Գլխավոր տեղեկություն
Համար
N 274-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.26/16(1105).1 Հոդ.218.14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 23.11.23 N 2024-Ն)


19 մարտի 2015 թվականի N 274-Ն

ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ու անձնագրավորման մասին» N 346 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 19-ի N 274որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման հետ կապված հարցերը:

2. Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այսուհետ` շենքեր ու շինություններ) տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման, անձնագրավորման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով:

3. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան, շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից (այսուհետ` կատարող)` պայմանագրային հիմունքներով: Արդյունքում տրվում է տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը շենքի կամ շինության տեղեկատվական ու կոնստրուկտիվ բնութագրերի և դրա հետագա շահագործման, վերակառուցման կամ քանդման, իսկ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դեպքում` ամրակայման, նորոգման, վերականգնման կամ բացառիկ դեպքերում փոփոխման վերաբերյալ եզրահանգումների հետ, հավելվածի տեսքով, ներառվում է շենքի կամ շինության անձնագրում:

4. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կամ անձնագրավորումը պատվիրվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (իսկ կառավարման մարմնի բացակայության դեպքում՝ համայնքի), անհատական բնակելի տների սեփականատերերի (իսկ սեփականության իրավունք գրանցված չլինելու դեպքում՝ դրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր ունեցող անձանց), հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների սեփականատերերի, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից:

5. Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են` ելնելով շենքերի ու շինությունների պահպանման, հուսալի և անվտանգ շահագործման, վերակառուցման կամ քանդման, բնական աղետների հետևանքների վերացման անհրաժեշտությունից:

6. Շենքի կամ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը կամ անձնագիրը կատարողի կողմից պատվիրատուին է հանձնվում պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողի կողմից ներկայացվող հաշվետվության կազմում դրանք հիմք են հանդիսանում քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի կողմից վարվող` շենքերի ու շինությունների անձնագրային տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի համալրման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 25
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, N 2024-Ն 24.11.2023, N 274-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան