Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 956-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իր և իր ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերի մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 956-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ)

 

1․ Սույն կարգով կարգավորվում են հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը, բայց ոչ ավելի, քան դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն չափերով, եկամտային հարկով հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) հետ կապված հարաբերությունները:

2․ Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։

3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված սոցիալական ծախսերի գումարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով, սակայն ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների դրական տարբերությունը:

4․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձման) գումարների որոշման նպատակով՝ հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից նվազեցվում են՝

1) օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.

2) օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն՝ ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.

3) օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները։

5. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի առկայության դեպքում վճարման ենթակա եկամտային հարկի գումարից նվազեցվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը, և ֆիզիկական անձը պետական բյուջե վճարում է եկամտային հարկ նվազեցումը կատարելուց հետո դրական արդյունքի չափով։

6․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի բացակայության կամ սույն կարգի 5-րդ կետում սահմանված նվազեցումը կատարելուց հետո բացասական արդյունքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը վերադարձվում է ֆիզիկական անձին` օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հաշվետու ամիսներին հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների միջև դրական տարբերության առկայության դեպքում:

7․ Սույն կարգի 6-րդ մասով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարները օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: Միասնական հաշվից փոխհատուցման ենթակա գումարների վերադարձը կատարվում է օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2023 թվական: