ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2024 թ. N 6-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՎԱԼԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 70-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի պահանջով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ ավագանին որոշում է`
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը` համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման իրականացման կարգը սահմանելու մասին» N 70-Ն որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -8
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -1
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2024 թ. փետրվարի 20 ք. Ջերմուկ |
Հավելված ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի N 6-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՎԱԼԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման հետ կապված հարաբերությունները (այսուհետ` պարտադիր բարեկարգում):
2. Պարտադիր բարեկարգումը միջոցառումների համալիր է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի պահպանմանն ու բարելավմանը, բնակչության բնակվելու պայմանների հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև համայնքի ճարտարապետական տեսքի պահպանմանը, որոնք իրականացվում են անշարժ գույքի պարտադիր ընթացիկ նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման և բարեկարգման միջոցով:
3. Պարտադիր բարեկարգման օբյեկտներն են` շենքերը, շինությունները և այլ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման հողամասերը և տարածքները:
4. Սույն կարգ գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող`
1) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
2) առանձին տեղակայված հասարակական, արտադրական և այլ ոչ բնակելի նշանակության շենքերի, շինությունների և կառույցների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
3) այգիներում, հանգստի գոտիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում գտնվող սրճարանների, բարերի, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի և տիրապետողների վրա,
4) ավտոկանգառների, ավտոկայանատեղերի, բենզալցակայանների և գազալցակայանների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի և տիրապետողների վրա,
5) բացօթյա շուկաների և տոնավաճառների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի և տիրապետողների վրա:
5. Պարտադիր բարեկարգման աշխատանքներն են`
1) անշարժ գույքի արտաքին մասի պատշաճ պահպանման (այդ թվում` լվացման) և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման, բարեկարգման (սալիկապատման կամ ասֆալտապատման) աշխատանքները և մաքրության պահպանումը.
2) կանաչապատման համար նախատեսված տարածքների, սիզամարգերի կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը.
3) անհրաժեշտ լուսավորության ապահովումը` անշարժ գույքի մուտքի համար.
4) շենքերին ու շինություններին հարակից բակային տարածքների պարբերաբար մաքրումը և կանաչապատումը.
5) թեթև կոնստրուկցիաներով (մետաղյա խողովակ, ցանց, ճաղեր և այլն) ցանկապատումը և դրանց փոխումը, փոխարինումը.
6) ներհամայնքային և միջհամայնքային նշանակության փողոցներում գտնվող առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների տոնական զարդարումը` Ամանորի և Ծննդյան տոներին` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:
6. Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը:
7. Շինարարության թույլտվություն պահանջող և չպահանջող բարեկարգման աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ։
8. Բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար անշարժ գույքի սեփականատերերի և տիրապետողների կողմից կարող են կատարվել տարածքների չափագրում, կազմվել անհրաժեշտ աշխատանքների ցանկ, իսկ վերականգնման, նորոգման, փոխարինման աշխատանքների դեպքում` թերությունների մասին արձանագրություն:
9․ Քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայությամբ միայն կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.
1) շենքի ճակատի ճարտարապետական նոր տարրերի ավելացում, դրանց փոխարինում կամ վերացում.
2) տանիքի ձևի, ծածկույթի նյութի և գույնի փոփոխում.
3) լոջիաների ապակեպատում կամ ներքին մակերևույթների գունային փոփոխություններ,
4) պատշգամբների բազրիքաճաղերի նկարվածքի և գույնի փոփոխություններ.
5) բնական քարե շարվածքով իրականացված շենքերի ճակատների նյութի, ֆակտուրայի փոփոխություն և ներկում, ինչպես նաև նոր բացվածքների բացում կամ գոյություն ունեցողների փակում:
10. Գործող ընթացակարգերով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներն իրականացվում են Ջերմուկի համայնքապետարանի կողմից տրված ճարտարապետական կամ ձևավորման նախագծին համապատասխան՝ համայնքի ղեկավարի համաձայնությունը ստանալուց հետո: Նախագիծը անվճար մշակվում և տրվում է Ջերմուկի համայնքապետարանի կողմից:
11. Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի և կառույցների ճակատների վերակառուցումը և նորոգումն իրականացվում է հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի համաձայնությամբ: Ընդ որում` պետական լիազոր մարմնի կողմից կարող են տրվել նորոգման կամ վերակառուցման լուծումների վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ներառվում են Ջերմուկի համայնքապետարանի կողմից տրվող ձևավորման նախագծում կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքում:
12․ Ջերմուկի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման (մասնագետի) կողմից Կարգի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում շենքի կամ շինության սեփականատիրոջը կամ տիրապետողին կարող են տրվել ցուցումներ անշարժ գույքի բարեկարգման և կատարվող այլ աշխատանքների իրականացման վերաբերյալ՝ հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը և նշելով ժամկետները:
13. Պարտադիր բարեկարգման պահանջներն են`
1) խանութների, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և այլ նմանատիպ օբյեկտների ցուցափեղկերը պետք է սարքավորված և ձևավորված լինեն պատշաճ ձևով և շահագործվեն սահմանված պահանջներին համապատասխան
2) մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
ա. ապահոված լինի տեսանելի մաքրությունը (փոշուց, աղբից, տերևներից և այլն) և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը, ընդ որում` մաքրման աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան ժամը 08։00-ից մինչև 09։00-ն և երեկոյան ժամը 18։00-ից մինչև 19։00-ն.
բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը.
գ. ձյան տեղումների ընդհատման ընթացքում մայթերի ասֆալտ-բետոնե ծածկերը և /կամ/ սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրվեն ձյան և սառույցի կուտակումներից.
դ. ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում, կամ ճամփեզրին.
ե. ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձյունից և սառույցից:
14. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումը իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:
15. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը անշարժ գույքի արտաքին ճարտարապետական ցանկացած փոփոխություն, այդ թվում արտաքին գովազդի տեղադրումը, համաձայնեցնում է համայնքի ղեկավարի հետ:
16. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը Կարգի համապատասխան` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրականացնում է ինքնուրույն կամ իր հաշվին` մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման միջոցով:
17. Այն դեպքում, երբ անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող են հանդիսանում մի քանի անձ, ապա դրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր բարեկարգման աշխատանքներին որոշվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքում նրանց մասնակցության բաժնին համամասնորեն:
18. Այն դեպքում, երբ հատկացված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքները, ինչպես նաև շենքի, շինության կամ դրանց տարածքի սեփականության կամ օգտագործման կամ այլ գույքային իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, ապա պարտադիր բարեկարգման և մաքրման է ենթակա այն տարածքը, որը փաստացի տիրապետվում է անշարժ գույքի տիրապետողի կողմից:
19. Անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների ծավալը որոշվում է`
1) կրպակների, տաղավարների կամ մանրածախ առևտուր իրականացնող այլ օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բնակչության կենցաղային և այլ սպասարկման օբյեկտների, ինչպես նաև առևտրի այլ օբյեկտների, ավտոտնակների համար` հատկացված կամ զբաղեցրած տարածքի պարագծից մինչև 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
2) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար` դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
3) առանձնատների համար` դրանց զբաղեցրած հողամասի պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
4) ավտոկանգառների, ավտոկայանատեղերի, բենզալցակայանների, գազալցակայանների, արդյունաբերական և շինարարական օբյեկտների համար` հատկացված և /կամ/ զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից 5-15 մետր կամ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
5) արդյունաբերական և շինարարական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 50 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
6) առողջապահական և կրթական օբյեկտների համար` հատկացված և /կամ/ զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից մինչև 10 մետր՝ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
7) շուկաների, տոնավաճառների, առևտրի կենտրոնների համար` հատկացված և /կամ/ զբաղեցված տարածքի պարագծից 5-10 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
8) առանձին դեպքերի համար կարող են կիրառվել սույն կետի 1-7-րդ ենթակետերում նշված ծավալներից տարբերվող ծավալներ՝ համաձայնեցնելով դրանք Ջերմուկի համայնքապետարանի հետ:
20. Սույն կարգով նախատեսված դրույթների խախտումն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ |
ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2024 թվական: