«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 1996 թվականի N 36
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետությունում բժշկական ԵՎ դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին
Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության բարելավման և կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեությունը ենթակա է պետական մասնագիտական լիցենզավորման:
Պետական մասնագիտական լիցենզավորումը բժշկական և դեղագործական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու իրավունքի հավաստումն է, որն ամրագրվում է սահմանված կարգով տրված լիցենզիայով:
2. Պետական մասնագիտական լիցենզավորման ենթակա են բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից, գերատեսչական ենթակայությունից), ինչպես նաև ֆիզիկական անձինք` բժիշկները, պրովիզորները, միջին բուժաշխատողները և դեղագործները:
3. Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում ստեղծված պետական մասնագիտական լիցենզավորման կենտրոնական հանձնաժողովի որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
Լիցենզավորման ենթակա բժշկական և դեղագործական գործունեության տեսակները և ծավալները, լիցենզավորման չափանիշները, կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
(3-րդ կետը փոփ. 24.06.96 N 188)
4. Սահմանել, որ լիցենզիան տրվում է մինչև 5 տարի ժամկետով:
Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ այն անվավեր ճանաչելու դեպքերում սահմանված կարգով տրվում է նոր լիցենզիա:
5. Իրավաբանական և ֆիզիկական անձի կողմից իրականացվող լիցենզավորող գործունեության տեսակների քանակը չի սահմանափակվում:
6. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրականացնելու բժշկական և դեղագործական գործունեություն միայն տրված լիցենզիայով սահմանված շրջանակներում:
7. Լիցենզիայի տրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափով գանձվում է վճար և մուծվում պետական բյուջե:
8. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
9. Լիցենզիայի տրման անհիմն մերժման կամ դրա տրման սահմանված ժամկետի խախտման հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից առանց համապատասխան լիցենզիայի կամ լիցենզիայով չսահմանված բժշկական ու դեղագործական գործունեությամբ զբաղվելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Մինչև սույն որոշման կիրարկումը սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք ենթակա են լիցենզավորման մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ իրավաբանական անձինք` մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մինչև նշված ժամկետների ավարտը պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած ժամանակացանկին համապատասխան:
(11-րդ կետը փոփ. 01.04.97 N 59, խմբ. 31.03.98 N 212)
12. Հայաստանի Հանրապետության` առողջապահության նախարարությանը`
ա) եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 3-րդ կետի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 10-րդ կետից բխող` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություն:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.06.2002, N 867 | 27.07.2002, N 36 | |
30.05.2000, N 277 | 25.06.2000, N 36 | |
31.03.1998, N 212 | 10.05.1998, N 36 | |
01.04.1997, N 59 | 01.05.1997, N 36 | |
24.06.1996, N 188 | 24.06.1996, N 36 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|