ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 1994 թվականի N 577
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների եվ նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին
(վերնագիրը խմբ. 27.01.98 N 39)
Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների արդյունավետ օգտագործման, վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպման և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողով (այսուհետև` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել նրա կազմը, համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 27.01.98 N 39)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգը (կցվում է):
(2-րդ կետը խմբ. 27.01.98 N 39)
3. Վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակով ծրագրերի իրականացման գրասենյակներ (այսուհետև` ԾԻԳ), եթե համապատասխան վարկային համաձայնագրով այլ բան չի նախատեսված:
4. Սահմանել, որ ԾԻԳ-երի հաստիքացուցակները և աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են, իսկ դրանց տնօրեններին նշանակում են պաշտոնի և ազատում պաշտոնից տվյալ վարկային ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունը, պետական վարչությունը, գերատեսչությունը` խորհրդի հետ համաձայնեցնելով:
5. Սահմանել, որ ԾԻԳ-երի պահպանման ծախսերի ֆինանսավորումը վարկատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում, իրականացվում է համապատասխան վարկային միջոցների հաշվին:
6. Սահմանել, որ ԾԻԳ-ի կանոնադրությունը հաստատում է համապատասխան վարկային ծրագրի իրականացման համար լիազորված նախարարությունը, պետական վարչությունը, գերատեսչությունը` խորհրդի հետ համաձայնեցնելով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1994 թ. դեկտեմբերի 15-ի N 577 որոշման |
Կ Ա Զ Մ
(կազմը խմբ. 27.01.98 N 39)
Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարության տնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
ՀՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան վարչության պետ
ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն ծրագրերի գլխավոր վարչության պետ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Պետական գնումներ իրականացնող` ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի ղեկավարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների նպատակով մրցույթների կազմակերպման և պայմանագրերի կնքման կարգը:
(1-ին կետը փոփ. 27.01.98 N 39)
2. Մրցույթը վարկատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպությունների ընտրության ձև է` տվյալ վարկային ծրագիրն իրագործելու համար:
3. Սույն կարգի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
4. Վարկային միջոցների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (այսուհետև` ԾԻԳ) կողմից ընդունված և խորհրդի կողմից հաստատված որոշումների հիման վրա:
5. Վարկային ծրագրերի իրականացման ընթացքում նոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ԾԻԳ-երի կողմից ընդունված և խորհրդի կողմից հաստատված որոշումների հիման վրա:
II. Մրցույթների նախապատրաստումը և անցկացումը
6. Համապատասխան ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ԾԻԳ-երը, վարկատուի հետ համաձայնեցված, որոշում են մրցույթի անցկացման ձևը և մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը:
7. Համապատասխան ԾԻԳ-ը հրապարակայնորեն, զանգվածային լրատվության միջոցներով, հայտարարում է մրցույթի անցկացման մասին:
8. ԾԻԳ-ը, վարկատուի պահանջների համաձայն, պատրաստում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որը հաստատում են տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները:
9. Մրցույթի մասնակիցները համապատասխան ԾԻԳ-ից ձեռք են բերում մրցութային փաստաթղթերի փաթեթը (մրցութային առաջարկը):
10. Մրցութային առաջարկը մրցույթի մասնակիցների կողմից փակ, կնքված ծրարով (5 օրինակից) ներկայացվում է համապատասխան ԾԻԳ-ին:
11. Տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարները և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենը մրցույթի արդյունքների գնահատման նպատակով բացում են կնքված ծրարները, կազմելով արձանագրություն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
12. Խորհրդի անդամները դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մրցույթի կազմակերպմանը` վերահսկելու նպատակով:
13. Տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարները և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենը որոշում են կայացնում մրցույթի հաղթողի վերաբերյալ:
14. Խորհուրդն իր նիստում հաստատում է մրցույթի հաղթողի վերաբերյալ տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարների և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենի կողմից ընդունված որոշումը:
15. Այն դեպքում, երբ մրցույթի ներկայացված ապրանքների (ծառայությունների) արժեքը գերազանցում է 1 մլն ԱՄՆ-ի դոլարը, խորհրդի որոշումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(15-րդ կետը փոփ. 27.01.98 N 39)
16. Խորհրդի նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:
17. Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումը հաստատվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
18. Խորհրդի որոշման հիման վրա համապատասխան ԾԻԳ-ը, վարկային համաձայնագրով սահմանված կարգով, վարկատուի հետ համաձայնեցնում է մրցույթում հաղթողի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը, որից հետո տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և մրցույթում հաղթողի միջև կնքվում է պայմանագիր:
(կարգը փոփ. 27.01.98 N 39)