ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 295-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերով, 18-րդ հոդվածով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ և 12-րդ ենթակետերով, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 29-ի N 295-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Լիցենզավորման ենթակա զենքի արտադրությունը ներառում է լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտությունը, մշակումը, նորոգումը, փորձարկումը, պատրաստումը, հավաքումը, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստումը:
3. Լիցենզավորման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածով նախատեսված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքները, ծառայությունները, աշխատանքները և մտավոր գործունեության արդյունքները:
4. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
5. Եթե ռազմական նշանակության արտադրանքի արտադրության իրականացման համար լիցենզավորող մարմին դիմած իրավաբանական անձինք իրականացնելու են որոշման N 1 հավելվածի ՌՆ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ կետերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն, ապա ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիային կից տրամադրվում է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի ներդիր՝ համաձայն N 1 ձևի:
6. Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում: Միայն ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ունենալու հիմքով որոշման N 1 հավելվածի ՌՆ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ կետերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության կազմակերպումն արգելվում է:
7. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարող են իրականացնել որոշման N 1 հավելվածով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի:
8. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիայի տրման համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներով սահմանված կարգով և չափով։
9. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:
2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Լիցենզիա ստանալու հայտը լիցենզավորող մարմինը քննարկում է հայտն ստանալու օրվանից հաշված՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում, նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով:
11. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
12. Լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը պետք է բովանդակեն հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)`
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) լիցենզիայի գործողության ժամկետը.
5) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.
6) արտադրվող զենքի տեսակը.
7) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը.
8) գործունեության իրականացման վայրը (հասցեն).
9) ներդիրի համարը.
10) ներդիրը տալու ամսաթիվը, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում ռազմական նշանակության արտադրանքի տեսակը.
11) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
13. Ելնելով քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմական նշանակության արտադրանքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև քաղաքացիական և ծառայողական զենք և ռազմական նշանակության արտադրանք արտադրողների և օգտագործողների կյանքին, առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պարտադիր պայմանները և պահանջները՝
1) գործունեության իրականացման տարածքում ունենալ պահեստային շինություններ, զինասենյակներ, համապատասխան պահարաններ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 896-Ն որոշման պահանջներին.
2) գործունեության իրականացման տարածքում ունենալ տվյալ տեսակի արտադրանքի համար սահմանված տեխնիկական նորմերի պահանջներից շեղումներ ունեցող ապրանքների պահպանման համար խոտանի մեկուսարան, որը պետք է լինի օդափոխություն ունեցող փակ տարածքում, առանձնացված, առանց պատուհանի, «Խոտանի մեկուսարան» ցուցանակով.
3) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության արտադրական տարածքի հիմնական մուտքը պետք է ունենա մետաղահսկիչ սարքավորում՝ նախատեսված անձանց և իրերի համար.
4) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության հիմնական արտադրամասերի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով.
5) հիմնական արտադրություն իրականացնող շենքի և շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև կազմակերպության տարածք մտնող դարպասները պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.
6) որոշման N 1 հավելվածի ՌՆ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ կետերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի (այսուհետ՝ անվտանգության գոտի)՝ անվտանգության գոտուց պահպանելով առնվազն 30 մետր հեռավորություն բնակելի, պետական, հասարակական շենքերից, անկախ տարածքի (շինության) սեփականության կամ օգտագործման կամ վարձակալման կամ անհատույց օգտագործման իրավունքի տիրապետելու հանգամանքից՝ հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող նյութերի վտանգավորության աստիճանը.
7) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն արտադրություն, այդ թվում՝ դյուրավառ և պայթյունավտանգ նյութերի հետ տարվող աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված տարածքներում, արտադրանքի պահպանության համար նախատեսված պահեստային և այլ (զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ) տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր հստակության (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքն արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:
14․ Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների թիվը որոշվում են արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից՝ ելնելով արտադրվող քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից, պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից։
15. Սույն կարգի 5-րդ կետում նշված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար իրավաբանական անձինք մինչև ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտ ներկայացնելը լիցենզավորող մարմնին ներկայացնում են դիմում՝ սույն կարգի 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանների և պահանջների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
16. Փորձագիտական հանձնաժողովը ձևավորվում է սույն կարգի 5-րդ կետում նշված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներկայացված յուրաքանչյուր առանձին դիմումի դեպքում՝ դիմումը ներկայացնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
17. Փորձագիտական հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամներից: Փորձագիտական հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ այլ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացուցիչներ:
18. Փորձագիտական հանձնաժողովը ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց տարածքում ուսումնասիրություն կարող է կատարել, երբ ուսումնասիրության աշխատանքներին մասնակցում են փորձագիտական հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Փորձագիտական հանձնաժողովի անդամի կողմից երկու անգամ ուսումնասիրությանը չմասնակցելու, ինչպես նաև փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներին հետագա մասնակցության անհնարինության այլ դեպքերում տվյալ անդամը փոխարինվում է:
19. Փորձագիտական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է այն ստեղծվելու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացում: Փորձագիտական հանձնաժողովն իր եզրակացությունը տրամադրում է լիցենզավորող մարմնին:
20. Այն դեպքում, երբ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձը դիմում է սույն կարգի 5-րդ կետում նշված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու ներդիր ստանալու համար, նախքան ներդիր ստանալու մասին հայտը ներկայացնելը, լիցենզավորող մարմնին ներկայացնում է դիմում սույն կարգի 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանների և պահանջների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
21. Ռազմարդյունաբերական կլաստերի դեպքում պարագծով ցանկապատված անվտանգության միևնույն գոտում գտնվող և սույն կարգով լիցենզավորման ենթակա գործունեության միևնույն տեսակով զբաղվող իրավաբանական անձանց կողմից զբաղեցված տարածքները, շենքերն ու շինությունները կարող են միմյանցից ցանկապատված կամ առանձնացված չլինել:
22. Հայտատուն լիցենզիա և սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի համաձայն լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ, նշելով՝
ա. իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը), պետական գրանցման համարը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. քաղաքացիական և ծառայողական զենքի անվանումը, տեսակը և նկարագիրը, որը հայտատուն մտադիր է արտադրել,
դ. սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում ռազմական նշանակության արտադրանքի անվանումը, տեսակը և նկարագիրը, որը հայտատուն մտադիր է արտադրել.
2) հավատարմագրված կազմակերպության կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը.
3) կանոնադրությունը, որով ուղղակի նախատեսված է գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքը.
4) համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցների որակավորումը հավաստող փաստաթուղթը, աշխատանքային պայմանագրերի պատճենները, կամ քաղվածք՝ աշխատանքի ընդունման իրավական ակտից.
5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ.
6) սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում նաև փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը՝ սույն կարգի 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ.
7) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը.
8) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է՝
ա. համապատասխան մասնագիտական կրթություն կամ որակավորում ունեցող աշխատողներ ունենալը,
բ. քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը՝ ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչների չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմաններին բավարարելը:
23. Լիցենզիա և ներդիր ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
24. Լիցենզավորող մարմինն ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 13-րդ կետում նշված պայմաններին և պահանջներին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
25. Նախքան լիցենզիան և սույն կարգի 5-րդ կետով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներդիր տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության, իրավական ակտերին համապատասխանության, արտադրվող արտադրատեսակին, արտադրության անվտանգության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Ընդ որում, նշված մարմինները դիրքորոշումը տրամադրում են հարցումն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում լիցենզավորող մարմնից ստանալով լրացուցիչ տեղեկություններ: Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելիս կաշկանդված չի նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից տրամադրված դիրքորոշմամբ:
26. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 22-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովելով նաև սույն կարգի 25-րդ կետի պահանջները, տրամադրում է լիցենզիան կամ մերժում է լիցենզիայի տրամադրումը՝ օրենքով սահմանված կարգով:
27. Լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու հայտը մերժվում է, եթե`
1) հայտատուն անհրաժեշտ տեղեկություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկություններ, և, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել, ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությամբ կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ.
4) չի վճարվել օրենքով սահմանված պետական տուրքը:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր
_______________________________________________________________________________________
(լիցենզիայի սերիան, համարը, տրամադրման ամսաթիվը, ներդիրի համարը)
_________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
_______________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)
_______________________________________________________________________________________
(արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի անվանումը և տեսակը)
____________________________________________________
(տալու ամսաթիվը)
Գործողության ժամկետը՝ | անժամկետ |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
___________________ (ստորագրությունը) |
________________________ (անունը, ազգանունը) |
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 29-ի N 295-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ |
|
___________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
___________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)
Արտադրվող զենքի տեսակը _____________________________________________________
(քաղաքացիական, ծառայողական, փամփուշտ)
Գործողության ժամկետը՝ | անժամկետ |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
___________________ (ստորագրությունը) |
________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 29-ի N 295-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ |
|
___________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
___________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը)
Արտադրվող ռազմական նշանա- կության արտադրանքի տեսակը |
__________________________ |
Գործողության ժամկետը՝ | անժամկետ |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
___________________ (ստորագրությունը) |
________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: