ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 875-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2024 թվականի մայիսի 14-16-ը Երևանում անցկացվելիք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2024 թվականի տարեկան հանդիպման կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի ընթացակարգի շրջանակում՝
1) նախաորակավորված մասնակիցների հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև 2-րդ փուլի հայտերով ներկայացվելիք փաստաթղթերը սահմանվում են 2-րդ փուլի հրավերով.
2) 2-րդ փուլի հրավերով նախատեսվում է նաև, որ՝
ա. մասնակիցը ներկայացնում է հայտի ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, հայտի ապահովման չափը սահմանվում է ծառայության գնման գնի երեք տոկոսի չափով: Եթե մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գնման գինը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի երեք տոկոսին,
բ. ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացնում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է ծառայության գնման գնի տասը տոկոսին: Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գնման գինը, ապա պայմանագրի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի տասը տոկոսին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական: