Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.07.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27296/02/18

2022

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27296/02/18

Նախագահող դատավոր՝

 Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Սիրանուշ Ղարիբյանի և Սամվել Լյուդվիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Սիրանուշ Ղարիբյանից և Սամվել Լյուդվիկյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 1.539.452 ՀՀ դրամ, որից 1.500.000 ՀՀ դրամը տուժողներ Աշիկ Վարդանյանին և Հրաչյա Մարտիրոսյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումարն է, 39.452 ՀՀ դրամը` 10.09.2018 թվականից սկսած մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը, ինչպես նաև 1.500.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` հաշվարկը սկսած սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդող օրվանից, և Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 30.789 ՀՀ դրամ նաև 205.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 10.09.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Դատարանը վճռել է Սիրանուշ Ղարիբյանից և Սամվել Լյուդվիկյանից հօգուտ Բյուրոյի՝ համապարտության կարգով, բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամ՝ որպես ավտոմեքենաներին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 50.000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված իրավաբանական ծառայության խելամիտ վարձատրության գումար, 30.000 ՀՀ դրամ՝ որպես Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.09.2019 թվականի վճիռը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելու մասով, մասնակի բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. «Սիրանուշ Ղարիբյանից և Սամվել Լյուդվիկյանից հօգուտ Բյուրոյի սկսած վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները»։

Բյուրոյի հայցը` 1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 10.09.2018 թվականից մինչև Դատարան հայց ներկայացնելու օրը և սկսած 29.11.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու մասով, մերժվել է: Վճիռը՝ չբեկանված մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 101-րդ հոդվածը, 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 107-րդ, 109-րդ հոդվածները, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ցանկացած դեպքում, երբ անձը դիմում է դատական պաշտպանության՝ հայցելով դրամական միջոցների բռնագանձում, ապա պարտավորության ծագումը կախված է պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից: Այդ տրամաբանությամբ պետք է մերժվեն մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը պահանջվող բոլոր տույժերը, տոկոսները բռնագանձելու պահանջները, քանի որ դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, հարցի դրական լուծումից: Փաստն այն է, որ տվյալ դեպքում դատարանը ոչ թե ստեղծել է պարտավորություն, այլ՝ արդարադատություն իրականացնելու միջոցով, իրեն տրված իշխանության ուժով հաստատել այդ պարտավորության առկայությունը, որը ներառում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:Պահանջը դատական կարգով քննվելու և այն դատական ակտի հիման վրա բռնագանձվելու հանգամանքը հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը չկիրառելու համար, քանի որ պարտավորությունը ծագել է ավելի վաղ՝ համապատասխան հիմքի ի հայտ գալու ուժով, իսկ գործի դատական կարգով քննությունն ընդամենն անձի` իր խախտված իրավունքների դատական պաշտպանության եղանակն է: Ավելին, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է նաև այն հանգամանքը, որ պատասխանողներն անհիմն չեն կատարել Բյուրոյի նկատմամբ իրենց պարտավորությունը:

Ստորադաս դատարանների պատճառաբանությունները՝ փաստաբանի վարձատրության մասով, անհիմն են, քանի որ հաշվի չեն առել այն փաստական հանգամանքը, որ, ինչպես հայցադիմումի կազմման, այնպես էլ հայցադիմումի կազմման համար հիմք հանդիսացած փաստաթղթերն ուսումնասիրվում են և այդ ուսումնասիրման համար Ընկերության փաստաբան հանդիսացող աշխատակցին անհրաժեշտ է ժամանակ՝ հայցադիմումի և ներկայացված բոլոր փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին, որն առնվազն փաստաբանից պահանջում է մի քանի ժամ, որը ներառում է նաև ուշադրություն և պրոֆեսիոնալիզմ:

Բացի այդ, Դատարանի այն եզրակացությունը, որ սույն քաղաքացիական գործով 50.000 ՀՀ դրամը փաստաբանի խելամիտ վարձատրության գումարն էԴ առավել քան անհիմն է, քանի որ գումարի բռնագանձման հետ կապված գործերով փաստաբանի վարձատրության գումարի նվազագույն չափը՝ 100.000 ՀՀ դրամն է: Այսինքն, Դատարանի կողմից սույն քաղաքացիական գործով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը 50.000 ՀՀ դրամ սահմանելը առավել քան ողջամիտ չէ և չի համապատասխանում ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» պահանջներին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2020 թվականի որոշումը և այն փոփոխել` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջները, ինչպես նաև բեկանել փաստաբանի վարձատրության մասով, այն է՝ Սիրանուշ Ղարիբյանից և Սամվել Լյուդվիկյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 205.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 27.05.2018 թվականին ժամը 17.25-ի սահմաններում Արարատի մարզի գյուղ Հովտաշատ Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (այսուհետ` Պատահար), ինչի հետևանքով միմյանց են բախվել պատասխանող Սամվել Լյուդվիկյանի կողմից վարած «VAZ 2121» մակնիշի առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենան (այսուհետ` Ավտոմեքենա), Բակուր Սահակյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենան (այսուհետ` Ավտոմեքենա 1) և Սարգիս Ստեփանյանի կողմից վարած «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենան (այսուհետ` Ավտոմեքենա 2) (գ.թ. 25, 26).

2) ՀՀ ոստիկանության «ՃՈ» ծառայության պետի տեղակալ Ա. Տոնոյանի 14.06.2018 թվականի գրության համաձայն` «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան` 65 SO 605 համարանիշերով, մինչև 09.03.2011 թվականը հաշվառված է եղել Սիրանուշ Ղարիբյանի անվամբ, իսկ 03.09.2011 թվականին հանվել է հաշվառումից և թիվ 0176454 թափքը ՃՈ էլեկտրոնային ռեգիստրի համաձայն այլ ավտոմեքենայի վրա չի վերագրանցվել (գ.թ. 17).

3) ՀՀ ոստիկանության «ՃՈ» ծառայության պետ Ե. Կարապետյանի 11.07.2018 թվականի թիվ 17-7-504216-18 և թիվ 17-7-504218-18 գրությունների համաձայն` Ավտոմեքենա 1-ը 11.10.2017 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Աշիկ Անդրանիկի Վարդանյանի անվամբ, իսկ Ավտոմեքենա 2-ը 18.06.2015 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Հրաչյա Կառլենի Մարտիրոսյանի անվամբ (գ.թ. 18, 19).

4) Բյուրոյի 01.11.2018 թվականի տեղեկանքների համաձայն` պատահարի պահին «VAZ 2121» մակնիշի 65 SO 605 ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ (գ.թ. 20, 21).

5) Բյուրոյի 02.11.2018 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի պահին «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենան ևս գործող ԱՊՊԱ պայմանագիր չի ունեցել (գ.թ. 22).

6) Պատահարի առաջացման պատճառների առնչությամբ, որպես փորձաքննության արդյունք, 27.05.2018 թվականին ՀՀ ոստիկանության «ՃՈ» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գ. Գրիգորյանի կողմից կազմված թիվ 139 և թիվ 139/1 արձանագրություն-համաձայնությունների համաձայն` պատահարի առաջացման մեջ ամբողջությամբ մեղավորությունն ընդունել է Ավտոմեքենայի վարորդը (գ.թ. 23, 24):

7) «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Աշիկ Վարդանյանը 07.06.2018 թվականի (դիմումի համար` SI18-07253), իսկ «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Հրաչյա Մարտիրոսյանը` 14.06.2018 թվականի (դիմումի համար` SI/18-07568) Բյուրոյի կանոնների համաձայն` դիմում են ներկայացրել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ԴՍԱ` ըստ Բյուրոյի կանոնների) պատահարի արդյունքում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ:

 

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը, Բյուրոյի կանոնների համաձայն՝ որպես Բյուրոյի ներկայացուցիչ (այսուհետ` ՀՊԱ` ըստ Բյուրոյի կանոնների), կարգավորել է հատուցման գործընթացը, մասնավորապես` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը, թիվ SI/18-07253 դիմումի առնչությամբ, հիմք ընդունելով Արձանագրություն-Համաձայնությունը և ԱՊՊԱ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող վնասի գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետ Սերգեյ Ազարյանի 26.06.2018 թվականի թիվ SI/18-07253 լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 627.000 ՀՀ դրամի չափով, 28.06.2018 թվականի «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ» որոշում-ծանուցմամբ որոշվել է «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը Աշիկ Վարդանյանին փոխհատուցել վնասների ընդհանուր գումարում իր գույքին պատճառված վնասի չափին համամասնորեն 462.000 ՀՀ դրամ չափով: Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշիկ Վարդանյանը Բյուրոյի նկատմամբ ունեցել է փոխհատուցման ենթակա ավելի մեծ պարտավորություն, ուստի հատուցման ենթակա ողջ գումարը հաշվանցվել է Բյուրոյի նկատմամբ Աշիկ Վարդանյանի ունեցած պարտավորությունից: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը, թիվ SI/18-07568 դիմումի առնչությամբ հիմք ընդունելով Արձանագրություն-Համաձայնությունը և ԱՊՊԱ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող վնասի գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետ Արթուր Մնացականյանի 22.06.2018 թվականի թիվ SI/18-07568 եզրակացությունը, համաձայն որի` «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 1.409.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 25.06.2018 թվականի «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ» որոշում-ծանուցումը «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը Հրաչյա Մարտիրոսյանին փոխհատուցվել է վնասների ընդհանուր գումարում իր գույքին պատճառված վնասի չափին համամասնորեն 1.038.000 ՀՀ դրամ գումարի չափով (գ.թ. 27-34).

8) Բյուրոն 09.07.2018 թվականի ծանուցմամբ պատասխանողներից պահանջել է Բյուրոյին վճարել 1.500.000 ՀՀ դրամը՝ վճարման համար տրամադրելով 2 ամիս ժամկետ:

Վճարված հատուցման առնչությամբ ԴՍԱ-ի և Բյուրոյի (ՀՊԱ-ի) միջև Բյուրոյի կանոններով սահմանված կարգով իրականացվել է փոխադարձ հաշվարկ:

«Ամերիաբանկ» ԲԲԸ-ի 03.07.2018 թվականի վճարման հանձնարարականի համաձայն՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը Հրաչյա Մարտիրոսյանին փոխանցել է 1.038.000 ՀՀ դրամ՝ որպես հատուցում (գ.թ. 14, 15).

9) «Ամերիաբանկ» ԲԲԸ-ն 06.07.2018 թվականի թիվ A15795 վճարման հանձնարարականի համաձայն՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությանը փոխանցել է 462.000 ՀՀ դրամ (գ.թ. 16).

10) Բյուրոյի` պատվիրատուի և «Խուրշուդյան փաստաբանական գրասենյակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` կատարողի միջև 10.09.2018 թվականին կնքվել է թիվ ԾՄ-18/031 իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` պայմանագրով կատարողը պարտավորվում է պատվիրատուի պատվերով վերջինիս մատուցել Պայմանագրի 1.2-րդ կետում նշված ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ), իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել Պայմանագրով նախատեսված կարգով ու Պայմանագրին համապատասխան մատուցված Ծառայությունների արդյունքները և Պայմանագրով սահմանված ժամկետներում, կարգով և չափով վճարել Ծառայությունների համար:

Պայմանագրի 1.2. կետի համաձայն` պայմանագրով մատուցվող Ծառայություններն են` Կատարողին որպես պատվեր ներկայացված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում Պատվիրատուի կողմից (անունից) վճարված հատուցումից ծագած հետադարձ պահանջի իրավունքի և այդ իրավունքի շրջանակներում պարտապանների նկատմամբ առաջացած Պատվիրատուի այլ պահանջների դատական իրացման ու դրամական միջոցների հավաքագրման գործընթացը, որը ներառում է հետևյալ ենթագործընթացները`

1.2.1. հայցադիմումներ ներկայացնելու, հայցապահանջները հիմնավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի և տեղեկությունների ստացման համար հարցումների իրականացումը համապատասխան պետական և ոչ պետական մարմիններին ու անձանց,

1.2.2. գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների, դրանց գծով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, միջնորդությունների, պատասխանների և դատավարական այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը և ներկայացումը դատարաններին, իր հայեցողությամբ, անհրաժեշտության դեպքում` մասնակցությունը քաղաքացիական գործերի քննությանը բոլոր ատյանների բոլոր դատարաններում, (....).

Պայմանագրի 6.1 կետի համաձայն` պայմանագրով ներկայացված յուրաքանչյուր Պատվերով Ծառայությունների գինը կազմում է` 6.1.1. Պայմանագրի 6.1.2-րդ կետի բոլոր ենթակետերով (բացառությամբ 1.2.4-րդ և 1.2.7-րդ ենթակետերի) նախատեսված բոլոր գործողությունների (բացառությամբ Պայմանագրի 6.1.2-րդ ենթակետով նախատեսված գործողություների) կատարման համար` տվյալ Պատվերով հայցադիմումը ներկայացնելու պահին հայցագնի 16 (տասնվեց) տոկոսը, բայց ոչ պակաս, քան 55.000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամը և ոչ ավելի, քան 205.000 (երկու հարյուր հինգ հազար) ՀՀ դրամը` ներառյալ բոլոր հարկերը (գ.թ. 8-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում՝ Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տեԲս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, ապահովագրական հատուցում է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը: Հարկ է նշել նաև, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից հետադարձ պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին:

Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից: Նման պարագայում, Բյուրոն հետագայում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում (տե'ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Արամ Խաչունցի՝ թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը)։

Նույն որոշմամբ անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորության նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով 23.02.2021 թվականին կայացրած որոշմամբ նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են օրենսդրի կողմից սահմանված կոնկրետ պահանջների դեպքում: Մասնավորապես, 1. երբ պարտավորությունն ունի դրամական բնույթ, 2. երբ անձն ապօրինի պահել է ուրիշի դրամական միջոցները, 3. երբ խուսափել է դրանք վերադարձնելուց, 4. երբ օգտագործել է դրանք վճարման այլ կետանցով, կամ 5. երբ այլ անձի հաշվին անհիմն ստացել կամ խնայել է գումար: Միաժամանակ օրենսդիրը հստակեցրել է, որ տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման եղանակ է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ խնայվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 409-րդ հոդվածներով սահմանվել են պարտավորության խախտման հասկացությունը և պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելու կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով արձանագրվել է, որ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրվել է, որ՝ 1. պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները, 2. վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը սահմանել է պարտապանին պարտավորության կետանցող որակելու փաստական հանգամանքների կազմը: Ըստ այդմ` նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար։

Քննարկվող պարագայում նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով Բյուրոյի փաստարկը պարտավորության ժամկետանց վերադարձման վերաբերյալ եղել է Ընկերության և Սամվել Հովհաննիսյանի կողմից վիճելի գումարը համապատասխան ժամկետներում չվերադարձնելու հանգամանքը, ուստի վերը ներկայացված իրավանորմերի համադրմամբ, հարկ է բացահայտել, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանների մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը:

Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունի այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ.

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` նշված ժամկետում պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, պատասխանելով վերոգրյալ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահով: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 27.05.2018 թվականին ժամը 17.25-ի սահմաններում Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում միմյանց են բախվել Սամվել Լյուդվիկյանի վարած «VAZ 2121» մակնիշի առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենան, Բակուր Սահակյանի վարած «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենան և Սարգիս Ստեփանյանի վարած «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ ՀՀ ոստիկանության «ՃՈ» ծառայության 27.05.2018 թվականի թիվ 139 և թիվ 139/1 արձանագրություն-համաձայնությունների՝ պատահարի առաջացման մեջ ամբողջությամբ մեղավորությունն ընդունել է «VAZ 2121» մակնիշի առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենայի վարորդը:

ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա տվյալներով «VAZ 2121» մակնիշի և «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրեր առկա չեն եղել։

Պատահարի պահին «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցն ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել կնքած «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ։

«OPEL ASTRA 1.6» մակնիշի սեփականատեր Աշիկ Վարդանյանը 07.06.2018 թվականին, իսկ «MERCEDES-BENZ E320» մակնիշի սեփականատեր Հրաչյա Մարտիրոսյանը` 14.06.2018 թվականին, Բյուրոյի կանոնների համաձայն, դիմում են ներկայացրել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն՝ պատահարի արդյունքում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 26.06.2018 թվականի թիվ SI/18-07253 փորձաքննության եզրակացության համաձայն՝ «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 627.000 ՀՀ դրամ, 28.06.2018 թվականի «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» որոշում-ծանուցմամբ որոշվել է «OPEL ASTRA 1.6» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը Աշիկ Վարդանյանին փոխհատուցել վնասների ընդհանուր գումարում իր գույքին պատճառված վնասի չափին համամասնորեն 462.000 ՀՀ դրամի չափով: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը, 06.07.2018 թվականի թիվ 1288401622 վճարման հանձնարարագրի պատճենի համաձայն, Աշիկ Վարդանյանի հաշվին փոխանցել է 462.000 ՀՀ դրամ: Սակայն Աշիկ Վարդանյանը, Բյուրոյի նկատմամբ ունենալով փոխհատուցման ենթակա ավելի մեծ պարտավորություն, հատուցման ենթակա ողջ գումարը հաշվանցվել է Բյուրոյի նկատմամբ Աշիկ Վարդանյանի ունեցած պարտավորությունից:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 15.06.2018 թվականի թիվ SI/18-07568 եզրակացության համաձայն` «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 1.409.000 ՀՀ դրամ, իսկ «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 25.06.2018 թվականին որոշում-ծանուցմամբ «MERCEDES-BENZ E320» մակնիշի ավտոմեքենային պատճառված վնասը Հրաչյա Մարտիրոսյանին փոխհատուցվել է վնասների ընդհանուր գումարում իր գույքին պատճառված վնասի չափին համամասնորեն՝ 1.038.000 ՀՀ դրամի չափով:

Բյուրոյի կողմից 1.500.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Սիրանուշ Ղարիբյանին և Սամվել Լյուդվիկյանին ուղղված «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրականացման» 09.07.2018 թվականի թիվ Բ/18-04-066 ծանուցման 7-րդ կետի համաձայն՝ որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է նույն ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարը՝ առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների, իսկ որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ՝ առաջարկվել է նույն ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 375.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր՝ պարտավորության մնացորդային գումարը՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում՝ ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:

Բյուրոյի կողմից Սիրանուշ Ղարիբյանին և Սամվել Լյուդվիկյանին ուղարկված վերը նշված ծանուցումները վերջիններս ստացել են, որպիսի փաստը հիմնավորվում է գործում առկա համապատասխան հետադարձ հավաստագրերով (գ.թ. 41-42):

Դատարանը 10.09.2019 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի՝ 1.500.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ որպես ավտոմեքենաներին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, իսկ 10.09.2018 թվականից սկսած մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների՝ 39.452 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջը, ինչպես նաև 29.11.2018 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի ուժով 1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի համաձայն հաշվարկվող տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելիս եկել է այն եզրահանգման, որ պատասխանողների կողմից ուրիշի դրամական միջոցներն ապօրինի կարգով պահելու փաստը չի հաստատվել:

 Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ տվյալ դեպքում պատասխանողների՝ հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագած և կետանցված համարվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները պատասխանողներին չեն կարող հաշվեգրվել մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար, այսինքն՝ տոկոսների հաշվեգրումը չի կարող սկսվել հայցվորի մատնանշված օրվանից (1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ 10.09.2018 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրը և սկսած 29.11.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը) և, որ խնդրո առարկա տոկոսները կարող են հաշվեգրվել միայն նրան համապատասխան դրամական պարտավորություն վերագրող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամովին և անհապաղ չկատարվելու դեպքում՝ այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող և մինչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար, 28.02.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի, այն է՝ Դատարանի 10.09.2019 թվականի թիվ ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործով կայացրած վճիռը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելու մասով, մասնակի բեկանել և փոփոխել է հետևյալ կերպ. «Սիրանուշ Լևիկի Ղարիբյանից և Սամվել Ռոմիկի Լյուդվիկյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության սկսած վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության հայցը՝ 1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 10.09.2018 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրը և սկսած 29.11.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու մասով, մերժել»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Սիրանուշ Ղարիբյանի և Սամվել Լյուդվիգյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտականությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները ծագել են ապահովագրության ոլորտում, մասնավորապես` Բյուրոյի, տուժող Հրաչյա Մարտիրոսյանի, և վնաս պատճառած անձ Սամվել Լյուդվիգյանի միջև: Այսինքն` Հրաչյա Մարտիրոսյանը հատուցել է Սամվել Լյուդվիգյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն, ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք, ինչը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից:

Այսինքն, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Բյուրոն ունի հետադարձ պահանջի ուժով տուժողին վճարված 462.000 ՀՀ դրամը Սամվել Լյուդվիգյանից և Սիրանուշ Ղարիբյանից ստանալու իրավունք, իսկ վերջիններս` այդ գումարը Բյուրոյին հանձնելու պարտականություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Սամվել Լյուդվիգյանի և Սիրանուշ Ղարիբյանի մոտ ծագում է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականությունը, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Սամվել Լյուդվիգյանի և Սիրանուշ Ղարիբյանի մոտ ծագում վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում վերջիններս պարտավորված կլինեն կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Վճռաբեկ դատարանը, ի նկատի ունենալով, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով, արձանագրում է, որ տվյալ դեպքում Սամվել Լյուդվիգյանի և Սիրանուշ Ղարիբյանի մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ծագել է ոչ թե Դատարանի վճռով, այլ վճռով հաստատվել է արդեն իսկ առկա` Սամվել Լյուդվիգյանի և Սիրանուշ Ղարիբյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

 

Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Սամվել Լյուդվիգյանի և Սիրանուշ Ղարիբյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Սամվել Լյուդվիգյանի և Սիրանուշ Ղարիբյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականություն, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է վերջիններիս մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, փաստորեն, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 28.06.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Աշիկ Վարդանյանին փոխհատուցել պատճառված վնասի 462.000 ՀՀ դրամ գումար: Միաժամանակ Բյուրոյի կողմից վերոնշյալ պարտավորության վերաբերյալ Սամվել Լյուդվիգյանին և Սիրանուշ Ղարիբյանին ուղարկվել է 09.07.2018 թվականի թիվ Բ/18-04066 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցումը:

Սույն գործով հիմնավորվել է, որ Սամվել Լյուդվիգյանի և Սիրանուշ Ղարիբյանի կողմից Բյուրոյի հանդեպ ունեցած պարտավորությունը վերջիններիս առաջարկած ժամկետում չի կատարվել: Հետևաբար, սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե Սամվել Լյուդվիգյանը և Սիրանուշ Ղարիբյանը երբ են իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ Բյուրոյի կողմից Սամվել Լյուդվիգյանին և Սիրանուշ Ղարիբյանին ուղղված ծանուցմամբ պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է երկամսյա ժամկետ: Բյուրոյի կողմից վերջիններիս ուղարկված ծանուցումը նրանց կողմից ստացվել է համապատասխանաբար 19.07.2018 թվականին և 14.07.2018 թվականին, ուստի, Վերաքննիչ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեր նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարի նկատմամբ կիրառեր նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բյուրոյի կողմից վիճարկվող գումարի վերադարձման պարտավորության վերաբերյալ պատասխանողների իրազեկման օրը պարզելու համար դատարանը որպես չափորոշիչ պետք է ընդունի Բյուրոյի կանոններով նախատեսված` ծանուցումներն անձանց կողմից պատշաճ ստացված լինելու ժամկետների հաշվարկման կարգը: Ըստ այդմ, 09.07.2018 թվականի թիվ Բ/18-04066 ծանուցման կազմման պահին գործող խմբագրությամբ` 02.08.2018 թվականին ընդունված և 06.12.2018 թվականին ուժը կորցրած թիվ RL 1-001 ԱՊՊԱ ընդհանուր պայմանների 2-րդ գլխի 9-րդ կետի համաձայն` նույն կանոններով նախատեսված կարգով ծանուցումներն անձի կողմից համարվում են պատշաճ ստացված և վերջինների կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները ծանուցող անձի կողմից սկսվում են հաշվարկվել` (...)

 2) ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու դեպքում` հանձնելու օրվան հաջորդող օրվանից,

 3) պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` հետպատասխան տեղեկացման մեջ նշված ծանուցման ստացման կամ որևէ հիմքով նամակը հետ վերադարձվելու հաջորդող օրվանից, (...):

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, սույն վեճի լուծման համար հարկ է հստակ տարանջատել Սիրանուշ Ղարիբյանի և Սամվել Լյուդվիկյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը, ապա պարզել, թե որ ժամանակահատվածում են պատասխանողները համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, այնուհետև այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

 

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսեր են նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (...) Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից: Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի չեն առնվում դատական ակտերի նախագծեր պատրաստելու համար փաստաբանին վճարված գումարները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում: Գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելուց հետո գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին գրավոր համաձայնություն կայացվելու դեպքում դատարանը դատական ծախսերը բաշխում է դրան համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին՝ նշելով, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախսի, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.

1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),

2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),

3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,

4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «… «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով։ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» (այսուհետ` Գնացուցակ) համաձայն` հայցային վարույթի գործերով միջամտող վարչական ակտը, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի վարչական ակտը, վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 100-ապատիկի չափից և ոչ ավել բազային տուրքի 2000-ապատիկի չափից, իսկ եթե միջամտող վարչական ակտով տուգանք նախատեսված չէ` բազային տուրքի 200-ապատիկի չափով: Գնացուցակով բացառություն է նախատեսվել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի նշանակման վերաբերյալ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով փաստաբանի հոնորարի չափի սահմանման պարագայում. այդ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 50-ապատիկի չափից: Ընդ որում, Գնացուցակում օգտագործված բազային տուրքը սահմանվում է 1.000 ՀՀ դրամ»։

Բացի այդ, դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանի վճարների փոխհատուցման չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էին (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042017 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անդրադառնալով վճռաբեկ բողոքի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափի վերաբերյալ հիմնավորումներին, և ի նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում փաստաբանի խելամիտ վարձատրության բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն՝ 462.000 ՀՀ դրամի նկատմամբ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից սկսած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարները բռնագանձելու և փաստաբանի խելամիտ վարձատրության մասերով վերաքննիչ բողոքը մերժելու մասերով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2020 թվականի որոշումը և գործը բեկանված մասերով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և  զեկուցող

Մ. Դրմեյան

 

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան