Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
01.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2643/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2643/05/22

Նախագահող դատավոր՝

 Կ. Բաղդասարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի սեպտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 125/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 22.12.2021 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 125/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 22.12.2021 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Միաժամանակ միջնորդել է կասեցնել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 125/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 22.12.2021 թվականի կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վարչական ակտը)։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2022 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.08.2022 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.05.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանը (ներկայացուցիչ` Լուսինե Գրիգորյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ և 10-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը:

Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Իրավունքի պետական գրանցման վարչական ակտի կասեցումը ոչ թե գրանցման՝ որպես ուղղակի գործողության կասեցումն է, ինչպես նշել է սույն գործով Վերաքննիչ դատարանը՝ պատճառաբանելով, որ գրանցումը դեռևս 22122021 թվականին իրականացված և ավարտված է, այլ գրանցման՝ որպես վարչական ակտի կասեցումն է, որն իրենից ենթադրում է վարչական ակտից բխող բոլոր գործողությունների «սառեցումը, կասեցումը»։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և բավարարել վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկությանը:

 

Արդար դատաքննության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նաև պարտավորեցնում է բավարարել դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010թ. վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002թ. վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի 19.03.1997թ. վճիռը, կետ 40):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու և վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ եթե վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դատարանը դեռևս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան՝ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նաև շահագրգիռ անձինք: Նույն հանձնարարականով նաև նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես, երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, և եթե prima-facie առկա են վարչական ակտի առոչնչության վերաբերյալ ապացույցներ:

Իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ամրագրված հայցի ապահովման և վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը, ամրագրելով հայցի ապահովման միջոցի կիրառման հիմքերը, միաժամանակ այս ինստիտուտի կիրառումը հնարավոր է համարել միայն պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի առնչությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը վիճարկման հայցերի առնչությամբ սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ եղանակ՝ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մի կողմից՝ վիճարկման հայցի, մյուս կողմից՝ մյուս հայցատեսակների առնչությամբ հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակների ընտրության հարցում օրենսդրի տարբերակված մոտեցումն իր հիմքում ունի օբյեկտիվ չափանիշ նման տարբերակված մոտեցումը պայմանավորված է նրանով, որ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտերը, որպես կանոն, իրենց բնույթով ինքնակատարվող դատական ակտեր են, և Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակը, ելնելով նշված իրողությունից, նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ։

ՀՀ սահմանադրական դատարանը, 29122020 թվականի թիվ ՍԴԱՈ-248 որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ եղանակ։ Մասնավորապես, վիճարկման հայցի դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով՝ վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառություններով)։ Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած՝ նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն և, այդպիսով, չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ վիճարկման հայցի պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսել է ոչ թե հայցի ապահովման միջոցի, այլ՝ նախնական իրավական պաշտպանության կիրառման հնարավորություն՝ այն է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում, դրանով իսկ որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով հայցվորին՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով։ Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերը, այն է՝ վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդադառնալով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերին, նշել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

(...) Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայութունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը, եզրահանգել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։

(…) Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս, Սոֆիա Խաչատրյանը և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս հայցվորից պահանջվում է ներկայացնել փաստեր և փաստարկներ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը։

Անդրադառնալով «վարչական ակտի կատարման կասեցում» հասկացության բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում այդ հասկացության բովանդակությունը բացահայտել կասեցմամբ հետապնդվող իրավական նպատակի համատեքստում, այն է՝ նախնական պաշտպանության միջոցի կիրառմամբ ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը՝ հայցվորի դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է կասեցման ժամանակահատվածում դրա գործողության ժամանակավոր դադարեցում, որպիսի պայմաններում այդ ժամանակահատվածում տվյալ վարչական ակտն իրավական հետևանքներ առաջացնել չի կարող, և ըստ այդմ՝ բացառվում է հայցվորին այդ ակտի գործողության արդյունքում վնաս պատճառելու և (կամ) դատական պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությունը։ Վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է այնպիսի գործողություններ կատարելու արգելք, որոնք կատարելու իրավազորությունը բխում է տվյալ վարչական ակտից։ Ընդ որում, այդ արգելքները կարող են վերաբերել ինչպես վարչական ակտի հասցեատիրոջը, այնպես էլ իրավասու վարչական մարմիններին։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում «վարչական ակտի կատարման կասեցում» հասկացության բովանդակությունը պայմանավորված է, ի թիվս այլնի, նրանով, թե ինչ գործի կարգավորման նպատակով է տվյալ վարչական ակտն ընդունված։ Այլ կերպ՝ այն սահմանափակումները և (կամ) արգելքները, որոնք բխում են տվյալ կոնկրետ վարչական ակտի կատարումը կասեցնելուց, սերտորեն կապված են դրա բնույթի և կարգավորման առարկայի հետ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիմնական հասկացությունները սահմանող 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումը նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պետական գրանցումն ընդգրկում է`

1) գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.

2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը»:

Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:

 Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ իրավունքի պետական գրանցումը, օժտված լինելով վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հատկանիշներով, վարչական ակտ է, ուժի մեջ է մտնում գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով։

 ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը որպես անշարժ գույքի նկատմամբ ցանկացած հիմքով սեփականության իրավունքի ծագման պահ է ճանաչում այդ իրավունքի պետական գրանցման պահը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածը որպես պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահ է ճանաչում այդ իրավունքի պետական գրանցման պահը, եթե այդպիսի իրավունքն օրենքով ենթակա է գրանցման: Բացի գործարքից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ գլխի դրույթները որպես գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմք են ճանաչում, ի թիվս այլնի, նաև անձի կողմից իր համար նոր անշարժ գույքի ստեղծումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդված), ձեռքբերման վաղեմությունը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդված): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ և 187-րդ հոդվածները համապատասխանաբար նշված հիմքերով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը ևս պայմանավորում են այդ իրավունքի պետական գրանցման պահով:

 Հիմք ընդունելով նշված իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի պետական գրանցումը վարչական ակտ է, որի հիմքով ծագում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքը նույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն բացառությունների շրջանակում է, երբ դատարանի հայեցողությանն է թողնված նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքի (հիմքերի) առկայության պայմաններում վարչական ակտի կատարումը կասեցնելը։ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված բացառությունն է այն դեպքը, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)։

Հաշվի առնելով, որ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու դեպքում գրանցման՝ որպես վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը վիճարկում է իրավունքի պետական գրանցման հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

-օրենսդիրը նախատեսել է իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորություն,

-դատարանը կարող է իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնել Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքի/հիմքերի առկայության դեպքում։

Ըստ այդմ՝ հայցվորից պահանջվում է իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացնել փաստեր և փաստարկներ վիճարկվող իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումին կից ներկայացնելով միջնորդություն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ և դրանով ներկայացնելով զգալի վնասի և/կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի վերաբերյալ փաստարկներ՝ հայցվորը հայցում է ոչ թե իրավունքի պետական գրանցման կասեցում, այլ իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարման կասեցում։ «Իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցում» և «իրավունքի պետական գրանցման կատարման կասեցում» հասկացություններն էապես տարբերվում են առաջին դեպքում խոսքը վերաբերում է մինչև վարչական ակտի ընդունումը տեղի ունեցող գործընթացի, երկրորդ դեպքում՝ վարչական ակտի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցող գործընթացի։

 Հաշվի առնելով իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի առանձնահատկությունը և ելնելով վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի՝ արդյունավետ դատական պաշտպանություն ապահովելու նպատակից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այնպիսի գործարքներ կնքելու արգելք, որոնք կնքելու իրավազորությամբ գրանցված իրավունքի իրավատերն օժտվում է տվյալ իրավունքի պետական գրանցման՝ վարչական ակտի ընդունման ուժով։ Իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է նաև այդ գործարքները վավերացնելու, դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու՝ իրավասու մարմիններին ուղղված արգելք։

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել վիճարկման հայց՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 125/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 22.12.2021 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հայցադիմումին կից ներկայացվել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություն» վերտառությամբ փաստաթուղթ, որով հայցվորը խնդրել է «կասեցնել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 125/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ 22.12.2021 թվականի կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը/վարչական ակտը/»։ Նշված միջնորդությունը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով, վկայակոչվել են այս նորմի մեկնաբանության և կիրառման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով 25062021 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները։ Ի հիմնավորումն վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության՝ հայցվորը փաստարկել է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ սույն գործի դատական քննության ընթացքում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից ք Երևան, Արշակունյաց պողոտա 125/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումն անհնարին կդարձնի սնանկ ճանաչված հայցվորի իրավունքների պաշտպանությունը։ Ըստ հայցվորի՝ «այս պնդումը ոչ թե ուղղակի ենթադրություն է, այլ ողջամիտ, հիմնավոր կասկած, քանի որ բանկի հիմնական նպատակը դրամաշրջանառության ապահովումն է, և իրավակիրառ պրակտիկայում բոլոր բանկերը հիմնականում օտարում են իրենց անվամբ սեփականության իրավունքով գրանցված գույքերը» (հավելված 1, գթ 15-17)։

Դատարանը 04052022 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժելու մասին» որոշում։ Քննարկելով հայցվորի՝ «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը»՝ Դատարանը 04052022 թվականի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշել է «Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին, մերժել»։ Դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության մերժումը պատճառաբանել է հետևյալ կերպ«(․․․) դեռևս 22.12.2021 թվականին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 125/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի սեփականության իրավունքը: Այսինքն, սեփականության իրավունքի պետական գրանցման գործողությունը իրականացված և ավարտված է, ուստի Դատարանի գնահատմամբ միջնորդությունը ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը 29.08.2022 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ անհիմն համարելով բողոքաբերի փաստարկն առ այն, որ ներկայացված միջնորդությամբ ոչ թե խնդրել է կասեցնել պետական գրանցումը որպես գործողություն, այլ խնդրել է կասեցնել պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, «քանի որ սեփականության իրավունքի պետական գրանցման գործողությունն արդեն իսկ կատարված է, այսինքն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն արդեն իսկ գրանցված է և այդ գրանցումը՝ որպես վարչական ակտ կասեցնելու իրավակարգավորում, օրենսդիրը չի նախատեսել»։

Վերը շարադրված դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Դատարանի կողմից՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, ըստ էության, այն հիմնավորմամբ, որ իրավունքի պետական գրանցումը՝ որպես գործողություն, արդեն կատարված և ավարտված է։ Այսինքն՝ հայցվորի միջնորդությունը Դատարանի կողմից ընկալվել է որպես իրավունքի պետական գրանցման գործընթացը կասեցնելու, այլ ոչ թե իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, և նման ընկալման պայմաններում միջնորդության փաստարկներն ըստ էության քննարկման առարկա չեն դարձվել։ Մինչդեռ, հայցվորի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» միջնորդության բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ ներկայացվել է ոչ թե խնդրո առարկա իրավունքի պետական գրանցման գործընթացը կասեցնելու, այլ իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։ Մասնավորապես, հայցվորն իր միջնորդությունը վերնագրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն», որպես միջնորդության իրավական հիմք նշել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ նշված նորմի մեկնաբանության ու կիրառման վերաբերյալ համապատասխան իրավական դիրքորոշումներ, ներկայացրած փաստարկներով փորձել է հիմնավորել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերից մեկի՝ հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը։

 Ըստ այդմ՝ Դատարանի կողմից միջնորդության քննության շրջանակներում քննարկման առարկա պետք է դարձվեր նման հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը։ Մինչդեռ, նշված հարցը Դատարանի կողմից բովանդակային քննարկման առարկա չի դարձվել, գնահատական չի տրվել։

 Վճռաբեկ դատարանը վերաքննիչ բողոքի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ հայցվորը վերաքննիչ բողոքում, մասնավորապես, փաստարկել է, որ «Դատարանը սխալ է ըմբռնել ներկայացված միջնորդությունը, քանի որ հայցվորը ներկայացված միջնորդությամբ ոչ թե խնդրել է կասեցնել պետական գրանցումը՝ որպես գործողություն, այլ խնդրել է կասեցնել պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, այլ կերպ՝ գրանցման ակտը, քանի որ գրանցումը որպես գործողություն արդեն իսկ կատարված է և հենց այդ հիմքով էլ ներկայացվել է վիճարկման հայց»։

 Վերաքննիչ դատարանը, սակայն, նշված փաստարկն անհիմն է համարել՝ վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարաննն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հայցվորի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ խնդրանքը սխալմամբ դիտարկելով որպես իրավունքի պետական գրանցման գործընթացը կասեցնելու վերաբերյալ խնդրանք, ըստ էության քննարկման առարկա չեն դարձրել հայցվորի՝ իր իրավունքների պաշտպանության անհնարինության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին փաստարկները։ Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այդ նորմի հիմքով ներկայացված միջնորդության ըստ էության քննարկումը ենթադրում է նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերից որևէ մեկի առկայությունը/բացակայությունը պարզելու և գնահատելու դատարանի պարտականություն։

 Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 04.05.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ուստի այն ենթակա է վերացման։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները վերացնելու պայմաններում հայցվորի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» միջնորդությունը պետք է ըստ էության քննարկման առարկա դառնա ՀՀ վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքի առակայության/բացակայության հարցը ստորադաս դատարանների կողմից ըստ էության քննարկման առարկա չի դարձվել։ Այս հանգամանքի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը չի կարող ըստ էության գնահատական տալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքի առակայության/բացակայության հանգամանքին, քանի դեռ այդ հարցն ըստ էության քննարկման առարկա չի դարձվել ստորադաս դատարանների կողմից։ Ըստ այդմ՝ բողոքաբերի պահանջը՝ իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու մասով, բավարարման ենթակա չէ։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.08.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 04.05.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան