրաստվածության շարունակական կատարելագործման արդյունքում հասնելու արդարադատության արդյունավետության մակարդակի բարձրացմանը։
Հարկ է նաև արձանագրել, որ վերոնշյալ ուսումնական գործընթացի պատշաճ իրականացման համատեքստում անառարկելիորեն նշանակալի է հենց վերապատրաստվող անձանց՝ տվյալ դեպքում դատական իշխանության կրող սուբյեկտներ հանդիսացող դատավորների դերը, որն իր գործնական արտահայտությունը ուսումնական գործընթացի կազմակերպման շրջանակներում պետք է գտնի ջանասեր և պատրաստակամ վարքագծի դրսևորմամբ:
Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ դատավորների մասնագիտական գիտելիքների, հմտությունների, պատրաստվածության շարունակական կատարելագործման արդյունքում արդարադատության արդյունավետության մակարդակի բարձրացման համակարգային նպատակի կենսագործման առումով էական է նաև վերապատրաստման ծրագրի շրջանակներում մատուցվող նյութի բնույթը, բովանդակությունը, արդիականությունը, հակառակ պարագայում վերապատրաստման միջոցով դատավորների գիտելիքների կատարելագործման գործընթացը կկրի հռչակագրային բնույթ:
Տվյալ դեպքում Դատավորը վերապատրաստման դասընթացների ընտրության փուլում առաջադրված ցանկից, հաշվի առնելով թեմայի նկատմամբ իր հետաքրքրությունը և նախկինում նույնաբովանդակ դասընթացին իր մասնակցության դրական փորձը, ընտրել է «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացը:
«Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացի տևողությունը կազմել է 10 շաբաթ, որի մեկնարկը, ըստ Ակադեմիայի դասավանդման պլանի՝ նախատեսվել է 12.09.2023 թվականին, իսկ ավարտը՝ 20.11.2023 թվականին, սակայն Դատավորը 2023 թվականի ընդհանուր և հարակից մասնագիտական դասընթացների վերապատրաստման հեռավար ուսուցման ձևի «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացին չմասնակցելու, այն է՝ ինքնաստուգիչ հարցերի պատասխանները միայն մեկ շաբաթվա կտրվածքով ուղարկելու, իսկ մնացած 9 շաբաթվանը չուղարկելու արդյունքում Արդարադատության ակադեմիայի կողմից համարվել է 2023 թվականի տարեկան պարտադիր վերապատրաստումը մասնակի անցած:
Միաժամանակ, 2021 թվականին, որպես պարտադիր վերապատրաստման մի հատված, Դատավորն ընտրել է «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» վերտառությամբ նույն բովանդակությամբ հեռավար դասընթացը, որը համարվել է հաջողությամբ անցած:
Դատավորի կողմից «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացն ամբողջությամբ չանցնելը կարգապահական խախտում որակելու հարցին Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ դասընթացի նյութի և նպատակի հաշվառմամբ, որի շրջանակներում կարևոր է համարում արձանագրել, որ դատավորների վերապատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար պատասխանատվություն կրող սուբյեկտները պարտավոր են ապահովել վերապատրաստման շրջանակներում մատուցվող նյութի արդիականությունը՝ միաժամանակ բացառելով միևնույն դասընթացի շրջանակներում նույնաբովանդակ ուսումնական նյութի պարբերական ներառումը։
Հետևաբար, Խորհուրդն արձանագրում է, որ «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացը մասնակի անցնելու արդյունքում վերապատրաստումը մասնակի անցած համարվելը թեև իր մեջ առերևույթ պարունակում է Դատավորի վարքագծի կանոնի խախտման հատկանիշներ, սակայն հաշվի առնելով այդ դասընթացի նյութի բովանդակությունը, այն հանգամանքը, որ Դատավորն արդեն իսկ նախկինում հաջողությամբ անցել է նույնաբովանդակ վերապատրաստման դասընթացը՝ Խորհուրդը գտնում է, որ վերապատրաստման այդ դասընթացն ամբողջությամբ չէր կարող ծառայել վերապատրաստման նպատակներին և արձանագրում, որ իր նվազ կարևորության պատճառով Դատավորի կողմից թույլ տրված արարքը կասկածի տակ չի դնում Դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Դատավորի քննարկվող արարքը նվազ կարևոր համարելու առումով կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Դատավորը 2015 թվականից մինչ օրս դասավանդում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացի կայացման ժամանակահատվածում առկա ընթացակարգով մասնակցել է պարտադիր վերապատրաստման դասընթացներին և միաժամանակ իր պաշտոնավարման ընթացքում մասնագիտական պատրաստվածության ու հմտությունների շարունակական կատարելագործման ապահովման նպատակով մասնակցել է հետևյալ գիտական, կրթական միջոցառումներին՝
2024 թվական, ք. Ծաղկաձոր, մայիսի 4-5-ը՝ «Միջազգային առևտրային արբիտրաժի դատական աջակցության վերաբերյալ» սիմպոզիում՝ կազմակերպված Ասիական զարգացման բանկի կողմից,
2023 թվական, ք. Դիլիջան, դեկտեմբերի 2-4-ը՝ «Քննադատական մտածողության ուսուցման տեխնիկան իրավունք դասավանդելու ընթացքում» սեմինար՝ կազմակերպված USAID-ի կողմից,
2022 թվական, դեկտեմբերի 2-4-ը, Դատավորների արտագնա աշխատաժողով՝ կազմակերպված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից,
2021 թվական, ապրիլի 16-18-ը, ք. Ծաղկաձոր. «Պարզեցված և արագացված վարույթներ, կորպորատիվ վեճերի նոր կանոնները» դասընթաց կազմակերպված Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) և Իրավունքի Միջազգային Զարգացման Կազմակերպության (IDLO) կողմից,
2021 թվականի հոկտեմբերին՝ Մտավոր սեփականություն, աշխատաժողով առցանց՝ կազմակերպված WIPO-ի կողմից,
2021 թվական, դեկտեմբերի 13, առցանց քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ ծրագրի վերջնարդյունքների քննարկում» աշխատաժողով՝ կազմակերպված Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) կողմից և Իրավունքի Զարգացման Միջազգային Գործակալության (IDLO) հետ գործընկերությամբ:
Բացի պարտադիր վերապատրաստման դասընթացներից Դատավորը 2020 թվականին մասնակցել է «Նախնական դատական նիստ, միջանկյալ դատական ակտեր և հակընդդեմ հայցի քննության ընթացակարգը» դասընթացին և «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնություն» մենթորային ծրագրին, 2021 թվականին՝ «Իրավապահ մարմինների և ԵԱՏՄ դատարանի մշտական գործունեության ընթացքում միջազգային իրավական նորմերի դերը ԵԱՏՄ օրենսդրության միատեսակ ընկալման և կիրառման ապահովման հարցում» խորագրով դասընթացի քննարկմանը և «Պարզեցված և արագացված վարույթներ, կորպորատիվ վեճերի նոր կանոնները» թեմայով աշխատաժողովին:
Սույն դեպքում, հաշվի առնելով Դատավորի կողմից «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացին անփութությամբ չմասնակցելու հանգամանքը և այն, որ Դատավորի արարքը որևէ մեկի համար որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել և հաշվի առնելով Դատավորի՝ պարբերաբար տարբեր դասընթացների և միջոցառումների մասնակցելը, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի՝ տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ, ուստի Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Ուստի, Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում։
Միաժամանակ, վերոնշյալ փաստերի հաշվառմամբ՝ Խորհուրդը գտնում է, որ «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» J-D-005-23, P-D-005-23 հեռաուսուցման դասընթացը մասնակի անցնելու արդյունքում վերապատրաստումը մասնակի անցած համարվելն ինքնին բավարար չէ Դատավորի կողմից Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված վարքագծի կանոնի խախտման փաստը հաստատելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան Անդամներ` Ա. Աթաբեկյան Հ. Գրիգորյան Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. Համբարձումյան Էդ. Հովհաննիսյան
Պաշտոնական
հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2024 թվական: