ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2024 թվականի N 477-Ն
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1192-Ն որոշումը:
2. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիապրիլի 4-ի N 477-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնություն տալու գործընթացը:
2. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) և սույն որոշմամբ սահմանված կարգով:
3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է օրենսգրքով սահմանված կարգով:
4. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնության հայցման համար անձը (այսուհետ` դիմումատու) օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան դիմում է ներկայացնում լիազոր մարմին:
5. Դիմումի մուտքագրման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) և այն՝ օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրը ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված ժամկետում ծրագրի վերաբերյալ տրամադրում է պետական փորձաքննական եզրակացություն:
6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական տրամադրված:
7. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական պետական փորձաքննական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:
8. Եթե սույն կարգի 4-րդ կետով նշված դիմումը ներկայացված է թերություններով և չի համապատասխանում օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում ներկայացված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի ստացման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում վերադարձնում է ներկայացված դիմումը՝ նշելով վերադարձնելու բոլոր հիմքերը: Դիմումի թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է 10-օրյա ժամկետ` սկսած դիմումը վերադարձնելու մասին ծանուցումը ստանալու պահից: Շտկված դիմումը ներկայացնելու դեպքում՝ դիմումը ներկայացված է համարվում սկզբնական ներկայացման օրը, իսկ դիմումի քննության ժամկետը հաշվարկվում է այն կրկին անգամ ներկայացնելու օրվանից: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա դիմումը համարվում է չներկայացված:
9. Լիազոր մարմինը մերժում է ներկայացված դիմումը օրենսգրքի 33.1-ին հոդվածով սահմանված հիմքերով:
10. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունը տրվում է, եթե ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրում ներառված աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները համապատասխանում են օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված աշխատանքների բնույթին:
11. Դիմումի մերժման դեպքում լիազոր մարմնի կողմից նշվում են դիմումի մերժման բոլոր հիմքերը: Դիմումատուն կարող է դիմումի մերժման հիմքերը վերացնելուց հետո նոր դիմում ներկայացնել լիազոր մարմին, որից հետո դիմումի քննությունը սկսվում է սկզբից:
12. Լիազոր մարմնի կողմից երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո դիմումատուն 10-օրյա ժամկետում հրավիրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրն իր կողմից վավերացնելու համար։ Նշված ժամկետում չներկայանալու դեպքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2024 թվական: