ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/11998/05/18 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/11998/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ․ ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
Լ. Հակոբյան |
202
4 թվականի փետրվարի 01-ինգրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.02.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Տիգրան Ափոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տիգրան Ափոյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում իր աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում, տրամադրել իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականներն իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը):
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Է. Նահապետյան) 27.03.2019 թվականի որոշմամբ Կոմիտեն ներգրավվել է որպես երկրորդ պատասխանող։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Է. Նահապետյան) 19.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան, դատավորներ՝ Ք. Մկոյան, Կ. Ավետիսյան) 16.04.2021 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2022 թվականի որոշմամբ որոշվել է.
«1. Թիվ ՎԴ/11998/05/18 վարչական գործով Տիգրան Ափոյանի կողմից ներկայացված պահանջներն առանձնացնել առանձին վարույթում։
2. Թիվ ՎԴ/11998/05/18 համարով քննել վարչական գործն ըստ հայցի Տիգրան Ափոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն, իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականները իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
3. Թիվ ՎԴ/0689/05/22 համարով քննել վարչական գործն ըստ հայցի Տիգրան Ափոյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն, իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականները իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»։
Դատարանի 06.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.02.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հայցվորն ի սկզբանե դիմել է վարչական մարմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ստանալու որոշակի տեղեկություններ և պահանջելու կատարել որոշակի գործողություններ, որից հետո ստացել է մերժում և դիմել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ընդդեմ Կոմիտեի: Հայցվորը երբևէ չի դիմել Կոմիտեին հայցադիմումով նախանշված պահանջով, հայցվորը չի սպառել գործը արտադատական կարգով լուծելու իր հնարավորությունը, վերջինս երբևէ Կոմիտեին որևէ պահանջ կամ դիմում չի ներկայացրել, որը թողնվել է անկատար, որից ելնելով վերջինս հնարավորություն կունենար Կոմիտեի կողմից մերժված դիմումի կապակցությամբ դիմել ՀՀ վարչական դատարան՝ արդեն իսկ նախանշված պահանջով:
ՀՀ վարչական դատարանը գործը վարույթ է ընդունել և սկզբնապես կայացրել է դատական ակտ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քանի որ հայցվորը դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որից հետո մերժում ստանալով՝ իրացրել է իր դատարան դիմելու իրավունքը: Սակայն, այն պարագայում, երբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 16.04.2021 թվականին կայացված որոշմամբ պարզվել է, որ խնդրարկվող պահանջը կատարելու պարտականություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չէր կարող ունենալ, նոր քննության արդյունքում Դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ մյուս պատասխանողի՝ Կոմիտեի, մինչդեռ նոր քննության ընթացքում Դատարանը չի անդրադարձել այն կարևորագույն հարցադրմանը, թե արդյո՞ք հայցվորը նշված տեսակի հայցատեսակով դատարան դիմելուց առաջ երբևէ դիմել է մյուս պատասխանող Կոմիտեին՝ խնդրարկվող պահանջը կատարելու նպատակով, ինչը սույն հայցատեսակով դատարան դիմելու համար ամենակարևոր նախադրյալն է:
Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է ապացույցների թերի և ոչ ամբողջական հետազոտման արդյունքում, հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը չի սպառել մինչև դատարան դիմելը վարչական մարմնից տեղեկատվություն ստանալու իր հնարավորությունը, ինչը գործողության կատարման հայցատեսակով կամ պարտավորեցման հայցատեսակով դատարան դիմելու համար առաջնային նախապայմանն է:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.02.2023 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել, կամ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տիգրան Ափոյանի 29.10.2018 թվականի թիվ Դ/51060-18 դիմումին ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետը 29.11.2018 թվականի թիվ ԱնԳ/ԱնԳ/18946-18 գրությամբ հայտնել է, որ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածն անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարան կարող է ներառվել միայն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 11).
2) Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի 21.08.2018 թվականի թիվ ԱգԱ/ՆՍ-1/21200-18 գրությամբ, ի պատասխան Տիգրան Ափոյանի 15.08.2018 թվականի դիմումի, տրամադրվել է վերջինիս անհատական հաշվի քաղվածքը։ Միաժամանակ, տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01․01․2013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե։ Ըստ այդմ՝ նշված ժամկետից հետո աշխատած ժամանակահատվածի անհատական տվյալներն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Կոմիտե (հատոր 1-ին, գ.թ. 13, 47).
3) Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի 27.09.2018 թվականի թիվ ԱՊ/23599-18 գրությամբ Տիգրան Ափոյանին տեղեկացվել է, որ նույն թվականի օգոստոսի 15-ի թիվ ԱնԳ/ԱնԳ/ՆՍ-1/21200-18 գրությամբ վերջինիս անհատական հաշվի քաղվածքը ձևավորվել է տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա։ Տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01․01․2013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե (անհատական տվյալների մշակող լիազոր մարմինը Կոմիտեն է)։ Միաժամանակ տեղեկացվել է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ՝ Տիգրան Ափոյանի դիմումում նշված ժամանակահատվածի համար ներկայացված փաստաթղթերով ծառայությունը լիազորված չէ տվյալների շտեմարանում փոփոխություններ և լրացումներ կատարել (հատոր 1-ին, գ.թ. 12, 49).
4) Կոմիտեի նախագահին ուղղված 22.10.2019 թվականի թիվ 263 գրությամբ Տիգրան Ափոյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանը խնդրել է հայտնել, թե «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից 27.10.2011 թվականից մինչև 28.04.2012 թվականն ընկած ժամանակահատվածում կատարվել են եկամտահարկի վճարումներ Տիգրան Ափոյանի աշխատավարձից թե՝ ոչ, եթե այո, ապա քանի անգամ և ինչ չափերով (հատոր 1-ին, գ.թ. 114).
5) Կոմիտեի 12.11.2019 թվականի թիվ 70-1/71347-2019 գրության համաձայն՝ ի պատասխան թիվ 263 հարցման՝ հայտնվել է, որ Կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից քաղաքացի Տիգրան Ափոյանի 27.10.2011-28.04.2012 թվականների աշխատավարձից պահված եկամտահարկի վճարումների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ հարկային մարմինը գրանցված աշխատողների անձնավորված հաշվառմանը տիրապետում է 01.01.2013 թվականից սկսած (հատոր 1-ին, գ.թ. 133)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործողության կատարման հայց հարուցելու պարտադիր նախապայմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ oրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):
ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
Մեկ այլ՝ 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց՝ դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է՝ «իրավական շահի» առկայությամբ։ Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ։ Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նաև կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ, և դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության՝ հայցադիմումի ընդունելիության փուլում։ Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը։ Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում՝ ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: (․․․) Ընդ որում հայցվորի (դիմողի) իրավական շահագրգռվածությունը պետք է առկա լինի ինչպես հայցի հարուցման, այնպես էլ վճռի կայացման պահին (տե՛ս, Վահագն Ղազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/2110/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործողության կատարման հայցին, նշել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսևորել միայն այնպիսի վարքագիծ (թե´ ակտիվ, թե´ պասիվ), որը չդրսևորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Հետևաբար գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարել այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումի ընդունելիության փուլում վարչական դատարանը պարտավոր է պարզել, թե պահանջվող վարքագիծը վարչական մարմնի կողմից չդրսևորելը կարող է արդյո՞ք առերևույթ ոտնձգել վերջինիս իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես` վարչական դատարանը գործողության կատարման հայցադիմումի ընդունելիության փուլում պարտավոր է բացահայտել, թե հայցվորի կողմից ակնկալվող վարքագիծը կարող է արդյո՞ք. (ա) առերևույթ ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ (բ) առերևույթ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները (տե՛ս, Շուշանիկ Տրդատյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն՝ ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոհիշյալ եզրահանգումը բխում է ոչ միայն այն հանգամանքից, որ դատարանները վեճը լուծող մարմիններ են և շահագրգիռ սուբյեկտները կարող են դատական պաշտպանություն հայցել միայն վեճի առկայության դեպքում, որպիսին կարող է ի հայտ գալ համապատասխան դիմումը վարչական մարմնին ներկայացնելու փաստով ծագած իրավահարաբերությունների պարագայում, այլ նաև վերոհիշյալ եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 72-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, որոնցից բխում է, որ վարչադատավարական կարգով իրավունքների պաշտպանություն կարող են հայցել այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այլ կերպ ասած, քանի դեռ վարչական մարմնից չի հայցվել որևէ գործողության կատարում և վերջինս չի մերժել հայցվող գործողության կատարումը կամ չի դրսևորել անգործություն, անձի մոտ չի ծագում գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը (տե՛ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/6048/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ առաջնային նախապայմանն անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի առկայությունն է։ Անձի՝ դատական պաշտպանության դիմելու իրավունքը ծագում է վեճի առկայության դեպքում միայն։ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու անհրաժեշտ նախապայմանի բովանդակությանը, արձանագրել է․ «Վեճի առանցքային բաղադրիչը կողմերի միջև առկա տարաձայնությունն է, ինչը դրսևորվում է նրանում, որ մի կողմը՝ իր ակտիվ կամ պասիվ վարքագծով, չի ընդունում մյուս կողմի պահանջը։ Հանրային իրավահարաբերություններից ծագող վեճը ենթադրում է տարաձայնություն հանրային իշխանության և մասնավոր անձի միջև։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «առանձին հայցատեսակների պարագայում մինչև ՀՀ վարչական դատարան դիմելը համապատասխան պահանջով սկզբնապես վարչական մարմին դիմելու (նաև մերժում ստանալու) պայմանի սահմանումն ինքնանպատակ չէ. նման պայմանի բավարարումն ուղղված է վեճի կամ վիճելի իրավահարաբերության «ձևավորմանը», քանի որ դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ է վարչական մարմնի անհամաձայնությունն անձի պահանջին» (տե´ս, Հմայակ Կյատիկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը)։
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ անձն իրավասու է դիմելու վարչադատավարական կարգով իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, երբ վերջինիս այս կամ այն իրավունքի կամ պարտականության առնչությամբ հանրային իրավահարաբերության մասնակիցների՝ հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմնի և տվյալ մասնավոր անձի միջև առկա է տարաձայնություն։ Ընդ որում՝ այդ տարաձայնությունը կարող է դրսևորվել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ վարքագծի ձևով (տե´ս, Գուրգեն Դումանյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3148/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.12.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.
(…)
9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.
(…):
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայտությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ oրենսդիրն անձին իրավունք է վերապահել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները։
Ընդ որում՝ գործողության կատարման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված նախապայմանը, այն է՝ հայցվող գործողությունը կատարելու պահանջով վարչական մարմնին դիմած լինելու պարտադիր պահանջը, նպատակ է հետապնդում քննության առարկա դարձնել միայն այն հարցերը, որոնց առնչությամբ առկա է տարաձայնություն դատարան դիմող սուբյեկտի և վարչական մարմնի միջև: Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ նախքան դատարան հայց ներկայացնելը վարչական մարմնին դիմելու նախապայմանի սահմանումն ինքնանպատակ չէ, և անձը չի կարող ցանկացած պահանջով դիմել վարչական մարմնին, և այդ հիմքով հայց ներկայացնելու նախապայմանը համարել պահպանված:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործողության կատարման հայց ներկայացնելու նախապայմանը կարող է պահպանված համարվել միայն այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և չհասնելով ակնկալվող արդյունքին՝ նույն պահանջով հայցում է դատական պաշտպանություն:
Հակառակ մեկնաբանման պարագայում, երբ անձը չի դիմել վարչական մարմնին կամ դիմել է դատարան ներկայացվող պահանջից բովանդակությամբ տարբերվող մեկ այլ պահանջով, ապա խոսք չի կարող լինել դատարան ներկայացվող վեճի առկայության մասին, քանի որ ստացվում է, որ դատարան ներկայացվող պահանջի առնչությամբ տարաձայնություն կողմերի միջև առկա չէ: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ խոսքը վերաբերում է ոչ թե բացառապես նույն ձևակերպմամբ ներկայացված պահանջին, այլ բովանդակությամբ համապատասխանող նույն պահանջին, որի վերաբերյալ վարչական մարմնի կայացրած որոշման կամ դրսևորած անգործության հիման վրա դատարանը հնարավորության կունենա պարզել անձի և վարչական մարմնի միջև առկա վեճի էությունը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի գործողություն կատարելու պահանջով գործողության կատարման հայց ներկայացնելու իրավունքն օրենսդիրը պայմանավորել է նախքան դատարան հայց ներկայացնելը համապատասխան պահանջով վարչական մարմնին դիմելու և վերջինիս կողմից այդ պահանջը մերժելու կամ դրա առնչությամբ անգործություն դրսևորելու հանգամանքով։ Հակառակ պարագայում, կողմերի միջև առկա չի լինի վեճ, ինչի արդյունքում անձի մոտ չի կարող ծագել գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Տիգրան Ափոյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում իր աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում, տրամադրել իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականներն իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը):
ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է և Սոցիալական ապահովության ծառայությունը պարտավորեցվել է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում հայցվորի աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում և վերջինիս տրամադրել անհատական հաշվի քաղվածքը, որտեղ ներառված կլինեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականներին հայցվորի աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը:
ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 16.04.2021 թվականի որոշմամբ բավարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերաքննիչ բողոքը՝ ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության՝ պատճառաբանելով, որ «ՀՀ վարչական դատարանը Սոցիալական ապահովության ծառայությանը պարտավորեցրել է կատարել այնպիսի գործողություն, որի կատարման իրավասությունը, դատական ակտի կայացման պահին գործող օրենսդրության համաձայն, վերջինիս վերապահված չէ: Այսինքն, Դատարանի կողմից վարչական մարմնին որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վճիռ կայացնելիս հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հայցվող գործողության կատարման իրավասություն, դատական ակտի կայացման պահի դրությամբ գործող կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն, Սոցիալական ապահովության ծառայությունը չի ունեցել»։
Գործի նոր քննության ընթացքում Դատարանը 06.07.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ այն հիմնավորմամբ, որ «անձնավորված հաշվառումն իրականացվում է եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով վերջինիս է վերապահված՝ տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու իրավասությունը։ (...) Սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ հայցվոր Տիգրան Ափոյանը 27.10.2011 թվականից մինչև 28.04.2012 թվականն աշխատել է «Գրանդ Թորնթոն» ՓԲԸ-ում, ստացել է աշխատավարձ, վերջինիս վերաբերյալ հաշվարկվել և վճարվել է եկամտային հարկ։ Նշված փաստերը հաստատվում են գործում առկա՝ 27.10.2011 թվականի աշխատանքային պայմանագրով, անհատական հաշվի բացման մասին հայտով, 27.10.2011-31.12.2011 և 01.01.2012-28.04.2012 թվականների ժամանակահատվածների համար Տիգրան Ափոյանի վերաբերյալ անհատական հաշվետվությամբ, ՀԾ համակարգից արտատպած քաղվածքներով։ Բացի դա, Դատարանն արձանագրում է, որ պատասխանողը նշված փաստերը որևէ կերպ չի վիճարկել։ Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը բխում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ վերը նշված դրույթներից, հետևաբար իրավաչափ է, և ենթակա է բավարարման» և պարտավորեցրել է Կոմիտեին՝ Տիգրան Ափոյանի՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011 թվականից մինչև 28.04.2012 թվականն աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների բազայում:
Վերաքննիչ դատարանը 24.02.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորումներով, որ «Տիգրան Ափոյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված թիվ 263 գրությունից և դրա հիման վրա՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված պատասխանից հետևում է, որ հայցվորի կողմից, ըստ էության, պահպանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված՝ վարչական մարմնին դիմելու օրենսդրական պահանջը, իսկ վարչական մարմնի կողմից առկա է հայցվորի պահանջը մերժող համապատասխան փաստաթուղթ: Ուստի, անհիմն է բողոքաբերի պնդումն առ այն, որ Տիգրան Ափոյանը երբևէ ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմում չի ներկայացրել, չի պահանջել տրամադրելու տեղեկատվություն, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն չի մերժել տեղեկատվություն տրամադրելը կամ գործողություն կատարելը»։
Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հետևյալը.
Տիգրան Ափոյանի 29.10.2018 թվականի թիվ Դ/51060-18 դիմումին ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետը 29.11.2018 թվականի թիվ ԱնԳ/ԱնԳ/18946-18 գրությամբ հայտնել է, որ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածն անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարան կարող է ներառվել միայն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի 21.08.2018 թվականի թիվ ԱգԱ/ՆՍ-1/21200-18 գրությամբ, ի պատասխան Տիգրան Ափոյանի 15.08.2018 թվականի դիմումի, տրամադրվել է վերջինիս անհատական հաշվի քաղվածքը։ Միաժամանակ, տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01․01․2013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե։ Ըստ այդմ՝ նշված ժամկետից հետո աշխատած ժամանակահատվածի անհատական տվյալներն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Կոմիտե։
Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի 27.09.2018 թվականի թիվ ԱՊ/23599-18 գրությամբ Տիգրան Ափոյանին տեղեկացվել է, որ նույն թվականի օգոստոսի 15-ի թիվ ԱնԳ/ԱնԳ/ՆՍ-1/21200-18 գրությամբ վերջինիս անհատական հաշվի քաղվածքը ձևավորվել է տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա։ Տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01․01․2013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե (անհատական տվյալների մշակող լիազոր մարմինը Կոմիտեն է)։ Միաժամանակ տեղեկացվել է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ՝ Տիգրան Ափոյանի դիմումում նշված ժամանակահատվածի համար ներկայացված փաստաթղթերով ծառայությունը լիազորված չէ տվյալների շտեմարանում փոփոխություններ և լրացումներ կատարել։
Կոմիտեի նախագահին ուղղված 22.10.2019 թվականի թիվ 263 գրությամբ Տիգրան Ափոյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանը խնդրել է հայտնել, թե «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից 27.10.2011 թվականից մինչև 28.04.2012 թվականն ընկած ժամանակահատվածում կատարվել են եկամտահարկի վճարումներ Տիգրան Ափոյանի աշխատավարձից թե՝ ոչ, եթե այո, ապա քանի անգամ և ինչ չափերով։
Կոմիտեի 12.11.2019 թվականի թիվ 70-1/71347-2019 գրության համաձայն՝ ի պատասխան թիվ 263 հարցման՝ հայտնվել է, որ Կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից քաղաքացի Տիգրան Ափոյանի 27.10.2011-28.04.2012 թվականների աշխատավարձից պահված եկամտահարկի վճարումների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ հարկային մարմինը գրանցված աշխատողների անձնավորված հաշվառմանը տիրապետում է 01.01.2013 թվականից սկսած։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում առկա չէ գործողության կատարման հայց ներկայացնելու փաստական հիմքը, այն է՝ հայցվող կոնկրետ գործողության կատարման պահանջով Կոմիտե դիմելու և վերջինիս կողմից գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու փաստը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։ Մասնավորապես՝ ստորադաս դատարաններն անտեսել են, որ սույն գործի փաստերից ու ձեռք բերված ապացույցներից և ոչ մեկով չի հաստատվում, որ Տիգրան Ափոյանը երբևէ դիմել է Կոմիտե՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն պարտավորեցնելու պահանջով, այն դեպքում, երբ վերջինիս ուղղված Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի 27.09.2018 թվականի թիվ ԱՊ/23599-18 գրությամբ հայտնվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները՝ սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, անհատական հաշվետվությունները ներկայացնում են պետական եկամուտների կոմիտե (անհատական տվյալների մշակող լիազոր մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է)։
Ինչ վերաբերում է Տիգրան Ափոյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանի կողմից Կոմիտեի նախագահին ուղղված թիվ 263 գրությանը, որով վերջինս խնդրել է՝ «հայտնել, թե «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից 27.10.2011 թվականից մինչև 28.04.2012 թվականը ընկած ժամանակահատվածում, կատարվել են եկամտահարկի վճարումներ Տիգրան Ափոյանի աշխատավարձից թե՝ ոչ, եթե այո, ապա քանի անգամ և ինչ չափերով», ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված գրությունը չի կարող հիմք հանդիսանալ գործողության կատարման հայցով նախապես վարչական մարմնին դիմելու պայմանը պահպանված համարելու համար, քանի որ նշված գրությամբ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է տրամադրել տեղեկատվություն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից 27.10.2011 թվականից մինչև 28.04.2012 թվականն ընկած ժամանակահատվածում Տիգրան Ափոյանի աշխատավարձից եկամտահարկի վճարումներ կատարած լինելու և դրանց քանակի ու չափի վերաբերյալ, իսկ սույն գործով ներկայացված հայցապահանջով հայցվորը խնդրել է պարտավորեցնել Կոմիտեին «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում:
Այսինքն՝ վարչական մարմնին ուղղված պահանջով հայցվորը խնդրել է տրամադրել որոշակի տեղեկատվություն, իսկ դատարան ներկայացված պահանջով խնդրել է պարտավորեցնել Կոմիտեին «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում, ինչից հետևում է, որ Կոմիտեին ուղղված և Դատարանին ուղղված պահանջներն էականորեն տարբերվում են միմյանցից և չեն նույնանում:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որոշակի գործողություններ կատարելու պահանջով նախքան դատարան հայց ներկայացնելը վարչական մարմնին դիմած լինելու փաստական հիմքի բացակայության հանգամանքն ինքնին բացառում է գործողության կատարման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը և անձի մոտ չի կարող առաջացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով հայց ներկայացնելու իրավունք:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելիորեն առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմքը, այն է՝ բացահայտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, մասնավորապես՝ առկա չէ գործողության կատարման հայց ներկայացնելու փաստական հիմք հանդիսացող նախապայմանը, այն է՝ հայցվող գործողության կատարումը Կոմիտեի կողմից մերժելու կամ այդ առնչությամբ անգործություն ցուցաբերելու հետևանքով վերջինիս և հայցվորի միջև առաջացած վեճը, հետևաբար գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով ներկայացված հայցադիմումը ենթակա չի եղել վարույթ ընդունման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է եղել կարճման:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (…):
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է դրվի հայցվորի վրա: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Տիգրան Ափոյանը արդեն իսկ վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, Իսկ Կոմիտեն վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ՝ այնինչ պետք է վճարեր 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ՝ այնինչ պետք է վճարեր 20.000 ՀՀ դրամ՝ որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, Տիգրան Ափոյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, իսկ Կոմիտեի կողմից ավելի վճարված պետական տուրքը՝ 20.000 ՀՀ դրամը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.02.2023 թվականի որոշումը և սույն գործի վարույթը կարճել:
2. Տիգրան Ափոյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ․ ԲԵԴևՅԱՆ Զեկուցող Ռ. Հակոբյան Լ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|