ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-245-Ն)
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` նաև սոցիալական վճարներ) հասկացությունը, հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերն ու վճարման կարգը:
(Նախաբանը փոփ., լրաց. 24.10.07 ՀՕ-245-Ն)
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները |
Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:
Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:
Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):
Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:
(1-ին հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)
Հոդված 2. | Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը |
1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ II
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 3. | Սոցիալական վճարների հասկացությունը եվ կատարողները |
1. Uոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:
2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:
3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:
4. Սոցիալական վճարումներ են կատարում`
ա) գործատուները.
բ) վարձու աշխատողները.
գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր):
(«գ» ենթակետը լրաց. 06.07.00 ՀՕ-74)
դ) («դ» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
ե) («ե» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:
Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:
6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:
(3-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-245-Ն)
Հոդված 4. | Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները |
1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները.
բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները.
գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:
(«գ» ենթակետը լրաց. 06.07.00 ՀՕ-74)
դ) (4-րդ հոդ. 1-ին կետի «դ» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(4-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. | Սոցիալական վճարների դրույքաչափերը |
1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը |
Սոցիալական վճարի չափը |
մինչև 20,000 դրամ |
7,000 դրամ |
Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները:
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում գործատուները:
3.(5-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)
4.(5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
5. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.
Սոցիալական վճարի հաշվարկման |
Սոցիալական վճարի չափը |
մինչև 1,200,000 դրամ |
15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից |
1,200,000 դրամից ավելի |
180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը |
Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:
6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:
(5-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 09.04.07 ՀՕ-155-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)
Հոդված 6. | Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը |
1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պետական բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսվա 20-ին: Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):
2.(6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)
3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
4. Գործատուն յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին է ներկայացնում սոցիալական վճարների հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:
Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:
41. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:
5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0,15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:
Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:
6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:
Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:
Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է:
Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:
Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու դեպքերում` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում (վերահաշվարկվում) են ընդհանուր սահմանված կարգով:
7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:
8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով:
Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը 500.000 և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:
Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:
Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի և ապահովադրի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակում է լիազորված մարմինը, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(պարբերությունը ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-19-Ն)
Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում է տեղեկատվություն՝
1) մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`
ա) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,
բ) 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ:
9. Սոցիալական վճարումների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:
10. Սույն հոդվածով սահմանված հայտարարագրերի, հաշվետվությունների և տեղեկությունների ձևը ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:
(6-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 26.12.02 ՀՕ-503-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 16.12.05 ՀՕ-19-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)
Հոդված 7. | Սոցիալական վճարների ավելի վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը |
Սոցիալական վճարների ավելի վճարված կամ գանձված գումարները (այդ թվում՝ գերավճարները) հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, հարկային կամ այլ պարտադիր վճարների պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են վճարողին:
Անկախ օրենքի դրույթներից՝ հաշվանցվող գումարների ճշգրտումներ չեն կատարվում, եթե սոցիալական վճարների հաշվետվությունների (հայտարարագրերի) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետից անցել է ավելի քան մեկ տարի:
Սույն հոդվածում նշված գումարների հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:
(7-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 14.12.04 ՀՕ-183-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-213-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)
Գ Լ ՈՒ Խ IV
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 8. | Սոցիալական վճարների հավաքագրումը եվ գանձումն ապահովող մարմինը |
Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը, սոցիալական վճարների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:
(2-րդ մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-245-Ն)
(8-րդ հոդվածը փոփ. 02.04.02 ՀՕ-319, 14.12.04 ՀՕ-183-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)
Հոդված 9. | Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը |
Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է, մասնավորապես`
ա) գործատուների, վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.
դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.
ե) պետական գրանցում ստանալուց հետո` 1 ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
զ) (9-րդ հոդվածի «զ» կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-183-Ն)
(9-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ,
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն օրենք)
Հոդված 10. | Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը |
1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու վայրի:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված անձինք, որպես ապահովադիր, հաշվառվում են լիազոր մարմնում:
(10-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)
Հոդված 11. | Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`
ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.
բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով.
գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.
դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.
ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավելի վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:
2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`
ա) հաշվառվել լիազորված մարմնում.
բ) լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.
գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:
3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկավճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում տարեկան համախառն եկամուտները որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:
(11-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)
Հոդված 12. |
Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման կարգը |
Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել դատարան կամ 30 օրվա ընթացքում լիազոր մարմին (վերադասության կարգով): Բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել դատարան կամ մեկամսյա ժամկետում՝ լիազոր վերադաս մարմին: Ապահովադիրները և (կամ) նրանց կողմից լիազորված անձինք իրավունք ունեն մասնակցելու բողոքի քննարկմանը:
Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան:
Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում սոցիալական վճարների վճարումը (գանձումը): Բողոքը քննության առնող լիազոր մարմինը (լիազոր վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնելու սոցիալական վճարի գանձումը:
(12-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-213-Ն)
Գ Լ ՈՒ Խ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 13. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:
(13-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 14.12.04 ՀՕ-183-Ն)
Հոդված 14. | Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հավելված 1 «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվանցման կամ վերադարձման կարգն ու ժամկետները
1. Կարգի գործողության ոլորտը
Սույն կարգը սահմանում է պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե ավելի վճարված սոցիալական վճարների գումարներն օրենքով սահմանված դեպքերում ապահովադրին կամ վերադարձի իրավունք ձեռք բերողի՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նկատմամբ պարտավորությունները մարելու (հաշվանցելու) և վերադարձնելու կարգը:
Սույն կարգին համապատասխան հաշվանցվում կամ ապահովադրին վերադարձվում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե վճարած գործատուների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում վարձու աշխատողների այն գումարները, որոնց հաշվանցման կամ վերադարձի հնարավորությունը նախատեսված է սույն կարգով:
2. Կարգում կիրառվող հասկացությունները
Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`
հաշվանցում՝ սոցիալական վճարների գումարով պարտավորության (այդ թվում՝ առաջիկա վճարումների գծով) մարում.
վերադարձ՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից վճարողի նշած բանկային հաշվին փոխանցում կամ կանխիկ գումարով վճարում.
հաշվանցվող գումար՝ կատարված վճարման, սոցիալական վճարի պարտավորության (այդ թվում՝ առաջիկայում առաջանալիք) հաշվանցման արդյունքում սոցիալական վճարի ներկայացրած հաշվետվությամբ (հայտարարագրով) հաշվանցվող գումար.
վերադարձման ներկայացված գումար՝ սոցիալական վճարի գումար, որի վերադարձման պահանջ (դիմում) է ներկայացրել վճարողը.
ապահովադրի սոցիալական վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումար՝ գերավճար, որի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը հարկային մարմնի կողմից ճանաչվել է հիմնավորված և օրենքով ենթակա է պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հանդեպ պարտավորությունների (այդ թվում՝ առաջիկայում առաջանալիք) դիմաց հաշվանցման կամ վերադարձման.
ավելի վճարված գումար՝ օրենքով որոշվող կամ սահմանված կարգով հաշվարկվող պարտավորության գումարից ավելի վճարված գումար կամ պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)՝ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հաշվին փոխանցված (վճարված) գումար կամ դատարանի վճռով վճարողին վերադարձման ենթակա գումար.
գերավճար՝ տվյալ օրվա դրությամբ ավելի վճարված սոցիալական վճարի գումար, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով չի մարվել (հաշվանցվել) սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց և չի վերադարձվել վճարողին:
3. Սոցիալական վճարների պարտավորությունների և վճարումների ժամանակագրական կարգով մարումը (հաշվանցումը)
Որևէ ամսաթվի դրությամբ վճարողի ունեցած ավելի վճարված գումարի՝ սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով, հետևյալ սկզբունքով`
ա) հաշվի առած գումարների մեծությունները՝ ավելի վճարված գումարը մարվում է ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց: Ընդ որում՝ հերթական պարտավորությունը (հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը).
բ) հաշվի առած գումարների մեծությունները՝ ավելի վճարված գումարը մարվում է առաջիկա վճարումների դիմաց:
4. Սոցիալական վճարի պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը
Սոցիալական վճարների ավելի վճարված գումարի պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե հաշվեգրվող պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է այն չափով, որ չափով այն, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հիմնավորված:
Գերավճարը կամ դրա մասը համարվում է չհիմնավորված, եթե այն սահմանված չափից ավելի վճարման արդյունք չէ, կամ այն պետք է մարված լիներ հետագայում առաջացած (առաջանալիք), օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, հաշվարկված (հաշվարկվող) պարտավորությունների հաշվին:
5. Ապահովադրին վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրումը
1. Գերավճարի առկայությունն արձանագրում է (հիմնավորում է) հարկային մարմինը`
ա) հարկային մարմնում առկա փաստաթղթերի համադրմամբ (առանց ուսումնասիրության).
բ) կամերալ ուսումնասիրությամբ.
գ) ուսումնասիրությամբ (ապահովադրի մոտ այցելությամբ և նրա մոտ առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ).
դ) սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման ընթացքում:
2. Ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրության արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը, որոնցով ապահովադրին ավելի վճարված գումարի վերադարձը համարվել է լրիվ կամ մասնակիորեն չհիմնավորված:
6. Ապահովադրին վերադարձվող գումարի հիմնավորվածության արձանագրման համար հարկային մարմնին ներկայացվող փաստաթղթերը
Ապահովադրին վերադարձվող գումարները հիմնավորելու նպատակով ապահովադիրը հարկային մարմին է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սոցիալական վճարներին վերաբերող այլ փաստաթղթեր: Մասնավորապես, հարկային մարմին են ներկայացվում վճարումը հավաստող անդորրագրերը, վճարման հանձնարարագրերը, բանկային հաշվից քաղվածքները, սոցիալական վճարների հաշվարկման` օրենսդրությամբ սահմանված հիմքերը և այլ փաստաթղթեր:
7. Ապահովադրին վերադարձվող գումարների հիմնավորվածության ուսումնասիրության հիմնական սկզբունքները
Եթե գերավճարի առկայությունը հիմնավորվում է օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի) համադրմամբ, ապա գերավճարների լրացուցիչ ուսումնասիրություն չի անցկացվում, բացառությամբ եթե անհրաժեշտ է իրականացնել ներկայացված փաստաթղթերի իսկության հաստատում: Գերավճարի ուսումնասիրություն չի անցկացվում նաև, եթե հիմքեր չկան գերավճարը չհիմնավորված համարելու, կամ եթե գերավճարի ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել հետագայում կատարվելիք ստուգման կամ ուսումնասիրության ընթացքում:
Գերավճարի ուսումնասիրությունն անցկացվում է հարկային մարմնում (կամերալ ուսումնասիրություն), եթե առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի հիմնավորվածությունն արձանագրելու համար:
8. Ապահովադրին գումարի վերադարձման ընդհանուր սկզբունքները և վերադարձի ժամկետները
1. Գերավճարը սոցիալական վճարի պարտավորությունների դիմաց հաշվանցելուց հետո մնացած գումարը, ապահովադրի դիմումի հիման վրա, վերադարձվում է նրան: Ընդ որում, եթե գումար վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին օրենքով սահմանված կարգով կարող էին նոր պարտավորություններ առաջանալ (օրինակ՝ հերթական հաշվետու ժամանակաշրջանն ավարտվելու կամ նոր վճարումը կատարելու ժամկետը վրա հասնելու արդյունքում), ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունը որոշելուց (օրինակ՝ ներկայացվող հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:
2. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա սոցիալական վճարի գումարները վերադարձվում են ապահովադրին՝ համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:
9. Վերադարձվող գումարների ուսումնասիրությունների կամ ստուգումների անցկացման ժամկետները
1. ավելի վճարված սոցիալական վճարի գումարը (ներառյալ` գերավճարը) վերադարձնելու վերաբերյալ ապահովադրի դիմումի հիման վրա ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումը ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ առանց ուսումնասիրության գերավճարն արձանագրելու դեպքի):
2. Ապահովադրին վերադարձվող (ներառյալ` գերավճարը) գումարի առկայությունը (հիմնավորվածությունը) արձանագրվում և համապատասխան եզրակացություն կազմվում է հետևյալ ժամկետներում`
ա) առանց ուսումնասիրության գերավճարն արձանագրելու դեպքում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում.
բ) ապահովադրի մոտ այցելությամբ գերավճարի ուսումնասիրություն անցկացնելու դեպքում՝ սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշում կայացնելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում.
գ) ստուգման ընթացքում գերավճարն արձանագրելու դեպքում՝ ստուգումների անցկացման համար օրենքով սահմանված ժամկետում:
10. Ապահովադրին վերադարձման ենթակա գումարի ուսումնասիրությունների անցկացման ընթացքի կասեցումը
Ապահովադրին վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման նպատակով անցկացվող ուսումնասիրությունների ընթացքը կասեցվում է, եթե`
ա) ապահովադրի կողմից չեն ստեղծվել ուսումնասիրության անցկացման պայմաններ (այդ թվում՝ չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել սոցիալական վճարների հաշվարկին կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).
բ) վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիսացած վճարումների հետ կապված` անհնար է կատարել ուսումնասիրություն մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հայցով որոշում ընդունելը:
Ուսումնասիրության կասեցման դեպքում ապահովադիրը գրավոր տեղեկացնում է ուսումնասիրության ժամկետը կասեցնելու մասին՝ նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար:
11. Ապահովադրին վերադարձվող գումարի ստուգումների անցկացումը
1. Ապահովադրին վերադարձման ենթակա գումարների ստուգումն անցկացվում է ապահովադրի վերադարձման վերաբերյալ դիմումի հիման վրա:
2. Ապահովադրին գումարների վերադարձ կարող է իրականացվել նաև սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման ընթացքում:
3. Ստուգման ընթացքում օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքերում ստուգման ակտով ստուգվող անձը ենթարկվում է պատասխանատվության: Ստուգման ընթացքում վերադարձման գումար չարձանագրվելու դեպքում ստուգման ակտով առաջադրված պարտավորությունները ենթակա են օրենքով սահմանված կարգով կատարման: Ստուգման ընթացքում վերադարձման ենթակա սոցիալական վճարի արձանագրված գումարից նվազեցվում է օրենքով սահմանված պահանջների խախտման համար առաջադրված պարտավորությունների գումարը:
4. Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված կարգով որոշվող ապահովադրին վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածության ստուգման ժամանակաշրջանին վերաբերող՝ սոցիալական վճարի հաշվետվություն (հայտարարագիր) ապահովադրի կողմից ներկայացվել չի կարող:
12. Ապահովադրի իրավունքները
Ապահովադրին վերադարձվող գումարների վերադարձը հարկային մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու, ուսումնասիրության ժամկետները կասեցվելու դեպքում ապահովադիրն իրավունք ունի համապատասխան գրությունը, ուսումնասիրության արձանագրությունը կամ ստուգման ակտն ստանալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում ներկայացնելու գրավոր առարկություններ: Ապահովադրի ներկայացրած գրավոր առարկությունները քննարկվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում՝ կայացնելով ուսումնասիրությունը շարունակելու, ապահովադրի դիմումը բավարարելու կամ առարկությունները մերժելու վերաբերյալ որոշում, որի մասին նշված ժամկետում տեղեկացվում է ապահովադիրը: Հարկային մարմնի նոր որոշումն ապահովադրի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:
13. Գումարների վերադարձման ընթացակարգը
Վերադարձման ներկայացված՝ կազմված եզրակացություններում արտացոլված գումարներն արտացոլվում են ապահովադրի անձնական հաշվի քարտում:
Վերադարձ կատարելու մասին հարկային մարմնի տարածքային մարմնի կամ ստորաբաժանման կողմից կազմված եզրակացությունները, իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում հարկային մարմնի կողմից կազմված եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը, ոչ ուշ, քան որևիցե եզրակացություն կազմելուն հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը, ուղարկվում է վերադաս հարկային մարմին՝ օրենքով սահմանված պահանջներին եզրակացությունների համապատասխանությունն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Եզրակացությունների ներկայացումը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում դրանք կամ դրանց մասին ամփոփ տեղեկանքները ոչ ուշ, քան եզրակացությունը տարածքային մարմնի կողմից ուղարկելու օրվան հաջորդող ոչ ուշ, քան 10-րդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` Հիմնադրամ):
Հիմնադրամը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան 10-րդ աշխատանքային օրը վերադարձման ենթակա սոցիալական վճարների գումարները փոխանցում է ապահովադիրների համապատասխան բանկային հաշիվներին: Եթե ապահովադիրը չունի բանկային հաշիվ, ապա գումարի կանխիկ վճարումն իրականացվում է Հիմնադրամի դրամարկղից:
Գումարների վերադարձն իրականացվում է ոչ ուշ, քան Հիմնադրամի կողմից եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:
14. Օրենքի կիրառման հետ կապված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը
Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(Հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-213-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Լ. ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|