ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի N 679-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-786-28.02.2024-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-786-28.02.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-786-28.02.2024-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ օրենքի նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին լիազորել նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ քննարկվող լիազորության անհրաժեշտությունն ընդհանուր առմամբ առկա է, սակայն օրենքի նախագծի համապատասխան դրույթը պետք է այնչափ հստակ և որոշակի ձևակերպում ունենա, որ կարողանա արտացոլել կոնկրետ այն իրավիճակները, որոնց դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է փոխել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածով իմպերատիվ կերպով սահմանված քննչական ենթակայությունը:
Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 8-րդ մասը թողնել անփոփոխ, իսկ նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին մասով՝
«8.1. Բացառիկ դեպքերում, քրեական վարույթի պատշաճ և համակողմանի քննությունն ապահովելու նպատակով, գլխավոր դատախազն իրավասու է նաև իր որոշմամբ փոխել քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի վարույթում քննվող քրեական վարույթի հետ, կամ քրեական վարույթը նախաձեռնվել է նախաքննական մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ՝ այլ քննչական մարմնին ենթակա հանցագործության հատկանիշներով, սակայն փաստական հանգամանքներով կապված է վարույթը նախաձեռնած քննիչին ենթակա վարույթի հետ կամ նույն հիմքով միացվել է այդ վարույթին:»: