ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-2-Ո-Կ-1 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ |
Ա. Աթաբեկյանի Հ. ԳրիգորյանիԵ. Թումանյանցի Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ Ք. Մկոյանի Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ Վ. Քոչարյանի
| ||
Արդարադատության նախարարի տեղակալ |
Լ. ԲալՅԱՆԻ | ||
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ |
Ա. ՍՈՒՋՅԱՆԻ Հ. ՍԱՆՈՅԱՆԻ | ||
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Ն. Գրիգորյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Թ․ Ղուկասյանի |
2024 թվականի հունվարի 29-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 97-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին) 21.07.2023 թվականին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 28.07.2023 թվականին ստացված Հրանտ Մերուժանի Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող) դիմումը՝ (այսուհետ՝ Հաղորդում)՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:
Լիազոր մարմնի 27.10.2023 թվականի թիվ 79-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից 14.11.2023 թվականին ներկայացվել է գրավոր բացատրություն (այսուհետ՝ Բացատրություն), որն Արդարադատության նախարարությունում ստացվել է 15.11.2023 թվականին:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 27.12.2023 թվականի թիվ 97-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 15.01.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
22.01.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 29.01.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Լիազոր մարմինը, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ և 29-րդ հոդվածների 1-ին մասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) Գաուտրին ընդդեմ Ֆրանսիայի գործով 20.05.1998 թվականի վճռի 58-րդ կետը, ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունների1 15-րդ կանոնը և Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 որոշումը, նշել է, որ վերոնշյալ իրավանորմերի համադրությունից հետևում է, որ արդար դատաքննության իրավունքի տարր է հանդիսանում անկախ և անաչառ դատարանի կողմից գործի քննության իրավունքը, որը երաշխավորված կարող է համարվել այն դեպքում, երբ դատարանի կողմից, ի թիվս այլնի, պահպանվում են դատավորի վարքագծի կանոնները: Մասնավորապես ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություն կամ անգործություն, որը կարող է որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:
Դատավորի կողմից Օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնների պահպանումը կարևորվում է այնքանով, որ դրանց խախտումը յուրաքանչյուր դեպքում կարող է դատավարության մասնակցի տեսանկյունից հանգեցնել վերջինիս արդար դատաքննության իրավունքի խախտման, իսկ դատավորի համար՝ հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Ըստ Լիազոր մարմնի` վերոգրյալի վերլուծությունից հետևում է, որ ինքնաբացարկի ինստիտուտը կոչված է երաշխավորելու դատական իշխանության գործունեության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, տվյալ գործը քննող դատավորի անկողմնակալությունը՝ նպաստելով արդարադատության բնագավառում անձանց նկատմամբ օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացմանը:
Ինքնաբացարկի ինստիտուտին՝ որպես դատարանի անաչառության ապահովման իրավական կարևորագույն երաշխիքներից մեկի, Լիազոր մարմինը հարկ է համարել անդրադառնալ անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համատեքստում: Մասնավորապես նշելով, որ անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր է համարվում անաչառ դատարանի կողմից գործի քննության իրավունքը: Դատարանի անաչառությունը ենթադրում է կանխակալ վերաբերմունքի և/կամ կողմնակալության բացակայություն, իսկ դատարանի անաչառության ընկալումը, ի թիվս նախորդի, նաև այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում գործի քննության բացառումը, որն ակնհայտորեն կարող է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության նկատմամբ: Ուստի դատարանի անաչառ գործունեության վերաբերյալ նման պահանջների պահպանմամբ միայն հանրության ընկալումներում կարող է համոզմունք ձևավորել դատարանի կողմից գործն արդարացի լուծելու և իրավաչափ դատական ակտ կայացնելու մասին:
Քաղաքացիադատավարական հարաբերությունների շրջանակներում ինքնաբացարկ ներկայացնելու և լուծելու հետ կապված կարգավորումները նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ և 29-րդ հոդվածներով, իսկ ինքնաբացարկ հայտնելու հիմքերը՝ Օրենսգրքի 71-րդ հոդվածով։ Ընդ որում, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն առանձնացրել է ինքնաբացարկ հայտնելու որոշակի հիմքեր, որոնք ուղղակիորեն արգելում են տվյալ դատավորին մասնակցելու այդ գործի քննությանը՝ չբացառելով նաև հասարակական հարաբերություններում առկա այնպիսի փաստերը, որոնք թեև ուղղակիորեն թվարկված չեն Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում, սակայն կարող են գործը քննող դատավորի մոտ դատավարության մասնակիցների նկատմամբ առաջացնել կանխակալ մոտեցում: Այդուհանդերձ, հատկանշական է, որ օրենսդիրը, նկատի ունենալով Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված հիմքերի առկայությունը որպես անձի արդար դատաքննության իրավունքին անմիջականորեն խոչընդոտող և այն վտանգող հանգամանքներ՝ դրանք ուղղակիորեն ամրագրել է օրենսդրական մակարդակում՝ որպես գործի քննությանը մասնակցելուն բացառող դեպքեր։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ նման դեպքերի առկայությունն ինքնին հիմք է, որպեսզի գործը քննող դատավորը տվյալ գործով հայտնի ինքնաբացարկ, այսինքն՝ նման փաստերի առկայության պայմաններում ինքնաբացարկ հայտնելը ոչ թե դատավորի հայեցողական լիազորությունն է, այլ՝ պարտականությունը:
Վերոգրյալից բացի, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը դատավորին հնարավորություն է տալիս տվյալ գործով իր անաչառ լինելու մասին համոզմունք ունենալու դեպքում դիմել կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը, և եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը։ Այսինքն՝ կոնկրետ գործի քննության համար կարևոր նշանակություն ունի դատարանի անաչառության վերաբերյալ դատավարության մասնակիցների մոտ ձևավորված համոզմունքի առկայությունը, որպիսի պարագայում դատարանի կողմից իրականացված արդարադատությունը կարող է ընկալելի դառնալ դատավարության մասնակիցների համար։
Լիազոր մարմինը նաև նշել է, որ բացի այդ, ժողովրդավարական հասարակությունում դատարանների նկատմամբ վստահություն ներշնչելու տեսանկյունից կարևոր է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորը կոնկրետ գործով իր անաչառությունը գնահատի ոչ միայն իր սուբյեկտիվ համոզմունքներով, այլ նաև անկողմնակալ դիտորդի2 մոտ դատարանի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցելու տեսանկյունից: Դատարանն իր անաչառության վերաբերյալ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածների հարուցումը պետք է փարատի իր անաչառության վերաբերյալ օբյեկտիվ երաշխիքներ ներկայացնելու միջոցով:
Ըստ Լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում հարուցված կարգապահական վարույթի փաստական հանգամանքներից հետևում է, որ թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) պատասխանող Հրանտ Մերուժանի Գրիգորյանը հանդիսանում է Դատավորի հարազատ հորեղբոր տղան, որպիսի հանգամանքը հիմք ընդունելով՝ Դատավորը թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով 30.11.2020 թվականին հայտնել է ինքնաբացարկ (անվիճելի փաստ), մինչդեռ Գործով նմանօրինակ հիմքի առկայության պայմաններում Դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով հայցադիմումը:
Արդյունքում ստացվում է, որ Դատավորն իր վարույթում գտնված՝ միևնույն անձի մասնակցությամբ քննված գործով հայտնել է ինքնաբացարկ, իսկ մեկ այլ գործով՝ ոչ, այդպիսով ցուցաբերելով նաև տարբերակված մոտեցում տվյալ անձի նկատմամբ, այնինչ Դատավորի կողմից արդեն իսկ նախորդ քաղաքացիական գործի շրջանակներում Հրանտ Մերուժանի Գրիգորյանի մասով ձևավորված է եղել մոտեցում առ այն, որ Դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի քննությանը, և երկրորդ գործով ինքնաբացարկ չհայտնելը կարող էր անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով արդեն իսկ Դատավորը հայտնել է ինքնաբացարկ այն հիմնավորմամբ, որ Հրանտ Մերուժանի Գրիգորյանը հանդիսանում է իր ազգականը, նշված հանգամանքը վկայում է այն մասին, որ Դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել Գործով կողմ հանդես եկած դատավարության մասնակցի նկատմամբ:
Լիազոր մարմինը նշել է, որ վերոգրյալից բացի, կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ ոչ միայն Դատավորի կողմից չեն պահպանվել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում անվերապահորեն ինքնաբացարկ հայտնելու օրենսդրական պահանջները, այլ նաև նույնիսկ, Դատավորի ընկալմամբ, նման հիմքերի բացակայության դեպքում, Դատավորի կողմից չեն ձեռնարկվել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները, որոնց միջոցով դատավարության մասնակիցներին բացահայտվեր Դատավորի և Հրանտ Մերուժանի Գրիգորյանի միջև առկա ազգակցական կապը և ըստ այդմ կատարվեր համապատասխան դատավարական գործողություններ:
Նշված հանգամանքների համակցության պայմաններում Դատավորի կողմից Գործը քննելը և լուծելը ողջամիտ կասկած է հարուցում Դատարանի անաչառության վերաբերյալ, քանի որ վերոնշյալ փաստական հանգամանքների ուժով ենթադրվում է, որ Գործով ինքնաբացարկ չհայտնելու դեպքում Հրանտ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ Դատավորն ունեցել է կանխակալ վերաբերմունք, որը փաստվում է նախորդ գործի քննության շրջանակներում Հրանտ Մերուժանի Գրիգորյանի մասնակցությամբ գործով ինքնաբացարկ հայտնելով: Դրանից բացի, Դատավորի կողմից թույլ տրված տվյալ արարքը դատարանի անաչառ գործունեության վերաբերյալ կասկածներ է հարուցում ոչ միայն դատավարության մասնակիցների, այլ նաև ցանկացած անկողմնակալ դիտորդի մոտ, որի արդյունքում հեղինակազրկվում է դատական իշխանությունը:
Անդրադառնալով Բացատրությամբ Դատավորի կողմից նշված այն փաստարկներին, որ վերջինս Գործով հայցադիմումը վարույթ ընդունելիս չի բացահայտել, որ Պատասխանողն իր հորեղբոր որդին է, և գործել է իր իրավասության շրջանակներում, ինչպես նաև Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացած լինելու պայմաններում չի ունեցել հայեցողական որոշումների կայացման հնարավորություն՝ Լիազոր մարմինը նշել է, որ սույն միջնորդության փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Դատավորի կողմից Գործով կայացված եզրափակիչ դատական ակտի առկայության պայմաններում, ինչից հետևում է, որ Դատարանը գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ մինչև Գործի քննության ավարտը, զրկված չի եղել Գործով կողմերին ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու և օրենքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից՝ զերծ մնալով իր վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց։
Լիազոր մարմինը, անդրադառնալով Բացատրությամբ ներկայացված դիրքորոշմանն առ այն, որ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնվել է՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքներն իրենց համակցության մեջ, և ոչ թե ազգակցական կապի առկայությունը գործի հանգամանքներից և բնույթից անկախ, նշել է, որ Գործով կայացվել է եզրափակիչ դատական ակտ, որն անկախ գործի քննության առանձնահատկություններից, հայցի տեսակից և առարկայից, օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր է դառնում դրանց հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, հետևաբար տվյալ փաստարկը չի կարող հիմք հանդիսանալ՝ ելնելով գործի քննության առանձնահատկություններից մեկ գործով Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու, իսկ մեկ այլ գործով՝ ինքնաբացարկ չհայտնելու, ինչպես նաև՝ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողությունները համապատասխանաբար կատարելու կամ չկատարելու համար:
Բացի այդ, ըստ Լիազոր մարմնի թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում 30.11.2020 թվականին կայացված՝ «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրությունից պարզվում է, որ Դատավորի կողմից նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Հրանտ Մերուժանի Գրիգորյանի՝ իր ազգական հանդիսանալու հանգամանքը (տե՛ս հիշյալ որոշման վերջին էջի առաջին պարբերությունը):
Անդրադառնալով Բացատրությամբ նշված այն հանգամանքին, որ հորեղբոր որդին չի հանդիսանում մերձավոր ազգական և նրա մասնակցությունը գործին ինքնին բավարար, առավել ևս պարտադիր պայման չէ ինքնաբացարկ հայտնելու համար՝ Լիազոր մարմինը նշել է, որ հարուցված կարգապահական վարույթի փաստական հանգամանքներից հետևում է, որ Դատավորը, թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով հայտնելով ինքնաբացարկ, որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Պատասխանողը հանդիսանում է իր ազգականը, միաժամանակ վկայակոչելով Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և ղեկավարվել նաև Օրենսգրքի 71-րդ հոդվածի պահանջով, ինչից հետևում է, որ Դատավորի կողմից վերոնշյալ քաղաքացիական գործով հայտնած ինքնաբացարկի որոշման հիմքում, ի թիվս այլնի, ներառված է եղել նաև Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքը, ուստի նշվածի վերլուծության համադրման արդյունքում Լիազոր մարմնի մոտ համոզմունք է ձևավորվել, որ Դատավորը թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով Պատասխանողին դիտել է որպես մերձավոր ազգական, սակայն Լիազոր մարմինը, տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքով ուղղակիորեն սահմանված չէ, որ հորեղբոր որդին հանդիսանում է մերձավոր ազգական՝ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված պահանջի խախտում Դատավորին չի վերագրում:
Ըստ Լիազոր մարմնի՝ վերոնշյալը վկայում է այն մասին, որ Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն, և դրանք հերքվում են սույն միջնորդությամբ վերը նշված հիմնավորումներով: Հետևաբար Լիազոր մարմինը գտել է, որ Դատավորի՝ որպես արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից ինքնաբացարկ հայտարարելու հիմքերի առկայության պայմաններում Դատավորի կողմից Գործը քննելու և լուծելու հետևանքով հեղինակազրկվել է դատական իշխանությունը, ինչը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Լիազոր մարմինը հայտնել է, որ Դատավորի կողմից խախտվել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնները:
Լիազոր մարմինը, անդրադառնալով Դատավորի մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 5-րդ մասը, հայտնել է, որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում փաստերի գնահատման և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտնում է, որ Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը մինչև Գործի քննության ավարտն անհրաժեշտ ուշադրության չարժանացնելով այն հանգամանքը, որ Պատասխանողը հանդիսացել է իր ազգականը՝ չի հայտնել ինքնաբացարկ, չի բացահայտել Պատասխանողի` իր մերձավոր ազգական հանդիսանալու հանգամանքը, և Գործի քննությունը բացառող նման հիմքերի առկայության պայմաններում քննել և լուծել է Գործը: Ընդ որում` Դատավորը գիտակցել է պատասխանողի հետ ազգակցական կապի հնարավոր ազդեցությունն իր կողմնակալության վրա, քանի որ մեկ այլ գործով, նույն դատավարության մասնակցի առկայությամբ, գործով հայտնել է ինքնաբացարկ: Այնինչ սույն գործով Դատավորը բացարկ չի հայտնել, ըստ էության, այն համոզմունքն ունենալով, որ կախված քննվող գործի, վարույթի տեսակից և հայցի առարկայից՝ ազգակցական կապի առկայությունը կարող է ինքնաբացարկ հայտնելու հիմքեր ստեղծող ազդեցություն չունենալ:
Վերոգրյալի արդյունքում Լիազոր մարմինը փաստել է, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Նշանակված դատական նիստում Լիազոր մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը, Լիազոր մարմնին ներկայացրած բացատրությամբ, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 4-րդ, 6-8-րդ մասերը, 297-րդ հոդվածի 1-ին մասը, 298-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը, 299-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները, թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ նշել է, որ ինքնաբացարկի ինստիտուտն ինքնանպատակ չէ, այն պետք է բխի արդարադատության շահից և պետք է իսկապես անհրաժեշտ լինի՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները, միայն ազգակցական կապի առկայությունը չի կարող բավարար լինել գործից դատավորի հեռացման համար, իսկ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնել է՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքներն իրենց համակցության մեջ, և ոչ թե ազգակցական կապի առկայությունը՝ գործի հանգամանքներից և բնույթից անկախ:
Դատավորը հայտնել է նաև, որ Պատասխանողն Օրենսգրքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` չի հանդիսանում մերձավոր ազգական: Մեջբերելով Օրենսգրքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը՝ նշել է, որ հորեղբոր որդին չի հանդիսանում մերձավոր ազգական և նրա մասնակցությունը գործին ինքնին բավարար, առավել ևս պարտադիր պայման չէ ինքնաբացարկ հայտնելու համար, սակայն կախված կոնկրետ գործի հանգամանքներից՝ այն կարող է համակցության մեջ հիմք դառնալ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու համար:
Դատավորը նաև գտել է, որ կարգապահական խախտում կհանդիսանար Գործով ոչ թե ինքնաբացարկ չհայտնելը, այլ ինքնաբացարկ հայտնելը, քանի որ բացակայել են օրենքով սահմանված հիմքերը, որպիսի պարագայում Դատավորը պարտավոր էր քննել իրեն մակագրված գործը և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ: Ինքնաբացարկի հիմքերի բացակայության պայմաններում ինքնաբացարկ հայտնելը հանդիսանում է արդարադատության իրականացումից խուսափում:
Դատավորը նշել է, որ իր կողմից կայացված դատական ակտերը չեն բողոքարկվել, չեն բեկանվել, վերադաս դատական ատյանների կողմից չեն արձանագրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, և որ ամենակարևորն է՝ իր կողմից չեն խախտվել Պատասխանողի իրավունքները և շահերը, նրա համար երաշխավորվել և ապահովվել են արդար դատաքննության բոլոր բաղադրիչները։
Ելնելով վերոշարադրյալից՝ Դատավորը գտել է, որ իր կողմից թույլ չեն տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:
Դատավորը, 18.01.2024 թվականին Խորհրդին ներկայացրած պատասխանում վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասերը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Օրենսգրքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 142-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, 29-րդ հոդվածը, 165-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 166-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 167-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 297-րդ և 299-րդ հոդվածների 1-ին մասերը, 298-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը, թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը, ՄԻԵԴ-ի կողմից Սանդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 21.09.2010 թվականի վճռի 41-րդ կետը, Պյերսակն ընդդեմ Բելգիայի գործով 01.10.1982 թվականի վճռի 30-րդ կետը, Ռիանուն ընդդեմ Կիպրոսի գործով 15.12.2005 թվականի վճռի 121-րդ կետը, Ռամլժակն ընդդեմ Խորվաթիայի գործով 27.06.2017 թվականի թիվ 5856/13 վճռի § 29, Նիկոլասն ընդդեմ Կիպրոսի գործով 09.01.2018 թվականի թիվ 63246/10 վճռի § 62 և 64, հայտնել է, որ.
ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքը 28.09.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի, Կարինե Մուշեղի Գրիգորյանի, Ֆերիկ համայնքի նախկին ղեկավար Նորիկ Կառլենի Հայրապետյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից ստորագրված, նույն համայնքում գտնվող թիվ 0103-0001, թիվ 0104-0055, թիվ 0103-0093, թիվ 0104-0056, թիվ 0101-0001, թիվ 0104-0057, թիվ 0102-0001, թիվ 0104-0058, թիվ 0103-0087, թիվ 0104-0059, թիվ 0104-0049, թիվ 0104-0020, թիվ 0104-0054 և թիվ 0104-0051 ծածկագրերով հողամասերն օտարելու վերաբերյալ ավագանու նիստի արձանագրության քաղվածքներն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ավագանու 18.12.2005 թվականի թիվ 6 նիստի արձանագրության հիման վրա Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով իրացման կարգը հաստատելու մասին նույն համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից անհայտ ամսաթվին կայացված չհամարակալված և անվերնագիր որոշումը, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը աճուրդային կարգով վաճառելու և վաճառվող հողատարածքի յուրաքանչյուր 1 հա-ի համար մեկնարկային գին սահմանելու մասին Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից 20.02.2006 թվականին կայացված չհամարակալված, անվերնագիր որոշումները, նշված հողամասերը վաճառելու վերաբերյալ 20.02.2006 թվականին կայացած աճուրդը՝ բոլոր լոտերի մասերով, Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի և Հրանտ Գրիգորյանի միջև 02.03.2006 թվականին կնքված հողամասերի առուվաճառքի պայմանագրերը, Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի և Կարինե Գրիգորյանի 02.03.2006 կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և նշված հողամասերի նկատմամբ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի և Կարինե Մուշեղի Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Քաղաքացիական գործին տրվել է թիվ ԱՐԴ/3270/02/20 հերթական համարը։
Դատավոր Մ. Սիմոնյանի 07.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը կից փաստաթղթերով վերադարձվել է հայցվոր ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքին։
Հայցվոր ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքը 15.10.2020 թվականին սահմանված ժամկետում կրկին դատարան է ներկայացրել հայցադիմումը՝ թերությունները վերացնելով և դիմումով խնդրել է ընդունել վարույթ։
Հայցադիմումը Դատավորին է մակագրվել 15.10.2020 թվականին, հանձնվել է 15.10.2020 թվականին:
Նկատի ունենալով, որ հայցվորի կողմից հայցադիմումը ներկայացնելիս պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները և առկա չեն եղել հայցադիմումը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքեր՝ 23.10.2020 թվականին հայցադիմումն ընդունել է վարույթ:
Հայցադիմումին կից ներկայացված է եղել նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, որը Դատավորի նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է։
Դատավորը նշել է, որ այնուհետև, երբ իր մեկ այլ ազգականից տեղեկացել է, որ գործով պատասխանող Հրանտ Գրիգորյանը հանդիսանում է իր հորեղբոր որդին, 30.11.2020 թվականին նույն գործով հայտնել է ինքնաբացարկ։
Սույն մասով Դատավորը փաստել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելիս և հայցի ապահովման միջոց կիրառելիս չէր բացահայտել, որ պատասխանող Հրանտ Գրիգորյանը և իր հորեղբոր որդի Հրանտ Գրիգորյանը նույն անձն է։
Ընդ որում, նշված գործով ինքնաբացարկի հիմքը հանդիսացել է ոչ թե Հրանտ Գրիգորյանի նկատմամբ կանխակալ վատ վերաբերմունք ունենալը, այլ այն հանգամանքը, որ նա հանդիսանում է իր ազգականը, որպեսզի հանգամանքը, գործի բնույթով և հանգամանքներով պայմանավորված, անկողմնակալ դիտորդի մոտ իր անաչառության մեջ կարող էր ողջամիտ կասկած հարուցել։
Դատավորը հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։ Քաղաքացիական գործին տրվել է թիվ ԱՐԴ/5110/02/23 հերթական համարը։
Հայցադիմումը Դատավորին է մակագրվել 19.06.2023 թվականին, հանձնվել է 20.06.2023 թվականին։
Նկատի ունենալով, որ հայցադիմումը ներկայացնելիս պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները և առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը, Դատավորը գտել է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ: Միաժամանակ, նկատի ունենալով, որ հայցադիմումով ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ, իսկ պարզեցված վարույթի կարգով գործի քննությունը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերն առերևույթ առկա չեն, գտել է, որ պետք է կիրառել պարզեցված վարույթ: Հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին: Հրանտ Գրիգորյանը դատարանի որոշումը և պարզաբանումը փոստային առաքմամբ ստացել է 15.07.2023 թվականին։ Դատարանի որոշումը ստանալուց հետո ինչպես սահմանված ժամկետում, այնպես էլ դրանից հետո մինչև վճռի կայացումը, Հրանտ Գրիգորյանը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, առարկություն, ինչպես նաև բացարկի միջնորդություն։ Կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր գործողությունները՝ 09.10.2023 թվականին հրապարակել է գործով եզրափակիչ դատական ակտը՝ թիվ ԱՐԴ/5110/02/23 վճիռը։
Հրանտ Գրիգորյանը փոստային առաքմամբ վճիռը ստացել է, սակայն վերաքննիչ բողոք չի ներկայացրել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Ըստ Դատավորի պատասխանի հիմքում ընկած փաստերն են.
Հրանտ Գրիգորյանը չի հանդիսանում իր մերձավոր ազգականը։
Թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործը ենթակա էր քննության ընդհանուր հայցային վարույթի կարգով։
Թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործը քննվել է պարզեցված վարույթի կարգով:
Հրանտ Գրիգորյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը, իրավունքների պարզաբանման թերթիկը, սակայն չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, գրավոր առարկություն, դիրքորոշում կամ բացարկի միջնորդություն։
Թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով վճիռը Հրանտ Գրիգորյանը պատշաճ կարգով ստացել է, սակայն չի բողոքարկել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում է, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են օրենքով, սակայն դրանք սպառիչ չեն: Այսինքն՝ օրենսդիրը չի բացառել, որ կարող են լինել այնպիսի հանգամանքներ, որոնք կանխատեսելի չեն, սակայն կարող են ողջամիտ կասկածներ հարուցել դատավորի՝ տվյալ գործով անաչառության վերաբերյալ:
Այսինքն՝ ինքնաբացարկի հիմքերը, բացառությամբ օրենքով սահմանված անվերապահ հիմքերի, ենթակա են գնահատման կոնկրետ գործի շրջանակներում:
Դատավորը, վկայակոչելով Օրենսգրքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը, նշել է, որ հորեղբոր որդին չի հանդիսանում մերձավոր ազգական։
Տվյալ դեպքում Դատավորը հայտնել է, որ Հրանտ Գրիգորյանը չի հանդիսանում իր մերձավոր ազգականը։
Օրենսգրքի 5-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ Հրանտ Գրիգորյանի մասնակցությունը Դատավորի կողմից քննվող գործին ինքնին բավարար, առավել ևս պարտադիր պայման չէ ինքնաբացարկ հայտնելու համար։
Միաժամանակ, Օրենսգրքի 28-րդ հոդվածի ձևակերպումից հետևում է, որ գործին մասնակցող անձի հետ ոչ մերձավոր ազգակցականի կապը կարող է հիմք դառնալ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու համար՝ կախված կոնկրետ գործի հանգամանքներից:
Դատավորը հարկ է համարել անդրադառնալ միջնորդության 13-րդ էջի երրորդ պարբերությանը, մասնավորապես՝ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով ինքնաբացարկի որոշման պարտադիրության վերաբերյալ նախարարի մեկնաբանությանը:
Ինչպես հետևում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից՝ դատավորի անաչառությունը, հետևաբար նաև ինքնաբացարկի հիմքերը ենթակա են գնահատման տվյալ գործով։
Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ինքնաբացարկի հիմքն անվերապահ չէ, այն է՝ օրենքով կոնկրետ նախատեսված չէ, ինքնաբացարկի հիմքերն անխզելիորեն կապվում են կոնկրետ տվյալ գործի հանգամանքների հետ։
Այլ կերպ ասած՝ որոշակի հանգամանքը, որն առանձին վերցրած, չի հանդիսանում ինքնաբացարկի հիմք, կարող է կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ վերածել ինքնաբացարկի հիմքի։
Ասվածից հետևում է, որ ոչ մերձավոր ազգականի մասնակցությամբ մեկ գործով հայտնված ինքնաբացարկը չի կարող կանխորոշել նույն անձի մասնակցությամբ այլ գործերով ինքնաբացարկի հայտնումը՝ անկախ կոնկրետ գործի հանգամանքներից, քանի որ ինչպես արդեն նշվեց վերևում, այն գործի հանգամանքներից կապված ինքնաբացարկի հիմք չէ և պետք է ստուգվի և գնահատվի տվյալ գործի փաստերի, բնույթի, մյուս հանգամանքների հաշվառմամբ։
Նախ, թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործը և թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործն իրենց բնույթով նույնական չեն և չեն կարող դրանց քննության ընթացքում կատարված գործողությունները համարվել նույնական հանգամանքներում կատարված գործողություններ:
Այսպես, թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործն իր բնույթով ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործ էր։
Ըստ Դատավորի՝ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործի քննությունը ենթադրում էր բազմաթիվ դատավարական գործողությունների կատարում, այդ թվում՝ դատական նիստերի անցկացում, ապացուցման բեռի բաշխում, համապատասխան դատավարական ժամկետների սահմանում, միջնորդությունների քննարկում և այլն, որոնք որոշակի չափով կախված են կոնկրետ դատավորի հայեցողությունից:
Օրինակ՝ ապացուցման բեռը բաշխելուց հետո ապացույցներ ներկայացնելու համար տրվող ժամկետի նվազագույն և առավելագույն չափերը քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չեն, և դատավորն ինքն է սահմանում այդ ժամկետը, որոշում գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և դրանց ապացուցման պարտականությունը դնում համապատասխան կողմի վրա։
Ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործի շրջանակներում, դատավորն ունի որոշակի հայեցողական լիազորություն, ինչը կարող է կողմերի մոտ առաջացնել կասկած դատարանի անաչառության վերաբերյալ։
Մինչդեռ, ի տարբերություն թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործի, թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննվող գործ էր, որը չէր ենթադրում վերոշարադրյալ դատավարական գործողությունների կատարումը, իսկ ինքը՝ որպես դատավոր, չի ունեցել հայեցողական որոշումների կայացման հնարավորություն, քանի որ պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացակարգն ամբողջությամբ կարգավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Ասվածից հետևում է, որ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործը և թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործն իրենց բնույթով նույնական չեն, և չեն կարող դրանց քննության ընթացքում կատարված գործողությունները, այդ թվում՝ ինքնաբացարկ հայտնելը, համարվել նույնական հանգամանքներում կատարված գործողություններ։
Դատավորը նշել է, որ այսպիսով, թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով ինքնաբացարկը հայտնվել է՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքներն իրենց համակցության մեջ, և ոչ միայն ազգակցական կապի առկայությունը գործի հանգամանքներից և բնույթից անկախ։
Հետևաբար, մեկ գործով կոնկրետ անձի մասնակցությամբ պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու հանգամանքը չի կարող համարվել նախադատելի և նույն անձի մասնակցությամբ մեկ այլ գործով չի կարող կաշկանդել դատավորին։
Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում է, որ դատավորն իրավունք ունի և պարտավոր է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով։
Խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր դատավարական գործողություններն իր կողմից կատարվել են ամբողջ ծավալով և պատշաճ կարգով։ Մասնավորապես՝ հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության պայմաններում հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկը սահմանված կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձանց։ Հարկ է փաստել, որ իրավունքների պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկը պարունակում է նաև նշում դատավորին բացարկ հայտնելու իրավունքի վերաբերյալ։ Այնուհետև սահմանված ժամկետում պատասխանող Հրանտ Գրիգորյանի կողմից առարկություն, դիրքորոշում, հայցադիմումի պատասխան կամ բացարկի միջնորդություն չստանալով և չունենալով կատարման ենթակա այլ դատավարական գործողություններ հրապարակել է գործով եզրափակիչ դատական ակտ:
Դատավորը նաև նշել է, որ ինչպես հայտնել է նախարարին ուղղված բացատրությունում՝ այժմ ևս պնդում է, որ մինչ նախարարի կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու պահը տեղյակ չի եղել, որ խնդրո առարկա գործով պատասխանողն իր հորեղբոր որդի Հրանտ Գրիգորյանն է եղել։
Դատավորը նշվածի համատեքստում խիստ կարևոր է համարել նշել նաև, որ իր գործողությունները չեն հանգեցրել ո՛չ Հրանտ Գրիգորյանի, ո՛չ էլ հայցվորի իրավունքների խախտման, չեն խաթարել արդարադատության բուն էությունը։ Ավելին, եզրափակիչ դատական ակտը ոչ միայն չի բողոքարկվել, այլև կամովին կատարվել է պատասխանողի կողմից, քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չի ներկայացրել դիմում կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ։
Նախարարի ձևակերպումն առ այն, որ իր գործողությունները հեղինակազրկել են դատական իշխանությունը խիստ վերացական և անհիմն են։
Դատական իշխանության հեղինակազրկումը ենթադրում է այնպիսի գործողությունների կատարում կամ այնպիսի անգործություն, որն ի չիք է դարձնում իրավական պետության, օրինականության սկզբունքների գոյությունն առնվազն տվյալ գործին մասնակցող անձանց ընկալումներում, խաթարում է հավատն արդարադատության և դատական իշխանության նկատմամբ՝ դատական պաշտպանությունը դարձնելով ոչ արդյունավետ:
Սույն գործի շրջանակներում գործին մասնակցող անձանց համար ապահովվել են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքները և դրանց արդյունավետ իրացման պայմանները։
Դատական իշխանության հեղինակազրկման, անձի իրավունքների խախտման, վարքագծի կանոնների խախտման մասին կարելի էր պնդել բացառապես այն դեպքում, երբ Հրանտ Գրիգորյանը բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացներ, սակայն ինքը մերժեր միջնորդությունը կամ առհասարակ չանդրադառնար դրան։
Ըստ Դատավորի՝ ինչպես արդեն նշվել է, Հրանտ Գրիգորյանը Դատարանի որոշումը և պարզաբանումը փոստային առաքմամբ ստացել է 15.07.2023 թվականին, մեկ շաբաթ անց՝ 21.07.2023 թվականին Արդարադատության նախարարին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահին է ուղարկել դիմում, մինչդեռ վճիռը հրապարակվել է 09.10.2023 թվականին։ Այսինքն՝ բացարկի միջնորդություն ներկայացնելու փոխարեն Հրանտ Գրիգորյանը՝ կարգապահական վարույթ հարուցելու դիմում է ներկայացրել, մինչդեռ կարող էր ներկայացնել բացարկի միջնորդություն, եթե գտնում էր, որ ինքը չէր կարող անաչառ լինել և հնարավոր է խախտվեին իր իրավունքները:
Օրենսդիրն, ամրագրելով յուրաքանչյուրի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության լիարժեք իրականացման իրավունքը, սահմանել է նաև այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, որպիսի հանգամանքը դատարանի անկողմնակալության ապահովման կարևորագույն երաշխիք է:
Ամփոփելով Խորհրդին ներկայացված պատասխանը՝ Դատավորը հայտնել է, որ ինքնաբացարկի ինստիտուտն ինքնանպատակ չէ, պետք է բխի արդարադատության շահից և պետք է իսկապես անհրաժեշտ լինի՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները, միայն ազգակցական կապի առկայությունը չի կարող բավարար լինել գործից դատավորի հեռացման համար:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. Թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով հայցվոր՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի կողմից 28.09.2020 թվականին հայցադիմում է ներկայացվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի, Կարինե Մուշեղի Գրիգորյանի, Ֆերիկ համայնքի նախկին ղեկավար Նորիկ Կառլենի Հայրապետյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից ստորագրված, նույն համայնքում գտնվող թիվ 0103-0001, թիվ 0104-0055, թիվ 0103-0093, թիվ 0104-0056, թիվ 0101-0001, թիվ 0104-0057, թիվ 0102-0001, թիվ 0104-0058, թիվ 0103-0087, թիվ 0104-0059, թիվ 0104-0049, թիվ 0104-0020, թիվ 0104-0054 և թիվ 0104-0051 ծածկագրերով հողամասերն օտարելու վերաբերյալ ավագանու նիստի արձանագրության քաղվածքներն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ավագանու 18.12.2005 թվականի թիվ 6 նիստի արձանագրության հիման վրա Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով իրացման կարգը հաստատելու մասին նույն համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից անհայտ ամսաթվին կայացված չհամարակալված և անվերնագիր որոշումը, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը աճուրդային կարգով վաճառելու և վաճառվող հողատարածքի յուրաքանչյուր 1 հա-ի համար մեկնարկային գին սահմանելու մասին Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից 20.02.2006 թվականին կայացված չհամարակալված, անվերնագիր որոշումները, նշված հողամասերը վաճառելու վերաբերյալ 20.02.2006 թվականին կայացված աճուրդը՝ բոլոր լոտերի մասերով, Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի և Հրանտ Գրիգորյանի միջև 02.03.2006 թվականին կնքված հողամասերի առուվաճառքի պայմանագրերը, Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի և Կարինե Գրիգորյանի միջև 02.03.2006 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և նշված հողամասերի նկատմամբ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի և Կարինե Մուշեղի Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը դատարանի (դատավոր՝ Մանվել Սիմոնյան) 07.10.2020 թվականի որոշմամբ վերադարձվել է:
4.2. Թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով 15.10.2020 թվականին կրկին ներկայացված հայցադիմումը մակագրվել է Դատավորին:
4.3. Դատավորի 23.10.2020 թվականի որոշմամբ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ ներկայացված հայցի ապահովման միջնորդությունը բավարարվել է:
4.4. Դատավորը թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով 30.11.2020 թվականի որոշմամբ նշել է, որ պատասխանող Հրանտ Մերուժանի Գրիգորյանը հանդիսանում է իր ազգականը, գտել է, որ նշված հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իր անաչառության մեջ և ազգակցական կապի հիմքով տվյալ քաղաքացիական գործով հայտնել է ինքնաբացարկ:
4.5. Գործով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 19.06.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը մակագրվել է Դատավորին:
4.6. Գործով Դատարանի 27.06.2023 թվականի որոշմամբ վերոնշյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ և կիրառվել է պարզեցված վարույթ, Գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 09.10.2023 թվականը։
4.7. Գործով Դատարանի 09.10.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- արդյո՞ք Դատավորի կողմից թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով ինքնաբացարկ չհայտնելով թույլ է տրվել վարքագծի կանոնի խախտում,
- արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Խորհուրդն անդրադառնալով առաջին հարցադրմանը՝ հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Օրենսգրքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով՝ մերձավոր ազգական է`
1) դատավորի ամուսինը.
2) դատավորի կամ նրա ամուսնու ծնողը.
3) դատավորի կամ նրա ամուսնու զավակը, զավակի ամուսինը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը, քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը.
4) դատավորի կամ նրա ամուսնու եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակը.
5) դատավորի կամ նրա ամուսնու որդեգրողը կամ որդեգրվածը:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:
Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
Նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու, դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև գործի քննության ավարտը:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Նույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
Նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:
Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։
Վկայակոչված միջազգային փաստաթղթերում ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության, ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:
Այսպես, տվյալ դեպքում թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով հայցվոր Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի կողմից 28.09.2020 թվականին հայցադիմում է ներկայացվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի, Կարինե Մուշեղի Գրիգորյանի, Ֆերիկ համայնքի նախկին ղեկավար Նորիկ Կառլենի Հայրապետյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից ստորագրված, նույն համայնքում գտնվող թիվ 0103-0001, թիվ 0104-0055, թիվ 0103-0093, թիվ 0104-0056, թիվ 0101-0001, թիվ 0104-0057, թիվ 0102-0001, թիվ 0104-0058, թիվ 0103-0087, թիվ 0104-0059, թիվ 0104-0049, թիվ 0104-0020, թիվ 0104-0054 և թիվ 0104-0051 ծածկագրերով հողամասերն օտարելու վերաբերյալ ավագանու նիստի արձանագրության քաղվածքներն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ավագանու 18.12.2005 թվականի թիվ 6 նիստի արձանագրության հիման վրա Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով իրացման կարգը հաստատելու մասին նույն համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից անհայտ ամսաթվին կայացված չհամարակալված և անվերնագիր որոշումը, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը աճուրդային կարգով վաճառելու և վաճառվող հողատարածքի յուրաքանչյուր 1 հա-ի համար մեկնարկային գին սահմանելու մասին Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի կողմից 20.02.2006 թվականին կայացված չհամարակալված, անվերնագիր որոշումները, նշված հողամասերը վաճառելու վերաբերյալ 20.02.2006 թվականին կայացված աճուրդը՝ բոլոր լոտերի մասերով, Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի և Հրանտ Գրիգորյանի միջև 02.03.2006 թվականին կնքված հողամասերի առուվաճառքի պայմանագրերը, Ֆերիկ համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանի և Կարինե Գրիգորյանի միջև 02.03.2006 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և նշված հողամասերի նկատմամբ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի և Կարինե Մուշեղի Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը դատարանի (դատավոր՝ Մանվել Սիմոնյան) 07.10.2020 թվականի որոշմամբ վերադարձվել է:
Սույն կարգապահական վարույթի նյութերի համաձայն՝ թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով 15.10.2020 թվականին կրկին ներկայացված հայցադիմումը մակագրվել է Դատավորին և Դատավորը 30.11.2020 թվականի «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշմամբ, վկայակոչելով Օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ինքնաբացարկի հարցի քննարկման կարգին վերաբերող իրավակարգավորումները, թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով կողմերին բացահայտել է ինքնաբացարկի հիմքերը և հայտնել ինքնաբացարկ՝ արձանագրելով, որ. «Տվյալ դեպքում նկատի ունենալով որ պատասխանող Հրանտ Մերուժանի Գրիգորյանը հանդիսանում է իմ ազգականը, գտնում եմ, որ նշված հանգամանքը կողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իմ անաչառության մեջ»:
ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով վերոնշյալ հիմնավորումներով Դատավորի կողմից 30.11.2020 թվականին կայացված և օրինական ուժի մեջ գտնվող «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշումը Խորհրդին հնարավորություն է տալիս արձանագրել, որ Դատավորի և թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Հրանտ Մերուժանի Գրիգորյանի ազգականներ հանդիսանալու հանգամանքները համարվում են անվիճելի փաստեր, միաժամանակ Խորհուրդն առաջ անցնելով հարկ է համարում անդրադառնալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնված չլինելու հանգամանքի իրավաչափությանը:
Տվյալ դեպքում Օրենսգրքի 5-րդ, 71-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-29-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում Խորհուրդն հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը թե՛ Օրենսգրքով և թե՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով գործի՝ պարզեցված կամ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննության ենթակա լինելու հանգամանքով պայմանավորված չի տարանջատել այն հիմքերը, թե որ դեպքում պետք է Դատավորը ինքնաբացարկ հայտնի ընդհանուր հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործով և, որ դեպքերում պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործով, հետևաբար վերոնշյալ երկու վարույթների նկատմամբ էլ կիրառելի են ինքնաբացարկի ներկայացման և դրա լուծման միևնույն հիմքերը և կարգը:
Սույն կարգապահական վարույթի նյութերի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 19.06.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Մերուժանի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը մակագրվել է Դատավորին, որից հետո Դատարանի 27.06.2023 թվականի որոշմամբ վերոնշյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ և կիրառվել է պարզեցված վարույթ, եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 09.10.2023 թվականին, որից հետո Դատարանի 09.10.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Տվյալ դեպքում սույն կարգապահական վարույթի նյութերից հետևում է, որ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննված թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով և պարզեցված վարույթի կարգով քննված թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով պատասխանող է հանդիսացել Դատավորի հորեղբոր որդին՝ Հրանտ Մերուժանի Գրիգորյանը, մինչդեռ, Դատավորը ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով 30.11.2020 թվականին կայացրել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում, այնինչ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով զերծ է մնացել նման որոշում կայացնելուց և նման որոշում չկայացնելը՝ Լիազոր մարմնին ներկայացված բացատրությամբ հիմնավորել է այն հանգամանքով, որ ԱՐԴ/3270/02/20 և ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործերն իրենց բնույթով նույնական չեն և չեն կարող դրանց քննության ընթացքում կատարված գործողությունները համարվել նույնական հանգամանքներում կատարված գործողություններ:
Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 2.5-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել: Նման գործերը ներառում են, սակայն չեն սահմանափակվում այն դեպքերով, երբ՝ (…) 2.5.3 դատավորը կամ դատավորի ընտանիքի անդամը նյութական շահ ունի վեճի առարկա գործի ելքով: Նույն սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է: Իսկ նույն սկզբունքների 4.4-րդ կետի համաձայն՝ դատավորը չի մասնակցում այն գործի քննությանը, որում դատավորի ընտանիքի որևէ անդամ հանդես է գալիս որպես դատավարության կողմ կամ որևէ կերպ առնչություն ունի գործի հետ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադառնալով անկողմնակալության խնդրին՝ ընդգծել է, որ արտաքին դրսևորումները չափազանց կարևոր են և արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև պետք է տեսանելի լինի, որ այն իրականացվել է։ Կարևոր է վստահությունը, որը հասարակությունը պետք է ունենա ժողովրդավարական երկրում3: ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ հաշվի առնելով արտաքին դրսևորումների կարևորությունը՝ անկողմնակալության առնչությամբ կասկածներ առաջացնող իրավիճակի առկայությունը պետք է բացահայտվի քննության սկզբում4:
Տվյալ դեպքում Խորհուրդն էական է համարում սույն կարգապահական վարույթի շրջանակներում անդրադառնալ ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված վերաբերելի նախադեպային պրակտիկային և քննարկման առարկա դարձնել ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով Դատավորի կողմից ինքնաբացարկ չհայտնելու հանգամանքը՝ արձանագրելով, որ Դատարանի անկողմնակալության վերաբերյալ կասկածներ առաջացնող իրավիճակների առկայության վերաբերյալ հարցերը պետք է բացահայտվեն և քննարկման առարկա դառնան գործի քննության սկզբում, ինչը հնարավորություն կտա բացառել Դատարանի անկողմնակալության վերաբերյալ կասկածները:
Վերոնշյալի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Դատավորի կողմից 22.01.2024 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում դիրքորոշում է հայտնվել այն մասին, որ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործի վարույթ ընդունելու հարցը լուծելիս կասկածներ է ունեցել, որ տվյալ գործով որպես պատասխանող նշված անձ Հրանտ Մերուժանի Գրիգորյանը հանդիսանում է իր հորեղբոր որդին, սակայն կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում և վարույթ ընդունելու մասին որոշումը, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկը (բացարկ հայտնելու իրավունքի մասին նշում պարունակող) սահմանված կարգով ուղարկել է գործին մասնակցող անձանց:
Ինչ վերաբերում է ԱՐԴ/3270/02/20 և ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործերի բնութային տարբերություններին, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ և 167-րդ հոդվածներում տեղ գտած իրավակարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ գործի քննությունը հայցային վարույթի կարգով իրականացնելու պարագայում օրենսդիրը դատարաններին օժտել է անհրաժեշտ դատավարական գործիքակազմով, որոնք դատարանին հնարավորություններ են տալիս դատական նիստերի ընթացքում կատարվող տարբեր ընթացակարգային գործողությունների` մասնավորապես դատավարության մասնակիցների կազմը պարզելուց հետո, անհրաժեշտություն առաջանալու դեպքում անդրադառնալ ինքնաբացարկի հարցի քննարկմանը, որպիսի իրավակարգավորումը պարզեցված վարույթի առանձնահատկություններով պայմանավորված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխում ստացել է որոշակիորեն այլ բովանդակային ծանրաբեռնվածություն, մասնավորապես անդրադառնալով հայցային և պարզեցված վարույթներին վերաբերող իրավակարգավորումների համատեքստում սույն կարգապահական վարույթով քննարկման առարկա հանդիսացող ինքնաբացարկի ներկայացման հարցին, Խորհուրդը հարկ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլուխը ևս զերծ չի մնացել դատարաններին պարզեցված վարույթ կիրառած լինելու դեպքում որոշակի դատավարական հնարավորություններ տրամադրելուց, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի կարգավորման ուժով դատարանը գործը չի կարող քննել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ, հետևաբար դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը կայացնելուց հետո մինչև գործի քննության ավարտը կարող էր անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերելու միջոցով կրկին անդրադառնալ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործի վարույթ ընդունման հարցի քննարկման ընթացքում պատասխանող Հրանտ Մերուժանի Գրիգորյանի հասցեի և իր հորեղբոր որդին լինելու հանգամանքի վերաբերյալ ունեցած կասկածներին:
Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի կողմից թույլ է տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, և նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների խախտումների հատկանիշներ պարունակող արարք, մասնավորապես, Դատավորն իր հորեղբոր որդուն՝ Հրանտ Մերուժանի Գրիգորյանին վերաբերող թիվ ԱՐԴ/3270/02/20 քաղաքացիական գործով 30.11.2020 թվականին «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում կայացնելով, իսկ մեկ այլ՝ կրկին իր հորեղբոր որդի՝ Հրանտ Մերուժանի Գրիգորյանին վերաբերող թիվ ԱՐԴ/5110/02/23 քաղաքացիական գործով ինքնաբացարկ չհայտնելով, դրսևորել է հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր ձեռնամուխ լինել Հրանտ Մերուժանի Գրիգորյանի իր հորեղբոր որդին լինելու հանգամանքը պարզելուն:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորն իր գործունեության ընթացքում երբևէ չի ունեցել որևէ տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_____________________________
1 Տե՛ս ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունները. https://artsakhlib.am/wp-content/uploads/2020/09/Հովհաննես-Մանուկյան-ՀՀ-դատավորի-վարքագծի-կանոնագրքի-մեկնաբանություններ.pdf
2 Այս կապակցությամբ վկայակոչվել է Բարձրագույն դատական խորհրդի 29.11.2021 թվականի ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշումը, որով անդրադառնալով «անկողմնակալ դիտորդ» հասկացության բացահայտմանը, նշվել է հետևյալը. «Անկողմնակալ դիտորդ է համարվում այն անձը, ով անմիջականորեն ներգրավված չէ որոշակի իրավիճակում, հետևաբար, կարող է արդար կարծիք կամ որոշում հայտնել դրա վերաբերյալ (...): Վերոգրյալի համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անկողմնակալ դիտորդ կարող է լինել ցանկացած սուբյեկտ, բացի գործը քննող դատավորից և դատավարության մասնակիցներից»:
3 Տես՝ Micallef-ն ընդդեմ Մալթայի, 2009, § 98, Stoimenovikj-ը և Miloshevikj-ն ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի, 2021, § 40:
4 Տես՝ Nicholas-ն ընդդեմ Կիպրոսի, 2018, §§ 64-66:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Անդամներ`
Դեմ
Դեմ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ք. ՄԿՈՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2024 թվական: