Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-293-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2008-23.03.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.07/1(591) Հոդ.6
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի գործունեության իրավական, կազմակերպական և տնտեսական հարաբերությունները, սահմանում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի պետական կարգավորման հիմունքները, ինչպես նաև կարգավորում է երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի փոխհարաբերությունները պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ:

 

Հոդված 2. Երկաթուղային տրանսպորտի գործունեության հիմունքները

 

1. Երկաթուղային տրանսպորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միասնական տրանսպորտային համակարգի բաղկացուցիչ մասը:

2. Երկաթուղային տրանսպորտը բաղկացած է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտից, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտից, ինչպես նաև կազմակերպությունների տեխնոլոգիական երկաթուղային տրանսպորտից, որոնք նախատեսված են այդ կազմակերպությունների սեփական կարիքների համար:

3. Սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Երկաթուղային տրանսպորտի գործունեության իրականացման սկզբունքներն են`

1) աշխատանքի անխափանությունը և կայունությունը.

2) մատուցվող ծառայությունների մատչելիությունը, անվտանգության և որակի ապահովումը:

5. Հայաստանի Հանրապետությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում առաջացած խնդիրների լուծումն ապահովում է արդյունավետ կարգավորման և վերահսկողության միջոցով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի զարգացմանն իր մասնակցությամբ:

6. Երկաթուղային տրանսպորտի գույքը կարող է գտնվել պետական սեփականության և (կամ) սեփականության այլ ձևերի ներքո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Երկաթուղային տրանսպորտի գույքը կարող է փոխանցվել կոնցեսիոն պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) երկաթուղային տրանսպորտ` ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակ, որը, հանդիսանալով ընդհանուր արտադրատեխնոլոգիական համակարգ, ներառում է արտադրական նշանակության կազմակերպություններ.

2) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ` արտադրատեխնոլոգիական համալիր, որը ներառում է երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքները, երկաթուղային շարժակազմը, այլ գույք, որը նախատեսված է ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետության կարիքների ապահովման նպատակով երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու, ինչպես նաև այդ փոխադրումների հետ կապված աշխատանքների (ծառայությունների) իրականացման (մատուցման) համար.

3) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ` արտադրատեխնոլոգիական համալիրների համակցություն, որը ներառում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, շենքեր, կառույցներ, շինություններ, առանձին դեպքերում նաև երկաթուղային շարժակազմ, ինչպես նաև այլ գույք, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց կարիքների ապահովման համար այն աշխատանքներում (ծառայություններում), որոնք իրականացվում (մատուցվում) են ոչ ընդհանուր օգտագործման վայրերում` պայմանագրի հիման վրա, կամ սեփական կարիքների համար.

4) երկաթուղային տրանսպորտի գործունեություն` երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն.

5) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածք (այսուհետ` ենթակառուցվածք)` տեխնոլոգիական համալիր, որը ներառում է ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և այլ շինություններ, երկաթուղային կայարաններ, էլեկտրամատակարարման կառույցներ, կապի ցանցեր, ազդանշանային համակարգեր, կենտրոնացումներ և պատնեշումներ, տեղեկատվական համալիրներ և երթևեկության կառավարման համակարգ, այլ շենքեր, կառույցներ, շինություններ և սարքավորումներ, որոնք ապահովում են այդ համալիրի գործունեության իրականացումը.

6) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր` երկաթուղային կայարանների տարածքներում երկաթուղային գծեր, որոնք բաց են գնացքների ընդունման և ուղարկման, տեսակավորման և մանևրային աշխատանքների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների ընդունման և հանձնման, ուղևորների սպասարկման համար գործողությունների իրականացման, ինչպես նաև այն երկաթուղային գծերը, որոնք միացնում են վերոհիշյալ կայարանները.

7) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր` երկաթուղային մերձատար գծեր, որոնք անմիջականորեն կամ այլ երկաթուղային մերձատար ուղիների վրայով սահմանակցում են ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին և նախատեսված են առանձին օգտագործողների` պայմանագրի հիման վրա երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մատուցման կամ սեփական կարիքների նպատակով աշխատանքների իրականացման համար.

8) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր օգտագործող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սեփականության կամ օգտագործման իրավունքով ունի ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, ինչպես նաև շենքեր, շինություններ, կառույցներ, այլ օբյեկտներ, որոնք կապված են տրանսպորտային աշխատանքների իրականացման և երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մատուցման հետ.

9) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներ` երկաթուղիներ, կամուրջներ, թունելներ, դրանց սպասարկման և նորոգման օժանդակ կառույցներ ու շինություններ. երկաթուղային կայարաններ, էլեկտրամատակարարման կառույցներ, կապի ցանցեր, ազդանշանային համակարգեր, կենտրոնացումներ և պատնեշումներ, տեղեկատվական համալիրներ և երթևեկության կառավարման համակարգ, երկաթուղային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը և փոխադրումների գործընթացի կազմակերպումն ապահովող շինություններ ու կառույցներ, երկաթուղային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկման կայաններ ու կետեր (դեպոներ), նորոգման գործարաններ, երկաթուղային տրանսպորտի գործունեության իրականացումն ապահովող այլ շենքեր, կառույցներ, շինություններ և սարքավորումներ.

10) ընդհանուր օգտագործման վայրեր` ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, փակ և բաց պահեստներ, ինչպես նաև երկաթուղային կայարանի տարածքում հատուկ առանձնացված հողատարածքներ, որոնք պատկանում են ենթակառուցվածքի սեփականատիրոջը և օգտագործվում են երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների կողմից` բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, բեռի պահպանման գործողությունների իրականացման համար, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների բեռնարկղերի, ուղեբեռների պահպանման համար.

11) ոչ ընդհանուր օգտագործման վայրեր` ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, փակ և բաց պահեստներ, ինչպես նաև երկաթուղային կայարանի տարածքում գտնվող հողատարածքներ, որոնք չեն պատկանում ենթակառուցվածքի սեփականատիրոջը կամ նրա կողմից տրված չեն վարձակալության և օգտագործվում են բեռների բեռնման, բեռնաթափման, երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների բեռնարկղերի բեռնման և բեռնաթափման համար.

12) երկաթուղային շարժակազմ` գնացքաքարշեր (լոկոմոտիվներ), բեռնատար վագոններ, ուղևորատար վագոններ, շարժիչավագոնային շարժակազմ, ինչպես նաև այլ շարժակազմ, որը նախատեսված է փոխադրումների իրականացման և ենթակառուցվածքների գործունեության համար.

13) փոխադրման գործընթաց` կազմակերպական և տեխնոլոգիական փոխկապակցված գործողությունների ամբողջություն, որն իրականացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման, իրականացման և ավարտման ժամանակ.

14) երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողներ` ուղևոր, բեռնառաքող (առաքող) կամ բեռ ստացող (ստացող), այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտվում է երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվող երկաթուղային տրանսպորտի ծառայություններից (աշխատանքներից).

15) ենթակառուցվածքի սեփականատեր կամ կառավարիչ (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ)` իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի ենթակառուցվածք և երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա և պայմանագրի հիման վրա ենթակառուցվածքն օգտագործում է երկաթուղային տրանսպորտի ծառայություններ մատուցելու նպատակով.

16) ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետ` ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն)` ենթակառուցվածքի կառավարչի կազմած տարեկան տեղեկատվություն` ենթակառուցվածքի օգտագործման պայմանների, հիմնական բեռնման-բեռնաթափման կետերի միջև փոխադրման տևողության (նվազագույն և առավելագույն ժամկետների), երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների բեռնափոխադրումների առավելագույն սակագների և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած այլ տեղեկատվության վերաբերյալ.

17) փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով և փոխադրման պայմանագրով պարտավորվում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով փոխադրել ուղևորներ, առաքողի կողմից իրենց վստահված բեռ, ուղեբեռ, բեռնածանրոց` առաքման կետից մինչև նշանակման վայր, ինչպես նաև հանձնել բեռը, ուղեբեռը դրանց ստացման համար իրավասու անձին, և կատարում է նշված գործառույթները` օգտագործելով երկաթուղային շարժակազմը և այլ համապատասխան սարքեր.

18) բեռնառաքող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փոխադրման պայմանագրով և (կամ) փոխադրման փաստաթղթով հանդես է գալիս իր կամ բեռի, ուղեբեռի, բեռնածանրոցի սեփականատիրոջ անունից և որպես առաքող պատասխանատվություն է կրում փոխադրման փաստաթղթերը լրացնելու և փոխադրման վճարները վճարելու համար.

19) բեռ ստացող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավասու է ստանալու բեռը, ուղեբեռը, բեռնածանրոցը.

20) երկաթուղային շարժակազմի օպերատոր (այսուհետ` օպերատոր)` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի վագոններ, բեռնարկղեր և պայմանագրի հիման վրա փոխադրողի հետ մասնակցում է փոխադրման գործընթացին` իրենց պատկանող վագոնների և բեռնարկղերի օգտագործմամբ.

21) երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման ապահովում` տնտեսական, կազմակերպաիրավական, տեխնիկական և այլ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց կողմից` կանխարգելելու համար երկաթուղային տրանսպորտային պատահարների առաջացումը և նվազեցնելու քաղաքացիների կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին վնասի պատճառման ռիսկը.

22) երկաթուղային տրանսպորտային պատահար` իրադրություն, որն առաջանում է երկաթուղային շարժակազմի երթևեկության ժամանակ, շարժակազմի մասնակցությամբ, և որի հետևանքով վնաս է պատճառվում քաղաքացիների կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին.

23) երկաթուղային տրանսպորտի օբյեկտների հողեր` հողեր, որոնք օգտագործվում են կամ նախատեսված են երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների գործունեության և (կամ) շենքերի, կառույցների, շինությունների և երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտների շահագործման ապահովման համար, այդ թվում նաև` հողատարածքներ, որոնք գտնվում են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների հողերի օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում.

24) երկաթուղու օտարման շերտ (այսուհետ` օտարման շերտ)` հողատարածքներ, որոնք հարակից են երկաթուղային գծերին, նախատեսված են երկաթուղային կայարանների, ջրահեռացման և ամրացման կառույցների, երկաթուղային գծերի երկայնքով ձգվող անտառային պաշտպանական գոտիների, կապի գծերի, էլեկտրամատակարարման կառույցների, արտադրական և այլ շենքերի, կառույցների, շինությունների և երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտների տեղակայման համար.

25) երկաթուղու պաշտպանական գոտիներ` հողատարածքներ, որոնք անհրաժեշտ են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների պահպանության, դիմացկունության և կայունության ապահովման համար, հարակից են այն հողատարածքներին, որոնք նախատեսված են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների տեղակայման, ձյան ու ավազի կուտակումներից և այլ բացասական ազդեցություններից երկաթուղիների պահպանության ապահովման համար.

26) ուղևոր` անձ, որը երթևեկության փաստաթղթով (տոմսով) երթևեկում է գնացքով, կամ ունի երթևեկության փաստաթուղթ և գտնվում է երկաթուղային կանգառի, երկաթուղային կայարանի կամ ուղևորների համար նախատեսված կառամատույցների տարածքում` նշված ուղևորությունից անմիջապես առաջ կամ հետո.

27) բեռ` իրեր, այլ նյութական արժեքներ, որոնք երկաթուղային տրանսպորտի բեռնային վագոնով տեղափոխման համար փոխադրման պայմանագրով ընդունել է փոխադրողը.

28) ուղեբեռ` իրեր, այլ նյութական արժեքներ, որոնք ուղևորն ուղարկում է լրացուցիչ վճարով ուղեբեռային վագոնով, ապահովված փոխադրման փաստաթղթերով և հետևում են նույն ուղղությամբ, ինչ որ ուղևորը.

29) բեռնածանրոց` բեռ, որը սահմանված կարգով ընդունվել է ֆիզիկական կամ իրավաբանական անձից` ուղևորատար, փոստաուղեբեռային կամ բեռնաուղևորատար գնացքով փոխադրելու համար.

30) վտանգավոր բեռ` բեռ, ուղեբեռ, բեռնածանրոց, որոնք իրենց քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ կամ այլ հատկությունների պատճառով փոխադրման, մանևրային, բեռնման-բեռնաթափման և պահպանման ժամանակ կարող են դառնալ պայթյունի, հրդեհի, քիմիական կամ այլ տիպի վարակի պատճառ, կամ վնաս հասցնել տեխնիկական միջոցներին, սարքերին, սարքավորումներին և երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտներին, երրորդ անձանց, ինչպես նաև քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, շրջակա միջավայրին.

31) հատուկ երկաթուղային փոխադրումներ` երկաթուղային փոխադրումներ, որոնք նախատեսված են հատուկ պետական և պաշտպանական կարիքների համար, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորների երկաթուղային փոխադրումներ.

32) գնացք` վագոնների ձևավորված և հատուկ կազմ` մեկ կամ մի քանի գործող երկաթուղային շարժակազմերով կամ շարժիչային վագոններով, որոնք սարքավորված են անվտանգ երթևեկության համար.

33) սակագին` դրույքաչափ, որը սահմանվում է փոխադրողի կողմից երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների համար.

34) ենթակառուցվածքի օգտագործման վճար` փոխադրողի կողմից ենթակառուցվածքի օգտագործման համար ենթակառուցվածքի կառավարչին տրվող վճար.

35) փոխադրման փաստաթղթեր` անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ուղեկցում են ուղևորին, բեռին, ուղեբեռին, բեռնածանրոցին` երկաթուղային տրանսպորտով փոխադրման ընթացքում.

36) երկաթուղային կայարան (կանգառ)` կետ, որը երկաթուղային գիծը բաժանում է գծանցների կամ բլոկ-տեղամասերի, ապահովում է ենթակառուցվածքի գործունեությունը, ունի գծային կառույցների զարգացում, որը թույլ է տալիս իրականացնել գնացքների ընդունման, ուղարկման և վազանցման, ուղևորների սպասարկման, բեռների, ուղեբեռների (բեռնածանրոցների) ընդունման, հանձնման գործողություններ, իսկ զարգացած գծային կառույցների դեպքում իրականացնել գնացքների մանևրային և տեսակավորման, անջատման և կցման աշխատանքներ, ինչպես նաև գնացքների հետ կապված տեխնիկական այլ գործողություններ.

37) ցածր ծանրաբեռնվածության գծեր (տեղամասեր)` ոչ բարձր բեռնածանրաբեռնվածությամբ և աշխատանքի ցածր արդյունավետությամբ ընդհանուր օգտագործման ուղիներ.

38) հատուկ նշանակության վագոններ` միայն որոշակի տեսակի բեռների փոխադրման համար նախատեսված, ինչպես նաև իզոթերմիկ, երկաթուղային գծերի տեղակայման, հրդեհաշեջ և այլ նշանակության մասնագիտացված վագոններ.

39) երկաթուղային գծի տեխնիկական անձնագիր` փաստաթուղթ, որը պարունակում է երկաթուղային գծի տեխնիկական չափանիշներ` թեքություններ, վտանգավոր հատվածներ ու տեղամասեր, երաշխավորվող շարժման արագություններ, կառույցների տեսակներ ու դրանց տեղաբաշխումը.

40) երկաթուղային տրանսպորտով միջազգային հաղորդակցություն` ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների և փոստի փոխադրում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև:

 

Հոդված 4. Երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 5. Պետական կարգավորման սկզբունքները

 

1. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով`

1) պետության, երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների և ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների շահերի ապահովում.

2) երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև նրա համալիր զարգացման ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության ապահովում.

3) ենթակառուցվածքի կառավարչի և փոխադրողների հետ համատեղ իրականացվող փոխադրման գործընթացի անընդհատության ապահովում.

4) երկաթուղային տրանսպորտի բնագավառում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովում.

5) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովում.

6) օգտագործման միանման և անխտրական վճարների կիրառում.

7) մրցակցության զարգացում և երկաթուղային տրանսպորտի ծառայությունների շուկայի հիմնում:

 

Հոդված 6. Կառավարության իրավասությունները երկաթուղային տրանսպորտի բնագավառում

 

1. Երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականությունը մշակում և իրականացնում են կառավարությունը և նրա լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

2. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում կառավարությունն իրականացնում է հետևյալ իրավասությունները`

1) երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականության մշակում և իրականացում.

2) կառավարության կողմից ֆինանսավորում կամ կառավարում պահանջող երկաթուղային տրանսպորտի բնագավառի զարգացման ծրագրերի հաստատում.

3) պետության կողմից երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների ստեղծում, վերակազմակերպում և լուծարում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկում` երկաթուղային տրանսպորտի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման, օգտագործման վճարների և սակագների առավելագույն դրույքաչափերի հաստատման համար.

5) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկի հաստատում.

6) վտանգավոր բեռների ցանկի և դրանց փոխադրման կարգի հաստատում.

7) օրենքով նախատեսված այլ իրավասություններ:

 

Հոդված 7. Լիազոր մարմնի իրավասությունները

 

1. Լիազոր մարմինն իրականացնում է հետևյալ իրավասությունները`

1) երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացում.

2) երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական կառավարման իրականացում.

3) երկաթուղային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության ապահովում.

4) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունում և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

5) օրենքով սահմանված կարգով երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորում.

6) երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.

7) երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոնների և ենթակառուցվածքից օգտվելու պայմանների հաստատում.

8) ենթակառուցվածքի կառավարչի, փոխադրողների և երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործունեություն իրականացնող այլ անձանց փոխհարաբերությունները կանոնակարգող կանոնների ընդունում.

9) օրենքով նախատեսված այլ իրավասությունների իրականացում:

2. Երկաթուղային տրանսպորտի շահագործման, երթևեկության և այլ տեխնիկական միջոցների անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովման նպատակով լիազոր մարմինը`

1) իրականացնում է երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողություն և կարգավորում, այդ թվում նաև` տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննություն և հաշվառում.

2) մշակում և իրականացնում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման ոլորտում պետական քաղաքականություն.

3) իրականացնում է երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն:

 

Հոդված 8. Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպողների պարտականությունները

 

Ենթակառուցվածքի կառավարիչը, փոխադրողները, բեռնառաքողները և փոխադրման գործընթացի այլ մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում ապահովում են`

1) ուղևորների անվտանգ երթևեկության պայմանները.

2) բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրման անվտանգությունը, անկորստությունը և ժամկետները.

3) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգությունը.

4) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումը:

 

Հոդված 9. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործունեության կազմակերպման լիցենզավորումը

 

1. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործունեության կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լիցենզիայի տրման համար տարեկան պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով ու կարգով:

 

Հոդված 10. Ստանդարտացումը և չափումների միասնականության ապահովումը երկաթուղային տրանսպորտում

 

Ստանդարտացումը և չափումների միասնականության ապահովումը երկաթուղային տրանսպորտում իրականացվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

 

Հոդված 11. Սակագները և օգտագործման վճարները երկաթուղային տրանսպորտում

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով)`

1) մշակում և հաստատում է օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը (մեթոդիկան).

2) հաստատում և իրականացնում է օգտագործման վճարի հաշվարկը:

2. Օգտագործման վճարների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ ենթակառուցվածքի կառավարչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

3. Օգտագործման վճարների հաստատման մասին հայտը կառավարչի կողմից ներկայացվում է Կարգավորող հանձնաժողով` դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 90 օր առաջ: Կարգավորող հանձնաժողովը օգտագործման վճարների հաստատման մասին որոշումն ընդունում է դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 60 օր առաջ, բացառությամբ`

1) ենթակառուցվածքի կառավարչի գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի գործունեության օգտագործման վճարների, որոնք ուժի մեջ են մտնում Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում.

2) եթե Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

4. Օգտագործման վճարների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված օգտագործման վճարների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովն ընդունում է օգտագործման վճարների սահմանման վերաբերյալ նոր որոշում:

5. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ենթակառուցվածքի կառավարչի գործունեության երկարաժամկետ օգտագործման վճար, իսկ անհրաժեշտության դեպքում` դրա ճշգրտման սկզբունքները:

6. Օգտագործման վճարները պետք է արտահայտեն որոշակի թվային արժեք:

7. Օգտագործման վճարը կարող է վերանայվել ենթակառուցվածքի կառավարչի նախաձեռնությամբ:

8. Կարգավորող հանձնաժողովը լիազոր մարմնի առաջարկությամբ կարող է վերանայել գործող օգտագործման վճարը և սահմանել նոր վճար` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն:

9. Ենթակառուցվածքի կառավարիչը կարող է կիրառել Կարգավորող հանձնաժողովի սահմանած վճարից ավելի ցածր վճար` բացառելով գնային խտրականությունը: Ավելի ցածր վճար կիրառելու արդյունքում ենթակառուցվածքի կառավարչի կրած հնարավոր վնասները Կարգավորող հանձնաժողովի կողմից չեն փոխհատուցվում:

10. Ենթակառուցվածքի կառավարիչը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և հանձնաժողովի կողմից պահանջվող այլ տեղեկատվությունն անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով` վերջինիս սահմանած ձևերով և կարգով:

11. Կարգավորող հանձնաժողովը օպերատորի բողոքի դեպքում իրավասու է վերահսկողություն իրականացնելու ենթակառուցվածքի կառավարչի կողմից օգտագործման վճարների կիրառման ճշտության նկատմամբ, ինչպես նաև ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր` օգտագործման վճարների կիրառման մասով:

12. Կարգավորող հանձնաժողովը ենթակառուցվածքի կառավարչի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող կարգավորմանը վերաբերող հաշիվներ և ենթահաշիվներ:

13. Կարգավորող հանձնաժողովն ընդունում է որոշումներ, որոնցով ապահովում է օգտագործման վճարների կիրառումը:

14. Միջազգային փոխադրումների սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

15. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում կառավարությունն իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու երկաթուղային տրանսպորտի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման համար, ներառյալ` օգտագործման վճարների և սակագների սահմանումը:

 

Հոդված 12. Ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը

 

1. Ենթակառուցվածքի կառավարիչն առնվազն տարին մեկ անգամ պետք է կազմի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն և հրապարակի այն:

2. Ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է ենթակառուցվածքից օգտվելու ռեժիմի բնութագիրը, այդ թվում` ենթակառուցվածքի օգտագործման պայմանները, լիազոր մարմնի տրամադրած լիցենզիայի համաձայն ենթակառուցվածքից օգտվելու պայմանները, հիմնական բեռնման-բեռնաթափման կետերի միջև փոխադրման տևողությունը (նվազագույն և առավելագույն ժամկետները), երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների բեռնափոխադրումների առավելագույն սակագները և կառավարության սահմանած այլ տեղեկատվություն:

3. Ենթակառուցվածքի կառավարիչը ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, այնուհետև հրապարակում և կիրառում իր գործունեության ընթացքում:

4. Ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունում ներառվող տեղեկատվությունների ցանկը և ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը:

5. Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 13. Ենթակառուցվածքի օգտագործման վճարների ձևավորման սկզբունքները

 

1. Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման վճարների ձևավորման սկզբունքներն են`

1) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

3) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

4) ծառայությունների տեսակներով և առանձնահատկություններով պայմանավորված օգտագործման վճարների տարբերակումը.

5) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

6) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ` հիմնավորված ծախսերի ներառումը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:

2. Երկաթուղային տրանսպորտի ոլորտում գնագոյացման պետական կարգավորման սկզբունքներն ուղղված են ենթակառուցվածքի մենաշնորհային բաղադրիչի, այսինքն` ենթակառուցվածքի հիմնական միջոցների շնորհած շուկայական հզորությունը սահմանափակելու միջոցով տնտեսական արդյունավետությունը խրախուսելուն, որն իրականացվում է ենթակառուցվածքի օգտագործման ոչ խտրական վճարների կիրառման միջոցով, որոնք նվազագույնի են հասցնում մրցակից փոխադրողների համար ենթակառուցվածքի օգտագործման խոչընդոտները: Գնագոյացման վերահսկողությունը կիրառվում է ենթակառուցվածքի օգտագործման վճարների և ոչ թե երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների համար փոխադրողի սահմանած վերջնական սակագների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների համար փոխադրողի սահմանած սակագները կարող են սահմանափակվել միջազգային համաձայնագրերով կամ արտակարգ իրավիճակներում կամ մենաշնորհային դիրքի չարաշահման կամ տնտեսության համար վտանգավոր կամ ոչ նպաստավոր գործունեության դեպքերում կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն սակագներով:

 

Հոդված 14. Երկաթուղային տրանսպորտի հողերի օգտագործման պետական կարգավորման առանձնահատկությունները

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի հողերը տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով:

2. Երկաթուղային տրանսպորտի հողերի օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Երկաթուղիների և երկաթուղային այլ օբյեկտների անվտանգ շահագործման, ինչպես նաև բնակչության, երկաթուղային տրանսպորտի աշխատողների և ուղևորների անվտանգության ապահովման նպատակով սողանքների, փլուզումների, ողողումների և այլ բացասական ազդեցությունների ենթակա տեղերում սահմանվում են պաշտպանական գոտիներ, որոնցում գործում է հողերի օգտագործման և դրա նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ:

4. Երկաթուղու օտարման շերտերի և պաշտպանական գոտիների չափերը և օգտագործման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 15. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, ձեռքբերումը և պահպանումը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի օբյեկտների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, ներառյալ` էլեկտրաֆիկացումը և այդ ուղիների վրա տեղակայված կառույցների, այդ թվում` կամուրջների, թունելների, երկաթուղային անցումների կառուցումը, ինչպես նաև այդ ոլորտի, քաղաքացիական պաշտպանության համակարգի մոբիլիզացիոն օգնությունը, փոխադրման համար շարժակազմի և հատուկ նշանակության վագոնների ձեռքբերումն իրականացվում են ենթակառուցվածքի կառավարչի, փոխադրողների, իրավաբանական և այլ անձանց սեփական միջոցների կամ պետական բյուջեի միջոցների հաշվին` կապիտալ ներդրումների և միջոցների սահմաններում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներով նախատեսված են այդ նպատակների համար:

2. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների, այդ թվում նաև` երկաթուղային կայարանների, կամուրջների, ուղևորների համար նախատեսված կառամատույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը (ներառյալ` էլեկտրաֆիկացումը և պահպանումը), բեռների փոխադրման համար երկաթուղային շարժակազմի, բեռնարկղերի, ուղևորափոխադրումների համար էլեկտրագնացքների (վագոնների) ձեռքբերումը, բնակելի տների և ոչ արտադրական նշանակության օբյեկտների կառուցումն իրականացվում են ենթակառուցվածքի կառավարչի, փոխադրողների և իրավաբանական անձանց միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

3. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, ձեռքբերումը և պահպանումը կարող են իրականացվել պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե դրանք նախատեսված են համապատասխան պետական նպատակային ծրագրերով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 16. Ենթակառուցվածքի կառավարչին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է `

1) ունենալ երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա.

2) ունենալ ենթակառուցվածքների տարրեր, տեխնիկական միջոցներ, հատուկ ծրագրային միջոցներ, որոնք օգտագործվում են փոխադրման գործընթացի կազմակերպման համար.

3) ունենալ համապատասխան որակավորմամբ աշխատողներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

4) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտականությունների կատարումը, որոնք կարգավորում են երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումները.

5) երկաթուղային տրանսպորտի ծառայություններ մատուցելու համար հրապարակել ենթակառուցվածքի վերաբերյալ սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվությունը:

2. Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է չխոչընդոտել այլ օպերատորների մուտքը` ապահովելով ենթակառուցվածքից օգտվելու հավասարության սկզբունքը, որը, անկախ փոխադրողների և օպերատորների կազմակերպաիրավական և սեփականության ձևից, բոլորի համար նախատեսում է ենթակառուցվածքի օգտագործման հավասար պայմաններ:

 

Հոդված 17. Փոխադրողներին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Փոխադրողը պարտավոր է`

1) ունենալ երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա` ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումների իրականացման համար.

2) ունենալ երկաթուղային լոկոմոտիվներ և այլ շարժակազմ սեփականության կամ այլ իրավունքով` փոխադրումներ իրականացնելու համար.

3) ունենալ համապատասխան որակավորմամբ աշխատողներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

4) կնքել համապատասխան պայմանագրեր ենթակառուցվածքների օգտագործմամբ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Նշված պայմանագրերի կարևորագույն պայմաններն են վագոնահոսքերի կազմակերպումը, վագոնների և շարժակազմերի օգտագործման կարգավորումը, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և շահագործման կարգի սահմանումը, կողմերի պատասխանատվությունն այն պարտականությունների կատարման համար, որոնք բխում են երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս.

5) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտականությունների կատարումը, որոնք կարգավորում են երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումները.

6) ուղևորի համար տեսանելի վայրում տեղադրել իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի և դրանց սակագների մասին տեղեկատվություն:

2. Երկաթուղային տրանսպորտի կոնցեսիայի, կառավարման կամ մասնավորեցման ցանկացած պայմանագրի համար ենթակառուցվածքից օգտվելու պայմանները սահմանվում են կոնցեսիոն համաձայնագրում կամ մասնավորեցման պայմանագրում:

3. Լրացուցիչ փոխադրողների կամ երրորդ կողմի համար սահմանվում են ենթակառուցվածքից օգտվելու թույլտվության պայմանների և օգտագործման վճարի չափի նույնպիսի դրույթներ, ինչպիսիք սահմանված են եղել նախնական կոնցեսիոների կամ մասնավոր օպերատորի համար և ուժի մեջ են յուրաքանչյուր լրացուցիչ մուտքի ժամանակ:

4. Ենթակառուցվածքը շահագործող մեկից ավելի փոխադրողների դեպքում նրանք առաջնորդվում են ենթակառուցվածքից օգտվելու պայմաններով և վճարում են օգտագործման վճարները, որոնք սահմանված են ենթակառուցվածքի կառավարչի հրապարակած` ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության մեջ:

 

Հոդված 18. Երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ընթացքում այլ աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Ընդհանուր օգտագործման վայրերում բեռների բեռնման, բեռնաթափման, կշռման, կայարաններում և երթևեկության ընթացքում ուղևորների սպասարկման հետ կապված գործողությունները, ինչպես նաև այլ աշխատանքները (ծառայությունները), որոնք կապված են ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների և երկաթուղային տրանսպորտով փոխադրման կազմակերպման և իրականացման հետ, բեռնառաքողների (առաքողների), բեռ ստացողների (ստացողների), ենթակառուցվածքի կառավարչի և փոխադրողների հետ պայմանագրով կարող են իրականացվել այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների, ծառայությունների իրականացման համար կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պետք է ապահովվեն համապատասխան որակավորում ունեցող աշխատողներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենքով նախատեսված դեպքերում պետք է ունենան երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա:

 

Հոդված 19. Ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրում իրականացնելու հիմքերը

 

1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումը երկաթուղային տրանսպորտով իրականացվում է Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքված փոխադրման պայմանագրերով:

2. Երկաթուղային տրանսպորտով միջազգային հաղորդակցությամբ ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

3. Երկաթուղային տրանսպորտով փոխադրումների իրականացման ընթացքում փոխադրողների և ենթակառուցվածքի կառավարչի միջև հարաբերությունները կարգավորվում են ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին նրանց միջև կնքված պայմանագրերով:

4. Երկաթուղային տրանսպորտով ուղևորների երթևեկությունն իրականացվում է երթևեկության փաստաթղթերով: Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:

5. Երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների, ինչպես նաև ենթակառուցվածքի կառավարչի պահանջով փոխադրողները պարտավոր են ներկայացնել օրենքով նախատեսված երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա:

6. Երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների պահանջով ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է ներկայացնել իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց արժեքների և պայմանների մասին տեղեկատվությունը:

 

Հոդված 20. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և դրանց վրա տեղակայված շինություններն ու սարքերը պետք է պահվեն երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների պահպանմամբ այնպիսի տեխնիկական վիճակում, որը համապատասխանում է լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրի պայմաններին, ինչպես նաև իրավական ակտերի, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին:

2. Լիազոր մարմինն իրավունք ունի երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպություններում ստուգելու երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի և բեռնարկղերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարումը:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը և կառուցումն իրականացվում են կառավարության սահմանած կարգով:

4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին իրականացվում է գործող քաղաքաշինական և ճանապարհաշինական նորմերին համապատասխան` լիազոր մարմնի համաձայնությամբ:

5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ` ենթակառուցվածքի կառավարչի առաջարկների հիման վրա:

6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ինչպես նաև ցածր ծանրաբեռնվածության գծերի և ուղեմասերի փակումն ու ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման գծերի` իրականացվում է լիազոր մարմնի առաջարկության հիման վրա` կառավարության թույլտվությամբ:

7. Պետական, սոցիալական կամ պաշտպանական նշանակության ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի փակման անհնարինության դեպքում կառավարության կողմից սահմանվում է այդ երկաթուղային գծերի պահպանման և ֆինանսավորման աղբյուրը:

8. Գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, պահպանման (այդ թվում նաև` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:

9. Լիազոր մարմինն իրավասու չէ մերժելու երկաթուղային կայարանների գործարկումը, եթե դրանք համապատասխանում են նախագծման, կառուցման, շահագործման հանձնման և շահագործման այլ պահանջներին և եթե չեն խախտել սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև համապատասխան տեխնիկական նորմերի պահանջները:

10. Գնացքների ժամանման և մեկնման, ուղեբեռների, բեռների և բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, պահպանման (այդ թվում նաև` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների փակումն իրականացվում է կառավարության թույլտվությամբ:

11. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին, ինչպես նաև մշտական շահագործման համար ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկման համաձայնություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 21. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և նրանց վրա տեղակայված շինություններն ու սարքավորումները պետք է ապահովեն բեռների ռիթմիկ բեռնումն ու բեռնաթափումը, փոխադրումների ծավալին համապատասխան մանևրային և տեսակավորման աշխատանքները, ինչպես նաև երկաթուղային շարժակազմի արդյունավետ օգտագործումն ու պահպանությունը:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա տեղակայված շինությունների ու սարքավորումների կառուցվածքներն ու դրանց վիճակը պետք է համապատասխանեն շինարարական նորմերին ու կանոններին և ապահովեն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա տեխնիկական բեռնվածության նորմերին համապատասխան վագոնների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում սպասարկման համար նախատեսված շարժակազմերի բացթողումը:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերը, երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջները պահպանելով, իրենց հաշվին ապահովում են նշված գծերի պահպանումը:

4. Եթե ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում կատարվում է այնպիսի երկաթուղային շարժակազմի գծանցում, որի շահագործումն իրականացվում է նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա, ապա ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը պետք է համապատասխանեն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի համար սահմանված պահանջներին:

5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման և բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշումն իրականացվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:

6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:

7. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի մշտական շահագործման համար գործարկումը, ինչպես նաև երկաթուղուն շարժակազմի գծանցումն իրականացնում է լիազոր մարմնի ստեղծած հանձնաժողովը` այդ երկաթուղային գծի շահագործման ընդունումից հետո: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում լիազոր մարմնի ներկայացուցիչը, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչը և այն ենթակառուցվածքի կառավարիչը կամ նրա ներկայացուցիչը, որի գծին են հատվում տվյալ երկաթուղային գծերը:

8. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային յուրաքանչյուր գիծ պետք է ունենա տեխնիկական անձնագիր, նախագիծ (պլան) և կառույցների գծագրեր:

9. Լիազոր մարմինն իրավունք ունի ստուգելու երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, շարժակազմի և բեռնարկղերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարումը:

10. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման ու բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատման համաձայնություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 22. Երկաթուղային շարժակազմին և բեռնարկղերին ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների համար նախատեսված երկաթուղային շարժակազմը և բեռնարկղերը, անկախ իրենց պատկանելիությունից, պետք է բավարարեն համապատասխան ստանդարտների և նորմերի, ինչպես նաև լիազոր մարմնի հաստատած` երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոնների պահանջները:

2. Վագոնների հիմնական վերանորոգումից հետո ենթակառուցվածքի կառավարիչն ստուգում է դրանց տարայի զանգվածը:

3. Երկաթուղային շարժակազմի գծանցման կարգը, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և հակառակը, սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 23. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի կառավարումը

 

1. Գնացքների երթևեկության կազմակերպումն իրականացվում է գնացքների երթևեկության ժամանակացույցին համապատասխան: Գնացքների երթևեկության ժամանակացույցը հաստատում է ենթակառուցվածքի կառավարիչը:

2. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոխադրողները, ուղևորները, բեռնառաքողները և բեռ ստացողներն իրավասու են ենթակառուցվածքի կառավարչի քննարկմանը ներկայացնելու գնացքների երթևեկության ժամանակացույցերի կատարելագործման մասին առաջարկություններ: Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է գնացքների երթևեկության ժամանակացույցերի կատարելագործման մասին առաջարկն ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, քննարկել այն և դիմողին գրավոր տեղեկացնել ընդունված որոշման մասին:

3. Ենթակառուցվածքի սահմաններում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի կառավարումն իրականացվում է այդ ենթակառուցվածքի կառավարչի կողմից, կամ ենթակառուցվածքի կառավարչի և փոխադրողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

4. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, ֆիզիկական անձինք իրավասու չեն միջամտելու ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի փոխադրման գործընթացի կառավարմանը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հոդված 24. Երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտի այլ տեսակների փոխհարաբերությունների ընթացքում առաջացած վեճերի կարգավորումը

 

Երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտի այլ տեսակների փոխհարաբերությունների ընթացքում առաջացած վեճերի կարգավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 25. Երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտի հիմնական դրույթները

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային կայարանները, ուղևորների համար նախատեսված կառամատույցները, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների հետ կապված երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտները հանդիսանում են առավել վտանգավոր գոտիներ և անհրաժեշտության դեպքում պետք է պարսպապատվեն ենթակառուցվածքի կառավարչի (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի) միջոցների հաշվին:

2. Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատում է կառավարությունը:

3. Օբյեկտները, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրությունը, բեռնումը, փոխադրումը և բեռնաթափումը, պետք է տեղադրվեն ընդհանուր օգտագործման երկաթուղիներից և նրանց վրա տեղակայված շենքերից, շինություններից և կառույցներից այնպիսի հեռավորության վրա, որը կապահովի երկաթուղային տրանսպորտի անվտանգ գործունեությունը: Ընդհանուր օգտագործման երկաթուղիներից նշված օբյեկտների և նրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների, կառույցների, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների և այլ վերգետնյա և ստորգետնյա կառույցների հատման վայրերից նվազագույն հեռավորությունը սահմանում է կառավարությունը:

4. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերը պատասխանատվություն են կրում նշված կառույցների շինարարության և շահագործման սահմանված նորմերի պահպանման և նշված օբյեկտների գործունեության անվտանգության ապահովման համար: Նշված կառույցների սեփականատերերը պարտավոր են ժամանակին տեղեկացնել ենթակառուցվածքի կառավարչին վթարավտանգ իրավիճակների առաջացման մասին, որոնք կարող են ազդել երկաթուղային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման վրա, ինչպես նաև տեղեկացնել վթարների կանխման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին:

5. Հատուկ և վտանգավոր բեռների փոխադրման, բեռնման ու բեռնաթափման ժամանակ բեռնառաքողները և բեռ ստացողները պետք է ապահովեն այդ փոխադրումների, բեռնման ու բեռնաթափման անվտանգությունը, ինչպես նաև ունենան վթարային իրավիճակների և դրանց հետևանքների վերացման համար նախատեսված համապատասխան միջոցներ: Ենթակառուցվածքի կառավարիչը և փոխադրողներն իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ պարտավոր են մասնակցել տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը:

6. Երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

7. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնների խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8. Երկաթուղային գծերի ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը և երկաթուղիների հատման կանոնները, երկաթուղային գծանցների շահագործման պայմանները, դրանց գործարկման և փակման կարգը սահմանում է կառավարությունը:

9. Երկաթուղային տրանսպորտում անվտանգությունն ապահովում է ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայությունը, որը հանդիսանում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություն: Ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց գործունեությունն իրականացնելու նպատակով տրվում է վկայական, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը: Ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել և կիրառել ծառայողական զենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 26. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում բնապահպանական, հրդեհային անվտանգության, ինչպես նաև ազգաբնակչության սանիտարահամաճարակային պահպանության ապահովումը

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում բնապահպանական, հրդեհային անվտանգության, ինչպես նաև ազգաբնակչության սանիտարա-համաճարակային անվտանգության աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 27. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում օբյեկտների և բեռների պահպանությունը

 

1. Փոխադրման ողջ ընթացքում և երկաթուղային կայարաններում բեռների և օբյեկտների պահպանությունը կարող է իրականացվել համապատասխան մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

2. Փոխադրման ողջ ընթացքում և երկաթուղային կայարաններում բեռների, ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի օբյեկտների պահպանության իրականացման հետ կապված միջադեպերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը:

 

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում երկաթուղային տրանսպորտի աշխատանքների կազմակերպումը

 

1. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում փոխադրման գործընթացի մասնակիցների գործողությունները սահմանում է լիազոր մարմինը: Նման դեպքերում բեռնառաքողը և բեռ ստացողը կարող են ապահովել իրենց ներկայացուցիչների ներկայությունը տրանսպորտային պատահարների համապատասխան վայրերում:

2. Ենթակառուցվածքի կառավարիչները և փոխադրողները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն երկաթուղային տրանսպորտի աշխատանքների խախտման պատճառ հանդիսացող տրանսպորտային պատահարների, տարերային աղետների (սահքեր, ջրհեղեղներ, հրդեհներ և այլն) հետևանքների վերացման ուղղությամբ: Ենթակառուցվածքի կառավարիչները և փոխադրողները սեփական միջոցների հաշվին պետք է ունենան արտակարգ իրավիճակների վերացման ստորաբաժանումներ, տեխնիկական և նյութական միջոցներ:

3. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում փոխադրման գործընթացի մասնակիցների գործողությունները վերահսկում է լիազոր մարմինը (ստորաբաժանումը):

4. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, օգնություն են ցուցաբերում ենթակառուցվածքի կառավարիչներին և փոխադրողներին` մարդկանց կյանքին և առողջությանը, երթևեկության անվտանգությանը, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների պահպանությանն արտակարգ իրավիճակների հետևանքով սպառնացող վտանգի վերացման աշխատանքների իրականացման ժամանակ:

5. Բնապահպանական, հրդեհային, սանիտարահամաճարակային, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման աշխատանքներն իրականացվում են ենթակառուցվածքի կառավարիչների և փոխադրողների միջոցների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

 

Հոդված 29. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է կրեն համապատասխան համազգեստ:

2. Համազգեստի տարբերանշանները և դրանց կրման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Համազգեստի ձեռքբերումն իրականացվում է գործատուների միջոցների հաշվին:

 

Հոդված 30. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում ապահովագրությունը

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 31. Զորահավաքային պատրաստությունը և քաղաքացիական պաշտպանությունն ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում

 

Զորահավաքային պատրաստությունը և քաղաքացիական պաշտպանությունն ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 32. Երկաթուղային տրանսպորտի աշխատողների աշխատանքային հարաբերությունները և երաշխիքները

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատողների աշխատանքային հարաբերությունները և երաշխիքների հատկացումը կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

Հոդված 33. Երկաթուղային տրանսպորտի մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

 

Երկաթուղային տրանսպորտի մասին օրենսդրությունը խախտողները կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 34. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածը Կարգավորող հանձնաժողովին վերապահված լիազորությունների մասով ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. դեկտեմբերի 25
Երևան
ՀՕ-293-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան