ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
13 նոյեմբերի 2012 թվականի |
թիվ 225 |
Մոսկվա |
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Նախագիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-ի 2012 թվականի |
թիվ |
քաղ. Մոսկվա |
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի 29-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կատարման փաստն արձանագրող որոշումն ընդունելուց և կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության կարգը և դրանց հրապարակման համար պատասխանատվությունը սահմանող համաձայնագիրը գործողության մեջ դնելուց հետո՝ նշված ակտերն ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթվից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
|
|
|
Ս. Ռումաս |
Կ. Կելիմբետով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի -ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Կարգը մշակվել է «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 15-րդ հոդվածի 4-րդ մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից կիրառվում է Համաձայնագրի III բաժնում սահմանված` մրցակցության կանոնների (այսուհետ` մրցակցության կանոններ) խախտման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգի իրականացման ժամանակ։
2. Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործը (այսուհետ՝ գործ) հարուցվում և քննվում է մրցակցության կանոնների խախտման հատկանիշների առկայության դեպքում՝ գործի հարուցման և քննության մասին սահմանման հիման վրա, որն ընդունվում է մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ քննության անցկացման արդյունքներով՝ Մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ քննության անցկացման կարգին համապատասխան։
3. Սույն Կարգում օգտագործվում են Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված հասկացությունները։
II. Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործը քննող հանձնաժողով
4. Գործը քննվում է մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործը քննող հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ գործը քննող հանձնաժողով), որը բաղկացած է գործը քննող հանձնաժողովի նախագահից և անդամներից։
5. Գործը քննող հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամն է, որը պատասխանատու է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար (այսուհետ՝ Կոլեգիայի անդամ), կամ նրա հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի այն դեպարտամենտի տնօրենը, որի աշխատանքի համար նա պատասխանատու է։
6. Գործը քննող հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի աշխատակիցներն են։ Գործը քննող հանձնաժողովի անդամների թիվը պետք է լինի առնվազն 3 մարդ։
Հանձնաժողովի՝ մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ քննություն անցկացնող աշխատակիցները չեն կարող ընդգրկվել գործը քննող հանձնաժողովի կազմում։
7. Գործը քննող հանձնաժողովն իրավասու է քննելու գործը, եթե նիստին ներկա է գործը քննող հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։
8. Գործի քննության համար քվորումի և (կամ) գործը քննող հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստին ներկա գտնվող՝ գործը քննող հանձնաժողովի անդամները գործի քննությունը հետաձգելու և դրա քննության նոր օր նշանակելու մասին որոշում են ընդունում, որը ձևակերպվում է սահմանմամբ։
9. Գործը քննող հանձնաժողովն իրավունք ունի կատարելու իր նիստի սղագրություն, ձայնագրություն կամ տեսագրություն։
10. Գործը քննող հանձնաժողովի նիստի ընթացքում դրա անդամներից մեկը վարում է արձանագրություն։
Նյութական կրիչի վրա ամրագրված սղագրությունը, ձայնագրությունը կամ տեսագրությունը կցվում է գործի նյութերին։
III. Գործի քննությանը մասնակցող անձինք
11. Գործի քննությանը մասնակցող անձինք են՝
1) դիմումատուն՝ դիմում ներկայացրած անձը,
2) պատասխանողը՝ այն տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը), որի նկատմամբ հարուցվել է և քննվում է գործը,
3) շահագրգիռ անձինք՝ այն անձինք, որոնց իրավունքներին ու օրինական շահերին առնչվում է գործի հարուցումը և քննությունը,
4) Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պետական իշխանության մարմինները, որոնց իրավասությանն է վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը (այսուհետ` լիազոր մարմիններ)՝ անկախ գործի հարուցման հիմքերից:
12. Գործի քննության ընթացքում գործի քննությանը մասնակցող անձինք իրավունք ունեն իրականացնելու իրենց իրավունքներն ու պարտականություններն ինքնուրույն կամ ներկայացուցիչների միջոցով, որոնց լիազորությունները ձևակերպվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր) օրենսդրությանը համապատասխան։
13. Գործը հարուցելու պահից գործի քննությանը մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, դրանցից դուրս գրելու տեղեկություններ, ներկայացնելու ապացույցներ և ծանոթանալու ապացույցներին, գործի քննությանը մասնակցող այլ անձանց հարցեր տալու, միջնորդություններ հարուցելու, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ տալու, գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու, գործի քննությանը մասնակցող այլ անձանց միջնորդություններին ծանոթանալու, գործի քննությանը մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ առարկելու։
14. Գործի քննության ընթացքում կոնֆիդենցիալ տեղեկություններ օգտագործելու դեպքում գործը քննող հանձնաժողովի նախագահը որոշում է ընդունում գործի քննությանը մասնակցող անձանց կողմից ձայնագրության, լուսանկարահանման և տեսանկարահանման իրականացումն արգելելու վերաբերյալ, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում արձանագրության մեջ։
15. Գործի քննության ընթացքում ձայնագրելը, լուսանկարահանելը և տեսանկարահանելը, ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակելը հնարավոր է գործը քննող հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ։
Գործի քննության ընթացքում ձայնագրելու, լուսանկարահանելու և տեսանկարահանելու, ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում։
IV. Գործի քննությունը
16. Գործի քննությունն իրականացվում է գործը քննող հանձնաժողովի նիստին։ Գործի քննության ժամկետը չի կարող գերազանցել գործի հարուցման և քննության մասին սահմանում ընդունելու օրվանից 60 աշխատանքային օրը։ Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի քան 30 աշխատանքային օրով։
17. Գործի քննությանը մասնակցող անձինք տեղեկացվում են դրա քննության ժամի և վայրի մասին Մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ քննության անցկացման կարգին համապատասխան ընդունված՝ գործի հարուցման և քննության մասին սահմանմամբ: Գործը քննող հանձնաժողովի նիստին գործի քննությանը մասնակցող այն անձանց չներկայանալու դեպքում, որոնք տեղեկացվել են դրա մասին ցանկացած հասանելի եղանակով, որը հնարավորություն է տալիս հաստատելու նրանց կողմից սահմանման պատճենն ստանալու փաստը, գործը քննող հանձնաժողովն իրավունք ունի գործը քննելու նրանց բացակայությամբ։
18. Գործը քննելիս գործը քննող հանձնաժողովն իրավունք ունի ներգրավելու փորձագետների, թարգմանիչների, ինչպես նաև քննվող գործի հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձանց, ինչի մասին ընդունվում է համապատասխան սահմանում, որի պատճենն ուղարկվում է նրանց այն ընդունելու օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
19. Գործը քննող հանձնաժողովի նախագահը՝
1) բացում է գործը քննող հանձնաժողովի նիստը,
2) հայտարարում է գործը քննող հանձնաժողովի կազմը,
3) գործը քննող հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է արձանագրություն վարել,
4) հայտարարում է, թե որ գործն է ենթակա քննության,
5) ստուգում է գործը քննող հանձնաժողովի նիստին գործի քննությանը մասնակցող անձանց ներկայությունը, ստուգում է նրանց լիազորությունները, հաստատում է գործը քննող հանձնաժողովի նիստին չներկայացած անձանց կողմից սահմանման պատճենն ստանալու փաստը և նրանց չներկայանալու պատճառների մասին տեղեկությունների առկայությունը,
6) գործի քննությանը մասնակցող անձանց համար պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները,
7) պարզում է գործի քննության հնարավորության հարցը,
8) սահմանում է գործի քննության ընթացքում գործողությունների կատարման հերթականությունը,
9) վարում է գործը քննող հանձնաժողովի նիստը, ապահովում է պայմաններ՝ գործով ապացույցների և հանգամանքների համակողմանի ու ամբողջական ուսումնասիրման համար,
10) միջոցներ է ձեռնարկում՝ գործը քննող հանձնաժողովի նիստին համապատասխան կարգ ապահովելու համար։
20. Գործը քննող հանձնաժողովի նիստին՝
1) լսում են գործի քննությանը մասնակցող անձանց,
2) լսում և քննարկում են միջնորդությունները, ընդունում են դրանց վերաբերյալ որոշումներ, որոնք արտացոլվում են նիստի արձանագրության մեջ,
3) ուսումնասիրում են ապացույցները,
4) լսում են գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքներն ու պարզաբանումները գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ,
5) լսում և քննարկում են եզրակացություն տալու համար ներգրավված փորձագետների կարծիքները,
6) լսում են քննվող գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց,
7) գործի քննությանը մասնակցող անձանց միջնորդությամբ կամ գործը քննող հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում են գործը քննող հանձնաժողովի նիստի ընթացքում ընդմիջում հայտարարելու հիմքերի և անհրաժեշտության, գործի քննությունը հետաձգելու, կասեցնելու հարցերը։
21. Գործը քննող հանձնաժողովն իրավունք ունի գործը քննելիս գործի քննությանը մասնակցող անձանցից գործի քննության ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ՝ գրավոր կամ բանավոր։
22. Համաձայնագրով նախատեսված՝ պահանջվող տվյալները (տեղեկությունները) Հանձնաժողով չներկայացնելը, ինչպես նաև ակնհայտ անարժանահավատ տվյալներ (տեղեկություններ) ներկայացնելը հիմք են Համաձայնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված տուգանային պատժամիջոցները կիրառելու համար։ Նշված տուգանային պատժամիջոցների կիրառումն իրականացվում է Համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման և նշանակման կարգի մեթոդիկայով սահմանված կարգով։
23. Գործով ապացույցներն ուսումնասիրելուց, գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները, փորձագետների եզրակացությունները ներկայացնելուց, գործը քննող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձանց հարցեր ուղղելուց հետո գործը քննող հանձնաժողովի նախագահը հայտարարում է գործի քննության ավարտի մասին։
V. Ընդմիջում գործը քննող հանձնաժողովի նիստի ընթացքում
24. Գործը քննող հանձնաժողովը գործի քննությանը մասնակցող անձանց միջնորդությամբ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ իրավունք ունի ընդմիջում հայտարարելու գործը քննող հանձնաժողովի նիստի ընթացքում 3 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետով։
25. Նիստի ընթացքում ընդմիջում հայտարարելու դեպքում գործի քննության վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում՝ նշելով նիստի ընթացքում ընդմիջում հայտարարելու ամսաթիվն ու ժամը, գործի համարը, գործի քննությանը մասնակցող անձանց, գործի քննությունը վերսկսելու օրն ու ժամը։ Այս տեղեկություններն արձանագրությունից քաղվածքի ձևով անմիջապես տրամադրվում են գործի քննությանը մասնակցող անձանց՝ նրանցից ստորագրություն վերցնելով։
26. Նիստի ընթացքում ընդմիջումից հետո գործը քննող հանձնաժողովի կողմից գործի քննությունը շարունակվում է այն պահից, երբ այն ընդհատվել էր։
Գործը քննող հանձնաժողովի նիստի ընթացքում ընդմիջումից առաջ ուսումնասիրված ապացույցների մասով կրկնակի քննություն չի իրականացվում:
VI. Գործի քննությունը հետաձգելը և կասեցնելը
27. Գործը քննող հանձնաժողովն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը հետևյալ դեպքերում`
1) գործի քննությանը մասնակցող անձի միջնորդությամբ՝ կապված այդ անձի կամ նրա ներկայացուցչի կողմից նիստին ներկայանալու անհնարինության հետ այնպիսի հարգելի պատճառով, որը հաստատվում է համապատասխան փաստաթղթերով,
2) լրացուցիչ ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում,
3) գործը քննող հանձնաժողովի նիստին փորձագետների, թարգմանիչների, ինչպես նաև քննվող գործի հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձանց ներգրավելու նպատակով:
28. Գործը քննող հանձնաժողովը պարտավոր է հետաձգել գործի քննությունը, եթե գործով որպես պատասխանող ներգրավվում է տվյալ գործին նախկինում չմասնակցող կամ այլ կարգավիճակով մասնակցող անձ, ինչպես նաև եթե գործի քննության ընթացքում գործով պատասխանողի գործողություններում (անգործության մեջ) հայտնաբերվում են մրցակցության կանոնների այնպիսի խախտման հատկանիշներ, որը տարբերվում է այն խախտումից, որի հատկանիշներով հարուցվել է գործը:
29. Գործի քննությունը հետաձգելու դեպքում դրա քննության ժամկետի ընթացքը չի ընդհատվում: Գործը քննող հանձնաժողովի նոր նիստին գործի քննությունը վերսկսվում է այն պահից, երբ այն հետաձգվել էր:
30. Գործը քննող հանձնաժողովն իրավունք ունի կասեցնելու գործի քննությունը հետևյալ դեպքերում և ժամկետներով`
1) լիազոր մարմինների, Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի, Կողմի դատարանի, Կողմի իրավապահ մարմինների կողմից տվյալ գործի քննության համար նշանակություն ունեցող այլ գործի քննության ընթացքում,
2) փորձաքննություն անցկացնելու ընթացքում։
31. Գործի քննությունը կասեցնելու դեպքում գործի քննության ժամկետի ընթացքն ընդհատվում է և շարունակվում է գործի քննությունը վերսկսելու պահից:
32. Գործի քննությունը հետաձգելու, կասեցնելու, վերսկսելու մասին, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին գործը քննող հանձնաժողովն ընդունում է սահմանում, որի պատճենն այն ընդունելու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գործի քննությանը մասնակցող անձանց: Փորձաքննություն նշանակելու մասին սահմանման պատճենն այդ սահմանումն ընդունելու օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է նաև փորձագետին:
VII. Գործերը մեկ վարույթում միացնելը և գործը (գործերը) առանձին վարույթում անջատելը
33. Գործը քննող հանձնաժողովը գործի քննությանը մասնակցող անձանց միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավունք ունի մեկ վարույթում միացնելու երկու կամ ավելի գործ, ինչպես նաև առանձին վարույթում անջատելու մեկ կամ մի քանի գործ:
34. Գործերը մեկ վարույթում միացնելու մասին սահմանում ընդունվում է, եթե`
1) Հանձնաժողովի վարույթում առկա է մի քանի միատեսակ գործ.
2) դա կնպաստի դրանց ամբողջական, համակողմանի և օբյեկտիվ քննությանը:
35. Գործերի միացման մասին սահմանումն ընդունվում է այն գործը քննող հանձնաժողովի կողմից, որի մասով մյուսներից առաջ սահմանում է ընդունվել գործի հարուցման և քննության մասին:
36. Գործը (գործերը) առանձին վարույթում անջատելու մասին սահմանում ընդունվում է, եթե`
1) գործի քննության ընթացքում բացահայտվել են մրցակցության կանոնների խախտման նոր հատկանիշներ, որոնք բավարար են՝ գործը (գործերը) առանձին վարույթում անջատելու համար.
2) եթե դա կնպաստի առանձին վարույթում անջատված գործի (գործերի) ամբողջական, համակողմանի և օբյեկտիվ քննությանը:
37. Գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործը (գործերը) առանձին վարույթում անջատելու դեպքում գործը քննող հանձնաժողովը համապատասխան սահմանում է ընդունում: Սահմանման պատճենն այն ընդունելու օրվանից՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գործի քննությանը մասնակցող անձանց:
38. Գործերը մեկ վարույթում միացնելուց կամ գործը (գործերը) առանձին վարույթում անջատելուց հետո գործի (գործերի) քննությունն իրականացվում է ամենասկզբից:
Մեկ վարույթում միացված գործի կամ առանձին վարույթում անջատված գործի (գործերի) քննության ժամկետը հաշվարկվում է մեկ վարույթում միացման կամ առանձին վարույթում անջատման ենթակա մյուս գործերից ավելի վաղ հարուցված գործի հարուցման և քննության մասին սահմանում ընդունելու օրվանից:
39. Մեկ վարույթում միացված կամ առանձին վարույթում անջատված գործերը քննող հանձնաժողովի կազմը որոշվում է սույն Կարգի 37-րդ կետում նշված սահմանումն ընդունելու ժամանակ:
VIII. Գործը քննող հանձնաժողովի կողմից ընդունվող ակտերը
40. Գործը քննող հանձնաժողովն ընդունում է սահմանումներ:
41. Սահմանման մեջ նշվում են՝
1) սահմանումն ընդունելու ամսաթիվը և վայրը,
2) գործը քննող հանձնաժողովի կազմը,
3) գործի համարը,
4) գործի քննությանը մասնակցող անձանց անվանումները,
5) այն հարցը, որի վերաբերյալ ընդունվում է սահմանումը (գործը քննության առնելու, գործը հետաձգելու, կասեցնելու և այլ հարցերի վերաբերյալ)
6) սահմանումն ընդունելու շարժառիթները (գործի ամբողջական ու համակողմանի քննության, լրացուցիչ ապացույցներ ստանալու անհրաժեշտությունը և այլ շարժառիթներ):
42. Սահմանումը ձևակերպվում է առանձին ակտով, որը ստորագրում են գործը քննող հանձնաժողովի նախագահը և անդամները: Մեկ վարույթում գործերը միացնելու կամ առանձին վարույթում գործը (գործերը) անջատելու մասին սահմանումը ստորագրվում է գործը քննող հանձնաժողովի նախագահի կողմից:
43. Գործերը քննող հանձնաժողովի սահմանման պատճեններն ուղարկվում են գործի քննությանը մասնակցող անձանց՝ նրանց համար հասանելի ցանկացած եղանակով, որը հնարավորություն է տալիս հաստատելու այդ սահմանման պատճենն ստանալու փաստը:
44. Գործի քննության ավարտից հետո գործը քննող հանձնաժողովը պատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ գործով որոշման նախագիծը: Հանձնաժողովի կոլեգիան գործով որոշում է կայացնում:
Հանձնաժողովի կոլեգիայի` գործով որոշում կայացնելու մասին որոշման նախագիծը Կոլեգիայի անդամի կողմից ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստին և ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով 2011 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգով նախատեսված կարգով:
Հանձնաժողովի կոլեգիան գործով որոշում չի կայացնում, եթե պարզվում է, որ առկա են լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցեր, ինչի մասին Հանձնաժողովի կոլեգիայի նիստի արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:
Հանձնաժողովի կոլեգիայի կողմից որոշված հարցերի լրացուցիչ ուսումնասիրությունն իրականացվում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ գործով որոշման նախագիծը պատրաստած՝ գործը քննող հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովի կոլեգիայի կողմից որոշված հարցերի լրացուցիչ ուսումնասիրության նպատակով գործը քննող հանձնաժողովը վերսկսում է գործի քննությունը: Գործի քննությունը վերսկսելու մասին ընդունվում է համապատասխան սահմանում:
Վերսկսված գործի քննությունն իրականացվում է սույն Կարգով սահմանված կանոններով: Վերսկսված գործը քննվում է գործի քննությունը վերսկսելու մասին սահմանումը ստորագրելու օրվանից` 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
45. Գործով որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
Գործով որոշման ներածական մասը պարունակում է գործով որոշում ընդունելու ամսաթիվն ու վայրը, գործը քննող հանձնաժողովի կազմը, գործի քննությանը մասնակցած անձանց անվանումները (նշելով գտնվելու վայրը` իրավաբանական անձի համար, հաշվառման վայրը` ֆիզիկական անձի համար):
Գործով որոշման նկարագրական մասը պարունակում է նշում մրցակցության կանոնների հնարավոր խախտման մասին դիմումատուի հաղորդման վերաբերյալ, պատասխանողի փաստարկները և գործի քննությանը մասնակցած այլ անձանց պարզաբանումները:
Գործով որոշման պատճառաբանական մասում նշվում են գործի՝ քննություն անցկացնելու ընթացքում պարզված հանգամանքները, այն ապացույցները, որոնց վրա հիմնված են գործը քննող հանձնաժողովի եզրահանգումները, այն նորմատիվ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է գործը քննող հանձնաժողովը: Պատասխանողի կողմից մրցակցության կանոնների խախտում կատարելու հանգամանքն ընդունելու փաստն արտացոլվում է որոշման պատճառաբանական մասում:
Գործով որոշման եզրափակիչ մասը պարունակում է գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի առկայության կամ բացակայության մասին եզրահանգումներ, գործով պատասխանողի գործողություններում (անգործության մեջ) մրցակցության կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին եզրահանգումներ, մրցակցության կանոնները խախտելու համար Համաձայնագրով նախատեսված տուգանքի չափը, որը հաշվարկվում է Համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման և նշանակման կարգի մեթոդիկային համապատասխան, մրցակցության կանոնների խախտման հետևանքները կանխելու և (կամ) վերացնելու, մրցակցությունն ապահովելու միջոցները` դրանց իրականացման ժամկետների նշումով:
46. Հանձնաժողովի կոլեգիան որոշում է կայացնում գործի քննությունը դադարեցնելու մասին՝
1) պատասխանողի (պատասխանողների) գործողություններում (անգործության մեջ) մրցակցության կանոնների խախտման բացակայության դեպքում,
2) գործով միակ պատասխանող իրավաբանական անձի լուծարման դեպքում,
3) գործով միակ պատասխանող ֆիզիկական անձի մահվան դեպքում։
47. Համաձայնագրի 14–րդ հոդվածի 8–րդ մասի հիման վրա անձին պատասխանատվությունից ազատելու դեպքում այդ փաստն արտացոլվում է գործով որոշման եզրափակիչ մասում։
48. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից գործով ընդունված որոշման պատճեններն ուղարկվում են գործի քննությանը մասնակցող անձանց։
Գործով որոշման նշված պատճեններն ուղարկվում են գործի քննությանը մասնակցող անձանց նրանց համար հասանելի ցանկացած եղանակով, որը հնարավորություն է տալիս հաստատելու այդ պատճեններն ստանալու փաստը:
Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում գործով ընդունված որոշումների կատարման նկատմամբ։
IX. Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների բողոքարկման կարգը
49. Հանձնաժողովի կոլեգիայի որոշումները վիճարկվում են սահմանված կարգով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|