Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2024 թվականի N 93-Լ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 5-րդ հոդվածը, ինչպես նաև «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 18-ի N 93-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1․ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու ծրագիրն (այսուհետ՝ նաև ծրագիր) ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսներին հասանելիության դյուրացմանը։

 

2․ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն ծրագրի շահառու են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրում կատարող ներդրումային ֆոնդերը, որոնք կառավարվում են առնվազն 1․000․000․000 (մեկ միլիարդ) ԱՄՆ դոլարի չափով ակտիվներ կառավարող կառավարիչների կողմից (այսուհետ՝ խոշոր ներդրող)։

 

3․ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՁԵՎԸ

 

3. Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 3,000,000,000 (երեք միլիարդ) դրամը։ Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր մասնակիցների կողմից ստանձնված հանձնառությունների կատարումից հետո։

4. Սույն ծրագրի իմաստով գերակա ոլորտներ են համարվում մշակվող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը:

 

4. ՓԱՅԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Շահառուի փայերը ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին)։ Շահառուի փայերի ձեռքբերման գործընթացը նախաձեռնում է վերջինիս կառավարիչը՝ լիազոր մարմնին ներկայացնելով համապատասխան հայտ (այսուհետ՝ հայտ), որի օրինակելի ձևը սույն որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում պետք է հաստատվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից։ Հայտին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը՝

1) ֆոնդի կանոնադրությունը (կանոնները).

2) խոշոր ներդրողի կողմից փայերի ձեռքբերման գործարքը հավաստող փաստաթղթերը.

3) ֆոնդում առկա ակտիվների վերաբերյալ տեղեկատվություն.

4) ֆոնդի մյուս մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն.

5) ֆոնդի կառավարչի վերաբերյալ տեղեկատվություն։

6. Ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը 20 տարի է՝ հաշված ներդրումը կատարելու օրվանից։ Ֆոնդում ներդրումների հետգնման ռազմավարություն (ելքի քաղաքականություն) պետք է իրականացվի մնացած ներդրողների հետ համաձայնեցված կանոններին համապատասխան։

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Լիազոր մարմինը սույն ծրագրի 5-րդ կետով նախատեսված հայտը դիտարկում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։

8. Հայտը լիազոր մարմնի կողմից մերժվում է եթե՝

1) լիազոր մարմին են ներկայացվել կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

2) հայտատուն հրաժարվում է տրամադրել լիազոր մարմնի կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկություն, որն անհրաժեշտ է ծրագրի հետ համապատասխանությունը ստուգելու համար.

3) հայտատուն չի համապատասխանում սույն ծրագրի պահանջներին։

9. Հայտի բավարարման դեպքում լիազոր մարմինն այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ կնքվում է փայերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր, որի օրինակելի ձևը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից։ Պայմանագրում պետք է ներառվեն առնվազն հետևյալ պայմանները՝

1) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվելիք ներդրման ծավալները.

2) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցների ներդրումը բացառապես Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններում.

3) ֆոնդի ներդրումային գործունեության ոլորտը, թիրախները և սահմանափակումները.

4) ֆոնդի շահույթի բաշխման կարգը.

5) փայերի ձեռքբերումը.

6) Ֆոնդի ծախսերի փոխհատուցումը ներդրողների կողմից և նոր ներդրողների մասնակցությունն արդեն իսկ կատարված ներդրումներին.

7) Ֆոնդի ներդրումային քաղաքականությունը` ներառյալ ծրագրի շահառուների ընտրության չափանիշները և ծրագրում մասնակցության պայմանները.

8) Ֆոնդի (կառավարչի) հաշվետվողականությունը։

10. Սույն ծրագրով նախատեսված հայտին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում տասնօրյա ժամկետում հայտն էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին՝ նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ՝ առնվազն 10 (տասը) աշխատանքային օր։ Սույն կետով նախատեսված կարգով վերադարձված հայտը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիտարկվում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։

11. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուին հայտի մերժման մասին՝ նշելով մերժման հիմքը։

12. Ծրագրի շահառու ներդրումային ֆոնդերը պետք է հրապարակեն արտաքին աուդիտի դրական եզրակացությունը, ինչպես նաև իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իրենց պաշտոնական կայքերում կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական՝ https://www.azdarar.am/ ինտերնետային կայքում։ Միևնույն ժամանակ վերջիններս մինչև յուրաքանչյուր հարկային տարվա վերջ պետք է լիազոր մարմին ներկայացնեն իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները՝ կազմված համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների։ Սույն կետով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդրված միջոցները մեկամսյա ժամկետում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

13. Սույն ծրագրով հայտերը կարող են ներկայացվել լիազոր մարմին՝ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան