ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
39/07.09.2020 | ||||
Գործ թիվ 39/07.09.2020 |
|||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
16 նոյեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Արթուր Կարապետի Համբարյանի ներկայացուցիչներ Վ․Բադալյանի և Գ․Գևորգյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի տեղակալի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Համլետ Հարությունի Դարբինյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:
2․ Դիմող Արթուր Կարապետի Համբարյանի ներկայացուցիչներ Վ․Բադալյանը և Գ․Գևորգյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ: Նշված բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ բավարարվել է․ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը բեկանվել է և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հիշյալ ստորաբաժանման ղեկավարի տեղակալի միջնորդությունը՝ մերժվել։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Այսպես՝ բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը քննարկման առարկա չի դարձրել բողոքի կապակցությամբ քննությանը մասնակցած դատախազի դիրքորոշումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերադասության կարգով վիճարկելու հնարավորությամբ Ա․Համբարյանն օժտված չէ։
4․1․ Այս համատեքստում բողոք բերած անձը, նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատական ակտերի իրավաչափությունը վերադասության կարգով վիճարկելու իրավահարաբերությունները կարգավորող դատավարական նորմերի վերլուծությամբ, փաստարկել է, որ այն անձանց դեպքում, ում նկատմամբ չի իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառում, այն կարգադրող դատական ակտը վիճարկելու իրավասություն նախատեսված չէ։ Ըստ բողոքի հեղինակի, հակառակ մոտեցման դեպքում, ստացվում է, որ Ա․Համբարյանի ներկայացուցիչների կողմից բողոքարկված դատական ակտը կարող են վիճարկել նաև Հ․Դարբինյանի հետ հեռախոսակապի մեջ գտնված բոլոր անձինք, ընդ որում՝ տարբեր հիմքերով ու հիմնավորումներով, և Վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննել միևնույն որոշման դեմ ներկայացված բողոքները։
Ա․Համբարյանի իրավունքների ենթադրյալ խախտման առնչությամբ ներկայացուցիչների փաստարկին անդրադարձ կատարելով, բողոքաբերը նշել է, որ դիմողը զրկված չէ նշված ապացույցի թույլատրելիության հարցը հետագայում՝ դատական քննության ժամանակ վիճարկելու հնարավորությունից։
4.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի հեղինակն անդրադարձ է կատարել Առաջին ատյանի դատարանի բողոքարկված որոշումը բեկանելու և համապատասխան միջնորդությունը մերժելու հիմքում դրված ստորադաս դատարանի պատճառաբանությանը, գտնելով, որ այն չի բխում օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող ու վերաբերելի այլ իրավական նորմերից։
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 23-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքում դիմող Ա․Համբարյանի ներկայացուցիչները, ի թիվս այլնի, նշել են հետևյալը. «(․․․) [Թ]եև բողոքարկվող որոշմամբ իրականացված ՕՀՄ-ն կատարվել է Համլետ Դարբինյանի նկատմամբ, սակայն դրա արդյունքները (արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները) դրվել են Արթուր Համբարյանի մեղադրանքի հիմքում, ավելին՝ նշված ՕՀՄ-ի արդյունքները դրվել են Արթուր Համբարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի փետրվարի 5-ի որոշման հիմքում, հետևաբար ՀՀ Վճռաբեկ դատարանի [բողոքում վկայակոչված] մեկնաբանությունների ուժով Արթուր Համբարյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանդիսանում է անձ, որի շահերը շոշափվել են այդ որոշմամբ՝ շահագրգիռ անձ, քանի որ բողոքարկվող որոշումն անմիջականորեն առնչվում է նրա իրավունքներին ու օրինական շահերին, նկատի ունենալով, որ այդ որոշման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները դրվել են ինչպես Ա․Համբարյանի ձերբակալման և նրան առաջադրված մեղադրանքի հիմքում, այնպես էլ դրանք որպես հիմնավոր կասկածը հիմնավորող նյութեր ներկայացվել են կալանավորման միջնորդության շրջանակներում»2։
6․1․ Վերաքննիչ դատարանը, քննարկելով Ա․Համբարյանի ներկայացուցիչների բողոքը վարույթ ընդունելու հարցը, արձանագրել է․ «(․․․) [Ն]կատի ունենալով, որ առերևույթ (prima facie) պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, ուստի [բողոքը] պետք է ընդունել վարույթ (․․․)»3։
7․ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 22-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցած դատախազն առարկելով ներկայացված բողոքի դեմ նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերադասության կարգով վիճարկելու իրավասությամբ Ա․Համբարյանն օժտված չէ՝ իր դիրքորոշումն ըստ էության հիմնավորելով նրանով, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված տվյալները դիմողի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում օգտագործելու հանգամանքը հիմք չէ այն կարգադրած դատական ակտը վերջինիս կողմից բողոքարկելու հնարավորությունը հաստատված համարելու համար4։
8․ Վերաքննիչ դատարանը, Ա․Համբարյանի ներկայացուցիչների բողոքը բավարարելով և համապատասխան միջնորդությունը մերժելով, իր որոշմամբ արձանագրել է, որ «(․․․) [Հ]իմնավորված չեն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ արտահայտված հետևությունները»5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` Հ․Դարբինյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին որոշման դեմ դիմող Ա․Համբարյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելը:
10․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքսում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի գնահատականների հիման վրա, նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրավաչափության վերադասության կարգով վիճարկելու սուբյեկտային կազմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն Արա Շահնազարյանի գործով արձանագրել է, որ վերահսկողության գաղտնի միջոցառումների «արդյունավետ վերահսկողության» մեխանիզմը կարող է գործադրվել այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են «թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակ, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում հստակեցրել է նաև դրանց իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վերադաս դատական ատյան բողոքարկելու չափանիշը։
Մասնավորապես, որպես այդպիսի չափանիշ դիտարկվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհի վիճակի հիմնավորումը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելիս անձը պետք է հիմնավորի, որ իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա։
Վերոնշյալը վկայում է այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության վիճարկման կառուցակարգի գործադրման երկաստիճան չափանիշը ենթադրում է հետևյալ հարցերի պարզում.
ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,
բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։
Միաժամանակ, ընդգծվել է, որ վերոնշյալ վերջին չափանիշը իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության պայմաններում, զրկվի օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից։
Մյուս կողմից էլ, նշվել է, որ շահագրգիռ անձինք իրենց բողոքը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը։ Այս առումով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել վերոնշյալ չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Մասնավորապես, անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարող են որպես մեղադրյալ ներգրավվել երրորդ անձինք: Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, եթե այդ երրորդ անձանց որևէ իրավունք չի ենթարկվել միջամտության բուն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակներում։ Նրանք կարող են հետագայում՝ հնարավոր քրեական վարույթի շրջանակներում վիճարկել մեղադրանքի հիմքում դրված այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների թույլատրելիությունը6։
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի տեղակալի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Հ․Դարբինյանի նկատմամբ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառում7,
- Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում՝ դատական ակտը վերադասության կարգով վիճարկելու հնարավորության կապակցությամբ Ա․Համբարյանի ներկայացուցիչները նշել են, որ թեև օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվությունը տրվել է Հ․Դարբինյանի նկատմամբ, սակայն արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները դրվել են Ա․Համբարյանի ինչպես մեղադրանքի, այնպես էլ ձերբակալման և կալանավորման հիմքում, այդ պատճառով փաստարկվել է, որ դատական ակտն առնչվում է վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին8,
- Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը վարույթ ընդունելով արձանագրել է, որ առերևույթ (prima facie) պահպանված են վերաքննիչ բողոքարկմանն առաջադրվող պահանջները9,
- Դատական նիստի ընթացքում բողոքի քննությանը մասնակցած դատախազը փաստարկել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է բողոքարկման իրավունք չունեցող անձը՝ ըստ էության չհամաձայնվելով Ա․Համբարյանի ներկայացուցիչների այն պնդմանը, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, ազատության իրավունքը սահմանափակող դատավարական ակտերի հիմքում դնելը բավարար է արձանագրելու բողոքարկման իրավունքով օժտված լինելու հանգամանքը1,
- Վերաքննիչ դատարանը քննության առնելով Ա․Համբարյանի ներկայացուցիչների բողոքը` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ բավարարել է այն՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը` մերժելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հիշյալ ստորաբաժանման ներկայացուցչի միջնորդությունը11:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների և սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական վերլուծության հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանն իրավական վերլուծության չի ենթարկել օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող որոշումը Ա․Համբարյանի կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորության առնչությամբ բողոքի քննությանը մասնակցած դատախազի դիրքորոշումը՝ չապահովելով դատական պաշտպանության հիմնարար իրավական արժեքին հակակշռող հանրային շահի կենսագործումը։
Այսպես, հաշվի առնելով գործում առկա փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմողի ներկայացուցչի կողմից չեն ներկայացվել փաստական տվյալներ և չի հիմնավորվել, որ այդ որոշման հիման վրա միջամտություն է տեղի ունեցել Ա․Համբարյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա: Ա․Համբարյանի ներկայացուցիչներն իրեց փաստարկը հիմնավորել են միայն այն պատճառաբանությամբ, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալները դրվել են Ա․Համբարյանի ձերբակալման, մեղադրանքի և կալանավորման հիմքում։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Ա․Համբարյանի ներկայացուցիչների կողմից որպես ելակետ ընդունված հանգամանքը, ի հակադրումն սույն որոշման 10-րդ կետում նշված սկզբունքի, ինքնին չի կարող վկայել սույն որոշմամբ վկայակոչված չափանիշները հաղթահարված գնահատելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում դիմողը զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում հետագա դատական վերահսկողության կարգով կամ դատական քննության շրջանակներում ստանալ արդյունավետ դատական պաշտպանություն, մասնավորապես՝ վիճարկել այդ ապացույցի թույլատրելիությունը։
13․ Անդրադարձ կատարելով բողոքի հեղինակի՝ սույն որոշման 4․1-րդ կետում շարադրված դիրքորոշմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առհասարակ բացառելով խնդրո առարկա որոշումը երրորդ անձանց կողմից վերադասության կարգով վիճարկելու հնարավորությունը՝ բողոքաբերը հաշվի չի առել, որ այդ որոշման հիման վրա կարող է տեղի ունենալ միջամտություն երրորդ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։ Ոուստի, անձն ունենալով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի միջամտությամբ իր խախտված իրավունքների վերականգնման շահ` Արա Շահնազարյանի որոշմամբ մշակված վերոնշված թեստի հաղթահարմամբ պետք է հնարավորություն ունենա վերադասության կարգով՝ իր իրավունքների խախտման մասով, վիճարկելու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից այլ անձի նկատմամբ կարգադրված օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցառումների վերաբերյալ որոշումները։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի` Հ․Դարբինյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին որոշման դեմ դիմող Ա․Համբարյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելը, իրավաչափ չէ։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 4․2-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է համարում։
14. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արթուր Կարապետի Համբարյանի ներկայացուցիչներ Վ․Բադալյանի և Գ․Գևորգյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Համլետ Հարությունի Դարբինյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 9-18:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 29-30:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 76։
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 106-120:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը։
7 Տե՛ս սույն որոշման 1-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 6․1-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
Նախագահող |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|