ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածում`
1) 12-րդ մասը «առանց պայմանագրի կնքման» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ մասերով.
«Առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` յուրաքանչյուր վաճառողին վերաբերող սխալ տեղեկության համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածում «158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսանմեկերորդ մասերով» բառերը փոխարինել «158 հոդվածի երկրորդ, երրորդ, քսանմեկերորդ, քսաներեքերորդ և քսանչորսերորդ մասերով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 12 Երևան ՀՕ-142-Ն |