ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 4 հունիսի 2024 թ.
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռ. Գևորգյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի ապրիլի 4-ի N 456-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Սոչի քաղաքում՝ ծառայությունների փոխադարձ առևտրի ընդլայնման և դրա ազատականացման մակարդակի բարձրացման, ինչպես նաև մի Կողմի անձանց կողմից մյուս Կողմերի տարածքներում ներդրումների իրականացման համար պայմաններ ստեղծելու նպատակով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։ Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։
2. Համաձայնագիրն ունի հավելվածներ. Հավելված Ա. «Առավել բարենպաստության ռեժիմից՝ 14-րդ, 19-րդ և 24-րդ հոդվածների մասով բացառումների ցանկ», Հավելված Բ. ««Ծառայությունների անդրսահմանային առևտուր» II գլխին համապատասխան պարտավորությունների ցանկը», Հավելված Գ. ««Հիմնադրում և գործունեություն» III գլխին վերաբերող բացառումների ցանկ», Հավելված Դ. ««Ծառայությունների մատուցման, հիմնադրման և գործունեության ու ներդրումների իրականացման համար ֆիզիկական անձանց ժամանակավոր ներկայության առանձնահատկություններ» IV գլխին համապատասխան՝ պարտավորությունների ցանկ», որոնք, ըստ էության, սահմանվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
Համաձայնագիրն ունի Կողմերի համար ընդհանուր երկու հավելված՝ Հավելված Ե. «Ֆինանսական ծառայությունների առևտուրը», Հավելված Զ. «Հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտում կարգավորման առանձնահատկությունները»:
3. Համաձայն Համաձայնագրի 5-րդ հոդվածի՝ Համաձայնագրում ոչնչով որևէ Կողմից չի պահանջվում տրամադրել այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որի բացահայտումը կարող էր խոչընդոտել նրա կողմից իր ազգային օրենսդրության կիրառումը կամ այլ կերպ հակասել հանրային շահերին կամ վնաս հասցնել առանձին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի օրինական առևտրային շահերին: Ֆինանսական ծառայությունների ոլորտում գաղտնի տեղեկատվության բացահայտումը կարգավորվում է Համաձայնագրի Ե հավելվածով:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
4.1. Հայաստանի Հանրապետության այն միջոցների համար, որոնք ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության վրա ազդում են գործունեության այն ոլորտներում և տեսակներում, որոնց մասով ստանձնվել են պարտավորություններ կամ չկան բացառումներ՝ Համաձայնագրի Բ, Գ և Դ հավելվածներում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերին համապատասխան՝ ապահովել, որ ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության վրա ազդող ցանկացած միջոց կիրառվի ողջամիտ, օբյեկտիվ և անկողմնակալ կերպով (հոդված 2, կետ 2, ենթակետ «ա»),
4.2. Հայաստանի Հանրապետության այն միջոցների համար, որոնք ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության վրա ազդում են գործունեության այն ոլորտներում և տեսակներում, որոնց մասով ստանձնվել են պարտավորություններ կամ չկան բացառումներ՝ Համաձայնագրի Բ, Գ և Դ հավելվածներում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերին համապատասխան՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության համար թույլտվություն պահանջվելու դեպքում՝ ապահովել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ձևակերպված համարվող դիմումի ներկայացումից հետո ողջամիտ ժամանակահատվածում դիմումատուին տեղեկացումը դիմումի վերաբերյալ որոշման մասին, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները դիմումատուի հարցման հիման վրա դիմումի ուսումնասիրության ընթացքի մասին տեղեկատվությունը տրամադրեն ողջամիտ ժամկետներում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետից ոչ ուշ (հոդված 2, կետ 2, ենթակետ «բ»),
4.3. Հայաստանի Հանրապետության այն միջոցների համար, որոնք ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության վրա ազդում են գործունեության այն ոլորտներում և տեսակներում, որոնց մասով ստանձնվել են պարտավորություններ կամ չկան բացառումներ՝ Համաձայնագրի Բ, Գ և Դ հավելվածներում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերին համապատասխան՝ չկիրառել լիցենզային կամ որակավորման պահանջներ, որոնցով չեղյալ են համարվում կամ կրճատվում են Համաձայնագրի Բ և Գ հավելվածներում ներառված պայմանների համաձայն ներկայացված օգուտներն այնպիսի եղանակով, որը չի հիմնվում այնպիսի օբյեկտիվ և թափանցիկ չափորոշիչների վրա, ինչպիսիք են ծառայությունը մատակարարելու կոմպետենտությունը և կարողությունը, լիցենզավորման ընթացակարգերի դեպքում ինքնին չի եղել ծառայության մատակարարման սահմանափակում, չի եղել ավելի ծանրաբեռնող, քան անհրաժեշտ է ծառայության որակի ապահովման համար, սակայն այն դեպքում, երբ անհատական ցանկերին համապատասխան Համաձայնագրի Բ և Գ հավելվածներում ներառվել են պարտավորություններ (բացակայում են բացառումներ) մասնագիտական ծառայությունների մասով, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել ընթացակարգեր ցանկացած այլ Կողմի մասնագետների կոմպետենտությունն ստուգելու համար (հոդված 2, կետ 2, ենթակետ «գ»),
4.4. ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության վրա ազդող միջոցների առնչությամբ լիցենզավորման ընթացակարգեր և պահանջներ (թույլատրական ընթացակարգեր) կիրառելու դեպքում ապահովել 2-րդ հոդվածի 3-րդ կետի 3.1-ին մասով նախատեսված գործողությունների կատարումը (հոդված 2, կետ 3, մաս 3.1),
4.5. ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության վրա ազդող միջոցների առնչությամբ պահպանել կամ գործնականորեն հնարավորինս արագ ստեղծել դատական, արբիտրաժային կամ վարչական մարմիններ կամ ընթացակարգեր, որոնք ծառայությունների մատակարարի կամ այն անձի հարցման դեպքում, որի շահերը շոշափվում են, կապահովեն ծառայությունների առևտրին, հիմնադրմանը և գործունեությանն առնչվող վարչական որոշումների անհապաղ ուսումնասիրությունն ու հիմնավորված լինելու դեպքում դրանց պատշաճ շտկումը, իսկ նշված ընթացակարգերը նման վարչական որոշումներ ընդունելու համար լիազորված Հայաստանի Հանրապետության մարմնից անկախ չլինելու դեպքում ապահովել նշված հարցերի օբյեկտիվ և անկողմնակալ ուսումնասիրությունն այդպիսի ընթացակարգերի շրջանակներում (հոդված 2, կետ 3, մաս 3.2),
4.6. ծառայությունների մատակարարների թույլտվությունների, լիցենզավորման կամ սերտիֆիկացման, ինչպես նաև հիմնադրման և գործունեության հետ կապված Հայաստանի Հանրապետության համապատասխան ստանդարտների կամ չափորոշիչների կատարման համար պատշաճ կերպով ուսումնասիրել մյուս Կողմի ցանկացած հարցում ստացած կրթության կամ ձեռք բերած փորձի ճանաչման մասին, մյուս Կողմի տրամադրած լիցենզիաների (թույլտվությունների) կամ սերտիֆիկատների պահանջներին համապատասխանության մասին (հոդված 3, կետ 1),
4.7. համաձայնության կամ պայմանավորվածության հիման վրա երրորդ Կողմի տարածքում ստացած կրթությունը կամ ձեռք բերած փորձը, պահանջներին համապատասխանությունը կամ ստացած լիցենզիաները (թույլտվությունները) կամ սերտիֆիկատները ճանաչելու դեպքում ցանկացած այլ Կողմի տրամադրել այդ համաձայնությանը կամ պայմանավորվածությանը վերջինիս կողմից միանալու վերաբերյալ բանակցություններ վարելու հնարավորություն կամ համադրելի համաձայնություններ կամ պայմանավորվածություններ կնքելու վերաբերյալ բանակցություններ վարելու հնարավորություն, իսկ միակողմանի կարգով ճանաչումն իրականացնելու դեպքում ցանկացած այլ Կողմի տրամադրել համապատասխան հնարավորություն՝ ցույց տալու, որ վերջինիս տարածքում ստացած կրթությունը, ձեռք բերած փորձը, լիցենզիաները (թույլտվությունները) և սերտիֆիկատները պետք է ճանաչվեն Կողմերի օրենսդրությանը համապատասխան (հոդված 3, կետ 2),
4.8. ճանաչումը տրամադրել այնպես, որ դա չդառնա ծառայությունների մատակարարների թույլտվությունների, նրանց լիցենզավորման կամ սերտիֆիկացման ստանդարտների կամ չափորոշիչների կիրառման հարցում Կողմերի միջև խտրականության միջոց կամ ծառայությունների առևտրի, ինչպես նաև հիմնադրման և գործունեության համար թաքնված սահմանափակում (հոդված 3, կետ 3),
4.9. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը և միջազգային համաձայնագրերը, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը, և որոնք շոշափում են կամ կարող են շոշափել Համաձայնագրում ներառված հարցեր, հրապարակվեն պաշտոնական աղբյուրում և (կամ) Հայաստանի Հանրապետության կողմից սահմանվող ինտերնետ կայքում այնպես, որ յուրաքանչյուր անձ, որի իրավունքները և (կամ) պարտավորությունները կարող են շոշափվել Հայաստանի Հանրապետության այդ օրենսդրական ակտերով և միջազգային համաձայնագրերով, ունենա դրանց հետ ծանոթանալու հնարավորություն (հոդված 4, կետ 1),
4.10. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված օրենսդրական ակտերը հրապարակել անհապաղ, այն անձանց իրավական որոշակիությունը և հիմնավորված ակնկալիքներն ապահովող ժամկետում, որոնց իրավունքները և (կամ) պարտավորությունները կարող են շոշափվել այդ օրենսդրությամբ, սակայն ցանկացած դեպքում՝ ոչ ուշ, քան դրա ուժի մեջ մտնելու (գործողության մեջ դնելու) օրը, իսկ այդ հրապարակումը գործնականում անիրագործելի լինելու դեպքում Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված օրենսդրական ակտերը հանրայնացնել այլ կերպ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով (հոդված 4, կետ 2),
4.11. ապահովել Համաձայնագրում ընդգրկված հարցերի վերաբերյալ գործող և (կամ) պլանավորվող օրենսդրական ակտին առնչվող՝ ցանկացած անձի գրավոր հարցումներին պատասխանների տրամադրումը, և հարցումներին տրվող պատասխաններն այդ շահագրգիռ անձին տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ գրավոր հարցումն ստանալու օրվանից հետո 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, իսկ բացառիկ դեպքերում շահագրգիռ անձին ծանուցել սահմանված ժամկետը երկարաձգելու մասին (հոդված 4, կետ 3),
4.12. ապահովել, որ ծառայության ցանկացած մենաշնորհային մատակարար ծառայության մենաշնորհային մատակարարման և (կամ) համապատասխան շուկայում այլ մենաշնորհային գործունեության իրականացման դեպքում չգործի այնպիսի եղանակով, որն անհամատեղելի է Համաձայնագրի II, III, IV գլուխների համաձայն Հայաստանի Հանրապետության պարտավորությունների հետ (հոդված 6, կետ 1),
4.13. այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայության մենաշնորհային մատակարար հանդիսացող իրավաբանական անձն իր մենաշնորհային իրավունքների ոլորտից դուրս ուղղակիորեն կամ իր կողմից վերահսկվող իրավաբանական անձի միջոցով մրցակցում է մյուս Կողմերի անձանց հետ, ապա ապահովել, որ Հայաստանի Հանրապետության այդ իրավաբանական անձը չչարաշահի իր մենաշնորհային դիրքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործելով Հայաստանի Հանրապետության՝ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ անհամատեղելի կերպով (հոդված 6, կետ 2),
4.14. Հայաստանի Հանրապետության տարածքում այնպիսի անձանց պահպանելու դեպքում, որոնց կապիտալում Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է կամ որոնց Հայաստանի Հանրապետությունը վերահսկում է, ապահովել, որ նշված անձինք իրենց գործունեությունն իրականացնեն առևտրային նկատառումների հիման վրա՝ ներառյալ ծառայության կամ ապրանքի գինը, որակը, հասանելիությունը, դրանց իրացվելիությունը, փոխադրման պայմանները և գնման, վաճառքի կամ մատակարարման այլ պայմաններ, և Համաձայնագրով կարգավորվող հարաբերություններում հանդես գան այդ հարաբերությունների այլ մասնակիցների հետ հավասարության սկզբունքի հիման վրա, այդ հարաբերությունների այլ մասնակիցների հետ խտրականության բացառման սկզբունքի հիման վրա՝ կախված նրանց քաղաքացիությունից, գրանցման (հիմնադրման) վայրից, կազմակերպաիրավական ձևից կամ սեփականության ձևից (հոդված 7, կետ 1, ենթակետ «ա»),
4.15. Հայաստանի Հանրապետության տարածքում այնպիսի անձանց պահպանելու դեպքում, որոնց կապիտալում Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է կամ որոնց Հայաստանի Հանրապետությունը վերահսկում է, ապահովել, որ նշված անձինք չստանան իրավունքներ, առանձնաշնորհումներ կամ պարտականություններ բացառապես իրենց կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության կամ իրենց նկատմամբ Հայաստանի Հանրապետության ունեցած վերահսկողության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձանց գործունեությունը, որոնց կապիտալում պետությունը մասնակցում է կամ որոնց պետությունը վերահսկում է, ուղղված է սոցիալական քաղաքականության խնդիրների լուծմանը, ինչպես նաև բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են Համաձայնագրի Բ և Գ հավելվածներում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերում (հոդված 7, կետ 1, ենթակետ «բ»),
4.16. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր մարմինները պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման ցանկացած մակարդակով լինեն անկախ, չվերահսկվեն որևէ անձի կողմից և հաշվետու չլինեն որևէ անձի, որը տնտեսական գործունեություն է իրականացնում տնտեսության այնպիսի ոլորտում, որի կարգավորումը համապատասխան մարմնի իրավասության մեջ է մտնում, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության միջոցները, այդ թվում՝ Համաձայնագրի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված մարմնի որոշումները, նրա կողմից սահմանվող և կիրառվող կանոններն ու ընթացակարգերը լինեն անկողմնակալ և օբյեկտիվ տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր անձանց նկատմամբ (հոդված 7, կետ 3),
4.17. Համաձայնագրում ոչինչ չմեկնաբանել որպես խոչընդոտ որևէ Կողմի համար՝ ցանկացած այնպիսի գործողություն նախաձեռնելու հարցում, որն այդ Կողմն անհրաժեշտ է համարում երկրի պաշտպանության կամ պետության անվտանգության բնագավառում իր կարևորագույն շահերի պաշտպանության համար, և որը առնչվում է այն ծառայությունների կամ ապրանքների մատակարարմանը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացվում են զինված ուժերի մատակարարման համար, առնչվում է միջուկային կամ ջերմամիջուկային ռազմամթերքին կամ այն նյութերին, որոնցից դրանք ստացվել են, նախաձեռնվել են պատերազմի ժամանակ կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակներում (հոդված 10, կետ 1),
4.18. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանած ցանկացած սահմանափակման և դրա ցանկացած փոփոխության մասին անհապաղ ծանուցել մյուս Կողմերին և ԱՊՀ Գործադիր կոմիտեին՝ այդ սահմանափակումների սահմանման/փոփոխման օրվանից 15 օրացուցային օրվանից ոչ ուշ (հոդված 11, կետ 4),
4.19. բացառությամբ Համաձայնագրի 11-րդ հոդվածում նախատեսված հանգամանքների՝ չկիրառել սահմանափակումներ ընթացիկ գործարքների գծով միջազգային փոխանցումների և վճարումների համար, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության պարտավորությունների անհատական ցանկերին (հոդված 12, կետ 1),
4.20. Համաձայնագրի II գլխում ընդգրկված ցանկացած միջոցի մասով Համաձայնագրի ցանկացած այլ Կողմի ծառայությունների և ծառայությունների մատակարարների համար տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է Համաձայնագրի մասնակից չհանդիսացող ցանկացած պետության համանման ծառայությունների և ծառայությունների մատակարարների համար՝ բացառությամբ այն միջոցների, որոնք նախատեսված են Համաձայնագրի Ա հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկով (հոդված 14, կետ 1),
4.21. Համաձայնագրի Բ հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերով նախատեսված ոլորտներում և դրանց մեջ սահմանված պայմաններին ու սահմանափակումներին համապատասխան՝ ծառայությունների անդրսահմանային առևտրի վրա ազդող ցանկացած միջոցի առնչությամբ ցանկացած մյուս Կողմի ծառայությունների մատակարարների և ծառայությունների համար տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է իր սեփական համանման ծառայությունների և ծառայությունների մատակարարների համար (հոդված 15, կետ 1),
4.22. Համաձայնագրի Բ հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերով նախատեսված ոլորտներում և դրանց մեջ սահմանված պայմաններին ու սահմանափակումներին համապատասխան և ծառայությունների անդրսահմանային առևտրի մասով մյուս Կողմի ծառայությունների և (կամ) ծառայությունների մատակարարների նկատմամբ չկիրառել և չսահմանել Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա», «բ», «գ» և «դ» կետերում նշված սահմանափակումները (հոդված 16, պարբերություն 1),
4.23. Համաձայնագրի III գլխի դրույթները կիրառել Համաձայնագրի 18-րդ հոդվածում սահմանված միջոցների նկատմամբ (հոդված 18),
4.24. Համաձայնագրի III գլխում ընդգրկված ցանկացած միջոցի հետ կապված՝ ցանկացած այլ Կողմի անձանց հիմնադրման և գործունեության համար անհապաղ և անվերապահորեն տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է Համաձայնագրի մասնակից չհանդիսացող ցանկացած պետության անձանց՝ բացառությամբ այն միջոցների, որոնք նախատեսված են Համաձայնագրի Ա հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության անհատական ցանկով (հոդված 19, կետ 1),
4.25. հիմնադրման և (կամ) գործունեության համար ցանկացած այլ Կողմի անձանց տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է իր անձանց իր տարածքում` հաշվի առնելով Համաձայնագրի Գ հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերով նախատեսված սահմանափակումներն ու պայմանները (հոդված 20, կետ 1),
4.26. հաշվի առնելով Համաձայնագրի Գ հավելվածում Հայաստանի Հանրապետության համար անհատական ցանկով նախատեսված սահմանափակումներն ու պայմանները՝ հիմնադրման և (կամ) գործունեության համար ցանկացած այլ Կողմի անձանց նկատմամբ չկիրառել և չսահմանել Համաձայնագրի 21-րդ հոդվածի 1-ին կետում նշված սահմանափակումները (հոդված 21, կետ 1),
4.27. չպահանջել ցանկացած այլ Կողմի անձանց մասնակցությամբ իրավաբանական անձանց, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծման ժամանակ վավերացնել (լեգալիզացնել) կամ ապոստիլով հաստատել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության գրանցող մարմին ներկայացվող փաստաթղթերը (հոդված 22),
4.28. Համաձայնագրի IV գլուխը կիրառել ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման նպատակներով մեկ Կողմի ֆիզիկական անձանց կատեգորիաների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր մուտքի և գտնվելու վրա ազդող միջոցների նկատմամբ, որոնք նշված են Համաձայնագրի Դ հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերում, ինչպես նաև Համաձայնագրի IV գլխի դրույթները չկիրառել Հայաստանի Հանրապետության տարածքում սուբսիդիաների և պետական ու մունիցիպալ օժանդակության այլ ձևերի նկատմամբ (հոդված 23, կետեր 1 և 2),
4.29. Համաձայնագրի IV գլխում ընդգրկված ցանկացած միջոցի մասով Համաձայնագրի 23-րդ հոդվածի 1-ին կետում նշված ֆիզիկական անձանց կատեգորիաներին տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է Համաձայնագրի մասնակից չհանդիսացող ցանկացած պետության ֆիզիկական անձանց համանման կատեգորիաներին (հոդված 24, կետ 1),
4.30. Համաձայնագրի 24-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան տրամադրվող ռեժիմը չտարածել այն առավելությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է կամ հետագայում կտրամադրի տնտեսական ինտեգրման, ծառայությունների ազատ առևտրի և համանման այլ պայմանավորվածությունների մասին Հայաստանի Հանրապետության համաձայնագրերին համապատասխան, եթե դրանք համապատասխանում են ԾԱԳՀ-ի V հոդվածի չափորոշիչներին և պայմաններին կամ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի կամ հարկման հարցերով այլ պայմանավորվածությունների հիման վրա (հոդված 24, կետ 4),
4.31. Համաձայնագրի IV գլխում ընդգրկված ցանկացած միջոցի մասով՝ Համաձայնագրի Դ հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերով նախատեսված ոլորտներում և դրանց մեջ սահմանված պայմաններին ու սահմանափակումներին համապատասխան՝ Համաձայնագրի 23-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ մյուս Կողմերի ֆիզիկական անձանց կատեգորիաներին տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է իր սեփական ֆիզիկական անձանց համանման կատեգորիաներին (հոդված 25, կետ 1),
4.32. Համաձայնագրի Դ հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերում նախատեսված ոլորտներում, և դրանցում նախատեսված պայմաններին և սահմանափակումներին համապատասխան, Համաձայնագրի 23-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ մյուս Կողմերի ֆիզիկական անձանց կատեգորիաների նկատմամբ չկիրառել և չսահմանել մյուս Կողմի այն ֆիզիկական անձանց ընդհանուր թվի սահմանափակումներ, որոնք կարող են զբաղվածություն ունենալ կոնկրետ ոլորտում (համապատասխան ոլորտում իրականացնել ծառայության մատակարարում) և տնտեսական նպատակահարմարության հաստատման պահանջ (հոդված 26),
4.33. Համաձայնագրի V գլուխը կիրառել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մի Կողմի ներդրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված ներդրումների նկատմամբ, սակայն չկիրառել սուբսիդիաների տրամադրման կամ Կողմի պետական և մունիցիպալ աջակցության այլ ձևերի նկատմամբ (հոդված 28),
4.34. մյուս Կողմի ներդրողների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների իրականացման համար, ինչպես նաև մյուս Կողմի ներդրողների ներդրումների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրամադրել լիարժեք անվտանգություն և պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքում (հոդված 29),
4.35. մյուս Կողմի ներդրողների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների համար տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է իր սեփական ներդրողների ներդրումների համար (հոդված 30, կետ 1),
4.36. մյուս Կողմի ներդրողների ներդրումների համար Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումների համար (հոդված 31, կետ 1),
4.37. մյուս Կողմի ներդրողների ներդրումների համար պատերազմական գործողությունների, զինված բախման, քաղաքացիական անկարգությունների, քաղաքացիական հուզումների, հեղափոխության, ազգային արտակարգ դրության, խռովության, ապստամբության կամ նմանատիպ այլ իրավիճակների հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ներդրողների ներդրումներին պատճառված վնասի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կողմից ընդունվող կամ պահպանվող միջոցների առնչությամբ տրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ այն ռեժիմից, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է իր սեփական ներդրողների ներդրումների համար կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումների համար (հոդված 32),
4.38. մեկ Կողմի ներդրողների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած ներդրումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն չենթարկել էքսպրոպրիացիայի, ազգայնացման կամ նմանատիպ ազդեցություն ունեցող միջոցների, որոնք խոչընդոտում են այդ ներդրողի կողմից իր ներդրումների օգտագործումը, տիրապետումը կամ տնօրինումը (այսուհետ՝ էքսպրոպրիացիա), բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցներն իրականացվում են հանրային շահերից ելնելով, մասնավորապես՝ Համաձայնագրի 9-րդ հոդվածի շրջանակներում, առաջին Կողմի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին համապատասխան. ընդ որում, ապահովել, որ նշված ընթացակարգը պաշտոնապես հրապարակված լինի կամ այլ կերպ հասանելի լինի հանրության կողմից ծանոթանալու համար մինչև էքսպրոպրիացիան իրականացնելու ամսաթիվը, ոչ խտրական հիմունքներով և ժամանակին կատարվող, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ՝ Համաձայնագրի 33-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան (հոդված 33, կետ 1),
4.39. ապահովել, որ Համաձայնագրի 33-րդ հոդվածի 1-ին կետում նշված փոխհատուցումը համարժեք լինի էքսպրոպրիացիայի ենթարկվող ներդրումների շուկայական արժեքին, որը հաշվարկվում է այն ամսաթվի դրությամբ գործող գներով, երբ հրապարակայնորեն հայտնի է դարձել փաստացի կամ առաջիկա էքսպրոպրիացիայի մասին. էքսպրոպրիացիայի ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը փոխհատուցման մակարդակը ենթակա է տոկոսների հաշվեգրման՝ շուկայական հիմունքով սահմանվող առևտրային դրույքաչափով, ինչպես նաև ապահովել, որ փոխհատուցումն առանց ուշացման վճարվի այն արժույթով, որով ի սկզբանե իրականացվել են ներդրումները և երաշխավորել ներդրողի այդ փոխհատուցումն իր ընտրությամբ ազատ օգտագործվող ցանկացած արժույթով փոխարինելու իրավունք (հոդված 33, կետ 4),
4.40. թույլ տալ Համաձայնագրի 33-րդ հոդվածի 1-ին կետում նշված փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ազատ փոխանցումը մյուս Կողմի ներդրողի կողմից՝ հաշվի առնելով Համաձայնագրի 12-րդ հոդվածի դրույթները (հոդված 33, կետ 5),
4.41. Կողմի կամ նրա կողմից լիազորված մարմնի՝ այդ Կողմի ներդրողին ապահովագրության պայմանագրով սահմանված երաշխիքի հիման վրա կամ այլ ձևով Հայաստանի Հանրապետության և ներդրողի միջև պայմանագրով նախատեսված ոչ առևտրային ռիսկերից երաշխիքների, ոչ առևտրային ռիսկերից վնասի փոխհատուցման վճարում կատարելու դեպքում, որոնք տրամադրել է ներդրումների համար, ճանաչել այդ ներդրման հետ կապված ներդրողի պահանջի կամ իրավունքի փոխանցումն առաջին Կողմին կամ դրա կողմից լիազորված մարմնին՝ սուբրոգացիայի կարգով (հոդված 34, կետ 1),
4.42. բացառությամբ Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ մյուս Կողմի ներդրողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նրանց կողմից հարկային և այլ պարտավորությունների կատարման պայմանով, երաշխավորել նրանց ներդրումների հետ կապված վճարումների, այդ թվում՝ Համաձայնագրի 35-րդ հոդվածի 1-ին կետում նշվածների ազատ փոխանցումն արտասահման (հոդված 35, կետ 1),
4.43. ապահովել, որ Համաձայնագրի 35-րդ հոդվածի 1-ին կետում նշված վճարումների փոխանցումն իրականացվի առանց անհիմն ուշացման, ազատ օգտագործվող արժույթով՝ փոխանցման ամսաթվի դրությամբ կիրառվող փոխարժեքով՝ այն Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան, եթե ներդրումներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում (հոդված 35, կետ 2),
4.44. Համաձայնագիրն ուժի մտնելուց հետո 30 օրվա ընթացքում ավանդապահին տեղեկացնել Համաձայնագրի 36-րդ հոդվածի 3-րդ կետում նշված լիազորված մարմինների մասին, իսկ լիազորված մարմինների փոփոխության դեպքում անհապաղ այդ մասին ծանուցել Համաձայնագրի ավանդապահին (հոդված 36, կետ 4),
4.45. իրականացնել Համաձայնագրի դրույթների իրագործման մոնիթորինգ և յուրաքանչյուր տարի ԱՊՀ Գործադիր կոմիտեին տրամադրել համապատասխան տեղեկատվությունը՝ դրա ամփոփման և Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հետագա ուսումնասիրության համար (հոդված 43),
4.46. Համաձայնագրի Ե հավելվածը կիրառել Կողմերի այն միջոցների նկատմամբ, որոնք վերաբերում են ֆինանսական ծառայությունների առևտրի առանձնահատկություններին. վերոհիշյալ հավելվածի դրույթները չկիրառել մատակարարվող ծառայությունների և այն գործունեության նկատմամբ, որն իրականացվում է պետական իշխանության գործառույթների կատարման համար ոչ առևտրային հիմունքներով և ոչ մրցակցության պայմաններով, ինչպես նաև՝ սուբսիդիաների տրամադրման նկատմամբ (Հավելված Ե, առաջին և երկրորդ պարբերություններ),
4.47. Համաձայնագրի Բ և Գ հավելվածներում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկում Հայաստանի Հանրապետության նշած ֆինանսական ծառայությունների համար ապահովել, որ ֆինանսական ծառայությունների առևտրի վրա ազդող բոլոր միջոցները կիրառվեն ողջամիտ, օբյեկտիվ և անկողմնակալ կերպով (Հավելված Ե, կետ 1),
4.48. ֆինանսական ծառայությունների մատակարարման համար թույլտվություն պահանջվելու դեպքում ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և կարգավորման կանոններին համապատասխան ձևակերպված համարվող դիմումը ներկայացնելուց հետո ողջամիտ ժամանակահատվածում դիմումատուին տեղեկացնեն դիմումի վերաբերյալ որոշման մասին և դիմումատուի հարցման հիման վրա հայտի ուսումնասիրության ընթացքի մասին տեղեկատվությունը տրամադրեն առանց անհարկի ուշացման (Հավելված Ե, կետ 2),
4.49. նախքան Ե հավելվածի 3-րդ կետին համապատասխան մշակված կանոններն ուժ մեջ մտնելը՝ Համաձայնագրի Բ հավելվածում Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերում նշված ֆինանսական ծառայությունների ոլորտների համար չկիրառել լիցենզային կամ որակավորման այնպիսի պահանջներ և տեխնիկական ստանդարտներ, որոնցով չեղյալ են համարվում կամ կրճատվում են այն օգուտները, որոնք տրամադրվում են Համաձայնագրի Բ հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության անհատական ցանկերում նշված պայմանների համաձայն (Հավելված Ե, կետ 4, պարբերություն 1),
4.50. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող՝ լիցենզային կամ որակավորման պահանջները և տեխնիկական ստանդարտները համապատասխանեն Համաձայնագրի Ե հավելվածի 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված չափորոշիչներին (Հավելված Ե, կետ 4, պարբերություն 2),
4.51. ֆինանսական ծառայությունների մատակարարների հիմնադրման և (կամ) գործունեության նկատմամբ լիցենզավորում կիրառելու դեպքում ապահովել Ե հավելվածի 5-րդ կետով սահմանված դրույթների կատարումը (Հավելված Ե, կետ 5),
4.52. մշակել Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում գործունեության կարգավորման, հսկողության և վերահսկողության ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցության մեխանիզմներ, այդ թվում՝ բանկային ոլորտում, ապահովագրական ոլորտում և արժեթղթերի շուկայում ծառայությունների ոլորտում (Հավելված Ե, կետ 9),
4.53. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որը վերաբերում է կամ կարող է վերաբերել Համաձայնագրի Ե հավելվածում ընդգրկված հարցերին, հրապարակվի պաշտոնական աղբյուրում, իսկ հնարավորության դեպքում՝ համացանցում հատուկ առանձնացված կայքում այնպես, որ յուրաքանչյուր անձ, որի իրավունքները և (կամ) պարտավորությունները կարող են շոշափվել Հայաստանի Հանրապետության այդ օրենսդրությամբ, ունենա դրա հետ ծանոթանալու հնարավորություն, ինչպես նաև ապահովել, որ այդ օրենսդրությունը հրապարակվի իրավական որոշակիության և այն անձանց հիմնավորված ակնկալիքներն ապահովող ժամկետում, որոնց իրավունքները և (կամ) պարտավորությունները կարող են շոշափվել Հայաստանի Հանրապետության այդ օրենսդրությամբ, սակայն ցանկացած դեպքում՝ մինչև այն ուժի մեջ մտնելու (գործողության մեջ դրվելու) օրը (Հավելված Ե, կետ 10, պարբերություններ 1 և 2),
4.54. ապահովել Համաձայնագրի Ե հավելվածում ընդգրկված հարցերի վերաբերյալ ցանկացած անձի գրավոր այն հարցումներին պատասխանների տրամադրումը, որոնք առնչվում են գործող և (կամ) նախատեսվող օրենսդրությանը, ինչպես նաև ապահովել, որ հարցումներին տրվող պատասխաններն այդպիսի շահագրգիռ անձին տրամադրվեն ոչ ուշ, քան գրավոր հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օր հետո (Հավելված Ե, կետ 10, պարբերություն 3),
4.55. միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու համար, որ հիմնական մատակարար հանդիսացող մատակարարները` առանձին կամ միասին, կարողանան նախաձեռնել մրցակցությունը խախտող գործողություններ (Հավելված Զ, կետ 1, ենթակետ 1.1),
4.56. ապահովել, որ հիմնական մատակարարին միացումն ապահովվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և տեխնիկական նորմերին համապատասխան՝ ցանցի ցանկացած կետում, որտեղ դա տեխնիկապես իրագործելի է, և այդ միացումը ապահովել Համաձայնագրի Զ հավելվածի 2-րդ կետի, 2.1-ին ենթակետում շարադրված պայմաններով (Հավելված Զ, կետ 2, ենթակետ 2.1),
4.57. ապահովել, որ լիցենզավորման ընթացքում թափանցիկ լինեն լիցենզիան ստանալու բոլոր չափորոշիչները և լիցենզիայի վերաբերյալ հարցման մասին որոշումն ընդունելու ժամկետները և անհատական լիցենզիաների տրամադրման պայմանները, ինչպես նաև ապահովել, որ լիցենզիայի տրամադրումը մերժելու պատճառների մասին տեղեկացվի լիցենզիայի հարցումը ներկայացրած անձին՝ վերջինիս խնդրանքով (Հավելված Զ, կետ 4),
4.58. ապահովել, որ կարգավորող մարմինը գործի բազային հեռահաղորդակցության ծառայությունների մատակարարներից անկախ և հաշվետու չլինի նրանց և երաշխավորել, որ մարմնի որոշումները և ընթացակարգերը տվյալ շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ օբյեկտիվ բնույթ կկրեն (Հավելված Զ, կետ 5):
5. Համաձայնագրի 36-րդ հոդվածով սահմանվում է Կողմի և մյուս Կողմի ներդրողի միջև վեճերի լուծման կարգը, համաձայն որի` յուրաքանչյուր Կողմ արբիտրաժային վճիռը ճանաչում է որպես վերջնական ու պարտադիր ուժ ունեցող և պարտավորվում է ապահովել դրա կատարումն իր տարածքում իր օրենսդրությանը համապատասխան, եթե միայն առկա չեն Համաձայնագրի 36-րդ հոդվածի 16-րդ կետում սահմանված դեպքերը, իսկ Համաձայնագրի 40-րդ հոդվածով սահմանվում է, որ Կողմերի միջև Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների անցկացման միջոցով կամ «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի 19-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերի միջոցով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
4 հունիսի 2024 թվականի ՍԴՈ-1735 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1735 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1735 որոշմամբ որոշել է, որ 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1735 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի հունիսի 4-ի ՍԴՈ-1735 որոշմամբ 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
«04» հունիսի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: